(հատված ՃԱՆՃԵՐԻ ԺԱՄԱՆԿԸ վեպից)
2024թ․ ՍՏԵՓԱՆ ԱԼԱՋԱՋՅԱՆ ամենամյա մրցույթում ՃԱՆՃԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ վեպն արժանացել է մրցանակի՝ ԿԻՆԸ և ՊԱՏԵՐԱԶՄԸ անվանակարգում
Ոտքերը կրկին ցավում էին, սակայն պատճառը բոլորովին էլ հոգնությունը չէր: Գևորգի կոշիկները հիմա էլ ի՛ր ոտքերն էին հարել, և դրանցով քայլել այլևս հնարավոր չէր: Սոնան հայտնվել էր հողաշեն մի ճանապարհի վրա, որով առաջ ընթանալն ամեն քայլի հետ ավելի ու ավելի դժվար էր տրվում, սակայն մեղքը ոչ ճանապարհի, ոչ էլ Գևորգի կոշիկների վրա գցել չէր ուզում: Ինքն էր մեղավոր. գևորգները, դավիթներն ու լևոններն էին զոհվում, իսկ ինքը դեռ գիմնազիստուհու նազեր է անում:
Ճանապարհն ուղիղ էր, և ոչ այնքան հեռվում ավտոմեքենա նշմարվեց:
Սոնան կարծես ամեն բան մոռացավ. հենց ընթացքում դեն նետեց իր հերթական «իսպանական կոշիկներն» ու ոտաբոբիկ վազեց:
«Նիվայի» մեջ մարդիկ կային, ինչն ստիպեց զգուշավոր առաջ շարժվել:
Մի քանի մետրից, սակայն, նկատեց, որ մեքենայի ուղևորները զարմանալիորեն անշարժ են: Երբ ընդհուպ մոտեցավ, ամեն բան հասկանալի դարձավ. Նիվայի ուղևորները մեռած էին: Նա գլխիկոր նստեց գետնին, անօգնական հենվեց մեքենայի անիվներից մեկին, ու մի պահ ամեն բան, որ կարող էին աչքերը տեսնել, հանկարծ չքացավ: Նա մենակ էր՝ բացարձակ մենակ: Շուրջը կուրացնող մոխրագույն մշուշ էր, որ խորտակել էր աշխարհը և խտանալով՝ հիմա իր ուսերին էր ծանրանում, սեղմում՝ ահռելի մի ուժով, որին դիմադրել ոչ ոք չէր կարող: Մոտեցող մոխրագույն մշուշն ուղեկցվում էր անտանելի մետաղական աղմուկով, և դղրդոցով իր կողմն էին թռչում դիարանի բազում-բազմաթիվ սեղաններ: Դրանից շուրջն ավելի ու ավելի էր մգանում՝ սեղանների ալյունինե փայլով միաժամանակ կուրացնելով նայողին:
Աչքերը բացվեցին:
Ընկած էր. կողքի էր թեքվել և ընկել գետնին: Վերհիշեց նոր տեսիլքը՞, թե՞ երազը և մտածեց, որ պարզապես գիտակցության կորուստ է ունեցել, սակայն անմիջապես էլ հիշեց մեքենայի միջի սահմռկեցուցիչ պատկերն ու ավելի վհատվեց: Տեսողական հիշողությունն ավելի զորեղ էր, և ավտոմեքենայի ներսն իր ողջ հրեշավորությամբ պատկեր-պաստառի պես քարացավ իր առջև:
Ղեկին նստածը, արդեն՝ թևերը կախ ղեկի վրա թեքվածը, կարծես միջին տարիքի տղամարդ էր: Նրա կողքին ոչ ոք չկար, մյուսները ետևում էին՝ տարեց և երիտասարդ երկու կին էին՝ առաջինը ետ էր ընկած, իսկ երիտասարդը կռացել և առաջ էր թեքվել:
Մտքով ուրիշ բան անցավ. «Ինչի՞ն էին պետք բանականությունը կեղեքող այսքան մանրամասները»:
Նա դանդաղ ելավ տեղից և նորից ներս նայեց: Ոչինչ չէր շփոթել:
Ի՞նչ էր անելու:
Հանկարծ գլխում գլորվող անկառավարելի մտքերից մեկը բիլիարդի գնդակի նման համակած մտքերի մեկ այլ «գնդակի» բախվելով՝ այն աներևույթ մի տեղ նետեց, և Սոնան մտածեց, որ իր շունչը փչած հեռախոսը կարող է մեքենայում լիցքավորել:
Նա վարորդի դին դժվարությամբ դուրս հանեց Նիվայի միջից, պառկեցրեց մեքենայի ետևում՝ հողի վրա, ապա արագ վերադարձավ, և ոտնակը սեղմելով՝ պտտեց բռնկման բանալին:
Մեքենայի բաքի մեջ բավականին վառելիք կար:
Սոնան, բավարարված, խոր հոգոց հանեց և ուսապարկն իջեցնելով՝ այնտեղից և հեռախոսը, և լիցքավորման մալուխը հանեց:
Վերջապես հեռախոսը կենդանության նշաններ ցույց տվեց, սակայն նրանից օգտվելու համար՝ դեռ պիտի փոքր-ինչ սպասեր:
Մտածեց, որ երեկոն այնքան էլ չի ուշանա, և գիշերով ամայի այս ճանապարհի վրա գտնվելը, առավել ևս՝ ոտքով այն շարունակելը հաստատ անվտանգ չի լինի ու որոշեց հենց մեքենայի մեջ էլ մնալ և սպասել լուսաբացին: Սակայն ինչպես բոլորը, ինքն էլ չէր ցանկանա գիշերը մեռելների հետ լուսացնել. նույնիսկ բուշլատ չուներ նրանց ծածկելու համար: Այս վերջին մտքից դառը ժպտաց և որոշեց՝ ինչ է անելու:
Նա իր դիմացի հայելու միջով ետ նայեց, և պառկած տղամարդուն չտեսավ:
Ենթադրենք մյուսներին ևս տղամարդու նման հանեց մեքենայից, լավ, իսկ հետո՞ ….. Չէր կարող թողնել, որ գազանները հոշոտեին նրանց՝ առանց այդ էլ տանջված մարմինները: Ուրեմն՝ պիտի թաղեր:
Գիտեր, որ ուղևորի համար անհարմար Նիվայի միջից ետևում նստած կենդանի մարդն է դժվարությամբ դուրս գալիս, իսկ հիմա ինքը պիտի դիակներ հաներ: Բացի այդ՝ մեքենան երևի գյուղական էր, և ետևի նստատեղի ներքևի մասում՝ ուղևորների հենց ոտքերի տակ մի խանգարող հանգամանք ևս կար՝ հողոտ, ծանր բահ:
Առաջինը տարեց կնոջը դուրս բերեց, ապա բահը հանեց դուրս և շունչ առնելու համար որոշեց արդեն գետնին պառկածների կողքին մի քիչ նստել: Սակայն իրիկունը չէր սպասում, անհրաժեշտ էր շտապել:
Երբ երիտասարդ կնոջ դեռ չսառած մարմինը ետ տարավ, ինքն էլ մեռավ. կնոջ մի կուրծքը հագուստի տակ չէր, իսկ ձեռքերի մեջ նրա ծծկերն էր:
Սոնան ետ ընկավ նստատեղի թիկնակի վրա, գրկեց ծնկներն ու կծկվեց: Թվաց՝ երեխան շարժեց շուրթերը:
Սոնան շոգեհարվածի պես առաջ նետվեց և մոր ձեռքերից պոկեց մանկանը: Չէր սխալվել, երեխան թույլ էր, բայց դեռ շնչում էր: Հավանաբար մեկուկես, գուցե երկու ամսական լիներ:
Դատելով մեքենայի ուղևորների մարմինների շարժունակության աստիճանից կարելի էր ենթադրել, որ նրանց սպանել էին վեց ժամից ոչ շուտ և մոտ տաս-տասներկու ժամից ոչ ավելի ուշ. Սոնայի՝ մարդու անտոմիայի և ֆիզիոլագիայի մասին գիտելիքներն այդքանը ենթադրեցին:
Ուրեմն՝ երեխան այդքան ժամանակ առանց կաթի և ջրի էր մնացել: Բացի այդ՝ մոր ծանրացած կուրծքը նրա համար կարող էր փակած լինել նաև թթվածնի մուտքը:
Նա առջևի նստատեղի վրա գտնվող ուսապարկից ջուր հանեց և քսեց մանկան չորացած շուրթերին: Երեխան մի պահ նույնիսկ երկնագույն աչքերը բացեց: Սոնան հուզվեց ու մանկանը կրծքին սեղմեց: Հետո մատով խտացրած կաթի՝ այդպես էլ ուղեբեռի մեջ մնացած տուփի եզրերը սրբեց և հիմա էլ այն մոտեցրեց մանկան շրթունքներին: Երեխան չարձագանքեց:
Խելագարի պես Սոնան հանկարծ բացեց կուրծքը, պտուկին կաթ քսեց ու իր՝ կարծես ուռած ստինքը մտցրեց նորածնի բերանի մեջ.
– Կեր, ծծի, բալես: Խնդրում եմ, կեր: Միայն թե չմեռնես: Չմեռնես, խնդրում եմ:
Նորածնի շուրթերի արանքում, սակայն, նրա չոր պտուկը չմնաց, դուրս սահեց: Սոնան կռացավ մանկան վրա ու շունչը պահեց:
Երեխան բերանով արտաշնչեց և ……
– Աաաաաաաաաաաաաաաաաաաա,- մոր ոռնոցը պայթեցրեց երկնքի երկնագույնը, որը հավանաբար երկնագույն էր մեռնողի փակված աչքերի երկնագույնից:
Սոնան շարունակեց ոռնալ և այդպես ոռնալով էլ գրկում սկսեց օրորել դեռ չապրած մանկանը: Հետո …. երգեց: Այդպես վաղուց էր երգել՝ իր Նարեի ու Արմանի համար, իսկ հիմա՝ այս մանկան, որի անունն անգամ չգիտեր:
Վերջապես, երբ խռպոտած կոկորդն սկսեց ցավել, երեխայի մարմինը մի կողմ դրեց ու մի կերպ դուրս սողաց մեքենայի միջից. փախչել էր ուզում: Խելագարի նման, գլուխը բռնած ու ոտաբոբիկ՝ նա սկսեց այսուայնկողմ գնալ, ապա ծալապատիկ նստեց ճանապարհի մեջտեղում ու հորիզոնին նայեց.
– Ինչո՞ւ, ասա, ինչո՞ւ ե՛ս…. Էս պատերազմի բոլոր մեռելներին հո ե՞ս չեմ թաղելու…. Ի՞նչ, ի՞նչ ես ուզում ինձնից: Ո՞վ եմ ես, լսո՞ւմ ես: Էս ի՞նչ ես իմ ուսերին դրել, անաստված ….
Քիչ հետո Սոնան վեր կացավ և եկած ճանապարհով ետ գնաց: Կողքից նայող մեկին կարող էր թվալ, թե որոշել է հեռանալ, փախչել համատարած վշտից, որ համակել էր աշխարհը, խորտակել էր իրեն՝ մի կում օդ անգամ չթողնելով խեղդվողի համար:
Սակայն շուտով վերադարձավ՝ Գևորգի կոշիկները հագին և …. անկիրք մեխնիզմի նման գործի անցավ:
Դիակներն արդեն դրսում էին՝ կողք-կողքի ուղիղ պառկած:
Սոնան ի վերջո ճանապարից ոչ հեռու մի տափարակ ընտրեց և սկսեց դաժանորեն փորել հողի կոշտացած երեսը:
Փոսը պիտի միաժամանակ և խորը, և ընդարձակ լիներ. այդպես էր որոշել:
Արդեն մթնում էր, երբ վերջացրեց: Զոհվածներին տեղափոխեց փոսի մեջ, կանգնեց, երկար նայեց, հետո երևի ինչ-որ բան դուր չեկավ: Մարմինները հենց փոսի մեջ վերադասավորեց. մանկանը, որ առանձին էր պառկեցրել, մոր գիրկը վերադարձրեց և խելքը թռցրած պերֆեկցիոնիստի նման էլի գնահատեց տեսարանը: Ամենաբարդը նրանց հողով ծածկելն էր: Այլևս չկարողացավ. ինչպես պիտի նրանց դեմքերին հող լցներ: Մի պահ նույնիսկ թվաց, թե զոհվածները փակ աչքերով իրեն էին նայում: Հանկարծ մտքով անցավ մի անգամ էլ ստուգել բեռների համար նախատեսված մեքենայի ետնամասը. որքան էլ որ շտապեր, ընտանիքը դատարկ ձեռքով ճանապարհ չէր ընկնի: Չէր սխալվել: Ետևում մի քանի պայուսակ կար: Հիմնականում անկողին էր, հագուստ և ուտելիք: Իրեն հենց անկողնային սպիտակեղենն էր պետք: Հերթով հանեց դրանք վերմակների վրայից և սկսեց պատանքի նման պարուրել պառկածների մարմինները: Վերմակների համար նախատեսված ծրարներից մեկի մեջ աննշան ծանրություն զգաց: Փոքրիկ կապոց էր: Կարծես գիտեր՝ ինչ է: Չէր սխալվել. խաչկապ արված թաշկինակի մեջ ոսկյա զարդեր էին: Մտածեց, որ դրանք մայրացած կնոջ հարսանիքի նվերները կարող էին լինել: Պատկերացրեց, թե ինչպես, ինչ նազանքով ու ամոթխածությամբ է նա պարում. հագին հարսի՝ իր զավակի աչքերի պես երկնագույնին խփող ճերմակ զգեստն էր, մատներին՝ բոլոր այդ մատանիները:
Մորն ու մանկանը դեռ չէր պատանել: Կապոցը ձեռքին նրանց մոտ իջավ և բռնելով կնոջ անկենդան մատները՝ մատանիները հերթով հագցրեց: Ոսկյա շղթայով մի խաչ էլ կար: Դա էլ որոշեց նորածնի պարանոցից կախել: Չկախվեց: Թեքվեց մոր բաց ստինքի վրա և այդպես էլ մնաց: Սոնան նրանց վերմակով ծածկեց:
Մի անգամ էլ վերադարձավ մեքենայի մոտ, ուսապարկից Նազանի ասեղնագործ ոտնամանները դուրս բերեց և նորից փոսի մեջ մտնելով՝ դրանք երիտասարդ կնոջ ոտքերին հագցրեց. նրա կոշիկներն ինքը հագավ և հետո միայն զգուշությամբ ծածկեց ամեն բան խորտակող հողի անհաղորդ դեմքը:
Կողքից նայողին կթվար, թե տարօրինակ այդ կինն ու իր ձեռքի բահը մի ամբողջություն էին, որ բանականությունը սպանող վշտից նրանք վաղուց էին սետաճել:
Աշխատանքն ավարտել էր, սակայն ինչ-որ բան այն չէր:
Սոնան կարծես գիտեր՝ ինչը: Նա պոկեց մեքենայի ետևի համարանիշը, հարմարեցրեց բահակոթի ճեղքին և բահը հողի մեջ խրելով՝ կանգնեցրեց իր պատրաստած գերեզմանի մեջտեղում:
Այժմ կարող էր հեռանալ:
Սակայն դեռ երկու քայլ էլ չէր արել, երբ զգաց, որ չի կարողանում շարժվել: Ոտքերը կարծես սոսնձվել էին գետնին և իրեն չէին ենթարկվում: Չդիմադրեց: Մտածեց, որ մեռածի կոշիկները հագնելն այնքան էլ ճիշտ չէր և մեխանիկորեն ոտքերը հանեց դրանց միջից, սակայն ոտաբոբիկ ևս շարժվել չկարողացավ: Ոտքերի տակ հանկարծ ինչ-որ բան զգաց: Զգաց այդ ինչ-որ բանի ճյուղավորվող, հողի տաք սրտի մեջ մխրճվող, մեջքը չկռացնող, ուղիղ պահող խորությունը: Ոտքերը ծանրացան, և …. ի՛ր արմատներն զգաց, զգաց …. ՀԱՅՐԵՆԻՔԸ:
Որքա՜ն ցավ կար այնտեղ:
Արմատներով բարձրացող ավիշը համ ուներ՝ դա՞ռն էր, քաղցը՞ր, աղի՞… Չգուշակեց. ուրիշ էր: Ցնցվեց ու հասկացավ, որ այն արդեն իր ներսում է՝ կենդանի ու շնչող, ինչպես բաբախող սիրտը: Այն չէր լսվում, տեսնել հնարավոր չէր, սակայն կար ու պատեպատ էր դիպչում իրեն կենդանի պահելու, իր հետ, իր բոլոր-բոլոր որդիների հավաքական պատկերը պահպանելու, վերարտադրելու և ներկան ու հետոն ապրեցնելու համար:
Քանի- քանի անգամ էր արտաբերել այդ բառը, լսել, սովորել, սակայն զգացել էր, արդյո՞ք, այն, ինչպես կրծքից դուրս հոսող կաթի առաջին շիթն է զգում դեռատի մայրը:
Եվ հիմա հայրենիքն այստեղ էր՝ իր ոտքերի տակ՝ որպես նախասկիզբ, որպես վերջաբան, որպես բառ և իմաստ.
– Մի գնա:
Տրամաբանությամբ այդ ամենն ըմբռնել հնարավոր չէր: Տրամաբանության մեջ հոգի չկար, հոգին ավելի խորն էր՝ այնտեղ, որտեղ նրա զգացմունքներն էին և բանականությունը՝ որպես ապրողների և մեռնողների աներևույթ ժառանգություն, որ հիմա նաև իրենն էր:
Մեքենան դանդաղ էր ընթանում: Սոնան որոշել էր չգիշերել այնտեղ, որտեղ այն գտել էր. ժամանակի կորուստն անիմաստ էր, եթե կարող էր ժամ առաջ Արմանին հասնել:
Ավտոմեքենան հանգած լուսարձակներով էր վարում, որպեսզի գիշերվա անթափանց խավարի մեջ անտեսանելի մնա թե յուրայինների, թե թշնամու համար. վայրի գազանի նման նրա աչքերն արդեն սովորել էին մթությանը, և մարդ-երկոտանու ցանկացած ներկայություն Սոնայի համար այլևս անտանելի էր:
Երբևէ չէր մտածել, որ ստիպված է լինելու մեքենա վարել, այն էլ այդպիսի պայմաններում: Նրա փորձառությունը սահմանափակվում էր առանձին կարճ և սիրողական դրվագներով, երբ կամակոր երեխայի նման Ադամի ձեռքից խլում էր ավտոմեքենայի ղեկն ու ճանապարհի մի փոքր հատված ինքն էր անցնում՝ ծիծաղելով լարված ու անօգնական հայացքն իրենից չկտրող ամուսնու վրա: Հուշերը քաղցր էին և հիմա՝ այնքան հեռու, այնքան անիրական:
Սոնան հանկարծ երկու ոտքով միաժամանակ սեղմեց մեքենայի ոտնակներն ու հեռախոսը ձեռքն առավ:
Զանգերը հաջորդում էին մեկը մյուսին, սակայն արձագանք չկար:
– Ինչո՞ւ Ադամը չի պատասխանում:
Չէր հավատում, որ Ադամն այնքան խորն է քնած, որ զանգի ձայնը չի լսում: Մի անգամ էլ զանգեց:
Նույնը:
Իսկ ինչո՞ւ Արմանին չզանգի: Սիրտը թռավ տեղից. «Չէ, քնած կլինի: Այս ժամին հոսպիտալ զանգել չի կարելի. բոլորին քնից կհանեմ»:
Նա նորից գործի գցեց մեքենան և կրիայի նման առաջ սողաց, սակայն շատ արագ հասկացավ, որ աչքերը փակվում են, և ճանապարհի մյուս մասն անցնելու համար գոնե մի քիչ պիտի քներ:
