Աղավնի Գրիգորյան, Մանկական արձակ

Ապակե երկինք

-Երեք ույու չորս` ժպի՛տ:

 Հրամանի պես հնչեց, ճարնե՞րն ինչ՝ ժպտացին, նորից… հետո հայտնվեցին հերթական պլշած աչքերն ու հնչեցին քչքփչոցները՝ «Նայի´ր», «Վա՜յ, բա էս մեկը…», «Բա սրա թևերի փա՜յլը…» Մի քանի չըխկ-չըխկ, ուժեղ, աչք ցավեցնող լույս, որ ամեն անգամ կաթվածահար է անում տեղում մեխված ամենաներին:

Հիացական վայ-վույը վաղուց չի զարմացնում, ոչ էլ հրճվանք է պատճառում իրենց. առաջ հաճելի էր, հիմա, անկեղծ ասած՝ հոգնեցնող: Միայն սպիտակ մեծ թևերով թիթեռն էր ամեն հաջորդ խմբից հետո հուզված աջուձախ նայում և ընկերներին ասում.

-Տեսա՞ք, էլի ամենից շատ ինձ լուսանկարեցին:

Հենց նոր հերթական պլշած աչքերն ու զարմացական ճիչերը խմբով հեռացան ու ամենաների հավաքատեղիում, որ մի սովորական ստվարաթուղթ էր, ապակու տակ, փայտե շրջանակով մեխած «Բնության ձայներ» կոչվող թանգարանի պատին՝ հրամանի պես հնչեց՝ ազա´տ…

– Հո բանակում չե՞նք…- դժգոհեց պստիկը աջից, որ թեև չափերով ամենափոքրն էր, բայց բոլորին ահ ու սարսափի մեջ էր պահում ճանկերի տակ ունեցած  թունավոր արտազատուկով: Թույնը վաղուց ուժը կորցրել էր, բայց կողքինները բնազդաբար թևիկները ստեպ-ստեպ հետ էին քաշում, որ հանկարծ չդիպչեն նրա ճանկերին: Ամենաների ցուցանակին «ամենաթունավոր» բնորոշումն ուներ:

 – Դիմացե´ք, մի քիչ էլ:

– «Ամենա» լինելն էլ մի բան չի, – հոգոց հանեց տերևագույն զրահ հագած բզեզը, որին ընկերները անվանում էին Բարոն:

 Բարոնը  ցուցատախտակի ներքևի  անկյունում էր մեխված ու ամենից քիչ էր հայտնվում արտասովոր բզեզներին անդադար լուսանկարող երեխաների ֆոտոխցիկների ոսպնյակում: Պարտադիր մի խոպոպավոր գլուխ նկարվելու պահին կանգնում էր հենց նրա դիմաց ու փակում տեսախցիկի «աչքից»: Այդ փաստը բոլորովին չէր տխրեցնում նրան, հակառակը, աչքերը մյուսների պես չէին կծկծում լուսային ֆլեշ-բռնկումից ողջ գիշեր, բացի այդ անկյունում գտնվելով նա կարող էր առաջինը տեսնել այցելուների հաջորդ խմբին ու զգուշացնել մյուսներին:  Կարճ, մի քանի րոպե տևող ընդմիջումներին հասցնում էր  դեսից դենից  զրուցել կողքի ցուցատախտակին մեխված իր ազգականի հետ: Վերջինս ամենաների շարքում չէր. «ամենա» լինելու համար նրա ոտքերը մի քանի միլիմետր կարճ էին, փոխարենը հազվադեպ հանդիպող գունեղ պիջակ ուներ, հատուկ ոսկեզօծ տառերով էլ գրված էր անունը:  Նրան Մարկիզ էին կանչում, ինչը իսկապես համահունչ էր նրա շքեղ հանդերձին:

Մարկիզն ու Բարոնը ազգականներ էին:  Եթե այսքան երկար իրար մոտիկ մեխված չլինեին ու ժամանակը կարճելու համար օրերով չզրուցեին, չէին էլ իմանա, որ նույն կղզու քամիներն են ժամանակին օրորոցային երգել իրենց տատերի համար, որ ինչպես պարզվեց հարազատ քույրեր էին:

– Գոնե անձրև գար, – բարակ ձայնով սվսվաց բրոնզափայլ թիթեռը:

Անձրևոտ օրերին այցելող խմբերն ավելի քիչ էին, երբեմն բզեզները հասցնում էին լռության մեջ վայելել անձրևի կաթկթոցը ցուցասրահի առաստաղի ապակեպատ գմբեթին, որ սրահի ուղիղ կենտրոնում էր: Երկնքի իրենց բաժինը:

– Մեկն էլ ասի՜…  Դո՞ւ չէիր քիչ առաջ բեղերդ վեր ձգում, որ սիրուն դուրս գաս լուսանկարում, – հեգնեց բզեզը, որն իր ծանր քաշի ու հսկա չափերի համար Տիտանուս անունն էր հպարտորեն կրում:

 Մորեխը լուռ էր: Հատկապես այսօր… մտքերը հանգիստ չէին տալիս:

    Արդեն երրորդ աշունն է՝ ինքն այս ցուցատախտակին է մեխված՝ դեռ կա´ ու ճիգ անելով ժպտում է ՝մեծ ու փոքր երեխաներին: Ապրելու տնազ. իրեն ծաղրածու էր զգում, ու ժպիտն էլ հեչ բնական չէր ստացվում:

– Ո՜նց պաղպաղակ կուտեի…- խոսեց դեղին թիթեռը, թաթիկները քսեց իրար՝ թմրել են, ոտքերը ձգեց ու փորձեց տեղում պտտվել՝ աջ ձախ, կիսապտույտից ավելին՝ չստացվեց:

– Պաղպաղակ սիրո՜ւմ եմ…

Մեծ երկար կնճիթով բզեզը, որ ճիշտ նրա կողքին էր, փորը քորեց գնդասեղի ծակող մասում, գլուխը տմբտմբացրեց.

– Երեք անգամ ինքնաթիռով եմ ճամփորդել, այն էլ vip, պաղպաղակ էլ եմ կերել՝ ինչքան սիրտս ուզեր, իսկ հիմա էս քորոցը անգամ վիզս կարգին աջ-ձախ տանել չի թողնում:

    Մի խումբ անցավ երեխաների, երևի իրենց դասղեկի հետ էին. ուսուցիչը խոսում էր ոգևորված, ցույց էր տալիս այս-այն բզեզին ու մի նոր պատմություն սկսում՝ նախորդը չավարտած: Երեխաները արագ-արագ իրենց ձեռքի թղթե կոների միջից ադիբուդին էին հանում բռով ու եռանդուն ծամում, այդպես էլ միահամուռ ծամելով հեռացան, միայն մեկը վերջին պահին առաջ եկավ ու թխկթխկացրեց ապակուն, հետն էլ՝ լեզու հանեց: Խեղճ բզեզները սրտահան եղան:

– Երեք ույու չորս՝ ժպիտ:

– Ազա՜տ…

– Էս ի՜նչ էր, – թևերով իրեն փորձեց հով անել ու շունչը տեղը բերել սպիտակ թիթեռը, -Տեսա՞ք, իր բուլկին էր հազիվ ծամում արագ-արագ, բա մատ թափ տալն ու ծամածռվե՜լը, դեռ զնգոցն ականջներիս մեջ է… լավ է՝ ապակին ամուր է:

– Հա´ու հա´, – բամբ ձայնով միացավ կնճիթավոր բզեզը, – ինքն էլ ուտելու ու ծամածռության մեջ է ամենան, բայց դե իրեն հո մեր նման քորոցով չեն մեխել:

 Լռեցին: Օրվա մի ժամի, երբ արդեն անտանելի էր լինում մարդկային հոսքն ու անգամ հրահանգով ժպտալ չէր ստացվում, ապակու տակ շնչելու օդն էլ նոսրանում ու զնգում էր ականջներում, բոլոր քորոցով գամվածների աչքերին նույնն էր պատկերանում՝«այ, թե  էս խումբը մեր փոխարեն լիներ, իսկ մենք ազատ»: Հետո ամենքը գնում հասնում էին իրենց խոտ ու դաշտին, ծառ ու թփին ու մոռանում էին մարդկա´նց էլ, մարմնի մեջ խրված պողպատի սառնությո´ւնն էլ:  

 – Իսկ եթե՞… – մորեգույն երկար պոչով բզեզն էր, որի աչքերը հիպնոսացնելու կարողություն ունեին:

Մորեգույնի աչքերը սառեցին հենց նոր ներս մտած խմբի վրա:

Հանկարծ բոլոր բուլկիներն ու ադիբուդիները վերև թռան ու կախվեցին օդում, փոքրիկ տղաներն էլ բարձրացան օդ ու մնացին այդպես՝ առաստաղին մոտ, ճիշտ ու ճիշտ ապակե գմբեթի շրջանագծով: Օդում հայտնված աղջիկներն էլ մեկը մյուսի հյուսիկներից բռնվել էին փորձում, ոտքերն էին թափահարում…

 Ուսուցչուհին, որ ուսերին թափված ալիքվող մազերով ու դեմքին անհամապատասխան մեծ պոչիկավոր ակնոցներով փոքրամարմին կին էր՝ միսիս Բլայզը, բերանը ձկան նման բացուխուփ էր անում ու փորձում էր ոտքերից քաշել իջեցնել օդում մեխված երեխաներին: Նա զարմանքից կորցրել էր խոսելու ունակությունը, միայն շրջանաձև վազում էր ու թափահարում ոսկրոտ նիհար ձեռքերը՝ երեխաներին ցած իջեցնելու ապարդյուն փորձերով: Իսկ երեխաները պլշած աչքերով նայում էին ցուցատախտակի ամենաներին…

– Զզզըըըը՜….

– Ազա´տ, – հրամանի պես հնչեց:

Մորեգույն բզեզը աչքերը թարթեց ու բկլիկ երեխանեըը հայտնվեցին սրահի հատակին: Ադիբուդին ու բուլկիներն էլ անձրևի պես թափվեցին նրանց վրա:

Խումբը հրմշտոցով դուրս փախավ, միայն տղաներից մեկը մոտեցավ բզեզներին, մորեգույնին աչքով արեց, վեր տնկեց բութն ու ասաց.

– Ընտի´ր էր:

Մորեգույնը ժպտաց ու բեղիկները թափահարեց: Իսկ տղան որոշեց բզեզների պաշտպան դառնալ օրերից մի օր, դեռ չգիտեր՝ այդպիսի մասնագիտություն կա՞: Եթե չկա, ինքը կլինի առաջինը:

Ուսուցչուհին աղմուկ-աղաղակ բարձրացրեց, պահանջեց բողոքի գիրքը, բայց քանի որ նրա պատմածները շատ անհավանական էին, իսկ երեխաները պարզապես լուռ նրան էին լսում ու շարունակում ադիբուդին ուտել ավելի մեծ եռանդով, ցուցասրահի պատասխանատուն լուրջ չընդունեց միսիս Բլայզի ասածը, միայն հավելեց.

– Եթե չեք հասցրել տեսնել մեր բոլոր ցուցանմուշները, կարող եք վաղն էլ գալ, այսօր արդեն փակվում ենք:

– Երբե´ք… – ճչաց միսիս Բլայզը: Աչքն ընկավ իր բլուզին, ասես ուրվական էր տեսել. ձեռքերը տենդագին թափահարեց՝ փորձում էր քշել բլուզին պատկերված մեծ թիթեռներին, հետո սթափվեց, հարդարեց ալեկոծ մազերը, գլուխը ետ գցեց, ակնոցը հրեց-հասցրեց քթարմատին ու ներկաների զարմացած հայացքների ներքո հրահանգեց:

– Անհապաղ գնում ենք այստեղից:

Ինչ որ տեղից ռիթմիկ երաժտության ձայներ լսվեցին:

Թիթեռը հոգոց հանեց.

– Իսկի չնայեցին իմ կողմը ու… ո´չ մի լուսանկար, գուցե տեսքս այն չէ արդեն…

– Սիրելիս, – թևիկները թափահարեցին և միաձայն արտաբերեցին զույգ փոքրիկները, որոնց տակի գրությունը վկայում էր «ամենափայլուններ», – խաղաղվիր: Տեսքդ տեղն է, ամենասիրուն ու մեծ թևիկները քեզ են բաժին հասել:

Թիթեռն իսկապես չնաշխարհիկ գեղեցկություն ուներ, նրա թևիկից մինչև պոչի սկիզբ համարյա մի բանաստեղություն էր: Անցյալ օրը անգամ երեխաներից մեկը նկատեց, մոտը եղած գիրքը դրեց ցուցապակուն՝ «բանաստեղծությո՜ւն է… դեռ մի բան էլ՝ ավելին…»  ու մինչև մայրը սաստեց ՝ զգո՜ւյշ, թիթեռն իրեն աշխարհի «ամենա»-ն զգաց:

Լռեցին բոլորը:

Մորեխը սկսեց ինչ-որ երգ երգել. թախծոտ երգ էր՝ դաշտերի, արևի ու բույրերի մասին… Զարմանալիորեն թիթեռը ոչինչ չէր հիշում, թեպետ այցելուներն այնքան էին պատմել իր ծննդավայրի մասին, որ նրանցից լսած տեքստերն անգիր գիտեր. երբ են ծաղկում դաշտերը, ինչպես են բուրում դաշտերը… Թիթեռը լացեց, թևիկները ցնցվեցին ու ամբողջ ցուցատախտակը ակամայից իր հետ համընթաց դողդղաց:

– Քեզ ի՞նչ եղավ, – ծանրամարմին Տիտանուսը փորձեց ամուր կառչել իր իսկ քորոցից, որ ամենից շատ էր ցնցվում:

– Ես չունեմ իմ հուշերը, ես չեմ հիշում իմ տունը…

– Է՜հ, գուցե այդպես ավելի լավ է… այնքան երկար ենք այստեղ մեխված, որ սա´ է մեր տունը հիմա: Տեսնելը երբեմն խանգարում է, – ասաց թիթեռին, – փակիր աչքերդ ու լսիր…

Երեք ույու չորս՝ առանց հրահանգի՝ բոլորը փակեցին աչքերը:

Անտառը խշշաց, ծառ ու ծաղկի բույըը լցվեց, լցվե՜ց… Ամեն մեկն իր ծննդավայրը տեսավ… ու հետո բոլորը իրար տեսան փակ աչքերով:

Ու բոլորը երջանիկ էին այնքա՜ն…

Ամենա-ները առաջին անգամ իսկապես ամենա էին. ամենաերջանիկն էին՝ մի քանի րոպե, լուսաբացից առաջ…. Հետո բոլորը քնեցին, իսկ մորեխը աչքերը բաց լուսացրեց: