Գայանե Օհանյան, ՏՈՆԱՊԵՏ պատմվածքի մրցույթ

Աղջիկն Արցախից

(մրցույթին ներկայացված պատմվածքները չեն խմբագրվում և չեն սրբագրվում ) 

 Անծանոթ աղջնակը մոր ուղեկցությամբ մտնում է դպրոցի բակ և շփոթված կանգ առնում։ Նրան օտար են ամեն ինչ և ամեն ոք` թե՛ նոր դպրոցի եռահարկ շենքը, թե՛ ընդարձակ բակում հավաքված բարձր ու միջին դասարանի աշակերտները, թե՛ իրենց կողքով անցուդարձ անող ուսուցիչները։

 Աղջկան թվում է` ինքը խորթ է համընդհանուր եռուզեռի մեջ։ Բոլորը կարծես իրեն են նայում քննախույզ հայացքով` ցանկալով իմանալ իր ով լինելը։ Նա ակամայից ամուր բռնում է մոր ձեռքը, որ ավելի վստահ զգա։ 

 Նկատելով բակում կանգնած նորեկներին` դռնապանը ներս է հրավիրում։ Հերթապահ ուսուցիչները հետաքրքրվելով իմանում են, որ Արցախից են, բարեսրտորեն ուղեկցում են տնօրենի մոտ։

 Աղջնակը, որի անունը Աստղիկ է, թվում է, ուրախ պիտի լինի, որ ջերմ ընդունելության է արժանացել։ Սակայն ո՛չ։ Խոսքեր, հայացքներ, վերաբերմունք, որոնք թեև ոգեշունչ են, բայց ճնշում են նրա հոգին։ Ծայրաստիճան հոգատարությամբ  շրջապատված լինելն ու բոլորի ուշադրության կենտրոնում  հայտնվելը զայրացնում են աղջկան։ 

 Աստղիկին կաշկանդում են անծանոթ աշակերտների, նոր տնօրենի և ուսուցիչների սիրալիր վերաբերմունքը. կարծում է` խղճահարությունից ելնելով են բոլորը բարեհամբույր ու պատրաստակամ դարձել։ Միայն այդ մտքից նրա հպարտությունը խոցվում է։ 

 Մտքով նա Արցախում է` իրենց փոքրիկ գյուղում։ Հիշում է սիրելի ուսուցիչներին ու դասընկերներին, միհարկանի հարազատ դպրոցը, ուր սովորել է վեց տարի։

 Աստղիկն այդ պահին անսահման կարոտ է զգում բոլորի նկատմամբ, նույնիսկ այն ուսուցիչների, որոնք իրեն չեն դասավանդել, այն մյուս աշակերտների, որոնց հետ չի սովորել և ընկերություն չի արել։ Արցախում մնացած ամեն ինչ և ամեն ոք աղջկա հոգուն հավասարաչափ թանկ ու սիրելի են դարձել, հատկապես իրենց տունը, որի դուռն ու դարպասն ընդամենը օրեր առաջ փակեցին ընդմիշտ և հապշտապ հեռացան։

Այդ օրը Աստղիկը երբեք չի մոռանա։ Սեպտեմբերյան առավոտը լուսացավ չարագույժ իրարանցումով։ Բոլորը հավաքեցին իրենց համար ամենակարևոր իրերը, վերցրին թանկարժեք զարդերն ու փաստաթղթերը և ավտոմեքենաներով ուղևորվեցին անհայտ ուղղություններով։ Իրենց ընտանիքն էլ բացառություն չեղավ։ Ընդհանուր խուճապի մեջ հայրը կարգադրեց` արագ հավաքվեն, որ դուրս գան։

 Հայրը շարունակ հեռախոսային կապի մեջ էր, նյարդային շարժումներով ինքն էլ չէր հասկանում` ինչ է անում։ Մայրն ու տատը խուսափում էին հարցեր տալուց. ենթադրում էին` պատասխան չեն ստանա։ Միայն փոքրիկ եղբայրն էր անմասն ստեղծված իրավիճակին. խոր քուն էր մտել և չէր ուզում արթնանալ։ Մայրը մի կերպ արթնացրեց երեխային, հագցրեց շորերը, մի քանի տաք հագուստ էլ վերցրեց` ճանապարհին հագցնելու համար։

 Կրտսեր քույրը` Նանեն, որ առաջին դասարան է, թնկթնկում էր.

 -Ոչ մի տեղ չեմ ուզում գնալ։ Այսօր իմ «Ա» տառի շնորհանդեսն է։ Ես դպրոց եմ ուզում գնալ։ Ընկեր Բագրատյանը կսպասի, հետո կբարկանա…

 Ինչպե՞ս բացատրեին փոքր աղջնակին, որ ընդհանուր տեղահանություն է. ադրբեջանցիները ուր որ է գյուղ կմտնեն և բոլոր մնացողներին գերի կտանեն, այդ թվում նաև ուսուցչուհուն, եթե ժամանակին չհեռանա։

 Ի տարբերություն քրոջը` Աստղիկն ամեն ինչ շատ լավ է հասկանում։ Հետզհետե ավելի մոտեցող կրակոցները հուշում են չարագույժ մի բան։ Ի՞նչ։ Նա նայում է հորը, որը, ինչպես միշտ, զինվորական համազգեստով է` գլխարկը թեք դրած, ինքնաձիգն ուսին։ « Ե՞րբ է հայրիկը եկել »,- մտածում է Աստղիկը, որ հորն արդեն քանի շաբաթ է, չի տեսել։ Սակայն աղջիկը չի համարձակվում հարցեր տալ կամ մոտենալ ու ընկնել գիրկը։

  Հայրն շտապեցնում է բոլորին.

 -Պատրաստվե՛ք, նստե՛ք մեքենան։ Հակոբը ձեզ կտանի, իսկ ես դիրքեր պիտի բարձրանամ։

 Հակոբը` Աստղիկի հորեղբոր որդին,  ութերորդ դասարանի աշակերտ է, որ նոր-նոր է սովորել մեքենա վարել։

 -Հակոբը մեզ ո՞նց կտանի, ո՞ւր ա տանելու, ա՛յ մարդ… Հակոբը հազիվ ա ավտո քշում…,- ասում է մայրը և նկատելով դռների մեջ հայտնված Հակոբին` լռում։ 

 Հայրը չպատասխանելով թեք նայում է կնոջը և շրջվում Հակոբի կողմը։ 

 -Ա՛ռ, Հակո՛բ ջան, էս էլ փաստաթղթերն ու բանալիները։ Զգո՛ւյշ կլինես, արագ չքշես…,- առարկություններ չընդունող ձայնով կարգադրում է նա` արագ հրաժեշտ տալով տանեցիներին, ապա համբուրում է երեխաների այտերը, թփթփացնում Հակոբի մեջքին ու մեղմ ձայնով կնոջն ասում.

  -Էրեխոնցը լա՛վ կնայես…

  -Բալա՛ ջան…,- թույլ ձայնում է ծեր տատը և թաշկինակը մոտեցնում աչքերին։

 Կիսաբաց դռնից դուրս գալով` հայրն անհետանում է խավարի մեջ։

 Աստղիկը վազում է դեպի դուռը և նայում հոր ետևից։ Նրա կերպարանքը հալվում է կիսամութի մեջ։  Աստղիկը նկատում է` հայրը թևքով աչքերն է սրբում։ Սիրտը ճմլվում է. սարսափելի բան է անցնում մտքով. գուցե հորը վերջին անգամ է տեսնում։

 Այդ օրվանից իրենք հորը չեն տեսել։ Շրջանառվող լուրերից և հեռախոսային զանգերից տեղեկանում են, որ ամեն ինչ լավ է, բայց շատ են կարոտում նրան։

 …Ճանապարհին Աստղիկը մտքերով հոր հետ է։ Ոչ շատ հեռվից լսվող յուրաքանչյուր կրակոցից սիրտն անհանգիստ թպրտում է` կարծես դուրս թռչելով։ « Պա՛պ, գոնե քեզ բան չպատահի՜… »,- մտքում աղոթում է նա և աննկատ սրբում գլորվող արցունքները։

 Մայրը նույնպես լուռ է։ Հազիվ է զսպում փոքրիկ եղբորը, որ ճչոցներով չխանգարի առանց այդ էլ մեքենան անվստահ վարող Հակոբին։

 -Սո՛ւս, հեսա կհասնենք…,- ցածր ձայնով երբեմն սաստում է փոքրիկին` ջանալով գրկում քնեցնել։

 Քույրը հենվել է իրեն և փակել աչքերը։ Աստղիկը կողքանց նայում է նրան և զգում թրթռացող կոպերի անհանգիստ շարժումը։ « Չէ՛, Նանեն քնած չէ, ձևացնում է։ Նա մտքով երևի իր չկայացած հանդեսն է պատկերացնում, իրեն տրված դերն է կատարում… Ափսո՜ս… Ի՜նչ սիրով էր քույրը պատրաստվում իր առաջին միջոցառմանը… Ու հիմա՜… »։

 Աստղիկն զգում է, որ կոկորդը չորանում է։ Կիսաբաց կոպերի միջից նայում է ծեր ու հիվանդ տատին, որ կարծես ոչ թե նստել, այլ փլվել է վարորդ թոռան կողքին` առջևի նստարանին։ « Խե՜ղճ տատ, երևի ճնշումը բարձր է… »,- անհանգստանում է Աստղիկը, բայց չի հանդգնում ձայն հանել. Հակոբին կխանգարի։

 Արցախից Հայաստան ձգվող մայրուղին խցանված է. պոչ պոչի ընթանում են ավտոմեքենաները։ Մեկումեջ բեռնատարներ էլ կան, որոնք բարձված են մանր ու մեծ կենցաղային իրերով, կահույքով, նույնիսկ ընտանի կենդանիներով։

 -Էս մարդիկ ո՜նց էլ սիրտ ու ժամանակ են ունեցել էսքան բանը հավաքելու,- քթի տակ քրթմնջում է մայրը հազիվ լսելի ձայնով,- ես իմ էրեխեքի շորերն ու գրքերը թամամ չկարացի վերցուցել…

 Աստղիկը, մոր ասածը լսելով,  գլխի է ընկնում, որ մեծ,  շատ մեծ սխալ է թույլ տվել. գոնե իր ու քրոջ պայուսակները  վերցներ, թեկուզ միայն գրքերն ու տետրերը լցներ մի տոպրակի մեջ և դներ մեքենան։

 Սակայն ուշ է սխալը շտկելու համար։ Աստղիկը խելացի է, և պետք չէ նրան բացատրել, որ ետադարձի ճանապարհ չկա. իրենք անդառնալիորեն են հեռանում սեփական օջախից, տնից, դպրոցից, ի վերջո, մանկությունից…

 Ժամանակն աշխատում է ի վնաս իրենց` հեռվում թողնելով հարազատ բնօրրանը։ Գնալով  հեռավորությունը րոպե առ րոպե ավելի է մեծանում։ 

 Ճանապարհը հաղթահարելով` մեքենան հասնում է Բերձորի անցակետին։ Այստեղ խցանումը մեծ է։ Մայրուղուց դուրս ցաքուցրիվ կանգնած բեռնատարներին չեն թույլատրում անցնել։ Հակոբը, որ դեռ երեխա է, վախենում է։

 -Տո՛տ, որ չթողան, հոպարին ի՞նչ եմ ասելու,- շրջվում է նա հորեղբոր կնոջ կողմը։

 -Կթողան, խոխա՛, Աստված մեծ ա…,- հուսադրում է Աստղիկի մայրը մեղմ ձայնով և ավելացնում,- էդ բեռնվա՛ծ ավտոքին թողում չեն։ Մենք շատ բան չենք վեր կալել մեզի հետ։ Էդ լավ ա։ Ես էլ ինձի մեղադրում էի` շատ բան վեր չկալեցի… Լա՛վ ա…Գոնյա տենան մենակ ջաններս ա, թողան…

 Եվ իրոք։ Մոտ քսան րոպե  դանդաղորեն առաջ սահելով` հասնում են անցակետը հսկող ռուս խաղաղապահներին։ Վերջիններս,  ստուգելով փաստաթղթերը, թույլատրում են անցնել։

 Ավտոմեքենայի մեջ բոլորը թեթևացած շունչ են քաշում և այս ողբերգական իրարանցման մեջ առաջին անգամ ժպտում։ « Չէ՛, ամեն ինչ այնքան էլ վատ չէ։ Միայն,ափսո՜ս… Ախր ես անգիրս այսօր շատ լավ էի սովորել, ուզում էի պատասխանել… »,- մտածում է Աստղիկն ու նայում մոր դեմքին։ Մայրն էլ է կիսատ ժպտում։ Նրանք, առանց բառեր փոխանակելու,  կարդում են մեկը մյուսի մտքերը։ 

 Աստղիկը շրջվելով  նայում է անցակետի մոտ կայանված բեռնատարներին, որոնք երևի այդպես էլ կմնան. հսկիչները թույլ չեն տա անցնել։

 Ի՜նչ իմանար փոքրիկ աղջիկը, որ բեռնված մեքենաները ադրբեջանցու համար պատրաստի ավար են։ Իհարկե, հատուկ են անում. էդպես կանգնած կմնան անքան, մինչև թալանչիները հարմար պահ գտնեն յուրացնելու համար։ 

 Հակոբը բավականին վարժ է վարում մեքենան։ Նա մի քանի ժամվա մեջ արագ մեծացել և հասունացել է, ինչպես Աստղիկն ու  իր քույրը, նաև Արցախի մյուս երեխաները։

 Աստղիկը մտածում է, որ հիմա Հակոբն է իրենց տերն ու պաշտպանը։ Ընտանիքի միակ հասուն տղամարդը նա է. իրենք պարտավոր են ենթարկվել նրան։

 Ստեփանակերտ-Գորիս մայրուղին դանդաղ հալչում է մեքենայի անիվների տակ։ Շուտով կլքեն Արցախի հողն ու կմտնեն Հայաստան։ Աստղիկը կարոտով ետ է նայում անցած ճանապարհին։

 Հեռվում` մշուշի մեջ նշմարում է  «Պապիկ-Տատիկ»-ի գորշակարմրագույն կոթողները։ Նրանք, թվում է, «մնաս բարով» են ասում տեղահանվածներին, որոնք ավտոմեքենաներով և զանազան այլ փոխադրամիջոցներով ուղտերի քարավանի պես շարվել են մայրուղու երկայնքով։ Նորօրյա Դեր Զոր… Էլ ի՞նչ անուն տալ։

 Աստղիկը կարծում է, որ «Պապիկ-Տատիկ»-ը հիմա շատ զայրացած են։ Բայց ո՞ւմ վրա։ Գուցե Արցախը բռնազավթողների՞, որոնք արեցին ամեն ինչ, որ հայոց հողը թողնեն առանց իրական տերերի։ 

 Գուցե «Պապիկ-Տատիկ»-ը նախատո՞ւմ են իրենց` տեղահանվողներին։ Հարազատ զավակները, որ ծնունդն են այս հողի, լքում, հեռանում են` պաշտպանվելու, ընդդիմանալու, պայքարելու  փոխարեն։ Ամեն ինչ շատ տխուր է։ Օրն էլ ամպամած է. երկինքը լիքն է արցունքներով։

 Աստղիկն ավելի ու ավելի է խորասուզվում իր մտքերի մեջ։ « Ամեն ինչից երևում է, որ լեռներն էլ են տխրել, կարծես լաց են լինում։ Դա նրանից է, որ բոլոր հայերը գնում են։ Մենք էլ մեր գյուղն ենք լքել։ Լավ է` հայրս մյուս կամավորների հետ          մնաց… Արցախը մեղք է. թող չմնա անտեր…

«Պապիկ-Տատիկ»-ը մենակ են… Ի՞նչ կլինի նրանց հետ…,- խորհում է  Աստղիկը դառնությամբ, և լացը սեղմում է կոկորդը։- Գուցե նրա՞նք էլ են վախենում վայրագ թշնամու հետ մեն-մենակ մնալուց… Ամեն ինչ սպասելի է, ինչ ասես կարող է պատահել… »։

 -Մնա՜ս բարով, Արցա՛խ, իմ վաթա՛ն, իմ տո՛ւն, իմ կյա՛նք…,- մրմնջում է Աստղիկի մայրը և մյուսներից ծածուկ սրբում աչքերը։

 Աստղիկին թվում է` մայրը կարդում է իր մտքերը։ Մոր արցունքները սրբելով` փարվում է նրան։ Աղջկա սիրտը փլվում է, և մայր ու դուստր հեկեկում են անզուսպ։

 -Ձեննե՛րդ, ոչ մի լաց. էս խոխեն կշշկլվի…,-  կարգադրում է տատը արցախցի կնոջ իշխող ձայնով, ապա քիչ մեղմանալով` ավելացնում։- Ամեն բան լավ կեղնի։ Էս էլ կանցնի…

 Մինչ այդ բոլորին թվում էր, թե տատը կա՛մ քնած է, կա՛մ ճնշումն է բարձր` հազիվ դիմանալով ճանապարհի անհարմարություններին։ Մինչդեռ նրա ձայնն ու խոսքերը սթափեցնում են, հույս ներշնչում, համոզում` ավելի վատ իրավիճակներ են եղել հայի կյանքում…

 Աստղիկն ու մայրը գոտեպնդվում են, մանավանդ որ վտանգն անցել է մասամբ. դուրս են եկել Արցախից։ Այնտեղ ադրբեջանցին ու թուրքն ամեն անկյունում մահացու վտանգ ենհայի համար։

 Հակոբն արդեն առանց շտապելու և ավելի հանգիստ է վարում հորեղբոր` կիսով չափ հնամաշ « ՎԱԶ-06 »-ը։ Բարեբախտաբար, մեքենան չի խափանվում ընթացքում։

 Երեկոյան կողմ հասնում են Երևան։ Հարցուփորձ անելով գտնում են իրենց փնտրած գյուղ տանող ճանապարհը (դա այն գյուղն է, որտեղ Աստղիկի հոր ընկերն է բնակվում)։

 Կես ժամ անց վերջալույսի շողերի տակ նշմարվում են քարաշեն տները։  Քաղաքատիպ բնակավայրն ամբողջությամբ թաղված է այգիների մեջ և հեռվից դրախտի է նման։ Տեղն էլ հարմար է` մայրաքաղաքից մոտ քսան-քսանհինգ կմ հեռավորության վրա։ 

 Աստղիկին առաջին հայացքից շատ է դուր գալիս այդ վայրը։ Հայրն է այդպես ուզել, քանի որ վստահ էր, որ այդտեղ մերձավորները ապահով կլինեն։ Մայրն ու տատը նույնպես հոգով հանգիստ են և դույզն-ինչ կասկած չունեն դրանում. տանտերն իսկական հայ տղամարդ է, որի խոսքը խոսք է, գործը` գործ։ Հարազատ դարձած ընկերներ են. իրար ճանաչել են վաղուց` դեռևս իննսունականների թեժ մարտերից։ Արցախյան առաջին պատերազմի ավարտից հետո կապը միշտ պահել են։ Նրանց ընտանիքները մտերմացել և հյուրընկալվել են մեկը մյուսի հարկի տակ։ Հայաստանցի զինվորական ընկերը հաճախ է եկել Արցախ, եղել Աստղիկենց տանը։ Աղջիկը հիշում է այդ բարեհոգի մարդուն, որը զվարթ կատակներ էր անում, զվարճալի պատմություններ պատմում, հետաքրքրաշարժ հարցեր տալիս իրեն ու քրոջը։ Այդ պարոնն իրենց այցելում էր նորակոչիկներին Հայաստանից Արցախ տեղափոխելու և տարբեր զորամասերում գործեր ունենալ դեպքում։ 

 Թեև ուրիշ ծանոթ-բարեկամներ էլ ունեն Հայաստանում, սակայն ընկերը դեռևս Քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ էր մտահոգվել իրենց ճակատագրով, խորհուրդ տվել ընտանիքը Հայաստան տեղափոխել` նույն հարկի տակ  ապրելու։ Որպես պատվախնդիր արցախցի` դժնդակ օրերին իրենք հերոսաբար հաղթահարեցին բոլոր փորձությունները, դիմացան թշնամու վայրագություններին, բայց չհեռացան սեփական տնից, չլքեցին Արցախը։ Հայրն առաջնագծում էր, իսկ իրենք` ապաստարանում։ Տատն ամեն ինչ անում էր, որ հղի հարսն ու մանկահասակ թոռնուհիները չընկճվեն, չհուսալքվեն։

 Ցավոք, պատերազմը հաղթական ելք չունեցավ։ Արցախի կազմալուծմանը հաջորդեցին քաղաքական շատ անցուդարձեր։ Ռուս խաղաղապահների վերահսկողությունը չլուծեց Արցախի հարցը. այն ավարտվեց հայերի համընդհանուր տեղահանությամբ։ Դա նշանակում է ամենասոսկալին` Արցախի հայաթափում, ասել է թե` Արցախն առանց հայերի։ Արցախցին կանգնեց իր ճակատագրին դեմ առ դեմ, ինչպես մեկ դար առաջ` Արևմտյան Հայաստանում արևմտահայը։ 

 Աստղիկի հայրն ընկերոջ հետ  կամավորների ջոկատով մնաց թշնամու թիկունքում։ Ընտանիքը փրկելու նպատակով ընդունեց ընկերոջ առաջարկը, որ իրենք Հայաստան տեղափոխվեն և  ժամանակավորապես բնակվեն նրա  տանը։ Համոզված էին` Աստծո հաջողությամբ ջրերը հետո կպարզվեն, Արցախում  նոր լույս կբացվի, և բնավեր եղածները կրկին կվերադառնան իրենց տները։

 …Երեկոյան կողմ տեղ են հասնում։

 Հայրը չէր սխալվում. նրանց տանն ամեն ինչ լավ է` սիրալիր ընդունելություն, համեղ ուտեստներով լի սեղան, մի խոսքով` հային վայել հյուընկալություն։

 Օրվա հերոսը Հակոբն է։ Այստեղ բոլորն ապշած են, որ տասնհինգ տարեկան պատանին, անփորձանք վարելով ավտոմեքենան, յուրայիններին  բարեհաջող տեղ է հասցրել։ Հերոսություն է, որ երկար ու վտանգավոր  ճամապարհն անցել է խիզախորեն` առանց դժվարանալու և կանգ առնելու։ Ուստի տրամաբանական է, որ սեղանի շուրջ հավաքված հարևան-բարեկամները հիացած նրա կենացն են խմում` անվանելով խիզախ արցախցի։ 

 Կեսգիշերին ընտանիքը խաղաղ քուն է մտնում, քանի որ բարի մարդիկ, ամեն ինչից զատ, բոլորի համար տաքուկ անկողիններ էին պատրաստել։ 

 Սակայն Աստղիկն ամբողջ գիշեր աչք չի փակում. շատ անհանգիստ է։ Մտքերով իրենց տանն է, դպրոցում։ Աչքի առաջ հայրն է` ինքնաձիգն ուսին։ Հիմա տեսնես որտե՞ղ է, քնա՞ծ է, թե՞ արթուն։ Գուցե թշնամին էլի կրակում է…

 Աստղիկն անհանգիստ շուռումուռ է գալիս անկողնում։

 -Աստղի՛կ ջան, տե՞ղ է ցավում,- ձայնում է կողքի մահճակալին պատկած մայրը։

 -Չէ՛, մա՛մ ջան, չէ՛…

 -Բա ինչի՞ ես անհանգիստ։ Քնի, էգուց դպրոց եմ տանելու…

 -Իմ դպրոցն եմ ուզում,- արտասվալից ձայնով թնկթնկում է Աստղիկը և մորը խղճալով` լռում։

 Մտքերով դարձյալ հոր հետ է, դասընկերների, ուսուցիչների։ « Տեսնես այս նոր դպրոցում ուսուցիչներն ինչպիսի՞ն են, երեխաները լա՞վն են… »,- մտածում է Աստղիկն ու անորոշ վախ զգում վաղվա հանդիպումից։ 

 Մի փոքր հանգիստ է այն առումով, որ հոր ընկերոջ տղան իր համադասրանցին է լինելու, միասին կլինեն։ Քաջ տղա է երևում, մյուսներից կպաշտպանի։ Բացի նրանից, Հակոբն էլ իր հետ է. նա էլ այդ նույն դպրոցն է գալու։ Ինքն ու քույրն իրենց ապահով կզգան։

 Աստղիկը չի զգում, թե երբ է լուսանում։ Արդեն պետք է վեր կենա, որ պատրաստվի դպրոց գնալու։ Օրվա այդ պահն ինքը միշտ սիրել է, հոգու թրթիռով է նախապատրաստվել և շտապել դպրոց։

 Բայց այսօր ուրիշ է։ Մեկ օրվա մեջ իրենց կյանքը գլխիվայր փոխվեց։ Ամենացավալին այն է, որ ինքը, ուզի թե չուզի, անցնելու է այդ ամենի միջով։ Եվ ոչ միայն ինքը, այլև քույրը, հորեղբոր որդին, Արցախից տեղահանված մյուս երեխաները, հասուն մարդիկ, ծերերը… 

 Աստղիկը սոսկումով հասկանում է, որ հիմա իր դասընկերներն էլ են տեղահանվել և ցրիվ եկել Հայաստանի տարբեր մարզերում, աշխարհի, ո՜վ գիտի, որ անկյուններում։ Ինքը եթե հիմա վերադառնա էլ, միևնույն է, այլևս նրանց այնտեղ չի գտնի։ Փլուզվեց ամեն ինչ մեկ օրվա մեջ։ Այն ոսկեշող դղյակն այլևս չկա։  Միայն սև կմախքն է մնացել ցից սյուների վրա, ինչպես հրդեհից հետո։

 Ամեն ինչ անդառնալիորեն կորել է, ցնդել, ինչպես միֆ։ Այս զգացողությունը սարսափելիորեն ճնշում է Աստղիկին` մի կողմից հուսահատեցնելով, մյուս կողմից պայքարելու ուժ հաղորդելով։ Ինքը նման է խեղդվող մարդու, որը, ինչպես մի տաշեղ ալեկոծվող ծովի մեջ, կռիվ է տալիս ամեհի ալիքների դեմ. որքան շատ է հոգնում, այնքան ահագնանում է փրկվելու և ապրելու բնազդը։

 Այդ մտորումներից Աստղիկն անսովոր ուժ է զգում իր մեջ։ Իջնելով անկողնուց` արագ սկսում է հագնվել, պատրաստվել, որ դպրոցից չուշանա։ Այն գիտակցումը, որ այլ ելք չկա, մղում է ուժերի գերագույն լարման և սխրանքի։ Ակամայից մտքում կրկնում է մեծն Սևակի բանաստեղծության` թևավոր խոսք դարձած տողերը.

  Եվ լոկ այնտեղ է սխրանքն սկսվում,

  Երբ վերջանում է ամեն մի հնար…

 Արցախահայությունն ապրելու կամքով և գոյատևման վճռով հերոսացման վառ օրինակ է։ Այն գիտակցումը, որ ոչ միայն ինքը, այլև հազարավոր արցախցի երեխաներ, այդ թվում նաև իր դասընկերները, նույն ճակատագրին են արժանացել, տարբեր վայրերում նոր դպրոցներ են հաճախելու, Աստղիկին ուժ է տալիս։ Ուրեմն ինքը մենակ չէ, նշանակում է` էլի իր դասընկերների հետ է։ Իրենք կապված են ճակատագրերով, նույն զգացողություններով ու ապրումներով։ Բոլորն էլ նույն դժոխքի միջով են անցնում, ինչ որ ինքը, իր քույրը, փոքրիկ եղբայրը, հորեղբոր որդին։ Անցնում են ու դիմանում։ Նշանակում է` ինքն էլ պարտավոր է պատվով կրել իր խաչը։

 Աստղիկը դուրս է գալիս տանից հաստատուն կամքով և տանտիրոջ երեխաների, Հակոբի, քրոջ ու մոր ուղեկցությամբ շտապում նոր դպրոցը անծանոթ ճանապարհով։

 Այն գտնվում է իրենց հյուրընկալած տան հարևանությամբ։ Մինչ ուշքի կգա, արդեն տեղ են հասնում։ 

 Դպրոցում Աստղիկին ամենից շատ խոցում են ականջին հասնող շշուկները.

 -Արցախից են…

 Շատերն էլ տալիս են տարբեր մեկնաբանություններ.

 -Երևի տեղահանված են…

 -Տեսնես ո՞ր մարզից են…

 -Ո՞ւմ հետ են եկել…

 -Ընտանիքո՞վ են…

 -Ո՞ւմ տանն են մնում…

 Ամեն քայլափոխի` հարցեր, քննախույզ հայացքներ…  Սակայն  ամենաանտանելին ուսումնասիրող աչքերն են, որոնք լուռ սևեռվում են իր վրա։

 Աստղիկը սառնասրտորեն դիմանում է օտար միջավայրի բոլոր փորձություններին։ Լինում են պահեր, որ ուզում է պոռթկալ ի լուր ամենքի և ասել.

 ֊Այո՛, Արցախից ենք, Ասկյերանից։ Մեր հայրենի գյուղը Նորավանն է, իսկ հարազատ դպրոցս այնտեղ է, ոչ թե այստեղ, բայց ի՜նչ արած… Դասարանս, ընկերներս, ուսուցիչներս, դասագրքերս, իմ նստարանը… Բոլորը մնացին այնտեղ… Բայց դուք չեք հասկանա… Իմ երազանքների հեքիաթը  փլուզվեց…Հիմա այնտեղ ո՛չ աշակերտ կա, ո՛չ դասարան։ Հիմա գյուղն էլ է դատարկ։ Բոլորն են ցաքուցրիվ եղել… Այնտեղ երևի հիմա օտարներն են շրջում, իրենց տեր ու տիրական զգում… Ես այստեղ եմ, բայց իմ սիրտն այնտեղ է մնացել…

 Ուզում է բղավել, բայց լռում է։ Մանուշակի նման համեստ այդ աղջնակի խաղողի սև հատիկներ հիշեցնող կլորիկ աչքերը արցունքով են լցվում։ Անունն այնքա՜ն շատ է սազում նրան` իսկ և իսկ փոքրիկ աստղիկ շողշողուն։  

 Աստղիկը խոնարհում է գլուխը, որ նոր ընկերներն արցունքները չնկատեն։ Միևնույնն է, նրանք չեն հասկանա։ Գուցե իր վրա ծիծաղեն, որ մեծ աղջիկ է, բայց լաց է լինում։ Երկար վարսերից առանձնացած մազափունջն ընկել է դեմքին և ծածկում է այտերից գլորվող արցունքի խոշոր կաթիլները։ 

 Մինչ աշակերտները կհասցնեին ինչ-որ բան ասել, ներս է մտնում ուսուցչուհին, որը, ըստ երևույթին, դասղեկն է։ Նա Աստղիկին  ներկայացնում է ընկերներին ու նստեցնում ուսուցչական  սեղանին կից առաջին նստարանին։ Դա էլ յուրօրինակ վերաբերմունք է, քանի որ տարրական և միջին դասարաններում, որպես կանոն, բոլոր աշակերտների երազած տեղը հենց դա է։

 Աղջիկը խոնարհաբար ենթարկվում է և լուռ նստում իրեն առաջարկված նստարանին։

 -Աստղիկը ձեր նոր դասընկերուհին է. Արցախից է եկել։ Այժմ նրանց ընտանիքն ապրելու է մեր գյուղում, և նա սովորելու է մեր դպրոցում` ձեր դասարանում։ Խնդրում եմ` Աստղիկի  նկատմամբ եղե՛ք ուշադիր, դարձե՛ք լավ ընկերներ, օգնե՛ք իրար… Այսքանը։ Ավելորդ հարցեր չտաք…

 Թվում է` ոտնամուտը դպրոց բարեհաջող եղավ։ Ամեն ինչ հարթ ընթացավ` ի զարմանս իրեն։ Սակայն յուրաքանչյուր հայացք ու բառ խոցում է նրան։ Ճնշում են ուսուցիչների հորդորները, որ համադասարանցիներն իրեն լավ վերաբերվեն, ժպիտները, որոնք երբեմն բռնազբոսիկ են, չափից դուրս ուշադրությունը, որ աչք է ծակում։ « Նշանակում է` ես խորթ և օտար եմ նրանց մեջ »,- դառնորեն մտածում է նրբազգաց արցախահայուհին և տխրում։

 Սակայն կարճ ժամանակ անց չարաճճի ընկերուհիների անմիջական կատակներն ու շփումը նրան մոռացնել տվեցին, որ ինքը նոր է այդ միջավայրում։

 Լավ սովորող աշակերտը միշտ էլ ուսուցչի աչքի լույսն է։ Աստղիկը ճիշտ այդպիսի աշակերտուհի է` և՛ ընդունակ, և՛ բարեխիղճ, և՛ համարձակ գիտելիքներն արտահայտելու հարցում։ Ուստի  դասերին միշտ պատրաստ, ուսուցիչների բացատրություններն ուշադիր լսող,  արագ ընկալող աղջնակն աննկատելիորեն դառնում է ուսուցիչների սիրելին։

 -Աստղի՛կ, դու պատասխանի՛ր…

 -Աստղի՛կ, ե՛կ գրատախտակի մոտ…

 -Աստղի՛կ, դու կարդա՛…

 -Աստղի՛կ, դու բացատրի՛ր խնդիրը…

 Սովորող և բանիմաց աշակերտուհին աչքի է ընկնում թե՛ իր օրինակելի վարքով և թե՛ սովորելով։ Նրան առաջին իսկ օրվանից ընդունում են գրկաբաց և շրջաապատում հոգատաությամբ։ Դպրոցի գրադարանում, ինչպես մյուս արցախահայ աշակերտներին, այնպես էլ Աստղիկին, հատկացնում են լավագույն դասագրքերը։ Սակայն երբ ամեն անգամ ձեռքն է առնում նորերը, կարոտով է հիշում  Արցախում մնացած իր սիրելի դասագրքերը, որոնցով դեռ նոր էր սկսել սովորել։ Նա կրկին ու կրկին ափսոսում է, որ տեղահանման ժամանակ շտապելուց իր հետ չհասցրեց վերցնել  շատ իրեր, այդ թվում` նաև դրանք։ Տետրերը, օրագիրը,   նկարչական ալբոմը, սիրելի գրիչներն ու մատիտները, դպրոցական պայուսակը… Բոլորը մնացին Արցախում։

 Աստղիկը կարոտում է իրենց տունը, իր գողտրիկ սենյակը` անկյունում տեղավորված գրասեղանով, պատի տակ դրված կոկիկ  մահճակալով։ Թեև Հայաստանում` այս նոր տանը, ունի թե՛ սենյակ, թե՛ գրասեղան, թե՛ փափուկ մահճակալ, թե՛ անհրաժեշտ բոլոր իրերը, բայց դարձյալ չի մոռանում հինը։ « Տեսնես իմ սենյակում ամեն ինչ առաջվա պես իր տեղո՞ւմ է, գրքերս ու տետրերս, պայուսակս իմ դարակո՞ւմ են, որտեղ դրել էի, թե՞.… »,-  մտածում է աղջնակն ու կարոտով հիշում Արցախում թողած իր օրագիրը, որի մեջ նոր ուսումնական տարվա առաջին երկու շաբաթներին միայն « իններ » ու « տասեր » էր ստացել։ Սակայն ընհատվեց ամեն ինչ։ Դեռ սեպտեմբերն է, բայց ինքն արդեն ստիպված է նոր ուստարին ուրիշ դպրոցում շարունակելու։

 Այս նոր դպրոցում Աստղիկը միայն օրագիր չունի։

 -Ապրե՛ս, Աստղի՛կ,- հորդորում է ուսուցչուհին դասը փայլուն պատասխանող նոր աշակերտուհուն` պահանջելով,- օրագի՛րդ բեր։

 -Ես օրագիր չունեմ,- ամոթխած ասում է  նա` կախելով գլուխը,- այսինքն` ունեմ, բայց այնտեղ է մնացել…

 Թվում է` Աստղիկն ուր որ է լաց կլինի։ Այն մտքից, որ ինքն այդ ամենին նայում է որպես անցյալում թողնված անդառնալի հուշի, սիրտը կտոր-կտոր է լինում։ Ուսուցչուհին շփոթվում է իր տված անզգույշ հարցից և փորձում իրավիճակը շտկել.

 -Այսինքն` տե՛տրդ բեր, այո՛, ուզում էի ասել` տետրդ… Ոչինչ, այնտեղ կդնեմ գնահատականդ…

 Աստղիկի տետրում « ինն »-ի փոխարեն ուսուցչուհին « տաս » է նշանակում, որ իր կողմից թույլ տված ակամա « մեղքը քավի »։ 

 Աստղիկն ուրախանում է և մոռանում միջադեպը։ Սակայն հաջորդ օրը նա ներկայանում է նոր օրագրով։ Երբ ներկայացնում է նույն ուսուցչուհուն, վերջինս զարմացած բացականչում է.

 -Աստղի՛կ ջան, դու արդեն օրագի՞ր ունես… Ապրե՛ս…

 Ի՞նչ ասեր Աստղիկը…Գուցե ասեր. «  Նոր օրագիրն էլ Արցախ չէ, որ չունենամ։ Իմ հարազատ գյուղը, դպրոցը, տունը, իմ նախկին պայուսակն ու դասագրքերը, բարձր գնահատականներով օրագիրս, տետրերս ու սիրելի ուսուցիչներս, դասընկերներս չեն, որ չունենամ… »։ Մտածում, բայց համեստաբար լռում է Աստղիկը։ Իրեն թույլ չի տալիս, որ ուսուցչի խոսքին խոսք բերի, լռում է ու տխրում։

 Ուսուցչուհին նկատում է Աստղիկի տրամադրության փոփոխությունը։ Որպես հոգեբան- մանկավարժ` իհարկե, լիովին ըմբռնում է` ինչ է կատարվում արցախահայուհու հոգում։ Նա նրբանկատորեն է վերաբերվում Աստղիկին, լավ է հասկանում, որ պետք չէ քննարկել խնդիրը, մանավանդ դասընկերների ներկայությամբ։ 

 Ուսուցչուհին հմտորեն շրջանցում է հարցը` դժգոհ մնալով ինքն իրենից, որ դարձյալ ցավեցրեց նորեկ աշակերտուհուն։ « Վա՜յ,, ես ի՞նչ անեմ… Ախր Արցախից եկած երեխաները շա՜տ խոցելի են, նրանց շա՜տ նրբանկատորեն պետք է վերաբերվել։ Նրանք կորցրել են ամեն ինչ` հայրենի տուն, սիրելի դպրոց, ընկերներ, բարեկամներ… Շատերը զոհված հարազատներ ունեն, ինչպես օրինակ, տասներկուերորդ դասարանի այն տղան, որի եղբայրը ժամկետային զինծառայող էր և զոհվեց ընդհանուր տեղահանության նախորդ օրը։ Եղբորը հուղարկավորելուց անմիջապես հետո հեռացել են։ Գաղթել են` թողնելով տաք շիրիմը և ամեն ինչ… 

 Նույնիսկ երևակայությունից վեր է պատկերացնել, թե ինչ տառապանքի միջով են անցնում արցախցիները, մանավանդ դեռահասները »։ 

 Մյուս ուսուցիչների հետ հաճախ է խորհրդակցում տեղահանված աշակերտների մասին։ Երբ հարց է ծագում, ուսուցչուհին ասում է.

 -Ստեղծված իրավիճակին հարմարվելն Աստղիկի համար շա՜տ դժվար է։ Հայրը կամավորական է, նախկին պայմանագրային զինծառայող։ Կյանքը վտանգելով` իր նման մահապարտների հետ պայքարում է հանուն Արցախի։ Ընտանիքն ապաստանում է այստեղ` հազար ու մի զրկանքների միջով անցնելով։ Նուրբ հոգեբան պետք է լինենք, զգանք աղջնակի ապրումները, հասկանանք, թե ինչ է կատարվում նրա հոգում։ Ամենանուրբ ակնարկը, կարեկցանքի կամ խղճահարության ամենաթույլ նոտան նրան կհեռացնի մեզանից…

 Մտահոգված են նաև գործընկերները, որոնք բազմաթիվ սերունդներ են կյանք ճանապարհել, բայց արցախահայ երեխաների հետ կապված` նման բարդ իրավիճակում երբևէ չեն եղել։

 Ուսուցչուհին հոգեբանորեն երբեմն փորձում է աշակերտուհուն նեցուկ լինել։  

 -Աստղի՛կ, դու շա՜տ լավ ես սովորում, իմ երազած աշակերտուհին ես…,-  խրախուսում է նա` նկատելով Աստղիկի սևորակ աչուկների մեջ լճացած արցունքը, և մտքում շարունակում կիսատ թողած միտքը. « …Դու իմ ճանաչած ամենագեղեցիկ ու ամենախելացի արցախահայուհին ես, և դու բնավ մեղավոր չես, որ այսօր բախտը մոլորեցրել է քեզ, որ կարոտը կրծում է քո փոքրիկ սրտիկը, որ կորցրել ես քո մանկությունը Արցախի թավշյա լեռների գրկում… Հայի՜ բախտ, հայի՜ բախտ… Դու շարունակ կրկնվում ես .. »։

 Հառաչում է ուսուցչուհին, քնքշանքով շոյում Աստղիկի վարսերը և դուրս գալիս դասարանից։

 Հաջորդ օրը նա հանձնարարում է փոքրիկ շարադրություն գրել տրված բառերով։ Առաջինը Աստղիկն է  ավարտում աշխատանքը։

 -Ես կարդա՞մ,- խնդրում է նա։

 -Կարդա՛, իհարկե, Աստղի՛կ ջան,- ասում է ուսուցչուհին։

 Աղջիկը կարդում է դողդոջուն ձայնով. « Արցախը իմ տունն է, իմ բնօրրանը։ Ես երազում եմ վերադառնալ իմ ծննդավայրն ու շենացնել իմ տունը։ Ես շատ եմ կարոտում։ Այնտեղ ամեն ինչ ինձ համար շատ սիրելի է ու թանկ… »։

 Աստղիկն ավարտում է ընթերցումը, և բոլորը տխրում են։ Ուսուցչուհին հուզվում է։ Ինքը չի սխալվում. պետք է տեսնել այս երեխաների տառապանքը և զգալ կլանող թախիծը։ Վիրաբույժի վարպետությամբ հարկավոր է արմատախիլ անել որոմը, չթողնել, որ թույնը ներծծվի արյան մեջ և ախտահարի ներսից։ Արցախահայ մանուկներն ու պատանիներն աճող օրգանիզմ են, նրանց նյարդային համակարգը դեռևս կայուն չէ և զգայուն է դրսից եկող ազդակների նկատմամբ. ամեն ինչ կարող է պատահել։ Բայց հայրենազրկվելն ազդակ չէ, ոչ էլ վթար. սա աղետ է, որը կործանարար կարող է լինել երեխայի համար անզգուշ և աննրբանկատ վերաբերմունքի  դեպքում։

 Դասարանում տիրում է քար լռություն։ Ուսուցչուհին գրկում է Աստղիկին ու սեղմում կրծքին` ասելով.

 -Աղջի՛կս, դու անպայման կվերադառնաս քո բնօրրանը։ Մենք բոլորս հավատում ենք, որ Արցախը վերադարձնելու ենք. ուղղակի ժամանակի խնդիր է։ Պետք է ուժեղ լինենք և ընդունենք մարտահրավերներն առանց կոտրվելու։ Ձեր սերունդը դեռ կհասցնի ապրել ազատ և անկախ Արցախում։ Դու կվերադառնաս քո ծննդավայրը։ Դեռ կշենանա ու կբարգավաճի հայրենի գյուղդ, կապրես քո պապենական տանը։ Հանգուցային հարց է։ Կփոխվեն որոշումները։ Արցախը կվերականգնի իր անկախությունը, և ոչ միայն դու, այլև քեզ նման հազարավոր երեխաներ կհասցնեն վերադառնալ ու իրենց հետագա կյանքն ապրել հարազատ  բնօրրանում։ Ուղղակի պետք է հավատալ և հուսալ։

 Ուսուցչուհու հուսադրող խոսքերն սփոփում են Աստղիկին, և նա արցունքների միջից ժպտում է։ Աշակերտներն աշխուժանում են։ Ուսուցչուհին խոր շունչ է քաշում և շարունակում դասը։ Աստղիկի տրամադրությունը կրկին  բարձրանում է։ 

 Իրոք որ, խոսքը բուժիչ ուժ ունի։

 Արցախից տեղափոխվելուց հետո առաջին մեկ-երկու ամիսը Աստղիկը և՛ աշխույժ էր, և՛ լավ էր սովորում, և՛ ավելի ակտիվ էր դասերին։ Նա ընկերուհիների հետ շփվում էր, ժպտում, ծիծաղում։ Սակայն աստիճանաբար Աստղիկը փոխվեց։ Աչքերի մեջ բույն դրեց թախիծը, հայացքը դարձավ մշուշոտ, ընկերների հետ շփումը` սահմանափակ։

 -Աստղի՛կ, ի՞նչ է պատահել,- կարեկցանքով հարցնում են ուսուցիչները` գիտակցելով, որ աղջիկը կարոտից է հոգեպես տանջվում։ Ոմանք եզրակացնում են` ընտանեկան պայմաններն են վատ, ոմանք էլ` ապրուստի միջոցներ չունեն… Ամեն ինչ կարելի է ենթադրել կյանքի հիմները կորցրած, հայրենազրկված մարդկանց մասին։ Փաստը փաստ է մնում, որ Աստղիկը գնալով նիհարում է, սովորելու մեջ` թուլանում, շարունակ մտախոհ է ու ինքնամփոփ։

 Բոլորին հայտնի է, որ Աստղիկենց ընտանիքը ադրբեջանցիների կողմից Արցախն օկուպացնելու և հայաթափման ծրագիր իրագործելու օրերին մազապուրծ է փրկվել, սակայն հայրը` որպես կամավորական, մնացել է այնտեղ։ Շշուկներ կան, որ ընտանիքը լուր չունի հորից։ Ավելի համարձակներն ասում են, որ նա անհետ կորած է, կամ, որ ավելի հավանական է, գերի են վերցրել։ Ընտանիքը ոչինչ չգիտի այդ մասին։ Տագնապահարույց իրավիճակում ամեն վայրկյան բարի լուրի է սպասում։ Ուրեմն Աստղիկի տխրությունը կարոտից զատ ունի իրական զորեղ պատճառ` հորը կորցնելու վախը։ Պարզից պարզ է` Աստղիկը տառապում է։ Բնական է. նժարին հոր կյանքն է դրված։ Զգայուն աղջիկ է, հասկանում է, որ հայրը անխուսափելի վտանգի մեջ է։ Աղջկա սիրտը երևի նախազգում է, որ հարազատ ծնողի հետ վատ բան է կատարվում։ Ամեն դեպքում, արդեն երկու շաբաթ է` լուր չունեն։ Լարված, ծանր, սպասողական օրեր… Սարսափելի է այդ ամենին դիմակայելը։

 Հայաստանում ապրող հայը գիտակցում է, որ հեշտ չէ արցախահայության համար թողնել տուն, ապրուստ, աշխատանք, ուսում, տարիների, տասնամյակների վաստակ ու կարողություն, զավակների համար սեփական բնօրրանում ուրվագծված ապագա և հեռանկար ու անվերադարձ հեռանալ։ Մարդ արարածի բնույթն այնպիսին է, որ մի հասարակ իր, զարդ կամ  փոքրիկ գումար կորցնելիս անվերջ փնտրում է, չգտնելու դեպքում չի մոռանում` պատեհ-անպատեհ հիշելով այդ մասին և ափսոսելով կորցրածը։ Ի՞նչ անուն տալ այս երևույթին, երբ հայից խլել են սեփական հողն ու հայրենիքը, տունն ու բնօրրանը, ապրուստն ու կյանքի իմաստը, թողել անօթևան, անհեռանկար, անաշխատանք և ցանկալի ուսումից զրկված… Ո՛չ, անհնար է պատկերացնել, պետք է զգալ, լինել նրանց տեղում, ապրել զրկանքներն ու ցավը, տանջանքն ու ստորացումը, կրել դժվարություններն ու վաղվա օրվա հանդեպ անվստահությունը, փլուզված ապագայի կորստյան ցավը, փշրված երազանքների ու կանչող կարոտների տառապանքը…

 Ո՛չ, չենք կամենում, որ աշխարհում որևէ մեկը կրի այս ցավը, որը հային է տրված, անցնի այն խավարի միջով, որով անցնում է արցախահայությունը։

 Կրկնվեց պատմությունը։ Տանջող ցավը կրկին պատեց հային և Հայոց աշխարհին։ Մեկ դար առաջ Արևմտյան Հայաստանն էր, այժմ` Արցախը։ Սերնդեսերունդ մենք պարտք ենք մնում հայի ժամանակին, մեր նախնիներին, մեր գալիք սերունդներին։ Տանուլ ենք տալիս ՀԱՅՐԵՆԻՔ, որի կշիռը հայը գիտի աշխարհի բոլոր մյուս ազգերից առավել, քանզի կորցրածի կսկիծը անչափելի մեծ է ունեցածի բերկրանքից։ 

 Նայելով արցախահայ մանուկներին` ամեն վայրկյան ամոթով է լցվում մեր հոգին, ցավ ենք զգում, վերապրում սպանիչ ողբերգությունը, որը նրանց աչքերի մեջ է դրոշմված։ Նրանք են այդ լեռների իրական տերերը, որոնց զրկել է անօրենը և դարձրել վտարանդի։ Ինչո՞վ են մեղավոր այս անմեղ հոգիները, որ կրում են սեփական ճակատագրի հարվածները։ Արդարացի չէ։ Քիչ է ասել, թե սխալ է։ Անմարդկային է։ Աստծո առաջ անասելի մեղք է։ Այս անմեղ էակները, որ նույնիսկ մի միջատ չեն տրորել իրենց նորաբաց կյանքում, հալածված ու ամեն տեսակ սարսափների միջով անցած, հարազատների կորուստ, սով ու շրջափակում, պատերազմ, տեղահանություն ու թշվառություն տեսած, այսօր սեփական հայրենիքում հյուր են` անտուն և անօթևան, ինչպես քամու բերանն ընկած տերև։ Պետք է լավ վերաբերվել արցախահայերին. վիրավոր է նրանց հոգին։ Մենք բոլորս ենք նրանց պարտք, ամբողջ աշխարհն է մեղավոր` նրանց չկայացած ալսօրվա և անվստահելի վաղվա համար։ Ոչ ոք չի կարող ժխտել, որ այս իրողությունը սոսկ տեղահանություն չէ։ Արցախում ադրբեջանցիների կողմից քայլ առ քայլ իրականացրած վայրագությունը էթնիկ զտում է` երկիրը թողնելով առանց բնիկների` հայերի։ Փլուզված է ոչ միայն Արցախի ներկան, այլև վտանգված` ապագան, հայի գոյության հնարավորությունն Արցախում։ Ոչնչացման վտանգի տակ է  արցախահայության բարբառը, որը նրա  ինքնության վառ արտահայտումն է։ Հայաստանում կամ այլ վայրում հաստատված արցախցիները, բնակաբար, դպրոցում կամ բուհերում, փողոցում կամ մասսայական այլ վայրերում կխուսափեն հարազատ բարբառով խոսելուց։ Արցախահայերն արդեն  կանգնած են ոչ միայն սեփական ինքնությունը, այլև մշակութային ժառանգությունը կորցնելու փաստի առաջ։ Դատարկված Արցախում թշնամին առանց կաշկանդվելու անում է և ավարտին է հասցնելու իր չար գործը` ոչնչացնելով պատմամշակութային կոթողներն ու անցյալից ժառանգություն մնացած եկեղեցիները, շենքերը, խաչքարերը, գերեզմանոցներն ու սրբավայրերը։

 Ուսուցչուհին հոգեպես տանջվում է Աստղիկին նայելիս, առավել ևս նրա մասին մտածելիս։ Ոչ միայն մտահոգություն է կարդում աշակերտուհու աչքերում, այլև ցավ ու սարսափ։ Նրա` ամբողջությամբ դեռևս չձևավորված  երազկոտ հոգին տագնապահար է համընդհանուր իրարանցման մեջ։ Ծնողին կորցնելու վտանգը տակնուվրա է արել աղջկա ներաշխարհը։ Պետք է այնպես անել, որ Աստղիկը չկորցնի լավատեսությունը և հույսը։ Ոչ միայն նա, այլև արցախահայ մյուս երեխաները պետք է խուճապի      չմատնվեն և չկորցնեն հույսը ազգի ապագայի, Արցախի վաղվա օրվա  նկատմամբ։ Պարզապես այդ մանուկների համար վաղ էր այս ամենի միջով անցնելն ու դաժան իրականությանը բախվելը։ Նրանք չպետք է կորցնեն երազելու ունակությունը։ Ամեն գնով պետք է ճախրելու հնարավորություն տալ արդեն իսկ կյանքի հարվածներին դիմակայած այս անմեղ հոգիներին։

   Ուսուցչուհին թղթին է հանձնում իր խոհերը հանպատրաստից գրված բանաստեղծությամբ։ Ապա ծալում է թուղթը և նվիրում արցախահայուհի աշակերտուհուն` Աստղիկին` որպես սփոփանքի, սիրո և երախտագիտության արտահայտություն։

                                                   ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒՀՈՒՆ 

                                       Արցախցի՛ աղջիկ, չքնաղ հայուհի`

                                         Խորունկ աչքերիդ լուսաշող փայլով,

                                         Քո խոհուն դեմքին թախիծն է մեր հին,

                                         Որ քեզ է հասել թշնամու քայլով։

                                        Ավա՜ղ ընդհատվեց քո մանկությունը,

                                        Ոսկե մակույկը խորտակվեց ծովում,

Արյան նախճիրում մարեց մեր փառքը,

Եվ դու մնացիր կյանքի տաք բովում։

Պատանեկության խենթ ու կրակոտ

Օրերդ հանգան գաղթի ճամփեքին,

Այսօր թեև դու Հայաստանում ես,

Սակայն օտար ես մերօրյա երթին։

Փշրվեց կյանքիդ կարոտներն անգո,

Քո անրջանքը Արցախում մնաց,

Նորաբաց սրտիդ խլրտող սերը

Բողբոջի մեջ էլ խորտակվեց անանց։

Սուրբ տխրությունդ սիրտս է թակում,

Միտքս պղտորում վրեժով անհուն,

Աչքերիս խորքում քո պատկերն է լույս,

Արցախցի՛ աղջիկ` քնքուշ ու խոհուն։