Հովիկ Աֆյան, Պատմվածք

Յուլո

Ամեն անգամ, երբ Սլավիկը գործի էր գնում, խնդում էր՝ աշխատավայրի դռան վրայի գրությունը կարդալիս: Իսկ այնտեղ գրված էր. «Ներսում ծխելը խստիվ արգելվում է»: Սլավիկը դիահերձարանում էր աշխատում: «Տենաս ինչի՞,-մտածում էր Սլավիկը,-հասկացանք՝ ծխելը վնասակար է առողջությանը, բայց ներսում ո՞ւր ա առողջ մարդ»:

Սլավիկը մասնագիտությամբ նկարիչ էր, ճակատագրով՝ անհաջողակ: Ամենամեծ, իսկ իրականում միակ ցուցահանդեսը Վերնիսաժում էր արել՝ 15 աստիճան ցրտի պայմաններում: Ու երբ օրվա վերջում հասկացավ, որ օղու շիշը դատարկվել է, նկարներին էլ մեկն անգամ չմոտեցավ, հասկացավ, որ ճակատագիրը հաղթում է ցանկացած մասնագիտության:

Սլավիկի դիահերձարանը քաղաքում լավ անուն ուներ: Մահացածների հարազատներն այնտեղից դուրս եկածներին տեսնելով՝ ավելի շատ էին լացում, քանի որ վերջին ճանապարհը բռնած այդ մարդիկ կատարյալ գեղեցիկ էին դարձել: Նույնիսկ տարածված խոսք կար, տխուր առիթներից հետո մարդիկ կատակ էին անում, թե բա ո՞նց թաղեցին՝ սովորական փառքով-պատվո՞վ, թե՞ Սլավա-պատվով: Սլավիկն այս հարցի մասին ավելի լուրջ էր մտածում: Նա վստահ էր, որ աշխարհի բոլոր դիահերձարանների աշխատողների անունները պետք է լինեն հենց Սլավա, քանի որ մեռածների փառքն անցնում է ողջերին:

Հատուկ արարողակարգ ուներ աշխատելու: Երկար նստում էր հերթական մարմնի դիմաց ու նայում: Փորձում էր հասկանալ, թե էս մարդու սիրած գույնը ո՞րն է, կամ երգը, կամ գիրքը: Կյանքում գոնե մեկ անգամ ծով տեսե՞լ է, թե՞ աչքերը փակել է՝ առանց աշխարհի ծայրը տեսնելու: Երբեւէ սիրե՞լ է, ու իրեն սիրե՞լ են, թե՞ պարզապես տանում են թաղելու, որովհետեւ բոլորին էլ թաղում են: Այս ամենի մասին մտածում էր գիշերը: Սլավիկը մի գիշեր անցկացնում էր անշունչ մարմնի հետ: Երբ ինքն իր հարցերին պատասխանում էր, իսկ իրականում ինքը վստահ էր, որ պատասխանները լսում ու տեսնում էր, սկսում էր աշխատել:

Քաղաքում շատերն էին ճանաչում Սլավիկին, ոմանք նույնիսկ խմում էին հետը, բայց կար մեկը, որ Սլավիկն ամենաշատը կուզեր իրեն ճանաչի, եւ որի հետ ամենաշատը կուզեր խմել: Էստոնուհի Վիլման ապրում էր դիահերձարանի կողքին՝ հանրակացարանի իր փոքրիկ սենյակում, մեծ շան՝ Ադոլֆի, եւ որդու՝ Յուլոյի հետ: Վիլմային, որի անունը նշանակում էր՝ պահապան, Հայաստան էր բերել ոսկերիչ Սահակը: Բախտը բերել էր, ծառայության ժամանակ հայտնվել էր անծայրածիր սովետական հայրենիքի Տալլին քաղաքում ու մասնագիտությունն օգտագործելով՝ շատ արագ գտել էր քաղաքի գանձը: Երբ ծնվեց Յուլոն, Վիլման երկար համոզեց ամուսնուն, որ որդուն էստոնական անուն տան: Ու միայն այն բանից հետո, երբ Սահակն իմացավ, որ Յուլո նշանակում է՝ նա, ում կյանքի ճանապարհը կլինի շատ երկար, ժպտաց ու գնաց որդու ծննդականի հետեւից:

Բայց եթե աշխարհում կա նա, ում կյանքի ճանապարհը շատ երկար է, ուրեմն կա մեկը, որի ճանապարհը շատ կարճ է: Սահակը պատերազմից հետ չեկավ: Յուլոն 3 տարեկան էր, Վիլման՝ գեղեցկուհի: Գնա՞լ, թե՞ մնալ հարցը նույնիսկ չառաջացավ կնոջ ներսում: Մի ցուրտ գիշեր, երբ սովետական Տալլին քաղաքում համբուրվում էին միայն Սահակն ու Վիլման, կինը խոստացավ, որ տղամարդու հետեւից նրա հայրենիք է գնալու եւ այնտեղ ապրելու է մինչեւ մահ:

Հետո կյանքից հեռացավ Ադոլֆը: Դա Վիլմայի ամենատխուր, իսկ Սլավիկի ամենաերջանիկ օրն էր: Շունը սատկեց հենց դիահերձարանի դիմաց, ու երբ Վիլման եկավ նրա հետեւից, Սլավիկը դրսում ծխում էր: Իհարկե մինչ այդ տեսել էր գեղեցկուհի կնոջը, նույնիսկ տեսել էր, թե որքան տղամարդիկ են գալիս Վիլմայի տուն, անգամ գիտեր, թե ինչու են գալիս, ժպտում էր, քանի որ տղամարդիկ գալիս էին ծաղիկներով, այսինքն՝ ընդմիշտ մնալու համար, եւ հեռանում էին նույն ծաղիկներով, այսինքն նրանցից ոչ մեկը կնոջ կողքին տեղ չէր գտնում: Սլավիկը վստահ էր, որ այդ տեղն իրենն է, ավելի ճիշտ՝ հուսով էր, բայց այդ ո՞ր տղամարդը վստահ չէ, երբ հուսով է, մանավանդ երբ խոսքը սիրո մասին է:

-Պոմո՞չ,-ասաց Սլավիկը՝ սիգարետի մնացորդը դեն նետելով ու միանգամից կարմրելով, քանի որ մոռացել էր, որ Վիլման հրաշալի հայերեն է խոսում ու հասկանում:

-Հնարավոր չէ,-ասաց կինը՝ առանց աչքերը բացելու,-ինչո՞ւ է Աստված միշտ անում այն, ինչը հնարավոր չէ:

-Դե, դրա համար էլ Աստված է,-անկախ իրենից՝ մեծագույն իմաստուն դարձավ Սլավիկը:

Վիլման նույնիսկ ժպտաց, Սլավիկն էլ:

Ադոլֆին թաղեցին նույն օրը: Վիլման լացում էր, Սլավիկն էլ:

Բայց Յուլոն ավելի արագ էր մեծանում, քան Սլավիկն էր համարձակություն հավաքում: Ադոլֆի մահից հետո 15 տարվա մեջ Սլավիկը, Վիլմայի աչքերի մեջ նայելով, ասել էր միայն այն, որ իր հնարավորությունների չափով ու ցանկացած հարցով կարող է օգնել: Վիլման խնդացել էր, քանի որ գիտեր, թե որտեղ է աշխատում Սլավիկը:

Բայց մի օր, երբ Սլավիկը զրուցում էր քաղաքի հարգված մեռելներից մեկի հետ, որ հասկանա, թե ի՞նչ գույնի պիջակ հագցնի նրան վերջին ճանապարհին, դիահերձարանի դուռը ծեծեցին: Սլավիկը վեր թռավ տեղից: Քանի ինքը կար ու կանի մարդիկ մեռնում են, դիահերձարանի դուռը ոչ մեկը չի ծեծել: Սլավիկն սպասեց, որ նորից ծեծեն, ու հասկանալով, որ իսկապես դուռն է, զգուշորեն մոտեցավ ու բացեց այն.

-Սիգարետ ունե՞ս,-Վիլման էր:

Հենց դիահերձարանի բակում ծխեցին: Մի քանի ժամ առաջ Յուլոյին բանակ էին տարել:

Վիլման քնում էր դիահերձարանի բակի նստարանին: Սլավիկն աշխատավայրից դուրս չէր գալիս: Պատերազմ էր սկսվել: Ամեն տուն եկածի մարմինն ուշադիր զննում էր Վիլման, ապա խորը շունչ քաշում ու վերադառնում իր նստարանին: Սլավիկը չէր հասցնում ոչ մեկի հետ զրուցել ու չէր հասկանում՝ հիմա պե՞տք է Վիլմային ասի, որ սիրում է, թե՞ դա առանց այդ էլ պարզ է: Երբեմն, գիշերները, երբ նոր տուն դարձողներ չէին լինում ու Սլավիկը ծխելու ժամանակ էր ունենում, դուրս էր գալիս ու…ինքն էլ չէր հասկանում՝ առաջինը նայում էր աստղազարդ երկնքի՞ն, թե՞ քնած Վիլմայի դեմքին: Հենց նման մի գիշեր էլ եկավ Յուլոն՝ 18 տարեկան, դեռ չսիրահարված, ոչ մի հատ չծխած ու երբեք չհարբած, դեռ ոչինչ չտեսած, բայց արդեն աչքերը փակ: Դագաղն էլ:

Սլավիկը միանգամից հասկացավ, թե ինչ է պետք անել: Վիլման չպետք է զարթնի: Եթե զարթնի, հաստատ կճանաչի. չնայած Յուլոն այն վիճակում էր, որ նրան անհնար էր ճանաչելը, բայց Վիլման ճանաչում էր որդուն նույնիսկ այն ժամանակ, երբ տղան դեռ չէր ծնվել, երբ նրա փոքրիկ սիրտը միայն բաբախում էր իր ներսում, երբ նրա ձեռքերը նոր-նոր էին ձեւավորվում: Հիմա այդ ձեռքերը չկային… Սիրտն էլ:

Սլավիկը ծածկեց Յուլոյի մարմնի՝ տեղ հասած մասը սավանով ու երբ դուրս եկավ դիահերձարանից՝ ծխելու, Վիլման արդեն զարթնել էր: Երեւի որդիների՝ արդեն սավառնող հոգիները ընդհատում են մայրերի երազները: Սլավիկը մի պահ սփրթնեց, բայց արագ հասկացավ, որ Վիլման ոչինչ չգիտի, միայն զգում է, այսինքն՝ ոչինչ չգիտի:

-Նոր ավտո եկա՞վ,-Վիլման էր:

-Չէ…այսինքն հա,-կմկմաց Սլավիկը՝ վառելով սիգարետը, որ վստահություն ձեռք բերի:

-Գիտե՞ս՝ ինչ է նշանակում Յուլո:

Սլավիկը կտրուկ թեքվեց դեպի Վիլման՝ հաստատ համոզվելու, որ մայրը ոչինչ չգիտի:

Վիլման, առանց նայելու Սլավիկի կողմը, շարունակեց.

-Նա, ում կյանքի ճանապարհը կլինի շատ երկար,-Վիլման թույլ ժպտաց,-միշտ զարմացել եմ, ինչո՞ւ եք հայերդ այդքան երկար խոսում, ասենք՝ ինչո՞ւ պետք է ասել՝ նա, ում կյանքի ճանապարհը կլինի շատ երկար, եթե կարելի է ուղղակի ասել՝ Յուլո:

Սլավիկը չգիտեր՝ ինչ խոսի: Միայն հասկացավ, որ պետք է գրպանից հանի սիգարետի տուփն ու մեկը մեկնի Վիլմային:

-Քո կարծիքով զինվորները հանուն հայրենիքի՞ են մեռնում,-Վիլման վառեց սիգարետը:

-Իմ կարծիքով զինվորները չեն մեռնում. անմահանում են,-փիլիսոփայացավ Սլավիկը:

-Սուտ: Որդի կորցրած մոր սրտում նույնիսկ Աստված է մեռնում, էլ ուր մնաց մայրը հավատա իր որդու անմահությանը… Ինձ թվում է՝ այսօր Յուլոյին կտեսնեմ:

Սլավիկը փառք էր տալիս Աստծուն, որ դեռ չի լուսացել, ու Վիլման չի տեսնում իր աչքերի խոնավությունը:

-Ինձ թվում է՝ զինվորները մեռնում են, որովհետեւ ամենաշատն են ուզում ապրել: Հայրենի՞ք… Իսկ կասե՞ս՝ ո՞րն է Յուլոյիս հայրենիքը: Հա, նրա հայրը հայ է, նա մեծացել է Հայաստանում, երբեք Էստոնիայում չի եղել, բայց չէ՞ որ նրա համար ես էստոնական հեքիաթներ եմ կարդացել, էստոնական երգեր եմ երգել… Նրան էստոներեն եմ շշնջացել բարի՜ երազներ, երբ փակում էր աչքերը…

-Շուտով մի լուր կստանանք, վստահ եմ,- ասաց Սլավիկը՝ փորձելով փակել թեման:

-Իսկ ես չեմ ուզում: Պատկերացնո՞ւմ ես, չեմ ուզում լուր ստանալ, որեւէ: Ուզում եմ սպասել, ամեն օր, առավոտ, գիշեր, նստել ու սպասել լուրի եւ չստանալ այդ լուրը:

Լռեցին: Սլավիկը երկրորդ սիգարետը վառեց:

-Լուսանում է,- հանկարծ ասաց նա՝ հայացքը հեռու մի տեղ:

-Ուրեմն բարի լույս,- ժպտաց Վիլման՝ գլուխը թեքելով դեպի Սլավիկը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *