Հակոբ Հարություն, Վեպ

Է վանքի կոչնակը

(հատված կենսապատում-վեպից)

ԻՄ ԼՈՒՅՍԸ ՓՈՂ ՏՎՈՂ ՉԻ   

Հացի սեղանից ու գերեզմանաքարերից լույս է ելնում: Պարզապես այն տեսնել ու զգալ է պետք, նույնանալ, բովանդակվել նրանով, կայանալ մարդկայինի պայծառ անաղարտությամբ տոհմագենի կանաչ-կարմիր լուսե նշաններով (կանաչ-կենաց ծառ, արյուն-կարմիր գույն, Մեծ Մհերի գերեզմանից ելնող կանաչ – կարմիր լույս, փեսայի կոսպանդ): Մարդուն տրված է ճանաչելու ունակություն, որով  կարողանում է երևույթներն ու իրերը դասդասել սովորականի ու անսովորի, կիրթի ու անկիրթի, բարու ու չարի, լավի ու վատի՝ ստեղծելով շուրջը միջավայր իր ճշմարտությունը կայացնելու համար:

Խոհերիս ծանրության տակ մարմինս ամեն շարժումից անդուր մզզում է՝ զգացնելով հոգուս տկարությունը,  հանելով նրան հավասարակշռությունից, բայց տակավին տոկում եմ ու մտածում, որ ապրել է պետք, ուստի և ապրուստ հոգալ, մինչդեռ աշխատելու կարողությունս կարծես թե սպառվել է: Աստվա՜ծ իմ, ի՜նչ դժվար է ապրել-վաստակելը, և ինչքան հեշտ եմ այն մսխել: Ներսումս մնացած հումորի ծվենը հուշում է, թե որ «դժվարն ու հեշտը» մի կողմ թողնեմ, կմնա խնդիրների խնդիրը՝ չկոտրվելը, ուրեմն՝ աշխատի՛ր, հրամայում եմ ինձ ու մտքերս տարածվում, զարնվում են սենյակիս պատերին:

Ուղեղս ու մարմինս միմյանց հակառակվել են, այնուամենայնիվ ուղեղս  կարողացավ մարմինս քարշ տալ գրասեղանի մոտ ու շպրտել թիկնաթոռին: Նայեցի գրասեղանիս. թղթեր, գրքեր, համակարգիչ, էլի թղթերի տրցակներ, հորս մաքուր մոխրամանը… «Հորս մոխրաման» ասելն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ տարիներով պահպանված մոխրամանն սկզբից պապիս խոկումների ընկերն էր. հազար ու մի խոհ է մեջը մոխրացրել: Ներսովս մոխրագույն տաքություն անցավ: Ուղղվեցի: Սովորույթի ուժով սեղմեցի համակարգչի միացման կոճակն ու մտածեցի՝ հիմա էլ այս «բարվոք» վիճակիս աչքերիս մրմռոցն է պակաս… դե, տղա ես՝ դիմացիր: Է՛, դիմանամ-չդիմանամ, «պիտ ապրինք իշտե»: Ֆեյսբուքյան էջիս լրահոսում ուշադրությունս գրավեց գրական մրցանակաբաշխության հայտարարությունը: Ոգևորվեցի, հնարավորություն է, հարկավոր է մասնակցել, գործիս անունն ի՞նչ է որ, կնստեմ ու կգրեմ: Մտափոխվեցի՝ չեմ մասնակցի, ավելի լավ է իմ յուղի մեջ տապակվելով ինքնզինքս արժևորված պահեմ ու շարունակեմ մտքերս գրամտածողությամբ բյուրեղացնել: Այդ միջոցին էկրանի հայելում տեսա հորս աչքերը, և ունկերումս զնգաց նրա ձայնը. «Որ տեղ չէիր բռնելու, ինչո՞ւ գնացիր մրցույթի»: Այս խոսքերը հայրս ինձ՝ դպրոցական աշակերտիս, ասել էր  քիմիա առարկայի քաղաքային օլիմպիադայի մրցանակաբաշխության արդյունքների հրապարակումից հետո, որում մեր դպրոցը ես էի ներկայացնում և մրցանակային եռյակում տեղ չէի գրավել: Հայրս մեկ շաբաթ հետս չէր խոսում, մինչև վիրավորանքը մի քիչ անցավ ու ձեռքը ուսիս դնելով ասաց. «Ինչ-որ չափով մեզ համար պատիվ է դպրոցում հաղթելը, բայց հիշի՛ր, տղա՛ս՝ ցանկացած գործում վերջինը չլինես, հիմա սովորելն է քո գործը, ուրեմն սովորելու մեջ առաջինը եղի՛ր»: Հորս խորհուրդը բնավորություն դարձրի, ոչ մի գործում իմիջիայլոց ներկա չեղա, ամենուրեք վերջինը չէի, ոչ էլ միջինը, իսկ առաջինը եթե չեղա էլ, հետո հասկացա, որ այնքան էլ մեղավոր չէի, քանի որ «քաղաքական հենարան» չունեի, իսկ իմ բաժին ժամանակում ամենը քաղաքականացված էր, մինչդեռ ես հինավուրց Գասապենց տոմհի Գասապեաններից մեկն եմ, իսկ ավանդաբար «Գասապենց կողմինները կուսակցություն – մուսակցություն չեն խաղցներ»: Նրանք «ճերմակ երեսով տեսնուած հաշիւ»-ով են արդյունքն ամփոփել ( «Չնքուշի մսագործները գարնան ուլեր կը գնէին եւ մինչեւ աշուն արածելու ու մեծցնելու համար քիւրտերուն կու տային կէսառկէս, այսինքն մորթելու պատրաստ այծ դառնալէ յետոյ, կէսը իրենց կէսը արածացնող քիւրտին: Մսագործ մը, որ տասը ուլ էր տուած գիւղացի քիւրտի մը, երբ աշնան կ’երթայ իր բաժին այծերը բերելու, քիւրտը զայն կ’ընդունի սիրով եւ հիւրասիրելու համար անոր առջեւ կը դնէ քիւլիւկով (փայտէ խոշոր աման) մածուն ու, մինչ հայը կըսկսի ուտել, քիւրտը հետեւեալ հաշիւը կը ներկայացնէ. 

Ոչխարներուն առաջնորդը թռաւ ժայռեն, 

 Հինգ ոչխար ալ անոր ետեւէն,                                                                                             

Մէկն յափշտակուեցաւ գայլէն,                                                                                            

Մէկը տվի գասապին,                                                                                                             

Մէկն ալ մի խառներ հաշիւին,                                                                                             

Միւսն ալ մեր տղան վզին զանգ է անցուցած, ո՜չ քեզի կուտայ, ո՜չ ալ ինծի:

       Ապշահար հայը առջեւի մածունը քիւլիւկով կը նետէ երեսին քիւրտին, որ մածունոտ երեսն ու մօրուքը երկու ձեռքով բռնելով կը յարէ.                                                                     –Էլ համտուլլա եուզ աղլըղ իլէ պիր հիսապ կէօրտիւք (Փարք Աստուծոյ, ճերմակ երեսով հաշիւ մը տեսանք ) Գառնիկ Գէորգեան «Չնքուշապատում»):             Մերոնք աշխարհագրորեն ապրել են պատմական Աղձնիքի տարածքում՝ Չնքուշ գյուղաքաղաքում («Չնքուշի մսագործները մէկ գերդաստանի կը պատկանէին – Գասապենց, եւ այնքան շատ էին՝ որ համանուն թաղ’մ ալ ունէին: Մեր ժամանակակից Գասապենք վեց եղբայրներ էին – Էրկան Գազար, Գասապ Նիկողոս, Գըթօ, Էփուշ, Կարապետ եւ Նէկուշ» Գառնիկ Գէորգեան «Չնքուշապատում»), և Գասապեան ամբողջ տոհմում եղեռնից միակ ողջ մնացածը Ղազար պապս էր:             Չնքուշյան խոհերով էի տարված, երբ հեռախոսս զնգաց, «Գրական թերթ»-ից էր, առաջարկեցին մի երկու խոսք գրել Անկախության օրվա կապակցությամբ: Համաձայնվեցի, կենտրոնացա ու գրեցի վերնագիրը. «Երկրի պտույտի հետ գալիս է սեպտեմբերի 21-ը», հետո բնաբան վերցրի իմ բանաստեղծության տողը «Ազատության խութերը թափանցիկ հոգիներ են ապակե», ու խոսքս ինքն իրեն եկավ. «Անկախության օրն է մոտենում, ու ես՝ որպես սովորական հայ մարդ, ով ախպար լինելով հանդերձ վերջին վեց տասնամյակում ապրել է իր լեգեոնական պապի երազած, կամավորական որդու բազկով պաշտպանված հայրենիքում, որը տեսակ-տեսակ «անվանակոչումներով» հասել է այսօվա քաղաքակական մտքի վիճարկելի «իրական Հայաստան» ձևակերպումին՝  իբր Հայաստանն այնքանով է  հայրենիք, որքանով  պետություն է: Իսկ մնացյալն արդյոք լռությո՞ւն է: Սակայն այդ անտեսվող «լռության» ներքո այսօր կարծես չի ստացվում վեհորեն ընդառաջ գնալ ու ըմբոշխնել  Անկախության օրվա խորհրդի վայելքը, քանզի առկախ է թվում ամեն ինչ ու ոգեզուրկ:

       Տարիներ շարունակ սեպտեմբերի 21-ը  ինձ համար հոգու հրճվանքի ոգետոն էր, որով արժևորվել է իմ՝ մշտամնա ժամանակի ու տարածության ժառանգիս, կյանքի իմաստավորումն ու առաքելությունը: Բայց ոչ, հիմա ինչ-որ բան այն չէ, թեկուզ օրը մնում է նշանակալից, այնուամենայնիվ, որպես տոն այն այլևս չեմ կարողանում ընկալել, հատկապես, երբ տեսում եմ մեր անկախության բազմակախյալությունը, երբեմն ծիծաղելիության հասնող պարզունակությամբ: Ակամայից մեջս զնգաց Սարոյանի Ջոնին. «Ես ոչ մեկի անունը չեմ տալիս, պա, բայց ինչ-որ տեղ մի բան սխալ է»:  Խոհերս ինձ տարան հայկական լեռներ, բայց դժվար են մտքերս շարադրվում, ու գիրս վերընթերցելով՝  ինձնից ամաչեցի, որ մեզնով (առաջինը՝ ինձնով) պայմանավորված հայրենաընթաց  զարգացումները ներսումս արձագանքվում են նման մտածումներով, և ցավն էլ կրկնակի է դառնում, քանի որ գիտեմ՝ անկախությունը սիրուն-սիրուն խոսելը չէ, որով սովետի արդուկների նմաններն ամենուր տեղի-անտեղի սկսել են ուղեղ հարթել, այլ մտքի և մարմնի ներդաշնակ կենսակերպն է, որը չի կարող լինել իրական կամ անիրական, այն  կա, կամ չկա: Հայոց աշխարհը եղել է, կա ու կլինի, այն անչափելի է և անկախություն ունեցողի  պետություն կայացնող իրական հայրենիքն է:  Օտար երկրում հայը կարող է ասել, որ ինչ-որ պետության հպատակն է, բայց ինչպե՞ս կարող է այն հայրենիք կոչել, երբ հայի հայրենիքը մեկն է ՝ Հայաստանը:

       Խոսքս գեղգեղուն  ստացվեց, բայց չեմ կարծում՝ լալկան է,  չեմ էլ կարող խուսափել էպիկականությունից ու չասել, որ Անկախության օրը պատմական հիշողությամբ խնկարկվող ազատ հոգու վկայությունն է, որ հոսող ջրի նման ինքնամաքրված ու զուլալված գալիս է սթափեցնելու ու թարմացնելու ազգի ինքնուրույն կենսամտածողությունը՝ օրվա  լույսերի մեջ ցրելով մեգը ճանապարհների՝ դառնալով հորդոր ու կոչ, ապագա կերտելու մաղթանք, որի լավատես ինքնահայեցմամբ է հաստատված մարդկայինի արդարամտության ծանրաբարո լծակը՝ թրծված  հույսով ու սիրով, հավասարակշռված հավատով բնության աշխարհարար օրենքների: Ուստի «օն անդր առաջ» -ը պետք է ամեն Աստծո օր հնչի Մովսես Գորգիսյանի պայծառ աչքերի ցոլքով. «Կեցցե՜ այն Հայաստանը, որ վաղն է գալու»: Ուղարկեցի գրածս ու ակամա հիշեցի, որ երկու տարի առաջ նույն թերթի համար դարձյալ խոսք էի գրել «Մեր հույսերի շղթայազերծման ժամանակը» վերնագրով. «Այսօրվա սեպտեմբերյան Հայաստանի օդը ծանր է ու տագնապոտ, խառնվել է թացն ու չորը. «Երբեմն արջնաթույր ագռավների մեջ / Տեսնում ենք նաև երամներ ճերմակ աղավնիների, / Ձիերի մեջ, գոռ, խրոխտ, / անմաքուր՝ / Որոջներ, խոնարհ, հանդարտաբարո, / Գազանանման շների թվում՝ նվիրյալ գառներ. / Դաժանության մեջ՝ բարեհոգություն, / Թերատության մեջ՝ կատարելություն, / Գոռոզամտության մեջ՝ հեզամտություն, / Ստահոդության մեջ՝ ճշմարտություն, / Խորամանկության մեջ՝ շիտակություն, / Խարդախության մեջ՝ ուղղամտություն, / Չարիքների մեջ՝ բարեբաստություն, / Լպիրշության մեջ՝ առաքինություն, / Անգթության մեջ՝ ողորմածություն, / Անհուսության մեջ ՝ ապաշխարություն, / Մոլեգնության մեջ՝ քաղցրավարություն, / Թշնամության մեջ՝ հաշտասիրություն, / Խածանողության մեջ՝ անոխություն, / Լլկանքների մեջ՝ քաջալերություն, / Նետարձակման մեջ՝ բարեմաղթություն» («Մատյան ողբերգության» Բան ԼԱ, Գ): Նման իրադրությունում զարմանալի ու պատահական չէ, որ զանգ կախողները նոսրացել են, ճառասաց խելք սովորեցնող ապիկարները` շատացել, սրան էլ գումարվել է օրինաչափություն դարձած զոհերի բոթը` որպես բթացնող ցավի հաղորդագրություն, ինչն ուղեկցվում է օտարահպատակ մանկլավիկների ուղեղ լվացող բարբաջանքով՝ անկարողության ու անճարության բվվոցով, որն «անհասկանալի» ձևով ճմլում է մարդու սիրտն ու կապանքում հոգին: Մինչդեռ, երբ սիրտ ու արյուն ունես, ականջներով ու ստամոքսով ապրելն ընդամենը ստրկաքարշություն է, և կապ չունի` կիրթ ես, թե անկիրթ, օլիգարխ ես բազմահարգ, թե ֆայլաբազարի բազմաչարչար համբալ: Կա մի պարզ ճշմարտություն. արդյոք դու հայրենիքիդ տերն ու ծառան ես, թե՞ անհայրենիք արկածախնդիր` պահով ապրող ժամանակը աննպատակ որոճող: Գուցե խոսքս մգոտ է ստացվում, բայց Հայաստանում սեպտեմբերի 21-ը սովորական օր չէ, երևույթ է, լույս, որը եղել է ու կլինի միշտ, ինչպես ժամանակների վերուվարերի մեջ անելանելությունից շղթայված հույսի լույս, որի շողերից վաղ թե ուշ կքայքայվի ցանկացած շղթա և կարթնանա հավատը ողջամտության` փառավորելու ազգին ազատաբաղձ հաղթանակներով, ինչպիսիք են 1918 թվականի սեպտեմբերի 19-ի «Արարայի» փառահեղ հաղթանակն ու 1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեի «այո»-ն: Այսօր անօրեն թշնամու (անունից նողկում եմ) վերջին արյունալի հարձակումից հետո առավել քան սպասված ու վեհ է Սեպտեմբերի 21-ի խորհուրդը, որի արժեքի գիտակցումը հոգու տոն է` իմաստավորող ճակատագրի ընթացքը հայության` ուղենիշ ունենալով ժամանակի անցյալ-ներկա-ապագա լուսե եռամիությունը: Սեպտեմբերի 21-ը մեկի համար անկախության օր է, մյուսի համար` ինքնորոշման, երրորդի հոգուն հարազատ մի բան է, սակայն այս ամենն ընդհանուր հայտարար ունի՝ բազմահազարամյա հայ ազգի ինքնության ազատ կամքը, որ նրան պահել ու տանում է հարատևություն բյուրավոր մեծ ու փոքր թշնամիների միջով: Տէ՛ր, Կեցցո՛ Դու Զհայս»: Մտմտացի՝ այսպես գրելով ես փող աշխատող չեմ, ուրիշ բան պետք է մտածել, ու նորից մրցանակաբաշխությունը ուղեղս մտավ: Վճռական ինքս ինձ կարգադրեցի.

       -Մասնակցի՛ր, սատանան ո՞ւմ հետ չի կատակում, նամանավանդ՝ հեղինակների անունները գաղտնի պետք է պահվեն գնահատող հանձնաժողովից:                                    

Մասնակցեցի: Չշահեցի: Ստացել էի 77 բալ հնարավոր 250-ից: Ժյուրիի անդամները հինգն էին: Յուրաքանչյուրը կարող էր գնահատել առավելագույնը 50 բալ, եթե դպրոցական 5 բալանոց գնահատման համակարգի վերածենք, այսինքն տասը անգամ փոքրացնենք, կստացվի  2 էլ չեմ ստացել, և  լավ է՝ դեռ 1 չէ, 1,5 բալ է: Բանից պարզվում է՝ որպես գրող երկուսի էլ չեմ ձգում, ու երբևիցե մտքովս չէր անցնի, որ մի օր երազի պես այնքան  հաճելի կթվա դպրոցի ուսուցիչների հնչեցրած «տրամվայի տակ ընկած 3» գնահատականը, եթե ժյուրին գոնե այդպես գնահատած լիներ, գուցե երկնքից նայող հորս հոգին ամոթից երեսը շուռ չէր տա ինձնից: Թեկուզ ինձ թվում է՝ ես այն «սովորական» աշակերտին եմ նման, ով «զուբրիտ» արած գերազանցիկ չէ, գովասանագիր չի ստանում, ամենուր դասարանի «դեմք» չի ներկայացվում, բայց դասարանում մաթեմատիկայի խրթին խնդիրներ լուծողն է, հարեհաս է, սիրում ու սիրվում է, դրսի համար թեև աննշմար է, բայց դասարանային ներարժեք է, «դեմք»: Չէ՛, գիրս ինչքան էլ լույս լինի, գլուխ պահող չի դառնում, ու սփոփանքս մնում է այն, որ. «Քանի լույսս կա, հույսս  նրա ճանապարհը կլինի, այն արևային անձրևի պես, որը հողի բուրմունք  է ծնում»:

Խ Ո Ր Ո Զ Ը     Խ Ո Ս Ե Ց Ա Վ

                                                    Տունը, որն աքաղաղի որձականչ չունի, տուն չէ:

                                                                                              Հորս մտքերից

      Զազա Մուստաֆա Կարաբուլան, որտեղից որտեղ եկել է ու ինձ թե՝ «Վեր կաց , Գասապենց աղբյուրը իմացել է, որ քեզ Հակոբ անունով  տոհմազարմ  է ծնվել, աշխարհով մեկ է եղել: Առավոտ շուտ Չնքուշում՝ չոր ու ցամաք, կամարակապ Գասապենց աղբյուրի սրտից,  ի պատիվ Գասապենց ժառանգի ջուր է հոսելու»։  Աչքերս ծանրաշարժ բացվեցին: Զարմացած եմ, անկողնումս  շվար պառկած: Ասես դեռ երազում եմ և զազա Մուստաֆա Կարաբուլան  շտապեցնում է: Հարցնում եմ՝ ոնց ենք գնալու, նա թե. «Մեքենայով, արագացրու»։ Ես էլ՝ «Դու գնա մեքենայի մոտ, հագնվեմ՝ գամ»: Դժվարությամբ շուռումուռ գալով նստեցի տեղումս, մինչդեռ արդեն մեքենայի ձայնային ազդանշանն է աճապարել տալիս, բայց տարօրինակ է, որ այն հնչում է հանց աքլորի ծուղրուղու: Մեկ անգամ էլ, որ զիլ հնչեց ծուղրուղուն, սթափվեցի, աչքերս լայն բացվեցին․․․ սա ի՞նչ էր… ահասիրտ պապանձվել է միտքս… ասես օդում լինեմ… երբ մեկ անգամ էլ ծուղրուղուն լսեցի՝ միտքս պայծառացավ, թմրածությունս անցավ, մշուշը ցրվեց , հասկացա անկողնումս եմ նստած, ու գյուղը լքած և բազմահարկ շենքում հանգրվանած դրացուս  քաղաքաբնակ  աքլորն է ավետում լուսաբացը՝ ընդհատելով այնքան երազելի երազս: Ես ակամայից  բարձրաձայնեցի. «Խորոզը խոսեցավ»: Իմ ձայնեղ խոսքը չգիտեմ ոգիների քաղաք Չնքուշում ո՞վ լսեց, բայց  Հրազդանում  ինքզինքս լսելով՝  լավ զգացի․ հաճելի էր, որ  չնքուշցու լուսարար խոսքը շարունակում է ապրել։ Ի դեպ, Չնքուշի բարբառում խոսել բայը գոյություն ունի միայն «խոսեցավ» ոչ-ձևով, այն գործածվում էր աքաղաղի  կանչը ներկայացնելիս, «խորոզը խոսեցավ» լեզվապատկերումով («Սկզբումն էր Բանը. եւ Բանն Աստուծոյ մօտ էր. եւ Բանն Աստուած էր» )։ Չնքուշցիների խոսակցություններում «ոչ»-ն էլ չկա, ասում են՝ չէ, է-ն բացասելով, քանի որ համարում են առողջ մտածողը չի կարող հեշտ ու հանգիստ չէ ասել, ու չէ ասելը մեծ պատասխանատվություն է, խոհաբանություն. «Ամենաճիշտ այո-ն  կշռադատված «չէ» ասել կարողանալն է։ Չնքուշցին հորը հատուկ  դիմելաձև էլ ունի՝ «արար», որը ոչ մի տեղ չես հանդիպի, չնայած  հայրս  պապիս հայրիկով էր դիմում։ Այս խառը մտածումները ենթագիտակցորեն միջովս անցան, և առաջին հայացքից կարծես թե կապ չունեն շուրջս ստեղծված երազի, իրականության և երևակայության հետ, բայց  արյունը հիշողություն է, որով ժառանգաբար  փոխանցվում է հոգևորը՝ դարձած  լեզվամտածողություն, որն իմ պարագայում   Չնքուշի Սիրայաեաց Սուրբ Աստուածածին վանքում ավելի քան հարյուր տարի գործող երբեմնի Վարդապետարանի  ոգու կենսաընթացով թրծված  բարեխոսությունն է։

Վարդապետարանը ժամանակին տալիս էր վարդապետական գավազան, ինչը մեր օրերի կրթական մակարդակում համեմատական է դոկտորի գիտական աստիճանին: Չնքուշում վարդապետական գավազան ստացածներից Եղիազար Հռոմկլայեցին դարձել է կաթողիկոս, իսկ Մինաս Ամթեցին՝ Երուսաղեմի պատրիարք: Հոգևոր այրերի մտքի սերմերը արմատներ են նետել Չնքուշի օդն ու ջուրը վայելած նախնիներիս գեներում ու հասել ինձ: Անտարակույս, գենային հիշողությունն է անհատականության գրավականներից մեկը, որը դրսևորվում է ամենատարբեր ձևերով առաջին իսկ հնարավորության դեպքում: Սակայն զավեշտալին  իմ պարագայում այն է, որ հանգամանքների բերումով խորոզը իմ մեջ խոսել է մաստակի միջոցով: Պարսկահայերը, ներգաղթելով Հայաստան, նրանց մի մասն էլ՝ Հրազդան, իրենց հետ բերում էին ծամոն՝ «Խորոզ» կոչվող, ինչն էլ պառավ մանրավաճառները բաժակով «սեմուշկայի» հետ ծախում էին՝ շենքերի անկյուններում փոքրիկ տախտակների վրա շարած։ Հետահայաց ծիծաղելին այն է, որ  այս առևտրային փորձն էլ ասես ապագայում (Անկախության առաջին տարիներին) սնկի պես բուսնած սեղանիկների նախատիպն էր: Մի օր «Խորոզ» ծամոն գնելուց հետո  բարեբախտաբար ընկա անախորժության մեջ, որովհետև այնժամ առաջին անգամ մեջս խոսեց խորոզը, այսինքն՝ ըմբոստացա «ճարպիկ» տղաների դեմ , որոնք ծամոնս ուզում էին ձեռքիցս թռցնել, կռվեցի աքլորի պես ու ընդամենը չթողեցի խլել: Հետո արդեն լուրջ տեսա 88-ին  Հայաստանում ինչպես «Խորոզը խոսեցավ» , կարդացի՝ ինչպես  նախճիրից հետո Գասապեաների ողջ մնացած վերջին արու զավակի՝ Ղազար պապիս մեջ է նա խոսել կամավորական գրանցվելու օրը, երբ պապս  տասնվեց տարեկան էլ չկար,  զգացի՝ 2020 թվականին պատերազմ ճանապարհելիս կամավորական որդուս՝ Մանուկի խորոզի լուռ խոսքը  ինչպես է աչքերս թացացնում, անշուշտ, հասկացա, որ հորս մեջ էլ էր խորոզը խոսել, երբ 1965 թվականին ընտանիքով որոշել էր ներգաղթել Հայաստան ու վեջնականապես ապաստան գտնել Հրազդանում՝ իրականություն դարձնելով երազանքը վրիժառու հոր, որի ներսի խորոզը չկարողացավ ներել  Ֆրանսիայի ազգային խորհրդանիշ աքաղաղին, որ դավաճանել էր  իրեն ու ընկերներին Կիլիկիայում, ինչի համար լեգեոնական Ղազարը՝ փթիթ Ղազարը (փթիթ ֆրանսերեն փոքր է նշանակում ) ավետել էր զավակներին. «Եթե ուզում եք աշխարհին նայել, որ կողմը ուզում եք նայեք, միայն Ֆրանսիայի կողմը չնայեք», սակայն նրա բոլոր զավակները, բացի մեծ որդուց՝ հորիցս, գնացին ապրելու Ֆրանսիայում, որոնց շարքում և Ղազար անունով թոռը, դրանով իսկ պատվիրանազանց լինելով խուսանավեցին տոհմիկ արյան ցնծությամբ ապրելու պարգև ճակատագրից:

        Հալեպից հետո մեր ընտանիքի համար կտրուկ փոփոխություն էր Հրազդանի նման  սովետական փոքր քաղաքը,  որը քիչ է թե ստեղծվել էր  գյուղական յոթ  համայքների  հիման վրա, մի բան էլ  երկնել էր Բաբելոն-Միկրոն, որտեղ մեկտեղվել էր բազմապիսի  մշակույթ կրող ու  տարատեսակ մտածողությամբ անձերի խառնամբոխը մեկ բնակելի շրջանում, որ պետք է մասնակցություն ունենար կոմունիզմի կառուցման վեհ գաղափարին ու  նոր ձևավորվող  հրազդանցու էվոլյուցիային։ Վաթսունականների վերջերին և յոթանասունականների   սկզբներին Միկրոյի փողոցներում աչքի էր զարնում վարսավիր Վարուժանը՝  Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից հայրենիք եկած, հարկավ, ներսի խորոզի կանչով(«Անապատում կանչողի ձայնն է»)։ Դյուցազնական, փառահեղ տեսք ուներ, արծաթափայլ, արտասովոր  փարթամ մազերը ետ սանրած, միշտ կոկիկ ու փողկապով այն դեպքում, երբ Միկրոյում միայն տոն օրերին  հատ ու կենտ մարդկանց  կարող էիր  փողկապով տեսնել։ Օրվա ցանկացած ժամին նրա այտերը պսպղում  էին  նոր ածիլվածի պես։ Քաղաքավարի շարժ ու ձև ուներ, բարեհամբույր ժպիտ, սիրալիր խոսք, այդ պատճառով կարծիք կար. «Իսկական դերասան ա, ախպար շան տղեն» ։ Այո՛,  Փափազյանական  մաքուր վեհություն կար նրա վարքում։ Վարսավիրանոցում վարսավիրական աթոռն այնպես էր տեղադրված, որ  աշխատելիս տեսնում էր  մտնող ամեն մեկին ու պարտադիր ներս մտածին վարուժանավարի ժպտում, ապա գլխի շարժումով ողջունում էր՝ անկախ նրանից, թե ինչքան էր զբաղված, ու դա  շատ բնական էր ստացվում, քանի որ այդպես էր նրա բարեկիրթ կենցաղավարությունը։ Տարբեր  լեզուներ  գիտեր ու կատակում էր. «Հինգ լեզվով կխոսիմ, մեկ երկու հատ ռուս հաճախորդ ունենամ նէ, ռուսերենի տակեն ալ կելլամ»։ Մի անգամ, չգիտեմ ինչպես է եղել, Վարուժանը վրդովված ասել է․ «Ծո՛, ասոնք վայրենի մարդիկ են, որ իրենց սրտի ընտրյալին՝ սիրուհուն,  բոզ  կըսեն» ։ Վարուժանի ասածը թևեր առած տարածվել էր Միկրոյում, և երկար ժամանակ  տղամարդիկ ծիծաղում էին միամիտ ախպարի վրա, թե «Բոզը բոզ ա, էլ սիրուհին որն ա՞․․․»։ Եղեռն տեսած տոհմի ժառանգը մի ամբողջ արևմտահայ կենցաղավարական մշակույթ էր իր հետ Ալեքսանդրիայից  բերել Հրազդան, ու անխոնջ պահում էր այն հայտնված Հրազդանի անձուկ Բաբելոն-Միկրոյում, քանզի  նրա համար՝ «Հայրենիքի ետևեն երթալը կամավոր ինքնազրկումի ճամփան բռնելն էր»։ Վարսավիր Վարուժանը  սովետական գորշ  պնակիտի անհամապատասխան, բայց նրան ազնվացնող գույներից մեկն էր ու մինչև կյանքի ողբերգական ավարտը մնաց նույնը։  Եգիպտոսի Ալեքսանդրիայից նրա հետ Հայաստան էր գաղթել նաև նպարավաճառ Ղազարոսը, որի կենցաղավարությունը  շատ նման լինելով վարսավիր Վարուժանինին (երկուսն էլ նույն մշակութային միջավայրի ծնունդն  էին), այնուհանդերձ ինչ-որ չափով փոխվեց, իր ազնիվ կերպարով լղոզվեց իրականությունն ու շահագործվեց, խանութներում անհաստիք բեռնակիր էր դարձել, սակայն հետաքրքիր էր, որ նա եկեղեցական ու սովետի տոն օրերին, ճերմակ վերնաշապիկով և փողկապով էր բեռնակրություն անում։ Աստվածավախ էր, զավակներ չուներ, ինքն էր ու կինը: Նախապես գերեզմանի տեղ վերցնելով երկաթներով ցանկապատեց, իր  ու կնոջ համար ընդհանուր գերեզմանաքար պատրաստել տվեց իրենց նկարներով ու կանգնեց: Շաբաթ օրերին մարդ ու կին գնում  էին գերեզմանոց, որ մարդիկ հանկարծ չմտածեին՝ անտեր գերեզման է, ու վնասեին խեղճերի ցանկապատված գերեզմանատեղը, հետո արդեն սովորություն էր  դարձել, շուտ-շուտ էին գնում-գալիս, դե սա էլ էր տուն, նամանավանդ վաղ թե ուշ  պիտի մշտապես տեղափոխվեին:

      Ինքնաբերաբար նորից ձայնեցի՝ խորոզը խոսեցավ … միտքս օրվա պես բացվեց:

Մութ ու լույսի բաժանման ճիչն է աքլորականչը, որը ոչ սև է, ոչ սպիտակ, այլ խոսքի, ասել է թե կյանքի գույնն ունի, ինչը շատ լավ հասկացել են չնքուշցի նախնիներս, որոնք խորոզին էին խոսեցնում, քանի որ նրանք աքլորականչում ոչ թե տեսնում էին Պետրոսի դավաճանության վկայությունը, այլ դրանից փրկվելու  ապաշխարության ազդանշանը։ Ավա՜ղ, այս բանը որտեղից հասկանար սովետով անցած և բախտի քմահաճույքով քաղաքացի դարձածի երջանկությամբ ապրող գյուղացի հարևանս, որը բազմահարկ շենքի ձեղնահարկում հավ-ճիվ էր պահում ու մի անկիրթ աքլոր, որոնց ամեն աստծո օր,  հոգնած թևերը թափ  տալով,  խոստանում էր վերացնել, բայց հենց ածած ձու էր  տեսնում,  մոռանում էր հոգնություն ու խոստում։ Մի ժամանակ (հատկապես, այսպես կոչված, Անկախության առաջին տարիներին) Հրազդանում ով ինչ կենդանի կարողանում, պահում էր։ Ուրիշին կխանգարի, չի խանգարի, հեչ կապ չուներ, որոշել էր, ուրեմն՝ պահում էր, մեկը ավտոտնակում, մեկ ուրիշը՝  նկուղում, տանիքում, անգամ՝ պատշգամբում։ Գյուղը եկել ոտով-գլխով մտել է շենքերի ներսը ու թթվել նրա որովայնում։ Լուցկու տուփերի պես, ինչպես ախպարներն էին ասում, իրար հետև շարված շենքերը քաղաքի պատրանք էին ստեղծում, որի ամեն կխտոցի հետ գավառականության նամշահոտը տարածվում էր, և  այս սովետական մթնոլորտում  էլ անցավ մանկությունս, որում զարմանալիորեն «երջանիկ» էի․ բակում հաճախ աղջիկներին խառնված գործնագործ էի խաղում։ Համարյա  միշտ խաղի մասնակիցների քանակը կենտ էր լինում, հետևաբար որպեսզի թիմերը հավասարաքանակ լինեին, խաղի մասնակիցներից մեկը «աքլոր» էր լինում, որը կայուն թիմակիցներ չուներ  ու պարտադիր այն թիմից էր լինում, որի վրա նետում էին գնդակը։ «Աքլորը»  միշտ հաղթողների մեջ էր, խաղի ակտիվ մասում, կյանքումս երբեք «աքլոր» չեղա՝ բոլորի կողմից անվիճելորեն  ընդունված ու արտոնյալ։ Կյանքը եթե խաղ էր, ապա  և հաղթող եղա, և պարտվող, սակայն ես պարտվողների կողքին հայտնվեցի, քանի որ մի քանի մանր-մունր հաղթանակներս իրականում ի վերջո պարտություններս  եղան, որովհետև այսպես թե այնպես իմ ուզածն երկնքից կախված  հոգևոր  հացն էր, որն էլ  հենց այնպես խաղերում  չի տրվում, այլ շնորհվում է  ծննդյան ճիչի հետ ճակատագրորեն։ Ճակատագրիս գործնագործ խաղում այժմ հիշողությունս  «աքլոր»  է, որը խույս է տալիս մոռացության նետած գնդակներից՝ ներկայի դեմքին աշխարհիս անցյալն ու ապագան շպարելով, և բնության հետ ներդաշնակ ներսիս խորոզին է խոսեցնում, որն հնթացս իգացող ժամանակներում երբեմն ինձ թվում է հավախոսություն, երբեմն էլ մանկությանս տարիների շաքարաքլորից զրկված կամակոր երեխայի լաչառություն, երբեմն նաև շան նման հավատարիմ և Սիրիայի  մեր տան պահապան գույնզգույն այն աքլորի կանչն է, որին «Զալմ»-ները ասեղ կերցնելով սպանեցին՝ վշտացնելով տան մեծ ու փոքրին:

          

Գ ԵՆԸ,  Ա Ն Թ Ե Լ    Հ Ե Ռ Ա Խ Ո Ս Ն   ՈՒ   Պ Ո Ր Տ Վ Ե Յ Ն Ը

                                            Երբ նսեմացվում է ոգին՝ անկումը շարունակական է:

      Ազգային պետություն չունեցողը  զգուշավոր է, ուշադիր ու անապահովության զգացումը վախի տեսքով նրա մշտական ուղեկիցն է, ինչը թերարժեքությամբ ախտավորելով հոգին, կեցության  ճանապարհը հանգեցնում է կենցաղային շրջանակում անզորի սահմանափակվածության, որում հովանավորչությունը անհրաժեշտություն է  հեշտ ու հանգիստ ապրելու գոյաբանության մեջ: Հետևաբար  ողորմություն ակնկալողի  հանապազորդ մարմաջը հավատո հանգանակ է դառնում տրամաբանության ծիրում, ուր  հատուկ ծառայությունների կողմից որպես  գործակալ հավաքագրվելը մեկ անգամ մեկ է,  ու հայտնվելով գործակալական ցանցում՝ արդեն գերադասելի կարգավիճակ ստանալու ձգտումը  նրան  ոչնչի առջև չի կանգնեցնում, և իր խելքի  չափով ձևախեղում է իր ժառանգած բարոյական ավանդույթները, ինչի արդյունքում «կաթիլը քար է ծակում» սկզբունքով ավերում  է ազգի  գենային համակարգը: Հայը, կորցնելով ազգային պետությունը, ինչ-ինչ խորթ բնավորություններ ու սովորություններ է ձեռք բերել, որոնցից է մասնավորապես համաճարակի պես տարածված կրավորականությունն ու գործակալական երկկենցաղությունը, մի կողմից՝ աղոթում է․ «Ոչ միայն հացիվ», մյուս կողմից՝ գործում․ «Որտեղ՝ հաց, այնտեղ՝ կաց» համոզումով: Թվում է՝ աշխարհում ամենաանհավատը  հայ պետք է լինի, քանի որ նրա գլխով այնքան բան է անցել,  այնքան բան է տեսել, որ հնարավոր չէ ներսում հավատին տեղ մնացած լինի, նամանավանդ ժամանակի ընթացքում տարագրի փորձությունները նրան բերել հասցրել են իմաստախոհական եզրահանգումի.  « Օտարը ոսկի էլ լինի, գրպանդ չդնես, կծակի՝ դուրս կգա»: Բայց արի ու տես,  իրեն միամիտ չհամարելով, միևնույն է, էլի տարվում է լույս օրվա մեջ կասկածելիորեն բուծված տարակերպ հույսերով ու խոնարհ մեծահոգությամբ,  ուրիշի ամբարտավան խոսքը, գործը, շահը փորձում է հասկանալ՝ սեփականը հասկացնելու փոխարեն, և մոռանում է, որ ազգը արժանավորների պետություն կերտելով է ազնվանում ու բյուրեղանում,  ոչ թե ոտնլվա բեմականացնող օտար  վերակացուի ժողովրդավար խարդավանքների «չքմեղ կամեցողությամբ»:  Տևական ժամանակ  տարասեռ  հանգամանքները հայի  ինքնարժևորման թևերը պոկոտել են, չեն թողել փետրավորվի, որ հանկարծ ու հանկարծ նրա օրքաշ խոնարհումը չդառնա  ոգեղեն  թռիչք, քանզի թռիչքից ալիքվող ազատության քամին  թոքերը  ապաքինող  բալասան օդ է, ազատ շնչառություն,  մարդկային հոգու ճախրատոն: Ախպարները, որոնց շարքում՝ և իմ ծնողները, հայրենադարձվեցին. նրանց մեջ չէր մարել  «հոգու ճախրատոն» -ի կարոտը։ Եվ դա գիտակցորե՞ն, թե՞ ենթագիտակցորեն էր, ամենևին կարևոր չէ, քանզի մի բան հավաստի է, որ այն ազգային  գենի դրսևորում է, ինչն էլ  բացատրում է նաև ծայրահեղ իրավիճակներում հայերի հավաքականության ֆենոմենը՝ դժվարին իրավիճակում ճշգրիտ ու փրկիչ ելքի գտնումը: Վերջին հարյուրավոր տարիներին հայտնվելով ապազգայնացնող  ռուսական հոգեմամլիչ միջավայրում, որտեղ պարտադիր  էր  կամակատար լինելու պարագան ու ձեռնածությունը ռուսական շահերով թելադրված, բնականաբար, խաթարվել է հայի ազնվագույն կերպարը: Երբ մեր ընտանիքը ներգաղթեց Սովտական Հայաստան,  ռուսական միտքն ու կենցաղը սովետի զանգուլակներով արմատապես սողոսկել էին «իրական» Հայաստանի հասարակության  կենցաղ: Ավանդական մշակույթը պահպանած ու այն ջանասիրությամբ կրող ախպարների համար խորթ էր ինտերնացիոնալ, իբր ազատամիտ, ապազգային, հոռի ռուսամետությամբ մոլագար մարդկանց վարքն ու բարքը՝ թելադրված թեթևաբարո արկածախնդիր իգազանգվածի ներհոսքով հայկական  կենսատարածք, ու նրանք տեսնելով այդ ապշած մտմտում էին. «Աս սովետի ամեն ինչը չափեն դուրս է ու բաց, հարկավ, բոլոր երկրներն ալ թեթևաբարոներ ու մարմնավաճառներ ունին, բայց ադոնց համար հատուկ տուներ ու տեղեր կան, ծո՛, հոստեղ այդ ամենը կարծես դիտավորյալ շենքերը մտցուցած են, մարդկանց մեջ, ու ձև կընեն , որ ոչ մեկ բան չեն տեսնար, ամեն պահուն դեմդ կելլան, ու ամչնալեդ չես գիտեր՝ քովեն ինչպե՛ս անցնիս, որ չգանիս»: Սովետի մեջ թացն ու չորը, լավն ու վատը խառնված էին իրար ու համատեղված «Կոմունալկա» բնակարանների պես։ Վաթսունական թվականներին այդ հոգեբանությունը  իներցիոն ուժով փոխանցվել ու ներծծվել էր շենքերի պատերից ներս, բռնանալով հոգու խաղաղությանը, ուր ամեն ոք իր «սովետական» խղճին համապատասխան «անթել հեռախոս» էր՝ հասարակության ջերմահայտնիչը դարձած: Մեր շենքը բացառություն չէր, ի դեպ, մեր մուտքի ութը մեկ սենյականոցներից հինգում ռուս միայնակ կանայք էին ապրում « плевать на всех» -ի շարժ ու ձևով: Մի օր Երևանից հորս ընկերներն էին հյուր եկել մեր տուն, երբ նստեցին տեղավորվեցին, պարզվեց մեկը չկա։ Բոլորը շվարած իրար  էին նայում։ Հայրս բնականաբար անհանգստացավ, դուրս գնաց նրան գտնելու, նայեց մուտքը, շենքի բակը, ընկերը չկար ու չկար։ Եկավ տուն, բոլորը, տարակուսած նրան մենակ տեսնելով, արդեն լուրջ անհանգստացան, թե ո՞ւր պիտի գնար նա, եթե ոչ մեկի չի ճանաչում Հրազդանում։ Հանկարծ հայրս գյուտ արածի պես ծիծաղելով վեր թռավ տեղից՝ «Վայ թե Զինայի տունը մտած կլինի»,- ու արագ դուրս եկավ սենյակից: Զինան մեր հարթակում էր ապրում, անմիջապես մեր բնակարանի դիմացի մեկ սենյականոցում։ Կորածն այնտեղ է ու «բերման» ենթարկված՝ ծիծաղելով պատմեց. « Քանի որ ձեր հարկի հարթակի մակերեսը փոքր է ու նեղ, հերթով շարված տուն էինք մտնում, վերջինը ես էի, մեկ էլ՝ մեկը ձեռքս բռնեց ու քաշեց։ Մինչ գլխի ընկա  ինչը ինչոց է, արդեն այդ կնոջ սենյակում էի, դեռ երկու խոսք չէինք փոխանակել, Հարութը եկավ ու բանակի տարիները հիշեցնող իմ « զրույցը» կիսատ մնաց»: Զինան Հրազդանի Միկրոյի շեկլիկների առաջին ծիծեռնակներից  էր, որը հավանաբար գործուղումով կամ էլ սեփական նախաձեռնությամբ եկել էր Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի շինարարությունում  «կրանովշիցա» աշխատելու և  ստացել էր մեկսենյականոց բնակարան՝ անմիջապես մեր հարևանությամբ։ Նա  երկրպագուներ շատ ուներ, նրա հետևից նույնիսկ երևաններից  էին գալիս։ Ամեն ինչից երևում էր, որ  նրանք հարուստ կամ պաշտոնավոր տղամարդիկ էին՝ վերին աղբյուրներից ջուր խմող։   Զինան ասում էր , որ ինքը գնչուհու արյուն ունի , բայց մեզ համար նա ռուս էր, այն էլ խմիչք սիրող ռուս, ինչն էլ հաճախ էր  չարաշահում, և հենց այդ պատճառով նրա անկումը սրընթաց եղավ։ Նա օր օրի  գլորվեց ներքև ու ներքև՝ հայտնվելով կյանքի հատակում,  դառնալով հրազդանյան այն տարիների միջավայրի գաղջ մասն ու  նկարագիրը, ուր Զինայի ամենօրյա ցանկությունը ցնծությամբ էր  հնչում՝ « бутылка портвейна и кайф в башке» ։ Երբեմն-երբեմն Զինան շենքում թատրոն էր սարքում, հարբած գոռում-գոչում էր՝ ինչ-որ սուտ բանից բորբոքված, ու  այդ պահին նրան հանգստացնելու առաքելությունը իր վրա էր վերցնում Նոնան՝ մեր հարթակի մյուս մեկսենյականոցի բնակչուհին, որը որպես կանոն ուրիշ դեպքում, թե աշխարհն էլ քանդվեր, գլուխը դռան ճեղքից դուրս չէր հանի։  Նրա դուռը հիմնականում սեփական կատուների համար էր բացուխուփ լինում, դրանք էլ այնքան շատ էին, և Ծաղկաձորցի բոզ Մարուսի պես շուտ-շուտ ու տարբեր տեսակի ձագեր էին ունենում։ Նրա դռան ամեն մի բացուխուփից գարշահոտությունը հորդում ու լցվում էր մուտքը։ Հարևաններով ճարահատյալ բողոքեցին տնային կառավարչություն: Նոնան էլ նամակ գրեց Մոսկվա, որ հայերը ազգային  խտրականությամբ են տառապում ու իրեն հալածում են։ Բանից պարզվեց՝ «Հայրենական մեծ պատերազմի» մասնակից է եղել, պարտիզանուհի, շքանշաններ ունի։ Ռայկոմականները մեզ բացատրեցին, որ նրա քմահաճույքները պետք է հանդուրժել, մինչև որ նա վերադառնա այնտեղ,  որտեղից եկել է, կամ էլ բարով-խերով հեռանա  աշխարհից։

     Ծնողներս,  գալով Հայաստան, չգիտեին, որ խուսանավելով օտարներից՝ հայտնվելու են մի ուրիշ խորթ ու այլավարքով խեղված միջավայրում, որտեղ ոչ թե ազգային օրինաչափ զարգացումներով ձևավորված կենցաղականոններ են գործում, այլ պարտադրված բոլորովին անծանոթ կոմունիստական վարք ու բարք, և բնական էր ու զավեշտալի ընդվզումը  պարսկահայի. «Բաբամ, առաջ օտարներն էին մեզ համար բանում, հիմա մենք ենք օտարների համար բանում»: Կարծես հայը փափագած Հայաստանում է, լեզուն հայերեն է, մարդիկ հայեր են, հողը՝ հայկական, բայց այ ոգին, ոգին այն չէր, ասես անթև էր, կույր ու  խարխափող: Այնժամ ես չէի ընկալում, երբ ախպարները, անցյալից մի բան հիշելով, իրենց խոսքը սկսում էին. «Մեր քով հոնտեղ արտասահման…» -ով, այդ «Մեր քով հոնտեղ»-ը հետագայում հասկացա, որ գեներով շարունակվող Հայաստանի զգացման կարոտն  է: Ակամա հիշեցի լուսահոգի մորս, որ զարմացած ասում էր. «Աչքերս հեռուն լավ կտեսնան, բայց այ թելը ասեղին չեմ կըրնար անցնել»: Հայությունը ճիշտ և ճիշտ մորս նման միայն հեռուն է տեսնում  ու այդ հեռուն անցյալին նայելն է, հաճախ խեղաթյուրված անցյալին, բայց ցավալիորեն չի ոգևորվում  դրանից, այլ հուսալքվում ու մոռանում է, որ մասնատված  կյանքը թելակարելու համար ինչքան կարևոր է գեների թելն ու ասեղը: Այս մտածումների մեջ ներսումս նորից արձագանքեց  մորս մորմոքը, «Արտասահմանում չորս զավակ ունեցա, մեկ օր գլխի ցավ չունեցա, Հայաստանիս մեջ գխուս ցավեն ազատում չունիմ»: Այս գլխացավի «մեղավորը» հավանաբար կեղծ հեքիաթասացներն են, որ հեքիաթներ են պատմել, մենք էլ առանց մտածելու գոց ենք արել և միամտաբար ուզեցել ենք կյանքում բարու հաղթանակներ միշտ  լինեն, բայց ո՛չ, այլ է իրականությունը, մենք էլ հեքիաթի գործող անձինք չենք, իսկ  խնդիրներն էլ, մեր առջև հառնած, մեծ հաշվով չեն հանգուցալուծվում՝ մնալով թաց, չփակվող վերքի պես բուժման կարոտ, քանզի ավելի շատ մարմնով ու կենցաղով ենք ապրում, քան հոգով ու մտքով, և նյութական շահը քաղաքականցրել է մեզ կեղծ արժեքներով, որոնք անվարան հեգնում են  «Հայոց հարց»-ի նման հին ու չմեռնող, անվերջ տխրությամբ հոգնություն բերող ճշմարտությունը, բայց  միաժամանակ հիանում ստի խրթին ցոփությամբ, որ թալեսյան ոճով թմրեցնում է ազգի պատմական հիշողությունը, այսինքն՝ գենի մտածողությունը՝ հրապարակ բերելով ապիկար պնակալեզներին, որոնք, իրենց պորտաբուծությամբ ու անկարողությամբ հանդերձ, անարդարության ու անհավասարության գավակին նստած, հանուն իրենց  բարեկեցության,վարմակված են պահում ոգեղենությունը անտարբերության ուռկանում: