Կարինե Խոդիկյան, Վեպ

ՀԵՏԱԴԱՐՁ ՎԵՐԱԴԱՐՁ

(հատված վեպից)

Իրականացվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ

ԷՍԹԵՐ

Արթնանալուց ակնթարթ առաջ գիտեի. հենց բացեմ աչքերս՝ մոռանալու եմ երազը, նույնիսկ այս պահը, երբ ինձ ասվում է շատ կարևոր բան, որը չպիտի մոռանամ, պիտի կարողանամ մտապահել, գոնե այս անգամ…

Աչքերս բացեցի. վարագույրի՝ աչքի համար աննկատելի, բայց արևի համար լավ էլ հարմար արանքից սպրդած լույսի շեղբը ջնջեց երազս: Համակերպված, այս էլ՝ որերորդ անգամ, գրողի  ծոցն ուղարկեցի սեփական անձս և տարիներ առաջ ինքս ինձ տված հրահանգը՝ ինչ էլ լինի, տեսած երազս չմտապահել: Նայեցի ժամացույցին՝ զարթուցիչից յոթ րոպե շուտ էի արթնացել, հաճույքով շրջվեցի կողքի, ներարգանդային դիրքն ընդունեցի, ինչպես խորհուրդ է տալիս ամենագետ հարևանուհիս ու անշարժացա: Յոթ… արդեն վեց րոպե ոչնչի մասին չմտածել… ես կարողանում եմ: Ես վաղուց կառավարում եմ ինձ՝ կարող եմ խորհրդակցության ամենաթեժ պահին ՛՛անջատվել՛՛, ու թող մեկի մտքով անցնի,  որ որոշումն ընդունած, ինձ համար այդ հարցը փակած,- հերթագրում եմ հաջորդ հանդիպման ընթացքը… Զարթուցիչի հետ միաժամանակ տեղից ելա (իսկ մի ժամանակ անկողնուց դուրս էի թռչում), ձեռքս սովոր շարժումով հեռուստացույցի վահանակի հարկավոր կոճակը սեղմեց՝ Բի-Բի-Սիի լուրերն են (իսկ մի ժամանակ մագնիտոֆոնի կոճակն էի սեղմում ու մի քանի րոպե պարում, հիմնականում Բոնի Էմ-ի «Ռասպուտինի» տակ): Ինչ-որ հաճախ ես վերջես էքսկուրսներ անում դեպի անցյալ,- օրվա առաջին երկխոսությունս ինձ հետ այսպես սկսվեց,- խեր լինի: Գուցե ժամանակ գտնես ու…

-Ու՝ ի՞նչ,- քմծիծաղեցի խոհանոց շտապող ինքս:

-Մի հատ ներսդ քննի:

-Առանց քննելու էլ գիտեմ,- ֆշշացի սրճեփը գազօջախին դրած ու արդեն լոգարանում ատամները մաքրող ինքս:

-Անհիմն ինքնավստահությունդ եմ ուզում:

-Պարտքով չտայիր,- խայթեցի ճիշտ պահին սրճեփին հասած-սուրճը թափվելուց փրկած ինքս ու…- Բարի լույս,- սովոր ժպտացի ամուսնուս, դեմ տվեցի այտս սովոր շարժումով,- լավ քնեցի՞ր:

-Էհ,- խորիմաստ ասաց Ավետն ու լայն բացեց պատուհանը:

Հունիսյան օդը ներս ընկավ՝ ուշացել էր, խոհանոցը լցվեց արթնացող քաղաքի ձայներով:

-Մամ, խոստումդ չես մոռացել, չէ՞,- Նուշիկը ցնդելու չափ լավն է՝ կիսով չափ արթնացած, կիսով՝ դեռ թմբիրի մեջ, խուճուճ մազերը՝ ապստամբ…

-Հազար ասել եմ՝ պիժամայով խոհանոցում չերևաս.- ձվածեղը խոր ափսեի մեջ տեղափոխելուն հընթացս չորեցի, իսկ մտքում՝ ՛՛Բայց ինչ լավն է պիժամայով՝ ուտելու ապրանք՛՛:

-Մա՜մ…

«Մի սրան տես՝ շուրթերը փքված, քիթը՝ կնճռոտել, ավելի է համովացել»,- Ոչ մի մամ, ու խոստումս էլ չեմ մոռացել,- բարձրաձայնեցի ու կանխեցի դստերս:- Գործուղումից կգամ, կգնանք:

-Բայց դա ե՜րբ կլինի… Պապ, ասա մամային, ախր մինչև իր հերթական գործուղումից գա՝ ամառը կպրծնի:  

-Ինչի՞ ես սպասում, աղջիկդ քեզ հարց տվեց,- սուրճի բաժակը հրեցի նրա կողմը:

-Նուշս, լավ ասացիր՝ հերթական գործուղումից,- Ավետը լայն ժպտում է աղջկան ու անցնում կարագը հացին բծախնդիր հավասարաչափ քսելուն, ակամա թուքս կուլ եմ տալիս:

-Պապ, դու էլ… ասածիս մեջ հենց էդ բա՞ռը տեսար,- արդեն միջանքում բողոք ու ցուցադրական հոգոց:- Իսկ ոմանց բախտը գժական է բերում ծնողների հարցում:- Լոգարանի դուռը փակվում է հարկ եղածից ավելի բարձր շրխկոցով:

Ավետի ձեռքից վերցնում եմ միլիմետրի ճշգրտությամբ հավասար շերտով քսած կարագահացը, ախորժակով կծում և ի պատասխան նրա բավարարված ժպիտի՝ գնահատել եմ ջանքը, փաստում եմ.

-Գիտեի՝ միայն Նուշիկն է ինձնից բողոքավոր:

-Ինչի՞ց եզրակացրիր,- հաջորդ կտորի վրա է քսում կարագը:

-Նոր չասացի՞ր:

-Ընդամենը ֆիքսեցի… թե՞ նրա ասածը իրականությանը չի համապատասխանում:

Չեմ ուզում պատասխանել՝ սա ավելի շուտ օրվա ավարտի թեմա է: Լռությունս ընդունում է որպես համաձայնության նշան, ես սկզբունքորեն դեմ չեմ, ծամում ենք՝ ըմբոշխնելով ընտանեկան նախաճաշի կասկածելի հաշտ լռությունը: Նայում եմ Ավետի՝ օրեցօր նկատելի դարձող քունքերի սպիտակին ու ինձ հրահանգում մոտակա օրերին անպայման վարսավիրանոց գնալ՝ սպիտակող քունքերը ազնվացնում են տղամարդուն ու խղճահարություն առաջացնում կնոջ դեպքում: Խղճահարություն՝ լավագույն դեպքում,- վարչության մի երկու տիկնանց առումով եթե միայն չարախնդությամբ պրծնես՝ շնորհակալություն հայտնիր… չգիտեմ՝ ում: Ավետը հարցական նայում է՝ ուրեմն երկար եմ հայացքս պահել վրան…

-Պապ, գնանք մոլ, տոպը գնենք, հետո նստենք սրճարանում ու լոքշանանք,- Նուշիկը դռանը հենված՝ հայացքով հիպնոսացնում է հորը:

«Սատանի ճուտը ոնց է կարողանում իրավիճակը իրեն հարմարեցնել»,- մտքում հիացա ու՝

-Հրաշալի միտք է, կողմ եմ երկու ձեռքով,- նայեցի Ավետին՝ գնդակը քո դարպասի մոտ է:

-Մտածել է պետք,- Ավետը անշտապ վերցրեց գնդակն ու շպրտեց, բայց անորոշ ուղղությամբ:- Ե՞րբ ես գնում,- հարցրեց արդեն միջանցքից:

-Վաղը,- շտապով կեղտոտ ափսեները շարում եմ սպասք լվացող մեքենայի մեջ,- կեսօրին,- նայում եմ սեղանի մոտ նստած Նունուշին:- Արևս, այսօր իսկապես ժամանակ չեմ ունենա:

– Ըհը,- անորոշ քրթմնջում է աղջիկս ու ալարկոտ քչփորում ձվածեղը:- Նախ և առաջ՝ գործեր ու գործեր…

Հետո սկսվեց օրը՝ կարճ խորհրդակցություն, որի ընթացքում վարչության պետը հասցրեց ակնարկել քննարկվող նախագծի մութ կողմերի մասին, որը  չլսելու տրվեց ներկաների կողմից, բայց ես լավ գիտեի՝ հենց հասնեն աշխատասենյակները, մանրամասն ու հաճույքով կվերլուծեն ասվածն ու հերթական… այսօրվա բառն է՝ հերթական… ու հերթական գործարքի շարժիչ սև ուժ կնշանակեն ինձ:

«Բայց սպասիր,- հակառակվեցի ինքս ինձ,- նրանք ինչո՞վ են մեղավոր, մեղքը քոնն է, որ չես ասում՝ այ ոչ բարով կոլեգաներ, ես ընդամենը այդ նախագիծը հաստատողն եմ, դրա և երևացող, և չերևացող օգուտների տերերը ուրիշ տեղ են…»

-Դե ուրեմն, շարունակիր լռել ու խաղալ իրենց կանոններով,- կիսաձայն ասացի ու կողքանց բռնելով գործավարի հայացքը․- չէ, բան չկա,- հանգստացրի նրան,- ինքս ինձ եմ…- լռվեցի, ասեի՝ խոսում,- գժի հայտ կներկայացնեի…

-Հերիք է դուք ձեզ ուտեք, տիկին Էսթեր, ինձնից լավ գիտեք՝ նյարդային բջիջները չեն վերականգնվում…- ասված ՛՛ուտել՛՛ բայն ազատեց անցանկալի ճշգրտումից, բայց…

Բայց այնքան անսպասելի էր աղջկա ասածը, որ մեկ տարվա՞… մի քիչ ավելի, համատեղ աշխատանքի ընթացքում առաջին անգամ ուշադիր նայեցի նրան՝ ի՞նչ է մտածում, ու պարզվում է՝ մտածո՛ւմ է մեկը, ում համարել եմ ենթակա, հրաման կատարող՝ ընդամենը…

-Ներեցեք,- շփոթվեց ու շրջվեց՝ պատրաստ փախչելու:

-Նունե,- աղջիկը քարացավ,- նստիր:

Տեսնում էի, որքան դժվար է նրա համար վերադառնալ, աթոռը քաշելն ու նստելը: Ձայնիս հնարավորինս փափկություն տվեցի:

-Քննություններդ ե՞րբ են սկսվում:

Չի էլ թաքցնում զարմանքը.

-Հաջորդ շաբաթ…

-Այս շաբաթ աշխատանքի չգաս, կպատրաստվես… Քննություններիցդ տաս օր առաջ էլ կզուշացնես՝ էլի չես գա ու կպարապես,- ու չթողնելով, որ ուշքի գա,- Առաքելյանին կանչիր,- արդեն սեղանին դրված գրությունն եմ կարդում՝ հասցնելով բռնել նրա հայացքը՝ վաղուց այդքան զարմանք մի տեղում չէի տեսել:

Ընդմիջումին հինգ րոպե կար՝ աշխատասենյակ խուժեց Լուսինեն.

-Տիկին Էսթեր, բերեցի…

-Ի՞նչը,- ցրված հարցրի, մտքումս հաշվարկում էի՝ եթե կարողանամ ու հենց այս երեկո Նուշիկի հետ գնամ մոլ… ոնց ասա՞ց՝ լոքշանալու…

-Ձեր տոմսը,- Լուսինեն արդեն սեղանին է դրել երկնագույն-երկարավուն փաթեթը:

-Հա՜… շնորհակալ եմ,- առանց նայելու փաթեթը դրեցի պայուսակս:- Վաղը մինչև մեկնելս կհասցնե՞նք կազմել տնօրենների հանդիպումը ասենք…- օրացույցի վրա ազատ տեղ գտա,- հաջորդ ուրբաթ:

-Կհասցնենք,- իր մշտական պատրաստակամությամբ ասաց ու՝- ո՞նց թե՝ վաղը:

-Այսի՞նքն…- վերջապես նայեցի Լուսինեին:

-Դուք… այսօր չէ՞ ձեր ինքնաթիռը… ահա հրամանը…

Մինչև հրամանը վերցնելը վեր կացա տեղից, մոտեցա պատուհանին՝ ինչո՞ւ… Գուցե որ շփոթվածությունս տեսանելի չլինե՞ր…

-Այսօր՝ ե՞րբ…- ձայնս լարված չհնչեց. լավ է:

-18:40-ին… հինգ ժամ կա թռիչքին,- և արդեն՝ անթաքույց սարսափով:- Կհասցնե՞ք:

-Ուրեմն՝ տնօրեններին կհրավիրես ուրբաթ, օրվա երկրորդ կեսին,- մնում էր՝ պատասխանեի, երբ ինքս էլ վստահ չէի՝ կհասցնե՞մ:

Քառասուն րոպե անց հավաքում էի ճամպրուկը: Թե հավաքելու ի՞նչ կա՝ գործուղումային ոչ միայն հագուկապ, այլև կոսմետիկա ու ամեն տեսակի մանրուք պատրաստ ունեի. գործնական հանդիպման, բանկետի, մշակութային միջոցառման, քաղաքում զբոսնելու, շոփինգի (թե ժամանակ գտնեի) հագուստն ընտրված է մեկ սկզբունքով՝ չեն ճմրթվում, քիչ տեղ են զբաղեցնում: Եվ իհարկե, բարձրակրունկներս՝ կանացի, հարմար, իմ միակ թանկարժեք կոշիկները: Արդեն մեքենայում զանգեցի Ավետին, նրան կարծես չզարմացրեց անսպասելի մեկնումս: Երբ անջատեցի հեռախոսը, մտքիս ծայրով անցավ՝ ոնց որ թե ուրախացա՞վ, բայց չհասցրի կասկածս մարսել. մատներս Նուշիկի համարն էին հավաքում:

-Մամ, միայն դու կարող ես ելնել ու գնալ աշխարհի ծերը՝ երբ ասեն, ոնց որ լուծվող սուրճը՝ միշտ պատրաստ ես,- կարճ դադար:- Եթե հաջողացնես ու մի օր շուտ վերադառնաս՝ գուցե հասցնենք գնալ մոլ… Բարի ճանապարհ:

Հեգնո՞ւմ է… չէ, դժվար, թեև… ինչ իմանաս…

Հայելու մեջ ժպտում էր Արմանը:

-Չհասկացա, ոնց ստացվեց… պարզվում է, այսօր է թռիչքը…- միակ մարդը հիմնարկում, ում հետ կարող եմ կիսվել՝ վարորդն է:

-Ճիշտն ասած, երբ Լուսինեն ասաց…

-Ե՞րբ ասաց,- կոպիտ հնչեց, բայց եթե Լուսինեն պատմել է կատարվածի մասին, ձեռիցս չի պրծնի, մնում էր՝ վաղաժամ սկլերոզի ակնարկներ անեն…

-Մինչև ձեր մոտ մտնելը… ես ընդունարանում էի,- շփոթված իմ տոնից, շտապեց  պարզաբանել,- որ ասաց՝ մտածեցի՝ մի բան էն չի: Ախր էդ դեպքում միշտ ճամպրուկով եք գործի գալիս…

-Պարզվում է՝ կարող եմ մոռանալ… ավելի ճիշտ՝ սկսել եմ մոռանալ: Շուտ չէ՞,- հարցը մի քիչ կոկետ, մի թեթև էլ սարկազմով հնչեց:

-Դժվար,- հումորը չհասկացավ, թե չընդունեց Արմանը:- Բաժնում մի բան խառնած կլինեն… Դուք բան մոռանաք կամ շփոթե՞ք:- Հայելու մեջ լայն ժպտաց:-  Ձեզ դիմավորում եմ… 

-Կիրակի գիշեր…- հանեցի տոմսը, նայեցի թվերին,- 04:50 ժամանումն է:- Անփույթ շարժումով տոմսը դրեցի պայուսակն ու փակեցի աչքերս:

Վերջիններից մեկը մտա ինքնաթիռ, ու միայն երբ վահանակի վրա հանգավ կարմիր լույսն ու ուղևորներին թույլ տրվեց ազատ տեղաշարժվել, վիզս երկարացնելով նայեցի՝ մոտերքում պատվիրակությունից ծանոթ մեկը չէր երևում: Դե, որ սկզբունքորեն բիզնես կլասով չեմ թռչում, դրա համար էլ չզարմացա՝ հաստատ առջևի սրահում են, վայելում են բարձրակարգ թռիչքի հաճույքները: Դե ինչ, տարանցիկ հատվածում կհանդիպենք: Պայուսակից հանեցի զամշե ակնոցն ու բարձիկը, որը փչեցի, ամեն անգամվա պես վերապրելով մանկության սպասումը՝ ես ու եղբայրս հայրիկի բերած գույնզգույն փուչիկներն ենք փչում վաղվա շքերթի համար: Արտակը… ինձ ստիպեցի նրա մասին չմտածել: Բարձիկը հարմար տեղավորվեց՝ վզիս մշտական ցավոտ մզզոցը թուլացավ, ակնոցով փակվեցի աշխարհից: Երեք ժամ ոչ մի մտածմունք. ինքս ինձ հետ պայմանավորվեցի, խոստացա ամեն ինչի մասին մտածել վաղվա ու մնացած օրերի ճապաղ խորհրդակցությունների ու նիստերի ընթացքում ու քնեցի: Նախորդ գիշերվա անքնության նստվածքից ազատվելու միակ միջոցը…

-Ներեցեք, բայց…- գրանցող կինը շփոթված զննում էր տոմսը:

-Այո՞… խնդի՞ր կա,- հայացքս շրջելով կիսադատարկ սրահով ու ծանոթ դեմքեր չտեսնելով՝ մեքենայորեն հարցրի:

-Ձեր թռիչքը…

Ի՞նչ է կմկմում, ի՞նչ է գրված այդ գրողի տարած թղթի վրա, որ… 

-Ձեր թռիչքը վաղն է,- ասաց ու նայում է, հայացքն էլ… ծաղրո՞ւմ է, ինչ է:

-Տվեք տեսնեմ,- այդ երբվանի՞ց շարժումներս դարձան կտրուկ, պահանջկոտ, ձայնս՝ խիստ, պաշտոնական… մեկ տարի էլ չպահանջվեց: Կողքից նայես՝ անսխալական պաշտոնյա տիկին կամ բիզնես վումեն՝ լավագույն դեպքում: Շարունակելով ինքնակերվել, նախ զննեցի տոմսը, ստուգելով հասա հարկավոր տողին… Հազիվ զսպեցի, որ հիշոցս բարձր չհնչի: Ու միանգամից հստակվեց, թե ինչու ոչ Զվարթնոցում, ոչ ինքնաթիռում պատվիրակության անդամներից գոնե մեկին չհանդիպեցի ու հիմա էլ սրահում նրանց չեմ տեսնում… Կողքանց հայացքով նկատեցի, որ ետևում սպասող կա, ժպտացի արդեն կարեկցանքով նայող աշխատողին, դա քիչ թվաց՝ լայն ժպտացի, պատասխան ժպիտն ստացա նրանից ու շրջվեցի սպասողի կողմը:- Խնդրեմ:

«Դե, Լուսիկ աղջիկ, դու նույնիսկ չեմ պատկերացնում, թե քեզ ինչ է սպասվում… Մի ամբողջ օր, գրողը տանի, ինչքան բան կհասցնեի… Լավ, ասենք՝ դրանք բաժնով դեբիլ են, բա դո՞ւ… Բա մի հատ չնայեի՞ր… Հեռախոսիս մեջ դեսպանատան համարները… ըհը, զանգեմ, թող գան… ընթացքում կկողմնորոշվենք… Բայց դու էլ պակասը չես, Էսթեր աղջիկ, կարող էիր ստուգել՝ ինչ են խցկել բուռդ: Կարող էի, բայց այնքան անսպասելի եղավ ամեն ինչ, հետո մի մոռանա, թե քեզ ոնց կորցրիր, էլ ո՜նց կլինի՝ ծերությունն է թակում դուռդ, սկսել ես օրերը խառնել, անլիարժեքության բարդույթը քնած տեղից ելավ ու կերավ քեզ… Եղած-չեղածն էլ՝ քառասուներկու տարեկան ես, բա որ հիսունին հասնես, ինչ ես անելու… Արդեն անում ես՝ քիչ մնաց՝ խեղճ տղային պատին տաս, բայց նա փորձված վարորդ է, կարողացավ կոպիտ քծնանքով մի թեթև փոխհատուցել կասկածներդ… Օրդ էլ ոնց սկսեցի՞ր՝ առաջ տեղից թռչում էի, հիմա՝ սողում… առաջ պարում էի, հիմա՝ յա՛խկ, կասեր Նուշիկն ու ճիշտ կաներ… Լավ, մի անկյուն քաշվիր ու կենտրոնացիր: Ուրեմն ասում ես՝ զանգ դեսպանատո՞ւն:  Կգան, կդիմավորեն, հետո՞… եթե Լիլիթը դեռ այնտեղ է՝ հետաքրքիր երեկոն ապահովված է… Մի լավ կթուլանանք, հետն էլ լիուլի կբամբասենք, նորություններով կփոխանակվենք՝ ով, ում, երբ ու ինչի համար… Խանգարում էի անցուդարձին, մոտեցա ազատ նստարանին: Չէ, ավելի լավ է, զանգեմ Նարինեին, հարազատ զարմուհիս է, քանի տարի է՝ հեռախոսով ենք շփվում, էն էլ՝ դեպքից դեպք… Հասցեն ճշտեմ, ճանապարհին խանութ մտնեմ… Կնստենք ամբողջ գիշեր… կամ գոնե գիշերվա մի մասը, կհիշենք անցած օրերը, այնքան բան կա հիշելու…»։

-Տաքսի պե՞տք է,- հարցնող կինը միջինասիացի է, կոտրված ռուսերենով ու շատ գործնական ձայնով:

-Չէ, շնորհակալ եմ,- չկարողացա չհարցնել,- դո՞ւք եք տաքսիստը,- տես, է, առաջընթացը ուր է հասել…

-Հավաքարար եմ էստեղ,- կասկածս փարատեց,- բայց կարող եմ վստահելի տղերքին ասել,- հայացքով տնտղեց:- Իսկ դու զգույշ…- ու գնաց՝ տպավորիչ հետույքը ջինսի մեջ տեղավորած:

Զայրույթս որ իջած լիներ, հաստատ ծիծաղից թուլացել էի: Սկսեցի հավաքել Նարինեի համարը… ձեռքս մնաց օդում…

Չեմ ուզում: Ոչ մի տեղ գնալ, ոչ մեկի հետ խոսել չեմ ուզում: Շուրջս նայեցի ու ասես առաջին անգամ տեսա սպասասրահը: Իսկ հետո անվավոր ճամպրուկն առաջ գցած քայլում էի ու ամեն քայլի հետ անսովոր թեթևությունը ավելի էր պատում ինձ՝ քիչ առաջվա  անհանգստությունս ու կատաղությունս գրողի ծոցն ուղարկելով: Ես քսանչորս ժամ ազատ եմ, մենակ, մարդկանցով շրջապատված, որոնք ինձ չեն ճանաչում ու հեչ պետքս էլ չի, որ ես նրանց ճանաչեմ… Ու ոչ մի տեղ էլ չեմ գնա, կմնամ այստեղ, հա, հենց սպասասրահում, չգիտեմ, այսքան ժամերը ոնց կանցկացնեմ, բայց որ այսպես եմ ուզում… Ավելի ճիշտ՝ չգիտեմ ինչ եմ ուզում, ու սա կայֆ է…

Գիշերվա երկուսն էր: Սպասասրահում մարդկային հոսքը աննկատ, բայց նոսրացել էր: Հատակից առաստաղ ձգվող հսկայական պատուհաններից երևում էին թռիչքուղիները և նրանց վրա վայրէջք կատարող կամ օդ բարձրացող ինքնաթիռները: Կողքի նստարանին հարմարեցրի ճամպրուկն ու պայուսակը, նստեցի: Նայելով իջնող-բարձրացող ինքնաթիռների թարթող լույսերին, փորձում էի հասկանալ՝ ինչ եմ անում այստեղ… ինչ է արածս… փախուստ է, ինչ է, կամ ումից եմ փախչում… Ուշացած հիշեցի, որ վայրէջքից հետո կարճ հաղորդագրություն եմ ուղարկել Ավետին՝ ամեն ինչ նորմալ է, որից հետո չեմ էլ հիշել, ու պետք է զանգեմ: Պայուսակից հանեցի հեռախոսը, էկրանի ժամացույցը սթափեցրեց՝ տնեցիք քնած կլինեն: Թեթևություն զգացի՝ չեմ զանգի, որ չարթնացնեմ, ու հետո գիշերային զանգի մեջ տագնապալի բան կա, թող քնեն… Չէ, ինչ-որ բան է կատարվում ինձ հետ: Ի՞նչ: Դե հերիք պահմտոցի խաղաս,- արթնացավ էն մեկը,- դժվա՞ր է ասել, որ օդանավակայանի ճանապարհին արված անսպասելի զանգերն են պատճառը: Հա, հենց դրանք. Նուշի համարյա անտարբեր զարմանքը, նաև շատ կասկածելի գովեստը: Իսկ Ավետը… անգամ չհարցրեց՝ ինչո՞ւ է փոխվել ծրագիրը, կամ պարզապես անհանգստանար՝ հասցրի՞ր ճամպրուկը վերցնել, չե՞ս ուշանա ինքնաթիռից: Բայց դրանք մանրուք են, որովհետև նստվածքը նրա խոսելու տոնից մնաց՝ տհաճ կասկածի շաղախով. իրո՞ք ուրախացավ իմ շտապ մեկնումից, թե՞ արդեն նյարդերս են սկսել տեղի տալ…

-Կարելի՞ է… ներեցեք, որ անհանգստացնում եմ, բայց ուրիշ ազատ տեղ չկա,- ձայնի մեջ միայն խնդրանք ու ներողություն է՝ ինչի՞ համար:

Դիմացս կանգնած կինը հայացքով ցույց է տալիս կողքի նստարանը… ախ, հա, ճամպրուկս ու ուղեպայուսակս… Ճամպրուկը դրեցի հատակին, պայուսակը հարմարեցրի կողքիս, փակեցի աչքերս: Զգացողությունը, որ ես եմ ու ինքնաթիռները, որոնց անսլելի հռնդյունի տակ լավ էլ ընթանում էր ինքնազննում-ինքնակերությանս հերթական սենասը՝ ցնդեց: Փակ աչքերով գուշակում էի կողքինիս շարժումները՝  նստեց, քթիս քրտնքի թեթև ալիք հասավ… տեղից ելավ, կարծես թե տեղավորում է  կտորե պայուսակը՝ փորձում է խցկել նստարանի տակ… ապակենման ինչ-որ առարկայի խուլ զնգոց լսվեց… ինչ-որ խշխշացող իրեր է դարսում,  տուփ թե արկղիկ ընկավ, մի քանի րոպե դրան նվիրվեց… լռություն: Կինը վերջապես նստեց, խոր շունչ քաշեց թե հոգոց հանեց, մի քանի անգամ տեղում շարժվեց՝ հարմարվեց… ՛՛Մի քիչ նստեմ, հետո կարելի է վեր կենալ ու գնալ, ավելի հանգիստ տեղ գտնել՛՛,- որոշեցի ու բացեցի աչքերս: Կինը աջ ձեռքը կզակին հենած զննում էր ինձ: Հայացքիցս չշփոթվեց, շարունակեց նայել, զննումին ավելացնելով ժպիտը:

-Գիտեմ, որ քնած չէիք, բայց ձեր կոպերը չէին թրթռում…

-Եվ ի՞նչ…

-Ես էդպես չեմ կարող:

Կճատ քիթ, բաց, ցորնագույն մազեր, երկնագույն աչքեր ու բաց շագանակագույն հոնքեր: Կոսմետիկայի ոչ մի հետք, հագուստը՝ միջին վիճակագրական, կոշիկները՝ նախորդ դարի…

-Ինչո՞ւ չեք կարող:

-Հենց աչքերս փակում եմ՝ քնում եմ, ու կքնեմ, մինչև չարթնացնեն:

-Սիրո՞ւմ եք քնել:

-Չէ, շատ եմ հոգնում՝ բանջարանոց, տնտեսություն, հավ ու ճագար…

Ձեռքս, որ մեկնվել էր ճամպրուկին,- տեղս փոխելու ժամանակն էր,- ետ եկավ:

-Հավ ու ճագար,- կրկնեցի,- քիչ չէ:

-Դեռ մայր խոզն ու գոճիները, երեք էծ ունենք՝ բոլորին արժեն,- ժպտաց,- կամակոր են, բայց դրանց պանիրը… Ալյոնաս շատ է սիրում, ո՞նց չբերեի, իսկ նա ասում է՝ մամ, մյուս անգամ չբերես, հոտը սենյակն է բռնում… Ալյոնաս ապագա անասնաբույժ է, էստեղ ուսանող է, ասում է՝ կգամ, մեր Յալգուբայում սրտիս ուզածին չափ կուտեմ էդ պանիրը, բայց մյուս անգամ չբերես:

  • Յալգուբա՞,- ոտքս ոտքիս գցեցի՝ խոսակցությունը կարծես թե հետաքրքիր է լինելու:

-Մեր գյուղն է, Օնեգայի ափին:

-Օնեգա լի՞ճը,- այդ հեռավոր ու անհասանելի լճի մասին որտեղի՞ց գիտեմ՝ գրքից թե ֆիլմից, կարևոր չէ, բայց հիմա իմ կողքին հայտնված կինը հենց այդ լճի ափի՞ն է ապրում…

-Ըհը, Օնեգայի, բայց սկզբում Պետրոզավոդսկ եմ թռչելու… արդեն տանը պիտի լինի, բայց էնտեղ չի ընդունում: Ասացին՝ մառախուղ է: Իսկ դո՞ւք…

-Գործուղում… Կարևոր չէ: Ասում եք՝ Օնեգայի ափի՞ն, այդքան մո՞տ… պատկերացնում եմ՝ ինչ գեղեցկություն է,- խոսակցությունն իմ նախընտրած հունն ուղղեցի:

-Մեր պատշգամբից լիճը՝ ոնց որ ափիդ մեջ,- ասաց, կարճ, բայց զննող հայացք նետեց, երևի իր համար ինչ-որ բան պարզեց ու լրիվ այլ՝ մտերի՞մ տոնով շարունակեց:- Գեղեցկություն է՝ ասելու չի… Դե, մենք հյուսիսցի ենք, բնությունը խիստ է, բայց լիճը տարվա բոլոր եղանակներին… ինչ եմ ասում, ամեն օր ուրիշ է…- Դադար տվեց, ճակատը կնճռոտեց, բութ մատը տարավ բերանը, մտացիր կրծոտեց եղունգը:- Բայց որ գեղեցկության մասին հարցրիր՝ ասես քո ասելուց հետո նոր տեսա, զգացի նրա գեղեցկությունը… Լի օրերին ժամանակ չկա շուրջդ նայես՝ տուն, երեխեք, տնտեսություն…

-Իսկ անտառ կա՞,- զարմացած զգացի, որ այս կինն իր անպաճույճ պատմությունով մի կողմ է քշել քիչ առաջվա մտքերս:

-Բա ո՞նց… Անտառ էլ կա, սունկ ու հապալաս, ձուկն էլ՝ քթիդ տակ, միայն հասցրու, էդ բոլորից ձմեռվա պաշար սարքիր: Տանն ով կա,- այնպես սահուն  ու առանց հարցականի անցավ հարցին՝ ակամա շուրջս նայեցի:- Ձեր տնեցիքի մասին եմ հարցնում:

-Ամուսինս, աղջիկս:

-Իսկ մենք հինգն ունենք՝ չորս տղա ու Ալյոնաս: Մեծս շուտով մեզ պապ ու տատ կդարձնի, տա Աստված,- արագ խաչակնքեց,- մյուս երեքն էլ արդեն ճամփին են… միայն հասցրու՝ ոտքի կանգնեն: Էլ չեմ ասում, որ մեր ճաշի կաթսան՝ ըհը…- լայն տարածած ձեռքերին նայեց, ժպտաց:- Ասացի ու սովածացա:- Պայուսակներից մեկը բացեց, նայեց, ինչ-որ բաներ տեղից տեղ փոխեց ու,- քիչ հետո… հավեսս փախավ: Սկզբում մտածեցի՝ ֆրանսուհի եք, ինձուինձ ասացի՝ հարցիս որ չպատասխանի, կշրջվեմ ու կգնամ, բայց դուք… Որտեղի՞ց եք:

-Հայաստանից:

-Հա՜,- ձգեց անորոշ, պարզ է՝ դիմացինիս իմացությունը երկրիս մասին մինիմալ է:- Դպրոցում աշխարհագրությունից լավ չեմ եղել…- մեղավոր նայեց:

-Ձմռանը լիճը սառչո՞ւմ է,- վերադարձա նրա հարազատ տիրույթը:

-Բա ոնց,- աշխուժացավ, դեմքին երազկոտ ժպիտը ծաղկեց:- Դիմացի ափը գնա-արի ուզածիդ չափ: Սահնակով, իհարկե, փաթաթվում ես ոչխարենու մուշտակի մեջ ու… ձյան շերտի տակ հայելի սառույցն է, սլացիր որքան հոգիդ կպահանջի: Բայց քամի է, ոսկորներդ կմտնի… էլ չեմ ասում դեմքիդ մասին՝ սառնամանիքից կարմրում, եփ է գալիս…- Լռեց, ու երբ մտածեցի, որ ասելիքն ավարտեց՝- մի բան եմ ուզում հարցնել, միայն թե չբարկանաք:

-Մտքովս չի անցնի,- կարողացա ցույց չտալ զարմանքը:

-Քանի՞ տարեկան եք:

-Քառասուներկու,- վերջին անգամ ե՞րբ են տարիքս հարցրել՝ չեմ էլ հիշի, թեև… քիչ առաջ ինքս հիշեցի:

-Ես՝ քառասունմեկ… աշնանը կլրանա:- Ձեռքը հենեց կզակին ու նորից զննում է՝ չեմ կարողանում վերծանել հայացքը:- Կողքից նայողը կմտածի՝ մեր ու աղջիկ ենք: Աղջիկը դուք եք:

Հասկացա՝ հիմա սխալվելու իրավունք չունեմ:

-Սուրճ չխմե՞նք,- չարաճճի ճմլկոտեցի:- Անունս Էսթեր է:

-Մարիա:

-Գնացինք:

-Ո՞ւր:

-Սրճարան:

-Մոտս ուտելիք կա, Ալյոնաս դիմացի հացաբուլկեղենից կարկանդակներ է հետս դրել…

-Մոսկովյան թխվածքով տնեցիներին կհյուրասիրեք,- չնկատելու տալով նրա շփոթությունը, տեղից բարձրացա, դուրս քաշեցի ճամպրուկիս բռնակը:- Մի ժամ խոսելուց հետո ծանոթանալը պիտի նշանավորենք սրճային բուդերշաֆտով,- ու բռնելով վերջնականապես շփոթված Մարիայի հայացքը՝ պարզաբանեցի:- Սուրճի բաժակները իրար կխփենք ու… Ես եմ հյուրասիրում, ու մտքներովդ չանցնի հրաժարվել:

-Բաժակները իրար խփելուց հետո՝ ի՞նչ…- պայուսակը դժվարությամբ նստարանի տակից դուրս քաշելով՝ հարցրեց Մարիան:

-Կհամբուրվենք,- ու տեղում անշարժացած Մարիային առաջ մղելով՝- Եթե բանը շամպայնին հասնի:

-Մի քանի օր էլ Մոսկվայում մնայի՝ խլանալու էի: Հա, չծիծաղեք, օրվա քսանչորս ժամը աղմուկ է, ձայներ, խոսակցություններ, բա մեքենաները… Աղջկաս հանրակացարանը էնպես չէ, որ կենտրոնում է, բայց գոնե գիշերը, էն ամենախոր ժամին լռություն լինի… Ուր է թե… Ափսոս չէ՞ մեզ մոտ՝ աչքդ բացում ես՝ մութն ու լույսը չեն տարբերվում, շուրջդ լռություն է՝ սրտիդ զարկերը կլսես: Բայց երբ հագնվում, դուրս եմ գալիս՝ մեր աքլորն արդեն ձենը գլուխն է գցել: Ձայնավոր է՝ ասելու չէ: Հունիսը շատ եմ սիրում, ամառն ընդհանրապես սիրում եմ՝ տեղիցդ ելնում, թեթև շորը գցում ես վրադ ու ոտաբոբիկ դուրս ես գալիս բակ, իսկ էնտեղ ցողն արդեն կապել է խոտ ու կանաչին՝ հավեսի սարսռում ես սառնությունից: Բա որ սկսում են թռչունները երգել… Դրանց գիտակը չեմ, բայց ճնճղուկին երաշտահավից կտարբերեմ…

Մարիայի պես կզակս ափիս հենած՝ համակ լսողություն եմ դարձել: Իսկ Մարիան կաթնաշոռի բլիթից պոկում է հերթական կտորը, թաթախում թթվասերի մեջ այնպիսի նրբագեղությամբ, որ անտեսված դանակ-պատառաքաղը ընդունել են իրենց պարտությունը: Ծամում է դանդաղ, ամեն պատառից հետո ձեռքը խնամքով մաքրում է անձեռոցիկով ու ՛՛անցնում՛՛ հաջորդ պատառին:

-Ալյոնայս էլ սրճարան տարավ… կիրակի օր էր, Արբատով ման եկանք, ես աչքս շենքերից չէի կարողանում կտրել, Ալյոնաս… ցուցափեղկերին էր կպած, մի պստիկ բլուզ ցույց տվեց, թե՝ հիսուն դոլար է… կոշիկ էլ տեսա՝ մի քանի հարյուր դոլար… լավ չեմ հիշում գինը… Հասկանում եմ, ջահել է, հագնվել է ուզում, իսկ Մոսկվան… շատ պահանջկոտ քաղաք է… Աղջիկս լավն է, բոյը, կազմվածքը… ես ու հերը լավ ենք ջանացել,- ամաչկոտ ծիծաղեց,- մեր գյուղում էդպես կասեին: Բայց հագուկապը…- բլիթի հերթական կտորը մնաց օդում՝ մտքերի մեջ ընկավ:

Վախենում եմ անզգույշ շարժում անել. հանկարծ ու Մարիան կիսատ թողնի, չշարունակի…

-Իմ Եգորը աշխատել գիտի, ձեռքի ամեն մի մատը մի արհեստ է, կոպեկը տուն է բերում, փառք Աստծու, ապրում ենք, ուրիշներից էլ վատ չենք ապրում: Բայց… Ամեն ամիս աղջկաս հազար, երկու հազար ռուբլի, նայած ժամանակ, ուղարկում ենք, հեռվից մտածում էի՝ թոշակն էլ հետը մարդավայել կապրի, կսովորի… Բայց եկա էստեղ ու հասկացա, որ…- ձեռքը թափ տվեց, ափսեն հրեց մի կղմ:- Կներեք, լեզվիս եմ տալիս, դուք էլ ստիպված լսում եք փնթփնթոցս… Չէ,- կանխեց առարկությունս,- ես կյանքում շատ ուրախ մարդ եմ՝ գործ անելիս անպայման պիտի քթիս տակ դնդամ: Իսկ որ անտառ եմ գնում, խորանում, էնտեղ մի բացատ կա՝ մորին՝ ծով… այ, էդտեղ ձենս գլուխս եմ գցում  ու երգում եմ… Տղայիս հարսանիքին ամենաշատ պարողը ես էի…- Եվ անմիջապես՝- մի քիչ էլ ձեզանից պատմեք:

-Պատմեմ… ի՞նչ պատմեմ:

-Հաստատ պաշտոնավոր եք… մարդկանց եք կառավարում…

-Դե ոչ… մի տարի առաջ դասախոս էի… տնտեսագետ եմ, գիտությունների թեկնածու…

-Այ թե դուք…- Մարիան չէր թաքցնում հիացմունքը,- ախր հենց սկզբից հասկացա, որ սովորական չեք:

-Չէ, սպասիր, հարցը դա չէ,- չզգացի՝ ինչպես անցա դու-ի:- Առաջարկեցին մի ահռելի նախագծի կառավարում: Համաձայնվեցի:

-Չվախեցա՞ր,- Մարիան էլ անցավ դու-ի:

-Չէ… դա վախ չէր, ավելի շատ՝ պատասխանատվության սարսափ: Սկզբում, ամեն անգամ փաստաթղթի տակ ստորագրելուց հետո գիշերվա կեսը ինձ ուտում էի… Հետո սովորական դարձավ:

-Մարդդ…- Մարիան նայում է անթարթ:

-Մարդս… մտնում է դրությանս մեջ… ինքդ ես հասկանում…

-Հասկանում եմ, ըհը, ելել գնում ես՝ աշխարհի ծերը, օրերով կբացակայես… ու չի՞ խանդում:

-Ի՞նչ,- իսկապես չհասկացա հարցը:

-Է հա… Չորով խանդի… Քսանհինգ տարվա մեջ առաջին անգամ մենակ ճամփա պիտի գնայի, մինչև համաձայնվեց՝ քթիցս ջուր էր, որ հանեց: Ասում եմ՝ այ հոգեառ, հարազատ աղջկադ մոտ եմ գնում, ի՞նչ պիտի անեմ որ… Ասում է՝ մնում է՝ անեիր… Ճանապարհից առաջ քաշեց հաշտը, մի խոսքով… ոնց որ նոր պսակված լինեինք,- ամոթխած ժպիտին հեչ համահունչ չէր աչքերի փայլը:- Էսօր էլ, լույսը չբացված զանգեց, բոլորիս տեղից հանեց, թե՝ սպասում եմ… Ախր, որ Պետրոզավոդսկ հասնեմ, դեռ երեսուն կիլոմետր էլ ճամփա ունեմ գնալու: Ավտոբուսը մեկ էլ տեսար՝ ուշացավ: Գալու է դիմավորի: Իսկ հիմա, փաստորեն, ինքնաթիռն է ուշանում… Ալյոնաս զանգեց հորը, զգուշացրեց, որ թռիչքը հետաձգվում է երեք ժամով, բայց հետո հաղորդեցին՝ մինչև ժամը վեցը: Վախենամ՝ եղանակային պայմանների պատճառով քաշելիք ունենամ… Հիմա իրեն պատեպատ է տալիս,- ձայնի մեջ անհանգստություն կար ու կարծես… պարծենկոտություն…- Վայ, էլի խոսքը ձեռիցդ առա ու չեմ թողնում՝ պատասխանես:

-Մարիա, աչքս կպցնեմ՝ հիսունս կխփի, ի՞նչ խանդի մասին է խոսքը:

-Չէ-է,- Մարիան անհողդողդ էր,- հենց քեզ պես կնոջը, հա, կնոջը, ոչ թե կնկան պիտի խանդեն՝ ախր ոտից գլուխ էնքան խնամված, էնքան մաքուր ու կոկլիկ ես…

Վաղուց այդքան բարձր չէի ծիծաղել, զգացի՝ գիշերային սրճարանի լռության մեջ զրնգում էր ծիծաղս: Կտրուկ լռեցի:

-Ինչո՞ւ լռեցիր,- կարծես նեղացավ Մարիան,- էստեղ էլ հո ենթականերդ չկան, որ քեզ շրջանակի մեջ պահես:

Օհո՜, այ անսպասելի անցում. զգաստացա՝ շատ չտրվեցի՞ այս գեղջկուհու անկեղծությանը, իսկ գուցե՝ թվացյա՞լ անկեղծությանը…

-Մեր քավորկինն էլ պաշտոնավոր է՝ համայքնի ղեկավարն է, միշտ ձգված, միշտ բռունցքները՝ ըհը,- առաջ պարզեց բռունցքված ձեռքը,- բա ո՞նց, մեր հարբեցողների հետ մի րոպե թույլ խոսեցիր՝ քսանչորս ժամ օյաղ չես գտնի… Հյուր էլ որ գալիս է՝ նստում է իր ձևի մեջ, ոչ կերածից է հաճույք զգում, ոչ խմածից… Արևիկս, էնպես եմ քեզ հասկանում,- բռունցքված ձեռքը բացվեց, երկարեց ու շոյեց ձեռքս:- Գիտե՞ս, միշտ մտածել եմ… դե, հեռուստացույցով մեկ էլ տեսար ցույց են տալիս… քեզ պես կանանց: Նայել եմ ու մտածել, աստված իմ, տեսնես սրանք ի՞նչ խմորից են հունցած, որ կարողացել են տղամարդկանց, էդ ինքնահավան, իրենց բաժինը երբեք բաց չթողնող էծերին մի կողմ քշել ու դրանց տեղը գրավել… Ու հիմա, ըհը, մեկը նրանցից նստել է ինձ հետ, սուրճ է խմում ու հրեշտակի համբերությամբ լսում շաղակրատանքս… Աղջիկդ ում է նման:

-Երևի հորը,- Մարիայի անսպասելի շրջադարձերին ու առանց հարցական հարցերին արդեն սովոր՝ հիշեցի դռանը հենված Նուշիկին՝ տեր աստված, ինչպես չեմ նկատել, որ հասուն օրիորդ է արդեն… հա, տասնհինգ դեռ չկա, բայց էս դարում ոմանք այդ տարիքում արդեն ուրիշ կյանքով են ապրում… Իսկ Նուշիկը… Ի՞նչ գիտեմ նրա մասին, չհաշված նրա օրվա ընթացքը՝ դպրոց, պարապմունք, լող, շաբաթվա վերջ՝ ընկերուհիների հետ կինո կամ թատրոն… Էսթեր, դու կարո՞ղ ես ասել, թե ինչպես ու ինչ է ապրում աղջիկդ քեզնից հեռու… հենց դպրոցում, դասամիջոցներին, լողավազան գնալու ճանապարհին… դու նույնիսկ չգիտես՝ նրա առաջին սերը դեռ չկա՞, թե՞ արդեն անցյալ է…

-Էսթեր,- Մարիան նայում էր՝ կզակը ափին հենած,- Էսթերը հայկական անուն է:

-Եբրայական,- ձգվող լռությանս անհարմարությունը պարտակող Մարիայի նրբանկատությունից անսպասելի ջերմություն զգացի նրա նկատմամբ:- Տատիս անունը Եղիսաբեթ էր: Ես մեր գերդաստանի առաջին թոռն էի լինելու: Եթե տղա լինեի՝ պապիս անունը պիտի դնեին:

-Ե-խի-սաբե՞տ,- դժվարությամբ ռուսերենով կրկնեց Մարիան:

-Ըհը, բայց տատս, որ չի սիրել իր անունն ու ամբողջ կյանքում նեղվել է, ընտանեկան հերթական հավաքույթներից մեկի ժամանակ հայտարարել է, որ չի ուզում՝ իր ապագա թոռնուհին էլ այդ անունն ունենա: Ասեմ, որ նրա կողմից դա շատ մեծահոգի քայլ էր, ինձ էլ այդ անունը դուր չի գալիս: Հայրս էլ իր հերթին մեծահոգի ժեստ է անում՝ անունս դնելով Եսթեր՝ Եղիսաբեթին հիշեցնող: Երբ մի քիչ մեծացա, ես էլ իմ հերթին ստիպեցի, որ բոլորն ասեն Էսթեր:

-Իսկ ի՞նչ է նշանակում: Հենց էնպես չեմ հարցնում, անունների գաղտնիքը ինձ միշտ է հետաքրքրել:

-Ի՞նչ,- անակնկալի եկա՝ երբևէ մտքովս չէր անցել ստուգաբանել անունս: Հանեցի հեռախոսը, մատներս վարժ ու սովոր գործողությունն էին անում, ինքը հայացքը չէր կտրում էկրանի վրա շարժվող մատներիցս:- Մարիա, դու հրաշք ես, գիտե՞ս ինչու ես հրաշք:

-Որ ասես, կիմանամ ու տնեցիքին էլ կասեմ,- ծիծաղեց առաջին անգամ:

-Որովհետև ոչ մեկն այդ հարցը ինձ չի տվել, ավելին ասեմ՝ ինքս էլ չեմ հետաքրքրվել…- իսկ տեղեկություններն արդեն մեկը մեկին էին հաջորդում: Չգիտեմ էլ ինչու, կարդում եմ հանդիսավոր շեշտով:- Եսթեր՝ տատիս անունը, Էսթեր՝ իմ ուզածը, էլ ի՞նչ է պետք… բայց պարզվում է…- Նայեցի Մարիային,- միայն իմանաս… Մի տարբերակով՝ ծածկամիտ: Մյուսը… ահա, ասում է՝ աստղ՝ ո՞ւմ մտքով կանցներ: Երրորդն էլ կա,- աչքերով կարդացի, որոշեցի:- Սա՝ հեչ…- անջատեցի հեռախոսը, թափով դատարկեցի հանքային ջրի բաժակը:- Ո՞նց է քեզ համար:

-Տատդ իմաստուն կին է եղել, հայրդ էլ պակասը չի եղել…

-Այսի՞նքն…

-Դու գտել ես քո անունը:

-Ծածկամիտ ա՞ստղ:

-Աստղ, որ ստիպված է ծածկամիտ լինել:

Տես, է՛, այս անգամ էր անակնկալի բերեց. հանդարտ խոխոջում է առվակի պես ու մեկ էլ՝ իններորդ ալիք թափում գլխիդ…

-Դե, Մարիան բացատրության կարիք չունի՝ քրիստոնեական ավանդույթով տիրուհի է, այդպես չէ՞,- ասածս նրան դիմադարձելու խղճուկ փորձ էր, ոչ ավելին:

-Ու դու կարծում ես, ես գտել եմ իմ անունը,- այս կնոջ անհարցական հարցերը ում ասես հունից կհանեն:

-Խիղճ ունեցիր, Մարիա, խանդոտ ամուսին, հինգ հրաշալի զավակներ…

-Իսկ ես ծառա եմ՝ ամենասովորական, տնային աղախին…- Մարիայի աչքերը վտանգավոր խոնավությամբ փայլեցին:- Գիտես, ինչ եմ երազում… լինի մի գիշեր, որ քնելուց առաջ հաշիվ չանեմ՝ տանը ինչքան փող կա ու վաղը ինչքան կարող եմ ծախսել… Կամ ձմեռվա փայտը կհերիքի, թե էլի պիտի առնենք՝ տղաներից մեկի ձմեռային բաճկոնի հաշվին: Միայն վերջերս հասկացա, որ իմ բաժին կյանքը սա է… Դրանից առաջ ինձ հույս էի տալիս, որ մի օր ամեն ինչ կփոխվի, ու տեղներս կթեթևանա, ու էդ հույսը ինձ անընդհատ առաջ էր մղում, իզուր դեսուդեն էի ինձ գցում, մարդուս էի նեղում, ես էի նեղվում… Իսկ որ հասկացա՝ մի ուրիշ տեսակի թեթևություն իջավ վրաս՝ Տիրոջ կամքով սա է իմ բաժին կյանքը, պիտի ապրեմ առանց իմ, ու հատկապես իմ խեղճուկրակ մարդու կյանքն ուտելով:- Սուրճի բաժակը բարձրացրեց, զննեց բոլոր կողմերից,- Էստեղ ամեն ինչն է տեղը տեղին… անգամ բաժակը: Էս կյանքն էլ Տիրոջ կամքով է, բայց մերը չէ,- բաժակը դրեց տեղը:- Իսկ աղջիկդ ավելի շատ հոր հետ է կապված, չէ՞… կարող ես չպատասխանել՝ կյանքի բանն է: Տղա ունենայիր՝ կիմանայիր, որ ինքն էլ քո բաժինն է…- Ընկավ մտքերի մեջ, դադարը երկարեց, հետո, ասես քնից արթնացավ:- Հիմա մտքումս մի բան է՝ ոնց անեմ, փող ետ գցեմ… Ալյոնաս անպայման էդ բլուզից պիտի ունենա:

Պատուհանից այն կողմ դանդաղ պարզաջրվում էր մուգ կապտավուն խավարը, լուսաբացն աննկատ մոտենում էր երկնակամարին… Մենք հետևում էինք թռիչքուղիներին իջնող ու բարձրացող ինքնաթիռներին, իսկ էլեկտրոնային հաղորդավարը ավելի հաճախ էր խախտում սպասասրահի քնկոտ լռությունը: Հետաձգված չվերթերը արագացված ռիթմով հայտարարվում էին, ուղևորների քնատ-շտապող հոսքը ձգվում էր դեպի գեյթերը: Ես ու Մարիան հիմա ավելի շատ լռում էինք, թեև ասելու բան կար՝ երկուսն էլ դա գիտեինք: Երբեմն հայացքներ էինք փոխանակում, երբ անցնողներից մեկն առանձնանում էր ինչ-որ բանով, և այդ տարբերությունը մնացածերից երկուսս էլ զգում էինք միաժամանակ ու միանման: Աննկատ նայեցի՝ Մարիան, հայացքը մի կետի, մտքում ինչ-որ բան է որոշում կամ հաշվում՝ շուրթերը շարժվում են… իսկ գուցե աղոթում է:

-Մարիա, աստծուն հավատո՞ւմ ես:

-Առանց հավատի ոնց կապրես… Ժամանակին մեր բոլոր եկեղեցիները քանդեցին… Բայց հավատը չես քանդի… Աղոթք չգիտեմ, բայց որ մտնում եմ եկեղեցի՝ մի քանի տարի առաջ են կառուցել, էնտեղ Աստծու հետ զրուցել կարողանում եմ: Իսկ դո՞ւ…

-Հավատում եմ, բայց հետը ավելի շատ վիճում եմ:

-Էդպես մի բան պիտի ասեիր, թե ինչի չեմ զարմանում,- խորամանկ ժպտաց:- Ինձ որ հարցնես՝ մարդ ինչքան շատ է ապահովված, էնքան քիչ է Աստծու հետ հաշվի նստում:

«Էհ, Մարիա, Մարիա, քեզ համար ես ոչ միայն ապահովված եմ, այլև փողի մեջ լող եմ տալիս: Ու ես հակառակը չեմ համոզի: Ինչո՞ւ… որովհետև դա է եղել իմ ուզածը, ամբողջ կյանքս դա է եղել, ամեն մի դրամը հաշվի մեջ է եղել, խնայել եմ՝ ինքս էլ զարմանալով այդքան գծուծ լինելու համար, բայց որ տեղը եկել է՝ գրպանիս եղածը շաղ եմ տվել, որպեսզի թիկունքիս փսփսան ու նախանձեն: Ու հիմա էլ եթե քեզ ասեմ, որ հագուստիս մեծ մասը զեղչված գներով եմ ձեռք բերել, մի մասը վերաձևել, մի երկու դետալով բրենդային եմ դարձրել, որ իմ միակ իսկապես թանկարժեք ունեցածը կոշիկներս են, որ այնպիսի խնամքով եմ հագնում ու պահում, որ ծոռիս էլ կկտակեմ… Ու իմ մարգարիտները, զարդեղենը… միայն իմացող աչքը կհայտնաբերի կեղծն ու էժանը… Իմ ընտրությունն ու բախտավորությունն է, որ հասարակ բլուզն անգամ հագիս թանկարժեք է դառնում: Դե ինչ, շարունակեմ այդ խաղը նաև այստեղ, քեզ հետ: Թեև, իհարկե, այս կնոջ համեմատությամբ իրոք որ բողոքելու տեղ չունեմ…»:

-Իսկ երրորդը,- լռությունը խախտեց  հերթական անհարցական հարցը:

-Ի՞նչ երրորդ…

-Անվանդ երրորդ վարկածը:

-Մարիա, դու ինձ ապշեցնում ես… մի բանի մասին խոսում ես, երկրորդի մասին մտածում…

-Երրորդը անում եմ: Արդեն ջոկել ես բնավորությունս… Դե՞…

-Իշտար աստվածուհու անունից է ծագել, մեկնաբանվում է որպես աստվածուհի,- ասացի չկամ, հայացքս՝ վայրէջքի մոտեցող ինքնաթիռին:

-Ծածկամիտ, աստղ, աստվածուհի… չեմ նախանձում քեզ:

Չես նախանձո՞ւմ… Ինչո՞ւ… Գիտեմ, եթե հարցնեմ՝ Մարիան անպայման կպատասխանի պարզ ու շիտակ, առանց դեսուդենի, բայց ես ուզո՞ւմ եմ լսել այդ պատասխանը: Հասկացա՝ չեմ ուզում, ու թեև հետագայում մեկ անգամ չէ, որ ինձ բզկտելու եմ այս վախկոտ,- այլ բառ չես ասի,- վախկոտ, նաև փոքրոգի որոշմանս համար, միևնույն է, չեմ հարցնի: Եթե Մարիայի մտքում ասելն է, կասի, գոնե այդքան հասցրել եմ ճանաչել նրան: Բայց նա աչքերը փակել, հենվել է թիկնակին՝ իր դիրքով հուշելով՝ չեմ ասի: Դե ինչ, այդպես էլ անծանոթ մնացած, այս մեկ գիշերվա ծանոթուհիս, ընդունում եմ պայմանդ՝ լռենք: Մի բան լավ գիտենք՝ հենց այնպես չէր այս հանդիպումը, ժամեր տևող զրույցը, երկուսս էլ մտածելու բան ունենք:

Ինչքան էր ժամանակը լուռ հոսել՝ երկուսս էլ կդժվարանայինք ասել: ՛՛Սկսվել է Մոսկվա-Պետրոզավոդսկ չվերթի նստեցումը…

-Ահա և վերջ,- Մարիան բացեց աչքերը, ախորժակով ձգվեց:- Ոնց էլ ժամերն անցան:

Ես, որ այդ ընթացքում մտովի իմ ճանապարհածախսից առանձնացրել էի հիսուն դոլարանոցը և որերորդ անգամ այն է՝ ձեռքս տանելու էի պայուսակին, նույնիսկ նախադասությունն էի կազմել՝ ՛՛Իմ կողմից Ալյոնային՛՛, ոտքի կանգնեցի: Մարիան արդեն հասցրել էր հավաքվել: Նայում ենք իրար ու ժպտում, հանկարծ մատից հանեց մատանին.

-Սրտանց եմ նվիրում…

-Բայց,- ինձ կորցրեցի,- ինչպես… ինչի համար…

-Ըհը, դու էլ արդեն առանց հարցականի ես խոսում,- ծիծաղեց, հետո լրջացավ,- ամուսնականը չեմ տալիս, որ հուշտ ես լինում, սա ուրիշ է,- աննշան դադար,- կնայես ու կհիշես…

Մատանին դրեց ափիս մեջ, մատներս ծալեց, բռունցք սարքեց, ամուր սեղմեց… Ու գնաց: Շարժվում էր հանդարտ, կարծես լողում էր մարդկային հոսքում, ու ես գիտեի, որ վաղն առավոտ հենց այդպես է դուրս գալու բակ, թիկունքում՝ տնեցիների խաղաղ քունը, ոտքերի տակ՝ ցողից սարսռած խոտ ու կանաչը, իսկ երեսառած աքլորը ձայնը գլուխը գցած պիտի արթնացնի կեչու սաղարթի մեջ քնած երաշտահավին…  

Պատվիրակության անդամները չէին էլ զգացել բացակայությունս ինքնաթիռում, պարզապես միացա նրանց տարանցիկ չվերթների սրահ տանող ճանապարհին: Այդտեղ էլ զանգեց Անետը: Զգուշացրի՝ ռոումինգի տակ եմ, տեղ հասնեմ՝ վայբերով կզանգեմ: Անետը կարծես չլսեց, երկրորդ թե երրորդ անգամ հարցրեց․ «Ե՞րբ ես գալու»:

-Բա՞ն է պատահել,- զգաստացա:

-Չէ, հենց էնպես, պարզապես… դե լավ, կզանգես:

-Մի քանի ժամից, հյուրանոց հասնեմ…

-Չէ,- կտրեց Անետը,- պետք չէ, ավելի լավ է՝ երբ վերադառնաս, հետո,- անջատեց հեռախոսը:

Աչքս սևացած էկրանին, բարձրացա սանդուղքով, մոտեցա ինքնաթիռի դռանը, մեքենայորեն ցույց տվեցի կտրոնն ու զգալով ուղեկցորդուհու զգուշավոր-զննող հայացքը՝ ապարատը խոթեցի գրպանս: Ամրագոտին կապելուց հետո այնպիսի շտապողականությամբ պայուսակից հանեցի ակնոցն ու բարձիկը, որ կողքի հարևանս չկարողացավ թաքցնել զարմանքը: Փակվեցի բոլորից: Մտքերը խառնիճաղանջ պարսի պես պտտվում էին ու անբացատրելի տագնապ առաջացնում. Անետի զանգը… Մարիայի մատանին… Ավետի հարցը… Անծանոթ Յագուլդան… օդանավակայանում անցկացրած քսանչորս ժամերը… Եթե էս ամենը ֆիլմ լիներ, ֆինալը ցնցող կլիներ. էկրանով մեկ ջուր է, հետո տեսախցիկը սկսում է բարձրանալ, ջուրը դառնում է լիճ, հայտնվում են ափերը, հեռվում՝ անտառի շերտը, երևում են փայտաշեն խրճիթներն ու գյուղ տանող ճամփան, որով քայլում է… դե իհարկե, հերոսուհին, որը թողել է հեռվում ամեն ինչ ու մի փոքրիկ ճամպրուկով եկել-հասել է խաղաղ հանգրվանին…

Իսկ ինչո՞ւ այդպիսի ֆինալ: Ավելի բնական չէ՞ր լինի որպես ֆինալ ընտրել այս տարբերակը. մեքենան սլանում է քնած քաղաքի դատարկ փողոցներով, ահա կանգնեց շքամուտքի առաջ, հերոսուհին իջավ… քայլերից արձագանքվող աստիճաններ… բանալիով բացում է դուռը… լռություն… հանում է կոշիկները, ոտնաթաթերի վրա մոտենում, զգույշ բացում է դուռը՝ աղջիկը քնել է՝ այփադը կողքին… ժպտում, փակում, բացում է կողքի դուռը… ամուսինը քնած է՝ սովորության համաձայն բարձը գլխին քաշած… փակում է դուռն ու հենվելով պատին՝ ժպտում. «Վերջապես տանն եմ»:

Ի՞նչ է կատարվում քեզ հետ, Էսթեր աղջիկ: Նյարդային շարժումով հանեցի ակնոցը, սեղմեցի գլխավերևի կոճակը, ուղեկցորդուհու բերած ջուրը գոլ էր ու տհաճ՝ առաջին անգամ մոռացա սրճարանից ջուր գնել… Համարյա չխմած բաժակը հասցրեցի վերադարձնել ուղեկցորդուհուն՝ արժանանալով նրա դժգոհ հայացքին ու շրջվեցի դեպի պատուհանը: Հեռվում արեգակը ուր որ է՝ անհետանալու էր հորիզոնից, դրա համար էլ կուտակ ամպերը կարմիր-բոսորագույնի հնարավոր բոլոր երանգներով էր ներկել… Ճակատս կնճռոտվեց, փորձեցի հիշել՝ վերջին անգամ ե՞րբ եմ նայել պատուհանից… մե՞կ տարի, գուցե յո՞թ… Իսկ մի ժամանակ պատուհանից չէի պոկվում՝ ժամերով նայում ու չէի հագենում երկնքի պարգևած տեսարաններից… Տհաճ էր և միտքը, և այդ մտքի հետևանք զգացողությունը… Իջեցրի պլաստիկե վարագույրը՝ մեկ էլ կհիանաս երկնային տեսարանով, նորից ակնոցը պիտի դնեի՝ աչքս ընկավ մատանուն: Հանեցի մատիցս՝ սպիտակավուն անմշակ սաթի անկանոն կտորն ամրացված էր դեղին մետաղյա օղակին, ու երբ Մարիան աջ մատնեմատից հանեց ու մեկնեց, հայացքս՝ հեռացող Մարիային, անսխալ դրեցի ձախ ցուցամատիս, ճիշտ չափովն էր: Միջնամատիս մատանու պստլիկ, բայց մաքրամաքուր ադամանդի փայլը նրա կողքին անպարկեշտ թվաց, հանեցի, գցեցի պայուսակիս գրպանը՝ չմոռանալով քաշել ճարմանդը: Հիմա ձախ ձեռքիս միայն Մարիայի մատանին էր, ու ես երբեք չեմ հասկանա, ինչու այդ կինը նվիրեց իր միակ զարդը… Միակ այն իմաստով, որ ոչ շղթա կար պարանոցին, ոչ ականջօղեր, ամուսնական մատանին հաշիվ չէ, ընդամենը նրա ամուսնյակի համար պարտամուրհակ՝ հեռուները ճանապարհած կնոջը ապահովագրող: Ի՞նչ էր պատմում Մարիան, երբ պատասխան SMS էի գրում Նուշիկին,- նրա աչքից բան չի վրիպի՝ սոցցանցերում հետևած կլիներ՝ մայրը մինչև այժմ Մոսկվայում է: Տեղում հորինեցի՝ ստիպված հետաձգել եմ թռիչքը՝ գործընկեր բանկի ղեկավարության հետ անսպասելի հարցեր են առաջացել… Իսկ երբ ավարտեցի գրությունս ու ընդհանրապես անջատեցի հեռախոսը՝ Մարիայի անհարցական հարցը վրա հասավ:

-Էդ որ ամուսնական մատանի չես կրում՝ հասկանալի է, իսկ սա՞ ինչի համար է,- հայացքով ցույց տվեց բթամատիս արծաթե օղակը:

-Պարզապես դուր է գալիս,- առաջ պարզեցի ձախ ձեռքս:

-Անսովոր է,- անթաքույց սկսեց զննել՝ ականջօղերս, մարգարիտե շարանը, ժամացույցը,- դու հաստատ մալախիտե տուփ կունենաս, մեջը՝ ամեն տեսակի սիրունություններ,- երազկոտ ժպտաց ու՝- Ինձ դուր եկավ… բթամատը նկատի ունեմ… Բայց երբեք էդ մատիս մատանի չեմ դնի:

-Վստա՞հ ես,- անբացատրելի հաճույքով անցա սադրանքի: Առաջ պարզեցի ձեռքս՝ բթամատիս արծաթե օղակ էր, արծաթագործ դասընկերոջս ձեռքի աշխատանքը:- Ասում ես՝  դուր է գալիս, բայց երբեք չե՞ս դնի մատիդ:

-Չեմ դնի,- սպանիչ հանդարտությամբ հակադարձեց Մարիան,- չհարցնես, չգիտեմ՝ ինչու, բայց զգում եմ, որ դա իմը չէ:

Մատիցս հանեցի արծաթե ոլործուն օղակն ու պարզեցի՝ «Նույնիսկ չե՞ս փորձի»: Նույն պահին էլ ձեռքս ետ քաշեցի, մատանին դրեցի մատս ու ձեռքս թաքցրի սեղանի տակ՝ Մարիայի հայացքը անվերծանելի էր ու միաժամանակ շատ խոսուն: Սեղանի վերևում լարվածության ամպիկ հայտնվեց, ժամանակ շահելու համար միացրի հեռախոսը, ու թեև SMS-ի ազդականչ չէր եղել՝ բացեցի փոստը. նոր հաղորդագրություն չկար: Հետո որոնում տվեցի ու կարդացի. «Բթամատը խորհրդանշում է կամք, տրամաբանություն, բթամատին մատանի կրողը այդպիսով կարող է ամրացնել կամքն ու ուժ հավաքել բարդ որոշում ընդունելու համար»:

-Բան է պատահել,- Մարիան էր:

-Ինչ է՞ որ…

-Մի տեսակ լարվեցիր:

-Չէ, պարզապես փոստը նայեցի… Նոր նամակ կա, գործնական…

Մարիան եթե անգամ չհավատաց՝ ցույց չտվեց:

Ցուցամատիս վրա պտտելով սաթե մատանին, ուշացած գլխի ընկա, որ Մարիան հենց այնպես չտվեց մատանին, որ ժամեր առաջ կիսատ թողած խոսակցությունը նա շարունակել էր մտքում, վերլուծել ու վերծանել, միայն իրեն հասու ինչ-որ եզրակացության հանգել: Եվ ինչո՞ւ հրաժեշտի վերջին պահին տվեց մատանին, այն ժամանակ մտածեցի՝ դա արել է էմոցիոնալ բռնկումով, հընթացս, տրվելով անսպասելի որոշման, բայց հիմա համարյա համոզված եմ, որ իրականում այդ ամենը լավ հաշվարկված քայլ էր, ու հիմա պիտի փորձեմ հասկանալ՝ ինչ է թաքնված այս նվերի ետևում: Մինչդեռ ես… ես՝ ի՞նչ: Բթամատի մասին կարդացի ու փակեցի թեման, որովհետև մտածեցի, որ եթե բարձրաձայն կարդամ՝ կամք, տրամաբանություն, դա կարծես ապտակ պիտի լիներ դիմացինին… Իսկ նա՝ իր ճնշվածի հոգեվիճակով… Իսկ գուցե լրիվ հակառա՞կն է, այդ կի՞նն է կյանքի իր բաժին դժվարությունները կրում անասելի կամք ու համառություն ունենալով… Քունքերս ծանրացան, գլխացավս ուր որ է՝ կսեղմի… Ու ճի՞շտ վարվեցի, որ թեման փակեցի, բայց փակեցի ամբողջապես, նույն պահին մոռանալով, որովհետև իրականում չէ՞ր հետաքրքրում, թե ինչու Մարիան այդպես կտրուկ մերժեց, որովհետև ես մի՞շտ եմ այդպես վարվում՝ չեմ ծանրաբեռնում միտքս ու առանց երկմտելու ընտրում եմ՝ ինչն է կարևոր ու ինչը՝ ջնջելու… Իսկ եթե շարունակեի հարցնել, փորձեի հասկանալ… Ահա՛, գրողը տանի, գտա ճիշտ բառը, հասկանալ: Հասկանալ դիմացինին, գոնե մի դրվագով, մի կարճ ժամանակահատվածում, բայց հասկանալ, ու դրա համար պետք է ընդամենը մի բան… Մտածել նաև՛ դիմացինի մասին, եթե միա՛յն դիմացինի մասին մտածել անկարող ես:

Ինչ էր ասում նման դեպքերում Արտա՞կը՝ պատահական ոչինչ չի լինում, նույնիսկ աղյուսը, որ չի ընկել գլխիդ… Ասում էր՝ ժպիտը աստիճանաբար ծիծաղի վերածելով, ասելիքը պատմություն դարձնելով, որի ենթաշերտերը վերծանելու ժամանակն ու ցանկությունը ինձ համար էլ աննկատ՝ վերացան…