(մրցույթին ներկայացված պատմվածքները չեն խմբագրվում և չեն սրբագրվում )
Պատմվածքի հիմքում ընկած են իրական
մարդկային ճակատագրեր, որոշ հերոսների անուններ փոխված են
․․․Դու հիշում ե՞ս, երբ նրանք հայտնվեցին։ Տարվա ո՞ր ամիսն էր, գարուն է՞ր, թե՞ աշուն։ Ամբոխները խելագարվել էին, հեղեղել փողոցները։ Համընդհանուր ոգևորության մեջ սակայն տագնապ կար, հեղափոխությամբ ամբոխին իշխանության բերելու սարսափ․․․
․․․Զորակոչը սկսվել էր։ Վահեն չուզեցավ նույնիսկ մի քանի օր հետաձգել ծառայության մեկնելը։ Իր հետ Հայաստանի Ամերիկյան համալսարան ընդունվածների մի մասը արդեն զորակոչվել էր, սպասելն անիմաստ էր։ Մտքով չէր անցնում խուսափել ծառայությունից, բայց առանձնապես ոգևորված էլ չէր այդ հեռանկարից; Համարում էր, որ դա անհրաժեշտություն է, շախմատիստի գիտակցումով էր մոտենում հարցին՝ երբ ընտրություն չկա, պետք է քայլ կատարել։ Մեկնելուց առաջ հավաքվել էին տանը հարազատ-ընկերներով։ Հայրը՝ պահեստազորի սպան, ինչ-որ պատմություն էր հիշել իննսունակաների պատերազմից, ու կես լուրջ, կես կատակ պատմում էր ներկաներին։ Վահեն մտքերով ուրիշ տեղ էր, չէր կենտրոնանում լսելու հոր պատմությունը, արցախյան ազատամարտը դասագրքային թեմա էր իր համար, հեռու, գուցե նաև անիրական։ Կենտրոնական զինվորական հավաքակայանում նորակոչիկների հետ զրուցող զինվորականը Վահեի հետագա ծառայության հարցում իր համար արդեն ընտրություն կատարել էր, վիճակահանությունը լինելու էր միայն հակաօդային պաշտպանության կամ հրետանային զորամասերի միջև․ դպրոցը նոր ավարտածների մեջ միշտ չէ, որ նման պատրաստված տղաներ են լինում։ Նախկին շախմատիստը, ով առաջին կարգը լրացրել էր յոթ տարեկանում և մինչև այն թողնելը հասել էր ազգային վարպետի վարկանիշին, գերազանց հաշվարկ կարող էր անել։ Հաճույքով շախմատ կխաղար նրա հետ, բայց ժամանակ չկար։ Գուցե դեռ էլի հանդիպելու առիթ ընձեռնվի, ո՞վ գիտե, այդ ժամանակ հաստատ նման հնարավորությունը բաց չի թողնի։ Մարզերից մեկի ՀՕՊ զորամասում եռամսյա ուսումնական հավաք անցկացնելու հեռանկարը բավականին հուսադրող էր Վահեի համար։ Հիմնական ծառայության վայրը մեկնելուց առաջ դա ոչ միայն հնարավորություն կտար ծանոթանալ նոր մասնագիտությանը, այլև հասկանալու, ի՞նչպիսին է զինվորական առօրյան, ի՞նչ է սպասում իրեն առաջիկա երկու տարիների ընթացքում։ Գիտեր, որ բարդ է լինելու, բայցև վճռական էր տրամադրված։ Հայրը երկու տարի առաջ իրեն և փոքր քրոջը տարել էր Արցախ ու այդ ուղևորությունից միայն լավ հուշեր էին մնացել։ Տաք, հյուրընկալ երկիր էր, հուսով էր, որ այդ ջերմությունից իրեն էլ բաժին կհասնի․․․ ․
․․․Որդուն ճանապարհելուց հետո արցախյան պատերազմից մնացած դառը հիշողությունների «բեռը նորից ծանրացավ ուսերին»։ Պահեստազորի սպայի համար դրանք պարզապես հիշողություններ չէին։ 1993թ․-ի գարնան կորստաբեր նահանջից հետո, ամռան կեսերից սկսված հակահարձակումը, չնայած իր արդյունավետությանը, պակաս կորստաբեր չէր։ Գերազանցապես Երևանի պետական համալսարանի ուսանողներից կազմված կամավորական ջոկատի անդամներից նրանք, ովքեր ողջ մնացին, առհավետ չեն մոռանա այն, ինչ կատարվեց 1994թ․-ի տարեսկզբին Հորադիզ երկաթուղային կայարանի և համանուն գյուղի մատույցներում։ Երբ հունվարի 30-ին զոհվեց ամենամոտ ընկերը՝ Վարդանը, ով ջոկատի հրամանատարն էր, կարծես կորցրեց խոսելու ընդունակությունը, բառերն այլևս անկարող էին արտահայտել այն, ինչ կատարվում էր հոգում։ Այդ պահից հասկացավ, որ իր համար պատերազմն ավարտված է։ Ծանր ու անհավանական թվացող որոշում կայացրեց՝ Վարդանի թաղմանը չի մասնակցի․ ընկերը կմնա ողջերի շարքում՝ նույնիսկ եթե նրան երբեք չի տեսնի։ Պատերազմում հրադադար եղավ միայն երեք ու կես ամիս անց։ Համալսարանն ավարտելուց հետո, որոշում ընդունեց սպայական դասընթացների մասնակցել։ Հայաստանում այդ պահին միակ մասնագիտացված ռազմական բուհը դեռ շրջանավարտ չուներ, իսկ սպաների պահանջ բանակը շատ ուներ։ Եթե Վարդանը հիմա ողջ լիներ։ Ինչպիսի՜ օրինակելի սպա կլիներ, հոգով ուժեղ, գաղափարապես հասուն։ Կծառայեին միասին, հետո, երբ կարիքն այլևս չէր լինի, կփորձեին իրենց գտնել քաղաքացիական կյանքում, ամեն հարմար առիթ կօգտագործեին ճամփորդելու համար․ Վարդանը շատ էր երազում տարբեր երկրներում լինել․․․ ․ ․․․Ուսումնական փուլի ավարտից հետո հակաօդային պաշտպանության պատրաստություն անցած զինվորները տեղակայվեցին Արցախի Հադրութի շրջանում գտնվող զորամասում։ Օրերն անցնում էին արագ, արդեն հարմարվել էին ծառայությանը։ Վահեն օրինակելի զինվոր էր, բանիմաց, կարգապահ։ Արդեն մեկ տարուց ավել ծառայել էր, ևս մի քանի ամիս ու կվերադառնա քաղաքացիական կյանք, կշարունակի ընդհատված ուսումը․․․ ․ ․․․2020թ․-ի սեպտեմբերի 25-ին զորամասը տագնապով տարվեց մարտական հերթապահության։ Նախորդ օրը խոսել էր հոր հետ, նրա ձայնում անհանգստություն չկար, եթե լուրջ բան լիներ կզգուշացներ․․․
․․․Տասնչորս տարի զինվորական ծառայության մեջ մնալուց հետո որոշեց թողնել այն։ Համոզված էր, որ բանակը բավականաչափ կայացել է, ու ինքն այնտեղ այլևս անելիք չունի։ Արդեն քառասուն տարեկան էր, ժամանակն էր իրականություն դարձնելու քաղաքացիական կյանքի հետ կապված իր նպատակները։ Տարված էր կինոյով, անընդհատ մասնագիտական գրականություն էր կարդում, մտադիր էր բուհում դասախոսի աշխատանք գտնել, կինոակումբ բացել։ Թեև ուշացած, բայց դա իր կյանքի գործն էր համարում․․․ ․
․․․Սեպտեմբերի 27-ի կիրակին սովորականի պես մի քիչ երկար պառկեց անկողնում, ապա որոշեց դուրս գալ զբոսանքի։ Անտեղյակ էր ինչ է կատարվում սահմանին, մինչև այն պահը, երբ զանգ ստացավ եղբորից։ ․
– Վահեից տեղեկություն ունե՞ս,–եղբոր ձայնի մեջ տագնապ կար։ ․
– Մի երկու օր առաջ եմ խոսել հետը, ամեն ինչ նորմալ էր։ ․
– Ձեռ ե՞ս առնում,- եղբայրն ակնհայտորեն դուրս եկավ իրենից,–սահմանին պատերազմ է, դու ասում ես երկու օր առաջ եմ խոսել, գժվե՞լ ես, ինչ է։ ․ –
-Ինչպե՞ս թե պատերազմ է, ե՞րբ է սկսվել, ո՞ր հատվածում։ ․
-Լսիր, դու իրո՞ք բանից անտեղյակ ե՞ս, թե ձևացնում ես, շտապ զանգիր Վահեին, գլխավոր հարվածը այդ ուղղության վրա է։ ․
Մի քանի վայրկյան հուզմունքից չիմացավ անելիքը։ Հետո, մի քանի անգամ փորձեց զանգել։ Որդու համարն անջատված էր։ Դա նորմալ համարեց․ եթե սահմանին պատերազմ է, ի՞նչ հեռախոսային կապի մասին կարող է խոսք լինել։ Շվարած կանգնած մնաց փողոցում՝ չիմանալով անելիքը։ Պետք էր որևէ բան ձեռնարկել, բայց ի՞նչ։ Սկզբում հետ դարձավ, քայլեց տան ուղղությամբ, բայց հետո հասկացավ, որ անկարող կլինի պատասխանել հարցերին, որոնք այնտեղ անխուսափելիորեն կտրվեն իրեն։ Շուրջը քայլող մարդկանց մեջ անհանգստություն չկար, կամ գուցե նրանք նույնպես իր պես տեղյակ չէին սահմանին կատարվողից։ Գնաց դեպի մոտակա նստարանը, գրպանից հանեց հեռախոսը։ Սոցիալական կայքերում արդեն պատերազմի առաջին զոհերի ու թշնամու հարձակումները հաջողությամբ հետ մղելու մասին լուրերն էին։ Նորից փորձեց զանգել որդուն, նախօրոք գիտակցելով, որ դա իրեն չի հաջողվի։ Չգիտես ինչու որոշակի ներքին համոզվածություն ուներ, որ այս հարձակումն էլ, մոտ չորս տարի առաջ եղածի նման արագ կկասեցվի՝ նվազագույն կորուստներով։ Մի պահ կորցրեց իրականության զգացումը։ Ականջների մեջ պայթյունների ձայներ էին, կրակահերթեր, գոռոցներ, հրամաններ, վիրավորների տնքոցներ։ 26 տարի առաջ կատարվածը մի քանի վայրկյանում կինոյի ժապավենի նման անցավ աչքերի առջևով։ Պատերազմը արդեն դարձել էր սերունդների գործ, «փոխանցվել» հաջորդ սերնդին։ Ե՞րբ մեծացան, գրիչի փոխարեն սովորեցին զենք բռնել ու հիմա սահմանին կենաց-մահու կռիվ են տալիս։ Որտե՞ղ է հիմա Վահեն, ի՞նչ հոգեվիճակում։ Կտեսնի՞ երբևիցե նրան, թե․․․ Մեր որդիները չպիտի լինեին այս պատերազմում, ամեն ինչ պետք էր ավարտել 1994-ին։ Որքա՞ն դյուրահավատ կարելի էր լինել, չհասկանալու համար մի ակներև ճշմարտություն, որ թշնամին անցած տարիների ընթացքում չի հաշտվել իր պարտության հետ, այլ ժամանակ է շահում պատրաստվելու համար առաջիկա պատերազմին։ Պետք է կամավորագրվել, հասնել տղաներին, նրանց կողքին լինել․․․ ․
․․․Հերթափոխը ուշանում էր։ Երկրորդ շաբաթն էր արդեն ինչ առաջնագծում էին, Վահեին հաջողվել էր երկու «ՄԻ-24» ուղղաթիռ ոչնչացնել ու մի հսկա անօդաչու։ Անընդհատ փոխում էին դիրքը, թշնամու հրետանու և անօդաչուների հարվածներից խուսափելու համար։ Վահեն գոհ էր իր և մյուս երկու ծառայակիցների գործողություններից։ Մարտական խնդիրները հաջողվել էր կատարել, ավելին հիմա համոզվածություն կար արդեն, որբավարար տիրապետում են հակաօդային միջոցին ու չեն վրիպի։
-Տղերքը չեկան, օրը ճաշ դառավ,- Դավիթն էր, հակաօդայինի «բանաստեղծը»։ ․
-Կգան,- Վահեն անվրդով էր,-մեծ հաճույքով կլողանայի, վրաս արդեն կենդանիներ են հայտնվել։ ․
-Թող մի քիչ մեծանան, կհանձնես գազանանոց,-Արտակի հնչուն ծիծաղը խլացավ հրետանու որոտից։
-Թաքստոց, թաքստոց,- հրամանատարի գոռոցը ուղեկցվեց ևս մեկ պայթյունով, այս անգամ ավելի մոտ։ ․
Հակաօդայինների խումբը, զենքերը ճանկելով, վազեց թաքստոցի ուղղությամբ։ Պետք էր նորից փոխել տեղակայման վայրը, թշնամու հրետանու հետախուզությունըբավականին արդյունավետ էր։ Հերթափոխը չեկավ ոչ այդ, ոչ էլ հաջորդ օրերին։ Հետո պիտի իմանային, որ այն ընկել է անօդաչուի հարվածի տակ և չորս հոգանոց անձնակազմից ոչ-ոք չի փրկվել։ Հադրութի անկումից հետո խուճապ էր տարածվել։ Հավաքագրված պահեստազորայիններն ու նույնիսկ կամավորականները, սկսել էին անկանոն նահանջել, բանակի աջ ու ձախ թևերում ճեղքվածքներ էին առաջացել, որոնք շարունակում էինխորանալ․․․ ․ ․․․Երբ հասավ Արցախ, Հադրութում գտնվող որդու զորամասն արդեն թշնամու ձեռքում էր։ Հակաօդայինների տեղակայման վայրը ճշտել այդպես էլ չհաջողվեց։ Լուրեր էին պտտվում, որ Ջրականից նահանջելուց հետո տղաները հայտնվել են շրջափակման մեջ։ Գյումրիից հապճեպ հավաքված կամավորականների ջոկատը՝ իր հրամանատարությամբ, արդեն տաս օրից ավել անհավասար մարտեր էր մղում Տող-Քիրսավան-Ազոխ գյուղերի հատվածում։ Իրավիճակը շատ բարդ էր։ Ամենուր հուսահատություն ու խուճապ էր, Հադրութից ու մյուս բնակավայրերից տեղահանված բնակչությունը ծվարել էր Շուշիի շրջանի գյուղերում՝ տունդարձի և ռազմաճակատում բեկման սպասելիքով, բայց նախկին զինվորականի նախազգացումը հուշում էր, որ բեկում չի լինելու։ Չէր հասկանում, թե ինչ կատարվեց ազգի գենի հետ անցած տարիների ընթացքում, ինչու՞ այս աստիճան անվճռական ու ապաշնորհ գտնվեցին հայրենիքի պաշտպանության գործում․․․
․․․Մշտական տեղակայման վայրի կորստից հետո զորամասի քիչ թե շատ մարտունակ ստորաբաժանումները նահանջեցին սկզբում Ջրականի, ապա Շուշի շրջանի ուղղությամբ։Մոտները մնացած միակ հեռախոսով երբեմն կարողանում էր կապվել տանեցիների հետ։ Վահեն չէր հասկանում, թե ինչու՞ չի հաջողվում խոսել հոր հետ։ Նրա հեռախոսը միշտ անհասանելի էր, քրոջ խոսքերով՝ հայրը Գյումրիում կամավորական աշխատանքներ էր կատարում ռազմաճակատի համար, տուն էր հասնում կեսգիշերից հետո, հեռախոս չէր վերցնում՝ պատճառաբանելով, որ այն խանգարում է իրեն։ Հասկանում էր, որ մի բան այն չէ, բայցև չէր համարձակվում քրոջը հարցուփորձ անել։ Պատերազմի չորրորդ շաբաթն էր։ Հնարավոր է, որ իրեն չեն ասում ճշմարտությունը, և որ հայրը վաղուց արդեն ռազմաճակատի մի հատվածում է, Աստված մի արասցե, գուցե նաև վիրավոր է կամ զոհվել է։ Հոր անհանգիստ բնավորությունը գիտեր, նա չէր խնայի իրեն՝ թիկունքում մնալով։ Իհարկե նաև չէր ուզում, որ հայրը իր կողքին լինի․ դա կխանգարեր երկուսին էլ, միայն նրա խորհուրդների ու քաջալերման կարիքն ուներ․․․
․․․Հոկտեմբերի վերջին, թշնամու ճնշման տակ, նահանջեցին Ավետարանոց-Սղնախ գյուղերի ուղղությամբ։ Այստեղ իրենց միացան տեղի կամավորական ջոկատները։ Նրանց մեջ, իր պես, դեռ իննսունականների պատերազմին մասնակցած վետերաններ կային ու բոլորի մտահոգությունը Շուշիի պաշտպանությունն էր։ Եթե Արցախի միջնաբերդն ընկնի, ամենայն հավանականությամբ ստիպված կլինեն թողնել նաև Ստեփանակերտն ու ամրանալ լեռնային շրջաններում։ Բայց քաղաքի պաշտպանությունը արդյունավետ կազմակերպելու դեպքում կարելի էր թշնամուն երկար ժամանակ պահել նրա մատույցներում, այդ ընթացքում հակագրոհի հնարավորություն ստեղծելով։ Օգտագործելով տեղանքի առանձնահատկությունները՝ սկսեցին խրամատներ փորել, պաշտպանական կառույցներ ստեղծել։ Ժամանակը սուղ էր, թշնամին կրնկակրոխ հետապնդում էր նահանջող հայկական զորամիավորումներին՝ նպատակ ունենալով թույլ չտալ նրանց ամրանալ որևէ բնագծում։ Գիշերը հանգիստ անցավ, բայց բոլորը հասկանում էին, որ դա կարճ է տևելու։ Լուսաբացին, Ավետարանոցի դիմաց, թշնամու հատուկ նշանակության ջոկատները բացազատվելով անցան հարձակման․․․ ․
․․․Հադրութի զորամասը լուրջ կորուստներ ուներ։ Հակաօդայինների չորս հոգանոց խմբից հիմա երեքով էին։ Ջրականում ծանր վիրավորվել էր Արտակը, մյուսները ուժասպառ էին։Ռազմաճակատում պաշտպանական գծեր վաղուց արդեն գոյություն չունեին։ Անկանոն նահանջը խաթարել էր ամեն ինչ, վերականգնել մարտակարգը ոչ մի կերպ չէր հաջողվում։ Լուսադեմին, նախորդ օրը հապճեպ փորված խրամատների ուղղությամբ սկսեց գրոհել հակառակորդի հետևակը։ Գրոհը հաջողվեց հետ մղել։ Կեսօրին մոտ երկնքում հայտնվեցին թշնամու երկու ՍՈՒ-24։ Վահեն ու Դավիթը առանց բառ փոխանակելու հրթիռը ամրացրեցին «Իգլա»-ի գործարկիչ մեխանիզմի վրա։ Դիրքերին մոտենալիս ինքնաթիռներից մեկը կտրուկ փոխեց թռիչքի ուղղությունը և սլացավ Շուշիի ուղղությամբ, մյուսը երկու ռումբ բաց թողնելով մոտակա անտառի վրա հեռացավ։ Բայց մանևրը չստացվեց․ Վահեի արձակած հրթիռը շատ արագ հասավ քաղաքի ուղղությամբ թռչող ինքնաթիռին, որը սև ծուխ արձակելով ընկավ դիրքերից մոտ երկու կիլոմետրի վրա գտնվող բացատում։
– Կպա՜վ, -ոգևորությունից խենթացան զինվորները։ ․
-Աչքիդ մեռնիմ,- Դավիթն էր։ ․ -Չորս – Վահեն մաթեմատիկոսի սառը հաշվարկով բարձրաձայնեց խոցած օբյեյտների թիվը։
Հակաօդայինների հրամանատարը մի թունդ ուշունց տալով թշնամու հասցեին, պինդ գրկեց Վահեին՝ չկարողանալով զսպել ուրախության արցունքները։ ․
– Երբ պատերազմն ավարտվի «Մարտական խաչ»-ի եմ ներկայացնելու քեզ։ ․
– Միայն ոչ մեր պարտությամբ, հրամանատար, մնացածը կարևոր չէ։ ․
-Ոչ մեր պարտությամբ,-մտախոհ կրկնեց հրամանատարը,- եթե պարտվենք, ոչինչ արդեն կարևոր չի լինի․․․ ․ ․․․Գրոհող թշնամու առաջին շարքերի վրա ականանետային արկերի տարափ տեղաց։ Հետո լսվեց գնդացրի ճարճատյունը։ Թշնամու շարքերը երերացին, բայց շարունակում էին առաջանալ։ Երբ ինքնաձիգի պահունակների մեջ եղած փամփուշտները վերջացան մի պահ դադար առավ, հետո վերցրեց արդեն պատրաստած նռնակներից մեկը, հանեց օղակն ու սպասեց մինչև թշնամին ընդհուպ կմոտենա խրամատին։ ․
-Վահեիս համար,- մրմնջաց, թափ առավ ու նռնակը շպրտեց առաջ։ Ապա երկրորդը, երրորդը։ Խրամատից մեկ-երկու մետր առաջ սպանված ու վիրավոր թշնամիների կույտը շարունակում էր ավելանալ։ Ուժերն անհավասար էին, հակառակորդը՝ վճռական։ Եթե նույնիսկ սա իրենց վերջին մարտն է լինելու, թշնամին թանկ կվճարի դրա դիմաց։ Ժամանակ գտավ շուրջը նայելու։ Կամավորների շարքերը զգալի նոսրացել էին, բայց ողջ մնացածները շարունակում էին ինտենսիվ մարտ վարել։ Վիրավորներին օգնելու ժամանակ չկար։ Եվս մի քանի րոպե ու ամեն ինչ կավարտվի։ Թևերից գրոհող թշնամու հետևակը արդեն ցատկում էր խրամատի մեջ՝ դիմահար կրակելով։ Ականանետից արձակված արկերից մեկը պայթեց խրամատի դիմաց, հաջորդը՝ արդեն ուղիղ դրա մեջ։ Հարվածի ալիքը իրեն շպրտեց մի կողմ, վերջինը ինչ հասցրեց տեսնել իր կողքին ընկնող թշնամու հետևակայինի բզկտված մարմինն էր․․․ ․
․․․ Նոյեմբերի 3-ին, Քարինտակի անկումից հետո, թշնամին երեք կողմից աքցանի մեջ առավ Շուշին։ Արցախը հոգևարքի մեջ էր։ Պատերազմում հաղթական բեկմանը այլևս ոչ-ոք չէր հավատում, բայց մի հարցում բոլորը համակարծիք էին․ թշնամուն պետք էր կանգնեցնել Շուշիի տակ, տալ գլխավոր ճակատամարտը։ Հայաստանի տարբեր մարզերից ու Արցախի շրջաններից կամավորների մեծ հոսք կար, բայց կազմակերչական աշխատանքը զրոյական էր։ Վահեն, Դավթի ու հրամանատարի հետ միասին, հակառակորդի հրետանուց և անօդաչուներից պաշտպանվելու համար թաքստոց էր փորում․ Հադրութի անկումից հետո, անդադար նահանջի պայմաններում՝ արդեն կորցրել էր հաշիվը, թե քանի անգամ էին վերադիրքավորվել։ Պատերազմի երեսունութերորդ օրն էր։ Վերջին նահանջից առաջ, արդեն երկրորդ անգամ, հրաշքով փրկվել էին շրջափակման մեջ ընկնելուց։ Սղնախից նահանջած կամավորները պատմում էին, որ Ավետարանոցի մոտ մերոնք ջարդել էին թշնամու հատուկ ջոկատայիններին, ապա տեսնելով, որ նրանց գրոհը կասեցնել հնարավոր չէ, յուրային ականանետային մարտկոցի կրակը ուղղել էին խրամատները ներխուժած հակառակորդի կենդանի ուժի վրա։ Ասում էին, մերոնցից ոչ ոք չի փրկվել, բայց թշնամու զոհերը մեկը տասին հարաբերությամբ էին․․․
․․․Նոյեմբերի հինգին հակառակորդը երեք կողմից սկսեց գրոհել Շուշին։ Լեռնային պայմաններում պատրաստություն անցած թուրքական հատուկ ջոկատայինների խումբը, Քարինտակ գյուղի դիմաց գտնվող ժայռերի արգելքը հաղթահարելով՝ հարձակվեց այն դիրքերի ուղղությամբ, որ զբաղեցրել էին Հադրութի զորամասի զինվորները։ Օգտվելով բնական ամրությունների առկայությունից, հաջողվեց գրոհըհետ մղել։ Հակաօդայինները միացել էին հետևակին․ վաղուց արդեն ճակատի գիծը միասնական էր։ Հոր հետ կապ հաստատել Վահեին այդպես էլ չհաջողվեց։ Նա դեռ չգիտեր, որ Ավետարանոց գյուղի պաշտպանների մեջ նաև իր հայրն է եղել։ Բայց արդեն համոզված էր, որ նա ռազմաճակատում է, եթե չի վիրավորվել կամ, Աստված չարասցե․․․ ․․․Մեկ օր անց թշնամուն հաջողվեց ներխուժել քաղաք։ Էլեկտրական ենթակայանի մոտ մարտի բռնված կամավորականների ու պահեստազորայինների խումբը երկու օր հերոսական դիմադրությունից հետո, մեծ կորուստներ տալով, նահանջեց դեպի Ստեփանակերտ։ Նոյեմբերի յոթին Շուշիի մեծ մասը հակառակորդի ձեռքին էր, բայց առանձին տեղամասերում, նաև այնտեղ, որտեղ գտնվում էին Հադրութի զորամասի զինծառայողները, դիմադրությունը շարունակվեց մինչև նոյեմբերի իննի կեսօրը։ Հակաօդայինների վերջին դիրքը Շուշիի մատույցներում գտնվող հսկա խաչն էր, որտեղ էլ իմացան ստորագրված խայտառակ պայմանագրի մասին․․․ ․ …Երբ ուշքի եկավ, ամենուր թուրքերեն խոսակցություն էր լսվում։ Մարմինը չէր զգում, գիտակցում էր, որ տղերքից հավանաբար ոչ-ոք կենդանի չի մնացել։ Գերի չընկնելու համար պետք էր անշարժ մնալ՝ մեռած ձևանալով։ Չէր հասկանում վիրավոր է, թե ականանետի արկի պայթյունից ծանր ցնցում է ստացել։ Կոպերը ծանրանում էին։ Ուզեց աղոթել, խնդրել Աստծոն, որ ամեն ինչ վերջացնի, բայց նորից կորցրեց գիտակցությունը։ Սթափվեց, երբ արդեն գիշեր էր։ Հայտնի չէր, որքան ժամանակ էր անցել։ Շուրջը կատարյալ լռություն էր։ Ենթադրաբար, թշնամին իր դիակները հավաքելով հեռացել էր։ Փորձեց նստել, մթան մեջ շոշափեց վերջւյթները։ Կարծես անվնաս էին։ Լարեց լսողությունը, բայց անարդյունք։ Ինչքա՞ն էր առաջ գնացել թշնամին։ Ո՞րտեղ են հիմա յուրայինները։ Պետք էր օգտագործել մթության քողը՝ նրանց հասնելու համար։ Բայց մինչև այդ փորձեց զենք ու զինամթերք գտնել։ Խրամատի մեջ միմյանց կողքին ու վրա ընկած էին ջոկատի տղաների դիերը։ Վիրավորներ չկային։ Հավանաբար գերի էին տարել, կամ գնդակահարել։ Ինչո՞ւ էին իրեն խնայել, միայն Աստծոն էր հայտնի, երևի շտապել էին։ Մեկ-մեկ ուղղում էր նրանց մարմինները, գրկում, մտովի հրաժեշտ տալիս։ Թշնամին հեռանալուց առաջ հավաքել էր նաև զենքերը, բայց հաջողվեց մի քանի նռնակ գտնել։ Դա բավարար էր ապահով զգալուհամար։ Մեծ դժվարությամբ դուրս եկավ խրամատից։ Շարժվում էր գերազանցապես սողալով, դադարների պահին փորձում էր կողմնորոշվել տեղանքում։ Լուսադեմին նշմարեց Շուշիի պարիսպները։ Միթե՞ քաղաքն անցել է թշնամու ձեռքը, կամ գուցե հերթական հրադադարի մասին պայմանավորվածություն կա։ Կարիք կար ապահով թաքստոց որոնելու, սպասելու, մինչև նորից գիշերը վրա կհասնի․․․ ․ ․․․Պատերազմի ավարտից հետո Հադրութի գնդի տղաներին տեղափոխեցին Ասկերան։ Դեռ լարված էին և մտավախություն կար, որ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել։ Հիմա ամեն օր տուն զանգելու հնարավորություն ուներ, բայց առաջվա պես Վահեն հորից լուր չկար։ Եթե զոհվել է, կամ վիրավոր է, անխուսափելիորեն մի օր պիտի ասեին իրեն այդ մասին, ուրեմն անհայտ կորածների թվում է։ Տանեցիներին այլևս հարցեր չէր տալիս՝ նրանց լռությունը գնահատելով որպես իր ենթադրությունների ապացույց։ Խոստացել էին արձակուրդ տալ, այդ ժամանակ էլ հավանաբար կստանա իրեն հուզող հարցերի պատասխանը։ Զինվորներից շատերը ցանկություն էին հայտնել օրվա որոշակի ժամերի օգնելու զորանոցից ոչ հեռու գտնվող հոսպիտալի վիրավորներին։ Վահեն նրանց թվում էր։ Շուտով ընդունարանի պատերին անհայտ կորածների ցուցակներ հայտնվեցին, որոնք անընդհատ թարմացնում էին։ Հույս ուներ, որ այդ ցուցակներում կգտնի հորը։ Նոյեմբերի կեսերն էր․․․ ․
․․․Ողջ գիշերը, կարճատև դադարներով շարժվելով, մոտեցավ Շուշիին։ Լուսաբացին նկատեց քաղաքի վրա ծածանվող ադրբեջանական դրոշը։ Վատագույն ենթադրությունը արդեն իրականություն էր։ Ի՞նչպես կարելի էր երեք կողմից պարսպապատ քաղաքը կարճժամանակում հանձնել թշնամուն։ Կասկած չկար, որ դավադրություն է կատարվել։ Եթե Շուշին ընկել է, հնարավոր է, որ ամբողջ Արցախը հանձնվել է։ Այդ դեպքում թշնամու կողմից նկատվելու հավանականությունը մեծ էր։ Պետք էր քաղաքը շրջանցելու անվտանգ ուղի որոնել, ապա գնալ դեպի Արցախի ու Սյունիքի սահմանագիծը։ Ցանկացած պարագայում դիմադրելու հնարավորություն կար, ինչ էլ լիներ, գերի չէր հանձնվի։ Դեռ ավելին, մի քանիսին էլ իր հետ այն աշխարհը կտաներ։ Ցերեկները թաքնվում էր, գիշերները մեծ զգուշությամբ տեղաշարժվում։ Չորրորդ օրվա լուսաբացին դուրս եկավ բանուկ ճանապարհի վրա։ Ենթադրաբար Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ մայրուղին էր։ Որոշեց հարմար թաքստոց գտնել, որտեղից հնարավոր կլիներ դիտարկել ողջ շարժը, հասկանալու համար ում ձեռքին է գտնվում «կյանքի ճանապարհը»։ Կեսօրից հետո ճանապարհին ռազմական տեխնիկա նկատեց։ Ապշեց, տեսնելով նրա վրա ռուսական դրոշը։ Ի՞նչ են անում ռուսները այս ճանապարհի վրա։ Հիմարություն կլիներ կարծել, որ նրանք եկել են օգնելու հայկական զորամիավորումներին։ Չէր բացառվում հակառակ տարբերակը։ Ամեն դեպքում օտար պետությանզինտեխնիկայիներկայությունը լավ բանի նշան չէր։ Սպասեց մինչև մութը վրա կհասնի։ Բավականին հեռավորություն պահելով, որպեսզի չնկատվի, շարժվեց ճանապարհի երկյանքով։Զարմացավ, որ քաղաքացիական մեքենաների շարժ կա ու այն երկկողմանի է։ Ուրեմն Ստեփանակերտը չի գրավված, հետևաբար Արցախի մնացյալ հատվածը նույնպես։ Դեռ չէր համարձակվում ընդհուպ մոտենալ ճանապարհին, առավել ևս մեքենա կանգնեցնել։ Պետք էր լիովին համոզված լինել, որ դա անվտանգ է։ Հինգերորդ օրվա լուսաբացին, դեպի Արցախ տանող ուղղության վրա մի մեքենա կանգնեց։ Խափանված շարժիչից գոլորշի էր դուրս գալիս։ Վարորդը իջավ, հորդորելով ավտոմեքենայի մեջ եղածներին դուրս չգալ։ Արդեն համոզված էր, որ հայեր են։ Որոշեց մոտենալ, բայց ռազմական տեխնիկայի ձայն լսելով՝ նորից թաքնվեց։ Հետևակի մարտական մեքենան շրջանցելով՝ խափանված տրանսպորտային միջոցը, կանգնեց։ Կապույտ ֆոնի վրա տպված «МС» տառերը շոկի մեջ գցեցին։ 90-ական թվականների դառը փորձը հուշում էր, որ կատարվել է անդառնալին․ ի՞նչպես կարելի էր վստահել ռուսական բանակին, որի անմիջական աջակցությամբ հայաթափվեց Գետաշենն ու Մարտունաշենը, Բաքվում և Սումգայիթում հարյուրավոր հայեր կոտորվեցին։ ՀՄՄ-ի վրայից երկու ավտոմատավոր ցատկեցին ու մոտենալով վարորդին սկսեցին ինչ-որ բան բացատրել։ Վերջինս, անվարժ ռուսերենով, հրաժարվեց օգնությունից՝ հասկացնելով, որ դրա կարիքը չունի։ ՀՄՄ-ն հեռացավ։ Երբ վարորդը գործարկեց շարժիչը, արագ թողեց թաքստոցն ու շարժվեց դեպի ճանապարհը։ Ավտոմեքենայի միջից երեխայի ձայն լսվեց։ Նկատել էին։ Վարորդը նորից դուրս եկավ մեքենայից՝ այս անգամ ձեռքին որսորդական հրացան։ ․
-Չկրակե՛ս, հայ եմ,-գոռաց ու հաջորդ պահին հասկացավ, որ ահազդու տեսք ունի։
-Ով ե՞ս,- ցեխոտ ու ամբողջովին արյունի մեջ կորած համազգեստով զինվորականը, չնայած հայերեն խոսելուն, վստահություն չէր ներշնչում, ուստի և վարորդը, առանց հրացանը իջեցնելու, քայլեց իրեն ընդառաջ։ ․
-Հայ եմ, Գյումրիի կամավորական ջոկատից, Ավետարանոց գյուղից եմ գալիս։
Վարորդը կանգ առավ, իջեցրեց հրացանն ու ուշադիր հետևեց անծանոթին, որ դանդաղ, կաղալով ու ցավից ծռմռվելով առաջանում էր դեպի ճանապարհը։
-Ավետարանոցի՞ց, բայց գյուղը հիմա թուրքի ձեռքին է։ ․
-Գիտեմ, «տղերքը դեռ այնտեղ են», ես հրաշքով եմ ողջ մնացել, շնորհիվ մեր ականանետորդների,-դեմքին հայտնվածը ժպիտ չէր, այլ անդառնալի կորստի արտահայտություն։ Միայն հիմա հասկացավ, որ ափի մեջ սեղմած պահում է նռնակներից մեկը, ու որպեսզի վարորդին նորից կասկածելու տեղիք չտա, մատը աննկատ հանեց օղակի միջից։ ․
-Հիմա սա էլ երևի պետք չգա,- նռնակի պայթուցիչը զգուշությամբ հանեց վրայից, դրեց գետնին, ապա «ազատվեց» նաև մյուս նռնակներից։ Ավտոմեքենայի վարորդը, որ ուշադիր հետևում էր անծանոթի գործողություններին՝ հուշեց․ ․
-Գուցե թաղես դրանք, որ ավելի ապահով լինի։ Ապա իջավ մեքենայի մոտ, շորի մի կտոր բերեց։ ․ -Փաթաթիր սրա մեջ, գուցե մի օր էլի պետք գա։ ․
Ձեռքերով փոքր փոս փորեց, նռնակներն ու պայթուցիչները խնամքով փաթաթեց շորով, դրեց մեջը, ծածկեց հողով, շուրջը եղած մանր քարերով խաչ նշան արեց ուվարորդի հետևից շարժվեց դեպի մեքենան։ ․
-Քեզ ու՞ր տանեմ,-վարորդն էր։ Հարցն առժամանակ անպատասխան թողնելով նստեց վարորդի կողքին, ապա շուռ եկավ, նայեց հետևի նստատեղին, որտեղից իրեն էին նայում երեք զույգ մանկական աչքեր։
-Գուցե իմանաս որտե՞ղ են հիմա Հադրութի զորամասի զինվորները, տղաս նրանց մեջ էր։ ․ –Ասկերանում կլինեն, բոլոր տեղերից հիմա այնտեղ են հավաքվում, ուզում են նոր գունդ կազմավորել։ Պետք է նորից ուժ հավաքել, պատերազմը դեռ չի ավարտվել։ Սա ընդամենը հրադադար է։ Ռուսներին պետք չէ վստահել, նրանք մեր հող ու ջրի արժեքըչգիտեն, մի օր կթողնեն մեզ կրակի բերան ու կգնան։ ․
-Ուրեմն Ասկերան տար, բայց մինչ այդ օգնիր մի քիչ ինձ կարգի բերեմ, համազգեստս փոխեմ։ ․
-Ես քեզ նորը կտամ։ Սպայի ուսադիրներ չեմ խոստանում, բայց շարքայինի համազգեստ բոլորիս տներում կա։ Արցախում բոլորը զինվորական են, նույնիսկ երբ ծառայության մեջ չեն։ ․
-Շնորհակալ կլինեմ։ Պատերազմում բոլորս զինվոր ենք, սպայի ուսադիրները միայն պատասխանատվություն են։ ․
-Ասում ես տղադ Հադրութում է ծառայե՞լ, երբ ես վերջին անգամ խոսել հետը։ ․ –Պատերազմից երկու օր առաջ, հետո հնարավոր չեղավ։ ․ –Գուցե զանգե՞ս, մինչև Ասկերան հասնելը դեռ բավական ժամանակ կա,-վարորդը գրպանից հանած հեռախոսը պարզեց նրան։ ․ Դողացող ձեռքով վերցրեց հեռախոսը, բայց գլխում քաոս էր։ Դժվարությամբ հիշեց որդու համարը, մի քանի անգամ թվերը շփոթելով վերջապես հավաքեց ու սեղմեց զանգի կոճակը։ ․ -Ալո,-Վահեի ձայնն էր,-արցունքները խեղդեցին, անզոր եղավ պատասխանել-ո՞վ է, դե խոսեք,-անծանոթ համարից հնչած զանգն ու լռությունը լավ բան չէին հուշում։
– Բարև Վահե ջան, ես եմ, քո հայրը, ուրախ եմ, որ վերջապես կապվեցի քեզ հետ, որտե՞ղ ես, ամեն ինչ նորմա՞լ է։ ․
Հոր ձայնը անբնական էր, կարծես անդունդի խորքից էր գալիս։ ․
-Ասկերանում եմ, պա, անվնաս եմ, եթե մարմինս նկատի ունես, կարծում էի մահվանդ բոթն էի լսելու, ու՞ր էիր կորել այսքան ժամանակ, վիրավո՞ր ես։ ․
-Դժոխքում կապ չկար,–փորձեց կատակել,- վիրավոր չեմ, գալիս եմ մոտդ, մնացածի մասին կպատմեմ, երբ հանդիպենք, քիչ մնաց։ ․
-Կսպասեմ, մնացածը կարևոր չէ, հավատս չի գալիս, որ խոսում եմ հետդ։ Կապն ընդհատվեց։ Վահեին թվաց երազի մեջ է, նույնիսկ ստուգեց, իրո՞ք զանգ է ստացել։ Պատերազմի ավարտից երկու շաբաթ էր անցել․․․ ․ ․․․Հայաստանի Ամերիկյան Համալսարանի տնօրենի ընդունարանի դիմաց այցելուներին ժպիտով «դիմավորում են» Արցախյան երկրորդ պատերազմի հերոսները։ Նրանց մեջ Հադրութի զորամասի հակաօդային ջոկի Արտակի նկարն է։ Ջրականում ծանր վիրավորվելուց հետո, նա մի քանի օր կռիվ տվեց կյանքի համար, բայց մահն ավելի զորեղգտնվեց։ 2021 թվականի հոկտեմբերին, Հայաստանի զորամասերից մեկում, առանց արարողակարգի, «Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայության և հերոսության համար» Վահեին շնորհվեց «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի շքանշան։ Պատերազմի առաջին օրերին, անօդաչուի հարվածից զոհված մյուս հակաօդայինների մասին մինչ օրս ոչինչ հայտնի չէ։ Վահեն ու Դավիթը նրանց երկար փնտրեցին Եռաբլուրի զինվորական պանթեոնում, բայց ապարդյուն։ Ամենայն հավանականությամբ, տղաների մարմինները հանգչում են հայրենի բնակավայրերի ընտանեկան գերեզմանոցներում․․․ ․․․Ավետարանոցի գյուղի մոտ մղված մարտի հերոսներից շատերը մինչև հիմա անհայտկորածների ցուցակներում են։ Թշնամին պատերազմից հետո հրաժարվեց վերադարձնել նրանց մարմինները, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի ջանքերը այդ ուղղությամբ նույնպես անարդյունք եղան։ Ենթադրաբար, նրանք թաղված են գյուղի մատույցներում, այն նույն խրամատում, որտեղ տվեցին իրենց վերջին կռիվը․․․ ․․․Հիշեցի՞ր, երբ նրանք հայտնվեցին։ Ապրի՞լն էր, թե՞ սեպտեմբերը։ Այդ ի՞նչ աղետ էր, սև թե՞ սպիտակ ժանտախտ, որ մեզ նորից հայրենիքի մի մասի կորուստ արժեցավ։ Ի՞նչպես կարելի էր այդ աստիճան անխոհեմ ու անհեռատես գտնվել․․․ ․ ․․․Գիշերներն ինձ հաճախ «այցի են գալիս» արցախյան պատերազմի ծանոթ ու անծանոթ մեռելները։ Նրանք նայում են չռված աչքերով ու ոչինչ չեն ասում, բացարձակապես ոչինչ։ Ու ամեն անգամ, ինչպես Ավետարանոցի կռվից հետո, ես խնդրում եմ Աստծոն, որ այս ամենը արագ ավարտվի, որովհետև մեռյալների լռությունը անվերջ հնչող աղմուկ է ականջներիս մեջ, չդադարող, անտանելի աղմուկ․․․
