Գրողի, ստեղծագործողի լեզուն ինքնարտահայտման ձև է, միջոց` բառերով «նկարելու» իր աշխարհը, տեսածն ու զգացածը։ Գրողը կերտում է նոր աշխարհ, նոր տարածություն, ճանաչողության նոր ձևեր իր ընտրած կամ ստեղծած ու կերտած լեզվի օգնությամբ։ Գրական մրցույթները այդ ձևերը և տարածությունները իրար կողք դնելու, բացահայտելու հետաքրքիր փորձառություն են և, ինչու ոչ, մարտահրավեր ինչպես մասնակիցների, այնպես էլ տվյալ մրցույթի ժյուրիի անդամների համար։
Վրեժ Իսրայելյանի անվան «Տոնապետ» գրական մրցույթի այս տարվա մասնակիցները 85-ն էին, և տեղին կլինի ասելը, որ ժյուրին հետաքրքիր ճանապարհորդություն ունեցավ 85 աշխարհների միջև։ Մասնակիցներից 15-ը երիտասարդներ էին․ սա հրաշալի է և ցույց է տալիս, որ ժամանակակից հայ արձակում պատմվածքի ժանրը շարունակում է իր ուրույն ճանապարհը՝ հետաքրքիր ձևաչափով ու նոր ձեռագրերի առկայությամբ։ Հուսա՛նք։ Իսկ այս երկու կարևոր հանգամանքն էլ հենց մրցույթի ստեղծման ու անցկացման հիմնաքարերից են։
«Տոնապետ» 2-ի այս տարվա հայտերը, ինչպես նշեցինք վերը, 85-ն էին, և մենք հնարավորություն ունեցանք կարդալու և ճանաչելու ճիշտ այդքան աշխարհներ և իրականություններ, որոնցից լավագույնների հետ ծանոթանալու հնարավորությունը դուք կունենաք՝ կարդալով «Կայարան» ամսագրի սույն համարը։
Այժմ ժամանակն է՝ անդրադառնանք հոդվածի սկզբնամասում վեր հանած հարցերին՝ կապված գրողի լեզվի հետ, որովհետև ոչինչ հենց այնպես չի գրվում, և ոչ մի ընդգծում կամայական կամ պատահական չէ։ Եվ, առհասարակ, ստեղծագործական աշխատանքում ու մասնավորապես պատմվածքի ժանրում լեզվի հանդեպ անուշադիր կամ անզգույշ, ինչու ոչ, անփույթ վերաբերմունքը նույնքան կարևոր է, որքան հեղինակի մտահղացումը որևէ գործ գրելիս։ Որոշ պատճառներով հեղինակի կողմից աշխատություն գրելը կարող է չամբողջանալ ձևի կամ ժանրին բնորոշ պատկերացումների ու բովանդակության սխալ մեկնաբանմամբ/ներկայացմամբ․ սա էլ, իր հերթին, նախադրյալ է թերի գործ ստեղծելու համար։
Մրցույթին հայտ էին ուղարկել ինչպես արդեն բավականին հասուն և ժամանակակից արձակում իրենց ձեռագիրն ունեցող ու խոսքն ասած մասնակիցներ, այնպես էլ գրական ասպարեզում իրենց առաջին քայլերն ու փնտրտուքներն անող ստեղծագործողներ։ Կային և մասնակիցներ, ովքեր դեռ նոր-նոր բացահայտում էին գրականության գեղեցիկ, բայց միաժամանակ դժվարին ուղին։ Լիահույս ենք, որ նրանք պատվով կանցնեն իրենց բաժին ընկած ճանապարհը և իրենց տեղը կգրավեն գրական դաշտում, իսկ «Տոնապետն» էլ իր հերթին, հույս ունենք, մի քայլով կմոտեցնի նրանց իրենց երազանքին։
Իսկ մինչ գրական աշխարհ մուտք գործելը՝ պետք է հաղթահարել թեմա-ասելիք-լեզու շղթայի դժվարությունները, քանի որ սրանցից մեկի թերի կամ բացակա լինելու պարագայում որպես արդյունք ունենում ենք թույլ գործ․ այս շղթայի օղակներից մեկի թույլ լինելուց տուժում է ստեղծագործության գեղարվեստական արժեքը, ասելիքը, գրական-գեղարվեստական-ստեղծագործական լեզուն։ Դժբախտաբար քիչ չէին և նմանատիպ դեպքերը․ առկա էին և գործեր, որոնք ավելի շարադրություն էին հիշեցնում և չէին հաղթահարում լեզվական և գեղարվեստական պատնեշները, կային գործեր, որոնք հաղթահարել, բայց նվազ հաջողված էին ու թույլ՝ ավելի հետաքրքիր ու ստացված տեքստ դառնալու հեռանկարներ ունեին։
Հաշվի առնելով, որ ստեղծագործությունները դիտվում են միմյանց հետ համեմատության մեջ, և կարող են լինել մեկը մյուսի հանդեպ ավելի կամ նվազ լավը, առաջ է բերում մրցակցության սանդղակը չհաղթահարելու հնարավորություն։ Սա ընդունված կարգ է ինչպես այս, այնպես էլ ցանկացած մրցույթի համար։
Ավելորդ չենք համարում նշել մի հանգամանք ևս (ինչն անում ենք մեծագույն ցավով)․ կային գործեր, որոնք աննկարագրելի անփույթ ու անխնամ էին, ինչ արտահայտվում էր նախ լեզվական մակարդակում, ապա թեմայի մատուցման և գեղարվեստական տեքստի ամբողջացման մեջ։ Պետք է հիշել, որ կարելի է ունենալ հրաշալի միտք և գաղափար գեղարվեստական հետաքրքիր նյութ ստանալու համար, բայց միայն միտքը բավարար չէ․ գրական երկը իր կատարելությանն է հասնում բովանդակության, գեղարվեստական լեզվի, լեզվամտածողության միասնականության մեջ։ Հետևապես կարող ենք ունենալ անասելիք, բայց լեզվապես անթերի տեքստ, և հակառակը՝ գեղեցիկ ասելիքով, բայց հում լեզվով գործ։ Եվ միայն այդ երկուսի հանրագումարի արդյունքում է ստեղծվում կուռ գեղարվեստական ստեղծագործություն՝ հետաքրքիր ասելիքով և տարբերվող լեզվով։
Նշենք, որ մրցույթի շրջանակներում ժյուրիի անդամները բախվել են վերոնշյալ բոլոր տիպի ստեղծագործություններին էլ։ Մեզ մնում է միայն հուսալ, որ տարեցտարի ձևի և բովանդակության անքակտելի կապով գրված ստեղծագործություններն ավելի կգերակշռեն, իսկ «Տոնապետ» գրական մրցույթը կխթանի, որ ժամանակակից հայ արձակը հարստանա նմանատատիպ ստեղծագործություններով։
