Թանա Ֆրենչ, Վեպ

Որոնողը

(հատված վեպից)

Լեռան լանջին ավելի ցուրտ է, քան ներքևում՝ արոտավայրերում։ Այստեղի ցուրտը տարբերվում է նաև Քելի տան ցրտից։ Այստեղ այն ավելի կտրող է և պահանջկոտ․ կտրող քամու հետ միախառնված՝ այն միանգամից կառչում է Քելից։ Տասնամյակներ եղանակը, ըստ դրա պատճառած անհարմարությունների դասակարգման, եղել է «խոնավ», «սառնամանիք», «տապ», «նորմալ»։ Սակայն այստեղ Քելը նրբերանգներ է նկատում։ Մոտավոր հաշվում է, որ արդեն կարող է անձրևի հինգ կամ նույնիսկ վեց տեսակ տարբերել։

Ինչ վերաբերում է սարերին, դրանք այստեղ այդքան էլ աչքի ընկնող չեն՝ մոտ հազար ոտնաչափ բարձրությամբ գագաթների շղթա է, որոնց կոնտրաստը, սակայն, այնքան վեհություն է հաղորդում սարերին, որ դրանց բարձրությունն այդքան էլ էական չէ։ Ստորոտում դաշտերը կուսական են, նուրբ և կանաչ։ Որտեղից որտեղ նորից հայտնվում են այս շագանակագույն վայրի սարերն ու ծածկում հորիզոնը։

Քելի ազդրերը զգալ են տալիս, որ ճանապարհը դեպի վեր է տանում։ Նեղ արահետ է, որով մագլցում է վերև՝ հավամրգիի և ժայռաբեկորների միջով, երկու կողմերից էլ թեքվում են վայրի խոտերը։ Ավելի վերև՝ սարի լանջին, խիտ եղևնուտն է։ Տեղ է հասնում թռչնի բարձրաձայն, նախազգուշացնող ճիչը։ Իսկ վերև նայելով՝ Քելը տեսնում է քամու հետ կռիվ տվող մի գիշատչի։ Բաց կապույտ երկնքի ֆոնին նա շատ փոքր է թվում։

Թրեյը լավ էր բացատրել ճանապարհը, և մի երկու մղոն լեռան լանջով դեպի վեր քայլելուց հետո Քելը հայտնվում է ցածրիկ, խճաքարով պատված մոխրագույն տան մոտ։ Այն ճանապարհից հեռու է՝ տեղ-տեղ խոտով ծածկված և տեղ-տեղ էլ ցանկապատված բակում։ Անկյունում կանգնած է 2002 թվականի համարանիշներով ջարդուխուրդ եղած արծաթագույն «Հոնդա ակցենտը»։ Երկու փոքր երեխա, հավանաբար Լայամը և Ալաննան, քարեր են նետում ինչ-որ ժանգոտ երկաթի կտորի վրա։

Քելը շարունակում է քայլել։ Արահետով հարյուր յարդ դեպի վերև գտնում է հողի ճահճացած հատված և մինչև կոճը ոտքը խրում մեջը։ Ոտքը հանելն սպասվածից ավելի բարդ է։ Ճահիճը զարմանալիորեն ամուր է կառչում կոշիկից, փորձում է պահել։ Ազատվելով՝ Քելը շրջվում է և ուղղվում դեպի տունը։

Երեխաները դեռ պպզած են երկաթի կտորի մոտ։ Երբ Քելը հենվում է դռնակին, նրանք դադարում են դմփդմփացնելը և նայում նրան։

– Բարի լույս,– դիմում է Քելը մեծին՝ տղային։ – Մաման տա՞նն է։

– Հա՛,– պատասխանում է տղան։ Մազերը մուգ են, չխնամված, հագին կապույտ սվիտեր է, ու նա բավականաչափ նման է Թրեյին, որպեսզի Քելը համոզվի, որ ճիշտ հասցեով է եկել։

– Կարո՞ղ ես խնդրել, որ մի րոպեով դուրս գա։

Երեխաներն աչքը չեն հեռացնում նրանից։ Քելը ճանաչում է երեխաների՝ գրեթե աննկատ զգուշավորությունը, որոնք արդեն գիտեն, որ ծնողներին փնտրող օտար մարդը հավանական է՝ հենց այն Անծանոթն է, իսկ Անծանոթից ոչ մի լավ բան չես կարող սպասել։

– Այնքա՜ն հաճելի քայլում էի,– ասաց Քելը՝ կուչ եկած ու տխրադեմ,– և ահա, տեսե՛ք, թե ինչ եղավ։ Ցույց է տալիս իր թրջված կոշիկը։

Աղջնակը կչկչում է։ Քաղցրիկ, մրոտ մռութ ունի և երկու անհավասար պոչիկով կապված շագանակագույն մազեր։

– Բա՜-բա՜,– իբր վիրավորած՝ պատասխանում է Քելը։ – Իհարկե կծիծաղեք թաց կոշիկով հիմարի վրա։ Ես էլ մտածում էի՝ հնարավոր է ձեր մայրիկը մի բան կտա ինձ, որ չորացնեմ այն ու ստիպված չլինեմ ճպճպալով սարից իջնել ցած։

– Ճպճպա՜լ,– կրկնում է փոքրիկը։ Նորից կչկչում է։

– Հենց այդպես,– ասում է Քելը՝ ժպտալով նրան ու թափահարելով ոտքը։ – Ճպճպալով հասնել տուն։

– Հիմա կկանչեմ մայրիկին,– ասում է տղան։ Այնքան ուժեղ է քաշում քրոջ թևից, որ վերջինս կորցնում է հավասարակշռությունն ու հետույքով չլմփոցով ընկնում ցեխի մեջ։ – Գնացինք։ Վազում է տան ետնաբակ, քույրն էլ փորձում է միաժամանակ ոտքի կանգնել և աչքերը չհեռացնել Քելից։

Քանի դեռ նրանք չկան, Քելը շուրջն է նայում։ Տունը նստած է, պատուհանի փեղկերը ծռված են, կախված, վրայի ներկը պլոկված, կտուրի ծածկի արանքներն էլ մամռոտ են։ Հանուն արդարության պետք է նշել, որ տեղ-տեղ ջանք են թափել ինչ-որ բան կարգի բերելու համար։ Դռան երկու կողմերում ծաղկամաններ են, որոնց գույնզգույն ծաղիկները նոր են թափվում, իսկ բակի մի անկյունում խաղահրապարակի նման մի բան է՝ հավաքված փայտի կտորներից, պարաններից և խողովակներից։ Քելն սպասում էր, որ սարի գլխին մի տուն լիքը երեխաների հետ ապրող միայնակ կինը շուն կունենար կամ նույնիսկ երկուսը, սակայն հաչոց չի լսվում։

Երեխաները վերադառնում են՝ պտտվելով բարձրահասակ, նիհար կնոջ շուրջը։ Հագին ջինսե տաբատ է ու ապշելու չափ տգեղ նախշերով սվիտեր․ նման հագուստը սովորաբար նախկինում ուրիշ տեր է ունեցած լինում։ Կիսախարտյաշ-կիսաշագանակագույն, չոր մազեր ունի, որոնք անփույթ փնջով տնկված են գլխին։ Դեմքը եղանակից կոպտացած է, ընդգծված ոսկորներով դիմագծեր ունի, որոնք գուցե և գեղեցիկ եղած լինեին ժամանակին։ Քելը գիտի, որ նա մի քանի տարով փոքր է իրենից, բայց արտաքինից չես ասի։ Նա էլ իր երեխաների նման զգուշավոր է։

– Ներողություն եմ խնդրում անհանգստություն պատճառելու համար, տիկի՛ն,– ասում է Քելը։ – Զբոսնում էի այս կողմերում, հիմարի պես շեղվեցի ճանապարհից ու տեղը տեղին, մի լավ ջրափոսի մեջ ընկա։

Բարձրացնում է ոտքը։ Կինն այնպես է նայում նրան, ասես գաղափար չունի՝ ինչի մասին է խոսքը, և դա բնավ իր գործը չէ։

– Մի քանի մղոն այն կողմ է տունս,– շարունակում և ցույց է տալիս Քելը։ – Բավականին հեռու է, չեմ կարող թաց ոտքով հասնել այնտեղ։ Մտածեցի՝ գուցե կարողանաք օգնել ինձ։

Կինը հայացքն ուղղում է Քելին․ դանդաղ։ Սա մի կնոջ հայացք է, որի գլխին ամեն բան փուլ է եկել ոչ թե միանգամից՝ մեկ ձնահյուսով, այլ կաթացել է քիչ-քիչ, տարիներ շարունակ։

– Դուք այն ամերիկացին եք,– վերջապես ասում է նա։ Ձայնը ժանգոտ է և խորթ զրուցելուն, ասես վերջերս այդքան էլ շատ չի խոսել։ – Օ’Շեյների տան։

– Այդպես էլ կա,– պատասխանում է Քելը։ – Քել Հուփեր։ Ուրախ եմ ծանոթության համար։ – Մեկնում է ձեռքը դռնակի վրայով։

Ամբողջ զգուշավորությունը գրեթե նահանջում է։ Կինը քայլում է առաջ, սրբում ձեռքը ջինսե տաբատով ու մեկնում այն Քելին։

– Շիլա Ռեդդի,– ներկայանում է։

– Հա՜,– բացականչում է Քելը,– ես արդեն լսել եմ այդ անունը։ Մի րոպե․․․,– ճտտացնում է մատները,– ճիշտ այդպես, Լենան՝ Նորինի քույրը։ Նա իր երիտասարդ տարիներից էր պատմում և ձեզ հիշատակեց։

Շիլան անտարբեր նայում է նրան՝ սպասելով՝ երբ է ասելու, թե ինչ է ուզածը։

Քելը ժպտում է։

– Լենան ասաց, որ ժամանակին ինչեր ասես, որ չեք արել։ Գիշերները դուրս էիք թռչում պատուհանից, անցնող մեքենաներ կանգնեցնում ու դիսկոտեկ գնում։

Այս խոսքերն ազդում են Շիլայի վրա, և նրա դեմքին թոշնած ժպիտ է հայտնվում։ Առջևի ատամների կողքի մեկ կտրիչը բացակայում է։

– Շատ վաղուց էր,– ասում է նա։

– Էլ մի ասեք,– տխրաձայն շարունակում է Քելը,– հիշում եմ, երբ գնում էի հավաքույթների, հասցնում էի հարյուր տեղ գնալ և լուսաբացին նոր տուն էի հասնում։ Իսկ հիմա «Շոն Օգում» երեք գավաթ գարեջուր, և մեկ շաբաթվա իրարանցումն ապահովված է։

Ամոթահար ժպտում է Շիլային։ Քելն անմեղ երևալու հարուստ փորձ ունի։ Իր չափսերով տղամարդու համար դա մեծ ջանքեր է պահանջում՝ հատկապես միայնակ կնոջ հետ զրուցելիս։ Թեև Շիլան կարծես չի էլ վախենում․ արդեն չի վախենում՝ հասկանալով, թե ով է նա։ Նա երկչոտներից չէ։ Շիլան նրանից զգուշանում էր ոչ թե որպես տղամարդուց, այլ նրանից, թե ինչ իշխանությամբ նա հավանաբար կարող էր օժտված լինել։

– Այն ժամանակները լինեին,– ասում է Քելը,– ես առանց մտածելու այսպես թաց տուն կգնայի։ Իսկ հիմա արյան շրջանառությունս այլևս այն չէ։ Մինչև իջնեմ, ոտքերիս մատները կընդարմանան։ Կարո՞ղ եմ ձեզանից մի քանի թղթե սրբիչ խնդրել, գոնե մի քիչ ցամաքեցնեմ ոտքերս։ Կամ լաթի կտոր։ Կամ գուցե մի զույգ չոր գուլպա, եթե ունեք։

Շիլան կրկին զննում է նրա ոտքն ու գլխով անում։

– Մի բան կգտնեմ,– ասում է նա, շրջվում ու գնում դեպի տուն։ Երեխաները ճոճվում են խաղահրապարակում և նայում Քելին։ Նա ժպտում է երեխաներին, սակայն նրանց դեմքի արտահայտությունը չի փոխվում։

Շիլան վերադառնում է՝ ձեռքին թղթե սրբիչների գլանափաթեթով և մեկ զույգ մոխրագույն տղամարդու գուլպա։

– Ահա,– ասում է նա՝ փոխանցելով այդ ամենը դռնակի վրայով։

– Տիկի՛ն Ռեդդի,– շարունակում է Քելը,– դուք ինձ փրկեցիք։ Ես անչափ պարտական եմ ձեզ։

Նա չի ժպտում։ Ձեռքերը ծալած գոտկատեղին՝ նայում է, թե ինչպես է Քելը նստում դռնակի կողքի քարին և հանում կոշիկը։

– Կներեք այս տեսարանի համար,– ասում է նա՝ շփոթված ծիծաղելով։ – Առավոտյան ոտքս մաքուր էր։

Երեխաները մոտենում են և կչկչում։

Քելը ճմռթում է սրբիչը, խցկում կոշիկի մեջ, որ ջուրը ներծծվի․ չի շտապում։

– Գեղեցիկ է այս կողմերում,– շարունակում է՝ գլուխն ուղղելով տան հետևի սարի կողմը։

Շիլան հպանցիկ հետ հայացք է նետում։

– Գուցե,– ասում է նա։

– Լավ է երեխաներին այստեղ մեծացնելը։ Մաքուր օդ, ընդարձակ տարածություն, որտեղ նրանք կարող են վազվզել․ էլ ի՞նչ է պետք երեխային։

Շիլան թոթվում է ուսերը։

– Ինքս գյուղացի եմ,– բացատրում է Քելը,– բայց երկար ժամանակ քաղաքում եմ ապրել։ Այստեղ ասես դրախտ լինի ինձ համար։

Շիլան ասում է․

– Երանի այս ամենը երբեք էլ չտեսնեի։

– Ախ այդպե՞ս,– ասում է Քելը, սակայն Շիլան չի արձագանքում։

Հագնում է կոշիկը․ քիչ թե շատ չոր է, սրանից լավ դժվար թե լինի։

– Սիրում եմ զբոսնել բլուրներով,– ասում է նա։ – Քաղաքը ինձ դարձրեց գեր ու ծույլ։ Հայտնվելով այստեղ՝ վերադառնում եմ օգտակար սովորություններիս։ Լավ կլիներ ոտքերիս տակ նայելու սովորությունն էլ վերհիշեի։

Կրկին պատասխան չկա։ Շիլայի հետ իր սպասվածից ավելի բարդ կլինի։ Նորինը, Մարտը և փաբի հաճախորդները Քելին ստիպեցին մտածել, որ այս կողմերում պարապ զրույցները սովորական երևույթ են, սակայն այժմ Քելը հասկանում է, թե ումից է Թրեյը ժառանգել շփման իր հմտությունները։ Բայց Շիլան կարծես դեմ չէ Քելի հետ զրույցին։ Նա առանց հետաքրքրության հետևում է, թե ինչպես է Քելը փաթաթում թաց գուլպան թղթե սրբիչի մեջ և դնում գրպանը։ Դրա հետ մեկտեղ Շիլան շտապ գործեր ունեցողի տպավորություն չի թողնում։

– Է՜հ,– արտաշնչում է Քելը՝ ոտքին ձգելով արդեն հագած, բայց չմաշած չոր գուլպան։ – Այ սա ուրիշ բան։ Մի լավ կլվանամ և կվերադարձնեմ ձեզ։

– Կարիք չկա։

– Ես էլ ձեր տեղը լինեի, չէի ցանկանա, որ ինձ վերադարձնեն ինչ-որ մեկի կեղտոտ ոտքերին եղած գուլպաները,– ասում է նա՝ կոճկելով կոշիկը և ժպտալով։ – Ձեզ նոր զույգ կբերեմ հենց քաղաք իջնեմ։ Իսկ առայժմ․․․,– բաճկոնի գրպանից հանում է «Կիտ կատի» երկու սալիկ,– հետս էի վերցրել, որ ճամփին ուտեմ, բայց հիմա, երբ միևնույն է, շուտ եմ վերադառնալու, դժվար թե դրանց կարիքն ունենամ։ Կարո՞ղ եմ ձեր թմբլիկներին առաջարկել։

Շիլան թեթևակի ժպտում է։

– Նրանք հաստատ կուրախանան,– ասում է,– սիրում են քաղցր։

– Դե երեխա են,– պատասխանում է Քելը։ – Եթե թույլ տայինք, իմ դուստրը նրանց տարիքում առավոտից երեկո կոնֆետ կուտեր։ Ես անմիջապես իմանում էի, թե տան մեջ որտեղ է կինս պահել կոնֆետները, դե, որովհետև դստրիկս որսորդական շան նման գտնում էր դրանք։

Քելը ծամածռում է դեմքը։ Շիլան ավելի լայն է ժպտում, փափկել է։ Ամեն անվճար և թեկուզ աննշան բան շոյում է աղքատներին։ Զարմանքի այս ջերմ, հաճելի ալիքը․ հազարից մեկ անգամ աշխարհը բարեհաճ է գտնվել քո հանդեպ։

– Հե՜յ,– բացականչում է նա՝ ոտքի կանգնելով և մեկնելով շոկոլադե սալիկները ցանկապատի վրայով,– սիրո՞ւմ եք «Կիտ կատ», էրեխե՛ք։

Երեխաները նայում են մորը, որ թուլտվություն ստանան։ Նա գլխով է անում, երեխաները միմյանց հրելով մոտենում են և խլում շոկոլադե սալիկները։

– Շնորհակալություն հայտնեք,– մեխանիկորեն ասում է Շիլան։

Երեխաները ձայն չեն հանում, սակայն աղջնակը Քելին լայն ժպտում է։ Երկուսով արագ-արագ հեռանում են դեպի խաղահրապարակը, քանի դեռ ոչ ոք ձեռքներից չի վերցրել շոկոլադները։

– Միայն երկուսն ունե՞ք,– հարցնում է Քելը՝ հարմար հենվելով դռնակին։

– Վեցը։ Սրանք փոքրերն են։

– Պա՜հ,– ասում է Քելը,– ձեր գործը շատ է։ Մեծերը դպրոցո՞ւմ են։

Շիլան նայում է շուրջը, ասես երեխաներից մեկը ուր որ է կհայտնվի․ և դրա հավանականությունը Քելը չի բացառում։

– Երկուսը,– պատասխանում է Շիլան,– մյուսները մեծ են։

– Մի րոպե,– ասում է Քելը՝ զարմացած գլխի ընկնելով՝ ինչն ինչոց է։ – Ուրեմն Բրենդան Ռեդդին ձեր որդի՞ն է։ Նա, որ էն նիհար, կեպիով ծերուկին էլեկտրալարերի հարցով օգնեց։

Շիլան անմիջապես և անվերադարձ ամփոփվում է իր մեջ։ Հայացքը սահում է Քելից դեպի ճամփան, ասես ինչ-որ բանի է հետևում։

– Չգիտեմ,– ասում է նա,– գուցեև նա է։

– Այ քեզ հաջողություն,– ասում է Քելը։ – Դե որովհետև գիտե՞ք, ես Օ’Շեյների տունը ինքս եմ նորոգում։ Գրեթե ամեն ինչից գլուխ եմ հանում՝ փականագործություն, ներկի գործ։ Այ իսկ լարերի հետ չեմ ուզում գործ ունենալ, մինչև որ հասկացող մեկը չնայի։ Բրենդանը գլուխ է հանում էլեկտրականությունից, չէ՞։

– Հա,– ասում է Շիլան և ձեռքերով ամուր գրկում իր իրանը։ – Գլուխ է հանում, հա՛։ Բայց նա այստեղ չէ։

– Իսկ ե՞րբ կվերադառնա։

Շիլան թոթվում է ուսերը։

– Չգիտեմ։ Հեռացել է․ այս գարնանը։

– Վա՜յ,– ափսոսանքով ասում է Քելը,– տեղափոխվե՞լ է։

Նա գլխով է անում՝ այդպես էլ չնայելով Քելին։

– Մոտակայքո՞ւմ է։ Կարելի՞ է նրան զանգահարել։

Նա կտրուկ տարուբերում է գլուխը։

– Գնալիս ոչինչ չասաց։

– Ինչ խոսք, դաժան կատակ է,– բարյացակամ ասում է Քելը։ – Իմ աղջիկն էլ մի անգամ նման բան էր գլխներիս սարքել։ Երբ տասնութ տարեկան էր։ Ուղեղն այնքա՜ն էին լվացել, որ իբր ես ու մայրը բավական ազատություն չենք տալիս իրեն, և մի օր նա փախավ տնից։

Ալիսան երբեք նման բան չէր արել։ Ծնված օրվանից խելոք էր, հետևում էր կանոններին, ամեն ինչ անում էր, որպեսզի ոչ ոքի չհիասթափեցնի։ Բայց Շիլայի հայացքը կրկին վերադարձավ Քելին։

– Մայրը փորձ արեց փնտրել նրան, բայց ես ասացի, որ պետք չէ, թող հաղթանակած զգա իրեն։ Եթե սկսենք փնտրել նրան, ավելի կկատաղի և հաջորդ անգամ ավելի հեռու կփախչի։ Մի քիչ կմնա ու կվերադառնա, երբ ինքը ցանկանա։ Իսկ ձեր որդուն փնտրե՞լ եք։

Շիլան պատասխանում է․

– Որտե՞ղ փնտրեմ։

– Դե,– ասում է Քելը,– անձնագիր ունի՞։ Առանց դրա հեռու չես գնա։

– Ես նրա հետ չեմ գնացել ստանալու։ Բայց դե նա ինքնուրույն էլ կարող էր ստանալ։ Տասնինը տարեկան է։ Իսկ Անգլիա առանց անձնագրի էլ կարող է գնալ։

– Գուցե ինչ-որ վայրեր կամ ինչ-որ մեկին էր ուզում այցելել։ Մեր աղջիկը միշտ ասում էր, որ ուշքը գնում է Նյու Յորքի համար, և հենց այդտեղ էլ փախավ։

Շիլան բարձրացնում է ուսը։

– Շատ կան այդպիսի վայրեր։ Ամստերդամ, Սիդնեյ։ Չկան այնպիսի վայրեր, որտեղ կկարողանայի փնտրել նրան։

– Երբ դուստրս գնաց,– մտախոհ ասում է Քելը, փոխում ձեռքերի դիրքը և հետևում, թե ինչպես են երեխաները ուտում կոնֆետները,– նրա մայրն անընդհատ ասում էր, որ մենք պետք է կանխատեսեինք այդ ամենը։ Նյու Յորքի մասին այդ բոլոր ակնարկններից պետք էր կռահել։ Շատ տանջեց իրեն այդ մտածմունքներով։ Տղաների դեպքում ամեն բան ուրիշ է։

Քելին երբեք դուր չի եկել դստերն իր աշխատանքի մեջ գործիք դարձնելու միտքը․ նախընտրում էր երևակայական որդուն՝ Բադդիին։ Թեև մեկ-մեկ դստեր պահը ճիշտ հունով է տանում զրույցը։

– Շատ գաղտնապահ են, չէ՞։

– Բրենդանն էդպիսին չէ,– ասում է Շիլան։ – Ահավոր շատախոս է։

– Իսկապե՞ս։ Ակնարկե՞լ է, որ տնից հեռանալու միտք ունի։

– Բառ անգամ չի ասել հեռանալու մասին։ Ասում էր, որ ամեն ինչից զզվել է․ այդքանը։ Զզվել էր անգործ նստելուց։ Առանց փողի։ Շատ բաներ էր ուզում ձեռնարկել ու ոչ մի կերպ չէր կարողանում․․․,– Քելին նայում է ամոթ, անհնազանդություն և դառնություն արտահայտող հայացքով։ – Ահավոր ճնշող է։

– Իսկապես,– համաձայնում է Քելը,– հատկապես եթե անելանելի վիճակ է։ Երիտասարդ մարդու համար շատ ծանր է։

– Ես գիտեի, որ հոգնել է ամենի ինչից։ Երևի ես պետք է․․․

Քամին Շիլայի մազերը դեմքով մեկ է տարածում, նա էլ կտրուկ հետ է տանում դրանք գործերից կարմրած ձեռքի ափով։

– Մի՛ մեղադրեք ձեզ,– նրբանկատորեն ասում է Քելը։ – Ես կնոջս էլ էի ասում։ Դուք չեք կարող դիմացինի մտքերը կարդալ։ Ունենք այն, ինչ ունենք։

Շիլան անվստահ գլխով է անում։ Կրկին հեռացնում է հայացքը Քելից։

– Ահա թե ինչից էր նեղվել կինս,– շարունակում է Քելը։ – Դուստրս գրություն էր թողել։ Գրել էր, թե ինչքան վատն ենք մենք և որ ամեն ինչում մենք ենք մեղավոր։ Ես դե հասկացա, որ քթից ծուխ էր հանում, որ քաջություն հավաքի ու հեռանա, իսկ ահա մայրը ամեն բան ուրիշ ձևով հասկացավ։ Ձեր տղան որևէ գրություն թողե՞լ է։

Շիլան կրկին տարուբերում է գլուխը։

– Ոչ մի բան,– պատասխանում է։ Աչքերը չոր են, սակայն ձայնը խռպոտ, քերող երանգ ունի։

– Դե, նա երիտասարդ է,– ասում է Քելը,– ինչպես աղջիկս էր։ Այդ տարիքում չեն գիտակցում՝ ինչպես են մեզ հետ վարվում։

Շիլան հարցնում է․

– Ձեր աղջիկը վերադարձա՞վ։

– Իհարկե,– ժպտալով պատասխանում է Քելը։ – Մի երկու ամիս պահանջվեց, որ ինքնահաստատվի և հոգնի ճաշարանում աշխատելուց ու խավարասերներով լի սենյակում ապրելուց։ Հետո խելոք հետ եկավ։ Ողջ-առողջ։

Ժպտում է՝ գրեթե չշարժելով շրթունքները։

– Փա՛ռք Աստծո,– ասում է։

– Իսկապես որ, փառք Աստծուն և խավարասերներին,– պատասխանում է Քելը և լրջանում։ – Բայց սպասման զգացումը ահավոր է, խոսք չկա։ Մենք ամեն րոպե անհանգստանում էինք․ իսկ եթե ինչ-որ տղայի հե՞տ է ապրում, ոըը վատ է վարվում հետը, իսկ եթե ապրելու տեղ չունի՞։ Կամ գուցե ավելի վատ մի բան,– ծանր արտաշնչում է, հայացքը գցում սարերին,– շատ դժվար ժամանակներ են։ Գուցե տղաների դեպքում ուրիշ է։ Դուք անհանգստանո՞ւմ եք նրա համար, թե՞ կարծում եք` կորող պտուղը չէ։

Շիլան շրջում է դեմքը, կուլ տալիս, և Քելը տեսնում է, թե ինչպես է ցնցվում նրա պարանոցի երկար ջիլը։

– Անհանգստանում եմ, բա ի՞նչ եմ անում,– պատասխանում է Շիլան։

– Կա՞ն պատճառներ։ Թե՞ պարզապես մայր եք, և դա ձեր գործն է։

Քամուց մազերը կրկին հպվում են սրված այտոսկրին։ Այս անգամ չի հեռացնում դեմքից։ Ասում է․

– Անհանգստանալու պատճառ միշտ էլ կա։

– Չեմ ուզում քիթս մտցնել ուրիշի գործերի մեջ,– ասում է Քելը։ – Կներեք, եթե չափն անցա։ Բայց մի բան կասեմ․ երեխաները ինչ ահավոր բան ասես, որ չեն անում։ Լուծվող հարց է, կանցնի կգնա։ Իհարկե միշտ չէ, որ լուծվող է, բայց հիմնականում անցողիկ է։

Շիլան արագ շունչ է քաշում և կրկին նայում Քելին։

– Ամեն բան լավ է լինելու նրա հետ,– ասում է Շիլան վստահ ձայնով․ նա արդեն սթափ է։ – Ամեն դեպքում ես նրան չեմ մեղադրում։ Նա այնպես է վարվում, ինչպես ես պետք է վարվեի, երբ իր տարիքում էի։ Ամեն ինչ կարգի՞ն է հիմա ձեր գուլպաների հետ:

– Ասես նոր ծնված լինեմ,– պատասխանում է Քելը։ – Շնորհակալ եմ։

– Ըհը, դե լավ է,– ասում է Շիլան և դեպի տուն շրջվելիս բացականչում,– Լայա՜մ, Ալաննա՜, իջե՛ք այդտեղից, եկե՛ք ճաշելու։

– Փրկեցիք ինձ,– ասում է Քելը, բայց Շիլան խոտերի միջով արդեն շտապում է առաջ։ Թեթևակի շրջում է գլուխը, որ հրաժեշտ տա և անհետանում է տան հետևում՝ ձեռքերի կտրուկ շարժումներով առաջ հրելով երեխաներին։

Քելն իջնում է սարից։ Եղևնուտները չհաշված՝ ծառերն այստեղ շատ նոսր են․ հանդիպում են միայնակ, ծուռումուռ և կուչ եկած, մերկ և այստեղ իշխող դաժան քամիներից մի կողմի վրա թեքված ծառեր։ Ստորոտում ինչ-որ մեկը մի խուրձ հնոտիք է լցրել՝ բծերով պատված ներքնակով երկաթյա ժանգոտ մահճակալ, մի հսկայական կույտ պատռտված պլաստիկե տոպրակներ, որոնց միջից աղբը դուրս է թափվել։ Քելն անցնում է լքված տան քարե պատերի մնացորդների կողքով։ Ճեղքերում աճած խոտերի մեջ տեղավորվել է ծեր, կտուցը լայն բացած ագռավը, որ հրամայում է Քելին շարունակել ճանապարհը։

Շիլայի պես մարդկանց շատ անգամ է հանդիպել թե՛ փոքր տարիքում, թե՛ ծառայության բերումով։ Եվ նշանակություն չունի՝ այդպե՞ս են ծնվել, թե ինչ-ինչ պատճառներով դարձել են այդպիսին։ Նրանց՝ տեսահորիզոնը որսի հալածված կենդանիներից ընդամենը մի փոքր է ավելի։ Բոլոր ուժերն ուղղված են գոյատևելուն։ Չեն էլ մտածում թիրախի տակ առնեն ավելի խոշոր կամ հեռու գտնվող մի բան։ Միայն թե աղետից մի քայլ առաջ անցնեն և հընթացս պատահական նվերներ կորզեն։ Ավելի պարզ է դառնում, թե ինչ նշանակություն կարող էր ունենալ Թրեյի նման տղայի համար այդպիսի տանը Բրենդանի նման եղբայր ունենալը։

Շիլան ճշմարտությունն է ասել տղային կամ համենայնդեպս նույնը, ինչ ինքն իրեն էր ասում․ նա կարծում է, որ Բրենդանը հոգնել է ամեն ինչից ու փախել, բայց հետ կգա։ Շատ հավանական է, որ այդպես էլ կա, սակայն Շիլան չհայտնեց Քելին այնպիսի բան, ինչը թույլ կտար նրան առաջ գնալ այն ուղղությամբ, որն արդեն բռնել է։ Նրա հավատը հիմնված է միայն հույսի վրա, որն էլ իր հերթին հիմնված է ծխի նման փախչող ու երերուն ունայնության վրա։

Մյուս կողմից էլ նրա տագնապն անթափանց է և ժայռաբեկորի նման սրածայր։ Շիլան Բրենդանի համար անհանգստանալու պատճառներ ունի, թող որ չի պատրաստվում դրանց մասին պատմել Քելին։ Իսկ Բրենդանի ընկերներից մեկը հնարավոր է և պատմի։

Քելը համարում էր, որ խաչ է քաշել այդ ամենի վրա այն օրվանից, երբ հանձնել էր կրծքանշանը։ «Հապա մի նայե՛ք,– մտածում է նա մի անհասկանալի զգացումով,– կարծես այն դեռ ինձ մոտ է»։

Դոննան հիմա կոլորեր աչքերն ու կասեր․ «Ես այդպես էլ գիտեի․ զարմանալին միայն այն է, որ այսքան երկար դիմացար»։ Ասում էր, որ Քելն ասես ամեն բան ուղղելու մոլուցք ունենա, ինչպես այն մարդիկ, որ քաշում ու քաշում են խաղային ավտոմատի լծակները, մինչև լույսերը չվառվեն ու դուրս չթափվեն մետաղադրամները։ Քելը չէր ընդունում այս համեմատությունը՝ հաշվի առնելով այն, թե որքան ջանք և հմտություն են պահանջվում իրենից այդ շտկումները մտցնելու համար, սակայն Դոննան միայն թափ էր տալիս ձեռքերն ու պատասխանում կատաղած կատվին բնորոշ պայթուցիկ փնչոցով։

Հնարավոր է՝ Դոննան իրավացի է, դե կամ էլ մասամբ իրավացի, ինչևէ։ Անհանգստությունը հօդս ցնդեց։

Թարգմանությունը անգլերենից՝ Աննա Բաղրամյանի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *