(հատված FRIEDENSDORF վեպից)
2024թ․ ՍՏԵՓԱՆ ԱԼԱՋԱՋՅԱՆ ամենամյա մրցույթում FRIEDENSDORF վեպն արժանացել է մրցանակի՝ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂ անվանակարգում։
Գլուխ 12
-…
-…
-…
-…
-…
-…
…տոթ օր, մարդկային թափոր, տոթ օր, եռագույնով ծածկված՝ վրան ճերմակ ծաղիկներ, բերում են, տոթ օր, մարդկային թափոր, տոթ օր, ըստ զինվորական կարգի քեզ հրաժեշտ տվեցին, ասելու ես, բոլորը եկել էին, ասելու ես, տոթ օր, մարդկային թափոր, տոթ օր, զինվորական կոկիկ համազգեստով մարդիկ բերում են, ու փոքրանում, ու ինչքան մոտենում, ու փոքրանում է, գրականությունը երկաթե ալիբի ունի. վաղուց մեռած է, ասելու ես, իսկ գրողը ինչպես այս ազգը, իսկ անգղ է, իսկ լեշակեր, որին ձգում է մահը, արժևորում, դարձնում հիշելի հիշողություն, ասելու ես, ու փոքրանում, ու փակ դագաղը, ու ավելի է փոքրանում, մեր օրհներգում մի տող կա, որ երանի նրան, որ իր ազգի, իր ժողովրդի համար կնահատակվի, ասում է, սիրելի՛ Դավիթ, ինչպես քառօրյա, այնպես էլ քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ, դու՝ որպես հերոսի որդի, որպես իսկական հայ, պատվով ընդունեցիր թշնամու մարտահրավերը, և հերոսի մահով ընկար, և հավերժացար, ասում է պաշտոնյա զինվորականը, հետո մոտենում սևազգեստ, երիտասարդ կնոջը, հետո հանձնում ամուսնու շքանշանը, նայում ես, յուրաքանչյուր հայ զինվոր, իր արյունը թափելով մայրենի հողում, այն խառնում է Քրիստոսի Սուրբ Արյանը, դիմում է հավաքվածներին քահանան ու աղոթք ասում, իմ խոնարհումն եմ բերում Ձեր առաջ՝ հանուն հայրենիքի նվիրաբերած ամենաթանկ գանձի համար, դիմում է Դավիթի մորը ու երգով աղոթք ասում, նայում ես, հետո հայտարարում են, որ կանայք մոտենան, հետո հայտարարում են, որ կանայք մոտենան հրաժեշտ տալու, ու դագաղդ, ու ավելի է փոքրանում, հետո մայրդ փլվում է, անիծվե՛ս դու. վերջը տարար մեր մինուճարին, շշնջում է, հետո մայրդ դագաղին փլվում, անիծվե՛ս. չդիմացար կարոտին, շշնջում է, ուշադրությո՛ւն, հետո դագաղդ իջեցնում են փոսը, ու բոլոր-բոլորը ներկա են, կրա՛կ, հետո դառնում լուցկու տուփի չափ, ու բակի տղաները, Վահան հոպարը, բոլորը ներկա են, ատբո՛յ, Վահան հոպարի որդին կորած է, չէ, անհետ կորած, չէ, չի գտնվելու, չէ, ու կնոջդ կողքին կանգնած մանկահասակ երեք որդիներդ, ու նրանց վառվող աչքերը, տոթ օր, չի ավարտվում, տոթ օր, չէ, տոթ օր, շարունակվում, շարունակվում է, տոթ օր, ու այդ, չէ, ձայն, չէ, ոտքի տակից սահող մանրաքար, ձայն, լցվում է ականջներդ, խառնվում երազիդ, ես ես եմ, և աշխարհը նույնն է, փոխվում, դառնում է թակոց, ծանրանում, թակոցները ծանրանում, վերածվում են դեպի քեզ եկող դոփյունների, տագնապը օձի պես փաթաթվում, սեղմում է ողնաշարդ, ես գրեթե ես եմ, և աշխարհը գրեթե նույնն է, իսկ ձայնը մոտեցել, իսկ ձայնը հակառակորդիդ լեզվով է խոսում, չէ, հեռվում՝ գիշեր, չէ, հեռվում՝ երկինքը կարմիր, նման պատկեր նախկինում չես տեսել, հրետանային համազարկի ձայները կանչում են, չէ, ու մարդկային ստվերները, իրար հերթ չտալով, ձգվում դեպի թռչող լույսերը, որ գիշատիչը հագենա, կանչում են, չէ, ու ստվերների զորքը իրար միջով ձգվում դեպի բարձունքը, որ անէանա հետապնդող, չլցվող կիսատությունը, չէ, այդպես էլ չլցվող, չէ, կիսատությունը, չէ.
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
…խմբվել են, աղմկում են, շուտ արթնացողները խմբվել են ապակե դռան մոտ, ծիծաղում են.
-Ի՞նչ կա, ի՞նչ է եղել:- Հարցնում ես:
-Պարզվում է ուղեղ ունի էս դուռը:- Ոգևորված արձագանքում է Կամիլը:
…մոտենում ես, հեռանում, ու հիմա բացվում-փակվում է, ու հիմա զգում է շարժումդ. նախկինում կամ բաց էր, կամ՝ փակ, հիմա զգում է…
-…
-…
-…
-…
-…
-Գրազով էնպես վազեմ չհասցնի բացվել:- Շարունակում է Կամիլը, շարունակում է:
-Հը-ը:- Պատասխանում ես:
-Ինչի՞:
-Քիթումռութով ծեփվելու ես, դրա համար:
-Այ մարդ ես ծեփվողը չեմ, ձեռքով կկպնեմ ու վերջ,- ասում է,- գրազ գալի՞ս ենք:
-Ինչի՞ վրա:
-Էս ուրի՜շ բան,- ոգևորվում է,- եթե հասցնում եմ թեկուզ քսվել ապակուն մի հատ սնիկերս ես ինձ տալիս, եթե չէ՝ ես եմ քեզ սնիկերս տալիս:
-Էնպես էլ շեշտում ես մի՛ հատ, մոռացե՞լ ես՝ Գերմանիայում ենք, ո՛չ փող ունենք, ո՛չ բան, որտեղի՞ց սնիկերս:- Ձայնդ բարձրացնում ես…
-…
-…
-…
-…
-…
-Հիմա գրազ գալի՞ս ենք:- Կամիլը, վրա է բերում Կամիլը:
-Լավ, բայց գլխանց եմ ասում՝ ես սնիկերս ճարողը չեմ:- Պատասխանում ես:
-Հանգի՛ստ, ես եմ հաղթելու, ես էլ բան չեմ ուզի քեզնից, օ՞ք:
-Օք:
…խաղը դուր եկավ բոլորին, հորինած խաղը բոլորի սրտով էր, նայում ես, միայն դու ու Հայկն եք անհաղորդ, դու ու Հայկն եք դիտորդի դերում, նայում, ահա միթևանի աֆղանստանցին քիչ էր մնում հաջողեր, բայց ոտքը սայթաքեց, բայց գետնին՝ շուրջն է նայում ու ծիծաղում իր վրա, ու միայն շրթունքների անկյուններն են մատնում մարմնի ցավը, ու հաջորդ վայրկյանին բոլորի պես ճգնում է հասնել դռանը, բոլորի պես ուզում է առաջինը լինել, նայում ես, պատերազմ գնացողի Սուրբ Երրորդությունը՝ զենք, փամփուշտ, ծխախոտ, չէ, պատերազմ գնացողը չպիտի մտածի ողջերի մասին, նրա մտքում իր մահացած հարազատները պիտի լինեն, որ չընկրկի մեծ քնի սառնությունից, չէ, նայում ես, երեխաների խումբը աղմկում է, երեխաների խումբը աղմկում է բակում, հենց ասում եմ ինաչիլի՝ սկսում ենք, ծառի ճյուղերով, պլաստմասսե ատրճանակներով տղաներն ու աղջիկները բաժանվել են երկու խմբի, իրար դիմաց կանգնած սպասում են, կռիվ-կռիվ ենք խաղում ձյաձյա, հարցիդ պատասխանում է թավ հոնքերով տղան, մենք հայերն ենք, ասում է, բա իրա՞նք ովքեր են, իրանք էլ են հայերը. ոչ մեկ չի ուզում թուրք լինի, ասում է, ուժն ու խոցելիությունը, հմայքն ու ողբերգությունը, հեշտ է խոսել պատերազմի անպետքության մասին, երբ հաղթող կողմն ես, չէ, մեծ ժամանակները մեծ ոճիրներ են սիրում, և դրանք, և մոտեցել են, չէ, չես ուզում տեսնել, չէ, իսկ վրեժը մեծ կատվի պես շրջան է գծում, իսկ վրեժը մեծ կատվի պես ծուլորեն նեղացնում է շրջանը՝ աչքի տակով հետևելով կրկեսային մանեժի կենտրոնում կանգնած վարժեցնողին, չե՛ս հարձակվելու, հասկացնում է մարդը, չեմ հարձակվի, հաստատում է կենդանին, բայց կարմրաշիկավուն մեջքն ու կողերն ավելի գունեղ դառնում, բայց մեջքն ու կողերն ասես տաքություն արձակում, ասես նեղ, սև զոլերը հիպնոսացնում, ողջ ուշադրությունը սևեռում իրենց վրա, ե՛ս եմ քո առաջնորդը, որ ճանապարհ է ցույց տալիս, ուղղորդում է, թելադրում է մարդը, իմ առաջնորդն ես, որի հետքով եմ շարժվում, որին ենթարկվում եմ, հաստատում է կենդանին, բայց գծերը փոխվում, գծերն ուրիշ դառնում, վարժեցնողը գիտի՝ ինչի համար են ձեռքի ձողերը՝ մեկը՝ հեռավորություն պահելու, մյուսը՝ հարվածելու, գիտի՝ որ կետին, ինչ ուժգնությամբ է պետք հարվածել, բայց դրանք լոկ ժամանակ շահելու համար են, բայց շրջանը սեղմվում է, չէ, թանկարժեք վայրկյաններ կորզելու, չէ, հուսահատ փորձ, չէ, ոչ ոք օգնության չի հասնելու, չէ, դու, չէ, դատապարտված ես, չէ, hիմա տանում ենք թաղելու, հասնում է ականջիդ, տանում ենք թաղենք, լսում ես, ու երեխաների խումբը, ու իրենց խաղընկերոջը ցուցադրաբար գրկած, գնում է, ծառի ճյուղը դրել են կրծքին, տերևներ լցրել վրան ու գնում են, թուրքերը սպանեցին, քեզ նայելով ասում է աղջնակը, թուրքերը սպանեցին, արդարանալու պես ասում է, թուրքերը սպանեցին, ու խոսքը դառնում ձգվող տարածություն, ու խոսքը դառնում պատմություն, որին անկարող ես, չէ, չհավատալ, չէ, բարևում, մտնում, բարևում, տուն ես մտնում, ու նույնն է, ու շատ բան չի փոխվել, ու մատուռ հիշեցնող անկյունը, հիմա հորդ նկարի կողքին քո նկարն է, հիմա հորդ իրերի կողքին քեզնից մնացած իրերն են ու մի զույգ կիսաայրված, ու քերծվածքներով պատված երկարաճիտ զինվորական կոշիկներ, հիմա քեզ հողին հանձնելուց անցել է յոթ օր, հիմա բոլորը եկել, հիմա բոլոր հարևաններդ նստած են սեղանի շուրջը, ու խնկի բույր, ու խնկի բույր է գալիս բաժակից, ափսեից, մարդկանց լռությունից, մարդկանց խոսքերից, ու խնկի բույրն ամենուր է, չէ, հրաժեշտ ես տալիս, հրաժեշտ ես տալիս հավաքվածներին ու գնալուց առաջ կանգնում Դավիթի լուսանկարի դիմաց, Դավիթն ու սրբապատկերները ժպտում են, չէ, Դավիթն ու սրբապատկերները, ուրիշ ոչ ոք, կներե՛ս, ուրիշ ոչ ոք չի տեսնում, կներե՛ս, պիտի՛, քուղերը, չէ, կոշիկի քուղերը, չէ, քուղերդ, չէ…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-Տեսնես, որ կենդանի մոտենա էլի կբացվի՞:- Ասում ես:
-Նայած ինչ կենդանի:- Հայկը պատասխանում է:
-Չեմ ասում բլոճ-մլոճ լինի, ասենք՝ շուն կամ կատու:
-Եսիմ:
-Իմ կարծիքով կբացվի, հաստա՛տ կբացվի:
-…
-…
-…
-…
-…
-Տղե՛րք, պրծավ, մեր կարանտինը պրծավ, գնալու ենք էստեղից:- Ասում է ոգևորված, քրտնել, ասում է Կամիլը, հևում:
-Ի՞նչ գիտես:- Դու կամ Հայկը:
-Գերմանացիք առանց դիմակների են…
-…
-…
-…
-…
-…
…իրոք առանց բժշկական դիմակների, իրոք առանց դիմակների են, նայում եք, ժպտում են, նայում եք, բոլորը ժպտում, նրանցից մեկը սկսում է կարդալ ձեռքի թուղթը, և ում անունը հնչում, և սենյակից ուղեկցում են, նայում եք, աֆղանստանցիներն իրենց անունները լսելիս, աֆղանստանցիներն ուրախությունից ցատկոտում են, Գղիգո, անսովոր, Գղիգո, օտար է հնչում, որ իսկույն, որ չես արձագանքում, գիտեմ, դու ու աֆղանստանցիներն, դու ու մի քանի աֆղանստանցին անցնում եք երկար միջանքով, որի պատերին, որի վրա, գիտեմ, լոգասենյակը սպիտակասալիկ, մեծ տարածություն, լոգասենյակը միջնապատով բաժանված երկու մասի, և երկայնքով, և ցնցուղներ, գիտեմ, ուղեկցողը հասկացնում է, որ հանվեք, գոլ ջուրը, ուղեկցողը, հասկացնում է, որ հանեք շորերը, գոլ ջուրը հաճելի է, շամպունը գլխիդ ես տրորում ու ետ նայում. ամաչում ես, արագ-արագ տրորում ես ու անընդհատ ետ նայում. չես ուզում տեսնեն, ու պատի մյուս կողմում իրար վրա ջուր են ցողում, ծիծաղում, ու աֆղանստանցիներն իրար վրա ջուր են ցողում, զրնգուն ծիծաղում, ամաչում ես, ձայն, չես ուզում որևէ մեկը տեսնի քեզ, ձայն, երբ հերթական, երբ շրջվում ես՝ նա է՝ Մեդվեժոնոկը, ձեռքին կապույտ սրբիչ՝ ժպտում է, ասես ձյան հաստ շերտի, ասես մի կերպ, նա է, ժպտում, դրա համար, դրա համար բոլորի ներկայությամբ չէին, ժպտում է, ոտքերի արանքում բռունցքի չափ ուռուցք է, չէ, արյունով լցված, չէ, փուչիկ, չէ, ձայն, համազարկո՜վ կրա՛կ, բղավում է, ու գետինը ցնցվում, ձայն, կրա՛կ, բղավում է, ու հողն ալիքվում, ձայնը փոխվում, ծանրանում է, ու Դավիթը նայում է երկինք, նայում ես, ու նետվում դեպի թաքստոց, ձայնը ուրիշ դառնում, կախվում օդում, ու Դավիթի լսելիքը երկնքին է, լսում ես, ու բոլորը շտապում թաքստոց, ձայն, գրկում է մարմինդ, ձայն, լցվում, ձայն, վարչապետ, ասում է, Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել, ասում է, սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ. անձամբ իմ և բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել, ձայն, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել, ձայն, հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար, ձայն, այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, ձայն, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է, ձայն, այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով, ձայն, սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել, ձայն, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի և սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ, ձայն, մենք պետք է վերլուծենք մեր անկախության տարիները, մեր ապագան պլանավորելու և անցյալի սխալները չկրկնելու համար, ձայն, ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների առաջ, ձայն, խոնարհվում եմ մեր բոլոր այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների առաջ, ովքեր իրենց կյանքով են պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը, ձայն, նրանք իրենց անձնուրացությամբ փրկել են արցախահայությանը, ձայն, մենք պայքարեցինք մինչև վերջ, ձայն, և մենք հաղթելու ենք, ձայն, Արցախը կանգուն է, չէ, կեցցե՛ Հայաստանը, չէ, կեցցե՛ Արցախը, չէ, ձայն, ժամեր, մտածում է, մտածում ես, ու հողի տակ ես, ու մութ է, ժամեր են անցել, մտածում է Դավիթը, մտածում ես, ու հողը մարմինդ գրկել, ու ձախ ձեռքիդ մատներն ես կարողանում շարժել միայն, ձայն, սաստիկ պայթյունի, բլինդաժի փլուզման աղմուկն է գլխումդ, ձայն, աղմուկն է դեռ, ձայն, փոխվում է, դառնում կոկորդից դուրս եկող խուլ անզորություն, Արսենն է, ձայն, հրամանատարի տեղակալ Արսենն անմիջապես խեղդվեց, ձայն, նորից փոխվում, մի ամբողջ օր գլուխդ հայրենասիրական ճառերով տարած իրավաբան Գոռը՝ իմանալով, որ գնում եք առաջին գիծ, վզի ներվն է ձգում, իսկ դասակի հրամանատար Ներսեսը, իսկ ոտքը, կես մետր բարձրությունից գետին դնելով, ոլորում, ոչինչ, ու Արսենը կողքիդ է, մաքրվում ենք, ու Արսենը չի տրտնջում, նորից ուրիշ է, լույսերն անջատված Ուրալով հասնում եք դիրք ու շտիկ նոժով փոս փորում. բահ չկա, ու Արսենը կողքիդ է, ու Արսենը չի տրտնջում, ձայն, ազիզներ, հո դիլխո՞ր չեք, վռշտացնելով՝ ծիծաղում է, ինչով ասես խփեցին, մնաց ատոմային բոմբ գցեն, սուրճ խմելով՝ ծիծաղում է, մենք էլ ենք խփում, ու Արսենը կողքիդ է, հեչ չմտածեք, ու Արսենը չի տրտնջում, ձայն, առաջինը կոմիտասցի Արամն էր, ու մահը դեմք է ստանում, հետո ամեն օր, հետո օր չկար՝ խրամատի բերանին զոհ չունենայինք, ու մահը դեմքեր է ստանում, ձայն, դժվար է տասներկու ժամ վիրավորի գոչյունների տակ պոստ պահելը, մտածում ես, երբ շտապ օգնության մեքենան չի կարողանում մոտենալ, երբ դիակները կողքիդ են, մտածում ես, ձայն, հետո գալիս, հետո համալրվում եք, ու երկու օր, ու երկու օր էլ չանցած նորեկներից մի քանիսը ինտերնետ են միացնում, ու մահը՝ ականանետից դիպուկ արձակված պայթյուն, ու մահը՝ կողք կողքի անշնչացած չորս զինվոր, գիտեմ, անանցանելի մացառ, ցե՛խ, գետակ, գիտեմ, մարմնի, ցե՛խ, կտրված, ցե՛խ, մասեր, գիտեմ, առանձին-առանձին, գիտեմ, առանձին, գիտեմ, դժվար է մարտական ընկերոջդ մարմինը թողնելը, մտածում ես, ինչքան կարգին, ազնիվ տղերք մեռան, մտածում ես, ո՞նց է հնարավոր նույն զորքում այսքան հերոս ու այսքան դասալիք ունենալ կողք-կողքի, մտածում ես, էլի փոխվում, ձայն, ոսպի հատիկները ջոկող ձեռքի շարժումը, ձայն, ոսպի հատիկները ջոկող շարժումը, ձայն, ուզում ես նայել մորդ դեմքին, բայց էլի, բայց ուրիշ, կինդ է, ձայն, ձեռքի քնքշանքը, ու հարցնում ես, թե ուր են, քնած են, հանգստացնում է, ձայն, նիհարիկ ձեռքի քնքշանքը ճակատիդ, ու տագնապած հարցնում ես, թե ուր են երեխաները, քնած են, հանգստացնում է, ձայն, ադրբեջանցիները, ասում է, պղծել են Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու պատերը, ասում է, Դադիվանքում հարյուրավոր մարդիկ եկել են վերջին ուխտի, ասում է, Քարվաճառում մարդիկ հանում, տանում են իրենց ննջեցյալների աճյունները, գիտեմ, մարդիկ այրում են, գիտեմ, տները՝ չթողնելով թշնամուն, գիտեմ, երևի օդը կվերջանա, երևի սովից, մտածում ես, ուսագրպանումդ քեզ համար պահված փամփուշտն է, ինքնաձիքը՝ ոտքերիդ մոտ, բայց չես կարող, բայց թույլ չի տալիս, գլուխդ պինդ սեղմել կրծքիդ, հեղձամահ լինելուց էլ է զրկել, բայց հողը, բայց ամուր գրկել, պատրաստ չէինք, պատրաստ չեղանք, մտածում ես, փնթի, անկազմակերպ, մտածում ես, ու անզորության, երկյուղի, զզվանքի, ու խիզախության, հուսահատության, զայրույթի կողքին՝ անբացատրելի ամոթ, ամաչում ես, առաջին անգամ մահն ամոթ է թվում, ձայն, անմեկնելի, տարակուսելի, ձայն, անպարզ, ձայն, դառնում ԱԹՍ-ի ականջ սղոցող, ձայն, դառնում կրակոցների, ձայն, մերոնք են, մտածում ես, ու հույս է, կրակում են, ուրեմն մերոնցից, ուրեմն կան, հողի տակ չեն մնացել, մտածում ես, ու հույսը, ձայն, մոտենում է, ձայն, ավելի, ձայն, մոտենում, արդեն գլխիդ վերևում, արդեն գլխավերևումդ է, ձայն, բղավում, բղավում ես, օգնության կանչում, ձայնը արձագանքում, ձայնը փոխվում շարժումների, բահի հարվածներ են, ձայն, մատներիդ պես, մոտենում, ձայն, ինձ չնկատող մատներիդ պես, հիմա, ուր որ է, ձայն, ձանձրացած, հոգնած, մոտ, ձայն, քո ձեռքերն է, ձայն, քո ձեռքերը, չէ, ադրբեջաներեն, ու հույսը՝ սարսուռ, չէ, ադրբեջաներեն են խոսում, ու հույսը՝ ահ, չէ, ճանաչում ես, չէ, թևաբախություն, թռչունի թևաբախություն է շոյում ականջդ, ու ձեռքը բռնում, ու ձեռքը անակնկալ թեթևությամբ դուրս քաշում քեզ, նա է, ժպտում, հայրդ է, չի փոխվել, ժպտում է, Շուշին ընկավ, ասում ես, հաջորդը Ստեփանակերտն ու ամբողջ Հայաստանն է ընկնելու, ասում ես, քեզ էինք սպասում, ժպտում՝ անխռով, հանդարտ, հիմա իրենցից շատ ենք, ժպտում է՝ խաղաղ, անայլայլ, տեսնո՞ւմ ես զորքը, տեսնո՞ւմ ես, մեզ հաղթե՞լ կլինի, ժպտում, ու շուրջը, չէ, զինվորական համազգեստով մարդիկ, ստվերների բազմություն, ու ծայրը, չէ, չի երևում, չէ, ու բոլորը ժպտում են, չէ, դուրս գալուն պես, լոգարանից դուրս գալուն պես ոտքից գլուխ նոր շորեր են հագցնում՝ իսկ և իսկ, դեղին վերնաշապիկիդ վրա բումերանգ է պատկերված, իսկ և իսկ՝ հագովդ, նայում ես, մտնում եք հսկա սենյակը, ուր տանիքի կիսով չափ ապակեպատ հատվածից առատ լույս է թափանցում, նայում ես, կողք կողքի սեղաններ են, տարբեր ազգերի երեխաները սպասում են ճաշի, նայում ես, քեզ նստեցնում են անգոլացիների սեղանի մոտ, բոլորը սևամորթ են քեզնից բացի, ամոթ, փորձում ես աչքի չընկնել, չես ուզում նկատեն, ամոթ ես զգում, թվում է՝ լույս ես արձակում, թվում է՝ բոլորի հայացքները վրադ են, հետո նրանցից մեկը, կռահելով, որ նոր միջավայրում, որ կաշկանդվում ես, ձեռքի հացը մեկնելով՝ ասում է՝ ուտես, ու հասկանում ես, գերմաներեն է ասում, ու հասկանում, հետո մեկ ուրիշը շերեփով ճաշ է լցնում ամանիդ մեջ, մեկ ուրիշը ասում է՝ կեր, համով է, ու հասկանում, ու գերմաներեն, բոլորն արագ-արագ, բոլորն արդեն երկրոդ ամանն են դատարկում, իսկ դու, իսկ նայում ես ձեռքի ափերին, ու սպիտակ են, ու ափերիդ պես, ու սպիտակ, ծնողները փնտրում են քսաներկուամյա ժամկետային զինծառայող Ս. Վ.-ին, ասում է, ընտանիքը փնտրում է անհետ կորած զինծառայող Ա. Մ. Ա.-ին, վերջին անգամ տեսել են Շուշիի մոտակայքում, ասում է, հայրը փնտրում է որդուն՝ 1999 թվականին ծնված Ս. Վ. Ա.-ին, ասում է, հետո՝ դուրս գալիս փողոց, հետո՝ շուրջդ տարբեր երեխաներ, ոմանք հաշմանդամի սայլակով, ոմանց ձեռքերին, ոտքերին՝ գիպս, տղան, նկատելով նորեկներիդ շփոթված խումբը, տղան ի նշան ողջույնի, գուցե, հենց այնպես, անթացուպը թափահարում է գլխավերևում, տուն ես գնում, հայացքով փնտրում ես Կամիլին, Հայկին, տուն ես գնալու… փորձում ետ չմնալ ուղեկցողից, երբ ուշադրությունդ գրավում է շինությունը, երբ տանիքից քիչ ներքև, երբ ծանոթ, փոքր պատուհան է, որից ձեռքեր, որից ձեռքեր են պարզված. աֆղանստանցիներն են, ինչպես միշտ, վանում, մահճակալին խմբված, հեռացնում, դուրս են նայում, ու այդ ձեռքերի, ու այդ աչքերի ուղղությամբ վայրի աղավնիներ են պտտվում երկնքում… ի՜նչ գեղեցիկ… որքա՜ն գեղեցիկ…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
-…
