Մարինե Մկրտչյան, Պատմվածք

Լուչիա

Սենթի անհետանալուց  ուղիղ մեկ շաբաթ անց` Լուչիան վերջնականապես քայլերն ուղղեց ոստիկանություն: Վախը կրծում էր նրա հոգին, աշնանային սառը քամին մոլեգնում ոտքերի արանքում, մտրակում մեջքը` բարակ վերարկուի տակ: Օրեր շարունակ տնից դուրս չէր եկել, չկարողացավ կողմնորոշվել` ինչ հագնել, և ինչպես միշտ` հագավ եղանակին անհարիր: Կյանքում էլ էր այդպես, թույլ բնավորության պատճառով չէր կարողանում դիմակայել դեպքերին ու իրադարձություններին, հաճախ դառնում հանգամանքների զոհ: Հետո երկար խարազանում էր իրեն, ապրում հիվանդագին օրեր, տառապում սեփական անլիարժեքության զգացումից: Խեղճությունն ասես ուղեկցում էր օրորոցից: Իրեն ճնշել էին՝ և’ սեփական հայրը, և’ մոր ամուսինը` հոր մահից հետո: Իսկ ավագ եղբայրն օրերով նրան պահում էր տանը, դպրոցի բակից հետևում էր մինչև տուն, հետո արգելում տնից դուրս գալ:

  Ամռան երկար երեկոներին նստում էր պատուհանի մոտ և նախանձով նայում փողոցում ճեմող հասակակիցներին` տղա, աղջիկ, զույգերով, խուռներամ… Անգամ այս մտորումները երկար չէին տևում. մայրը ձայնում էր խոհանոցից, և գնում էր օգնելու նրան զանազան կենցաղային գործերում: Իսկ երբ ներս էր մտնում նրա ամուսինը, Լուչիան պետք է դիմավորեր նրան, վերցներ վերարկուն, մոտ բերեր հողաթափերը, մաքրեր կոշիկները, սպասեր հաջորդ հանձնարարություններին:     Մայրը չէր առարկում, կամ չէր ուզում առարկել: Նա ամուսնու զանազան քմահաճույքների համար զոհաբերում էր աղջկան, ինչ է թե՝ չբարկացնի նրան:

  Երբեմն Լուչիան վաղ էր պառկում, հանգցնում էր սենյակի լույսերը, որ իրեն չկանչեն: Իսկ երբ բոլորը քնում էին, ընթերցում էր գիշերային լամպի տակ` վախվորած ու մելամաղձիկ սրտով: Գրքերի աշխարհն այն տարածությունն էր, ուր կարող էր ազատ սավառնել միտքը, թևաբախել երազների երկար շարանը… Վախենում էր գողանային իր այդ գողտրիկ ժամերը, դուռը փակում էր փականով, վարագույրներով ծածկում պատուհանը` լամպի լույսը հանկարծ չլուսավորեր միջանցքը…

 Որքա՜ն էր ուզում թափառել աշնանային այգիներում, գարնանը զբոսնել լեռ ու հովիտներում, խոնարհվել ջրերի ակունքներին: Իսկ ձմեռն ուղղակի պաշտում էր. Ինչպե՜ս էր ուզում քայլել ձյունառատ փողոցներով, փաթիլների երգի տակ: Փոխարենը կծկվում էր վառարանի մոտ` վախվորած սպասելով հաջորդ հրամանին:

 Եղբայրը հոգու խորքում բարի էր, սակայն իրեն այդպես էր պահում, որպեսզի թուլակամ չերևա խստասիրտ հոր ներկայությամբ: Իսկ երբ հայրը տանը չէր լինում, զանազան կոնֆետներ ու զարդեր էր խցկում իր գրպանը, երբեմն կոպեկներ էր տալիս իր վաստակած գրոշներից. գուցե ինչ-որ բանի կարիք ունենա: Տարվա մեջ գեթ մի օր ընտանիքը փոքր-ինչ մեղմ էր նրա հանդեպ, նույնիսկ թեթև նվերներ էին անում, մայրն անուշաբույր կարկանդակ էր թխում, երբեմն հնդկահավի միս տապակում: Սակայն այդ օրն ամենից տանջալին էր. ժամերով լսել հոր ոչինչ չասող խրատները, այն դեպքում, երբ իրեն անգամ սխալներ անելու իրավունքից էին զրկել, նստել սեղանի շուրջ և սպասել մինչև մյուսներն էլ կձանձրանան` երկար հորանջելով գինովցած հոր խոսքերից:

  Ուրախությունը սիրտն էր լցվում, երբ ճաշասենյակում հանգցնում էին լույսերը ու գնում քնելու: Ձմռան երեկոներին սիրում էր նստել վառարանի գոլությանը մերձ, փաթաթվել վանդակավոր մեծ շալով, որ տատից էր մնացել. Ա՜խ, տատը ողջ լիներ, հայրը… Քույր ու եղբայր խաղում էին հատակի գորգին, հայրն ու տատն ընկնում էին հիշողությունների գիրկը: Լուչիան ավագն էր, ու տատի պատմածներից  շատ բան էր հասկանում: Գալիս, ծվարում էր նրա ոտքերի մոտ, փաթաթվում բրդյա տաքուկ շալով ու չգիտեր՝ տատի գոլությունի՞ց էր, թե՞ նրա պատմածների, շուտով խոր քուն էր մտնում` անգամ չիմանալով, երբ պառկեցրին սեփական անկողնում: Երանելի օրեր, այլևս անդառնալի…

 Սենթին հայրն էր անվանակոչել: Վինսենթ Վան Գոգի պատվին: Նա նկարչի հանդեպ մոլեգին պաշտամունք ուներ: Ժամերով կանգնում էր կտավների առաջ, երբեմն լսվում էր նրա ցածրաձայն զրույցը. ասես ինչ-որ բան էր խորհրդածում և դրան մասնակից էր դարձնում նկարչին: Հայրը նույնպես գեղանկարիչ էր, բնատուր տաղանդ` բազում շնորհներով: Կավից քանդակներ էր անում, հրավիրում էին եկեղեցիների որմնանկարների վերականգնման: Շատ լավ ձայն ուներ, բացառիկ տենոր, սակայն երգում էր հազվադեպ` այն էլ մտերմիկ շրջապատում: Լուչիան, երբեմն ծննդյան տոներին, երբ հայրը հարցնում էր՝ ի՞նչ կկամենա, արագորեն վրա էր բերում` երգիր քնելուց առաջ… Այս բոլորով հանդերձ` հայրը խստասիրտ էր և հազվադեպ էր լիրիկական զեղումներ ունենում: Նա կարողանում էր իր մտքերն ու հույզերն այնպես թաքցնել, որ ոչ ոք չհասկանա` ինչ է փոթորկվում հոգում: Ժամերով առանձնանում էր ձեղնահարկում, ուր երեխաներին հազվադեպ էին թողնում: Դա լինում էր ամսվա մեջ մի քանի անգամ, երբ նրա տրամադրությունը բարձր էր լինում: Այդ օրերին մայրը զուգում էր նրանց, ուղեկցում ձեղնահարկ` մրգի և քաղցրավենիքի սկուտեղներով: Դրանք իսկապես հրաշք օրեր էին` ընտանեկան ջերմ ու անկեղծ մթնոլորտով: Սակայն երեխաներին ավելի շատ հուզում էր հոր կախարդական աշխարհը` զարմանալի գեղեցիկ մեծադիր կտավներով, ներկերի ու վրձինների հսկայական զամբյուղներով: Առ այսօր ռունգերում զգում է շիրայի նման կպչուն ու թանձր ներկաբույրը: Վինսենթին տրվում էր բացառիկ իրավունք` օգտվել ներկերից ու վրձիններից. նա հոր նման փայլում էր նկարելու տաղանդով: Աղջկան, սակայն, գրավում էր սենյակի անսովոր տեսքը` մեծ պատուհաններով, որտեղից արևի լույսը կեսօրին ողողում էր իրերի ու պաստառների այդ տարօրինակ աշխարհը: Կտավների մոգական գույներն ու տեսարանները հուզում էին նրան մինչև հոգու խորքը: Սակայն միայն այդքանը: Լուչիան հորից ժառանգել էր միայն երգելու շնորհը, որն ամբողջ կյանքում այդպես էլ պետք չեկավ:

 Վինսենթը որքան մեծանում էր, այնքան երկար էր մնում հոր մոտ: Նրանք ժամերով նկարում էին: Հայրը որդուն ընդհատում էր ոչ հաճախ, տղան ինքն էր կռահում արվեստի գաղտնիքները: Ներքուստ հրճվելով որդու օժտվածությամբ, հայրը հաճախ էր տագնապներ ունենում նրա ճակատագրի համար. կկարողանա՞ որդին գերազանցել սեփական հորը…

 Սակայն բախտն ուրիշ անակնկալներ ուներ և՛ որդու, և՛ հոր համար: Ո՛չ, դա անակնկալ չէր, դա սարսափելի պատիժ էր ընտանիքի համար, որն այլևս չկարողացավ ուղղել կոտրված ողնաշարը: Սենթը մի օր տուն մտավ սաստիկ գունատ ու հազիվ արտաբերեց` բերում են…

 Մայր ու աղջիկ ակամա բակ դուրս եկան: Բակում մի քանի մարդ, գրկած բերում էին ընտանիքի հորը` գլուխն ու պարանոցը վիրակապերի մեջ, աչքերն արյուն լցված… Մայրը ցավից գոռաց` երեխաներին գիրկն առնելով: Նրանց հետևից տուն մտավ բժիշկը…

 Հորը տեղափոխեցին հիվանդանոց, ուր մի շաբաթ հազիվ ապրեց: Ընկել էր բարձր աստիճանավանդակից և ամբողջովին ջարդուփշուր եղել… Մինչդեռ նա մեծ հույսեր էր կապում այդ աշխատանքի հետ. բարձր վարձատրություն էին խոստացել:

 Ամենից սարսափելին Սենթի վիճակն էր: Օրերով առանձնանում էր ձեղնահարկում և ոչինչ չէր խոսում: Նա շատ էր կապված հոր հետ, իսկ հայրն այնպես էր պաշտում որդուն:

 Մի օր էլ Սենթն իջավ ձեղնահարկից ու դողացող ձայնով հայտարարեց.

 -Թող ձեղնահարկը մնա այնպես, ինչպես հայրիկն է թողել, ես կշարունակեմ նրա գործը,- ու կանանցից արցունքները թաքցնելու համար` բակ դուրս եկավ: Այդ օրը նա ընդամենը տասներկու տարեկան էր…

 Եկեղեցին, ուր հայրը նորոգումներ էր անում, մի քանի ամիս օգնեց ընտանիքին: Մերթ գումար էին տրամադրում, մեկ-մեկ էլ սննդամթերք ու հագուստ բերում: Այդ բոլորը տուն էր բերում միջին տարիքի մի տղամարդ`մեծ քթով, չսափրված, հաստ շրթունքների արանքում դեղին ու թափված ատամներով… Երբ նա գալիս էր, Լուչիան ու Սենթը կծկվում էին մի անկյունում և զզվանքով սպասում մինչև նրա հեռանալը:

-Թող չգա, մեզ պետք չէ նրա օգնությունը, -վրդովմունքից կարմրում էր Սենթը:

-Այդ նա չի օգնում, այլ եկեղեցին, նա միայն եկեղեցու գզիրն է,- ասում էր մայրը:

 Երեխաների սիրտը իզուր չէր անհանգիստ. նրանք առաջին իսկ օրվանից հասկացել էին, որ տղամարդն իրենց մորը նայում է այլ հայացքով, թեպետ մայրը իրեն զուսպ ու պարկեշտ էր պահում: Սակայն նրա այցերը չդադարեցին նաև այն ժամանակ, երբ եկեղեցին այլևս չէր օգնում: Արդեն ինքն էր զանազան կոնֆետներ բերում` երեխաներին սիրաշահելու համար, սակայն վերջիններս իրենց վերաբերմունքի մեջ մնում էին անվրդով: Երբ մայրը սենյակից դուրս էր գալիս, տղամարդը չարությունից ատամներն էր կրճտացնում: Լուչիան գրկում էր Սենթի գլուխը և սառնասիրտ նայում այդ օտարականին` ուշադրություն չդարձնելով նրա բերած քաղցրավենիքին:

– Լավ էլ գոռոզ են, -ասաց մի օր նրանց մորը, – զգույշ մնան` քթները չտրորվի…

 Այս խոսքերը մայրը մոռացավ, սակայն Լուչիայի ականջներում հնչում էին ողջ կյանքում: Նա սարսափեց, երբ իմացավ, որ մայրը համաձայնել էր ամուսնանալ նրա հետ` ի՞նչ աներ, ինչպե՞ս պահեր երեխաներին… Իսկ Սենթը մոր հանդեպ ունեցած խղճահարությունից ծպտուն չհանեց: Ժամեր անց Լուչիան նրան գտավ ձեղնահարկում` արցունքներից աչքերը կարմրած: Գրկեց, համբուրեց իրենից ընդամենը երկու տարով փոքր եղբորը, հետո զարմանքով տեսավ, որ ձեղնահարկի պատին, մի նոր կտավ կար` հոր դիմանկարը. Ա՜խ Սենթ, ի՜նչ լավն ես դու, որքա՜ն բարի ու զգայուն, բայց ինչպե՞ս ես կարողացել այսքան ճիշտ նկարել հայրիկին…

…Տարօրինակ է, Սենթն արդեն քանի օր էր չկար, դրսում խոշոր, սիրուն փաթիլներով ձյուն էր, իսկ Լուչիան ամենևին էլ զբոսնելու ցանկություն չուներ, թեպետ եղբայրը չէր գալիս իրեն դիմավորելու: Սառն, օտարոտի ձյունն իջնում էր նրա դարչնագույն մազերին, քսվում մեղրագույն աչքերը երիզող խիտ թարթիչներին, սակայն աղջիկը լոկ սրբում է դրանց թաց հետքերը: Ձյունն այնքան խաղաղ էր, սակայն նրա գիտակցությունն այրում էր միայն այն փոթորկոտ իրիկնադեմը, երբ փողոցով մոլեգնող քամու մեջ կորավ եղբոր ստվերը: Մայրը, կրնկի վրա բաց դռան միջից աղիողորմ կանչում էր նրան, սակայն տղան այլևս հեռու էր նրան լսելու համար: Ու այդ ամենն այդ ահավոր մարդու, այդ խենթ կատարածուի պատճառով, որի հետ իրենց մայրն անկողին էր կիսում: Արդեն քանիերո՜րդ անգամ նա ծաղրում էր տղային, համարում հիվանդ երևակայության տեր, ինչպես իր հայրը, մինչդեռ իսկական տղամարդը պիտի մտածի միայն հաց վաստակելու ու հաճույքների մասին:    Սենթն առավոտից աշխատում էր փայտագործական մի արհեստանոցում, իսկ գիշերներն անց էր կացնում ձեղնահարկում: Նրա խորհրդածությունները հոր կտավների շուրջ էին, նրա թանկ  հավաքածուների, որ երևի դժվար վաստակվող դրամով էր գնել: Մինչդեռ այդ սարսափելի մարդը մտածում էր վաճառել դրանք, հոգալ իր և ընտանիքի կարիքները: Սենթը քանիցս վեճի էր բռնվել նրա հետ, թաքցրել ձեղնահարկի բանալին` վախենալով, որ կարող է մոլեգին բռնկման մեջ  խորթ հայրը ներխուժել արվեստանոց: Երբ նայում էր կտավների թախծոտ գույներին, սիրտը ճմլվում էր ցավից. ասես մի որբի պաշտպանելիս լիներ, որի դեմ անընդմեջ դավեր էին նյութում: Կիսատ գործերից շատերը վաղուց էր ավարտել, ավարտել էր սրտի թրթիռով, ամեն մի հպումի մեջ դնելով իր կարոտն ու սերը` աշխատելով  հարազատ մնալ նրանց ոգուն, պահպանել հոր ձեռագիրը:

 Ձյունահողմի մեջ անհետացող եղբորը վերհիշելիս` Լուչիան կծկվում էր վերմակի տակ, արցունքները թրջում էին առանց այդ էլ խոնավ բարձը: Մայրը երբեմն գալիս էր աղջկա մոտ. նա այժմ չէր թաքցնում իր վրդովմունքն ու ատելությունը ամուսնու հանդեպ, սակայն վախից չէր համարձակվում ձայն հանել: Վախենում էր նաև աղջկա համար, դողում էր, երբ ամուսինն առաջվա պես հրամաններ էր արձակում: Երբ նա տանը չէր, Լուչիան փաթաթվում էր մորը, գրկում նրան, մխիթարում: Նա չէր համարձակվում մորն ասել ոստիկանություն գնալու մասին. գու՞ցե մայրը վրիպեր և սխալմամբ խոսեր հոր մոտ… Նա սրտի դողով էր սպասում պատասխանին: Ամեն անգամ, երբ դուռը թակում էին, Լուչիան վախով նայում էր խորթ հոր դեմքին, հետո թաքցնում հայացքը` հանկարծ չկռահի՞: Սակայն այդ պատահական այցելուները կամ հարևաններն էին, կամ հոր ընկերները: Իսկ Լուչիան հերթական անքուն գիշերն էր ապրում:

  Այդ առավոտ, սովորականի նման անտրամադիր, պատրաստվում էր դպրոց գնալ, երբ դուռը բախեցին: Լուչիայի սիրտը վախից կծկվեց: Նա ավելի գունատվեց, երբ կրնկի վրա բացվող դռների մեջ հայտնվեցին քաղաքային երկու ոստիկաններ: Հայրը խորիմաստ ու կասկածանքով հայացք ձգեց մոր վրա: Մայրն անորոշ ուսերը թոթվեց: Աղջիկն աշխատում էր չնայել այն ուղղությամբ, ուր հայրն էր կանգնած: Այցելուները մի քանի հարց ուղղեցին ծնողներին, խնդրեցին բերել Սենթի անձնական իրերը, կամենում էին նրա ննջասենյակի բանալիները: Հայրը կոպտորեն ասաց, որ երեխաների սենյակն ընդհանուր է: Լուչիան բացեց ննջասենյակի դուռը և նրանց ներս ուղեկցեց: Երբ հայրը մորն ինչ-որ անհասկանալի բառեր էր շպրտում, նա կարողացավ ոստիկաններից մեկին ուղղել ձեղնահարկի բանալիները` շշնջալով, որ Սենթը ողջ օրն այնտեղ էր անցկացնում:

   Երկրորդ հարկում ոտնաձայները մարեցին, աստիճանների վրա լսվեց նրանց թփթփոցը: Լուչիան բակ դուրս եկավ` դպրոց գնալու պատրվակով: Երբ հարցական նայեց հյուրերի դեմքին, նրանք աղջկան հասկացրին, որ դեռևս նորության չկա: Սրտում տխրությունն ավելի ծանրացավ: Ամենևին չէր ուզում դպրոց գնալ, իսկ տանն ավելի սարսափելի էր: Ու նա, արցունքներն աչքերին, քայլեց դեպի փայտագործական արհեստանոց, ուր Սենթն էր աշխատում: Հոգու մեջ հույսի ոչ մի նշույլ չուներ, սակայն մտածում էր ընկերներից ինչ-որ բան իմանալ: Երբ տեղ հասավ, արհեստանոցի դռները դեռևս փակ էին, ստիպված էր փոքր-ինչ սպասել: Բանվորները հերթով հայտնվեցին: Լուչիան նրանց մեջ ճանաչեց այն գանգրահեր մեկին, ում հետ հաճախ էր տեսնում Սենթին: Մուտքի մոտ տղան ակամա կանգ առավ. նա հասկացավ, որ իր մոտ են եկել: Սակայն նա էլ ոչինչ չգիտեր Սենթի մասին, խոստացավ հայտնել, եթե նորություն լինի: Աղջիկը շփոթված ու արցունքախառն բռնեց տունդարձի ճանապարհը: Երկինքն ավելի ու ավելի էր փլվում նրա ուսերին…

  Տանը վառարանը վաղուց հանգել էր: Մայրը կծկվել էր մի անկյունում և ամբողջովին դողում էր, մինչդեռ այտերն այրվում էին կարմրությունից: Կիսատ թեյի բաժակն ափերի մեջ` նրա հայացքը թափառում էր անորոշությամբ: Լուչիան փայտ դրեց վառարանի մեջ, տաքացրեց թեյնիկը: Ջուր տաքացրեց և տաշտը դրեց մոր ոտքերի մոտ: Մայրն ասես տենդի մեջ լիներ, անորոշ բառեր էին լսվում նրա շուրթերից: Երբ մայրը փոքր-ինչ խաղաղվեց, Լուչիան կուչ եկավ նրա ոտքերի տակ: Սակայն չէր կարողանում ննջել: Նրա աչքերի առջև պատկերվեց ողջ օրվա անցուդարձը: Հանկարծակի հայտնված միտքը շամփրեց նրա ուղեղը. արդեն կեսգիշեր էր, հայրը չկար: Իսկ եթե՞ հայտնվի այս ուշ ժամին: Վախից նստեց անկողնում, ուզեց գնալ իր սենյակը: Մոր ձայնը կանգնեցրեց նրան.

 – Չի գա, հանգիստ պառկիր, ոստիկանները տարան էդ շանը…

  …Երեք օր նրանք ապրում էին խաղաղության մեջ: Չորրորդ օրը, երբ Լուչիան դասից տուն եկավ, սենյակում ամեն ինչ տակնուվրա էր:

 -Կորավ-գնաց: Իր քածի հետ: Կարծում է` ես եմ մատնել իրեն: Վերջապես շունչ կքաշենք, աղջիկս:

 Հայրն իր հետ տարել էր իր վերջին խնայողությունները և թանկարժեք մանր-մունր իրեր: Մայրը չէր ընդդիմացել. վերջապես եկել էր նրանից ազատվելու պահը:

 Մի քանի օր շարունակ նրանք մտորում էին հետագա անելիքները. ո՞նց կապրեն, որտե՞ղ փնտրեն Սենթին: Առիթն ավելի շուտ ներկայացավ: Ինչ-որ վարձակալներ տուն էին փնտրում մոտակայքում: Մայրն անիմա թոթվեց ուսերը, իսկ Լուչիան վրա բերեց` իսկ եթե՞ տեղափոխվեն ձեղնահարկ:

 Մայրը` պայծառացած աղջկա մտքից, եկվորներին խնդրեց վաղն էլ այցելել:

 -Դու ճիշտ ես, մենք կապրենք արվեստանոցին կից սենյակում, իսկ առաջին հարկը կարող ենք վարձով տալ….

Կենվորները լավ մարդիկ դուրս եկան` ընտանիք էր, երկու մանկահասակ երեխաների հետ: Կյանքն ասես աշխուժանում էր, սակայն Սենթից դեռևս լուր չկար:

 Մի օր, սակայն, անմոռանալի և ոչ սովորական մի օր, երբ արդեն իրիկնադեմ էր և կենվորները խնդրել էին թեյել իրենց հետ, նրանց դուռը բախեցին: Երկու երիտասարդ էին, օտարականներ: Հարցուփորձից հետո նրանք շաբաթաթերթի մի քանի օրինակ և մի ծրար մեկնեցին Լուչիային: Նրանցից մեկը Սենթի անունը տվեց, սակայն մայր ու աղջիկ այլևս չէին լսում նրան: Ծրարն արդեն բացվել էր, և Լուչիան` Սենթի հարազատ ձեռագիրը տեսնելով, դողում էր ամբողջ մարմնով: Մայրը հակվել էր նրա վրա և չէր հասկանում ինչ է կատարվում: Լուչիային նստեցրին աթոռին, մի բաժակ ջուր տվեցին, և աղջիկը` վերջապես սթափվելով, կարողացավ հատ-հատ, բարձրաձայն կարդալ եղբոր երկտողը. «Լուչիա և մայրիկ, ես ողջ եմ: Ուղարկում եմ այս թերթերը, որ իմ մասին ավելին կպատմեն, քան`ես: Համբուրում եմ, Սենթ»:

 Լուչիան մի կողմ դրեց ծրարը և ձեռքը մեկնեց թերթերին: Ներկաներն արդեն մի-մի օրինակ ծնկներին` նայում էին: Թերթի մի ողջ էջ Սենթի նկարներն էին ու նրա մասին պատմող ինչ-որ տողեր:

 -Կներեք,- հազիվ արտաբերեց Լուչիան, ու թերթը ձեռքին բարձրացավ ձեղնահարկ:

Նա ուզում էր նախ և առաջ հագուրդ տալ արցունքներին, ինչն ամաչեց անել օտարների ներկայությամբ…

 …Գնացքն անցնում էր անտառամերձ երկար ճանապարհով: Փաթիլներով ծանրաբեռ եղևնիները փայլում էին արծաթի երանգներով: Տաք վագոնի պատուհաններից կաթում էր գոլորշին: Վանդականախշ վարագույրներն օրորվում էին գնացքի հապճեպ ընթացքից: Տեսարանները հաջորդում էին մեկ-մեկու. չէիր հասցնում ընտելանալ, բացվում էր մի նոր պատկեր, նույնքան զմայլելի, որքան նախկինը: Ձմեռն ամեն ինչ ներկել էր մեղմ կաթնագույնով` երբեմն արևի տակ վարդագունող, երբեմն` հաճելիորեն ճերմակ: Անտառը կամաց նոսրացավ, բացվեցին սև արահետներ ու ճանապարհներ, կամաց երիզվեց քաղաքի ուրվագիծը: Լուչիայի սիրտն անուշ կծկվեց. կարոտի տաք ալիքները պարուրեցին նրա մտքերը: Մի ձեռք, տաքուկ ու մտերիմ, խաղաց նրա մազերի հետ, հետո հանկարծորեն քաշեց. Սենթն էր, իր մանկության չարաճճի ընկերը, ա՜խ վայրկյաններ, երբ պիտի տեսնի նրան…

 Մայր ու աղջիկ տաքսի վարձեցին` վարորդին մեկնելով հասցեագիր թուղթը: Մեքենան անցավ բանուկ ու մարդաշատ փողոցներով, հետո նեղ սալահատակ մի փողոցում կանգնեց: Երկար սև շենք էր` նախշազարդ պատուհաններով, որոնց սև ճաղավանդակները տխուր տեսք էին տալիս: Մուտքի վրա ցուցանակ էր կախված` բնակիչների անուններով: Սենթ Գոգ, կարդացին, երրորդ հարկ, 21: Դուռը երկար բախեցին, սակայն ոչ-ոք չարձագանքեց: Մոլորված սպասեցին շքամուտքում: Անցավ երկու-երեք ժամ, սակայն Սենթը չկար ու չկար: Օրն արդեն իրիկնանում էր, քաղցը վաղուց զգացնել էր տալիս, թեև գնացքի մեջ թեթևակի նախաճաշել էին: Առաջին հարկից ինչ-որ թփթփոց լսվեց: Ոտնաձայները վերև էին բարձրանում: Ականջներին հասավ ինչ-որ քչփչոց, խոսակցության ձայներ: Սենթի ձայնը ճանաչելով` Լուչիան աստիճաններով ընդառաջ վազեց: Սակայն կանգ առավ. Սենթն առաջանում էր ինչ-որ կնոջ հետ գիրկընդխառն. նրանք ասես գինովցած լինեին: Լուչիային տեսնելով` թեթև ժպտաց, հետո անօգնական տարածեց ձեռքերը: Կինը նրան այնպես էր գրկել, որ Լուչիան տատանվեց` մոտենա՞, թե` ոչ: Աստիճանավանդակի վրա կանգնած մայրն ախ քաշեց` որդուն տեսնելով, կախվեց նրա պարանոցից` արցունքների մեջ կորած: Սենթը ներս մտավ, հետո վերադարձավ` ձեռքին գումար: Նա ինչ-որ հյուրանոցի հասցե տվեց ու ասաց, որ վաղը կգա նրանց հետևից: Մայր ու աղջիկ տրտում ու մոլորված իջան աստիճաններով` շփոթմունքից չիմանալով ինչպես վարվել:

 Փողոցում երկար քայլեցին, ոչ կանգառ կար, ոչ տաքսի: Սառը ձյունը խփում էր նրանց դեմքին, վաղուց թրջվել էին ոտքերը: Վերջապես մի մեքենա կանգնեց: Վախվխելով մեկնեցին հյուրանոցի հասցեն: Վարորդը երկար նայում էր հայելու մեջ` զննելով նրանց: Չորրորդ շրջադարձում մեքենան կանգ առավ: Երկհարկանի, տխուր մի շենք դիմավորեց նրանց: Ներս մտան` չիմանալով վաղն ի՞նչ է լինելու:

 Սենթը չեկավ ոչ հաջորդ, ոչ էլ մյուս օրը: Փոխարենը, հյուրանոցի հերթապահը նրանց մեկնեց մի ծրար` գումարով: Լուչիան չվերցրեց ծրարը` խնդրելով հետ վերադարձնել: Հետո` մի պահ վարանելով, հարցրեց քաղաքի պատկերասրահների հասցեն: Օրվա մեջ հասցրեցին մտնել մեկ-երկուսը: Երրորդում, ուր ավելի քիչ մարդ կար, կտավները նայելիս` Լուչիան հանկարծ կանգ առավ. Սենթինն էր, փոքրիկ քաղաք` մոլորված, տխուր փողոցներով ու բակերով, աշնանային թաց մայթերով… Ահա իրենց փողոցը: Լուչիայի սիրտը կծկվեց: Որքան ցավ կար կտավում, բայց ինչու՞ էր Սենթն այդքան օտարոտի. գու՞ցե ամաչում էր իրենց համար:

…Կայարանն այնքան էլ բազմամարդ չէր: Փոքրիկ գյուղաքաղաք վերադառնում էին միայն նրա բնակիչները: Մեծ քաղաքն իր հոգսերն ուներ ու իր մարդիկ: Մեծ քաղաքն ապրում էր իր բոհեմական, թեթև կյանքով: Այնտեղ կյանքն անցնում էր վայրկյանների արագությամբ, ինչպես գնացքի պատուհանից: Իսկ փոքրիկ քաղաքում կյանքն ասես կանգ էր առել: Լուչիան հանկարծ զգաց նրա տաք զարկերակը, հետո կարոտ զգաց ու փութկոտ բարձրացավ գնացքի աստիճաններով: Մայրը բռնել էր տաք բուլկիներով զամբյուղը ու ժպտում էր նրան: Երբ գնացքը շարժվեց, Լուչիային թվաց, թե իրիկնամթի մեջ, ձյան փաթիլներով ողողված` մի դեմք է տեսնում, շատ ծանոթ, մտերիմ մի դեմք, ու թվաց թե մարդը սլանում է գնացքի կողքով: Նա մեկնեց ձեռքը բաց պատուհանից, հետո սթափվեց, որովհետև միայն հալչող փաթիլներն էին ջերմանում ափի մեջ…                

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *