Նունե Արզումանյան, ՏՈՆԱՊԵՏ պատմվածքի մրցույթ

Ես հայ եմ

Մրցույթին ներկայացված պատմվածքները հրապարակվում են հեղինակների ցանկությամբ, չեն խմբագրվում և չեն սրբագրվում:

Ես Հայ եմ ու եկել եմ հեռվից, չգիտեմ, Արևի ճառագա՞յթն է ինձ բերել թողել այս երկրում, թե՞ լուսնաշողն է իր թևերին ինձ թողել ցողաթաթախ դաշտում ու իմ ճակատը սրբել է Աստվածային արևածագը,  իմ աչքերը բացվել են Մասիսից սահող սառը հովիկից, արտաբերել եմ Հայերեն բառերը, երբ լսում էի Արաքսի զրույցը հողի հետ, երբ  լեռների կուրծքը ճեղքելով պատանի առվակն էր խուճուճ քչքչալով վազում նորածիլ զմրուխտ կանաչի միջով, երբ ինձ գրկեց կյանքը ու ասաց՝_ կա’ց, դու հատուկ ես հատուկների մեջ, դու Արև ես արևների մեջ, դու Հայ ես մարդկանց մեջ, թեկուզ բարդ է քո ճանապարհը, բարդ է քո ուղին, դժվար, քարքարոտ, բայց պիտի անցնես, որովհետև դու ծնվել ես Մասիսի ձյուներից, փուխր ես, շուտ ես հալվում, ուրիշ ես, բայց հավերժ ու անհրաժեշտ ես ջրի պես։

 Ես հասկացա, որ ձյուների պես մաքուր եմ, մանուշակի պես՝ ստվերն էլ ինձ հովհանի է, 

ու քարերի մեջ էլ կարող եմ ծաղկել, կարող եմ ապրել շնչելով աստղերի առկայծումները, կարող եմ խոսել առվի զրնգուն կոհակների լեզվով ու իմ հոգին գարնան կանաչ է, աշնան խշշոց, իսկ սիրտս արևից է ձուլված։Արդյո՞ք ինձ կհասկանան այլ մարդիկ, որոնք սպունգից են ստեղծված ու իրենց մեջ ներծծել են մռայլ ու մութ մտքերը, ամպոտ, կայծակոտ շանթերը, փշրվող քարերի նախանձությունը,  անսահմանության մեծամտությունը,  ստվերոտ ձորակների նենգությունը։ Նրանք երբեք ինձ չեն հասկանա, նրանք երբեք չեն հասկանա թփատակի մանուշակի ուժգին հմայքն ու բույրի կախարդանքը, խոնարհ նազանքն ու թերթերի առեղծվածը։ Իսկ ես էլ չեմ հասկանա չարության բերկրանքը, խրախճանքը։

 Ես Հայ եմ, գալիս եմ Խուստուփի սրտից, ձուլված եմ Խուստուփի քարից, խոսում եմ վաչագաներեն, աշնան պես խշշում եմ ու գունավորվում հրաշքի գույներով ու ինձ հասկանում է միայն Վաչագան գետը, ես էլ նրան եմ հասկանում ու մենք միշտ ենք զրուցում։Մեզ կհասկանան Խուստուփի փեշերի դաշտերը, սարերը, առուները, թռչունները, որովհետև բոլորս էլ խոսում ենք Խուստուփից փչող քամու լեզվով։

 _Ա՜յ ճյուրը կտրող, ա՜յ ճյուրը կտրող, ճյուրը կապե կյա՜…. Տարբեր ձայներով, տարբեր երանգներով, տարբեր ժամերի լսվում էր օրվա մեջ։Ջուրը կտրողը անմիջապես կապում էր ջուրը, ծարավ հողն էր կանչում, էլ չի կանչում….Մի դատարկություն, տխրություն, անորոշություն է իջել կյանքին։Ժամանակն է կարել այդ շորը կյանքի համար։Միամի՜տ կյանք, նրան թվաց, թե շա՜տ երկար է ապրելու։Մի օր դատարկ նստում ես ժամանակի առաջ ու չգիտես, թե ինչ ասես։Կար ժամանակ, մի դաշտի չափ երկինք ունեինք, մի Վաչագան գետ և առավոտյան աղմուկ աղաղակով վազում էինք դեպի գետը։Տղաները գյոլից քարերը հանում էին ու սիրուն շարում ջրի առաջ, ջուրը ցատկում էր քարերի վրայով ու սահում ներքև, իսկ մենք, աշխարհի երջանիկներս չըփ չըփալով լցվում էինք ջրի մեջ, ձկան պես թափ տալիս ոտքերը, հրճվում պարզ երջանկությամբ։Շուտ էինք սովածանում,  _Սեղանը սարքե’ք, _ լսվում էր ամենասովածի հրամանը ու բոլորս բացում ու տաք քարին շարում էինք մեր համով կապոցը՝ հաց, պանիր, պոմիդոր, վարունգ…համո՜վ էր շա՜տ, գետոտ, ավազոտ, բնությունոտ։Լավ էր, ինչպես ձուկը ջրում։ Մայրամուտի պես սահելով անցան այդ օրերը, հուշիկ,  աննկատ հեռացան։Բայց մենք մնացինք Վաչագանոտ, Խուստուփոտ, բնությունոտ, հայոտ։Երեկոները խարույկի կրակները ծափ ծըփում էին մոտիկ աստղերի պես, ջերմ, հավերժ  ու մեզ հազիվ էին տանում տուն, անչափ հոգնած քնում էինք գիշերվա վստահելի գրկում։Երբ նայում եմ հեռու՜, հեռվին, մտածում եմ, որ շա՜տ հեռվից եմ եկել, ինչպե՞ս եմ եկել, ինչպե՞ս եմ հասել, հավատում եմ, որ դեռ երկար եմ գնալու, որովհետև ես Մասիսոտ եմ, ես Խուստուփոտ եմ, ես աստղոտ եմ, հայոտ եմ ՝ ժամանակի պես հավերժ ու քարի պես ամուր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *