Պատմվածք, Սուսաննա Հարությունյան

Վուվուզել

Վուվուզել

1.

 Թաղապետարանի բանվորները, այգու ծառերին թառած, իրար ձայն տալով սղոցում էին։ Ծառերի ճյուղերին հեծած բանվորները նման էին ագռավների, որոնք հարմար տեղ են փնտրում՝ բույն դնելու համար, իսկ նրանց կանաչ արտահագուստը ստիպեց մորաքրոջը ծիծաղել․

– Լրիվ մորեխ․․․,- ապա տեսնելով՝ ինչ հոգատարությամբ են էտում ծառերը, հոգոց հանեց,- իմ կյանքը ոչ ոք չէտեց, չխնամեց, չկտրեց տարավ ավելորդ ճյուղերը․ ինչքան անպետք տերև ու շիվ կար, կյանք ու արյուն խլեցին։

– Քո կյանքը հենց դրանով ա քոնը, որ դու պիտի խնամես։

– Է՜, որ քո ասածով լիներ․․․,- ու շարունակեց բանվորներին նայել։- Ձյունն էլ դարձավ երազանք։ Ի՜նչ տեսակ այլասերվեց բնությունը։ Ձմեռն անցավ՝ ո՛չ բուք, ո՛չ սառնամանիք, ո՛չ ոռնոց․․․ Պատուհանից նայում ես, նույն ծառը՝ նույն տերևներով, նույն գույներով․․․ Կյանքը էս ինչ անտանելի ա դարձել, տերևաթափ էլ չի լինում, իսկ դու ասում ես․․․

– Վա՞տ ա, բնակարանը ջեռուցելու համար գումար չենք ծախսում։ Իսկ հիշո՞ւմ ես էն տարիները, ամիս էր լինում՝ ամբողջ եկամուտդ տալիս էիր հոսանքի վարձ։

– Բայց գոնե փոփոխություն կար․ տաք շոր էինք հագնում, տերևաթափ, ցրտից կապտել․․․ Իսկ ինչքա՜ն էինք մխիթարվում թեյի գոլորշիով․․․ սա ի՞նչ ա,- մատը տնկեց պատուհանից դուրս,- անընդհատ նույն բանը․ աչքս փոփոխություն ա ուզում։

– Հիմա հասկանո՞ւմ ես ամուսնուդ, թե ինչու քեզ փոխեց ուրիշ մեկով։ Էդպես ա, ցանկացած պարագայում մարդու սիրտը թարմություն ա ուզում։

Մորաքույրը մի պահ կանգ առավ․

– Ի՜նչ թունավոր տղա ես,- նախատեց,- տա՛ք հագնվի։ Աստված գիտի՝ ուր ես գնում և երբ կգաս։

Վահեն հիշեց, որ երբ սպիդը նոր էր հայտնաբերվել, հենց մորաքրոջ տղայի հետ տնից դուրս էր գալիս, մորաքույրը հետևներից բղավում էր․ «Աղջիկների հետ հանկարծ բերան բերանի չհամբուրվեք, կվարակվեք․․․ միայն թաթիկը և թուշիկը»։ Ու դա դարձել էր թևավոր խոսք․ հենց հարցնում էին՝ ուր եք գնում, մորաքույրների տղերքով ծիծաղում էին․ «Մի հատ թաթիկ-թուշիկ անենք, գանք»։ Հիշելով այդ օրերը․

– Թաթիկ-թուշիկ անեմ ու գամ,- Վահեն ծիծաղելով բացեց դուռը։ Հարկի ծեր հարևանուհին վերելակի մոտ կանգնած էր։ Քաղաքավարությունը անտանելի բան է, տեղին-անտեղի պիտի զիջես, իսկ նա այնքան դանդաղաշարժ է․ մինչև ոտքը շարժում է, վերելակի դռները չորս անգամ արդեն բացված-փակված են լինում։ «Ծերությունից ստորացուցիչ բան չկա աշխարհում»,- Վահեն սեղմեց վերելակի կանչը։ Իսկ ի՜նչ կրակոտ կին էր նույնիսկ հասուն տարիքում։ Կաշպիրովսկու սեանսների օրերին՝ 80-ականներին, երբ հեռուստացույցով էլ էին հեռարձակվում նրա սեանսները, մի օր Մայրանուշը եկավ, բազկաթոռը քաշեց հեռուստացույցի առաջ, ոտները չռած նստեց ու փեշերը հետ գցեց։ «Մայրանո՛ւշ, էդ ի՞նչ ես անում»,- ամոթից կարմրեց մայրը, «Կանացիս հիվանդ ա, բացեմ, թող բուժվի»,- պարզաբանեց հարևանը։

– Ո՞նց եք, Մայրանո՛ւշ տատի։

– Է՜,– կերկերուն ձգեց հարևանուհին,- աչքերս արդեն լավ չեն տեսնում, պիտի գնամ վիրահատության։

Մորաքույրը կիսաբաց դռնից հանեց գլուխը․

– Հետո էլ ճակատագրից կնեղանանք․․․ լավ բան էլ ա տալիս, արժեքը չենք հասկանում։ Վիրահատությունն ինչի՞դ ա պետք, մեր տարիքում ինչքան քիչ տեսնենք ու լսենք, էդքան երկար կդիմանանք։– Եվ կանայք սկսեցին քննարկել իրենց հիվանդությունները։ Վերելակը էլի երկու անգամ դռները բացեց ու փակեց․․․ Հարևանուհին էլի ապարդյուն փորձեց ոտքերը տեղից շարժել․․․ «Բարեկրթություն հորինո՛ղ, ես քու․․․»։ Վահեն վազեց դեպի աստիճանները։

– Ջահել ա,- հետևից ասաց Մայրանուշը,- թող մարզվի․․․

2

Նախանձեց՝ տեսնելով, թե ինչպես ընկերոջ ձեռքը սահեց աղջկա փեշի տակ, և աղջիկը նվաղած ժպտաց։ Կեսօրին, երբ ընկերը զանգեց, արդեն որոշել էր, որ թմբլիկն իրենն է․

– Իջի՛ր սրճարան,- ասաց՝ նկատի ունենալով իրենց հանդիպման մշտական վայրը,- երկու «ծիտ» եմ կպցրել։ Բայց իմացի՛ր՝ թմբլիկը իմն ա։

– Էլի լավին վերցրի՞ր քեզ,- դժգոհեց Վահեն։

– Ազնիվ խոսք, նիհարն էլ չամիչ-մամիչ աղջիկ ա, աչքերն ավելի սիրուն են, բայց գիտես՝ ես քամակ եմ սիրում։

Հիմա նիհարը, որի աչքերը, իրոք, ավելի սիրուն էին, նստած էր ոչ թե Վահեի կողքին, այլ դիմացը, և ոչ մի կերպ հնարավոր չէր գինուց ու փախլավայից հետո ձեռքը խոթել նրա  փեշի տակ։ Միակ բանը, որ կարող էր անել, երկիմաստ ժպտալն էր, և ինքը ժպտում էր, աղջիկն էլ՝ իրեն։

Հանկարծ թմբլիկը ընդարմացումից ելավ, ընդոստ վեր թռավ ու քաշեց ընկերուհու ձեռքը․

– Մենք հաճույք չենք փնտրում, այլ ամուսին,– նետեց վիրավորված և ընկերուհուն հետևից քարշ տալով՝ տարավ։

– Ա՜յ քեզ բան,– սրտնեղեց ընկերը,- ահա՛, ահա՛ արտագաղթի պատճառը․․․ մինչև նազուտուզով տալիս են, հոգի են հանում։ Հալա՞լ չէ Ռուսաստանում, գարեջրի առաջին բաժակից հետո ինչ ուզում ես՝ արա։ Թե չէ, էս ի՞նչ կյանք ա։ Սենց որ շարունակվի, 40 տարեկանում իմպոտենտ ենք։ Հորս արև, հուսահատությունից սկսելու եմ գրել։

– Էդպիսի տաղանդ էլ ունե՞ս։

– Դրա տաղանդը ո՞րն ա, տառերը գիտես, պրծավ-գնաց։

– Հա՛, ցուլի կաշվի վրա ոսկե տառերով կգրես, հուշարձան կդառնաս քաղաքի որևէ թաղամասում, որի գլխին թռչունները կծրտեն, հավաքարարն էլ փնթփնթալով կմաքրի։ Վրադ կթափվեն աշնան տերևները, քիթումռթիդ կապտակեն ուժեղ քամիները, ուսերիդ հեզանազ կհանգչեն փաթիլները, իսկ դու՝ ոչ մի արձագանք, որովհետև քար ես։

Այդ ընթացքում սեղանի մոտով մի աղջիկ անցավ, և ընկերը հայացքով ու մտքով գնաց նրա հետևից․

 – Հիմա եմ հասկանում, թե Հոմերոսը կամ հին աշուղներն ինչու էին կույր, իսկ ոմանք էլ դիտմամբ կուրացնում էին իրենց՝ աշուղ կոչվելու համար․․․ որովհետև աչքերը ամենամեծ գայթակղությունն են։ Մեր դեմքին եղած աչքերը կուրացնում են մեր հոգու աչքերը։ Դրանց միջոցով ա կյանքը մեզ շեղում մեր բուն անելիքից,- ասաց Վահեն։

– Հա՜,- հառաչեց Վարդանը,– հատկապես տոտիկներից ու ծիծիկներից։

– Բոլորին քո արշինով մի՛ չափիր,– ծիծաղեց Վահեն,– ավելի լավ ա՝ էլի խմիչք վերցնենք, չեմ ուզում տուն գնալ։

– Հիմա ինչի՞ց ես վախենում, հիմա էլ հո վրադ խոսող չկա։

– Մորքուրս ա եկել… Եկել ա՝ մորս մահից հետո մի որոշ ժամանակ մնա, որ ինձ միայնակ չզգամ։

– Ե՞վ։

– Ա՛յ մարդ, ի՜նչ տհաճ ա ծերանում էդ կինը․ խոսում ա ու խոսում․․․ ժամերով, օրերով՝ մեկը մեկից անհամ բաներ։

– Հասկացրու, թող գնա, քո վշտի հետ՝ ու դա․․․

– Անհարմար եմ զգում․ ամեն դեպքում եկել ա՝ ինձ մխիթարի։

– Ինչքա՞ն պիտի մնա։

– Ինչքան դիմանամ,- կատակեց Վահեն,- բայց ելքը գտել եմ՝ վաղվանից պիտի արխիվ գնամ։

– Ինչի՞։

– Տոհմածառս եմ ուզում կազմել։ Մոռացե՞լ ես՝ գործազուրկ եմ։ Մի բանով պիտի զբաղվե՞մ, թե չէ։ Որ նստեցի տանը, չեմ դիմանա դրա շատախոսությանը։

– Դե հա՛,- համաձայնեց ընկերը,- վատ տարբերակ չէ։ Կարևորը՝ ծախս չի պահանջում։

Ինչպես ասում են, դժվարն առաջինն է։ Դրանից հետո շշերը հաշվող չի լինում։ Համարյա գիշերվա 3-ն էր, երբ համոզելով նրանց սրճարանից դուրս արին։ Լուսավոր, սթափեցնող սառնությամբ գիշեր էր։ Վահեն գոհունակ ներշնչեց օդը․ միշտ էլ սիրել է գարնան պարզկա գիշերները։ Վարդանը որոշեց տաքսիով տուն գնալ։

– Ես կքայլեմ․․․ մի կանգառ բան է,- ընկերոջ ուսին թփթփացնելով՝ Վահեն հրաժեշտ տվեց ու մայթն անցավ։ Քայլեց։ Հույս ուներ՝ օդի սառնությունից խմիչքի ազդեցությունը կանցնի, և ստիպված չի լինի լսել մորաքրոջ դասախոսությունները ալկոհոլի վնասակարության մասին։ Ուշ էր, փողոցում մարդ չկար։ Նա տարածեց թևերն ու աչքերը երկինք հառեց՝ դեպի խաղաղ, լուսավոր գիշերը, լուսինը, աստղերը… Երբ հայացքը վար բերեց երկնքից, տեսավ, թե ինչպես սրթսրթան, երկնագույն մութի միջով դեպի իրեն է գալիս մի մեծ թափոր։ Զարմանքից կանգ առավ։ Նույնիսկ մտածեց՝ աչքին է երևում։ Բայց գլխներին կարմիր, բարձր չմբուլ դրած ճերմակ ձիերն ու դրանց կողքով քայլող, նժույգների քայլքի տեմպով ոտքերը պատկառանքով վերցնող-դնող զինվորները չէին կարող թվացյալ լինել։ Նրանք լուռ քայլում էին մակաղած գիշերվա միջով։ Խաղաղ փողոցով նրանց հետևից գալիս էր թափորը՝ ծաղիկների մեջ կորած մի մեծ զրահամեքենա, որի վրա դագաղ էր դրված, զրահամեքենայի հետևից քայլող վշտահար մարդկանց մի բազմություն, որոնց դեմքին կսկիծը տանջանքի հետքեր էր թողել, մի քանի դպրոցական, որոնք առջևից տանում էին փողփողուն եռագույնը, կարմիր բարձիկների վրա դրված շքանշանները, Ավետարանը կրծքին սեղմած մի հոգևորական և այդ ամենը հսկող զինվորները, որոնք, սվինավոր հրացանները ուսերին սեղմած, չորս կողմից եզրափակում էին թափորը։ Անսպասելիությունից Վահեն ընկրկեց ու սարսափահար նայեց չմբուլավոր ճերմակ ձիերին։ Իսկ երբ թափորը հավասարվեց նրան, կտրուկ կանգ առավ։ Դասակի հրամանատարը ցածրաձայն ինչ-որ բան ասաց, որ քնած բնակչությանը չարթնացնի, և Ավետարանը կրծքին սեղմած տեր հայրն առաջացավ, կանգնեց զրահամեքենայի գլխավերևում ու սկսեց հոգեհանգստի կարգ կատարել։ Վահեն վախ զգաց, իր հետևում զգալով ինչ-որ պատ, հենվեց։ Քիչ անց վերագտավ իրեն և վիզը ձգեց դեպի դագաղը ու այնտեղ պառկած տեսավ երկրի նախագահին։ «Սա ե՞րբ մեռավ․․․»,- մտածեց՝ կուրծքը տրորելով։ Այդ պահին մեռելը շուռ տվեց գլուխն ու նրան աչքով արեց։ Վահեն ճչաց ու նստեց գետնին, գուցեև՝ ընկավ։ Թափորը մի պահ լռեց ու նոր միայն նկատեց նրան՝ կողմնակի մարդուն։ Դասակի հրամանատարը վազելով մոտեցավ Վահեին, ձեռքից քաշեց, բարձրացրեց։ Վահեն ճանաչեց բանակի իր ընկերոջը՝ գորիսեցի մի լավ տղայի, որի հետ բանակում մոծակ էին պայթեցնում։ Հոկտեմբերյանում էին ծառայում, ճահիճների մոծակը որ կծում էր, կնճիթը ոնց որ ներարկիչի ասեղ լիներ, խրում էր մսիդ մեջ, արյունդ կռճում․ միանգամից գլուխդ սկսում էր պտտվել։ Իրենք երկու կողմից արագ սեղմում էին կծած տեղը՝ թույլ չտալով մոծակին կնճիթը ետ քաշել։ Մոծակն սկսում էր թափահարվել, քաշում-քաշում էր, կնճիթը չէր կարողանում հանել, իսկ անհագ կնճիթը բնազդաբար շարունակում էր արյուն խմել․ մոծակն իրեն թափահարում էր ու շարունակում արյունդ կռճել, ուռչում-ուռչում ու՝ գըմփ, տրաքում էր, կլանած արյունդ վրադ շփելով։ Հիշում էր՝ զինվորները արևից ուշաթափվում էին։ Առաջինին բուժակներն օգնության էին վազում։ Հետո նորակոչիկները հերթով թփթփալով թափվում էին գետնին։ Հաջորդների ժամանակ արդեն ասացին․ «Ինչքան պիտի վազելով գանք, ովքեր ուշաթափվելու են, թող ուշաթափվեն, վերջում կգանք, բոլորին կտանենք»։ Նույնիսկ ինքը ուշաթափվեց, բայց գորիսեցին՝ ոչ մի անգամ։ Պինդ տղա էր։

 – Գնացե՛ք, գնացե՛ք, այստեղից,- շնչակտուր ասաց բանակի ընկերը,- սա պիտի ոչ մի կողմնակի մարդ չտեսնի։ Մենք դիտմամբ ամենախուլ փողոցն ենք ընտրել․․․ Հեռացե՛ք, մնալը կարող է վտանգավոր լինել ձեզ համար։

– Ինչի՞,- զարմացավ Վահեն,- ես էլ եմ էս երկրի քաղաքացի, ես էլ եմ ուզում մասնակցել պրեզիդենտի թաղմանը։ Ինչի՞ց ա մեռել․․․թե՞ խփել են։

– Հիմա՛ր,- մրթմրթաց դասակի հրամանատարը, մինչ տերտերը աղոթք էր կարդում,- սա թաղում չէ․ քեզ թվում է՝ պրեզիդենտին էսպես գիշերով, սուսուփո՞ւս են թաղում․ սա թաղման գլխավոր փորձն է։ Նախագահն ուզում է անձամբ տեսնել, թե դա պատահելու դեպքում մենք ինչպես ենք հրաժեշտ տալու իրեն։ Նա ինքն է մշակել հուղարկավորության բոլոր մանրամասները։ էնպես որ, ռադ էղի։

– Ես կմնամ,- պնդեց Վահեն՝ հասկանալով, որ ընկերը իրեն ճանաչել է, պարզապես ցույց չի տալիս,- պրեզիդենտը դեմ չէ, նա ինքը ինձ դագաղի միջից բարեկամաբար աչքով արեց։

– Ա՛յ քեզ հիմար,- արդեն ձայնը բարձրացրեց դասակի հրամանատարը,-  դա նախագահը չէ, Դրամատիկականի դերասաններից է, գրիմ են արել․․․ մի՞թե նախագահը էդքան ուրախ կլիներ իր մահվան օրը, իսկ սրան լավ վճարել են, դրանից է ժպտում։

– Իսկ տերտե՞րը, լացող առաջին տիկի՞նը, նրանց դուստրե՞րը, վշտից կորացած պառավ մա՞յրը․․․ դրա՞նք էլ են կեղծ։

– Ո՛չ, դրանք հենց իրենք են, կորե՛ք վերջապես, թե չէ ստիպված եմ․․․,- նա արդեն վրա եկավ։

– Լա՛վ, լա՛վ, գնում եմ․․․ առանց էդ էլ շատ եմ խմել, սիրտս խառնում ա։

– Այո՛,- հաստատեց դասակի հրամանատարը՝ բարձր գոռալով, որ մյուսներն էլ լսեն,- Դուք լակած եք, և այս ամենը Ձեզ թվում է, Դուք նման բան չե՛ք տեսել։

– Իսկ գուցե ինձ վճարե՞ք լռության դիմաց։

– Սա տեսնելու համար դու կարող էիր ոտքով-գլխով կորչել, էնպես որ քեզ վարձատրված զգա, որ ապրում ես, ու չքվի՛ր։

3

Արթնացավ մորաքրոջ ձայնից, որը ձեռքը ձեռքին խփելով բացականչում էր․ «Ա՜յ քեզ խելառ․․․»։ Երբ Վահեն մտավ սենյակ.

– Հլը նայի՛,- ծիծաղելով մորաքույրը մատնացույց արեց հեռուստացույցը,- հլը սրան նայի։

Վահեն նայեց էկրանին՝ հասկանալու համար՝ ով է մորաքրոջն այդքան զվարճացրել։ Մի մարդ գետնից տանիքներին էր թռչում, տանիքներից գետնին ու բարձրախոսը բերանին սեղմած՝ ինչ-որ բաներ գոռգոռում։

– Ի՞նչ․․․ մարդը բարձրախոսով խոսում ա։

– Բայց գիտե՞ս ով ա, գիտե՞ս ինչ ա խոսում։

– Մարդ ա էլի, խոսում ա։

– Մարդ չի,– ուղղեց մորաքույրը,- պատգամավոր ա՝ Նիկոլն ա։ Մարդկանց հեղափոխության ա կանչում երկրի ապագայի համար։

– Բարձրախոսով գոռգոռալո՞վ․․․ Ինձ հայտնի բոլոր հեղափոխությունները արվել են զենքով ու արյունով։ Մեն-մենակ ընկել ա փողոցները… Գոռգոռալով որ լինե՜ր․․․

– Էդ երեկ էր մենակ, այսօր նրան միացել ա ևս մի հոգի՝ Քայլո շունը։

– Դե հա՛,- ծիծաղեց Վահեն,– գոնե էդ մի շունն էլ կա՝ որպես արդարացում․․․,- քաշվեց իր սենյակ՝ մտածելով, որ պետք է օրինակ վերցնել պառավ կանանցից․ նրանք ինչով ասես, որ իրենց չեն զբաղեցնում․

– Ձվածեղ արա՛, ուտեմ, գնամ։ Պիտի արխիվ գնամ,- գոռաց այնտեղից,- փաստաթղթեր պատվիրեմ։

– Դիսերտացիա ես գրո՞ւմ։

– Չէ՛, տոհմածառս եմ կազմում։ Քեզ էլ ամենավերին ճյուղին կդնեմ, որ քամին թռցնի տանի։

Մորաքրոջ ձայնը կտրուկ կտրվեց, հետո երբ Վահեն արդեն դրսի դռան մոտ էր, հարցրեց․

– Ինչի՞դ ա պետք։

Վահեն չասաց՝ քեզնից ազատվելու համար, միայն նետեց՝ պետք ա։

4

Մորաքույրը պատրաստվում էր եկեղեցի գնալ։ Նա ամեն շաբաթ՝ պատարագին, հազար դրամ է տալիս քահանային, որ հիշատակի քրոջ՝ Վահեի մոր անունը։ Ծիծաղելի է, իհարկե, որ Աստծո բարությունը պիտի բաշխվի՝ համաձայն մորաքրոջ տված հազար դրամների, բայց Վահեն նախանձում էր մարդկանց, որ կարողանում են նման բաներով մխիթարվել։ Առհասարակ, նրա համար ծիծաղելի էին մարդ-Աստված հարաբերությունները, երբ մարդիկ Երկնավորին խցկում են մարդկային գիտակցության մեջ, իսկ նա կարծես թե չի էլ դիմադրում, բայց և չի էլ կարողանում տեղավորվել այնտեղ։ Եվ ստացվում է, որ ո՛չ Աստված է պետք գալիս մարդուն, ո՛չ էլ մարդը՝ Աստծուն։

– Արխիվից պատասխան կա՞։

– Դեռ փնտրում են։ Ասել են՝ մի քանի օրից․․․

– Դրանք սրիկա են, հետքեր չեն թողնում,- զայրացավ մորաքույրը,- հիշո՞ւմ ես՝ Արդարադատության նախարարության շենքը ոնց այրեցին, բոլոր փաստաթղթերն էլ հետը։

– Իմ ծնունդը արդարադատության հետ կապ չունի․ ես ո՛չ Հնդկաստանի առևանգված թագաժառանգն եմ, ո՛չ էլ նախագահի ապօրինի որդին․ ինձ հետ կապված փաստաթղթերը պիտի որ պահպանված լինեն։ Ասեցին՝ չորս օր սպասեք։

– Ա՛յ մարդ, արխիվս ո՞րն ա․․․ մենք որ արխիվ չենք գնացել, մեր տատուպապին չե՞նք ճանաչել։ Հարցրո՛ւ, ասեմ՝ ով՝ ով ա։

– Դե մեր մեղքն էդ ա, էլի, որ տատուպապից էն կողմ չգիտենք, օրինակ դու․․․ դե ասա՝ քո նախա-նախապապը կամ նախատատը ո՞վ ա եղել։ Երևի պապիդ պապին էլ չգիտես։

– Գիտե՛մ,- համառեց մորաքույրը,- հիշողությունս որ լարեմ, շատ բան կհիշեմ։

– Դա էլ մարդկային թերություն ա, մինչև որոշում ենք հիշողություններս լարել, արդեն հիշողություն մնացած չի լինում։ Մի խոսքով, արխիվից լավը չկա․․․ մի քանի օրում ուզածդ տեղեկությունը գրած ու կնքած տալիս են ձեռքդ։

Դեռ մի քանի օր էլ կար, մինչև տեղեկանքը ստանար, ընկերը էլ «ծտեր չէր կպցնում», հիասթափվել էր կյանքից և ընկճախտը հաղթահարելու համար գնացել էր գյուղ՝ քեռու քաշած թթի օղիով մխիթարվելու։ Եթե փող ունենար, խորովածի բան-ման կառներ, կգնար, բայց, ավա՜ղ, գործազուրկի կյանքն այլ բան էր թելադրում։ Մտավ ինտերնետ ու մի քանի ժամ մնաց այնտեղ։ Facebook-ում ինչ-որ մեկը գրառում էր արել․ «Մամաս․․․((( Կես ժամ առաջ»։ Զարմացավ՝ ոնց են կարողանում հարազատի դիակի կողքին մտածել Facebook-ի ու գրառման մասին, ոնց է դրանց ձեռքը գնում։ Ի՜նչ ցինիզմ արյունակցության, հարազատի, կյանքի նկատմամբ․․․ Հիշեց՝ ինքը ինչ թևաթափ ու ջախջախված էր մոր մահվան օրը։ Ինչքան մեղավոր էր զգում իրեն, որ հոգեհացից կերավ, օղի խմեց։ Չնայած օղորմաթասը պիտի անպայման խմեր, բայց հաց ուտելը, ողջ լինելը մի տեսակ հեգնանք էր թվում այդ պահին։ Իսկ սրանք․․․ բա որ իրենց թոռների, երիտասարդ օրերի, ամուսնության ամյակների, կերած խորովածների լուրն են տարածում երկրեերկիր։ Տեսնես իրո՞ք մտածում են, որ դու պիտի ուրախանաս իրենց ամուսնությամբ կամ կերած խորովածով։ Էքսգիբիցիոնիզմը մեր օրերի ոճն է՝ ապրել ի ցույց, մերկանալ մինչև վերջ՝ մարմնից մինչև հոգու վերջին բջիջը։ Ծիծաղելի է, թեև շատ լավ վայր է հոգեբանական ու սոցիալական վերլուծություն կատարելու համար՝ տեսնում ես դիմացինի տարողությունը, սեթևեթանքը հասարակության հետ, ամեն ինչ անսքող․․․ Աչքերն սկսեցին մրմռալ, ու մտքում նախատեց իրեն, որ Facebook-ի նման անհեթեթությամբ իրեն հոգնեցրեց․ մարդ էլ ուրիշի կյանքի անբովանդակ մանրամասների ու պարզունակ մտքերի վրա աչք քոռացնի՞։ Դուրս եկավ պատշգամբ։ Այստեղ էլ հեռուստացույցի ձայնն էր ուղեղը ծակում։ «Պառավն արդեն խլացել ա․․․»,- ո՛չ այն է՝ խղճաց, ո՛չ այն է՝ զայրացավ։ Հետաքրքիր է՝ որն է ավելի շահավետ՝ Facebook-ում աչք քոռացնե՞լը, թե՞ մորաքրոջ հետ նյարդ քայքայելը։

Մորաքրոջը հետաքրքրող պատգամավորն արդեն իջել էր տանիքներից, ահագին մարդ էր հավաքել՝ գումարած Քայլո շունը, և բարձրախոսն ավելի վստահ էր պահում խոսելիս։ «Ոնց էլ նման բաների վրա կյանք են ծախսում»,- մտածեց Վահեն ու մոտեցավ, որ մորաքրոջ հետ քննարկի, բայց մորաքույրն արդեն քնած էր հեռուստացույցի բարձր ձայնի ներքո և այնքան խորը, որ երբեմն-երբեմն բացականչում էր քնի մեջ։ «Սա էլ ա միտինգ անում»,- մտքում քմծիծաղ տվեց Վահեն։ Նայեց ժամացույցին․ ա՜յ քեզ բան, գիշերվա 1-ն էր։ Քաղցը տանջում էր։ Միշտ էլ էդպես է, 11-ից հետո եթե նստեց, սովածանում է։ Սառնարանը բացելով՝ հայտնվեց անապատային կենդանու վիճակում, երբ ուտում ես ոչ թե ինչ ուզում ես, այլ ինչ պատահում է։ Քիչ անց ապխտած ձկան պոչն սկսեց ցավեցնել ստամոքսը։ Վերցրեց հեռախոսն ու նորից սկսեց փորփրել ինտերնետը․ հայտնաբերեց, որ Երկիր մոլորակը գտնվում է սև խոռոչում, և դա նրան հանգեցրեց այն մտքին, որ սև խոռոչները արգանդներ են, որտեղ մոլորակներ են հասունանում։ Այս միտքը չմեղմեց ստամոքսի ցավը։ Նորից բացեց սառնարանի դուռը։ Խմիչքի կիսատ շշերը միշտ էլ ազդել են նյարդերին․ շիշը կամ պիտի լիքը լինի կամ պիտի չլինի։ Եվ գինու կիսատ շիշը տեսնելով՝ անմիջապես ձեռքը մեկնեց․ դա հաստատ ձկան պոչի հախից կգա։

Գինին ինչ-որ կերպ հարթեց ստամոքսի հարաբերությունները ձկան պոչի հետ, և Վահեն աննկատ քնեց։ Իհարկե, ինչպես լինում է նման դեպքերում, ցնորական ինչ-որ երազներ տեսավ, որից առավոտյան միայն երկու անճոռնի դիմակ էր հիշում: Այդ պահին դրանք սարսափելի էին, բայց հիմա Վահեն ծիծաղում էր իր վախի վրա:      

– Երեխաները կյանքի են կոչում ծնողների երազանքները,- հարևան սենյակից լսվեց մորաքրոջ ձայնը։ Դա նրա սովորությունն էր․ հենց շարժում էր նկատում Վահեի սենյակում, սկսում էր խոսել։ Չկայացած դերասանի համախտանիշով է տառապում․ անընդհատ հանդիսատեսի կարիք ունի,- ա՛յ, օրինակ ես․․․ ինձ շա՞տ պետք էր բուժքույր դառնալը, ուրիշ հիվանդների նվնվոցին դիմանալն ու վերքեր մաքրելը․․․ Մորս երազանքն էր, բայց քանի որ իրեն չէր տրվել, ինձ ուղարկեց բժշկական ուսումնարան․․․

 Վահեն խմում էր թեյը և զգում, թե որքան հաճելի է տաքը։ Կոկորդը քերվում էր, գուցե մի կտոր էլ կարա՞գ կուլ տա։ Մտքում նախատեց մորը․ այնքան էր վախենում, որ տղան բակում խաղալիս խուժանների հետ հանկարծ ընկերություն կանի, պիջակը չի հագնի ու կմրսի, ծխել ու աղջիկների հետևից խոսք գցել կսովորի, կսիրահարվի բակին, դասերը չի սովորի․․․ Մի խոսքով, այնքան ստերիլ պահեց, որ հենց կյանքի հետ շփվում է, հիվանդանում է․ ընդամենը քնել էր՝ պատուհանը բաց թողած։

– Վահե՛,- կանչեց մորաքույրը,- ասում եմ՝ երեխաները իրագործում են մայրերի երազանքները․․․Նե՛րս արի, դու էլ բացառություն չես, դու էլ պիտի իրագործես մորդ երազանքը։

Վահեն թեյի բաժակը ձեռքին մտավ սենյակ․

– Գուցե համբերես՝ թեյը խմեմ․․․

– Չեմ կարող, առավոտ շուտ պիտի հիվանդանոցում լինեմ․․․ մի րոպե ուշացա՝ կազատեն, առանց էն էլ պատճառ են ման գալիս, կրճատումներ են,- մորաքույրը, մեջքով կանգնած, բազմոցին ինչ-որ բան էր դասավորում։ Վահեի ներս մտնելով հետ քաշվեց․

– Ահա՛,- ձեռքով ցույց տվեց բազմոցին շարված փորլաթերը,- պիտի կյանքի կոչես մորդ երազանքը։

Վահեն նայեց շարքով իրար կողքի դրված, ավելի ճիշտ, ցուցադրաբար փռված կանացի փորլաթերի շարքին՝ թելով, քարերով ու ասեղնագործ, ստրազներով, բրդե ու բամբակե․․․ և ծիծաղեց․

– Ես աղջիկ չեմ, որ դրանք հագնեմ։

– Հեչ ծիծաղելու չի,- նախատեց մորաքույրը,– խոսքը մորդ երազանքի մասին ա․․․ Նա դրանք հավաքել էր, որ ճակատագրական տղամարդուն հանդիպելիս ամեն ինչ ունենա երջանկության համար, իսկ դու ծիծաղում ես։

– Բա ես ի՞նչ անեմ․․․,- Վահեն նորից նայեց ներքնաշորերի շարքին ու մտածելով, որ մայրը առիթ չի ունեցել այդ ճակատագրական փորլաթերից և ոչ մեկը հագնելու, խղճաց նրան։ Նա նաև ինքն իրեն է ստերիլ պահել, կյանքի հետ չի շփվել, որ․․․ ինչի՞ համար, մի երջանկության, որն այդպես էլ չեկա՞վ։

– Հասկանալի ա, որ աղջիկ չես, բայց ընկերուհի, սիրած աղջիկ․․․ մի   բան կունենաս, չէ՞։

– Իմ ճաշակը հորս ճաշակին չի համընկնում, սրանք նրա հագով չեն լինի։ Համ էլ հիմա էմոցիոնալ պարապուրդի մեջ եմ՝ ոչ ոք չկա։- Մայրը չորուկ կին էր, երկու կողմից տափակ՝ ո՛չ կուրծք ուներ, ո՛չ քամակ։ Բայց խելք ուներ․ կարողանում էր իր մարմնի թերությունները քողարկել հագուստով։ Որպեսզի տպավորություն ստեղծի, որ իր վրա էլ միս կա, նրա կրծքին միշտ ծփծփում էին փարթամ փութուռներ, իսկ քամակին թռվռում էին դարսեր ու փոռիկներ։ Վահեն այս ամենը քնքուշ սիրով էր հիշում, և աչքերը լցվեցին։ Հետաքրքիր է, զարմացավ նա, որ ինքը հորը չի քաշել․ իրեն ավելի շատ լխտիկ կանայք են դուր գալիս։

– Բա ես ի՞նչ անեմ, շատ ափսոս են․․․ ուրիշի՞ն տամ։

– Դե…,- կմկմաց Վահեն,–ինքդ էլ կարող ես հագնել,- ու պատկերացնելով, թե ինչ տեսք կունենա արդեն չորացող մորաքույրը՝ ստրազներով փորլաթը հագին, ծիծաղեց։

– Հիմա՛ր,– վիրավորվեց մորաքույրը,– իմ տարիքի կնկան էդ ինչի՞ ես դրդում․․․

– Պարտադիր չէ՝ հագնես ուրիշին հաճույք պատճառելու համար, հագի՛ր սեփական հաճույքի համար։

– Մեզս արդեն վրաս չի կանգնում․․․ շան կյանք եմ ապրել, ի՞նչ սեփական հաճույք․․․

– Ի՞նչ ասեմ, մի բան մտածի՛․․․,- Վահեն դուրս եկավ միջանցք,- տա՛ր Վերնիսաժ, կապոցով հանձնի՛։ Կարծում եմ՝ 2000 դրամ կամ մի քիչ ավելի կտան։

– Ի՜նչ ․․․ էսքան ծախսը, մորդ փայփայած երազանքը․․․ և ընդամենը 2000 դրա՞մ․․․

– Ախր, դա տղամարդու հետ քննարկելու ի՞նչ հարց ա,- զայրանալով Վահեն մտավ ճաշասենյակ։ Նայեց ժամացույցին․ ութն անց էր․․․ Հարևան սենյակում դեռ լսվում էր մորաքրոջ ոտքերի քստքստոցը։ Եվս մի քանի այսպիսի քննարկում, և ինֆարկտը պատրաստ է։

– Հետս գինի խմո՞ւմ ես,- գլուխը դեպի միջանցք ձգելով՝ հարցրեց։

Մորաքույրն արդեն ուզում էր դուրս գալ ու հայելու մեջ նայելով՝ դիմափոշի էր քսում կնճիռներին։ «Կնճիռները հոգու սպիներն են․․․ հավանաբար դա է պատճառը, որ մարդիկ աշխատում են թաքցնել»։

– Էս ժամի՞ն,- զարմացավ,- համ էլ՝ դա հիմա արդեն քացախ ա,- մորաքույրը հայելու միջով նայեց շշին։

– Դու գիտես․․․ մենակ կխմեմ։

 – Քո տարիքում, երբ և՛ անխելք ես, և՛ անկնճիռ, ես էլ կխմեի։- Ապա ինչ-որ բան հիշելով՝ մորաքույրը մեղավոր կմկմաց․

– Քեզ ինչ-որ մեկը բա՞ն ա ասել․․․

– Ինչի՞ մասին։

– Դե էդ, էլի, արխիվի․․․քո․․․ թղթերի․․․,- նա խրտնած պոկվեց տեղից ու սուրաց խոհանոց։

 – Քեզ ի՞նչ եղավ,- զարմացավ Վահեն ու նրա հետևից մտավ խոհանոց,- հո վա՞տ չես, դեղդ խմե՞լ ես։

Մորաքույրը փլվեց աթոռին․

– Ոչի՛նչ, կանցնի․․․

Քիչ անց վեր կացավ, գնաց լոգարան ու երկար ժամանակ ձեռքերն էր լվանում սառը ջրի տակ։

– Ինչի՞ ես անընդհատ լվացվում, ասես կյանքից զզվում ես,- ինչպես միշտ, լարվածությունը թուլացնելու համար փորձեց կատակել Վահեն։

– Բուժաշխատողի սովորություն ա, ուզում եմ մաքուր լինել։

– Էդ դեպքում ձեռքերդ բինտով փաթաթի՛, որ ոչ մի բանի չդիպչես։

5.

Բաղրամյան պողոտան հենց սկզբի հատվածից փակ էր։ Ցուցարարները գրավել էին այն։ Նրանք կրքոտ ծափահարում էին հերթական ելույթից հետո, որը կրկնում էր երկիրն այս իշխանությունից ազատելու նախորդի կոչը։ Ցուցարարների, ելույթների ու ծափերի միջով Վահեն մի կանգառ քայլեց վեր։ Նրա համար ծիծաղելի էր այս ամենը. երբեք չէր գնահատել փողոցի ուժը: Նրա համար հիմա ամենակարևորը սեփական ծագումն էր։ Շրջանցելով ևս մի քանի փողոց, վերջապես հասավ արխիվ։ «Աշխատողները միտինգ են գնացել․․․ հայրենիքն ավելի կարևոր են համարում․․․,- տեղեկացրեց պահակը,- վաղը եկե՛ք․ տնօրենը դրանց ցույց կտա, ինչ ասել է լքել աշխատավայրը։ Վաղը հաստատ կլինեն»։

Տուն վերադառնալով՝ տեսավ, թե ինչպես է մորաքույրը, ծնկներին դրած, շոյում թավշե կազմով ալբոմը։ Մայրն էլ էր այդպես քնքշորեն շոյում ընտանեկան հուշերի այդ շտեմարանը։ Առհասարակ, կարմիր թավշե կազմով ալբոմը, որի վրա դաջված էին իրար ագուցված երկու սիրտ, իրենց տանը միշտ էլ սիրելի է եղել։ «Էն տարիներին սրանք շատ թանկ էին,- ասում էր մայրը ալբոմի մասին,- թավիշը միշտ էլ թագուհիներն են կրել»։ Նա նայեց մորաքրոջն ու կրկնեց մոր ասածները․

– Էն տարիներին դրանք շատ թանկ էին․․․,- ու հայացքով շոյեց պառավի չորուկ ծնկներին դրված ալբոմը։

– Ես Աստծուց վախենում եմ,- շշնջաց մորաքույրը։

– Ես էլ եմ վախենում,- ասաց Վահեն,- զարմանալին էն ա, որ Աստված մեզնից պահանջում ա ընդամենը սիրել իրեն, իսկ մենք, չգիտես ինչու, նրանից վախենում ենք։

– Մայրդ ավելի համարձակ էր․․․ նա առանց վախի հեռացավ մեզնից, հավանաբար նա էլ էր քեզ նման մտածում՝ չարժի նրանից վախենալ։ Միայն մի վախ ուներ, միշտ ասում էր․ «Վախենում եմ՝ մեռնեմ, վրաս լացող չլինի»։

– Էդ արտահայտությունը էլի եմ լսել․․․ էդ ի՞նչ մոլուցք ա՝ դիմացինին ցավ պատճառելուց լավ զգալ․․․ էն էլ քո հարազատին․․․ Օրինակ, ես ուզում եմ երկար ապրել, որ իմ գնալու ժամանակ մարդիկ չվշտանան, մտածեն՝ իրենն ապրել էր։

Մորաքույրը թերահավատ ժպտաց, ապա մեկնեց կիսված մի լուսանկար․

– Չգիտե՞ս՝ որտեղ կարելի ա սա վերականգնել,- ասաց, որ ինքն է պատռել, ուզում էր կտոր-կտոր անել, դեն նետել, բայց կեսից փոշմանել է․ ճշմարտությունը չարժե թաղել։ Լուսանկարի կտորները միացրեց իրար։

– Սա ա քո իսկական մայրը,- ասաց հնարավորիս անտարբեր, ինչպես եղանակի տեսության հաղորդավարը գալիք անձրևի մասին տեղեկացնելիս,- մենք քեզ որդեգրել ենք։ Խաբված մի աղջիկ էր մայրդ․ քեզ թողեց ծննդատանը։ Հորդ մասին առհասարակ գաղափար չունենք․․․ գուցե թմրամոլ էր, գող, կամ սովորական մարդ․․․ մեր ինչի՞ն էր պետք, որ ճշտեինք։ Կարևորը դո՛ւ էիր, և մենք քեզ փողով գնեցինք հիվանդանոցից։

 Վահեն ապշած նայում էր կիսված լուսանկարի գռուզ մազերով աղջկան․

– Ես Աստծուց վախենում եմ,- նորից կրկնեց մորաքույրը,- հոգի ունեմ տալու․․․ վաղը-մյուս օրը ես չեմ լինի, մեղք ես, ինչի՞ մնաս անհարազատ։ Տեսնո՞ւմ ես՝ ինչ ջահել ա․ 16-17 տարեկան հազիվ լինի, հիմա հասուն, առողջ կին ա դարձել, արխիվները որ լավ փորփրես, կգտնես։

Ահա և քեզ արխիվ․․․ Նա գլխիկոր նստեց՝ լսելով, թե մորաքույրը ինչպես է քիթը ֆսֆսացնելով լալիս ու արդարացնում իրենց արածը․

– Բալե՛ս․․․ մեկ ա՝ մերդ քեզ արդեն թողել էր․․․ որ ուղարկեին մանկատուն, Աստված գիտի՝ հիմա որտեղ կլինեիր։ Եթե հիվանդանոցը քեզ չվաճառեր, մանկատունն էր վաճառելու, իսկ էնտեղից արտասահմանցիներն են առնում․ ճիշտ ա, ավելի թանկ, բայց ինչ գիտես՝ ով, ինչ նպատակով․․․,- մորաքույրը հեկեկաց։

Վահեն անզորությունից խաղում էր սեփական մատների հետ։ Ի՞նչ անել, մանկան պես արտասվե՞լ, գոռա՞լ․․․ այն դեպքում, երբ քո առաջ ճակատագրի փոխարեն մի փոքրիկ, կուչ եկած պառավ է կանգնած։ Նյարդերին ազդում էր մորաքրոջ լացը, նաև խղճում էր նրան։ Իրենից վանում էր մոր մասին մտքերը։

– Գոնե մի կարգին փող տվե՞լ եք, ասա՛, ի՞նչ արժեմ իրականում,- ուժեղ երևալու համար փորձեց կատակել ու մտավ իր սենյակը։ Փռվեց անկողնուն։ Փակեց աչքերը, որ հանկարծ արցունքները դուրս չհորդեն, թեև լացելը շատ տեղին կլիներ այս դեպքում։

– Իհարկե՛ թանկ,- դռների միջից լսեց մորաքրոջ ձայնը,- շատ թանկ, բալե՛ս, մի ամբողջ 10,000 դոլար․․․ չնայած․․․ մանկատնից քեզ 20,000-ով էին վաճառելու։

– Եվ 10,000-ի դիմաց այդ պատռված լուսանկարից բացի՝ ուրիշ ոչինչ չգիտե՞նք․․․,- նա ուզում էր ասել «մորս մասին», բայց դա նրան դավաճանություն թվաց այն կնոջ հանդեպ, որն իրեն մեծացրել է,- ինձ լքողների մասին։ Ասա՛, էլ ի՞նչ գիտես նրանց մասին․ քաղաք, հասցե, հարազատներից մեկնումեկի տեղը․․․

Մորաքույրը լուռ տարուբերեց գլուխը։

– Կարծում եմ՝ պիտի հիվանդանոցի արխիվից սկսեմ,- ասաց Վահեն։

– Ինձ որ լսես, վաղը էս նկարը կտանես վերականգնելու և նկարով կենտրոնական արխիվից կիմանաս,- կարեկցանքով ասաց մորաքույրը,- հիվանդանոցի արխիվից դժվար թե․․․ Երբ քեզ վաճառեցին, փաստաթղթերում ձևակերպեցին, որ հենց քույրս է քեզ ծննդաբերել։ Օրինական, սովորական ծնունդ։ Ո՞ւմ դարդն ա կտրվել, ստուգի՝ Պողոսյան Հասմիկը չբե՞ր ա, թե՞․․․

Վահեն գլուխը թաղեց բարձի մեջ։ Մորաքույրը, լացը շարունակելով ու ոտքերը քստքստացնելով, հեռացավ։

Երեկոյան արդեն երկուսն էլ հաղթահարել էին օրվա լարվածությունը, թեև Վահեն իր սենյակից դեռ դուրս չէր եկել։

– Հլը արի՛, արի՛,- մորաքույրը «Ազատություն» ռադիոկայանի հեռուստաալիքն էր դիտում։ Եթե դա երեկ լիներ, նա կբղավեր՝ հավես չունեմ, բայց ցերեկվա խոսակցությունից հետո, չգիտես ինչու, իրեն պարտավորված էր զգում քաղաքավարի լինել։

– Ա՜յ, քեզ սրանց նման աղջիկ է պետք։ Տեսնո՞ւմ ես՝ ինչ ճարպիկն են․ իսկական սատանի ճուտ։

Վահեն տեղավորվեց բազմոցին, իսկ մորաքույրը շարունակում էր հարսնացուների գովքը․

– Տեսնո՞ւմ ես, ուսանող աղջիկներ են, բայց ի՜նչ խելք ունեն․ ոստիկանը հայտնվում ա, փախչում են այլ փողոց, այնտեղ ա հայտնվում, փախչում են հետ, կամ մեկ այլ փողոց․․․ կարո՞ղ ես ամեն նապաստակի գլխին մի ոստիկան կանգնեցնել։ Իհարկե ոչ․․․ չէ՛, ես հավատում եմ էս պայքարին, աղջիկները որ էսքան խելքով են, տղաները հիմա ինչե՜ր են անելու։

– Դե՛,- քթի տակ փնթփնթաց Վահեն,- առայժմ միայն քայլում են փողոցներով ու ռիթմով ծափ տալիս։

– Ոչի՞նչ, որ քայլողներն ու ծափ տվողները օր օրի կրկնապատկվում են։ Զարմանում եմ քո մտածելակերպի վրա, ուղղակի ապշած եմ․․․

– Դե, հիմա․․․,- Վահեն հասկացրեց, որ խոսելու հավես չունի,- ես էլ մեր տնից ծափ կտամ, եթե կարևորը ծափ տալն ա։ Էնպես էլ ձեռքերը վեր են բարձրացնում, ոնց որ գերի հանձնվեն։ Պայքարողի ձեռքին որ զենք չլինի, իմաստ չունի հավատալ այդ պայքարի հաղթանակին։

Դժվար էր կանխատեսել, թե այդ օրը ցուցարարները որ փողոցը կփակեին կամ երբ․․․ փոթորկի պես անկանխատեսելի էին։ Եվ որպեսզի հանկարծ որևէ բան չխանգարի, հաջորդ օրը՝ դեռ լույսը չբացված, շտապեց արխիվ։

– Հոյակապ է,- այս անգամ արխիվի աշխատակիցը տեղում էր։ Նա զննեց հին լուսանկարը,- ինչ ուզում ես, ասա՛, սև ու սպիտակ լուսանկարը այլ կերպ է տրամադրություն փոխանցում։

– Պատահաբար ա պատռվել․ մնացել էր թղթերի արանքում․․․,- Վահեն հավաստի արդարացում էր ուզում հորինել։

– Կարևոր չէ, մենք վերականգնող ունենք։ Լավ արեցիք, որ բերեցիք, սա մեզ շատ կօգնի։ Մի շաբաթից և՛ նկարը պատրաստ կլինի, և՛ ձեր ուզած տեղեկությունը։

– Եթե ցույցերը չխանգարեն,- Վահեն հոգոց հանեց։

– Թող խանգարեն, դրանք լավ ցույցեր են․․․ այ կտեսնես՝ Նիկոլը հայոց հարցն էլ կլուծի․ էսօրվա օրը հիշի՛ր, ես քեզ բան եմ ասում։

– Հայոց հարցը Մակեդոնացու դիակի պես ա՝ չի հնանում, չի նեխում․․․ դա հավերժական հարց ա, դժվար թե սրանց պես երգելով ու ձեռքերը վեր բարձրացնելով լուծվի։

– Համբերի՛ր, համբերի՛ր ու կտեսնես, որ քո հարցն էլ կլուծենք, հայոց հարցն էլ,- ժպտաց աշխատակիցը։

Վահեն վերջապես գոհ էր։ Այո՛, մի շաբաթ ինքն ազատ է, կարող է նույնիսկ միանալ ցուցարարներին, ծափ տալ, քայլել, դոփել, թեկուզ խփել ու ջարդել, միայն թե շուտ անցնի ժամանակը։

7.

Ցույցերը մոլեգնում էին, մարդիկ շրջաններից գլխապատառ գալիս էին մասնակցելու, ովքեր չէին կարողանում հասնել մայրաքաղաք, տեղերում էին փակում ճանապարհները։ Կառավարությունը փակում էր բոլոր մայրուղիները։ Սփյուռքահայերն անկեղծ հայրենասիրությամբ ելույթներ ու տեսահոլովակներ էին տեղադրում սոցցանցերում, կոչեր հղում ժողովրդին․․․ Քաղաքի փողոցներով քայլել չէր լինում․ մորաքրոջ գովերգած «նապաստակներն» ամենուր էին։ Նրանց նույնիսկ դպրոցականներ էին միացել, և անհնար էր դարձել փողոցներով երթևեկելը։ Ինքն էլ խառնվեց ցուցարարներին, որ որևէ պահի շեղվի իր ուզած փողոցը, բայց հնար չեղավ։ Մինչև ուշ գիշեր մարդկային կուտակումների մակընթացությունների ու տեղատվությունների ալիքը նրան քշեց այս փողոցից  այն փողոց, այն փողոցից՝ հրապարակ, հրապարակից՝ մեկ այլ փողոց, և այդ ամենը՝ ցուցարարների, նրանց համերաշխ երգ ու ծափերի ուղեկցությամբ։ Ի վերջո միտքը պայծառացավ, ոտքերի թմբիկների ցավը հաղթահարելու համար իրեն նետեց առաջին պատահած շենքի մուտքը, տապալվեց գետնին ու հանեց կոշիկները։

Զգաց, որ մեկը բոթում է իրեն։ Աչքերը բացեց։ Մի ծերուկ, կռացած իր վրա, սպառնում էր․ «Մուտքից դո՛ւրս արի, թե չէ սևդ կտամ։ Հերիք չի, գալիս, քնում եք, վերջում էլ չիշիկ անում ու գնում․․․ անշնորհքնե՛ր»։ Ուրեմն քնել էր։ Շենքի բնակիչն էլ իրեն թափառականի տեղ էր դրել։ Կոշիկները հագնելով՝ դուրս եկավ մուտքից։ Գիշեր էր։ Իրեն թվաց՝ խելագարվում է․ դիմացից դարձյալ թաղման թափոր էր գալիս՝ նույն ձիերով, ժամապահներով․․․ Նայեց ու տեսավ նույն մեռելը, ինչ մի շաբաթ առաջ էր տեսել, և էլի աչքով էր անում։ Սարսափահար վազեց։ Մի քիչ գնաց, մտածեց՝ գուցե թվացել է, նորից շրջվեց։ Այս անգամ մեռելը լեզու ցույց տվեց։ Երբ հավասարվեցին իրեն, մեռելը, որ դարձյալ նույն դերասանն էր, էլի աչքով արեց. «Սա նախագահի խորհրդանշական թաղումն է, ցուցարարներն են կազմակերպել․ փոխաբերաբար ուզում են ասել, որ նա մեռածի հաշիվ է»։

– Ապա ցո՛ւյց տուր երկրի ունեցվածքը լափելու պահը,- հրամայեց ցուցարարներից մեկը։

Հանգուցյալը հանկարծ նստեց դագաղի մեջ և սկսեց ագահորեն ուտել ձեռքին չգիտես որտեղից հայտնված խոզի խորոված բուդը։ Այո՛, նույն դերասանն էր։

Երեք օրից զանգահարեց ընկերը, շրջանից էր եկել․

– Ինչո՞ւ ուշացար, զահլաս գնաց մենակ,- նախատեց Վահեն։

– Մոռանում ես, որ ցույցեր են, ճամփեքը ամեն տեղ փակ են։ Շրջաններից մայրաքաղաք եկողներն էլ կառավարությունն ա փակում։ Ճամփի մեծ մասը ոտքով եմ եկել, ցուցարարների մի խումբ գտա, որ թաքուն ճամփա գիտեր, միացա՝ ջերմեռանդ վուվուզել փչելով։ Իմանաս՝ քեզ ի՜նչ եմ բերել․․․ թթի արաղ․․․ տնական։

– Եթե ցուցարարները թույլ տան, կխմենք,- կատակեց Վահեն։ Մի պահ ուզեց վերջին բացահայտումների մասին խոսել՝ իր որդեգրման, մոր լռության և 10,000 դոլարի, բայց համարեց, որ դա հեռախոսային խոսակցություն չէ։

– Էլ մի ասա,– ծիծաղելով բողոքեց ընկերը,- էնքան են մեր փողոցում վանկարկել՝ մեր-ժիր Սեր-ժին․․․, քիչ ա մնում՝ ես հրաժարական տամ։

8.

Գիշերվանից քամի էր։ Վահեն լսում էր վայող քամու ոռնոցը, որ սեփական գոյությունը ապացուցելու համար գոռում ու փոշի հանելով թավալվում էր, համաձայն էր գետինը լիզել կամ քարով գլուխ ջարդել, միայն թե նկատվեր։ «Ահա՛, ահա՛ մեր օրերի մարդը․ քամի՝ ամպագոռգոռ, սնամեջ, լափելու սովոր, սողալու ու լիզելու ընդունակ, բայց վերջնական արդյունքում կյանքին մնում է միայն նրա հանած աղմուկն ու փոշին»։ Քամին ցուցարարներին չէր խանգարում, նրանք շարունակում էին դափերով ու ծափերով, մարտական, ծղրտան ու կռվազան վուվուզելները պզպզացնելով՝ քայլել փողոցներով՝ քամու հետ վանկարկելով՝

– Մեր-ժիր Սեր-ժին․․․ մեր-ժիր Սեր-ժին․․․ մեր-ժիր Սեր-ժին․․․

Ցուցարարների հետ քայլեց առաջ։ Այդ ամենից նրան դուր էր գալիս վուվուզելի ճվճվոցը՝ սուր, կռվազան․․․ ասես չարաճճի սրիկա լիներ։ Վուվուզել փչող երիտասարդները նրան թվում էին չհասունացած մանուկներ։ Հետաքրքիր է՝ իր մանկության օրերին վուվուզել կա՞ր։ Վերջին հանգրվանը հանրապետության հրապարակն էր, որտեղ պետք է Նիկոլը ելույթ ունենար ու ամփոփեր պայքարի այդ օրը։ Ամենաերևելի մասում գազանանոցից բերված երեք վանդակ էր դրված։ Մեկի վրա նույնիսկ մնացել էր ցուցանակը․ «Ձեռքը չմտցնել, վտանգավոր է»։ Կողք կողքի դրված երեք վանդակներից երկուսում նստած էին վերջին երկու նախագահները, երրորդի վրա ցուցանակ կար․ «Այստեղ կարող ես լինել դու»։ Ոստիկանները թույլ չէին տալիս, որ մարդիկ շատ մոտենան վանդակներին, մահակներով ու ձեռքերով նրանց անընդհատ հետ էին մղում։ Այնուամենայնիվ, գտնվում էին մարդիկ, որոնք սողոսկում էին արանքներով, ճեղքում ոստիկանների շղթան և ձեռքներին եղածը նետում նախագահների վրա։ Իսկ հայհոյանքներին ոստիկանների շղթան չէր խանգարում, և մարդիկ, վանդակի մեջ եղածներին բռունցք ցույց տալով, թքում ու ամենավերջին հայհոյանքն էին տալիս, լուտանքներ թափում նրանց գլխին։ Խեղճ նախկին նախագահները կուչ էին եկել, համարյա կպել վանդակի հատակին։ Սերժը նույնիսկ արցունքներն էր սրբում։ Վահեն նայեց, և նրան ծանոթ թվաց Սերժի հայացքը։ Սերժը նրան ձեռքով ողջունեց՝ գլխին ստանալով կանացի չստի մի թայ։ Միտինգավորները չարացած նայեցին Վահեին ու հրմշտելով իրենց արանքից հանեցին, դեն նետեցին։

– Գաղտնի գործակալ ա հաստատ,- նրան կոպտորեն բոթելով՝ զայրացած ասաց մի տղամարդ,- կեղտե՛ր, եկել են՝ կռիվ սարքեն, մեկին վնասեն, մեր պայքարը վարկաբեկեն։ Չի՜ ստացվի․․․,- ու բռունցքով խփեց Վահեի մեջքին։

– Սրանց պիտի քառատեն․․․,- նրան դեպի դուրս բոթեց մի կին,- ձե՛ռք չտաք, ռա՛դ արեք, թող գնա։

Ցուցարարները լսեցին կնոջը ու կոպտորեն բոթբոթելով՝ նրան նետեցին մայթին։ Թեև այդ ընթացքում մեկը, նրա թևի միսը ոլորելով, կսմթել էր, Վահեն ուրախ էր, թե չէ ոչ մի կերպ չէր կարողանա դուրս գալ մարդկային այդ օվկիանոսից։ Ճանաչել էր իրեն ողջունած դերասանին․ «Հա՛, ախպե՛րս,– մտքում խոսեց դերասանի հետ,– վանդակի մեջ նստելը դագաղի մեջ առոք-փառոք պառկելը չէ․․․»։ Հետաքրքիր է, եթե ժողովուրդը հաղթի, էդ խեղճ դերասանը, որ պայքարի առաջին օրվանից մինչ հիմա եռանդագին թաղվում ու վանդակներում թուքումուր է ուտում, կստանա՞ մշակույթի նախարարի կամ գոնե որևէ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ․․․ Իզուր ինքն էլ չի միանում պայքարին․ գուցե վերջում մի պաշտոն էլ իրեն հասնի։ Չնայած հենց էն գլխից սխալ մասնագիտություն ընտրեց․ էս անհոգի մարդկանց աշխարհում հոգեբանը ի՞նչ պիտի անի․․․

Վուվուզելների ձայնը գլուխ էր տանում՝ անընդհատ, ամբողջ օրվա ընթացքում։ Մարդկանց շարքերը չէին նոսրանում։ Չորրորդ օրն էր՝ տուն չէր մտել, գիշեր ու ցերեկ մարդկային հոսքը նրան տարուբերել էր քաղաքի փողոցներով՝ նրան նետելով իր նպատակից ավելի ու ավելի հեռու:

Մի կերպ իրեն գցեց տուն․

– Էսպիսի բան կլինի՞, մարդիկ էստեղից Լուսին են թռչում, ես 200 մետր չեմ կարողանում անցնել, որ հասնեմ արխիվ։

– Ոչինչ մարդուն էնպես չի ոչնչացնում, ինչպես կատարված երազանքը,- ասաց մորաքույրը,- հենց երազանքդ դառնում ա իրականություն, կորցնում ա ամբողջ հմայքը, իսկ դու՝ ապրելուդ իմաստը։

– Իմը երազանք չէ, այլ պարզ, մարդկային ցանկություն․․․ տեղեկա՛նք, ոչ թե երկնքից աստղեր․․․

– Երբ փոքր ժամանակ մեզ շոկոլադ էին տալիս, մենք արագորեն կլանում էինք, իսկ փոքր քույրս, դու նրան չես տեսել․ խեղճը շուտ մեռավ, մի փոքր կծում էր, փաթաթում թղթի մեջ, պահում, հետո էլի հանում էր, մի պստիկ կծում․․․ էդպես ամբողջ օրվա ընթացքում։ Ծիծաղում էինք ու հարցնում, թե ինչու ա էդպես անում, ասում էր՝ որ երկար տևի։ Սա էլ նման մի բան ա․ ինչքան շատ ես չարչարվում որևէ բանի համար, ինչքան երկար ա տևում տառապանքդ, էնքան մեծ ա լինում գտնելու հրճվանքը, էնքան երկար ես ուրախանում դրա համար։

– Դեռ հայտնի չէ՝ կուրախանա՞մ, թե՞ կտխրեմ։ Գուցե իմ մայրը թմրամոլ ա եղել, գուցե բերդերում ա կյանք մաշել, գուցե գենս էնպիսի մի այլանդակությամբ են փչացրել, որ վերջում փնտրել-գտնելուս համար փոշմանեմ։ Ա՜յ քեզ բան․․․ մարդ էլ չկարողանա իր քաղաքում 200 մետր քայլել․․․

– Կքայլես, մի՛ վախեցիր․․․ ուր որ ա, հեղափոխականները կհաղթեն, վերջին հաշվով նրանք ավելի մեծ հարց են լուծում՝ հայրենիքի ապագայի հարցը։

– Ա՜․․․ ավելի վատ, մի քանի ամիս էլ էդ ժամանակ քաոս կլինի․․․ մինչև հներից ազատվեն, նորերին բերեն, հաստատ կծերանանք․․․

– Սպասենք, հեղափոխությունը հավերժ չի տևելու։

Արդեն արխիվին մոտ էր։ Եթե հեղափոխականները չցրվեն, գիշերը կմնա այստեղ։ Առավոտյան արդեն արխիվ հասնելը դժվար չի լինի։ Հանեց հեռախոսն ու զանգեց արխիվի աշխատակցուհուն։ Սա համարյա լաց եղավ․ հեղափոխականները խցանել են մուտքը, տրանսպորտ չկա, ստիպված մնացել է այնտեղ և ամբողջ գիշեր աշխատել։ Լավ է՝ գոնե սուրճ ու երկու կտոր գաթա ուներ։ Այո՛, Վահեին վերաբերող փաստաթղթերն արդեն պատրաստ են։ «Շնորհակալ եղեք հեղափոխությանը,- դառնացած կատակեց աղջիկը,- թե չէ սովորաբար դա շաբաթներ է տևում»։ Հոյակապ է։ Եթե որևէ աշխատող խանութ լինի, աղջկան մի տուփ շոկոլադ կգնի վաղվա համար, «Փարիզյան» սուրճ էլ։ Երախտագիտությունը լավ բան է։ Ազատ նստարան փողոցում, իհարկե, չգտավ, բայց հանուն սեփական ծագման գաղտնիքի բացահայտման՝ մի գիշեր փողոցում կամ ցանկացած շենքի շքամուտքում էլ կարելի է քնել։ Վուվուզելներն էլ անընդհատ կռվազան ծղրտում են ու հիշեցնում, որ դու մենակ չես, ցանկացած դեպքում մարդկանց մեջ ես, չես կորչի։

Հեղափոխությունն իր գագաթնակետին էր. քաղաքի փողոցները եռում էին, ծափերից ու դափերից, կոչերից ցնցվում էր քաղաքի երկինքը, ոստիկանները միացել էին հեղափոխականներին, շենքեր էին գրավում՝ ռադիո, կառավարական նստավայր… մնացել էր վերջին շտրիխը՝ իշխանության ձերբակալությունը:

…Պայթյունից շուրջն ամեն ինչ երերաց․ Վահեն զգաց՝ ինչպես ցնցվեց գետինը ոտքերի տակ։ Շրջվեց․ արխիվի շենքի խարխլված պատերը ճռնչալով ու իրար հարվածելով տապալվում էին։ Փոշին, փոթորկի պես ծառս լինելով, մառախուղ էր տարածում․ «․․․Հետաքրքիր ա՝ ում ձեռքի գործն ա՝ հների՞, թե՞ նորերի, ո՞ւմ էին ավելի շատ խանգարում փաստերը: Ինչորէ, վաղվանից կսկսեն հետաքննել․ ինքնահաստատման հոյակապ առիթ ա նորերի համար»: Նա երկար նայեց տակնուվրա եղած քաղաքին և հուսահատված նստեց չոր ասֆալտին. «Կենսագրությունս մնաց հեղափոխության փլատակների տակ»,- մտածեց սարսափած: