Երջանիկ Հարությունյան, ՏՈՆԱՊԵՏ պատմվածքի մրցույթ

Կորցնելով պատյանը

(մրցույթին ներկայացված պատմվածքները չեն խմբագրվում և չեն սրբագրվում )

«Ես վախենում եմ, վախենում եմ, վա-խե-նում եմ…»

-Կարմիր գծից մի կո՛ղմ անցեք:

Աչքերս փակ են, բայց ոչինչ, մի քայլ հետ կգնամ:

-Ո՛տքս,- բղավում է ինչ-որ մեկը:

Բարկացած ձայներ եմ լսում: «Կներե՛ք»:

-Աչքերդ բացի՛ր:

Բացում եմ: Հա՜, մետրոյի հսկիչն է գոռում: Զարմանալի՜ է, երբ աչքերս փակ էին, այլ ձև էի նրան պատկերացնում՝ մեծ, գեր, բայց աչքերս բաց այլ է՝ փոքր, չորացած ու այնքա՜ն չարություն ունի աչքերում, որ թվում է՝ ուր որ է կթափվի աչքերից, բայց չի թափվում, ներծծվում է: «Սա լավ չէ, լա՛վ չէ»: Իսկ ես հույսեր ունեի:

-Ձեր աչքերի ատելությունը կործանում է աշտարակն իմ հույսերի:

-Ի՞նչ,- բղավում է:

Չի՞ հասկանում՝ ինչ եմ ասում, թե՞ պարզապես չի հասկանում: Մետրոն դեռ չի եկել, բայց քամի է գալիս, ու այնպես թափով, կարծես ուզում է քշել բոլոր անհաստատ կանգնածներին: Ահա, մեկին քշեց, քշեց ուղիղ ռելսերի վրա: «Պետք է օգնել»: Քայլ եմ անում:

-Ո՞ւր եք գնում, հիմա մետրոն կգա,- նորից է վրաս գոռում հսկիչը:

-Ախր ընկել է ռելսերին, պետք է օգնել:

-Հե-տո ինչ,- դանդաղ, հատիկ-հատիկ ասում է հսկիչը ու իր չորուկ, կմախքացած մատներով փակում է բերանս… աչքերս…

Դղրդոց եմ լսում, ձեռքերս դողում են: Հիմա մետրոյի գնացքը կգա: 5 րոպե… Սպասում եմ… Չի գալիս: Բա դղրդո՞ցը: Հա՜, հասկացա, մետրոյից չէր, ինձնից էր… Սրտիս դղրդոցն էր:

-Աչքերդ բացի՛ր:

Բացում եմ: Հրա՜շք: Մետրոն առջևս է: Բայց չեմ ուզում նստել: Անորոշ է: Ախր չասացին էլ՝ «Ուշադրությո՛ւն, դռները բացվում են»: Չզգուշացրին: Հիմա ինչպե՞ս նստեմ: Ի՞նչ հիմարն եմ բայց: Ո՞վ է հարցնելու՝ ուզու՞մ եմ նստել, թե՞ ոչ: Հրում են, շտապում մետրո, որովհետև իրենք ուզում են նստել, իսկ ես խանգարում եմ:

Ես մետրոյի վագոնի ներսում եմ: Ա՜յ քեզ բան, ա՜յ քեզ բան, ա՜յ քեզ բան… Ես 7 տարեկան եմ: Ուրախանա՞մ, թե՞ տխրեմ: Չգիտեմ, 7 տարեկանում ես միշտ տխրել եմ, դրանից առաջ էլ… Հետո էլ… Ինչու՞…

Նայում եմ. մի կին է նստած, նիհար է, բարձրահասակ, դեմքը՝ տխուր: Նայում է մի անորոշ կետի: Թվում է պիտի խղճաս, խղճալուց պիտի սիրես, պիտի գթաս, բայց ես… զզվում եմ: Քիթս, բերանս փակում եմ ու անցնում առաջ: Մի տղամարդ է նստած, ծխում է, աչքերը կարմիր են: Ասում եմ.

-Մետրոյում չի՛ կարելի ծխել:

Ուղղակի հայացքը մի փոքր բարձրացնում է վեր ու շարունակում ծխել:

-Թո՛ղ նրան,- ձայն եմ լսում, շրջվում եմ: Ինչ-որ մեկի պապիկն է, բայց ոչ հաստատ իմը… Իմն այսքան բարի չէր:

-Պապի՛կ, ու՞ր է տանում գնացքը:

-Ա՜խ, սիրելի՛ս, տանում է Վերջ:

-Դա ի՞նչ է, կայարա՞ն է այդպիսի: Չէ՞ որ գնացքը պիտի ունենա հստակ կայարաններ:

-Երբ նստում ես գնացք, սիրելի՛ս, նա է որոշում՝ քեզ ուր տանի: Ժամանակ առ ժամանակ այն բացում է իր դռները որոշ մարդկանց համար, բայց անպայման հետ գալու պայմանով:

-Իսկ եթե հետ չգա՞ս:

-Չգիտեմ. այդպիսի դեպքեր դեռ չեն եղել: Որպես կանոն՝ բոլոր հետ եկողները այս վագոն են գալիս:

-Ինչու՞:

-Որովհետև այն ամենամոտն է և ամենաարագն է հասնում Վերջ:

-Բայց մի՞թե բոլորը միաժամանակ չեն գնում:

-Չէ՛, այս գնացքը դուրս է տարածությունից ու ժամանակից:

-Զարմանալի՜ է, իսկ դո՞ւ էլ, պապի՛կ, հետ ես եկել:

-Հա՜, այն էլ մեկ չէ, մի քանի անգամ: Վերջում այստեղ ընկա:

-Կուզեի՞ր նորից դուրս գալ:

-Չէ՛: Միայն կուզեի թոռնիկիս մի անգամ տեսնել:

-Բա ո՞նց ես տեսնելու, եթե դուրս չգաս:

-Կգնամ Վերջ ու այնտեղ այնքան կսպասեմ, մինչև որ գա:

-Բա որ փոխված լինեք ու չճանաչե՞ք իրար:

-Կճանաչե՜նք…

-Այդ ինչպե՞ս:

-Ձևը չգիտեմ, բայց հաստատ կճանաչենք:

-Իսկ սա ո՞վ է, պապի՛կ,- անկյունում ինչ-որ կին է կուչ եկած ընկած:

-Խելագար է:

Ես նայեցի կնոջը, իսկ կինը՝ ինձ, ու մենք ճանաչեցինք իրար: Ես վստահ եմ՝ կինը չգիտեր, թե ով եմ ես, և ես էլ չգիտեի, թե ով է նա, բայց մենք ճանաչեցինք իրար: Նա հայացքը թեքեց, և ես այլայլված հարցրի ծերունուն.

-Այս կի՞նն էլ է Վերջ գնում:

-Հա՛: Նա երկար է սպասել դրան:

-Բայց ուրախ չէ:

-Չէ՛: Սկզբում իրեն էլ թվում էր, թե ուրախ կլինի, բայց տե՛ս. ձեռքերին և ոտքերին ծանր շղթաներ են կապված: Դրանք ցավեցնում են նրան և ստիպում են անընդհատ լաց լինել:

-Իսկ ինչպե՞ս են կոչվում այդ շղթաները:

-Հիշողություններ: Դրանք սարսափելի են, մանավանդ երբ ծանր են ու խեղդելու աստիճանի ճնշում են քեզ:

-Միթե՞ հնարավոր չէ դրանցից ազատվել:

-Մի անգամ մի երիտասարդ փորձեց, կտրեց, այնպես որ միայն մի փոքրիկ կտոր էր մնացել, որ չէր խանգարում իրեն: Բայց

առավոտյան, երբ արթնացանք, տեսանք՝ իրեն կախել է այդ նույն շղթայով: Պատկերոցնո՜ւմ ես: Մի գիշերում փոքրիկ կտորն այնքան էր աճել, մեծացել, որ առաջվանից ավելի հաստ ու ձիգ էր դարձել: Մարդիկ այստեղ այդ դեպքից հետո երկար վիճում էին. կեսն ասում էր՝ տղան է իրեն կախել, կեսն էլ, թե՝ շղթաներն են խեղդել տղային:

-Իսկ դու ի՞նչ ես կարծում:

-Երկուսը միասին, ուղղակի ժամանակային որոշակի հաջորդականությամբ…

-Հիմա ի՞նչ, այս կի՞նն էլ, որ երեխայի հետ է, գնում է Վերջ:

-Այստեղ բոլորն են գնում Վերջ: Այստեղ բոլորն իրենց Վերջն ունեն:

-Բայց ախր գնացքն այնքան վագոններ ունի. միթե՞ չի կարելի մեկից մյուսն անցնել:

-Դեռ ոչ ոք չի փորձել: Բոլորը վախենում են: Նայի՛ր գնացքի պատերին, տե՛ս, այնտեղ երակներ կան: Գնացքը կենդանի է, այն զգում է ամեն ինչ: Եվ եթե իմանա, որ խախտվել են կանոնները, կպատժի:

-Ինչպե՞ս:

-Ախր ասում եմ, չէ՞, չգիտեմ: Ես չեմ փորձել, ո՛չ ոք չի փորձել:

-Ես կփորձեմ, պապի՛կ: Ինձ պետք է իմանալ, թե ուր է տանում մետրոյի գնացքը, ուր են գնում բոլոր մարդիկ:

-Դու փոքր ես: Կցավի: Բայց հետ չեմ պահի:

«Ես վախենում եմ, վախենում եմ… »: Ոտքի կանգնեցի, բացեցի վագոնի դուռը, ուզում էի ցատկել դեպի մյուս վագոն տանող դռան մոտ, բայց հանկարծ շղթաներով փաթաթված կինը որքան ուժ ուներ բղավեց վրաս.

-Ավելի լավ կլիներ, որ չծնվեիր…Դու պիտի չծնվեիր…

Չգիտեմ՝ ինչու ինձ ասաց այդ խոսքերը, ինչ էի արել նրան, բայց նա ձայնը կտրեց, գնաց իր տեղը, ու ես, այդ խոսքերը մտքումս պահած, անցա հաջորդ վագոն:

Տարօրինակ է. ես նոր եմ անցել հաջորդ վագոն… Մի րոպե առաջ յոթ տարեկան էի, իսկ հիմա 17 եմ: Գուցե սա՞ է գնացքի պատիժը…

-Հիմա դու կպատժվես,- հսկիչի ձայնն է, հաստատ նրանն է: Ձայնը կա, բայց ու՞ր է ինքը: Ինքը չկա:

-Ինչի՞ համար ախր,- հարցս հիմար էր ու անտեղի: Ես գիտեի՝ ինչու եմ պատժվելու: Բայց պիտի տայի այդ հարցը. ես գիտեի պատճառը, բայց այն չէի հասկանում: պատասխանը տորօրինակ էր.

-Ոչ մի բանի…

Այո՛, տարօրինակ էր… Բայց ես այն հասկացա:

Աչքերս փակում եմ: Բացում եմ: Շուրջբոլորս հայելիներ են: Ես չեմ երևում դրանց մեջ: Ա՜յ քեզ պատիժ: Մտքումս ծիծաղում եմ: Այս վագոնում միայն ես եմ: Բա հայելիները՞: 1 րոպե… 2 րոպե… 3 րոպե… 4 րոպե… 5 րոպե… Մտնում ենք թունել: Մութ է: Լու՛յս չկա: Տարօրինակ է, զզվելու աստիճան տարօրինակ: Հանկարծ ես տեսնում եմ ինձ հայելիների մեջ: Ամեն հայելու մեջ ես տարբեր եմ: Մեկում լաց

եմ լինում, մեկում՝ գոռում, մեկում՝ անտարբեր, մեկում ինքնասպան եմ լինում, մեկում հետ եմ տալիս, մեկում… Ու բոլորը միայն մի բառ գիտեն կամ դիտավորյալ այդ բառն են միայն ասում՝ «օգնություն»: Հայելիներում պատկերներս ինձ չեն ենթարկվում: Իմն են, բայց իմը չեն… Խելագարության են ուզում հասցնել: Գուցե մտնե՞մ ինքնասպանի մոտ՝ հայելու մեջ, և նրան օգնելու փոխարեն ե՞ս ինքնասպան լինեմ: Չէ՛: Նստում եմ գնացքի հատակին, ականջներս ու աչքերս փակում եմ: Բայց սոսկալի է. պատկերներն ու ձայները ավելի ուժգին են երևում ու լսվում… Ա՜յ քեզ պատիժ: Եւ առաջին անգամ կյանքում՝ 17 տարեկան հասակումս, ես հղացա իմ առաջին հիմար միտքը, որ պիտի ուղեկցեր ինձ իմ ողջ կյանքում. «Գնացքը պատժելիս դաժան է… այն պատճառով, որ հենց ինքներս ենք ընտրում պատիժը»:

Պետք է հեռանալ այս վագոնից: Բայց հիմա չեմ կարող, մութ է: Իսկ ինձ լու՛յս է պետք:

1 րոպե… 10 րոպե… Կես դար… Մի ամբողջ հավերժություն… Չի անցնում…

Լու՜յս, թեև աղոտ, բայց վերջապես լու՜յս… Դրսում անձրև է: Չէ՛, ոչինչ չպիտի խանգարի, պիտի դուրս գամ: Բացում եմ վագոնի դուռը, ուզում եմ ցատկել, ու հանկարծ, չգիտեմ որտեղից, մի տղամարդ է հայտնվում ու ամուր բռնում է ձեռքս։ Ինքը նիհար է, կմախքացած, հիվանդագին նիհար։ Թվում է՝ եթե քաշեմ նրա ձեռքից կընկնի, բայց չէ, ուժեղ է, անհամեմատ ավելի ուժեղ, քան ես։

-Չեմ թողնի, չեմ թողնի գնաս, դու ի՛մն ես։

Ես իրեն չեմ ճանաչում, բայց արդեն ատում եմ։ Կպել է ձեռքիցս, չի թողնում գնամ։ Կյանքումս առաջին անգամ կանգնում եմ երկընտրանքի առաջ։ Չէ՛, գնալու կամ մնալու միջև չէ, այլ ու՞մ ձեռքը կտրեմ. նրա՞, թե՞ իմ։ Նայում է աչքերիս, կարծես հասկանում է՝ ինչ եմ մտածում, ու իր ձեռքը երկարում է, պատատուկի նման փաթաթվում ձեռքիս, բայց ի տարբերություն պատատուկի, իր ձեռքը կարծես երկաթե լինի, ամուր սեղմում է, ասես ուզում է ողջ ուժերս ծծել, ցավեցնում է։ Պետք չէ հապաղել, ի՞նչ իմանաս հաջորդ վայրկյանին ինչ կանի։ Գուցե հետ քաշի վագոն ու էլ չկարողանամ փախչել: Առանց հապաղելու կտրում եմ… ձեռքս։ Զարմանալի՜ է, ձեռքս կտրել եմ, արյուն է գալիս, թվում է պիտի ցավի: Ցավում է, իհարկե, բայց ոչ այն աստիճանի, ինչ ես էի պատկերացնում, ու ես ուրախ եմ… Ուրախ եմ… Ու ես տխուր եմ։ Ես 37 տարեկան եմ, գնացքը 20 տարի խլեց ինձնից։ Հանկարծ աչքերս են սկսում կտրված ձեռքիս փոխարեն ցավել։ Մի կերպ բացում եմ դրանք ու տեսնում… լույսեր։ Բայց դրանք ինձ չեն երջանկացնում, ես մեն մի հատիկ լույսի եմ ձգտում… Այստեղ իմ լույսը չկա։

Քաղաք է… Հա՜, փաստորեն քաղաքի լույսերն են։ Քաղաքը՝ վագոնում։ Մարդիկ չկա՞ն։ Արդեն ուրախացել էի, երբ տեսա… մարդկանց։

Կիսամարդուկներ են: Փոքրիկ են։ Թվում է՝ ամեն ինչ ունեն, ինչ բնորոշ է մարդկանց, բայց ես հո տեսնում եմ՝ չունեն իրականում։ Մոտենում են դրանցից մեկին, կռանում ու հարցնում եմ.

-Դուք ու՞ր եք գնում։

-Մե՞նք։ Մենք չենք գնում, մեզ տանում են։

-Ու՞ր։

-Տուն։

-Կայարանի անու՞նն է այդպես։

-Հիմա՛ր, այդպիսի կայարան չկա։ Մենք ուղղակի տուն ենք գնում։

-Իսկ որտե՞ղ է ձեր այդ տունը։

-Ի՞նչ իմանամ։

-Բա ո՞վ գիտի։

-Ոչ ոք չգիտի։

-Գնա՞ցքն էլ։

-Հիմա՛ր։ Հիմարի մեկն ես դու։ Գնացքը երբեք չի խոսում, մի՞թե չգիտես։ Մենք չգիտենք՝ կտանի, թե ոչ։ Թայց միակ հույսը նա է։ Ո՞վ գիտի, գուցե մի օր տանի։

-Եթե չտանի՞…

-Եթե չտանի, կմնանք այստեղ։ Բայց դա ռիսկային է, չի կարելի երկար մնալ մի վագոնում: Որոշակի սահման կա, երբ դա գալիս է, տեղափոխում են առաջին վագոն։

-Մի՞թե չեք վախենում այդ ռիսկից։

-Մենք տու՛ն ենք ուզում։

Տու՞ն… Տու՜ն… Տուն։ Ես էլ էի տուն ուզում, բայց ես սրանց պես փոքր չեմ, որ մնամ իրենց հետ։ Բայց ո՞րն է իմ տունը։ Ո՞րը, թե՞ ճիշտ կլինի հարցնել՝ որտե՞ղ։ Առաջին վագոնի ծերունին ասում էր, որ մենք կրիաների պես ենք։ Ու հավաստիացնում էր, որ շատ կարևոր է կրիա լինելը։ Կրիաների տունը միշտ իրենց հետ է։

-Ապա ասա՛ ինձ, ինչու՞ են կրիաները դանդաղ քայլում,- մի օր հարցրեց նա ինձ։

-Որովհետև դա նրանց բնու՞յթն է։

-Ո՛չ։ Սխալվում ես։ Ոչինչ և ոչ մեկը այս կյանքում բնույթ չունի։

-Ուրեմն ինչու՞։

-Պատասխանը պարզ է. նախ, քանի որ կրիաների տունը միշտ իրենց հետ է, այդ պատճառով զգույշ են քայլում, որ չվնասեն այն։ Նրանք միշտ դանդաղ են քայլում, հանգիստ, ծանր ու թեթև անելով, դրա համար էլ իմաստուն են։ Իսկ ե՞րբ են ընդհանրապես արագ գնում։

-Երբ շտապու՞մ են։

-Իմաստունները երբեք չեն շտապում։

-Բա ե՞րբ։

-Երբ վախենում են…

-Կրիաները, ինչ է, չե՞ն վախենում։

-Նրանց տունը միշտ իրենց հետ է, ինչի՞ց պիտի վախենան։ Տունն իրենց կպաշտպանի։

-Իսկ եթե կրիա՞ չենք ծնվել, այլ բնույթով մա՞րդ ենք, ի՞նչ անենք այդ դեպքում։

-Արդեն ասացի՝ մենք ենք որոշում՝ բնույթով ով ենք։ Այ օրինակ, դիմացիդ այս տղամարդը։ Թվում է մարդ է, չէ՞։ Աչքեր ունի, ականջներ, ձեռքեր, քիթ, ոտքեր, բերան, մազեր՝ մի ժամանակ։ Բայց սա մարդ չէ…

-Ո՞վ է։

-Ճիճու։

-Էդ ինչպե՞ս հասկացար։

-Աչքերից։

-Ես չեմ կարողանում աչքերից հասկանալ։

-Ոչինչ, մի օր կսովորես հասկանալ, բայց եթե չհասկանաս էլ,

«մարդակերպերի» դիմաց հայելի դիր, ու նրանք կբացահայտեն իրենք իրենց։ Իսկ դու… Դու միշտ ձգտիր կրիա դառնալ։

-Բա որ պատյանը խանգարի՞։

-Պատյանը, ճիշտ է, մեկ-մեկ կարող է ծանր թվալ, դժվարություններ պատճառել, երբեմն էլ ստիպված ես այն քարշ տալ, հոգնել դրանից, բայց այն երբեք չի խանգարում։

-Իսկ եթե ես մի օր թշնամիներ ձեռք բերեմ, ու նրանք իմ պատյանը ոչնչացնե՞ն։

-Մեր ամենամեծ թշնամին մենք ենք։ Եթե մենք մեր պատյանը չոչնչացնենք, ոչ մեկը չի ոչնչացնի։

Ա՜խ, ծերու՛կ, ծերու՜կ… Հիմա իմ տունը որտե՞ղ է։ Կատաղեցի։ Ուզում էի այս մարդակերպերի վրա գոռալ։ Ուզում են մետրոն իրենց տանի տուն, բայց չգիտեն, թե որտեղ է իրենց տունը։ Բայց կարո՞ղ եմ, իրավունք ունե՞մ նրանց վրա գոռալու… Ծերու՜կ, ես կրիա չեմ, չեմ էլ եղել երբևիցե…Պատյանն ինձ զզվեցնելու չափ հոգնեցրել էր, քերծել ու արյունոտել էր մարմինս։ Ես չդիմացա, պատյանը գցեցի։

Մնում է արհամարհանքը, դրանով լցված մի հայացք այս մարդակերպերի վրա։ Ձեր քաղաքը լուսավոր է, ցավեցնելու աստիճան լուսավոր է, բայց ինչ-որ տեղ, գուցե և ձեր ներսում դուք մարել եք քաղաքը ձեր լույսերի։ Ատելությունս շատ է: Չեմ դիմանում, բացում եմ հաջորդ վագոն տանող դուռը։

-Մնա՛ մեզ մոտ։

-Չքվե՛ք։

Ես հույս չունեմ… Հաջորդ վագոնում եմ։ Ոչինչ չեմ տեսնում. մու՞թ է, թե՞ աչքերս են փակ։ Ա՜խ, սխալ բաներ եմ գրում, դուք էլ կարդում եք։ Երբեք էլ մութ չի լինում։ Մու՛թ է, որովհետև մեր աչքերն են փակ։ Աչքերս փակ՝ բացում եմ աչքերս։ Մութ է։ Մութ է, բայց մարդկանց եմ տեսնում։ Սրանք իմ նման են։

Զզվելի է. մեկի դեմքն է ինձ նման, մյուսի՝ ձայնը, հաջորդի՝ ձեռքերը և դրանցից բացի էլ ոչինչ չունեն։ Ի՞նչ են անում։ Ի՞նչ եմ անում։ Հա՜, վիրահատում ենք ինձ…

-Ի՞նչ եք անում,- հազիվ կարողացա հարցնել։

-Ես հոտ եմ քաշում,- ասացին ականջները։

-Ես լսում եմ,- ասացին աչքերը։

-Մենք,- ասացին ոտքերն ու ձեռքերը,- ենթարկվում ենք ստամոքսին։

-Ձայննե՛րդ,- գոռացի։ Բայց շարունակում էին խոսել։

-Բառերից զզվելի հոտ է գալիս,- ասում են ականջները։

-Ես լսում եմ բաներ, որ չպիտի լսեմ, ու դրանք նողկալի են…,- գանգատվում են աչքերը

-Ուտել ենք ուզում…

-Ձեններդ կկտրե՞ք, թե՞ ոչ։ Ես դրա մասին չէի հարցնում։ Ինչու՞ եք ինձ վիրահատում։

-Ես ձեզ կասեմ,- խոսեցին շուրթերը։ Վերջապես մի օրգան, որ իր ֆունկցիան է կատարում։ Թե՞ չի կատարում։ Չէ՛, չի կատարում։ Խոսում են, բայց չեն շարժվում։ Անօգուտ է։

-Մենք Ձեզ վիրահատում ենք։

-Հասկացա, ինչու՞,- կատաղությունից բղավում եմ։

-Դուք մարդակերպ պիտի դառնաք։

-Ես չեմ ուզում,- լաց եմ լինում։

Չեն լսում ինձ։ Մարմինս անզգայացած է, ու հենց այդ մարմինն էլ ինձ վիրահատում է։ Հիմարություն է ախր։ Ում ասես, չի հավատա։ Աչքերս փակ են։ Ինչի՞ս են պետք աչքերս, ախր ականջներս են տեսնում։ Որովայնս բացել են, շարունակում են կտրել մինչև կրծքավանդակ, հիմա էլ գլուխս։ Ցավում է։ Մեռնելու աստիճան ցավում է։ Գուցե արդեն մեռե՞լ եմ… Գուցեն հանե՛ք։ Շարժվում են։ Ինչ-որ բան են բերում։ Ախր սա մետրոյի հսկիչն է։ Ի՞նչ են անում։ Բերում են։ Դնու՞մ են մեջս։ Դնում են մեջս… Շուրթերս չեն շարժվում, և ասում եմ.

-Ախր ի՞նչ եք անում։ Վե՞րջս եք տալիս:

-Սա քո սկիզբն է։ Սա մեր սկիզբն է։ Սկիզբդ ենք դնում:

Աչքերս բացում եմ։ Ձայներ չեմ լսում։ Նայում եմ վիրահատած տեղին։ Ոչինչ չկա… Ինձնի՞ց, թե՞ վերքից։ Վեր եմ կենում։ Պետք է արագ լքել այս վագոնը։ Այն տանում է վերջին սկիզբ։ Սկիզբը մի՞շտ է այսպես զզվելի։ Իմ սկիզբը նման էր համեղ կերակուրի, բայց համը ճիճվի փորոտիքի համի էր։ Չխչխկոց է գալիս։ Գնացքի՞ց է։ Ներսիցս է… Հսկիչը՜։ Ախր լրիվ մոռացել էի, որ մեջս է։ Մկրատով ինչ-որ բաներ է կտրատում ներսումս։ Բացում եմ վագոնի դուռը։ Այս անգամ դժվարությամբ եմ ցատկում ու վերջապես… նորից առաջին վագոնում եմ։ Բայց այս անգամ ծերուկը չկա։ Մյուսները չկան։ Միայն շղթաներով փաթաթված կինն է մնացել։ Քանի՞ տարեկան եմ։ Հսկիչը

կտրել է հիշողությանս թելը։ Կինը գալիս է ու իր շղթաներով ընկնում է վրաս, շղթաները փաթաթում է մարմնիս շուրջբոլորն ու քրթմնջում։

-Ավելի լավ կլիներ, որ չծնվեիր։

Ուզում եմ արտասվել, բղավել, հետ հրել կնոջը, բայց հսկիչն արդեն կտրել է արցունքագեղձերս, ձայնալարերս, ջլերս… Ես մնում եմ անշարժ…