Կարինե Մանասյան, Պատմվածք

Երիցուկի ժպիտը

    Ոչինչ չէր խանգարում արևին առավոտ կանուխ դաշտում ծաղկող երիցուկներին շոյել, քամուն` խուտուտ տալ ու վազվզել նրանց միջով։ Առվակը նայում ու հպարտանում էր. դաշտն ինքն էր ծաղկեցրել։ Ամպերը նույնիսկ չէին համարձակվում կայծակ կամ ամպրոպ բերել։ Սա դրախտային մի վայր էր, ուր նույնիսկ մարդու հոգին չէր թափառել… բայց սեր, իհարկե։ Ծաղիկներից մեկը դեռ հիշում էր նրանց հայացքները։ Տեսնես` ո՞ւր են։

   Մինչ բնությունը դաշտում երազային պատկեր էր ստեղծում, պատուհանից դուրս նայող կնոջ աչքերը ինչ-որ բան էին փնտրում։ Կարծես ապարդյուն որոնումներից հիասթափված` ներս մտավ ու հայելու մեջ գտավ իրեն։ Կնոջ դեմքին սպասումն էր ծերացել, կնճիռները խորն էին, բայց ոչ դատարկ։ Կնճիռները` որպես ծանր խոհերի մարմնացում։ Դրանց մեջ շատ հիշելու բան կար, ապրածը նորից վերապրելու ցանկություն։ Կանաչ աչքերը ինչ-որ բան էին ուզում պատմել, բայց երբ փակեց դրանք, հիշեց, որ անավարտ գործ ունի։ Սենյակի մեջտեղում դրված մոլբերտը ասես հոգնել էր կտավը գրկում պահելուց։ Ներկերը իրար էին խառնվել, կորցրել էին իրենց օտարների մեջ ու համակերպվել, որ առաջվա պարզությունը չեն ունենալու։ Կինը վերցրեց վրձինը և, երկար ընտրելով գույնը, մեկ վրձնահարվածով կարծես արթնացրեց կտավի մեջ քնած ծաղիկներին։ Վրձինը ամեն րոպե մի գույն էր շնչում, արտաշնչում կտավի վրա, բայց կնոջ հայացքում դժգոհություն կար։ Չէր կարողանում գտնել այն գույնը, որով կներկեր զգացածը, ապրածը, ՆՐԱՆ.. .ծաղիկը…

   Հոգնեց։ Որոշեց դուրս գալ։ Վրձինը ջրի մեջ դրեց ու կանգնեց հայելու դիմաց։ Նկատեց, որ կնճիռները կարծես մեկ ուրիշի դիմագծերն էին նկարել դեմքին։ Մի շատ ծանոթ, մոռացված մեկի…

   Դուրս գալուն պես սառը օդը գրկեց նրան, ու կինը հոգին քամուն տվեց։ Ոտքերը առաջ էին քայլում, բայց սիրտը անցյալում զբոսնում էր շատ ծանոթ ու հարազատ այգում։ Ինչ-որ երանելի զգացողություն պատել էր կնոջ սիրտն ու վերացրել իրականությունից։

   Նա քայլեց այնքան, մինչև հասավ մի տեղ, որտեղ բնությունը իրեն որպես իր մասնիկ ընդունեց։ Երիցուկներից մեկը ճանաչեց հայացքը, բայց մյուսինը չգտավ։ Կինը հիացած նայում էր դաշտին, հիշողություններն այնքան հաճելի էին, որ հիշելիս շիկնեց, կարծես վարդի ստվերն այտն էր շոյում։ Նա անթարթ նայում էր հորիզոնին, որտեղ երիցուկների սպիտակն ու երկնքի կապույտը ձեռք-ձեռքի էին տվել։ Ուղիղ մեջտեղում, որտեղ երկիրն ու երկինքը, իրար ձեռք բռնած, անհետանալ էին ուզում, նա գտավ այն գույնը, որը կնճիռներին թարմություն կտար։

   Հանկարծ նա զգաց, որ ծանոթ մեկի հոգին թափառում է դաշտում, ցատկում երիցուկից երիցուկ և հենց մեջտեցից դեպի իրեն գալիս։ Հենց այդտեղից մի աղավնի ճախրեց, ում երգի մեջ կինը ծանոթ ձայն որսաց։

   Կինը բավականություն ստացած՝ ժպտաց․ վերջապես գտավ այն գույնը, որով կարող է ներկել կտավի ծաղկի թերթերը։

   Նա ժպտաց, շրջվեց ու տուն գնաց…

Հմայք

   Նա ատում էր բոլոր բույրերը, բայց դա միակ բանն էր, որ պիտի սիրելի լիներ նրա համար։ Մանկուց չէր տեսնում։ Պիտի գոնե բույրով ճանաչեր ծանոթ-անծանոթին, բայց քիթը փակ էր շրջում. դիմակ էր դնում։ 

   Այս ամենը չէր խանգարում դաշտի երիցուկներին իրենց անուշահոտությունը քամու գիրկը տալ ու հրամայել ցփնել որքան հնարավոր է հեռու։

   Նա պատուհանները բաց չէր անում։ Տանը օդափոխիչ ուներ, ու ամռան այս տապին երբեմն փչող զով քամին օդափոխիչից եկող սառը և, մի կողմից էլ տհաճ, օդն էր։

   Չնայած այս ամենին, երիցուկները շարունակում էին առվակից ջուր խմել ու զովանալ իրենց վրա ցայտող կաթիլներից։

   Նա ատում էր, երբ իր տուն հյուր էր գալիս։ Նրանց օծանելիքի հոտը ամենախոր զզվանք էր առաջացնում, ստիպում չտեսածն անգամ ատել։ Ամենքը, իրենց բույրերով ներկայանում, փչացնում էին տան հաճելի չհոտությունը։ Բայց անգամ այդ հազարավորների մեջ չկար այն մեկը, որը պահի ակնթարթում դարձավ ամենահիշվողն ու ամենասիրելին։ Դա այն օրն էր, երբ հույսը դեռ չէր մարել, և փորձում էր ձեռնափայտի օգնությամբ զգալ ճանապարհը։ Նա քայլելով տուն էր գալիս, երբ կողքով անցնող մի կին՝ քաղաքին սիրահարված, քայլում էր, ու ասես պատահաբար գրկեց կույրին։ Նրա բույրը միանգամից խուտուտ տվեց քիթն ու լցվեց թոքերը։

-Կներեք,- ձայնը շոյեց տղայի ականջն ու անհետացավ նույն խավարում, որից հայտնվել էր։

   Քամին, ծաղիկների բույրը դեռ գրկած,  վազվզում ու բաց պատուհաններից ներս էր սողում` հաճելի զովությամբ ու քնքուշ բույրով կարծես արթնացնելով շոգից հոգնած դեմքերը։

   Նա ատում էր, երբ տանը շաքարավազը վերջանում էր։ Նորից տանից դուրս պիտի գար, հագներ պաշտպանիչ դիմակն ու ինքն իր շնչածն ու արտաշնչածը նորից շնչի ու արտաշնչի։ Դրսում կանգնած` դռան վրա հազիվ գտավ կողպեքի տեղը, փակեց դուռը և, հենց շրջվեց, քամին գրկում պահած անուշահոտության վերջին շունչը ցփնեց տղայի երեսին։ Դիմակն անգամ անզոր էր իր մեջ կոտրել այդ բույրը։ Տղան զգաց բույրն ու տրվեց դրան։ Այդ բույրը նրան հարազատ թվաց։ Թերևս ապշած ու հիացած, նա ձեռնափայտի օգնությամբ հասավ այնտեղ, որտեղից սկիզբ էր առնում այդ անուշ ու շատ ծանոթ բույրը։

   Քամին ծաղիկներն օրորում էր ու թվում էր, թե ինչ-որ մեկը քանոն էր նվագում, շարժում լարերն ու երաժշտության փոխարեն բույն էր իր շուրջը հավաքում անգամ ամենաանսիրտներին։

   Տղան հիացած կանգնել էր այն դրախտային տեսարանի առջև, որը, ցավոք, տեսնել չէր կարող։  Փոխարենը նա զգում էր, որ բույրը նույն քնքշությամբ խուտուտ էր տալիս քիթն ու լցվում հոգին…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *