Արփինե Վարդանյան, Պատմվածք

Շրջափակում

Շրջափակում

Մեկ, երկու… երկու ամիս… էլ չենք հաշվում: Հաշտվեցի՞նք: Եթե այո, ուրեմն դա վատագույնն է, որ կարող է մեզ հետ պատահել:

«Շրջափակման մեջ ենք»,- առաջին անգամ գիտակցեցի, երբ աչքս ընկավ մեր թութակի վանդակին: Բայց հետո հասկացա, որ մենք ավելի անազատ ենք:

Մայրս աշակերտների տետրերը մի կողմ էր դրել ու չէր ստուգում: «Աչքիցս հեռու թող լինի»,- հայտարարեց մայրս ու, կարելի է ասել, դեն նետեց: Եվ հարցը միայն այն չէր, որ դպրոցները փակեցին: Չէ՛: «Շրջափակման մեջ ենք»,- դատավճռի նման էր մայրս արտաբերում: Գուցե դատավճի՞ռ է, չգիտեմ… Արմենն էլ՝ ԱՅՆ ԿՈՂՄՈՒՄ: Ե՞րբ էինք նորից տեսնելու:

Հարևան Մարիամի ծիծաղը ճեղքում է պատն ու այն կարծես անցնում է մեր միջով, մորս միջով, տատիս միջով, հորս միջով: «Անաստվածը դեռ ծիծաղում է»,- չի դիմանում մայրս: Բայց նման պահերին ուզում եմ հակաճառել մորս: Կմկմալով ինչ-որ բան եմ ասում: Մայրս դրանից ավելի է բարկանում․

-Խանութներում սնունդը վերջացել է, դեղատներում էլ դեղ չկա, մարդիկ չեն կարող իրենց տուն վերադառնալ, շրջափակման մեջ ենք ու անհայտ է ամեն ինչ, բայց մարդ կա՝ չի հասկանում, թե ինչ է կատարվում: Դո՛ւ էլ,- նետեց:

«Ինչ անարդար ենք մեկս մյուսիս նկատմամբ»,- ուզում եմ բարձրաձայնել ամեն անգամ, երբ մայրս այսպես է խոսում, բայց ամեն անգամ լռում եմ: Իրեն էլ եմ հասկանում:

«Տան կենտրոնը խոհանոցն է»,- ասում է մայրս: Գուցե ճիշտ է ասում, չգիտեմ, բայց ես դեռ շա՜տ ջահել եմ դա հասկանալու համար կամ էլ ուղղակի «դեռ մայր չեմ»: «Մայր կդառնաս ու ուրիշ կլինի»,- փաստում էր մայրս ու գնում խոհանոց. մեզ պետք է կերակրեր: «Շրջափակման մեջ ենք»,- միայն սրա մասին է մայրս մտածում: Եվ նյարդերից գոգնոցը շատ ամուր էր կապում: Սեղմում էր: Մարմինն էլ ոչ թե գրկել էր, այլ փաթաթվել էր վզին, սրտին, կոկորդին… սեղմում էր: Շա՜տ:

Մորս ճաշի հոտը գրկում է պատերը ու դրանից ինչ-որ հաճելի ու անտեսանելի ջերմություն գալիս ու գրկում է ինձ: Իսկ մայրս դառը հոգոց է հանում: Արմենին ո՞վ է կերակրում:

«Մի օր ամեն ինչ ուրիշ կլինի»,- ուզում եմ նման պահերին բարձրաձայնել: Բայց հետո հասկանում եմ, որ… չէ՛, երբեք առաջվանը չի լինի, որովհետև, առհասարակ, երբեք առաջվանը չի լինում: Իսկ տատս շարունակում է աղոթել և ամիսը երկու անգամ գերեզմաններ գնալ: Մայրս սկսում է դրանից էլ նեղվել: «Ի՞նչ ձևով ապրենք, մա՛մ, որ չնեղվես»,- հաճախ ուզում եմ գոռալ ու բարկությունս ավելի է գլուխ բարձրացնում, երբ տեսնում եմ, որ ոսպ է մաքրում: Ոսպ չեմ սիրում: Բայց գիտեի, որ հեսա մայրս մի ճար էլի անելու էր, որ ճաշին իմ առաջ ոսպ չդներ: Նման պահերին խիղճս սկսում էր տանջել: Տատիս հետ մեկ-մեկ գերեզմաններ էի գնում: Գարնանը մի քիչ դժվար էր: Պետք է անցնեինք գերեզմանաքարերի միջով, իսկ անձրևից առաջացած ցեխը դժվարացնում էր ընթացքը: Տատս միշտ առջևից էր գնում՝ ոտքը կաղալով, դժվարությամբ, հևալով… Մեկ-մեկ, չնայած, ուզում էի տա- տիս հանդիմանել՝ «Ա՛յ տատ, դե չես կարող, էլի…»: Բայց

լռում էի, ձայն չէի հանում: Հասկանում էի՝ նա չէր ուզում, որ հանկարծ անցնեինք իրենից: «Ոչինչ, թող ինքը գնա առջևից, նա է հաճախ հիշում, նա է…»: Պապիս առանձնապես չէի հիշում, բայց կանգնելով նրա գերեզմանի առջև՝ ինձ թվում էր, թե շատ լավ էի ճանաչել նրան, ավելին, նույնիսկ «գիտակցում էի», թե ինչպիսի մարդու էի կորցրել՝ աշխարհի ամենաբարի, ամենալավ, ինձ շատ սիրող, ինձ հետ միշտ խաղալ ցանկացող… Եվ հանկարծ նրա կարիքն էի զգում, կարծես եթե նա ողջ լիներ, ամեն ինչ այլ կերպ կլիներ… Հեռանալիս հայացքս գցում էի գերեզմանոցին, այն ահռելի էր թվում:

Դժվարությամբ էինք իջնում: Տատս այլևս առջևից չէր գնում: «Տա՛տ, արի առաջ անցի»,- ասում էի ես: «Չէ՛, դուք առաջ անցեք, գալիս եմ, էլի»,- փնթփնթում էր տատս: Ձայն չէի հանում. հասկանում էի:

* * *

-Բան ունե՞ք ուտելու,- տեսազանգով Արմենն է ամեն անգամ հարցնում:

-Հա՛, բալես,- ասում է մերս ու արցունքները սրբում:

Հա՛, ունեինք: Մայրս իմ ճաշերը բոլորից  առանձին  էր դեռ պատրաստում. ես ամեն բան չէի ուտում: Բայց մի օր իմ առաջ էլ ոսպ դրեց:

Ջրի ձայնը հաճախ է լսվում մեր խոհանոցից: Մորս համար ճաշ պատրաստելը արարողակարգ է, հատուկ իրադար- ձություն: «Մերդ է գլխավորը»,- արդեն ասում է տատս ու մի տեսակ մորս ուրիշ ձև է նայում: Առաջ այդպես չէր:

Նորից ջրի ձայնն է լսվում: Մայրս բացել է ծորակն ու վայելում է պահը: Խոհանոցի տիրուհին ինքն է: Հետո կամաց, հատիկ-հատիկ մաքրում է ոսպն ու զգուշությամբ մաքուրն առանձնացնում է առանձին ափսեում: Իսկ ծորակը միշտ եր- կար է բաց թողնում: Կարծես ջրի ձայնը վայելելով է մայրս

գործերն անում, իսկ ջուրն իր հերթին անցնում էր մորս երակ- ներով ու նրան նոր կյանք ու ուժ տալիս:

Մարիամի ձայնն էլի բարձր է լսվում: Նորից ծիծաղում է:

«Մայրս հիմա մի բան կասի»,- ամեն անգամ մտածում եմ ես, բայց մայրս, առհասարակ, ինչ-որ պահից դադարեց կարծիք հայտնել: Իսկ Մարիամը շարունակում է ծիծաղել:

Գիշերն արթնացա սովից: Սոված էի մնացել: Մեխանիկորեն գնացի խոհանոց: «Գոնե ջուր խմեմ»: Լույսը վառած էր: Մերս էր: Խառնվեց իրար կամ գուցե ի՞նձ թվաց, չգիտեմ: Բայց դա տևեց ընդամենը մի պահ:

-Դո՞ւ ես,- համարյա կիսաձայն արտաբերեց:

-Հա՛,- կտրուկ վրա բերեցի ու աչքս միանգամից ընկավ սեղանին: Տետրերն էր ստուգում:

-Ոսպ կա՞,- անսպասելիորեն վրա բերեցի:

Մերս լուռ նայեց ինձ ու կարծես նոր նկատեցի, թե մայրս ինչքա՜ն էր ծերացել:

-Քեզ պահել եմ,- պատասխանեց:

Բառերը կուլ են գնում ու քար դառնում, մեխվում կոկորդում, որ ոչ թե ուղղակի լռես, այլ կուլ տված, չասվածիդ բառերի դառնահամը զգաս:

Նայեցինք իրար: Ժպտացինք: Կոկորդս քերվեց: