Մհեր Իսրայելյան, Պատմվածք

Գնդապետն ու լեգենդների վաճառականը

Երբ Բրիտանական հանրագիտարանը, չգիտեմ որ հրատարակության մեջ, սխալմամբ գրել էր, թե հանճարեղ նկարիչ Ռեմբրանդի պապը Հոլանդիայում ապրող մի հայ վաճառական է եղել, չէր էլ ենթադրում, որ երեք թե չորս դար հետո մի այլ հայ, նույն Հոլանդիայում, երևի Արտաշ անունով, փորձելու է ապացուցել, որ մեր ժողովուրդն այդ գործում իրավամբ հավասարը չունի։ Նկարելուց էլ իհարկե վատ չենք, բայց առուծախի մեջ՝ անգերազանցելի։ Թե՛ առաջին սուրճն ենք մենք Վիեննա բերել՝ Աստվածատուր անունով մի հայի թեթև ձեռամբ, թե՛ առաջին մետաքսը Հնդկաստանից ուղտի սապատի վրա հասցրել Ատլանտյան օվկիանոսի օտար ափեր, և թե Հայկն է առաջինը մի նետով սպանել Բելին՝ հաղթական բերկրանքի այդ տեսակը ներմուծելով քաղաքակիրթ աշխարհի զինանոց։ Իսկ եթե ավելի ապշեցուցիչ բան եք ուզում, մեր գաղթօջախների պատմության լուսահոգի դասախոսի ասած՝ մեկընդմիշտ հիշեք, որ Եգիպտոսի բոլոր պորտապարուհիները միջնադարից սկսած հայ են եղել։ Ճարպկության հարցում Աստված տվել՝ չի խնայել, բայց որ մի օր երևակայության մարդկային սահմաններն էլ են տալու անցնելու՝ ոչ մեկը չէր կանխագուշակել։ Նույնիսկ բազմավաստակ հետախույզ գնդապետ Բասենցյանը, որ տասնամյակներ շարունակ աշխարհի տարբեր քունջուպուճախներում շատ-շատերին էր ուսին թփթփացնելով բարեկամաբար առաջարկել հանձնվել ու կրակի հետ խաղ չանել, մտքի ծայրով չէր անցկացնի, որ հենց Ռեմբրանդի հայրենիքում, օդակայանի սպասասրահում կստանա իր կյանքի ցնցող առաջարկը․

-Հոպար ջան, լսեցի, որ հայ ես, կուզե՞ս հանձնվել։

-Ու՞մ հանձնվեմ տղա ջան,- հարցրել էր կարկամած գնդապետը։

-Նիդեռլանդների կառավարությանը, թեև տարբերակները շատ են՝ Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, նայած ինչքան կտաս, նայած որ լեգենդը կուզես,- բացատրել էր տղան։

-Տղա ջան, դու գնդապետ Մաքսապետյանի մասին լսե՞լ ես, որ որպես տուրիստ գնաց Էրգիր, տեսավ այն, ինչ ենթադրվում էր, որ էլ չէինք տեսնելու, ու մեռավ։ Բռնեց սիրտը կանգնեց։ Ափսոսանքից ու ցավից,- հարցրել էր գնդապետը,- այ ինքն էր իսկական լեգենդը։

-Է՜, հոպար, ես ինչ եմ ասում, դու՝ ինչ։ Լեգենդը` հազար եվրո, մի երեք-չորս հատ որ ուզես` զեղչով, յոթ հարյուրով կտամ։

-Պարսկերեն գիտե՞ս,- հանկարծ հարցրել էր գնդապետը,- կամ գոնե թուրքերեն։

-Հոպար ջան, եթե շատ ես ուզում Իսպանիա ու Իտալիա էլ կարող եմ դասավորել, բայց դրանք փող չեն տալիս, մենակ ֆուտբոլից են լավ։ Մի բան էլ դու պիտի տաս, որ ապրես կամ էլ՝ հանելու գործով զբաղվես։ Եթե ձևերը չգիտես, հատուկ մարդիկ կան, մի ամսում նենց են պարապում, էլ դու սուս, և հոգեբանական, և ամեն տեսակ, ամոթ բառը իսպառ մոռանում ես։ Մենք ու վրացիք լավ ենք էդ գործում։  Ինչ պատվիրես՝ կհանեն մի քանի օրվա մեջ, Դոլչե Գաբանայից սկսած Գուչիով վերջացրած։ Մեկը նույնիսկ սառնարան էր հանել։

-Տղա ջան, արմատներով ո՞ր կողմերից ես,- փորձել էր սթափեցնել գնդապետը։

-Ի՜նչ արմատ, ի՜նչ բան․․․

Երևի հասկացաք, որ հայ գնդապետն ու ոչ-պակաս հայ տղան  տարբեր լեզուներով էին խոսում, մեկն ասում էր սև, մյուսը հասկանում էր սպիտակ, մեկն ուզում էր առաջ գնար, մյուսը՝ հետ էր քաշում սանձը։ Երևի հասկացաք, որ սա Սարոյանի ասած էն երկու հայի դեպքը չէր, որ հանդիպելով աշխարհի որևէ մի վայրում պիտի նոր Հայաստան կերտեին։ Ու եթե մինչ այդ պատահական դիտորդի նման հետևում էի, հիմա նյարդերս տեղի տվեցին, ու որպեսզի փրկեմ գնդապետին տղայից, տղային էլ գնդապետից, որոշեցի միջամտել․ ի վերջո՝ երկուսն էլ իմ հայրենակիցն են, նույն միս ու արյունից, ի վերջո՝ իմ սիտն էլ է ցավում կործանվող երկրի համար։

-Ես եմ ուզում լեգենդ,- ոչ տարա, ոչ բերեցի՝ կողքից խցկվեցի ես։

-Այ էս ուրիշ բան, թե չէ՝ գնդապետ Մաքսապետյան, չգիտեմ ինչ, թուրքերեն, պարսկերեն,- ոգևորվեց տղան,- գնացինք։

-Սպասեք, ես էլ եմ գալիս,- անակնկալ շպրտեց գնդապետը ու առանց հարցնելու միացավ մեզ։ 

  Որպեսզի չմտածեք, թե ինձ անպոչ գդալի պես մեջ գցեցի, իմիջիայլոց ասեմ, որ գնդապետ Բասենցյանին ճանաչում էի անհիշելի ժամանակներից ու հիմա օդակայանում տեսնելով մտմտում էի՝ մոտենա՞լ նրան, չմոտենա?լ, հիշեցնե՞լ, որ մի ճակատագրական օր համարյա փրկեց իմ կյանքը, թե՞ աննկատ հեռանալ, ասես ոչ գնդապետը կա այս փուչ աշխարհում, ոչ Հայաստանը, ոչ էլ ես եմ իբր մի օր փրկվել։ Իսկ միգուցե այսօր հենց վարձահատույց լինելու օրն է, ո՞վ գիտի։  

Ու քանի որ տղայի անունը նույն Սարոյանի հերոսի հանգույն երևի Արտաշ էր, ու ինքն էլ զտարյուն հայ, բնականաբար, սիրում էր կրակի հետ խաղալ։ Ինչքան էլ քրիստոնեությունը Հայաստանում իր հազար յոթ հարյուր ամյակը նշի ծափ-ծնծղայով, կրակը խառնելու թուլությունը հեթանոսության մերժված ժամանակներից երակներով հոսել սերնդեսերունդ հասել է մեզ, ու հիմա, աշխարհում ինչ փորձանք պատահի, յան-ով վերջացող մի ազգանուն լրահոսի վազող տողում հաստատ կբուսնի։ Հիմա էլ այս տղան, լեգենդների այս վաճառականը դեռ տաք-տաք կրակի հետ էր խաղում, եռանդագին շուռումուռ էր տալիս ու փորձում ցանցը գցել միամիտ որսացուին։

Լեգենդների վաճառականի անձուկ գրասենյակը լի էր զարմանալի պատմություններով, որ մեր ազգի եղած կամ չեղած ցավերն էին դաղում, աղ ու պղպեղ լցնում բաց վերքին ու տալիս հաճախորդներին՝ ի վայելում։ Լեգենդների առաջին խումբը ուներ քաղաքական դրդապատճառներ։ Կամ քեզ հալածել էին որպես ընդդիմադիր գործիչ ու փորձել քրեական գործ «կարել», կամ սպառնացել էին խլել տունուտեղդ, եթե չաջակցես իշխող քաղաքական ուժին։ Քանի որ նախատեսվում էր հավանական հանձնվողի անունը փոխել, մարդն առաջարկում էր այնպիսի անուններ, որոնք իրականում ժամանակին թերթ էին ընկել, ու արխիվից պեղած նամշած օրինակներն էլ կցվում էին, որպես լեգենդի իսկության իրեղեն ապացույց։ Երբեմն անհրաժեշտ էր լինում մարմնին մնացած սպիները հաշվառել, լեգենդի ծալքերի մեջ սահուն ներմուծելու համար։ Հատկապես արժեքավոր էին թաղային տուրուդմբոցներից նվեր մնացած գլխի սպիները, որ առանց սեթևեթանքի միանգամից ներկայացվում էին որպես ցույցերի ժամանակ ոստիկանի մահակից ստացած բութ հարվածի աղաղակող խարան։ 

-Ոչ մի կապ չունի, թե դու ինչ քաղաքական հայացքներ ունես, կարևոր է, որ հալածված լինես, հնարավորինս նվաստացված, մերժված։ Ցանկալի է, որ ֆիզիկական և հոգեբանական խոշտանգման ենթարկված լինես, ցանկալի է, որ ընտանիքիդ անդամներն էլ կյանքի սպառնալիքներ ստացած լինեն,- երկար բացատրում էր լեգենդների վաճառականը, եթե չասենք` չարչին։

-Տղա ջան, բա դու ի՞նչ լեգենդով ես հանձնվել,- հարցրել էր գնդապետը։

-Ես մաքուր եմ, հոպար ջան, հետախուզման մեջ եմ բանակի համար, իսկ բանակ չծառայելը էս հրաշք երկրում քրեական պատիժ չի սահմանում, հետևաբար ուղղակի ասել եմ, որ չեմ ուզում մեռնել, էշ նահատակ դառնալ ոմանց քաղաքական շահերի համար, մարդիկ էլ ըմբռնումով են մոտեցել, թուղթը տվել։

Լեգենդների վաճառականը բացատրում էր, որ քանի որ մարդկանց նախասիրությունները տարբեր են, ինքն ունի բազմազան լեգենդներ։ Եթե բարդույթներ չունեք, կարող եք հանձնվել որպես խառնամուսնության զոհ։ Այդ դեպքում կամ ձեր հայրը թուրք կլինի, մայրը՝ հայ, կամ՝ հակառակը։ Բնականաբար, և’ հայերի երկրում են ատում ու քարկոծում, և’ թուրքերի, ու մարդուն էլ ուրիշ ճար չի մնում, քան գալ մարդասեր Եվրոպա ու փրկվել վերահաս վրեժխնդրությունից։  Վերջերս ներգաղթյալների ծառայությունը գլխի է ընկել, որ հիմնականում հայրն է թուրք լինում ու տարակուսանքի մատնվել։ Պարզվել է, որ էս մեր ժողովուրդը սաստիկ մայրապաշտ է ու իբր խնայում են մայրերին, հիմնականում հորը թուրք սարքում։ Մերոնք էլ իրենց հերթին գլխի են ընկել, որ կնոջը կամ ամուսնուն կարող են սարքել թուրք, սակայն այդ դեպքում առաջանում են լրացուցիչ բարդություններ, ստիպված պիտի լինեն մի քանի բառ թուրքերեն սովորել, երբեմն թեթև բժշկական միջամտություն անել ներքևի մասում։ Եղել են դեպքեր, որ կնոջը չեն ուզեցել ներգրավել «բա հո ամբողջ կյանքում թուրքի ծոցը չեմ քնելու» անհեթեթ պատճառաբանությամբ։

-Տղա ջան, բա որ ասում էի թշնամու լեզուն պիտի սովորել, չէիր հավատում, մի օր պետք կգա,-,խնդմնդում է գնդապետը,-մանավանդ ծոցը մտնելուց։

-Միանշանակ, հոպար ջան։ Այս պահին առկա տարբերակներից առավել նախընտրելի է մորը թուրք գրելու տարբերակը, ոչ մի կասկած չի հարուցում, միամիտ հոլանդացիք իմանալով մեր պատմությունը, մտքի ծայրով էլ չեն անցկացնում, թե հայը իր հարազատ մորը թուրք կսարքի։ Մեկից մեկ` աշխատող տարբերակ, կասեի։

Վաճառականը այնքան ոգևորված էր, որ առանձնապես չէր էլ մտահոգվում` իրեն լսո՞ւմ են, չե՞ն լսում, իր տարերքի մեջ էր։ Քաղաքական ու խառնամուսնության զարմանազան տարբերակներից բացի կար լեգենդների լեգենդը՝ ինչպես ասաց նա։ Գործում է անխափան։ Երևի կռահեցիք՝ փոքրամասնության տարբերակը, էն մեկը էլի, ազգայինը չէ։ Ո՞վ չգիտի, որ մեր երկրում նրանց այնքան էլ չեն սիրում, մեղմ ասած։ Դե, քրեական հոդվածը ձևական հանել են, բայց դե ով չգիտի, որ հասարակական պարսավանքի են մատնում, գամում անարգանքի սյունին։ 

-Դեռ ուսանող ժամանակներից եմ հիշում,- ինքնամոռաց պատմում էր վաճառականը,- մեկին բռնել երկար մազերը անխնա մկրատով խռթզել էին, թե բա` տղան պիտի կարճ մազ պահի։ Թեև հիմա առաջվանը չէ, իշխանության մեջ էլ  լավ մտել են, բայց հոլանդացիք չափից դուրս նրբանկատ են։ Ճիշտ ա, սրանց ուշքը գնում ա դրանց համար, բայց՝ կա մի բայց։

Լեգենդների վաճառականը մի պահ կանգ առավ, թեթև քմծիծաղ խաղացրեց դեմքին ու իբր շշուկով շարունակեց․

-Ստուգում են, ու պիտի ձևացնես թե հաճույք ես ստանում։ Մի սևամորթ մկանոտ տղա են բերում, սպորտային կեցվածքով ու ճերմակ ատամնաշարով, որի հմայքին իբր պիտի չդիմանան ու ցմրուր հանձնվեն։ Հենց մի քիչ դեմքը ծամածռում են, վերջ, լեգենդը փլուզվում է։ Քչերն են ընտրում սա, բայց գործում է հալած յուղի պես։ Դե բա թուղթ ես ուզում, մի քանի րոպե թեթև ցավ չքաշե՞ս։ Էս լեգենդի համար փող չեմ ուզում, բայց մի քանի պարապմունքի վարձ եմ վերցնում մի քիչ ղզիկ ձայնային տեմբրի մշակման և շարժուձևի նախապատրաստական դասընթացների համար։   

-Տղա ջան, չասեցիր՝ արմատներով ո՞ր կողմերից ես, ո՞նց ես եկել հասել սրան,- հարցրեց գնդապետը։

-Հոպար ջան, հա, մոռացա վերջին խմբի լեգենդները ներկայացնել՝ գժականը, կամ, ինչպես մենք ենք մեր մեջ ասում՝ հիմար լեգենդները։ Ասենք ասում ես, որ Երևանում մետրո նստեցիր, Ամստերդամում իջար։ Կամ՝ այլմոլորակայինները իջան, զոռով մտցրին ափսեն տարան։ Դա էլ չես ուզում՝ մի բարի տատի խաբեց տարավ իրենց պարտեզ հոլանդական վարդ քաղելու։ Նման բաներ։ Սրանք էժան եմ տալիս, որովհետև հեշտ են բռնացնում, խաչաձև հարցեր են տալիս ու մի տեղ էն հայի պատմության պես կրակը էշ-էշ խառնում ես, բռնվում։ Դե հիմա կարող ես ընտրել հոպար ջան, հետո էլ մեր ախպերը կընտրի, ես տարիք հարգող մարդ եմ, առաջինը՝ քեզ,- եզրափակեց տղան։

-Իսկ չի՞ լինի փոխանակենք,- անակնկալ առաջարկեց գնդապետը։

-Է, հոպար, մենակ չասես էլի գնդապետ Մաքսապետյան-բան, ժամանակ չունեմ, ես պարապ չեմ,- նվնվաց նա։

-Չէ տղա ջան, մի բան եմ ուզում առաջարկել, գաղտնի հանձնարարություն։ Եթե գլուխ բերես, քո բոլոր լեգենդները կառնեմ։ Միանգամից։ Կասեմ փաթաթես գունավոր թղթի մեջ՝ Բենդերի ասած։ Մեր հայ թագավորների տիտղոսը պիտի Լոնդոնի Բրիտանական թանգարանից հանես բերես Հայաստան։ Ուրիշ փրկություն չկա, հո չենք թողնելու երկիրը ձեռից գնա։

-Է, հոպար, ասա չես ուզում հանձնվես էլի,- հիասթափված մրթմրթաց վաճառականը։

Մինչ տղան մտածում էր, թե էս ինչ փորձանքի մեջ ընկավ, գնդապետը դռան վրա մնացած բանալին երկու տակ պտտեց և դուռը ներսից կողպեց․

-Արի ասեմ։ Թեև իմ լեգենդները հարյուր տարի հետո կբացվեն, քո համար երեք լեգենդ ունեմ պահած։ Ես գնդապետ Մաքսապետյանն եմ, ու էն պատմությունը, թե իբր մեռել եմ, քեզ պես մոլորյալների համար էր։ Ես լեգենդներին չեմ հավատում, ճանապարհ կանվանեմ։  Ճանապարհ առաջին՝ վազում ես առանց հետ նայելու, բայց կա վտանգ, որ ծոծրակիդ թեթև ճլոթի կուտես։ Ճանապարհ երկրորդ՝ հետս գալիս ես թռնենք Հայաստան, թե կուզես անունը հանձնվել կդնեմ, ու ուղիղ բանակ, քանի որ ճարպիկ տղա ես երևում՝ հետախուզական գումարտակ։ Ճանապարհ երեք՝ անունդ քեզնից վերցնում ենք, մնում ես անանուն մարդ, մինչև կողմնորոշվես։ Կամ էլ՝ սեռդ։ Կամ էլ՝ վերջին, ծայրահեղ տարբերակը։

Գնդապետը գոտկատեղից հանեց ատրճանակը ու դրեց սեղանին՝  դե որոշի։

-Պարոն գնդապետ, ես բանակից ազատված եմ, գիշերները տակս եմ անում։

  Ինչպես պարզվեց՝ ոչ  միայն գիշերները, երբեմն էլ՝ օրը ցերեկով։ Հազար ասացինք՝ կրակի հետ պետք չէր խաղալ, կմատնես քո ինքնությունը։ Սա ինչ վաճառական, վաճառականը Ռեմբրանդի պապն էր, Վիեննա առաջինը սուրճ բերած Աստվածատուրն էր, սա մի հասարակ չարչի էր, փուչ լեգենդների չարչի։ Հայկը որ կենդանի լիներ, մի նետով կսպաներ, ու չարչիի աչքին կերևային կլորավուն կոնքերը ժխշող Եգիպտոսի հայ պորտապարուհիները։ Ես ու գնդապետը պարզորոշ տեսանք գետնին հայտնված լճակը, որ գնալով մեծանում էր։ Եթե չարչին նայեր լճակին, իր արտացոլանքի մեջ կտեսներ անանուն, անսեռ մարդու վետվետող ուրվագծերը ու գուցե հուզվեր՝ մի քանի կաթիլ արցունք շաղախելով ծուլորեն ալեկոծվող աղի ամոթին։   

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *