Մոտենում էր Ամանորը։ Կալայի գլխում մի միտք էր պտտվում ու հանգիստ չէր տալիս։
-Ի՞նչ է եղել, ինչու՞ ես այսուայնկողմ գնում-գալիս, – վերջապես գործից կտրվելով, հարցրեց մայրը։
-Մայրի՛կ, ես ուզում եմ խնկենու կամ ձիթենու ճյուղ զարդարենք, ինչպես հին ժամանակներում են հայերն արել․․․
-Բալես, այստեղ, ցավոք, ձիթենի չի աճում, իսկ խնկենի (պիստակենի) աճում է որոշ լեռնային տեղերում, այն էլ միայն բթատերև տեսակը․ բոլորովին վերջերս եմ այդ մասին կարդացել։ Ուզում էի պարզել, թե ինչպես, ինչից են մարդիկ խունկ ստացել ։
-Մա՜մ, էդ ինչ գեղեցիկ է խնկենին, համացացանցում նայեցի, եղեվնին էլ եմ շատ սիրում, բայց ուզում եմ անպայման խնկենու մի փոքրիկ ճյուղ զարդարել, ինչպես առաջներում են արել երեխաները․․․
Պապիկը, որ մինչ այդ լուռ նստած էր բազմոցին, ժպտալով ասաց․
-Ոչի՛նչ, կարող ես զարդարել ցանկացած պտղատու ծառի ճյուղ։ Արի՛, արի գնանք մեր բակից մի բան ընտրենք։
Կալան շատ ուրախացավ։ Քիչ անց, նրանք արդեն բազմահարկ շենքերի արանքում գտնվող փոքրիկ այգում էին։
-Իսկ դու գիտե՞ս, թե ինչպես ես զարդարելու ճյուղը,- աղջնակի մտքերը կարդալով, հարցրեց պապիկը։
-Հա, մի քիչ․․․ Քաղցրավենիք ու մրգեր են կախում գունավոր թելերով․թանգարանում եմ տեսել․․․Դու էլ, չէ՞ ինձ կօգնես, պապի,- ժպտաց Կալան,- գիտե՞ս, ես մտածում եմ, որ ճյուղն էլ՝ ամենքն իր ուզածով կարող է զարդարի, իհարկե՝ չրեղենը, քաղցրավենիքը, ընկուզեղենը, գույզգույն թելերը՝ պարտադիր է, բայց ես կուզեի իմ ճյուղից կախել նաև իմ պատրաստած խաղալիքներից, կամ այն՝ գունավոր թելերով գունդ-խաղալիքները, հիշու՞մ ես, որ կախում էինք եղևնուն․․․ճի՞շտ է, պապի, կլինի՞, եթե իմ ուզածով անեմ։
-Իհարկե կլինի, միայն, ինչ էլ անելու լինես, նայիր, որ համահունչ լինի հին զարդարանքին, ներդաշնակ։ Ճյուղը զարդարելու մեջ հոգի դիր ու չմոռանաս ավետիս երգել․․․
«Ավետի՞ս,- չհասկանալով պապի ասածը, մտածեց Կալան,- երկրորդ հարկի Ավիկի պապիկի անունն է Ավետիս, բայց դա ինչ կապ ունի երգելու հետ»․․․Առանց պարզաբանելու, աղջիկը քայլեց պապի ետևից։ Վերջապես, նրանք մի գեղեցիկ ճյուղ ընտրեցին։ Բալենու ճյուղ էր։ Կալան փորձեց զարդարված պատկերացնել այն․․․
-Պա՛պ, զարդարել ես, չէ՞ խնկենի․․․
-Երբեք չեմ զարդարել,- մտածկոտ, ասես հեռուն գրկող հայացքով, պատասխանեց նա,- առաջին անգամ՝ քեզ հետ պիտի զարդարեմ։ Ինչ հիշում եմ ինձ, իմ տոնածառը եղևնին է եղել․․․ա՛յ, իմ տատն ու պապը զարդարած կլինեն, նրանք համարյա քո տարիքին էին, երբ․․․
Նա լռեց, բայց Կալան հասկացավ՝ ի՛նչը և ինչու՛ չասաց․․․
-Նրանք էլ մեզ էին խնայում, լուռումունջ էին, ոչինչ չէին պատմում։ Շատ եմ ափսոսում, որ հնազանդորեն ընդունում էինք նրանց լռակյացությունը, հարցեր չէինք տալիս։ Հիշում եմ, երբ մեծերով հավաքվում էին մեր տանը, կիսաձայն խոսում էին, պատմում անդադար, երբեմն թուրքերենի էին անցնում, որ չհասկանանք, իսկ մենք՝ խաղով տարված, չէինք էլ փորձում իմանալ նրանց ցավը, ավելի ճիշտ՝ չէինք հասկանում․․․Երբ հասկացա, ես ինքս արդեն չէի ուզում հարցերով ցավեցնել նրանց։ Պատկերացրու, որ Ծիծեռնակաբերդի հուշարձանի բացման ժամանակ՝ նոր իմացա տատիս ու պապիս հետ կատարվածի մասին․․․ապրումներից հիվանդացա․․․ Լավ, հերիք տխուր բաներից խոսենք, Կարինե ջան, դու վերելակը կանչիր, եթե շատ ուշանա, կպատմեմ, թե ինչու քեզ սկսեցինք Կալա կոչել։
Աղջիկը բազմիցս լսել էր այդ պատմությունը, սակայն սիրում էր, երբ մեծերը՝ հուշերի գիրկն ընկնելով, պատմում էին իր մասին։ Ամեն բան աղջնակի սրտով էր՝ վերելակն ուշանում էր։ Պապը շատ կամաց մի երգ դնդնաց․
-Ծառ խնկենի, արմավենի, ավետիս,
Ձեր մանչերուն Աստված օրհնե, ավետիս․․․
-Պապի՛, ես արդեն հասկացա՝ ինչ է ավետիսը․դա ուրախալի լուր է, բարեմաղթանք, որ երգել են Ամանորին, ճի՞շտ է։
-Այո, ճիշտ է, Ամանորին ես ծնվել, դրա համար շուտ գլխի ընկար։ Քեզ Կալա սկսեցինք կոչել, քանի որ Կաղանդ բառը լատիներեն calendae է, այսինքն՝ նոր տարվա առաջին օր։
Կալան հրճվանքով լսում էր, կարծես առաջին անգամն էր պապը պատմում այդ պատմությունը։ Նա այնքան կլանված էր, որ անգամ չնկատեց, ինչպես բարձրացան վերելակով ու մտան տուն։
-Ինչ էլ սիրուն ճյուղ եք բերել,- ուրախ-ուրախ ասաց մայրիկը և անմիջապես տարավ լոգարան։
-Շատ փոշոտ է, ցնցուղի տակ պահեմ, առավոտյան չորացած կլինի, կզարդարեք։
Չնայած Կալան շատ էր շտապում խնկենին զարդարված տեսնել, բայց քանի որ արդեն հոգնած էր, որոշեց պապին մի բան հարցնի ու գնա քնելու։
-Պապի՛ ջան, ամենաշատը ի՞նչ կուզենայիր պապիցդ իմանալ․․․
-Մի մարդու անուն շատ էին տալիս՝ Հովաս կադա էին ասում, հավանաբար տոհմի մեծն էր, մեծ հրճվանքով և ակնածանքով էին խոսում, պատմում նրա ու նրա հերոսությունների մասին․․․հենց նրա մասին կհարցնեի․․․Հա, ու մեկ էլ շատ կուզեի հարցուփորձ անել, իմանալ, թե ավելի ստույգ որտեղ է եղել իմ էրզրումցի (ինքն ասում էր՝ թերջնցի) պապի պապական տունը Խաչգյուղում։ Հետո, երբ ուշացումով սկսեցի գիտակցել ու հասկանալ, շատ ափսոսացի, որ շուրջս չկա ոչ ոք, ումից կարող եմ մի բան իմանալ։ Երբ ողջ էր մայրս, նա էր հարցախեղդ անում պապիիս ու մամիիս․․․հերթով գնացին։ Հիմա փորձում եմ վերհիշել՝ այն մարդկանց հետ ինչ կապող բան կարող է մնացած լինել, ու՞մ կարող եմ գտնել, որ քեզ պատմելու բան ունենամ, իսկ դու՝ հիշես ու հուշը փոխանցես։ Չգնահատեցիր հինը՝ նորի գույները շուտ կխամրեն, չեն գոհացնի հոգիդ։ Հողը պահողը մենք ենք, մեր հիշողությունը։ Կան բաներ, որոնք պարտավոր ենք փոխանցել սերնդե-սերունդ․․․Լավ, գնա քնելու, բարի լույսի հետ՝ կզարդարենք մեր խնկենին ու կշարունակենք մեր զրույցը․․․
Ննջարանում մի միտք հանգիստ չէր տալիս Կարինեին․«Կարող է նրանց թոռներն ու ծոռները ավելին լսած ու մտապահած լինեն, պետք է փնտրենք ու գտնենք նրանց․․․Հա, մեկ էլ չմոռանամ տանեցիներին և ընկերներիս զգուշացնել, որ ինձ միայն Կարինե ասեն․․․»։
Արտասովոր երազ տեսավ․․․Սենյակի կենտրոնում, բալենու ճյուղը ձեռքին, նստած էր Հովաս կադան, նրա շուրջն էին հավաքվում անդադար ներս եկող մարդիկ, որոնց նա դիմում էր անուններով՝ Բենո, Աղաս, Էլիզա, Պայծառ, Հարութ, Շմավոն, Ազնիվ․․․Բոլորը ժպտում էին, սենյակը գնալով լուսավորվում էր։ Ամեն ներս մտնողի հետ, խնկենու ճյուղերին ծաղիկ էր բացվում։ Երբ բոլորն հավաքվեցին, խնկենին ամբողջությամբ ծաղկել էր ու կանացի քնքուշ ձայնով ավետիսներ էր երգում․․․
Ծաղիկը, որն ուզում էր գիրք ունենալ
Գարնանը գեղեցիկ առանձնատան դիմացի ծաղկանոցում բացվեցին ծաղիկները։ Շուրջը լցվեց հաճելի բույրով։ Չգիտես որտեղից, հայտնվեցին և դզդզացին բզեզներն ու մեղուները։ Ծաղիկների մեջ մի ցածրացողուն ծաղիկ կար, որն աճել էր ծաղկանոցի եզրին, և նրան լավ էր երևում առանձնատան պատշգամբը, որտեղ տաք և արևոտ օրերին, փոքրիկ աղջիկը կամ տղան գիրք էին կարդում։ Երբեմն նրանք միասին էին թերթում գիրքը և իրար ցույց տալիս էջերի գունավոր նկարները։ Ծաղիկն ակամա ասես ընկերանում էր նրանց և ծաղկանոցում կանգնած՝ հեռու-հեռվից նրանց հետ փորձում էր նայել նկարները։ Բայց դա նրան այնքան էլ չէր հաջողվում։
«Ինչու՞ ծաղիկները գրքեր չունեն մարդկանց նման»,- մտածում էր ծաղիկը ու տխրությունից գլուխը կախում։ Նրա կողքին քամու բերած սերմից երեքնուկ էր աճել։ Բոլոր ծաղիկները փսփսում էին, որ երեքնուկը շատ իմաստուն է։ Փոքրիկ ծաղիկը որոշեց հարցնել նրան․
-Երեքնու՛կ, կարո՞ղ է իմանաս, ինչու ծաղիկները գրքեր չունեն․․․
Երեքնուկը ուշադիր լսեց և փարթամացնելով իր հոտավետ ծաղկագնդիկը, ասաց․
-Դու գիտե՞ս, որ մարդիկ իրենք են գրում, ստեղծում գրքերը։ Բայց դա չի նշանակում, որ մենք գրքեր չունենք։ Մեր գրքերն էլ՝ բնությունն է ստեղծում, միայն կարդացող լինի․․․ Ե՛ս էլ եմ գիրք, ինձ էլ կարող ես կարդալ։ Տես,ուրիշ ոչ ոք այս ծաղկանոցում ինձ պես եռատերև չէ, այսինքն՝ երեքտերևանի, որ քեզ համար ավելի հասկանալի լինի․․․Մարդիկ սիրում են իմ տերևները անուններով կոչել և գուշակություն անել։ Բա ինչե՜ր է գրված իմ կիպ-կիպ սեղմված ծաղկաթերթերին։ Ողջ կյանքիս պատմությունն է․․․ Տե՛ս, իմ գլխիկն էլ է կլոր, ինչպես երկրագունդը։ Եթե շուրջդ նայես, կտեսնես, որ ամենքը մի յուրահատկություն ունի, յուրովի կարդալու մի բան․․․
-Ասա ինձ, խնդրեմ, ինչու՞ չեմ կարող մոտենալ այն պատշգամբին․․․
-Որովհետև ծաղիկ ես, հողում ամուր կանգնած ծաղիկ, այս հողի զավակն ես, հողում են քո արմատները։ Եվ միայն մի խելառ ու դաժան քամի կարող է արմատներիդ ուժը խլել ու քեզ քշել հեռու․․․
-Երեքնու՛կ, իսկ ինչու՞ են ասում, որ դու իմաստուն ես։
-Իմաստու՞ն․․․ չգիտեի,- ծիծաղեց երեքնուկը,- երևի նրա համար, որ դաշտերն, ուր սովորաբար աճում եմ, լայնարձակ են՝ ես նայում եմ ու տեսնում հեռուն, իսկ դեկորատիվ բույսերն ու ծաղիկները բարձրահարկ շենքերի արանքում գրեթե ոչինչ չեն տեսնում ․․․ Գուցե այդ տեսադաշտն է օգնում, որ ընդարձակվի իմ միտքը, մտահորիզոնը․․․ Չգիտեմ․․․ Տեսնո՞ւմ ես, երբեմն իմաստուններն էլ են դժվարանում հարցերին պատասխանել․․․
Փոքրիկ ծաղիկը փորձեց հասկանալ երեքնուքի ասած ծանոթ և անծանոթ բառերը։ «Ինչքան բան կա, որ չգիտեմ, ինչե՜ր-ինչե՜ր դեռ պիտի սովորեմ»,- լուռ մտածում էր նա։ Հանկարծ, ճախրելով մի նախշուն թիթեռ եկավ ու նստեց իր պսակին։ Բեղիկներով խուտուտ տվեց ու սկսեց բացել-փակել գեղեցիկ թևիկները։
-Վայ, ինչ նման է գրքի․ ընդամենը երկու թերթ ունի, բայց ինչ նախշեր կան վրան։ Պատկերազարդ գիրք լինի ասես․․․ Չէր հասցրել վայելել բոլոր նախշերը, գծերն ու գույները, երբ թիթեռը թռավ-նստեց մեկ այլ ծաղկի վրա։ «Ահա և իմ կարդացած առաջին գիրքը»,- ժպտալով մտածեց ծաղիկը։
Ամեն առավոտ նա սպասում էր, թե երբ են ճախրելով իր մոտ գալու աշխարհի ամենագեղեցիկ երկթերթանի գրքերը։ Փոքրիկ ծաղիկն այնքան տարվեց կարդալուն նմանվող իր խաղով, որ չէր նկատում ինչպես է անցնում օրը։ Անգամ մազմզուկոտ տոտիկներով մեղուներն ու բզեզներն էին արդեն գրքի նման՝ բզբզալով բան էին պատմում ու հեռանում։ Մի մեծ՝ փայլուն թևերով բզեզ, մի օր դզզաց ծաղկի ականջին․
-Դու էլ ես գիրք․․․ Եվ եթե ուզում ես երջանիկ լինել, առաջինը քեզ պիտի կարդաս, ճանաչես, հասկանաս, ինչն է սրտիդ մոտ․․․
Ծաղիկը սկսեց ինքն իրեն հարցեր տալ՝ ի՞նչ, ինչպե՞ս, ինչո՞ւ, ո՞ւմ, որտե՞ղ․․․հարցերն այնքան շատ էին, որ նա խճճվեց և որոշեց հաջորդ օրը գտնել դրանց պատասխանները, ինչպես ասում են՝ թարմ ուղեղով։ Հիմա լավ կլինի մի քիչ հանգստանա, մանավանդ, որ մթնում էր, իսկ երեքնուկը կախել էր իր գնդաձև գլխիկն ու անուշ նիրհում էր։ Ծաղիկը նայեց աստղառատ երկնքին և նկատեց, որ նա էլ է գրքի նման փռված իր առջև․․․ չէ՛, տանիքի պես կախված է գլխավերևում․․․ «Կարդամ երկնային գիրքը ու լսեմ լուսնի և աստղերի զնգզնգուն երգը»,- ահա թե ինչ ուզեց այդ պահին փոքրիկ ծաղկի քնքուշ սիրտը։
Լուսնի և աստղերի խմբերգն այնքան ներդաշնակ էր, հանդարտ ու գեղեցիկ, որ ծաղիկը քնեց մի հանգիստ համոզմամբ, որ լուսանալուն պես, անպայման գտնելու է իր հոտավետ գլխում ծնունդ առած բոլոր հարցերի պատասխանները։ Նրա փոքրիկ սիրտը վկայեց նաև, որ դեռ շատ հարցեր են ծնվելու իր ծաղկուն մտքում․․․
