Լուսինե Վանյան, Պատմվածք

Աբասի խալին

Ստեփանակերտի մեր ննջասենյակի հատակին գունագեղ խալի ենք թողել, խոշոր կանաչ ու կարմիր նախշերով։ Սկզբում մեր աչքերը դրանց սովոր չէին, որովհետև տարբերվում էր մեծ տատիս՝ ավելի նուրբ նախշերով օձագորգից։ Այն հորս գործընկեր Սլավիկն էր նվիրել Ռուսաստան տեղափոխվելիս։

Ստեփանակերտում ցույցեր էին։ Սամվելի հարևան Աբասը մի քանի օր է՝ չէր երևում ոչ աշխատանքի վայրում, ոչ քաղաքում, ոչ էլ այգում։ Աբասը հեզ էր, նվիրված ու վստահող, ու Սլավիկը անհանգիստ էր նրա համար։ 

Աբասը սուզված էր իր մտքերի ու բազմոցի մեջ։ Երկարավուն մատներով բռնել էր իր սեխանման գլուխը, որ ճնշող մտքերից ավելի ձգված էր երևում, իսկ իրենց տանը փռած վառվռուն գորգը՝ խամրած։

Սլավիկին դուռը վախվորած բացեցին Աբասի տղաները՝ Մուրադն ու Սանանը։

-Գիտե՞ս, մեր հարևան Պարույրի հայրը գյուղում նախիր էր պահում։ Ասում են, ռադիկալներ են հարձակվել իրենց վրա՝ գորշ, թե մոխրագույն գայլեր, էդ մարդու բերանն էլ հող են լցրել, թե հող եք ուզում, ա՛ն ձեզ։ Տեղացիներն էլ կատաղել են, մեզ դուրս են անում։ Կիմանա՞ս որևէ հայի, որ կուզի տունը մեզ հետ փոխանակի, կահույքն էլ մենք կուղարկենք իր հետևից։ Նույնիսկ հոգեբուժարաններով են փոխանակվում՝ ադրբեջանցի խելագարներին՝ հայ խելագարների հետ։ Բայց դե՝ գժերը դիմադրում են։

Մինչ Սլավիկը ուղեղը լարեց հարցի լուծմանը նպաստելու համար, դուռը բացվեց ու շինծու զվարթությամբ ներս մտավ կինը՝ Սաթենիկ Արմենակովնան, մաթեմատիկայի առաջատար մասնագետը։ Նա մեղմ ասած «ոչ ստանդարտ» արտաքին ուներ՝ կարճահասակ էր, արծվաքիթ, գանգուրներով ու դուրս պրծած աչքերով։ Ընդհանրապես նման չէր իր ոսկեգույն գանգուրներով ու կապուտաչյա զավակներին․ Սլավիկը կյանքում չէր հավատա, որ այս հրեշտակները Աբասին ու Սաթիկինն են, եթե իր մեքենայով Սաթիկին ծննդատուն տանելիս չլիներ։ Հետո քաղաքում տարածվել էր, թե Սլավիկի մեքենայով ծննդատուն գնացողները միշտ խարտյաշ տղաներ են ունենում։ Ու շատերը օրվա տարբեր ժամերին Սլավիկին խնդրում էին իրենց կանանց ծննդատուն տանել՝ վերջապես որդի ունենալու հույսով։

-Абас, смотри кого я привела,- Սաթիկի հետ ներս մտավ Շուշիի իր գործընկերուհին, որը մի տեսակ  անհույս փլվեց բազկաթոռին։ Ձեռքին մի ճամպրուկ էր, որի միջից հապշտապ լցրած շորեր, մաթեմատիկայի գրքեր ու կոշկի մի կապույտ կրունկ էր երևում։

-Это Сусанна Артаваздовна, моя коллега по цеху. Абас, мальчики, ну-ка накрывайте на стол. Мы подустали․

Սաթենիկ Արմենակովնային իր բարետես սեխագլուխ ամուսինը պաշտում էր և ամեն կերպ տանը օգնում էր, որ Սաթիկը դասերից հետո շատ չհոգնի։ Սա էլ թաղում թեմա էր դարձել․ Լյուսիգ տյոտան երդվում էր մյուս ապշահար հարևանուհիներին, որ դռան ճեղքով տեսել է, թե ինչպես է Աբասը ճաշ պատրաստում, հատակը լվանում ու կրակի վրա լվացք եռացնում։ Նրանք չէին համակերպվում այն մտքի հետ, որ Սաթենիկ գեշ է ու երջանիկ, այն ժամանակ, երբ իրենց աղջիկները ավելի գեղեցիկ են ու պակաս սիրված։ Իր շուշվեցի կոլեգային նրա ադրբեջանցի ամուսինը «առաջարկել է» հայերի հետ հեռանալ, երբ հայերին վռնդել են Շուշիից։ Ասել է, թե դու էլ հայ ես, իսկ ես ու իմ զավակները՝ թուրք։ Չէր ուզում, որ երեխաները փորձանքի մեջ ընկեն հայ մայր ունենալու պատճառով։ Երեխաներն էլ չէին առարկում կամ չէին համարձակվում։

Աբասը փորձում էր հասկանալ կատարվածն ու դրությունն իր վրա էր արտարկում, բայց չէր ստացվում՝ նա առանց իր Սաթենիկի իրեն չէր պատկերացնում։ Սաթիկն ու Սուսաննա Արտավազդովնան հրաշքով Ստեփանակերտ-Մոսկվա տոմսեր էին գնել, որ գիշերով թռչեն, Սուսաննա Արտավազդովնայի եղբայրն էլ իրենց այնտեղ կդիմավորի։ Աբասն էլ չհակառակվեց նրանց մտադրությանը։

Աբասը Սլավիկին կողմ քաշեց ու խնդրեց՝ կարո՞ղ էր Սլավիկը իր մեքենայով իրենց տաներ Խոջալուի օդանավակայան, որովհետև պատահական տաքսի կանչել չէր ուզում։ Պայմանավորվեցին, որ գիշերով ճանապարհ ընկնեն։

Աբասի՝ հետո մերը դարձած գունագեղ գորգի վրա բաց ճամպրուկներ էին, որոնց մեջ Մուրադն ու Սանանը տեղավորում էին իրենց ամենաարժեքավոր իրերը՝ Տուրբո ծամոնի ներդիրները, բոբսիկներն ու կիթառը։

Դուռը երկյուղած թակեցին, Աբասը անտրամադիր բացեց։ Ներս մտավ վայելչատես ու կապուտաչյա Ռավշանը։ Էլեգանտ թվիդե կոստյումով երիտասարդը սիրահարված էր Աբասի հարևան Բաղունց Իրինային։ Ծանոթացել էին համամիութենական սեմինարների ժամանակ Սոչիում, ուր վայելչատես կապուտաչյա Ռավշանը հայերին անվերջ իր հաշվին ռեստորան էր հրավիրում։ Կիրովաբադից պլոմբավորման նյութ բերելու պատրվակով գալիս էր նրան տեսության։ Բակի նստարանին նստած հարևանների անքթիթ հսկողության ներքո մեղմ դարպասի կոճակն էր սեղմում «Չինար» շոկոլոդը  կռնատակին։

-Էս թորքին նայի, ինչքան սիրուն ա, ոնց որ Ռաջ Կապուրը լինի,- ջահել հարևանուհին հնդկական կինոների մոլի սիրահար էր՝ իր զույգ աղջիկներից մեկի անունը դրել էր Զիտա, մյուսինն էլ Գիտա։

-Էս կարո՞ղ ա օզում ա Իրինեին սպանի,- քթփթաց Երանիկ տյոտան հարևաններին, որ ամեն ինչի մեջ ինչ-որ բացասական բան էր տեսնում։

Բայց երիտասարդը սպանողի տեսք չուներ։ Ու չնայած Սումգայիթից հետո Ստեփանակերտում հայտնվելը վտանգավոր էր, հերթական անգամ դարպասի թթենու հետևում կուչ էր եկել ու դարպասի կոճակն էր սեղմում։ Երանիկ տյոտայի նախանձը շարժում էր այն, որ Իրինան «Չինար» շոկոլադ է վայելում այն ժամանակ, երբ քաղաքում անգամ շաքարավազ չկա։ Ու որովհետև Իրինային հասակակից իր աղջիկը  նման ուշադրության չէր արժանանում, որովհետև ո՛չ հայ, ո՛չ էլ թուրք, ո՛չ էլ այլազգի երկրպագու չուներ։ 

Իրինան, իրոք, պլոմբի ու քաղցրավենիքի կարիք ուներ, բայց ուներ նաև ուժային կառույցում աշխատող փեսացու, որից Իրինային ու Ռավշանին կարող էր մի լավ հասնել` ծեծի տեսքով։ Կուրծքը սարաֆանով ընդգծող Իրինան քիթը բարձր դուրս սահեց, վերջապես հայտնեց իր փեսացուի մասին, շվարած Ռավշանից ճարպկությամբ վերցրեց քաղցրավենիքն ու պլոմբանյութն և սիգաճեմ պլստաց դարպասից ներս։ Ռավշանը, ցնցված ու մտքի պոչը կորցրած, քայլեց դեպի իր ազգակից Աբասի տուն՝ գիշերելու ու հավանաբար այս տեղերը այլևս չվերադառնալու մտադրությամբ։ Աբասը իրեն լավ էր հասկանում։

Աբասենց տան մոտ գիշերով կամաց իր մեքենան կանգնեցեց Սլավիկը։ Սաթենիկը փորձում էր հասկանալ, թե իրերից որն է կարևոր՝ գրքե՞րը, լուսանկարնե՞րը, թե՞ մագնիտոֆոնը ու վերջում մոռացավ վերցնել ծննդյան ու ամուսնության վկայականները։ Կիթառը պարանով կապեցին թափքին։ Ներսում պայուսակների հետ խցկվեցին Սաթիկը, որդիներն ու մի տեսակ սմքած Սուսաննա Արտավազդովնան։

Աբասը փորձում էր իր կարմիր-կանաչ խալին ճխտել մեքենայի մեջ. չէր ստացվում։

-Միգուցե հե՞տ կգաք․․․- կմկմաց Սլավիկը։

-Չէէէէէ, չենք գա,- ձեռքը թափ տվեց Աբասը։ Խալին չէր տեղավորվում։

-Էս գորգն էլ կվերցնես, թե չէ կնեղանամ, Սլավիկ։ Թող ուրիշի ձեռ չընկնի։ Ռավշանին էլ, խնդրում եմ կճամփես Կիրովաբադ։

Ու թռան Մոսկվա, այնտեղից էլ տեղափոխվեցին Նահանգներ։ Այնտեղ մի նահանգից մյուսն էին դեգերում՝ մեկում հայ համայնքը նրանց չէր ընդունում, մյուսում՝ ադրբեջանականը, մինչև որ բոլորից մեկուսանալով՝ ամբողջությամբ տրվեցին թոռների խնամքին։

Իրենց գորգն էլ Ռուսաստան տեղափոխվելիս Սլավիկը նվիրեց մեզ։ Այն հիմա կիսում է Արցախում թողնված մեր անտիկվար վիշապագորգերի բախտը, որոնց համար նույնպես տեղ չգտնվեց իրենց գաղթող տերերի մեքենայում։