Դոն Դամիանը ջերմությունը բարձրանալուն զուգընթաց, որն արդեն անցնում էր երեսունինն աստիճանից, արագ անգիտակից վիճակի մեջ ընկավ: Նրա հոգին շատ անհարմար էր զգում իրեն, ուղղակի ածխանալու աստիճանի, և դա էր պատճառը, որ գնալով սկսեց կծկվել սրտի մեջ: Հոգին բյուրավոր շոշափուկներ ուներ՝ ութոտանու անհամար ոտքերի նման, ամեն մեկը մի երակի մեջ խրված, մի քանի չափազանց բարակներն էլ՝ մազանոթների: Նա կամաց-կամաց հետ էր քաշում այդ ոտքերը, և դրան զուգընթաց դոն Դամիանը կորցնում էր մարմնի ջերմությունն ու գունատվում: Սկզբում ձեռքերը սառան, ապա ոտքերն ու թևերը, դեմքն ահավոր գունատվեց, և դա շքեղ մահճի շուրջը հավաքվածներն էլ նկատեցին: Հիվանդապահուհին ինքն էլ վախեցավ և ասաց, որ բժիշկ կանչելու ժամանակն է: Հոգին լսեց այդ բառերն ու մտածեց. «Պետք է շտապել, թե չէ էդ պարոնը կգա ու ինձ կստիպի էնքան մնալ էստեղ, մինչև վառվեմ տենդից»:
Լույսը բացվում էր արդեն: Պատուհաններից տարտամ լույս էր թափանցում՝ նոր օրվա մոտալուտ ծնունդն ազդարարելով: Դեպի դոն Դամիանի բերանը բարձրանալով, որը կիսաբաց էր մնացել, որպեսզի մի քիչ օդ խաղար, հոգին նկատեց, որ լուսանում է, և ինքն իրեն ասաց, որ եթե հիմա արագ չգործի, ավելի ուշ չի կարողանա, որովհետև դուրս գալու պահին մարդիկ կտեսնեն իրեն և թույլ չեն տա տիրոջ մարմինը լքել: Դոն Դամիանի հոգին անտեղյակ էր որոշ բաներից, օրինակ՝ նա չգիտեր, որ հենց ազատություն ստանար, լիովին անտեսանելի էր դառնալու:
Քղանցքների երկարուձիգ շրշյուն լսվեց պճնաշուք մահճի շուրջը, ուր հանգչում էր հիվանդը, փութանցիկ խոսքեր արտասանվեցին, որոնք հոգին չկարողացավ լսել, քանի որ իր զնդանից դուրս պրծնելով էր զբաղված: Հիվանդապահուհին ներս մտավ ներարկիչը ձեռքին:
– Ա՜խ, Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, հանկարծ ուշ չլինի, – աղաղակեց ծեր սպասուհու ձայնը:
Սակայն ուշ էր արդեն: Ասեղը թափանցում էր դոն Դամիանի նախաբազկի մեջ, իսկ հոգին միաժամանակ իր վերջին շոշափուկներն էր հանում մահամերձի բերանից: Հոգին մտածեց, որ ներարկումն անօգուտ ծախս էր: Մի պահ տարբեր ճիչեր և փութկոտ ոտնաձայներ լսվեցին, և երբ ինչ-որ մեկը, – հաստատ սպասուհին էր, որովհետև անհնարին բան էր, որ դոն Դամիանի զոքանչը կամ կինը լինեին, – ոռնալով անկողնու վրա էր նետվում, հոգին ազատ տարածություն էր արձակվում, ուղիղ դեպի առաստաղի կենտրոնում կախված բոհեմական բյուրեղապակյա շքեղ ջահը: Մեծագույն ջանքերով նա ջահից կառչեց և ցած նայեց. Դոն Դամիանն արդեն դեղնած դիակ էր՝ գրեթե ապակու նման թափանցիկ և կարծր դիմագծերով, դեմքի ոսկրերը խոշորացած էին թվում, մաշկը վանող փայլ էր ստացել: Նրա կողքին դեսուդեն էին գնում զոքանչը, կինն ու հիվանդապահուհին, գլուխն անկողնու մեջ թաղած՝ հեկեկում էր ծեր սպասուհին: Հոգին վստահելի աղբյուրներից գիտեր, թե ինչ է մտածում և զգում այդ պահին նրանցից յուրաքանչյուրը, սակայն չցանկացավ ժամանակ վատնել նրանց զննելու վրա: Լույսը շատ արագ էր բացվում, և նա վախենում էր տեսանելի լինել իր տեղից՝ ջահին թառած, աննկարագրելի երկյուղով նրանից կառչած: Հանկարծ տեսավ, որ դոն Դամիանի զոքանչը թևանցուկ արեց դստերն ու նրան միջանցք տարավ, այնտեղ կամացուկ փսփսաց նրա հետ: Ահավասիկ ինչ խոսքեր լսեց հոգին.
– Քեզ անամոթի պես չպահես հիմա: Դու պետք է վիշտ ցուցադրես:
– Երբ որ մարդիկ գան, մայրիկ, – շշնջաց դուստրը:
– Ոչ, այժմվանից ևեթ: Հիշիր, որ հիվանդապահուհին հետո կարող է պատմել…
Խոսքը բերանին՝ նորաթուխ այրին խենթի պես սուրաց դեպի մահճակալը՝ ասելով.
– Դամիա՜ն, իմ Դամիա՜ն, ա՜խ, իմ Դամիա՜ն: Ինչպե՞ս եմ ապրելու առանց քեզ, Դամիա՜ն, կյա՜նքս:
Պակաս աշխարհիկ մեկ այլ հոգի կապշեր, սակայն դոն Դամիանի ջահին մագլցած հոգին հիացավ լավ դերակատարումով: Դոն Դամիանն ինքն էլ էր որոշ դեպքերում այդպես վարվել, հատկապես երբ նրան վիճակվում էր խաղալ այնտեղ, ինչն ինքն «իմ շահերի պաշտպանություն» էր անվանում: Այրին այժմ լալիս էր «իր շահերը պաշտպանելով»: Նա բավականին երիտասարդ էր և բարետես, իսկ դոն Դամիանն, ընդհակառակը, վաթսունն անց էր: Սիրեցյալ ուներ, երբ դոն Դամիանը ծանոթացավ նրա հետ, և հոգին բազում անախորժ պահեր էր ապրել իր նախկին տիրոջ խանդի պատճառով: Հոգին մի տեսարան էր հիշում, ի դեպ, մի քանի ամիս առաջ տեղի ունեցած, երբ կինն ասաց.
– Դու չե´ս կարող ինձ արգելել խոսել նրա հետ: Դու շա´տ լավ գիտես, որ փողերիդ համար եմ ամուսնացել քեզ հետ:
Դոն Դամիանը դրան պատասխանել էր, որ այդ փողերով ինքը գնել է ծիծաղի առարկա չլինելու իրավունքը: Տեսարանը շատ տհաճ էր եղել՝ զոքանչի մեջ ընկնելով և ապահարզանի սպառնալիքներով: Միով բանիվ՝ տհաճ մի պահ, է՛լ ավելի վատթարացած մի քանի երևելի այցելուների ժամանելու պատվին կտրուկ ընդհատվելու հանգամանքով, որոնց այր ու կին այնպիսի հմայիչ ժպիտներով և նրբակիրթ շարժուձևով ընդունեցին, որ միայն նա՝ դոն Դամիանի հոգին էր ըստ արժանավույն գնահատում:
Հոգին վերևում՝ ջահի վրա, այդպիսի բաներ էր մտաբերում, երբ հապշտապ մի քահանա եկավ: Ոչ ոք չէր հասկանում, թե նա ինչու էր ճիշտ ժամանակին ներկայացել, քանի որ արևը դեռ դուրս չէր եկել, ինքն էլ երեկոյան այցելել էր արդեն:
– Եկա, որովհետև կանխազգացում ունեի, եկա, որովհետև վախենում էի, թե դոն Դամիանն առանց ապաշխարելու հոգին կավանդի, – փորձեց բացատրություն տալ նա:
Ի պատասխան հանգուցյալի զոքանչը թերահավատորեն հարցրեց.
– Բայց երեկ գիշերը չապաշխարե՞ց, տեր հայր:
Ակնարկում էր, որ մի ժամի չափ Տիրոջ սպասավորը դոն Դամիանի հետ մենակ փակվել էր սենյակում, և բոլորը կարծում էին, թե հիվանդն ապաշխարել էր: Սակայն այդպիսի բան չէր եղել: Իր ջահին թառած հոգին գիտեր, որ չէր եղել, գիտեր նաև, թե ինչու էր քահանան եկել: Այդ երկար առանձնազրույցն ավելի շուտ մի անպտուղ թեմայի շուրջ էր եղել. դե, քահանան դոն Դամիանին առաջարկում էր քաղաքում կառուցվող նոր տաճարի համար մի կլորիկ գումար թողնել կտակում, իսկ դոն Դամիանը նրա խնդրածից ավելի մեծ գումար էր ուզում թողնել, սակայն որևէ հիվանդանոցի համար: Այդպես էլ լեզու չէին գտել, և տուն դառնալով՝ տեր հայրը նկատել էր, որ ժամացույցը մոտը չէր: Այն, ինչ կատարվում էր հոգու հետ, ուղղակի հրաշալի էր. ազատություն ստանալուն պես կարող էր իմանալ բաներ, որ իր ներկայությամբ չէին տեղի ունեցել, ինչպես նաև գուշակել, թե ինչ են մտածում մարդիկ և ինչ են անելու հիմա: Հոգին գիտեր, որ քահանան մտքում ասել էր. «Հիշում եմ, որ դոն Դամիանի տանը հանեցի ժամացույցս, որ ժամը նայեմ, հաստատ էնտեղ եմ թողել»: Այնպես որ, այդ անսովոր ժամի այցելությունը ոչ մի աղերս չուներ Աստծո արքայության հետ:
– Չէ´, չի ապաշխարել, – պարզաբանեց քահանան՝ սևեռուն նայելով դոն Դամիանի զոքանչին: – Երեկ գիշեր չհասցրեց ապաշխարել, և մենք պայմանավորվեցինք, որ էսօր առավոտ կանուխ գամ, որ ապաշխարի ու գուցե նաև հաղորդություն առնի: Իսկ ես ուշացել եմ, և դա շատ ցավալի է, – ասաց նա՝ դեմքը դեպի սենյակի անկյուններն ու ոսկեզօծ գիշերասեղանները դարձնելով, անկասկած, նրանցից մեկի վրա ժամացույցը տեսնելու հույսով:
Տարեց սպասուհին, որ քառասուն տարուց ավելի սպասարկում էր դոն Դամիանին, գլուխը բարձրացրեց և լացից կարմրած զույգ աչքերն ի ցույց դրեց:
– Վերջ ի վերջո, դա նրան պետք էլ չէր, – հավաստիացրեց նա, – թող Աստված ների ինձ: Նա ապաշխարելու կարիք չուներ, որովհետև աննման հոգի ուներ, չքնա՛ղ հոգի ուներ դոն Դամիանը:
Գրո´ղը տանի, դա արդեն իրո´ք հետաքրքիր էր: Դոն Դամիանի հոգին երբեք չէր մտածել, որ ինքը չքնաղ է: Իր տերը որոշ տարօրինակ բաներ անում էր և քանի որ հարուստ մարդու գեղեցիկ տիպար էր, անբասիր էր հագնվում և նկատելի նպատակահարմարությամբ էր գործածում իր բանկային գրքույկը, հոգին ժամանակ չէր ունեցել մտածելու ինչ-ինչ բաների մասին, որոնք կարող էին առնչվել իր իսկ գեղեցկության կամ հնարավոր տգեղության հետ: Օրինակ՝ նա հիշում էր, որ իր տերը կարգադրում էր լավ զգալ իրեն, երբ փաստաբանի հետ լարված հանդիպումներից հետո դոն Դամիանը գտնում էր պարտապանի տունը նրա ձեռքից խլելու ելքը, – և շատ հաճախ այդ պարտապանը հետո ապրելու տեղ չէր ունենում, – կամ երբ թանկարժեք քարերի և մետաղների զորությամբ, – ուսման կամ հիվանդ մոր համար, – բանվորական թաղամասերի մի սիրունիկ պատանի համաձայնում էր դոն Դամիանին պատկանող որևէ շքեղ հաստատություն այցելել: Բայն և այնպես, ինքը գեղեցի՞կ էր, թե՞ տգեղ:
Տիրոջ երակներից պոկվելու պահից սկսած մինչև սպասուհու սույն հիշատակման առարկան դառնալու պահը ըստ հոգու հաշվարկների՝ շատ քիչ ժամանակ էր անցել, և հավանաբար է´լ ավելի քիչ, քան ինքն էր կարծում: Ամեն բան շատ արագ կատարվեց և դեռ մի բան էլ խիստ խառնաշփոթ ձևով: Նա զգաց, որ եփվում էր հիվանդի մարմնի մեջ և հասկացավ, որ ջերմությունը դեռ ավելի էր բարձրանալու: Հեռանալուց առաջ՝ կեսգիշերը վաղուց անցած, բժիշկը նախազգուշացրել էր այդ մասին.
– Լուսաբացի կողմը ջերմությունը կարող է բարձրանալ, տվյալ պարագայում զգույշ պետք է լինել: Եթե որևէ բան պատահի, անպայման զանգահարեք ինձ:
Ուրեմն թույլ պիտի տար, որ իրեն եփե՞ն: Նա գտնվում էր մի բանի մոտ, որ կարող էր կենսական կենտրոն կոչվել՝ դոն Դամիանի աղիներին շատ մոտ, և այդ աղիները կրակ էին արձակում: Նա մեռնում էր փռի մեջ խորովվող կենդանու նման, և դա ամենևին էլ նրա սրտով չէր: Բայց տեսնես իրականում որքա՞ն ժամանակ էր անցել դոն Դամիանի մարմինը լքելու պահից: Շատ քիչ, որովհետև նա լիովին չէր ազատվել շոգից՝ չնայած մեղմ սյուքին, որ տարածում էր նոր բացվող օրը և առաքում բոհեմական ապակիներին, որոնց կառչած էր նա: Մտածում էր, որ կլիմայի փոփոխությունն այնքան էլ կտրուկ չէր նախկին տիրոջ որովայնի և ջահի ապակիների միջև, ինչի շնորհիվ և չէր մրսել: Սակայն կտրուկ կամ ոչ կտրուկ փոփոխությունը սպասուհու խոսքերին ի՞նչ: «Չքնաղ»,- ասել էր տարեց սպասուհին: Ծեր աղախինը բացսիրտ կին էր, ով սիրում էր իր տիրոջը, որովհետև սիրում էր, և ոչ նրա հայտնի դեմք լինելու, ոչ էլ տված նվերների համար: Հոգուն այնքան էլ անկեղծ չթվաց այն, ինչ հաջորդիվ լսեց:
– Անշուշտ, չքնա՛ղ էր նրա հոգին, – վկայեց քահանան:
– Չքնաղը քի՛չ է ասված, – հաստատեց զոքանչը:
Հոգին նորից նայեց և տեսավ, թե ինչպես խոսելու ընթացքում տիկինը հայացքը դեպի դուստրը դարձրեց: Այդ հայացքում միաժամանակ թե´ հրաման կար, թե´ նզովք: Կարծես ասեր. «Հենց հիմա լացուկոծ դի´ր, ա´յ ապուշ, չլինի թե հանկարծ սենյոր քահանան գլխի ընկնի, որ քեզ ուրախացրել է այս թշվառականի մահը»: Դուստրն իսկույն հասկացավ համր ու ցասումնալից խոսքը, որովհետև անմիջապես սրտակեղեք լաց դրեց.
– Երբե՛ք, երբե՛ք նրա հոգուց ավելի չքնաղը գոյություն չի ունեցել: Ա՜խ, իմ Դամիա՜ն, իմ Դամիա՜ն, իմ հոգու լո՜ւյս:
Հոգին այլևս չդիմացավ. ցնցված էր ուշագրավ տեսարանից և նողկանքից, ուզում էր վայրկյան առաջ համոզվել, որ չքնաղ էր և հեռանալ մի վայրից, որտեղ ամեն մեկն աշխատում էր խաբել մյուսներին: Այդպես հետաքրքրված և նողկանք զգալով՝ ջահի վրայից նետվեց լոգասենյակ, որի պատերը մեծ-մեծ հայելիներով էին ծածկված: Լավ հաշվարկեց հեռավորությունը, որպեսզի գորգին ընկներ և հանկարծ աղմուկ չբարձրացներ: Բացի դրանից, նա չգիտեր, որ մարդիկ չէին կարող իրեն տեսնել, անտեղյակ էր նաև, որ ինքն անկշիռ էր: Մեծ թեթևություն զգաց, երբ նկատեց, որ ինքն աննկատ է մնում, և հուսահատ վազեց հայելիների դիմաց տեղավորվելու:
Բայց այս ի՞նչ էր կատարվում, ո՜վ ամենակարող Աստված: Նախ՝ վաթսուն տարուց ավելի նա վարժվել էր դոն Դամիանի աչքերով նայելուն, իսկ այդ աչքերը գետնից բարձր էին մեկ մետր յոթանասուն սանտիմետր, և հետո վարժվել էր իր տիրոջ աշխույժ դեմքին, խաժ աչքերին, գորշ երանգով փայլուն մազերին, կուրծքը դուրս գցած և գլուխը բարձր պահած ինքնագոհ տեսքին, հագի թանկարժեք գործվածքներին: Իսկ այժմ իր դիմաց տեսնում էր բոլորովին այլ բան՝ թերևս հազիվ մի ոտնաչափ բարձրություն ունեցող, փափկավուն, թուխ, որոշակի ուրվագծեր չունեցող տարօրինակ մի մարմին: Նախ՝ այդ մարմինը ոչ մի ծանոթ բանի նման չէր, քանի որ այն, ինչ պետք է երկու ոտնաթաթերն ու երկու սրունքները լինեին, ինչպես միշտ էր եղել, երբ ինքը դոն Դամիանի մարմնում էր, մի հրեշավոր, այդուհանդերձ փոքրիկ, ութոտանու շոշափուկների նման շոշափուկների մի փունջ էր, սակայն անկանոն՝ մեկը մյուսից կարճ, մեկը մյուսից բարակ և բոլորը էլ կարծես պղտոր ծխից, աննկարագրելի և անշոշափելի ցեխից ստեղծված, ասես թափանցիկ լինեին, բայց թափանցիկ չէին, որոնք անզոր, գետնին գալարվելով ծալծլվում էին նողկալի այլանդակությամբ: Դոն Դամիանի հոգին մոլորված զգաց իրեն: Այնուամենայնիվ, քաջություն գտավ իր մեջ դեպի վեր նայելու: Գոտկատեղ չուներ: Իրականում ո´չ մարմին ուներ, ո´չ պարանոց, ոչ էլ այն բան, այլ որտեղ շոշափուկներն էին իրար միանում, մի կողմից կախ ընկած ականջի նման մի բան էր դուրս գալիս՝ կնճռոտված ու քայքայված կեղևի պես մի բան, մյուս կողմից՝ անգույն, անհարթ, մի քանիսը բիզ-բիզ, մի քանիսն ուղիղ մազերի մի խուրձ: Սակայն դա չէր ամենավատը, ոչ էլ անգամ իրեն պարուրող գորշադեղնավուն տարօրինակ լույսը, այլ այն, որ բերանը տձև մի անցք էր՝ միաժամանակ մկան ծակի և որդնած մրգի վրայի անկանոն փոսիկի նման, ահավոր, սրտխառնուք առաջացնող, իսկապես զզվելի մի բան, և այդ փոսիկի խորքում մի աչք էր պսպսղում՝ մուգ ցոլքերով և խարդախ ու վախվորած արտահայտություն ունեցող իր միակ ա՛չքը: Ինչո՞վ բացատրել, որ այդ կանայք և քահանան այնտեղ՝ կողքի սենյակում, այն մահճի մոտ, որտեղ դոն Դամիանն էր հանգչում, դեռ շարունակում էին պնդել, որ նրա հոգին չքնաղ էր:
– Դո՞ւրս գալ, փողոց ելնել էսպե՞ս, էս տեսքո՞վ, որ մարդիկ տեսնե՞ն, – հարց էր տալիս ինքն իրեն ամբողջ ձայնով, որ իրենն էր կարծում, դեռևս անտեղյակ, որ ինքն անտեսանելի էր և անլսելի: Նա մոլորվել էր շփոթմունքի մի մութ թունելի մեջ: Ի՞նչ էր անելու, ի՞նչ ճակատագիր էր ընդունելու:
Դռան զանգը հնչեց: Հիվանդապահուհին անմիջապես ասաց.
- Բժիշկն է, սենյորա, Գնամ բացեմ:
Այդ խոսքի վրա դոն Դամիանի տիկինը նորից սկսեց ողբ անել՝ հիշատակելով իր հանգուցյալ ամուսնուն և գանգատվելով մենակությունից, որի մեջ նա թողնում էր իրեն:
Սեփական պատկերի առջև կաթվածահար եղած՝ հոգին հասկացավ, որ կորած է: Նա վարժվել էր իր ապաստանին, դոն Դամիանի բարձրահասակ մարմնին, վարժվել էր անգամ նրա աղիների անտանելի հոտին, ստամոքսի տաքությանը, նրա հարբուխների պատճառած անհանգստություններին: Եվ այդ պահին լսեց բժշկի ողջույնը և զոքանչի ձայնը, որը բացականչում էր.
– Ա՜խ, դոկտոր, էս ի՜նչ դժբախտություն էր, դոկտոր, ի՜նչ դժբախտություն:
– Հնագստացեք, սենյորա, հանգստացեք, – պատասխանում էր բժիշկը:
Հոգին հանգուցյալի սենյակ սողոսկեց: Այնտեղ մահճակալի շուրջը կանայք էին խմբվում, սնարի հակառակ կողմում ոտքի վրա, բացված գիրքը ձեռքին՝ քահանան էր սկսում աղոթք ասել: Հոգին չափեց հեռավորությունն ու ցատկեց: Այնպիսի թեթևությամբ ցատկեց, որ իր հավատն էլ չեկավ, կարծես օդեղեն լիներ կամ արտասովոր մի արարած՝ ընդունակ անաղմուկ և անտեսանելի շարժվելու: Դոն Դամիանի բերանը դեռևս թեթևակիորեն կիսաբաց էր մնացել: Բերանը սառցի նման պաղ էր, բայց դա էական չէր: Հենց այդտեղով էլ հոգին կայծակնային արագությամբ ներս մտավ, այնուհետև սողաց կոկորդն ի վար և իր շոշափուկները սկսեց խրել մարմնի մեջ՝ առանց որևէ դժվարության անցնելով ներքին պատերի միջով: Նա հարմարվում էր, երբ լսեց, որ բժիշկն է խոսում:
– Մի րոպե, սենյորա, խնդրում եմ, – ասաց նա:
Հոգին կարողանում էր բժշկին տեսնել, թեպետ ոչ հստակ: Բժիշկը մոտեցավ դոն Դամիանի մարմնին, բռնեց դաստակը, կարծես թե շփոթվեց, դեմքը կրծքին հպեց և մի պահ մնաց այդպես: Այնուհետև հապաղելով բաց արեց իր փոքրիկ ճամպրուկը, դուրս բերեց լսափողակը, ամենայն զգուշությամ ականջներին դրեց, իսկ մյուս ծայրը՝ այնտեղ, որտեղ որ սիրտը պետք է լիներ: Կրկին շփոթված արտահայտություն ընդունեց դեմքը, նա ճամպրուկը խառնեց և մի ներարկիչ դուրս քաշեց միջից: Սենսացիոն համար ներկայացնող աճպարարի կեցվածք ընդունած՝ հիվանդապահուհուն ասաց, որ ներարկիչը լցնի, մինչ ինքը մի փոքրիկ ռետինե խողովակ էր ամրացնում դոն Դամիանի արմունկին: Ինչպես երևում էր՝ այդ նախապատրաստությունները տագնապ գցեցին ծեր սպասուհու սիրտը:
– Բայց ինչի՞ համար է էդ բաներն անում, եթե խեղճը մեռել է արդեն, – հարցրեց:
Բժիշկը կարևորագույն անձի տեսքով սևեռուն հայացք ուղղեց նրան և ահա թե ինչ ասաց, թեև ոչ այն նպատակով, որ սպասուհին լսեր, այլ որպեսզի հատկապես դոն Դամիանի կինն ու զոքանչը լսեին.
– Գիտությունը գիտություն է, սենյորա, և իմ պարտքն է ձեռքիս եկածն անել դոն Դամիանին կյանքի կոչելու համար: Էնպիսի չքնաղ հոգիներ, ինչպիսին նրանն է, ամեն օր չես տեսնի, և չի կարելի թողնել, որ նա մեռնի՝ առանց ամենավերջին հնարավորությունը փորձելու:
Այս ազնվազարմ հանդարտությամբ արտաբերված կարճ ճառը տագնապ հարուցեց տիկնոջ սրտում: Շատ հեշտությամբ նրա աչքերում դաժան փայլ կարելի էր նկատել և ինչ-որ տարօրինակ դող՝ ձայնի մեջ.
– Բայց չէ՞ որ նա մեռած է:
Հոգին արդեն ամբողջովին ներս էր սողոսկել, և միայն երեք շոշափուկներ էին տակավին տնտղելով փնտրում այն երակները, որտեղ բնակվել էին տարիներ շարունակ: Ուշադրությունը, որ սևեռել էր այդ շոշափուկները հարկավոր տեղում տեղավորելու համար, չխանգարեց, այնուամենայնիվ, նկատել այն խորամանկ շեշտը, որով հարց տվեց կինը:
Բժիշկը չպատասխանեց: Վերցրեց դոն Դամիանի թևը և սկսեց ձեռքը սահեցնել նրա վրայով: Այդ ընթացքում հոգին զգաց, որ կամաց-կամաց կյանքի ջերմությունն է պարուրում իրեն, թափանցում ներսը՝ լցնելով ծերացած զարկերակները, որոնք լքել էր ինքը, որ չմոխրանար: Այդ ընթացքում, այդ ջերմության առաջացման հետ գրեթե միաժամանակ, բժիշկն ասեղը մտցրեց բազկի երակի մեջ, թուլացրեց արմունկի վերևի կապը և սկսեց ներարկիչի մխոցը սեղմել: Հետզհետե, կոհակ-կոհակ կյանքի ջերմությունը սկսեց հասնել դոն Դամիանի մաշկին:
– Հրա՜շք, Տեր Աստված, հրա՜շք, – քրթմնջաց քահանան:
Անսպասելիորեն, ներկա գտնվելով այդ հարությանը, քահանան գունատվեց և երևակայությանն ազատություն տվեց: Տաճարի համար արվելիք ներդրումը հաստատ էր, դե ինչպե՞ս կարող էր դոն Դամիանը մերժել, հենց որ ինքը դիմեր նրան ապաքինվելու օրերին, չէ՞ որ ինքը տեսել էր, թե նա ինչպես կյանքի կոչվեց այդ հրաշքի համար իր աղոթելուց վայրկյաններ անց: «Տերը լսեց իմ աղոթքները և ձեզ հանեց գերեզմանից, դոն Դամիան»,- կասեր ինքը:
Հանկարծ դոն Դամիանի կինը նույնպես զգաց, որ ուղեղը դատարկ է: Տագնապած նայում էր ամուսնու դեմքին և մոր կողմը շրջվում: Մայր ու աղջիկ, երկուսն էլ շփոթված էին, կարկամած, ուղղակի ահաբեկված:
Իսկ բժիշկը ժպտում էր: Շատ գոհ էր, թեև ջանում էր ցույց չտալ:
– Օ՜հ, մի՞թե փրկվեց Աստծո և ձեր օգնությամբ, – հանկարծ ճչաց սպասուհին՝ հուզմունքից աչքերը արցունքներով ողողված, բժշկի ձեռքը բռնելով: – Փրկվե՜ց, հարությո՜ւն է առնում: Ա՜խ, դոն Դամիանը չի իմանալու, թե ոնց վարձահատույց լինի ձեզ, սենյոր, – հավատացնում էր նա:
Եվ իրոք հենց դրա մասին էր մտածում բժիշկը, այն մասին, որ դոն Դամիանը պետք է առատորեն վարձահատույց լինի իրեն, բայց այլ բան ասաց.
– Եթե անգամ վարձահատույց էլ չլիներ, ես դա կանեի, քանի որ իմ պարտքն էր հասարակության համար փրկել էնպիսի մի չքնաղ հոգի, ինչպիսին նրանն է:
Նա սպասուհուն էր պատասխանում, իսկ իրականում խոսում էր, որպեսզի մյուսները լսեին, առավել ևս, որ մի քանի օր հետո այդ խոսքերը կրկնեին հիվանդի համար, երբ նա արդեն ի վիճակի լիներ ստորագրելու:
Այդքան շատ ստեր լսելուց հոգնած՝ դոն Դամիանի հոգին որոշեց քնել: Մի վայրկյան անց դոն Դամիանը տնքաց, թեև շատ թույլ, և գլուխը շարժեց բարձի վրա:
– Հիմա մի քանի ժամ կքնի, – պարզաբանեց բժիշկը, – և ոչ ոք չպետք է նրան խանգարի:
Դա ասելով՝ օրինակ ծառայեց և ոտնաթաթերի վրա դուրս եկավ սենյակից:
Իսպաներենից թարգմանեց Կառա Չոբանյանը
