Մեր գյուղում ամեն տուն իր ծառն ուներ: Բազմաթիվ մրգատու ծառեր ու խաղողի ընդարձակ այգիներ ունեցող ամեն ընտանիք նաև մի առանձնահատուկ ծառ ուներ, որի հետ տունը լիարժեք տեսք էր ստանում և հոգևոր ամբողջություն կազմում:
Մեր տան ծառը մեր թթենին էր՝ մեր հսկա, լայնասաղարթ ու երկնասլաց թթենին: Նա յուրահատուկ հմայք էր տալիս մեր միհարկանի, չարդախավոր-երդիկավոր հին տանը և բոլորիս ապավենն ու հպարտությունն էր: Աշխարհի ամենաբարի, ամենաբերքառատ ու բարեբեր ծառերից մեկն էր նա, որ ոչ միայն ամռան սկզբից մինչև կեսերը մեզ էր պարգևում իր անուշահամ պտուղները, այլև ողջ ամառը նրա զով ստվերում էին խաղում փոքրերը, աշխատում և հանգստանում մեծերը: Նրա հսկա փչակում տատս խնամքով տեղավորում էր հորս կոշկակարության և իր գորգ ու կարպետ գործելու անթիվ-անհամար գործիքներն ու հարմարանքները: Նրա՝ մեղրի պես քաղցր՝ հասունացած պտուղները մայիսի վերջին ճեփ-ճերմակ էին լինում, հունիսի կեսերին՝ աննկարագրելի գեղեցիկ վարդագույն, իսկ հուլիսի վերջին՝ գյուղի ամենամուգ գինու հեքիաթային գույնն ու փայլն ստանում…
Ո՞վ և ե՞րբ էր տնկել մեր թթենին՝ մեր գերդաստանից ոչ մեկը չէր կարող ստույգ ասել: Ավագ հորաքույրս պատմում էր, որ ժամանակին մեր մեծ տատն է սիբեխի գնալիս հանդում գտել, զգուշորեն հանել, բերել ու բակում տնկել նորելուկ տունկը: Ասում էին նաև, որ թթենու այդ տեսակը միայն Արցախում է աճում, և հավանաբար այնտեղից թռչող վարդագույն սարյակն է մի հեռավոր օր պատահաբար մեր բակ իջել, ջուր խմել, և երբ կտուցը մաքրել է ջրի տաշտի եզրին՝ թթի փոքրիկ-փոքրիկ կորիզն ընկել է հողին, և հաջորդ գարնանն աշխարհ է եկել մեր բակի ապագա թագուհին… Մի երրորդ տարբերակի համաձայն՝ մեր ապուպապն է Երուսաղեմից վերադառնալիս Թավրիզի շուկայից գնել մատղաշ տունկը…
Գարնան վերջում, երբ հասունանում էր թթենու բերքի առաջին «երեսը», սկսում էին ավելանալ ոչ միայն մեր, այլև հարևանների երեխաների հոգսերը: Տատս անեծքախառն բացականչություններով քշում էր ծառի վրա արշավող վարդագույն սարյակների երամները և հետևողականորեն՝ երեք օրը մեկ, հարևանի ճարպիկ տղաներից մեկին բարձրանալ տալիս հսկա ծառը: Հերթականությամբ թափահարվող բոլոր ճյուղերից գետնին թափվող պտուղները, որ հնարավոր չէր որսալ աշխարհի ամենամեծ սփռոցով անգամ, ողջ թաղի երեխաներով ստիպված էինք լինում հավաքել մինչև երեկո:
Թութը հավաքում էինք ու հավաքում: Տատս չէր թողնում, որ մի հատիկ անգամ գետնին մնա, և օրեր անց հյութեղ պտուղները դառնում էին մեղրածոր դոշաբ և արևահամ չորաթութ, որ ողջ ձմեռն օգտագործում էինք մեր հարազատների, հարևանների ու հյուրերի հետ…
Գյուղական փոքրիկ կինոդահլիճի պատուհանները հանկարծ մուգ կարմիր դարձան, և դրանից ցերեկային ժամի աշակերտների համար ցուցադրվող կինոնկարը պաստառին ավելի հստակ արտացոլվեց:
– Ասում են արևը խավարում է,– մի սարսափազդու շշուկ անցավ դահլիճով ու հետ եկավ:– Էլ արև չի՛ լինելու…
Քույրս լաց եղավ, ես ահավոր գունատվեցի: Առաջին անգամ էինք առանց մեծերի կինո գնացել:
Իսկ կաթի կոմբինատում աշխատող ահաբեկված պապս կարծել էր պատերազմ է սկսվել և ատոմային ռումբ է պայթել՝ տեսնելով մեծ արագությամբ հարավից դեպի գյուղը շարժվող հրդեհանման «կարմիր ծովը»:
– Չէ՛, ա՛յ հայրիկ,– հանգստացրել էր նրան օգնող մայրս:– Ռումբը երկնքից ինքնաթիռո՞վ են գցում, թե՞ ցամաքով են ուղարկում… Անապատի կարմիր քամի է, չե՞ս հիշում, տարիներ առաջ մի անգամ էլ էր եկել…
Երբ ամբողջ մի ժամ փակ կինոդահլիճում մնալուց հետո վերջապես թույլ տվեցին դուրս գալ ակումբից, գյուղի փողոցները, տներն ու ծառերը անճանաչելի փոխված տեսանք. ծառերին գրեթե տերև չէր մնացել, մնացածներն էլ բզկտված-գզգզված էին: Մեր ձորակով կարծես մորեխների մի ավերիչ հորդա էր անցել… Իսկ երբ տուն հասանք, տատս թեյ տվեց և հորդորեց.
– Ասում են քամին էլի ուժեղանալու է, խմեք ու քնեք: Ո՞նց երազս կատարվեց. տեսել էի՝ իբր էս դիմացի սարից առնետների չափ մեծ-մեծ մորեխների երամ էր իջնում…
…Գիշերվա կեսին բոլորս արթնացանք ամեհի որոտ հիշեցնող ճայթյուն-ճռնչոցից և հաջորդող դղրդոցից: Պապս իր ճերմակ գիշերազգեստով վեր ցատկեց անկողնուց.
– Չվախենա՛ք, թո՛ւթն ա ընկել: Պա՛հ-պա՛հ-պա՛հ… Դեռ լավ ա՝ ձորի կողմն ա ընկել, թե չէ՝ տունը կավերեր…
Վաղ առավոտյան մեր առջև մի սահմռկելի տեսարան բացվեց: Մեր երկնասլաց, հպարտ թթենին իսկապես փռված էր բակում՝ ձորի ուղղությամբ, նրա հնամյա փչակավոր բունը ջախջախվել էր, իսկ քամուց քշված վիրավոր տերևներով ճյուղերը հանգիստ ննջում էին հողին կռթնած…
Տատս մի հին ողբերգ երգեց, մենք՝ երեխաներս, աղեկտուր լաց եղանք:
Պապս զայրացավ.
– Ինչո՞ւ եք լաց լինում, ի՞նչ է եղել: Փա՛ռք տվեք Աստծուն, որ տան վրա չի ընկնել…
Իսկապես, մեր վարդագույն թթենին ընկել էր միակ ճիշտ ուղղությամբ՝ դեպի ձորը: Ընկել էր այնպես, որ մեր և երկու հարևանների տներից մեկն անգամ չէր վնասվել: Մի ամիս առաջ արդեն մեզ էր հանձնել իր վերջին բերքը և արժանապատվորեն իր վախճանին սպասել: Ես համոզված էի, որ մեր ծեր և իմաստուն թթենին կարող էր անգամ սեփական մահը կանխազգալ:
Պապիս գլխավորությամբ ողջ տնեցիներս մի քանի ամիս կտրատում ու կտրատում էինք թթենուց մնացած վերջին ժառանգությունը՝ վառելափայտը, որով լցրեցինք մեր ցախանոցը, հացատունը, գոմի և մարագի մի մասը, բոլոր կտուրները, և որը մեզ տաքացրեց ամբողջ յոթ տարի…
– Տեսա՞ք ինչպես ապրեց մեր թթենին,– մի օր տխուր ասաց պապս:– Ծառերն էլ են մարդկանց նման: Աշխարհ են գալիս, բարի գործեր անում ու մահանում: Եվ անգամ մահից հետո էլ նրանց հիշում են մարդիկ…
