Լարիսա Պետրոսյան, Հարցազրույցներ

Ես պատրաստ եմ գրել մինչև կյանքիս վերջը՝ փոխարենը ոչինչ չակնկալելով

                    Հարցազրույց արձակագիր ԼԱՐԻՍԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ

                              Եգիպտացի լրագրող՝ ԱԹԹԱ ԴՈՒՐԳԱՄ /عطا درغام/AlTAAKHI.NET կայք

                      

   Ցանկացած ստեղծագործող մարդու մանկությունը՝ լի զգացմունքներով, հույզերով և հատուկ պահերով, նրան դրդել է հանդիպել իր տետրին և գրչին։ Ե՞րբ էր այդ պահը։ Եվ ինչպիսի՞ն էր այն Ձեզ համար։

Ես ունեցել եմ երջանիկ մանկություն: Ծնվել և մեծացել եմ հայկական ավանդական ընտանիքում. գործարար, մարդասեր, ընտանեսեր, ազնվագույն հայր, սիրասուն մայր և երեք եղբայր: Հաճախ կատակով ես մեր ընտանիքը համեմատել եմ ժողավրդական հեքիաթի թագավորական ընտանիքի հետ, որտեղ թագավոր հայրը ունենում է երեք որդի և մեկ դուստր: Անհամեստություն չլինի՝ ես միշտ ինձ զգացել եմ այդ հեքիաթի սիրված ու հատուկ խնամված միակ աղջիկը: Այդպես էլ կար. հայրս ինձ շատ էր սիրում և ճոխ ու ճաշակով հագցնում: Այդ մասին ես հիշատակում եմ իմ պատմվածքներում: Գեղեցկության առաջին դասը հայրս է տվել. «Աղջիկ ջան, գեղեցի՜կ ապրեք»: Ու կարծես թե ես ակամայից դարձա հին հունական գրականության հետնորդ, որի իդեալը գեղեցկությունն էր: Ընտանիքս, մնացյալ իմ ամբողջ կյանքում էլ՝ ես,  ապրեցինք այդ չափանիշով, և երջանիկ եղանք: Այն աշխարհը, որտեղ ես մեծացել եմ, չքնաղ Տավշո աշխարհն էր՝ իր կուսական անտառներով, ալվան ծաղկունքով, սառնորակ աղբյուրներով, սիրառատ մարդկանցով: Այս բոլոր գեղեցկությունները կերտեցին իմ հուզաշխարհը, մեծացա չափազանց զգայուն, ներսույզ, երբեմն էլ՝ մտախոհ ու մտահոգ: Երբեմն ինձ կշտամբում էին, որ շատ լուռ ու համեստ եմ: Պետք է որ անհոգ ու երես առած մեծանայի, բայց ընտանեկան սերը, բնության անզուգական գեղեցկությունները երջանկավետ դարձնելուն զուգահեռ՝ ինձ կարծես պարտավորության զգացում էին պարտադրում ու կանգնեցնում  ինչ-որ կարևոր բան անելու, ստեղծագործելու, արարելու դժվարին ճանապարհին: Դեռ մանկությունից ինձ միշտ թվացել է, որ ես կարևոր անելիք ունեմ, և այդ զգացողությունն ինձ միշտ տանջել է: Դպրոցը, որտեղ սովորել եմ, գյուղական միջնակարգ դպրոց էր, ուներ հրաշալի մանկավարժներ, որոնք ներշնչանքի իրենց պատվավոր չափաբաժինն ունեն իմ ստեղծագործ մտքի համար: Հայ գրականության իմ երջանկահիշատակ ուսուցչուհին՝ ընկ. Սարգսյանը, իմ շարադրությունները կարդում էր բոլոր դասարաններում, գովաբանում միտքս ու հույզերս: Ես ոգևորվում էի: Հետո սկսեցի ինքնուրույն պատի թերթ հրապարակել, որտեղ միայն իմ ստեղծագործություններն էին: Իսկ գրելու այս մարմանջը սկսվեց շատ գիրք կարդալուց: Գյուղական միջավայրում կարդում էի այն, ինչ ձեռքս էր ընկնում, կարդում էի ագահորեն, իրական աշխարհից շատ ինձ հրապուրում էր գրքերի աշխարհը: Մինչև այսօր էլ կարող եմ մեծ Վարպետի՝ Իսահակյանի խոսքերը վերագրել նաև ինձ՝ «Իմ կիրքը գիրքն է»: Այնուհետև սկսեցի տպագրվել շրջանային թերթում, մանկական մամուլում: Լայնածավալ արձակի անցա պատերազմի տարիներին: Հայրենի եզերքի կորստի վախը (չդառնա՞ Սուրբ Խորանաշատս Անիի մի նոր ավերված տաճար, մի նոր Աղթամար) ինձ գրող դարձրեց:

Ամեն գրող ունի իր սեփական երևակայական և գեղագիտական ​​հղումները՝ իր ստեղծագործական աշխարհը կառուցելու համար։ Որո՞նք են Ձեր գրական գետերի աղբյուրներն ու հոսանքները՝ Ձեր գրվածքները հաստատելու համար։

Իմ գրական ստեղծագործությունների ակունքն ու աղբյուրը կյանքն է, կյանքը՝ իր բազմազան ձևերով ու բովանդակությամբ, կյանքը՝ իր վերելք-վայրէջքներով, իր երջանկությամբ ու տառապանքով ու այդ կյանք կոչվածին դիմագրավող մարդ արարածը, որը ստեղծվել է Աստծո կերպարանքով ու ենթարկվել Աստծո դատաստանին: Ես այդ կերպարներում վերագտնում եմ աստվածայինի հյուլեն, որքան էլ նրանք դատապարտված լինեն դաժան ճակատագրի: Իմ ստեղծագործության թեման մարդն է, ես հոգիների հավաքորդ եմ, քննախույզ եմ մարդու ապրումների, հոգու աշխարհի այլևայլ դրսևորումների՝ տարբեր սահմանային իրավիճակներում:

Պատմվածքը գրողի համար մշտական ​​ամրոց է, որը պատսպարվում է տխրության, օտարացման և մելամաղձության փոթորիկներից, թե՞ պատուհան, որի միջով նրանք կարող են տեսնել իրենց գաղտնի և անձնական հարցերը։

Երբեմն՝ այո, ամրոց է: Երբեմն դառն իրականությունը քեզ ստիպում է ամփոփվել ինքդ քո մեջ, չշփվել, մեկուսանալ, դառնալ մտքերի ու դատողությունների թնջուկ, բայց դա ինձ համար մտքերս ժողովելու, ինքս ինձ համար դրանք վերարտադրելու, պահեստավորելու ինքնայրման ու ստեղծագործելու երկունքին նախապատրաստվելու ժամանակն է, որը կարող է շնչահեղձ անել, եթե ժամանակին պատուհանները չբացես ու աշխարհին չնայես, աշխարհի ցավով չապրես:

Ես սիրում եմ… պատմություն, վեպ, ակնարկ… ինքներդ ձեզ՝ ձեր գրվածքներից։

Պատանեկան տարիքում հրապուրված էի պոեզիայով, բայց անհագ կարդում էի արձակ: Արձակն իմ տարերքն է: Այս ժանրն ինձ լայն հնարավորություն է տալիս համապարփակ, բայց և ազատ ներկայացնել մարդկային աշխարհը, առանց կաշկանդվելու, այնքան շատ է ասելիքն ու գրելիքը, այնքան շատ են լավն ու վատը, ներդաշնակն ու աններդաշնակը, այնքան շատ են կյանքի հակասությունները, մարդկային ճակատագրերը: Ես չեմ ուզում ոչ մի բան բաց թողնել: Ես շատ ասելիք ունեմ: Ինձ հուզունմ են կյանքն ու մարդը:

Լարսիա Պետրոսյանի համար որքանո՞վ է գրականությանը նվիրվելը կապված նյութական կարիքների և երազանքների իրականացման հետ։

Գրականությանը նվիրվելը նյութական կարիքների բարելավում չի ենթադրում, ընդհակառակը՝ գրքերս տպագրվում են՝ «Ես եմ իմ հովանավորը» կարգախոսով: Ուրիշ հարց է երազանքների հարցը: Եթե դու անում ես այն, ինչի կոչված ես և գիտակցում ես քո արածի անհրաժեշտությունը, դու, իրոք, երջանիկ ես: Ես պատրաստ եմ գրել մինչև կյանքիս վերջը՝ փոխարենը ոչինչ չակնկալելով: Գրելն իմ կենսակերպն է: Եվ, ի վերջո, գրողները զրկանքներ են կրում հանուն գրականության կամ՝ ի սեր գրականության:

Գրելու ժամանակն ու վայրը առանձնացնո՞ւմ են մեկ գրողին կամ բանաստեղծին մյուսից։ Ոմանք գրում են գիշերը, մյուսները՝ վաղ առավոտյան։ Ոմանք նախընտրում են սրճարանները, իսկ մյուսները մեկուսանում են իրենց գրասենյակներում։ Որո՞նք են ձեր գրելու ծեսերը՝ թե՛ ժամանակի, թե՛ տարածության առումով։

Ինձ մոտ գրելիքս շատ երկար է խմորվում: Նախ՝ մտքումս եմ գրում: Կարծում էի՝ դա տարօրինակություն է: Բայց երբ կարդացի Ակ. Բակունցի հուշերը, որ բոլոր պատմվածքները գրել է ձիու վրա նստած, դաշտերով ու անտառներով շրջելիս, ես ինձ էլ տարօրինակ չհամարեցի: Գրում եմ միայն իմ գրասեղանի մոտ՝ համակարգչի առջև, երեկոյան ժամերին, ոչ ուշ գիշերով, որովհետև ուշ ժամի գրելը ինձ հիվանդագին է դարձնում: Գիշերները կարող է մտքում մի վեպ գրեմ, որը ամբողջությամբ չի պահպանվի, բայց ատաղձ կդառնա հետագա ստեղծագործության համար:

Ի՞նչ են գրական մրցանակները տալիս գրողին։ Ի՞նչ գրական մրցանակներ եք ստացել։

         Գրական մրցանակները խթան են, բայց և շատ պարտավորեցնող: Գրական մրցանակներ շատ ունեմ: Կալիֆոռնիայի հայ գրողների միության կողմից արժանացել եմ «Լավագույն արձակագիր» կոչմանը(«Տղայիկ» պատմվածք): Պարգևատրվել եմ «Մովսես Խորենացի», «Արտաշես Աշխարհակալ» ոսկե մեդալներով, պարգևատրումներ, գովասանագրեր՝ «Լավագույն էսսեիստ», «Լավագույն վիպասան» շատ կան, բայց դրանք պահարանում են, ինձ համար կարևորը իմ ընթերցողի սերն ու գնահատականն է:

Եգիպտոս այցելելուց հետո ի՞նչ տպավորություններ ունեք Եգիպտոսից։ Շփվո՞ւմ եք Եգիպտոսի հայ գործիչների հետ։

Դեռ դպրոցական տարիներից երազել եմ տեսնել Եգիպտոսը: Հիացա Եգիպտոսի բնաշխարհով ու Կարմիր ծովով, սիրեցի մարդկանց, հասկացա, որ կյանքն ամեն տեղ էլ դժվար է, ու մի քիչ էլ՝ տխրեցի: Ամենահիշարժան տպավորությունս մի եգիպտացի երիտասարդի ասմունքն էր. նա հայերեն Եղ. Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» էր արտասանում: Ցավոք, Եգիպտոսի հայ մշակույթի գործիչների հետ չեմ շփվում: Հույս ունեմ՝ ձեր աջակցությամբ այդ շփումը կապահովվի:

Ի՞նչ դուռ է գրականությունը բացում Ձեզ համար, երբ հանդիպում եք դրան լեզվի լանջին: Մանկության դուռը, կարոտի դուռը, սիրո դուռը, մոռացության դուռը, կանանց դուռը, վայրի դուռը, մայրության դուռը, զարմանքի դուռը, հիշողության դուռը, ցավի դուռը, հույսի դուռը․․․ և ստեղծագործող մարդու համար այդ դռների հետևում կան գաղտնիքներ և առեղծվածներ։

Գրողը բացում է թվարկված բոլոր դռները: Այդ բոլոր դռների հետևում մարդն է, իսկ թվարկվածները մարդու կյանքային ապրումներն են: Գրողի դերը այդ դռները հմտորեն ու սահուն բացելն է և դրանց հետևում թաքնված մարդուն բացահայտելը:

Քննադատությունը նպատակ ունի լուսավորել ստեղծագործական աշխատանքը: Ինչպե՞ս եք դիտարկում ստեղծագործականության և քննադատության միջև եղած կապը Հայաստանի գրական ասպարեզում։

Հիմա ընդունված է գրաքննադատությունը չկարևորել: Բայց ես ընդունում եմ, եթե անաչառ է:

Ո՞ր գրողներն են ազդել Ձեր վրա և նպաստել ձեր ստեղծագործական անհատականության ձևավորմանը: Եվ ի՞նչ են նրանք ավելացրել Ձեզ։

Իմ գրական աշխարհի ձևավորմանը նպաստել են Մ. Խորենացուց սկսած՝ բոլոր մյուս գրական հսկաները՝ Գրիգոր Նարեկացի, Նահապետ Քուչակ, Հովհ. Թումանյան,Ավ. Իսահակյան, Խաչատուր Աբովյան, Գրիգոր Զոհրապ, Ակսել Բակունց, Մուշեղ Գալշոյան, Հրանտ Մաթևոսյան, Վիլիամ Սարոյան, միջազգային գրողներից՝ Սոմերսաթ Մոեմ,  Պրոսպեր Մերիմե, Մոպասան, Գարսիա Մարկես: Իմ արձակը նմանեցնում են Ակ. Բակունցի արձակին՝ մարդ-բնություն համաձուլվածքի նկարագրությամբ, ինչպես նաև քնարական արձակի բնութագրմամբ:

Տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ կարո՞ղ ենք երբևէ հրաժարվել գրելուց։

Երբեմն հիասթափություններ եմ ունենում, մտածում՝ գուցե արդեն ավելորդ է մարդկային գիրը, բայց չեմ կարող չգրել, արդեն նշել եմ՝ գրելն իմ կենսակերպն է:

Գրական ամսագրերն ու կայքերը լայնորեն տարածվում են։ Հավատո՞ւմ եք, որ այս իրավիճակը ստեղծել է գրելու և ստեղծագործելու նոր շրջանակներ։

Այո, այլապես դուք ինձ չէիք գտնի: Մենք իրար չէինք հանդիպի վիրտուալ տարածքում:

Որո՞նք են հաջողված պատմության չափանիշները։ Եվ ո՞վ է, որ պատմության հաջողության իրական դատավորն է։

Հաջողված պատմության չափանիշները ընթերցողների արձագանքներն են: Եթե ընթերցողը քեզ հետ ծիծաղում է, քեզ հետ լալիս, ապրում քո հերոսների ճակատագրով, ընդօրինակում կամ մերժում նրանց, իր, թեկուզ առօրյա, կյանքում քո հերոսի հետ է, ուրեմն պատմվածքը հաջողվել է: Ես շատ կարևոր եմ համարում  պատմության զգացմունքային, հուզական կողմը: Իմ կարծիքով՝ գրողի իրական դատավորը ընթերցողն է:

Ինչպե՞ս եք ընտրում Ձեր պատմվածքների հերոսներին։ Արդյո՞ք նրանք հիմնված են իրական փորձառությունների վրա, թե՞ Ձեր երևակայության արդյունք են։

Ես հերոսներ չեմ փնտրում. նրանք իմ ապրած աշխարհում են, իմ հեռավոր սահմանապահ գյուղում, իմ աշխատավայրում, ամենուր: Մի գաղտնիք էլ ասեմ՝ երևի թե նրանք են գտնում ինձ. Տվյալ հերոսը այնքան է երևութանում ինձ, ինչ-որ տեղ տանջում, մինչև նրա մասին գրում եմ: Գրում եմ, հանձնում ընթերցողին, նոր նա ինձ հանգիստ է թողնում:

Ձեր պատմվածքները արտահայտե՞լ են ձեր անհատականությունը, փորձը և ստեղծագործական տեսլականը ձեր գրական ստեղծագործությունների միջոցով։

Այո, միանշանակ: Իմ գրքերի մեջ փնտրեք ինձ: Ես սոսկ պատմող չեմ: Շատ ընթերցողներ, նույնիսկ իմ վաղեմի ընկերները, նորովի են ճանաչել ինձ, զարմացել ու կիսվել, երբ կարդացել են իմ ստեղծագործությունները: Գրողը պատմող է, ուսուցիչ, մոգ:

«Երբ դու մահից արթնանաս»՝ սա է ձեր պատմվածքների ժողովածուներից մեկի վերնագիրը։ Ո՞րն է այս վերնագրի ենթադրյալ իմաստը։ Սա լավատեսության կոչ է, թե՞ հեղափոխության ճիչ։

«Երբ դու մահից արթնանաս» ժողովածուն ներառում է հենց նույն խորագրով նամակ-վեպն ու մի շարք պատմվածներ: «Երբ դու մահից արթնանաս» վեպն արթնացումի գիրք է, աղերս, մահից արթնացման խնդրանք: Անցյալն անհանար է վերականգնել, ներկան վավերացնում է եղածը, բայց կա դեռ ապագան ու գուցե թե լինի արթնացումի հրաշքը: Հերոսուհին արթնացման սպասում է մի ամբողջ կյանք, ու այդ սպասումն էլ սիրո մի ձև է: Գիրքը մի բաց պատուհան է, որը ցույց է տալիս, որ սիրո լույսը երբեք չի փակվում:

Ինչպե՞ս եք ընտրում Ձեր պատմվածքների վերնագրերը։

Շատ հեշտությամբ, կարծես՝ հանպատրաստից, և լավ է ստացվում՝ համահունչ ու համապատասխան պատմվածքի գաղափարին: Երբեմն հերոսի անունով է, երբեմն՝ նրա արտաբերած մեկ նախադասությունն է, նշանավոր կամ անհիշատակ մնացած տեղանունները:

Պատմվածքներ գրելը բռնի ներգրավվածություն է վերքերով ու երազանքներով լի ներքին աշխարհների լսողության մեջ, որը բառերի բոցով բացահայտում է հիշողության շերտերը։

Այո, դա ինքնայրում է, դու ապրում ես քո գրած յուրաքանչյուր բառով, ինչքան շատ ես տառապում, ընթերցողը քեզ ավելի շատ է սիրում: Դու տագնապում ու սարսափում ես քո երկրի ներկայի ու ապագայի համար, դու ապրում ես քո յուրաքանչյուր հերոսի կյանքով ու ողբերգությամբ, լացում ես, ծիծաղում, տանջվում ու տառապում, հաճախ դիմում ես դեղահաբերի օգնությանը: Բառերով հուշի տուն ես կառուցում, որտեղ սերունդները պետք է քայլեն ոտաբոբիկ, բայց գիտես, որ այդ տանն ամեն քար խոսող հիշողություն է: Իմ հիշողությունը իմ հայրենի հողի ծերացած կարոտն է՝ հայրենաբաղձություն, հայրենականչ:

Հավատո՞ւմ եք, որ պատմվածքները կարող են աշխարհը փոխել ավելի մաքուր և պարզ աշխարհի՝ խաղաղության և անվտանգության ստվերում, հեռու պատերազմներից և անմեղների, տարեցների, կանանց և երեխաների սպանություններից։

Ես հավատում եմ արվեստի և գրականության ամենազոր ուժին: Գրականությունը կոչված է չարիքը, պատերազմը, մարդկային ողբերգությունները վեր հանելով՝ երազել և ոչ միայն երազել, այլև գրչով ստեղծել լուսավոր, խաղաղ ու անվտանգ աշխարհի պատրանք, թեկուզ այդ աշխարհը լինի անհասանելի: Դա է յուրաքանչյուր հումանիստ գրողի տեսլականը:

Ձեր տեսանկյունից՝ որպես պատմվածքների հեղինակ, ի՞նչ է պատմվածքը, ո՞րն է դրա գործառույթը և ո՞րն է ձեր սեփական ընկալումը արդիականության մասին՝ անկախ ուրիշների տեսություններից։

Պատմվածքը փոքր ծավալի արձակ ստեղծագործություն է, որն արտացոլում է կյանքը: Համառոտ ձևը կարող է արտահայտել մեծ կենսափիլիսոփայություն: Գրողը իր ժամանակի շունչն է, իր ժամանակի ամենապատասխանատու ու հեռատես քաղաքացին, որը, ըստ էության, պայքարում է ժամանակի դեմ, և ամեն գրություն շահում է:

Որքանո՞վ եք մոտենում մարդկանց ցավին և արտահայտում նրանց տառապանքը Ձեր ստեղծագործական պատմվածքներում։ Բերեք օրինակներ։

Իմ ընթերցողները գրում են, որ իմ պատմվածքները տխուր են, արցունքներ են քամում, ես էլ արդարանում եմ՝ «Կյանքն ինչպես որ է»: Ես ձեռքս պահում եմ մարդկանց ցավի վրա: Այդ պատմվածքները շատ են՝ «Մասուրե ականջագինդերով աղջիկը», «Ցողիկ», «Կապույտ շորացուն», «Ելեն աքիր», «Դով Իսակ», «Նանի տասնավարտ հարսը»․․․ շատ-շատ են:

Ինչո՞ւ եք նախընտրում արտահայտվել պարզ, պերճախոս լեզվով։ Եվ դա նպաստե՞լ է Ձեր աշխատանքի տարածմանը։

Ես լեզվաբան եմ, հրապարակախոս: Դասավանդել եմ հայոց լեզու և հայ գրականություն: Նախնիներս եղել են կրոնավորներ, եղել են պերճախոսներ: Որպես քահանայական տոհմի ժառանգորդ՝ ես էլ ժառանգել եմ գեղեցկախոսության նրանց շնորհը: Գրեթե երկու տասնամյակ աշխատելով ԿԳՄՍ նախարարության Լեզվի կոմիտեի լեզվական վերահսկողության բաժնում՝ բառի, ընդհանրապես հայոց լեզվի նկատմամբ նրբագույն, սրբագույն վերաբերմունք եմ տածում: Ինչպես մեծ Թումանյանն է ասել՝ գրողի համար մի բառը մի աշխարհ է, այդպես է նաև ինձ համար: Ես շատ հեշտ ու արագ եմ գրում, ընթերցողներս ասում են, որ մի շնչով են կարդում, ես էլ մի շնչով եմ գրում, բառերը հեշտ ու ինքնակամ շարվում են էջիս տողերում: Պարզություն էլ եմ նախընտրում, չեմ սիրում ճոռոմ ու խրթին բառերի կուտակումներ: Էլի մեր մեծ Լոռեցուն դիմենք՝ աչքի նման պարզ, աչքի նման բարդ:

 «Դժվար ժամանակներից հետո նա կուրանում է ռուսական հողի վրա»։ Նա ասում է, որ չնայած չի կարողանում տեսնել իրական աշխարհը, իր մանկության դալար հովիտները և մեր բազմաթիվ դաշտերի ծաղիկները իր աչքերի առաջ են։ Նա ասում է, որ ռուսական ոչինչ չի տեսնում, որ ոչինչ չի պատկերացնում, որ տեսածը միայն Հայաստանն է։ Նա հայ է. տեսածը մանկության կանաչ դաշտերն են։ Եվ կույրի համառությամբ, համոզում է նրան, կրկնում էՍա հայրենասիրության և մոլեռանդության մեջ ընկղմվա՞ծ է Հայաստանի համարթե՞ ի՞նչ։

Արտագաղթը մեր ժողովրդի դարավոր ողբերգությունն է: Պատմական բոլոր ժամանակաշրջաններում հայն ստիպված է եղել դեգերել օտար ափերում: Պանդխտության թեման իմ պատմվածքներում գերակշռում է: «Ջավի» պատմվածքի (ի դեպ՝ պատմվածքը թարգմանվել է պարսկերեն) հերոսուհին իմ մանկության ընկերուհին է, որը, թողնելով իր երկհարկանի տունը, տաքուկ օջախն ու ծաղկած այգին, արտագաղթել է Ռուսաստան: Այնտեղ տան կարոտով ապրեց, ցավից հիվանդացավ, կուրացավ: Մահացավ իր տան ու հայրենի եզերքի կարոտով: Մենք հայ ենք, մեզ մոտ մայրերը մահանում են տանը: Սա մոլեռանդություն չէ,  սա հասարակ մահկանացուի ցանկություն է, հազարավոր արտագաղթած տնանկ  հայերի ճակատագիրն է, գրողի մտահոգությունն ու ցավը, նաև՝ ճիչն ու կանչը՝ հետվերադարձի: Մայրս էլ էր օտարության մեջ ծերությունն ապրում, շատ էր աղերսում հետ վերադառնալ, բայց… մայրս չեկավ, մորս բերեցին ( «Մայրս» էսսե)…

«Հովտաց աղբյուրի կանչը» ժողովածուն ներկայացնում է վերջին երեսուն տարիների ընթացքում տեղի ունեցած պատերազմական իրադարձությունների խճանկարը՝ իրատեսական պատմությունների տեսքով, որոնք իրենց մեջ կրում են ցավոտ թեմաներ հայրենիքի, նրա սահմանների, զոհերի, գաղթականության, փակ դռների, ժանգոտած կողպեքների և մեր ներկայիս ազգային ողբերգության մասին։ Որքանո՞վ եք հաջողության հասել այս պատմվածքների ժողովածուում արտահայտելելով հայկական իրականությունն ու ցավը։ Ինչպե՞ս են քննադատներն ու ստեղծագործողները արձագանքել դրան։ Ինչպե՞ս է հանրությունն ընդունել այն։

«Հովտաց աղբյուրի կանչը»  ժողովածուն մեծ արձագանք գտավ ընթերցողների շրջանում և շատ սիրվեց, որովհետև վեր էր հանում մերօրյա պատերազմական իրողությունն ու պատերազմի թողած ահավոր հետևանքները։ Հովտաց աղբյուրն իմ մանկության աղբյուրն ՝ՙ հեքիաթային մի աղբյուր՝ յոթ սարից, յոթ ձորից այն կողմ: Այդ երեսուն տարիների ընթացքում աղբյուրի կանչը հասել է աշխարհի չորս ծագերը, քանի որ տեղահան եղավ իմ սահմանապահ գյուղի գրեթե ողջ բնակչությունը: Իմ գրքի կանչը լսելի եղավ և հիմա, տասնյակ տարիներ հետո, շատերը հետ վերադարձան, տներ ու տանիքներ են վերանորոգվում, դարպասները կապույտ են ներկվում, ժանգոտած կողպեքները չեն շղթայում երկաթե դարպասները, կարծում եմ՝ գիրքս լուրջ ասելիք ուներ, և այդ ասելիքը տեղ հասավ: Իմ լքված հայրական տունն էլ է նորոգվում, ու ես երջանիկ եմ:Հավելեմ նաև, երբ Արաբական Էմիրաթների Դուբայ քաղաքում կայացած «Ոսկե դար- 2021 «Գրական փառատոն- սիմպոզիումում» ներկայացնում էի նոր լույս տեսած «Հովտաց աղբյուրի կանչը» գիրքը, ժյուրիի անդամներն ու նախագահը (նախագահ՝ Լոնդոնի օպերայի թատրոնի պրիմադոննա Մարինա Օՙ նեիլլ Սփենսեր) արտասվում էին: Բայց գիրքս ոչ թե արտասվելու, այլ ոգեկոչման, արմատներին հարազատ մնալու կանչ է:

Որո՞նք են Ձեր ապագա ծրագրերն ու ձգտումները։

Ստեղծագործական իմ ուղին տարավ դեպի պատմավեպ: Զգում եմ, որ շատ համարձակ քայլ է, բայց ընտրողը մենք չենք: Ինչպես նշեցի, թեմաները գալիս են անսպասելի ու ինքնաբուխ: Այս թեման էլ ինձ երկար տանջեց: Հիմա աշխատում եմ «Վանենի-Նանա թագուհու սիրո կամուրջը» պատմավեպի վրա: Թեման 12-րդ դարի Տավուշ աշխարհի թագուհի Վանենի-Նանա թագուհու մասին է, որը 17 տարեկանում կորցնելով 19-ամյա ամուսնուն՝ Աբաս Բ թագավորին, այրիանում է, բայց վիշտը նրան չի կոտրում: Նա կառուցում է Սանահինի կամուրջը՝ Դեբեդ գետի վրա՝ որպես իր ու Աբասի հավերժական սիրո խորհրդանիշ: Սիրո կամուրջը մինչև հիմա՝  գրեթե 900 տարի, գործում է, որովհետև շաղախված է ոչ միայն քարով ու կրով, այլև սիրով ու աղոթքով: Նպատակս է կամրջել անցյալն ու ներկան՝ կրկին գեղարվեստորեն հավաստելու այն պատմական փաստը, որ հայ կինը պատմական բոլոր ժամանակներում եղել ու մնացել է իր յոթհազարամյա գենը անփոփոխ կրողը՝ արարող, շենացնող, կառուցող էակ: Ուզում եմ ասել, երբ միջնադարում Եվրոպայում Ժաննա Դարկին կենդանի-կենդանի  հրկիզում էին, կանանց վհուկներ ու կախարդներ էին կոչում, այդ նույն ժամանակ հայ կինը՝ ի դեմս Վանենի-Նանայի, վանքեր, պարիսպներ և կամուրջներ էր կառուցում, խաչքարեր էր կանգնեցնում: Հույս ունեմ՝ գիրքս ու նպատակս հաջողությամբ կպսակվեն:

Ինչպե՞ս է մեր առօրյա կյանքի իրականությունը արտացոլվում Ձեր ստեղծագործությունների համատեքստում։

Ես իրականությունից կտրված ոչինչ չեմ գրում: Ճիշտ է՝ գրողի համար սահմաններ չկան փաստի և հորինվածքի միջև, բայց ես իրականությունից չեմ կտրվում, մանավանդ մեր ներկա իրականությունից, որը ծայրահեղ սահմանային է:

Ինչպե՞ս եք տեսնում այսօրվա Հայաստանը և ի՞նչպես՝ ապագան։

Հայաստանում, ինչպես և ողջ աշխարհում, ծայրահեղ լարված իրավիճակ է: Երկրագունդը կարծես թե օրհասական պտտվում է անխոհեմ  ու արյան ծարավ մի քանի հոգու ցուցամատերի վրա: Ես այդ զգացողությունն ունեմ: Բայց մարդկությունն իր ստեղծման օրվանից կոչված է ողջախոհության: Պատմական բոլոր ժամանակներում էլ մենք՝ հայերս, դժվարին օրեր  ու տարիներ ենք ապրել: Գրողը իրավունք չունի չհավատալու իր ժողովրդի հավերժությանը:

Ի՞նչ էր Ղարաբաղը Ձեր համար։ Եվ ի՞նչ հիշողություններ ունեք դրա կորստի մասին։

Իմ նախնիները  1700-ական թվականներին Արցախից տեղաշարժվել են Տավուշ: Արցախում՝ Գյուլիստանում,  իմ նախապապերի գերեզմաններն են. համբո՜ւյր նրանց խոնավ հողին: Նրանք եղել են խաչակիրներ, կրոնավորներ: Այս մասին ես ծավալուն ակնարկ ունեմ «Հովտաց աղբյուրի կանչը» ժողովածուի՝ «Նախնիներիս ստվերները» բաժնում: Իմ արմատներն Արցախում են, ես արյունակցական կապ ունեմ Գանձասարի, Ամարասի, Դադիվանքի, բոլոր մնացած հարյուրավոր կոթողների ու խաչքարերի հետ: Արցախը նույնպես դարձավ մեր դարավոր ցավը, ինչի մասին ես կարծես թե ի զորու չեմ խոսելու, ինչպես Թեոդոր Ադորնոն է գրել. «Օսվենցիմից հետո բանաստեղծություն գրելը սրբապղծություն է», ինձ համար  էլ՝ Արցախից հետո…բայց մի օր կգրվի…

Որո՞նք են Ձեր ստեղծագործական հետևյալ թեմաները։ (Կին, Տղամարդ, Սեր, Մանկություն)

Բոլոր թեմաներն էլ առկա են իմ ստեղծագործություններում: Ավելի շատ կանանց կերպարներ եմ ստեղծել՝ լավ հասկանալով կանանց բնույթն ու հոգեբանությունը: Իմ՝»Երկրային ու երկնային ծաղիկներ» ժողովածուում տարբեր ճակատագրերի, հասարակության տարբեր շերտերում ապրող կանայք կան, որոնց ես սիրում ու խղճում եմ՝ արտահայտելով այն գաղափարը, որ նրանք ավելի լավ բախտի են արժանի, իսկ «Իմ հոգու չքնաղ ծաղկեփունջը» վիպակ-էսսեում ես բոլոր կանանց ծաղիկներ եմ համարում, նրանց ծաղիկների անուններ տալիս ու ամրագրում նրանց անթառամ մնալը, նորից վերաբացվելը՝ վկայակոչելով բնության հավերժության անխախտ օրենքը:

Որտե՞ղ է հայկական հարցը ներկայացված Լարսիա Պետրոսյանի աշխատանքներում։

Հայկական հարցը հայ ժողովրդի բաց, արյունահոսող վերքն է: Հայկական հարցը իմ ստեղծագործություններում՝ թե՛ ենթատեքստային խորությամբ, թե՛ բացահայտ, անընդհատ շոշափվում է: Այն տեղ է գտել «Գենետիկ վախ», «Անվերջ վերադարձ», «Մատաղ ըլեմ…», «Արի՜, արի քեզ տանեմ մեր Ցղնա», և այլ պատմվածքներում: Նշածս վերջին պատմվածքը թարգմանվել է ռուսերեն և հրապարակվել Մոսկվայում լույս տեսած «Назад будущее» ալմանախում, որտեղ ներառված են նաև աշխարհի տարբեր երկրների ութ հեղինակավոր գրողների ստեղծագործությունները: