Արթուր Բաղդասարյան, Պատմվածք

Այց

Ցեխոտ բոթասներս հանում եմ մուտքի մոտ, աղմուկով փակում պլոկված ներկով ու ժանգոտած ծխնիներով դուռն ու երջանիկ մտնում սենյակ։

-․․․Այսօր առավոտյան ժամը 7։10-ին ադրբեջանական զորքերը հարձակման են անցել շփման գծի ողջ երկայնքով, Արցախի ուղղությամբ սկսվել է օդային և հրթիռային հարձակում․․․- չափից դուրս բարձր լսվում է հեռուստացույցի ձայնը։

Աչքերս կկոցում եմ ու զգում, որ մարմնովս դող անցավ։ Նայում եմ բազմոցին նստած տատիս ու հականում, որ չի զգացել ներս մտնելս։ Նա, ճիշտ է, բոլորովին կույր է, բայց միշտ էլ նկատում է ներս մտնելս։ Էլի իր հիսուն ձեռք շորերը հագել, դեղին քարերով վզնոցը գցել ճմրթված վզին, շալը կապել ու նստել է․․․ էս անգամ ուրիշ է․ լարված է նստել, մեջքն էնքան ուղիղ ,որ մի փոքր նախանձում եմ, ու յոթանասունհինգամյա ձեռքերն էլ անշարժ դրել է ծնկներին․․․

-Տա՞,- ձայն եմ տալիս։

Ձեռքը պարզում է՝ իբր լռիր, ու մինչև լուրերի թողարկումը չի վերջանում, ծպտուն չեմ հանում։

-Անիծվեք դուք, բալքի,- վերջապես լսվում է ձայնը, հետո ձեռքերը բարձրացնում է վեր ու մրմնջում,- Աստված ջան, էս կրակի վրա մի ջուր լցրու, Տեր ջան, իմ Զավենին պահապան եղիր․․․

Զավենը եղբայրս է, երկու ամիս առաջ է բանակ գնացել։ Տատս միայնակ է մեծացրել երկուսիս, ու մի տեսակ մոր ու տատի կերպարները միախառնված են էդ կնոջ մեջ։

Տեսնում եմ, որ դանդաղորեն ոտքերը շարժում է նախշավոր ու փոշոտ գորգի վրա ու հասկանում, որ արդեն կարող եմ խոսել։

-Տա՛․․․

-Լսի՛,- չի թողնում ավարտեմ խոսքս,- ժամ պիտի գնանք։

Ժամը եկեղեցին է, ու մինչև հիմա էլ չեմ հարցրել՝ ինչու է էդպես անվանում։ Ամեն կիրակի ուղեկցում եմ, որ մասնակցի պատարագին։ Առավոտ շուտ զարթնում է, բացում իր մեխակի հոտ ունեցող պահարանն ու շոշափելով հանում շորերը, էստեղ էլ սկսվում է իր հագնվելու արարողությունը։ Հա՜՜ հագնում է՝ հագնում ու հանգնում․․․ ոչ սկիզբ կա, ոչ էլ՝ վերջ։ Հագնվելուց հետո ուղղում է մատնեմատի ամուսնական հին մատանին, խնամքով շոյում գլխի շալն ,իր ծռմռված մատներով գրկում թևս, ու մենք տոտիկ-տոտիկ գնում ենք ժամ։

«Աստված մեզ չի մոռանում, բալա՛ ջան, մենք էլ իրեն չպիտի մոռանանք»,- ամեն կիրակի էնպիսի հանդիսավորությամբ է ասում, ասես  առաջին ու վերջին անգամն էր, որ պիտի լսեի այդ խոսքերը։

Այսօր ուրիշ էր․․․ ո՛չ մտածեց իր շորերի մասին, ո՛չ էլ հիշեց, որ պիտի մտածի։ Էնքան էր շտապում, որ անգամ մոռացել էր հողաթափերը հանել ու իր այդքան սիրելի գերմանական կոշիկները հագնել։

Պատերը համբուրելով՝ մտանք եկեղեցի, տատս նազանքով բարձրացրեց շրջազգեստն ու դրա տակի մյուս շրջազգեստի գրպանից գումար հանեց։ Պարզեց ինձ ու ձեռքը թափահարեց՝ իբր՝ վազիր մոմ գնելու։ Էսօր շտապում էր․․․ երբեք էսպես չէր եղել։

Երբ մոտեցա իրեն, անքթիթ նայում էր խորանին՝ ասես տեսնում էր։ Մոմը մեկնեցի նրան, ծանր էր շնչում։

-Տա՛տ, լա՞վ ես քեզ զգում։

Ուսերը թոթովեց։

-Ապրում ենք,- ասաց,- մեկ-մեկ էնքան պայծառ է, որ մատներիդ արանքով սպրդող լույսն էլ հերիք է, մեկ-մեկ՝ էնքան խավար, որ երազում ես էդ լույսի մասին։

-Դե, տա՛տ, ամեն ինչ լավ կլինի, Աստված ողորմած է։

-Աստված ողորմած է՝ նայած թե երբ, նայած թե ում․․․ ափսոս էս աշխարհը  երազանքների տոպրակ չէ, որ ձեռքդ մտցնես ու քո ուզածը հանես,- ասաց իր բարակ ու զրնգուն ձայնով,- վիճակ է վիճա՜կ, համբարձմա՛ն վիճակ, էէ՜, դե չէ․- փնչաց՝ասես ինքն իր վրա զայրացած,- ուրիշ վիճակ է, ավելի կոպիտ, ավելի դառը․․․

Օգնեցի վառել մոմը, հետո նստեցինք, ու յուրաքանչյուրս խորասուզվեցինք մեր մտքերի մեջ։

-Աստված ողորմած է,- քիչ հետո շշնջաց նա, -հենց փորձանքի մեջ ենք ընկնում ամեն բան բարդում ենք Աստծու վրա ու սպասում․ բա հետո՞, բա մե՞նք , չպի՞տի գոնե ասենք․ «Տե՛ր, շնորհակալ եմ մինչ էս փորձանքը հետս եղար, օգնիր սա էլ հաղթահարեմ», չէ՜,Աստված պարտական է ,Աստված մեր ձեռքը կրակն է ընկել։

Ոչինչ չասացի, որովհետև գիտեի սա մենախոսություն էր ու դեռ պիտի շարունակվեր, մինչև կհանգստանար ու կհիշեր, որ իր հետ եմ ու կասեր՝ վեր կաց գնացինք․․․

Երևի մի ժամ հետո նոր տուն գնացինք։ Երկինքը կապույտ էր, ու ամպերը  տատիս  չփխած բրդերի պես թափվել էին երկնքում։ Դեռ պայծառ շողում էր աշնանային կիզիչ արևը, ու թեթև հովը ջանասիրաբար փորձում էր կոտրել ուլտրամանուշակագույն շողերը։ Ասես՝ եղբորս մոտ է՞լ էր երկինքն էդպես խաղաղ, թե էնտեղ ուրիշ էր․․․երևի գորշ էր, մռայլ․․․

Երբ տուն հասանք ,առաջարկեցի, որ հետս իր եփած հաճարն ուտի, բայց չուզեց։ Նստեց բազմոցին ու էլի մեկնեց իր խոհերի անդաստանը։

․․․

 -Մեռնեմ Զավենիս ջանին, նա անգլերեն գիտի, տուրիստների է խոսացնում,- պատեհ-անպատեհ միշտ ասում էր, ու խամրած աչքերը փայլում էին։

-Է, դե՛, տա՛տ, մեռնելուց մի խոսի,-ասում էի։

-Որ մեռնեմ,- շարունակում էր հոգուս հետ խաղալ,- ինձ համար սպիտակ վարդեր կբերեք։

-Միանգամից նկարդ էլ ընտրիր՝ ամենասիրունը․․․- խնդում էի ես։

-Մարդիկ սիրուն կամ տգեղ չեն լինում, նրանց հոգիներն են էդպիսին․․․

․․․

Քառասունչորս օր էր, բայց ակնթարթ թվաց ու էդ ակնթարթն էլ՝ հավերժություն։

Տատս ամեն անցնող օրվա հետ իր տարիքին մեկ էր գումարում, որովհետև ըստ իրեն, ամեն օր ինքը մեկ տարով ծերանում էր։ Ու մենք նույն սցենարով ապրում էինք մեր օրը։ Սրտի թրթիռով նստում էինք բազմոցին ու հետևում լուրերին, անքուն նստում գիշերներն ու սպասում այդպես էլ եղբորիցս չստացած զանգին, կեսօրին պատառաքաղով տշմշում էինք ափսեի միջի հաճարը, կամ ինչ որ կար այնտեղ, առանց տատիս հագնվելու արարողության գնում էինք եկեղեցի ու արդեն լացակումած աղերսում Տիրոջը, որ փրկի Զավենին։

-Թո՛ղ անձեռ լինի, Տ՛եր, թող անոտ լինի, մենակ թե գա․․․ մենակ թե գա,- ուշաթափվելու աստիճան լալիս էր տատս, ու ես միջիս ուժի վերջին կաթիլներով փորձում էի հանգստացնել նրան։ Վերջին օրերին, արդեն էս մղձավանջի ճնշմանը չդիմանալով՝ ես էի զանգեր թողնում ու նամակներ գրում,  բայց ոչ մի պատասխան․․․ոչ մի նշան, որ կաս, Զավե՛ն․․․ ոչ մի պատասխան, ո՛չ վերջին օրերին, ո՛չ էլ վերջին օրերից հետո․․․

Դեռ շնչում ենք, բայց ապրելու մասին մոռացել ենք․․․

Տատս մուտքի դռան մոտ աթոռ է դրել ու հավերժ էնտեղ նստած է՝ Զավենին է սպսում ու դռան ամեն չխկոցի հետ սիրտը թրթռում է․

-Զավե՜ն, դո՞ւ ես ,Զավե՜ե՜ն, Զավե՜ե՜ն, Զավե՜ե՜ե՜ն․․․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *