Դու մեր մեծ գերդաստանի երեխաներից ամենաբարին էիր, Ջոնի՛, ամենաազնիվն ու ամենամիամիտը: Բոլորիցս բարեսիրտը: Դու հրաշալի սիրտ ունեիր, կարծես լուսեղեն ու թափանցիկ լիներ զգայուն սիրտդ: Քո սիրտը ես միշտ համեմատում էի իմ կարդացած հեքիաթների ոսկե ձվիկի հետ:
Մեկ-մեկ հավատում էիր նույնիսկ ամենաանհավանական բաներին:
Հունվար ամիսն էր, հիշու՞մ ես, դրսի ծորակները սառել էին, ու մեր գյուղը մինչև ուղնուծուծը թաղված էր ձյուների մեջ, երբ հաց ուտելը վերջացրինք, մեր մեծ հորեղբոր տղան ասաց.
– Ջոնի՛ ջան, դե գնա՛, դրսի ծորակի տակ դրած ձմերուկն էլ բե՛ր, ուտենք ու վեր կենանք: Հավատացիր, դուրս եկար ու երկար ժամանակ ձմերուկն էիր փնտրում:
Անսպառ երևակայություն ունեիր, տեղում հեքիաթներ էինք հորինում, պատմում իրար, քո հեքիաթները միշտ տարբերվում էին մերիններից: Դու հենց քեզնով մի հետաքրքիր հեքիաթ էիր, որ լույս էր շնչում մեր ցուրտումութ օրերում: Քո հեքիաթները արտասովոր սյուժեներ էին ունենում միշտ: Քո հեքիաթների հերոսները մեր հեքիաթների հերոսների նման սովորական մարդիկ չէին, Ջոնի՛, քոնոնք քեզ նման այլաշխարհիկ էին` ինչ-որ տարօրինակ սովորություններով, որոնց գոյությունը աշխարհը ավելի հեշտ ու սիրելի է դարձնում:
Շատ բարի էիր, Ջոնի՛, չէիր պատկերացնում, թե ինչ ձև ու գույն ունի չարությունն ընդհանրապես, չարության ոչ մի սև բջիջ չկար քո մեջ:
Մենք բոլորս էլ իրար հետ օրվա մեջ մի հազար անգամ կռվում էինք, իրար միս ուտում, հաշտվում, էլի կռվում, բայց դու մեր քաշքշոցների մեջ չկայիր, հեռու էիր մեր գզվռտոցներից ու երբեք չէիր նեղացնի ոչ մեկին: Ու քեզ էլ չէինք նեղացնում երբևէ, դու կռվարար չէիր ընդհանրապես:
Հիշու՞մ ես, որ ամեն ձմեռ ես ձեր նախորդ տարիների կիսաջարդված դահուկները վերցնում էի ու որոշում, որ հետներդ գալու եմ` Վանուշի ձորում դահուկ քշելու: Մեր մեծ հորեղբոր տղան հենց տեսնում էր ինձ դահուկները ձեռքիս, սկսում էր մշտական գոռգոռոցները.
-Դու դահուկ քշող չես, շուտ վազի՛ր տուն, հետներս չգա՛ս:
-Աղջիկները դահուկ չեն քշում, – նրա խոսքը շարունակում էր մեր մեծ հորաքրոջս տղան ու սկսում էին քշել ինձ դեպի տուն:
-Քշո՛ղն եմ,- ասում էի ես ու դահուկները ձեռքիս առաջ ընկնում:
-Արի՛, արի՛- ես կսովորեցնեմ,- ասում էիր դու, ու ես հաղթական միանում էի ձեզ` դահուկորդներիդ, և հերթական անգամ նորից քո ապարդյուն ջանքերից ու երկար չարչարանքներից հետո ձնակոլոլ տուն էի գալիս: Ես էդպես էլ դահուկներ քշել չսովորեցի, Ջոնի՛:
Հիմա էլ կյանքի դարուփոս ճանապարհներին եմ հաճախ ցավոտ ընկնում: Աչքս գցած կյանքի սահադաշտում հեշտորեն սավառնող-ճախրողների վրա:
Նույն ձևով ամռան ամիսներին փորձում էի երկանիվ հեծանիվ քշել, բայց ես շատ անընդունակ-ձախողակն էի. դա էլ չստացվեց` չնայած քո համառ ջանքերին:
Ընկա մանկության հիշողություների գունավառ գիրկը, Ջոնի՛, շատ ու շատ սիրուն պատկերներ եկան, խոնարհ շարվեցին առաջս:
Ահա դու, Ջոնի՛, հո՛ չես լողում, հո՛ չես լողում մեր գյուղի գետի կանաչ ջրերում, այսուայնկողմ սահող գորտերից ճկուն ես լողում: Ես բարի նախանձով հետևում եմ քեզ ու կիսախեղդ լինելով` մի կերպ ափալող տալիս:
Հենց նոր հասկացա, որ ես փաստորեն մի կարգին լողալ էլ չեմ սովորել, Ջոնի՛: Առ այսօր:
Հիմա հաճախ կյանքի անսեր, անտարբեր ցամաքում եմ խեղդվում. մի կաթիլ ատելությունն անգամ օվկիանոսի պես իր հատակն է քաշում ու խեղդում ինձ: Մարդկային չարության մի շիթն անգամ ինձ փլում ու ավերակների է վերածում: Ու դժվար է լինում նորից իրար վրա ճշգրտորեն հավաքվելն ու դասավորվելը:
Հիմա իմ ներսում պատերազմ բառը միլիոնավոր մասնիկների է բաժանվել, գրավել ամբողջ մարմինս, հատ առ հատ մտել բջիջներիս մեջ ու շարունակում է ավերել ինձ:
Երեք տարի առաջ մենք պատերազմ ապրեցինք, Ջոնի՛: Իսկ պատերազմը մեր մանկության ֆիլմերում տեսածների նման չէր, որ մենք դիտում էինք ամեն օր` հավաքված ձեր տանը: Հիշու՞մ ես, ֆիլմերում դրանք ի վերջո մի օր ավարտվում էին կռվի դաշտում, բայց սեփական աչքերով տեսած պատերազմները երբեք էլ չեն ավարտվում կռվի դաշտերով:
Վերջանում են, բայց չեն ավարտվում: Սողոսկում են մարմնիդ մեջ, շարունակվում քո մեջ ու ամեն օր` նույնիսկ ամենախաղաղ թվացող օրերին, ռմբակոծում բջիջներդ: Պայթեցնում են ու բթացնում գիտակցությունդ:
Գիտե՞ս, հիշողությունը երբեմն նման է լինում բարի դեմքով մի տատիկի, որ խիղճ ունի: Խնամքով բռնում է ձեռքդ ու մանկության լուսավոր արահետներով տանում: Դա հատկապես լինում է կյանքի այսպիսի ծանր ու գորշ օրերին, երբ ավերակված մարմինդ հավաքվել է ուզում:
Դու հիշու՞մ ես, որ գտել էիր պաղպաղակ պատրաստելու մի յուրահատուկ ձև, ձմռան ամիսներին քաղցր կաթը լցնում էիր մաքուր ձյան վրա ու դնում սառնարանում:
Մրգային սիրողների համար էլ տարբեր մուրաբաներ էիր լցնում:
-Ինձ էս անգամ նորից մոշի մուրաբա կլցնես, Ջոնի՛…
Մանկությանս ծանոթ ճիչերի միջից հազիվ ինձ է հասնում իմ ձայնը:
Հիմա դժվար ժամանակներ են եկել, Ջոնի՛: Ուրիշ դառնահամեր են հիմա քիմքս վառում:
Մեր մանկության անուշ համերն էլ չկան արդեն: Հիմա ավելի շատ կյանքի ձյուներն եմ ճաշակում, Ջոնի՛, որ տեղում են ինձ վրա երբեմն` անկախ նրանից, ամա՞ռ է, թե՞ ձմեռ:
Դու ախր ռուսերեն էիր պարապում, երազում` ռազմական բժիշկ դառնալ, երազում Ռուսաստանում սովորելու մասին: Ընդհանրապես երազող էիր, Ջոնի՛:
Դրա համար էլ 17 տարեկանում կամավոր գնացիր ծառայելու:
Մեկ էլ իմացանք` մեր Ջոնին ծառայում է:
Նստել էիր ավտոբուս, գնացել շրջկենտրոն, ինքնակամ ներկայացել Զինկոմիսարիատ ու չգիտեմ` ում ինչպես էիր համոզել, որ շուտ անցնես ծառայության:
Ավտոբուսի վարորդին մի կապոց էիր տվել, մեջը` նվերներ ու նամակ.
– Ինձ համար չանհանգստանա՛ք:
Ծառայելուց հետո Ռուսաստան էիր գնում-գալիս, աշխատում քեզ համար, ապրում, արարում: Աշխատում անընդմեջ: Աշխատում մեղվի պես:
Քեզ ի՞նչ եղավ, Ջոնի՛, ո՞նց եղավ, որ տարեցտարի մեկուսացար բոլորիցս, դուրս եկար մեր աշխարհից ու սկսեցիր ապրել միայն քո աշխարհում: Ո՞վ կոտրեց քո ոսկե սիրտը: Ինչու՞:
Սկսեցիր չվստահել մարդկանց, սկսեցիր քիչ շփվել:
Աշխա՞րհը խռովեց քեզնից, թե՞ դու աշխարհից, չգիտենք, չիմացանք ու չենք կարող իմանալ, Ջոնի՛:
Բժիշկ, հոգեբան, ծանոթ, մտերիմ, հարազատ. ոչ մեկն էլ չկարողացավ օգնել քեզ:
Փակվեցիր քո մեջ` քո աշխարհում, որտեղ ոչ մեկին չհաջողվեց ներս մտնել այլևս: Որտեղ դու ես միայն, քո մանկության մաքրամաքուր ձյուներն ու քո մանկության աստղաշատ երկինքը:
Մեր մանկության երգերից է հիմա հնչում ականջներումս, ելևէջում է, վերուվար անում ու խառնշտում ներաշխարհս: Դու լսու՞մ ես այս երգը, թե՞ սիրտդ խռով է մնացել նույնիսկ մեր մանկության քաղցրաբառ երգերից, որոնց տակ ինքնամոռաց պարում էինք, Ջոնի՛: Մեր թևերի փոխարեն սիրամարգի պոչիկների պես մեր սրտերն էին բացվում, ու մեր մատաղ սրտերն էին ավելի շատ պարում: Առավոտից իրիկուն երգում էինք ու պարում: Պարում էինք ու երգում:
Հիմա` այսքան տարի անց, ես նույն անհաջողակ-ձախողակն եմ մնացել, Ջոնի՛, ո՛չ դահուկ քշել եմ սովորել, ո՛չ հեծանիվ, ո՛չ էլ կյանքիս ղեկն եմ կարողանում մի կարգին ուղիղ պահել, երբեմն ինձ թվում է` դեռ քո էն կոտրած դահուկների վրա եմ` մեր սարերի խոր ձյուների մեջ թաղված, հետուառաջ եմ անում ապարդյուն, մեկ-մեկ էլ արյունլվա ընկնում քիթ-բերնիս վրա:
Բայց երբեմն էլ հեծանիվ հորինողի կարևոր դեմքով վերցնում եմ թուղթն ու գրիչը, գրում շատ անկարևոր բաների մասին, որոնք ոչ մի օր ոչ մեկին պետք չեն գալու:
Ու դու էլ երբեք չես կարդալու այս նամակս:
Բայց ես շարունակում եմ ինձ պատմել քո մասին, որ գորշ ներսումս մի քիչ պայծառ լույս լինի, որ կիսատ-պռատ չմնան ու հանկարծ չընդհատվեն գունավոր հեքիաթներս, Ջոնի՛…
