Մարիամ Տեր-Գուլանյան, Վեպ

Ձյան փաթիլներ հաշվողը

(հատված համանուն վեպից)

Վերջապես Դանիելը հասավ հայրական տուն։ Դուռը կիսաբաց էր, և դա Դանիելին դուր չեկավ։ 

-Ինչու՞ է դուռը կիսաբաց,- կամացուկ ասաց նա՝ մի տեսակ շփոթված։

Ներս մտավ, տեսավ, որ հորն արդեն բժշկական օգնություն է ցուցաբերվել․ հայրը պառկած էր մահճակալին և նրա թևից բարակ փողրակներով միացված էին մի քանի սրվակ կաթիլային հեղուկներ՝ շնչառությունը կարգավորելու և էլի ինչ-որ բանի համար երևի։ Շնչառական սարք էլ էր միացված, որ հայրը հեշտ շնչի։

Այդ պահին մի քանի բուժաշխատող՝ հատուկ վիրուսապաշտպան համազգեստով, դուրս եկան տանից՝ հորդորելով, որ հոր վիճակը ծանր չէ, կարիք չկա հիվանդանոց տեղափոխելու, և հեռացան։ Սակայն նրանք չմանրամասնեցին, որ հիվանդանոցներում պարզապես տեղ չկա այլևս, որ հորը տանեին։ Դանիելի մայրը պատմեց որդուն, թե ինչպես երեկ հայրը կտրուկ վատացավ, բայց հիմա բավական լավ է զգում իրեն, և Դանիելը կարող է խոսել հոր հետ։

Տղան մոտեցավ ու գրկեց հորը, կարծեց, թե նա քնած է, հետո հասկացավ, որ դեղերի ազդեցության տակ է և մի փոքր թմրած է։ Դանիելը հորը պատմեց այդ օրվա մասին ամեն ինչ․ թե ինչպես ընկավ ամբոխի թակարդը, ինչպես դուրս եկավ իր ծռմռված ավտոմեքենայից, ինչպես հանդիպեց Էլենին, թե ինչպես գնաց բանակցությունների օդանավակայանի տնօրենության հետ, և թե ինչ է կատարվում հիմա օդանավակայանում։ Պատմեց նաև, որ ինքը հիմա ստիպված է լքել Ֆրանսիան՝ այդ ինքնաթիռներին ուղեկցող Էլենին մենակ չթողնելու համար։ Բայց, հորն այդ վիճակում տեսնելով, ինքը ընդհանրապես չի ուզում ոչ մի տեղ գնալ։

-Ես չեմ ուզում լքել Ֆրանսիան, հայրիկ, բայց ստիպված եմ, պետք է ուղեկցեմ Էլենին, չեմ կարող նրան մենակ թողնել, հետո չգիտեմ՝ երբ կվերադառնամ, Էլենն ուզում է, որ մենք այնտեղ ապրենք, չգիտեմ ինչ անեմ, հայրիկ,- ասաց Դանիելը՝ մեղավոր և արդարացող երեխայի ձայնով։

-Իսկ ինչո՞ւ չես ուզում գնալ, Դանիել,- խոսեց հայրը դեռ մի փոքր թմրած ձայնով,- գնա, հեռու կլինես այս վիրուսից, այդ քո ասած մյուս երկրում կորոնավիրուս այլևս չկա, չէ՞։ Գնա հանգիստ ապրիր այնտեղ, տղաս,- հայրը սկսեց հազալ մի տեսակ չոր ու բութ հազով, մի փոքր դադար տվեց, հետո շարունակեց,- Դանիել, խնդրում եմ դիմակ դիր, հեռու մնա ինձնից, տղաս,- հետո ավելացրեց,- լավ, դե ասա տեսնեմ, ինչո՞ւ չես ուզում հեռանալ Ֆրանսիայից։

-Որովհետև ես այստեղ եմ ծնվել, այստեղ են իմ արմատները, իմ ուժը, և վերջապես՝ այստեղ ես դու, հայրիկ։

-Ես էլ շուտով կգնամ, տղաս, մի անհանգստացիր։ Իսկ այն Ֆրանսիան, որտեղ դու ես ծնվել, այլևս գոյություն չունի։ Ո՞ւր է այն Ֆրանսիան, Դանիել․ ո՞ւր է իմ ու քո ճանաչած Ֆրանսիան, ցույց տուր ինձ, խնդրում եմ, և գուցե ես էլ մնամ․․․ չգնամ։

Դանիելը մտքերի մեջ ընկավ․ նա պատասխան չուներ։ Հայրը շարունակեց․

-Ի՞նչ արեցիք իմ Ֆրանսիայի հետ, ո՞ւր է իմ հայրենիքը։ Ես՝ իմ հայրենիքում, կարոտում եմ իմ հայրենիքը, տղաս։ Գիտե՞ս, միշտ չէ, որ հայրենիքի ու պետության սահմանները համընկնում են։ Հիմա Ֆրանսիա պետության սահմաններն ահռելի են, իսկ Ֆրանսիա հայրենիքը մի փոքր է մնացել, այնքան փոքր, որ այ, տես, մի բռիս մեջ է տեղավորվում, և այդ մի բուռն էլ ինձ հետ կմեռնի, կանհետանա։ Ես կտանեմ այն ինձ հետ, տղաս,- ասաց հայրը՝ բռունցքը ճարահատյալ վեր բարձրացնելով, փորձելով գոնե այդպես «փրկել» իր մի բուռ հայրենիքը։

-Չէ՛, հայրիկ, այդպես մի՛ ասա։ Բոլորս էլ մեր այդ մի բուռ հայրենիքը պահում ենք մեր սրտերում, այն մերն է, մարդիկ տարբեր են, և ամեն մեկը յուրովի է սիրում իր հայրենիքը։

-Ո՞ւմ է պետք մեկուսացված սերը,- զայրացավ հայրը,- այդ սերը պետք է միասնական լինի, տղաս, առանց մեր ազգային համերաշխության, առանց մեր ազգային միասնականության՝ Ֆրանսիան շուտով էլ գոյություն չի ունենա, ոտնատակ կլինի ու կլուծվի մյուս երկրների մեջ։ Ֆրանսիացիները պատասխանատու են այսօրվա և վաղվա Ֆրանսիայի համար, յուրաքանչյուրը՝ առանձին-առանձին, և բոլորը՝ միասին։ Եվրոպան էլ շուտով էլ չի լինի, գիտե՞ս, կփլուզվի կգնա, կտեսնես, տղաս, հնարավոր չէ մի ընտանիքում, տարբեր նպատակներով և տարբեր շահերով առաջնորդվելով, մնալ համերաշխ, միասնական և առաջ գնալ։ Հնարավոր չէ։ Ե՞րբ պետք է այդ երկրների ղեկավարները հասկանան, որ մարդը կարող է ընկերներ ունենալ, իսկ ազգը՝ երբեք։ Ազգը միշտ իր արժեքներով ու իր շահերով պետք է  առաջնորդվի, որպեսզի պահպանվի, տղաս․ դա է բնության օրենքը, դա է կյանքի օրենքը,- ասաց հայրն ու սկսեց ծանր ու խզված շնչել, հետո սկսեց չոր հազալ։

Խոսելն ավելի ու ավելի էր դժվարանում հոր համար։ Նա մի փոքր դադար տվեց։ Դանիելը բռնեց հոր բռունցք դարձած ձեռքը և մոտեցրեց իր ճակատին, հոր ձեռքը մի փոքր դողում էր, բայց դեռ շատ ամուր էր։

-Հայրիկ, իսկ հիշու՞մ ես, երբ ես փոքր էի, ինձ հաճախ տանում էիր դահուկ քշելու, հիշու՞մ ես միշտ ասում էիր՝ գլխարկդ դիր, Դանիել, գլուխդ կմրսի, ես էլ ամեն անգամ ձևացնում էի, թե գլխարկս մոռացել եմ տանը, բայց իրականում թաքցնում էի ծոցագրպանումս, որ չգտնես․ այդպես էլ չսիրեցի ես այդ գլխարկները,- ծիծաղեց Դանիելը,- մի օր էլ շատ առատ ձյուն էր գալիս, ձյան մեջ թավալ էինք տալիս երկուսով, հետո ձյան մեջ պառկած նայում էինք, թե ինչպես են ձյան փաթիլները երկնքից իջնում երկրի վրա ու երբ հասնում էին դեմքիս, ձեռքերիս, անմիջապես հալվում էին։ Հիշու՞մ ես, հայրիկ, այդ օրը դու ինձ ասացիր․ «ուշադիր նայիր, տղաս, ձյան ամեն մի փաթիլը յուրահատուկ է՝ տարբերվող նախշերով և ձևով, նմանատիպ երկրորդը չկա աշխարհում, ինչպես մարդն ու իր  մատնահետքերը։ Նայիր, թե ի՜նչ գեղեցիկ են փաթիլները իրենց տարբերությամբ, բայց տես, թե ինչ անպաշտպան են առանձին-առանձին, տեսնու՞մ ես, թե փաթիլն ինչպես է անմիջապես հալվում և մեռնում, երբ մենակ է։ Իսկ հիմա նայիր, երբ այդ նույն փաթիլները միանում են միմյանց, երբ միասնական են, տես ինչ ահռելի ուժ են, նայիր այն ձնակույտերին լեռների վրա, տեսնու՞մ ես այն ձնակույտը, եթե պոկվի-ընկնի, հարյուրավոր տներ կարող է կործանել, մարդկանց կարող է վնասել և նույնիսկ սպանել։ Ձյան միասնական փաթիլներն ահ ու սարսափ են առաջացնում։ Տեսնու՞մ ես, տղաս, նրանց յուրահատկությունն ու գեղեցկությունը տարբերության մեջ է, իսկ նրանց ուժը՝ միասնության։ Այդպես էլ մարդիկ․ նրանց յուրահատկությունը տարբերության մեջ է, իսկ ուժը՝ միասնության։ Ինչի՞ կնմանվեր մեր աշխարհը, եթե բոլոր մարդիկ միանման լինեին, տղաս, ոչ մի առաջընթաց չէր լինի, կդոփեին նույն տեղում, հետո էլ կոչնչանային որպես տեսակ, քանի որ միասնություն չէր ստեղծվի, ուժ էլ չէր ստեղծվի իր տեսակը պահպանելու համար։ Տղաս, կյանքում պահպանիր վերուստ տրված քո յուրահատկությունը՝ մյուսներից տարբերվելու համար, և գտիր քո ուժը՝ մյուսներին միանալով հանուն ընդհանուր շահի և ընդհանուր նպատակի, որը կոչվում է Հայրենիք։ Հասկացա՞ր, տղաս, ուզում եմ, որ հիշես այս խոսքերը, կյանքում քեզ պետք կգան․․․»։

․․․Հետո, հայրիկ, ես սկսեցի բարձրաձայն հաշվել երկնքից իջնող ձյան փաթիլները՝ մեկ, երկու, երեք․․․կարծես մարդկանց էի հաշվում, և դու էլ ծիծաղեցիր ու սկսեցիր ինձ հետ բարձր−բարձր հաշվել ձյան փաթիլները, հիշու՞մ ես, հայրիկ։

Հայրը չէր պատասխանում, նա աչքերը փակ լուռ լսում էր որդուն։

-Երբ հաշվում էի ձյան փաթիլները, նրանք այլևս անպաշտպան չէին թվում ինձ, նրանք միասնական ուժ էին ինձ համար, և կարծես ես էլ էի ուժ ստանում նրանցից։ Եվ հենց այդ պահին ամեն ինչ հնարավոր էր դառնում ինձ համար, հայրիկ։ Երկնքից դանդաղ իջնող ձյան փաթիլներն ինձ սովորեցրին երազել, հավատալ ու իրականացնել երազանքներս։ Ես այնքան լավ եմ հիշում այդ օրը․ այն փոխեց իմ կյանքը, հայրիկ։ Շնորհակալ եմ քեզ այդ օրվա համար։ Իսկ դո՞ւ, դու հիշո՞ւմ ես, հայրիկ։

-Չէ, ես հիմա լավ չեմ հիշում, տղաս, ես հիմա ընդհանրապես ոչինչ չեմ հիշում, բայց գեղեցիկ պատմություն էր, ապրես, որ պատմեցիր, սիրտս ջերմացավ։ Բայց ինչո՞ւ հանկարծ հիշեցիր այդ մասին, Դանիել,- հարցրեց հայրը։

-Գիտե՞ս, մինչև հիմա, երբ ձյուն է գալիս, ես հիշում եմ այդ օրը, հայրիկ, ես նայում եմ վերև՝ երկինք, և սկսում եմ հաշվել ձյան փաթիլները, և զգում եմ այդ միասնական ուժը երակներումս, այդ ուժը, որ անբացատրելի հերոսությունների է տանում մարդուն՝ հանուն իր հայրենիքի, այդ ուժը, որ որտեղ էլ որ լինես, անտեսանելի թելերով քեզ ընդմիշտ կապում է հայրենիքիդ հետ, այդ ուժը, երբ հասկանում ես, որ Հայրենիքդ դու ես։ Ահա թե ինչու ես չեմ կարողանում լքել հայրենիքս, հայրիկ։ Եթե ես լքեմ հայրենիքս, ես կլքեմ ինքս ինձ։

Հայրը լուռ էր և անշարժ, միայն նրա փակ աչքերի անկյուններից հոսող արցունքի մի քանի կաթիլներն էին վկայում, որ նա հիշում է ամեն ինչ։