Հովիկ Վարդումյան, Վիպակ

Իմ ընկեր Չալոն

Շատ տարիներ էին անցել, ես արդեն ծերանում էի: Երբ գյուղ էի գալիս, անպայման հանդիպում էի ընկերոջս՝ Էդիկ Մոսինյանին, որը իմ բացակայության ժամանակ նայում էր տանս, նույնիսկ ջրում այգու՝ արդեն չորացող ծառերը: Եվ նրա շնորհիվ ապրում էին այդ փոքրիկ հողակտորի ու կարոտից մաշվող տան մեջ դեռ ապրող հուշերը: Իսկ երեկոները նստում էինք ու տարբեր պատմություններ հիշում արդեն վաղուց հեռացած, պատմություն դարձած մարդկանց ու երևույթների մասին: Մի անգամ էլ, երբ հավաքվել էինք և սովորականի նման զրուցում էինք, նա հիշեց Չալոյի մասին: Նա ինձնից փոքր է և Չալոյին տեսել էր այն տարիներին, երբ կյանքը փոխվել էր,  ես արդեն գյուղից գնացել էի և հազվադեպ էի լինում այնտեղ: Իմ ընկերն այնպիսի գորովանքով ու հպարտությամբ սկսեց պատմել իմ շան մասին, որ բոլորը հաճույքով լսում էին: Հովիվները շանն իմ անունն  էին տվել և, այդպես էլ, չնայած ես նրան Չալո էի կանչում, բայց մնաց Հովիկ: Եվ ահա նա ոգևորված պատմում էր Հովիկ շան մասին, թե ինչպես նրա սարսափից գայլերը չէին մոտանում ֆերմային, իսկ հարևան ոչխարի ֆերմայի շները երբեմն գալիս էին իրենց ուժերը չափելու նրա հետ ու միշտ հեռանում էին պարտված: Ես մի քիչ լսելուց հետո մտքով տեղափոխվեցի այն երանելի ժամանակները, երբ Չալոյի հետ ապրում էինք Լալվար սարի դրախտում, ապա ծիծաղելով ընդհատեցի ու ասացի, որ Հովիկն իմ շունն էր և մենք եղբայրներ էինք: Ընկերս զարմացած լռեց և երկար ժամանակ լռությամբ ինձ էր նայում: Այդ լռության մեջ ամեն ինչ կար:

Եվ ես որոշեցի գրել իմ սիրելի Հովիկ-Չալոյի մասին։  

                                                                                                                                                                                                ԻՄ  ԸՆԿԵՐ  ՉԱԼՈՆ

Աստղիկ շան ձագերից մեկին փախցրի: Աստղիկը հզոր Հայկական գամփռ էր, ամեն տարի ձագեր էր ունենում: Ամեն տարի գլխացավանք էր ֆերմայի աշխատողների համար՝ այդքան շուն չէին կարող պահել: Գյուղացիները գալիս, տանում էին, բայց այդ տարի ոչ ոք չեկավ: Չնայած դժվար ու անմարդկային էր, բայց նման դեպքերում որոշում էին նոր ծնված ձագերին ոչնչացնել:

Մայրս ֆերմայում էր աշխատում, ամեն օր ինձ հետը տանում էր: Այդ օրը ես լսեցի մեծերի   տխուր, ախուվախով խոսակցությունը և որոշեցի ձագերից մեկին վերցնել: Մայրս դեմ էր, պատերազմը նոր էր վերջացել, մարդիկ հաց չունեին, շանը որտեղի՞ց տային: Հայրս զոհվել էր պատերազմում, տունն էլ անտղամարդ էր: Ես գրկել էի շան քոթոթին, ոչ մի կերպ չէի համաձայնում ետ տանել: Տատս տխուր ժպտաց ու մորս համոզեց.

-Ոչ քիր ունի, ոչ ախպեր, մեծանա, ախպերություն կանեն:

Մայրս դժվարությամբ, բայց համաձայնեց:

Ամռանը կոլտնտեսության կովերի ֆերման ամառանոց էր գնում Լալվար: Կթվոր մայրերը երեխաներին հետները տանում էին: Այդպես ես ու Չալոն էլ գնացինք: Չալոն արդեն մեծանում էր: Աստղիկ շունը փրկված ձագին չընդուեց՝ օտարացել էր: Մնացինք երկուսով: Ուր գնայի, գալիս էր հետս, քնում էր մեր վրանում: Մորիցս թաքուն ծոցս էի առնում, և միասին տաք-տաք քնում էինք: Հովիվները հավանում էին Չալոյին, ասում էին հիանալի, հսկա գամփռ է դառնալու, գելխեղդ: Երբ տեսնում էին իրար հետ անբաժան ընկերների նման ման գալիս, ծիծաղելով հարցում էին.

-Հը՞, ախպերդ ո՞նց ա..

Իմ ուրախությանը չափ չկար՝ Չալոս արագ մեծանում էր: Միասին շրջում էինք սարերում, բռնոցի խաղում: Արդեն ինձ գլորում էր, գցում տակը, նրբորեն սեղմում թաթերով, փայլուն, սուր ատամներով թույլ սեղմում՝ իբր կծում է: Գլորվում էինք կանաչների մեջ, վազում իրար հետևից, լսում մեզ նման երջանիկ թռչունների երգը:

Իսկ ամենասիրած խաղն ագռավներին հետապնդելն էր: Մի կտոր միս էի ճարում, վրան շատ աղ լցնում, դնում գետակի ափին, և ես ու Չալոն դարան մտած սպասում էինք: Ագռավներն ագահաբար ուտում էին աղի միսը, ապա այնքան ջուր էին խմում, որ համարյա չէին կարողանում թռչել: Այդ ժամանակ մենք սկսում էինք խաղը: Չալոն ու ես, հաչալով ու աղաղակելով վազում էինք ագռավների հետևից: Նրանք սարսափահար փորձում էին թռչել, բայց խմած ջրի ծանրությունից նորից ընկնում էին գետնին: Մենք վազում էինք առաջ, նրանք նորից էին թռչում, նորից ցած ընկնում… Արդպես այնքան, մինչև մենք հոգնում էինք, իսկ նրանք ջրազրկվում էին ու թռչում: Ես ու Չալոն գիտեինք, որ չենք կարողանալու բռնել, չէինք էլ ուզում բռնել, բայց հետապնդում էինք: Պարզապես խաղում էինք: Ես ու Չալոն ուրախ ծիծաղում էինք, իսկ ագռավները սրտապատառ աղաղակում էին, օգնություն կանչում հարազատներին ու ընկերներին:

Սա մեր խաղն էր և, ամեն անգամ, երբ մեկն ու մեկը մի գառ կամ ոչխար էր մորթում, մի կտոր միս էի թռցնում, ու խաղում էինք: Կարծես թե տատիս խոսքը մարգարեական էր՝ գտել էի եղբորս:

Ժամանակն արագ անցնում էր: Ամռան վերջին Չալոն արդեն մեծ շուն էր, մյուս շների հետ գիշերը ֆերման էր պաշտպանում, ցերեկը՝ ինձ:

Լալվար սարում ուրիշ գյուղի ֆերմա էլ կար՝ ոչխարի ֆերման։ Ժամանակ առ ժամանակ երկու ֆերմաների շները միմյանց դեմ կռվի էին դուրս գալիս: Հին ժամանակների զորաբանակների նման շարվում էին դեմ-դիմաց, աշխատում հաչալով ու հայհոյելով խեղճացնել դիմացինին, երբեմն էլ գզվրտվում էին: Ինչպես աշխարհի բոլոր արարածները, շներն էլ էին ուզում աշխահի վրա հաստատել իրենց իշխանությունը, ընդլայնել ու պաշտպանել իրենց վստահված տարածքը: Դա միակ դեպքն էր, որ Չալոն ինձ չէր ենթարկվում՝ առաջնորդում էր ֆերմայի շների զորաբանակն ու մասնակցում ճակատամարտին: Ես էլ հպարտանում էի, որ իմ Չալոն ֆերմայի շների առաջնորդն է: Իսկ գյուղերի՝ բեղատեղը նոր-նոր սևացող տղեկները, ամեն ֆերմայի խումբը հավաքվում էր իր շների շարքի հետևում, կանչերով ու երբեմն էլ քար նետելով խրախուսում իրենց բանակներին՝ մինչև շները հարձակվում էին միմյանց վրա, կամ հոգնելով հաչալուց, խաղաղության պայմանագիր էին կնքում, թողնում հեռանում: Մենք էլ հպարտ՝ հաղթանակով, կամ տխուր՝ պարտությամբ, վերադառնում էինք նրանց հետ: Եվ մեր տղայական կռիվը շարունակվում էր երկու ամառանոցների մեջտեղով հոսող գետակի ոլորանում, որտեղ ջրի խորությունը հարմար էր լողալու համար:

Հաջորդ տարին, երբ բարձրացանք Լալվարի ամառանոց, Չալոն արդեն մեծ շուն էր: Բոլորը հիացմունքով էին խասում նրա մասին: Նրա ահից գայլերը չէին մոտենում մեր ֆերմային, իսկ հարևանների շները կռվի չէին գալիս: Սակայն դա հաջորդ տարին էր: Մինչ այդ դեռ ժամանակ կար: Ես նունպես մեծացել էի, պետք է մայրիկիս, Չալոյին ու ագռավներին թողնեի սարում, իջնեի գյուղ, առաջին դասարանի աշակերտ դառնայի: Մայրս անընդհատ համոզում էր, իսկ ես չէի հարմարվում Չալոյից բաժանվելու մտքի հետ:

Սեպտեմբերը մոտենում էր: Գյուղ գնացող բեռնատարի հետ մայրս ինձ գյուղ ուղարկեց: Բաժանումը ծանր էր, ողջ ճանապարհին լաց էի լինում: Նույնիսկ, երբ հասանք գյուղ, տատս չէր կարողանում հանգստացնել: Կյանքիս մեջ առաջին բաժանումն էր, ծանր էի տանում:

Տխուր օրերը հաջորդում էին միմյանց: Սեպտեմբերի մեկին տատս, բռնելով ձեռքիցս, տարավ դպրոց: Նոր աշխարհ էր, նոր հետաքրքրություն, բայց չէի կարողանում մոռանալ Չալոյին: Երազիս գալիս էր, վազում, գլորում կանաչների վրա, սուտ կծոտում, ուրախությունից թռչկոտում, երջանիկ մզզացնում:

Մի քանի օր էր արդեն, ինչ դպրոց էի գնում: Ա տառը սովորել էի, տատիս համար ծուռումուռ նկարում էի: Նա էլ ուրախ ժպտում էր ու ախ քաշում՝ Հայրենական պատերազմում զոհված, եվրոպաներում կորած որդու կարոտն էր ինձնից առնում: Իմ մեջ էր տեսնում անդարմանելի կորստի վերադարձը: Մի օր էլ, երբ դասերը վերջացրի, տատիս՝ կտորից կարած պայուսակը վերցրի ու դուրս եկա, դպրոցի բակում երեխաները հավաքված, աղմկում էին: Սիրտս զգաց, կարծես մեկն ասեր՝ շուտ գնա այնտեղ: Երբ շրջանից ներս անցա ու նայեցի, քիչ էր մնում ուրախությունից ճչայի: Հպարտ առյուծի նման նստած էր Չալոն: Երեխաներն զգուշանալով մոտանում էին, փորձում ձեռք տալ, շոյել, բայց նա բացում էր սարսափելի ժանիքները, մռնչացնում:

Չկարողացա ուրախությունս զսպել.

-Չալո՜… Չալո՜…- կանչեցի ու մոտ վազեցի:

Նա էլ էր զգացել իմ ներկայությունը: Ձայնս լսելուն պես վեր թռավ, տեսքին անհամապատասխան քնքույշ ձայնով պատասխանեց ու թռավ դեպի ինձ: Ես պայուսակս ցած գցեցի , գրկեցի նրա բրդոտ վիզը: Չալոն ինձ տապալեց գետնին, սկսեց լիզել երեսս, սուտ կծել, ուրախությունից տարօրինակ ձայներ հանել: Բոլորը  վախեցած ու զարմացած ետ փախան: Չէին հասկանում, թե ինչ է կատարվում: Չէին հասկանում, թե այդ սարսափելի գազանն ինչպես վերափոխվեց, որին վախենում էին մոտենալ, ձեռք տալ:  Աղմուկի վրա դուրս էին եկել նաև ուսուցիչները, փորձում էին շանը ետ պահել, բայց դա հնարավոր չէր՝ մենք հազիվ էինք գտել իրար:

Վերջապես կարոտներս առանք միմյանցից: Ես ոտքի կանգնեցի, վերցրի պայուսակս ու գնացինք մեր տուն, ուր տատս անհամբեր ինձ էր սպասում՝ որ իմանար, թե որ տառն եմ սովորել այդ օրը և չգիտես որտեղից ճարած, գրպանում պահած կոնֆետն ինձ տար:

Տատս չզարմացավ, արդեն գիտեր Չալոյի մասին, ամեն օր պատմում էի:

-Սրա համար արժեր լաց լինել,- ասաց: Առանց վախենալու մոտեցավ Չալոյին, շոյեց գլուխը, մռութը: Կարծես Չալոն էլ էր ճանաչում տատիս՝ հաճույքից աչքերը փակեց ու մռութով խփեց ծնկերին: Իսկ ես տատիս տված կոնֆետը կիսեցի Չալոյի հետ՝ ախպերաբաժին արի, ինչպես տատս էր սիրում ասել:

Իմ երջանկությանը չափ չկար: Ամեն օր, Չալոն ինձ տանում էր դպրոց, վերադառնում տատիս մոտ ու ճիշտ ժամին նորից գալիս, տուն բերում:

Ամեն ինչ լավ էր, բայց Չալոյին կշտացնելը դժվար էր: Պատերազմից երկու տարի անցել էր, իսկ մեր գյուղում դեռ պատերազմ էր: Եռանկյուն նամակներ էին գալիս, որոնք գրվել էին մի քանի տարի առաջ: Նամակների հեղինակները հերոսաբար զոհվել էին, թաղված էին Եվրոպայի ու Ռուսաստանի անծայրածիր տափաստաններում, կամ կորել անգերեզման, անհասցե: Պատերազմի դաշտում գրված նամակները, ճանապարհին կորչելով, նորից գտնվում էին, ուշացումով տեղ հասնում: Եվ զավակների մահվան սև թուղթն ստացած, սուգ արած մայրերն ու ամուսինների կանայք մի պահ հուսավառվում էին, թե նրանք էլ մի օր կհայտնվեն ու դաժան լուրը կստվի:

Բայց միայն դրանով չէր, որ պատերազմը շարունակվում էր: Առաջվա նման սովը գյուղից չէր հեռանում: Գյուղի դաշտերում ու այգիներում մինչև ուշ գիշեր ծանր աշխատանքից հոգնած, հազիվ ոտքերը քարշ տալով տուն վերադարձող մայրերը դատարկ ձեռքերով էին  տուն մտնում, որտեղ նրանց սպասում էին սոված երեխաները:

Պատերազմից հետո սովը տիրակալ էր դարձել…

Բարեկամներն ու հարևանները տատիս շատ էին սիրում, սկսել էին ճաշի մնացորդներ բերել: Մեծ հոգս էր, բայց զարմանալիորեն տատս չէր տրտնջում, թե չէ կասեր. «Բալա ջան, ախր մենք ուտելու հաց չունենք, էս անկուշտ գազանի՞ն ոնց կշտացնենք»: Գիտեր, որ դրանից ես շատ կտխրեի, դրա համար էլ չէր ասում:

Մի օր էլ Չալոն անհետացավ: Երկու օր չկար: Ես շատ էի անհանգստանում, չէի ուզում դպրոց գնալ: Տատս համոզում, հույս էր տալիս, որ անպայման կվերադառնա:

Վերջապես երկու օր հետո, երկոյան Չալոն տուն եկավ: Մի հսկայական նապաստակ դրեց տատիս ոտքերի առաջ, նստեց ու նայում էր աչքերին: Մի պահ չէինք հասկանում, թե ինչ է ուզում ասել, բայց երբ տատս կռացավ ու նայեց, տեսավ նապաստակին, մնացել էր զարմացած: Մեծ նապաստակ էր: Երկու օր համբերատար դարան էր մտել, որսացել, բերել մեզ համար:

– Շու՛տ արա, դանակը բե՛ր,- կանչեց տատս,- էս շունը Փառոյից խելոք ա:

Փառոն մեր գյուղի դաշտերի պահակն էր: Երբ արտերը հնձում էին, ցորենն ու գարին կալսում, վերջում էլ դպրոցականներին տանում էին դաշտ՝ թափված հասկերը հավաքում: Այդքանից հետո, երբ սոված երեխաներով գնում էինք հասկ հավաքելու, Փառոն, ձեռնափայտը գլխավերևում պտտացնելով, հայհոյելով, հարձակվում էր, դաշտից դուրս քշում:

-Էդ անաստվածի համար ավելի լավ է մկներն ուտեն, քան թե սոված էրեխեքը,- բարկությամբ ասում էր տատս: Իրոք որ Չալոն Փառոյից խելոք էր:

Երբ ցրտերն ընկան, կոլխոզի ֆերման իջավ սարից, տեղավորվեց գյուղամերձ անասնագոմերում, Չալոյի հետ գնացինք այնտեղ: Չալոն հանդիպեց ընկերներին, նրանցից էլ կարոտն առավ: Ամեն օր, դասերից հետո միասին գնում էինք, մինչև Չալոն նորից հարմարվեց հին կյանքին, հիմնավորվեց ֆերմայում: Իսկ ես ամեն օր, դասերից հետո, երբ տնային աշխատանքներս կատարում էի, ճանապարհ էի ընկնում դեպի ֆերմա, որտեղ Չալոն ինձ անհամբեր սպասում էր: Ամեն օր գալիս էի և մենք երկուսով գնում էինք մոտակա դաշտերում ու անտառներում թափառելու:

Չալոն հսկա շուն էր, իսկ ես փոքրամարմին մի տղեկ էի: Երբ հոգնում էի, պառկում էի նրա մեջքին, և նա համբերությամբ ու սիրով տուն էր բերում: Այդ հսկա գամփռը, որից անծանոթ մարդիկ սարսափում էին, ինձ հետ անհավատալի քնքշությամբ էր վարվում:

Ես շատ պատմություններ եմ լսել և կարդացել խելացի ու հավատարիմ շների մասին: Նույնիսկ, երբ տերը մահացել է, նստել են շիրմաթմբի վրա և սովից ու ծարավից մահացել: Չալոն այդպիսի շուն էր:

Մի անգամ, երբ թավալգլոր խաղում էինք կանաչ դաշտում, նա ինձ մռութով ուժեղ հրեց: Ես ընկա և անզգուշորեն գլուխս խփեցի քարին: Հարվածն այնքան էլ ուժեղ չէր, նույնիսկ արյուն չեկավ, բայց ես խորամանկեցի՝ անշարժացա ու աչքերս փակեցի: Չալոն շարունակում էր խաղալ, բայց տեսնելով, որ անշարժ ընկած եմ, սկսեց անհանգստանալ: Լիզում էր երեսս, ատամներով բռնում հագուստիցս, քաշում: Իսկ ես անխղճորեն, թաքուն ժպտալով, շարունակում էի մեռած ձևանալ: Չալոն վերջապես խաբվեց: Չիմանալով ինչ անել, ինչպես օգնել, նստեց կողքիս ու սկսեց ոռնալ, բարձրաձայն հաչալ, ապա նորից սկսեց ցավոտ, ահաբեկված ոռնոցը՝ օգնության էր կանչում:

Զգալով, որ չափն անցել եմ, «վերակենդանացա», նստեցի ու սկսեցի ծիծաղել նրա միամտության վրա: Երեխայի անմիտ կատակ էր, չէի հասկանում, որ նրան տառապանք եմ պատճառում: Չալոն մի պահ նայում էր ապշահար հայացքով, ապա սկսեց տարօրինակ ձայներ հանել, որի մեջ և՛ ուրախություն կար, և՛բարկություն: Ապա հարձակվեց ինձ վրա. թեթև կծոտում էր, հզոր թաթերով գլորում: Կծոտելն էլ մի քիչ ցավոտ էր՝ մեջը մի քիչ զայրույթ ու մի քիչ նախատինք կար: Վերջապես հանգստացավ: Մենք նորից գրկեցինք իրար ու հաշտվեցինք:

Չալոն երջանիկ ժպտում էր: Եվ ես այնպե՜ս էի սիրում նրան:

Մի օր ընկերներով  բարձրացել էինք գյուղի վերևի լեռնաշղթան, խաղում էինք: Լեռան բարձունքից երևում էր կոլտնտեսության ֆերման, որտեղ Չալոն ինձ էր սպասում: Երբ խաղալուց հոգնեցի, որոշեցի իջնել այնտեղ: Սակայն չէի մտածել, որ օրն արդեն վերջանալու վրա էր, ճանապարհի կեսին կարող էր մութն ընկնել: Ճանապահն անտառով էր անցնում և քարքարոտ էր, դանդաղ էի առաջանում: Շուտով արևը մայր մտավ, ու անծանոթ վախը դուրս եկավ բնից: Առաջին անգամն էի մենակ լինում մթության մեջ, անտառում, որտեղ սոված գայլերն ու այլ գազանները որսի էին դուրս գալիս: Վախը գնալով աճում էր, հասակ առնում, քարերն ու չորացած ծառերի բներն սկսում էին շարժվել դեպի ինձ: Ինքս էլ չզգալով, սկսել էի վազել և բարձրաձայն լաց էի լինում: Ձայնս տարածվում էր անտառում, արձագանքները ճյուղավորվում էին, մտնում ականջներս, գրգռում վախս:

Ներքևում անտառը վերջանում էր, բայց դարձյալ մութ էր: Վախից մութը խտանում էր, ես աններելի սխալ էի թույլ տվել, բայց արդեն ուշ էր ուղղելը:

Մթության մեջ ձայները նույնպես բազմապատկվում էին: Հետո հստակ լսվեցին գայլերի ոռնոցները՝ միմյանց հետ խոսում էին: Գուցե հաջող որս էին գտել, պայմանավորվում էին գալ շրջապատել ինձ ու որսալ:

Վախս վերածվեց սարսափի: Ինչքան ուժ ունեի, վազում էի: Ընկնելով ու ելնելով, ծնկներս ու արմունկներս քերծելով, արնոտելով վազում էի: Ֆերմայի լույսերը հեռվում արդեն երևում էին: Այդ լույսերին նայելով՝ վազում էի: Շունչս կտրվում էր, սիրտս քիչ էր մնում բերանիցս դուրս գար, բայց վազում էի: Իսկ գայլերի ոռնոցներն անընդհատ մոտենում էին, ինձ թվում էր, թե արդեն կողքիս են, հիմա կհասնեն ու պատառ-պատառ կանեն:

Հանկարծ հիշեցի Չալոյին՝ իմ մեծ եղբորը, սկսեցի կանչել.

-Չալո՜…Չալո՜… Հասի՜ր…

 Հոգնել էի լացից, կանչում էի ու վազում: Իսկ գայլերի ոռնոցը բոլորովին մոտիկից էր լսվում:

Ու հանկարծ լսեցի Չալոյի ձայնը, նա էլ ինձ էր կանչում.

– Մի վախենա՜, գալիս ե՜մ…

 Մյուս կողմից էլ գայլերն էին գալիս: Ո՞վ շուտ կհասներ: Չալոն ճիշտ ժամանակին տեղ հասավ՝ գայլերն արդեն շրջապատում էին: Արագ վազելուց շուչը կտրվում էր: Հասավ ինձ, գրկեց, լիզեց ձեռքերս, երեսս, ասաց՝ չվախենաս, քեզ հետ եմ: Ապա դեմքով շուռ եկավ դեպի մոտեցող գայլերին ու սկսեց բարձրաձայն հաչել: Ես նրանց լեզուն չէի հասկանում, բայց զգում էի, որ լեզվակռիվ է գնում: Գայլերը, վառվող ճրագների նման աչքերը հառած մեզ, աստիճանաբար շրջապատում էին: Չալոն մեջքով ինձ սեղմված, սարսափելի ձայներ էր հանում: Գայլերը ոռնում ու կաղկանձում էին, բայց չէին համարձակվում ավելի մոտենալ: Երևի նրանց էլ էր հասել գելխեղդ Չալոյի համբավը:

Փոխադարձ հայհոյանքներն ու նախատինքները շարունակվում էին: Ես հույս ունեի, որ ֆերմայում, լսելով գայլերի ու Չալոյի աղմուկը, կգան օգնության, բայց ոչ ոք չէր երևում: Աղմուկը գնալով կատաղի էր դառնում: Վերջապես Չալոն, չդիմանալով լարվածությանը, հարձակվեց գայլերի ոհմակի վրա: Իսկական ճակատամարտ սկսվեց: Գայլերն էլ էին շնահաչ տալիս, որոշներն էլ, ցավից մղկտալով, նահանջում էին: Չալոն հերոսի նման էր պաշտպանում ինձ: Ես վախենում ու անհանգստանում էի նրա համար՝ չէ՞ որ գայլերը շատ էին և սովից կատաղած: Բայց Չալոյի համբավն իզուր չէր տարածված, կռվում էր ինչպես իսկական զինվորը: Այնուամենայնիվ պարզ չէր, թե ինչով կվեջանար այդ իսկական հերոսամարտը, եթե հաչալով ու կանչերով վրա չհասնեին ֆերմայի մյուս շները, որոնք, լսելով իրենց առաջնորդի կանչը, շտապել էին օգնության:

Գայլերն այդ կռվում երկու զոհ տալով, ստիպված էին փախչել: Իսկ մենք մարտում հաղթանակած զինվորների նման հպարտ գնացինք դեպի ֆերմա, որտեղից հովիվներն ու կթվոր կանայք, լսելով կռվի աղմուկը, մարխեր վառած, շտապում էին օգնության:

Այդ օրվանից Չալոյի համբավն ավելի տարածվեց: Ոչ միայն մայրս, որ պարտական էր իր միակ զավակի կյանքի համար, այլև մյուսները, միմյանցից թաքուն կոլխոզի կովերի կաթից բաժին էին հանում նրան:

                                                       ***

Ես ու Չալոն մեծանում էինք: Կյանքը ժամանակի հետ փոխվում էր, բայց մեր եղբայրությունը չէր փոխվում: Չնայած Չալոն վարժվել էր փոփոխական կյանքին՝ ավելի շատ մնում էր ֆերմայում, ես դասերից հետո գնում էի այնտեղ: Իսկ երբ մի քանի օր չէի գնում, ինքն էր գալիս և տանը չգտնելով՝ վազում դպրոց: Երեխաներին էլ էր սովորել՝ հանգիստ նստում էր, մոտենում, շոյում էին, խոսում հետը, նույնիսկ գրպաններում պահած կոնֆետներով հյուրասիրում: Համբերությամբ նստում էր մինչև դուրս էի գալիս դասից, և միասին տուն էինք գնում:

Թում էր, թե այդպես էլ ընթանալու է մեր կյանքը, բայց երբեք չես կարող իմանալ, թե վաղվա օրն ինչպես է սկսվելու և ինչպես է ավարտվելու: Ես արդեն հինգերորդ դասարանում էի: Պատերազմից տարիներ էին անցել, բայց սովն ու պակասությունը չէին հեռանում: Մարդիկ երբեմն սխալ կամ կանխամտածված հանցագործ քայլերի էին դիմում՝ ապրուստի միջոց ճարելու համար: Մեր գյուղի հարևան՝ Վրաստանի թուրքաբնակ Սադախլո գյուղի թուրքերը, իրենց մյուս ցեղակիցների նման, գողություն էին անում:

Մեր գյուղի սարերից ու արոտավայրերից անասնագողությունը հաճախակիացել էր: Մի օր էլ թուրքերը որոշում են գիշերը մեր գյուղի ֆերմայից գողանալ կոլխոզի կովերը: Մի քանի հոգով գաղտագողի, զգուշությամբ մտնում են գոմերը: Շները նկատում են, անհանգստացած վրա տալիս: Գողերն ստիպված են լինում փախչել: Չալոն բոլոր շներից առաջ է անցնում, հասնում հետևներից: Գողերից մեկը, տեսնելով, որ Չալոն հասնում է հետևից, ատրճանակից կրակում է: Չալոն վիրավորվում է, բայց չի նահանջում: Նա գայլերի ոհմակից չվախեցավ, մի թուրքն ինչ էր որ: Ցատկում է գողի վրա, սկսում խեղդամահ անել:

Մյուսները, իրենց ընկերոջը թողնելով շան բերանին, սարսափահար փախչում են, որովհետև մյուս շներն էլ էին տեղ հասել: Նաև վախեցել էին, թե հովիվները կարթնանան ու կճանաչեն:

                                                                                                                                                                        Չալոն գողին պատառոտել էր, բայց ինքն էլ ծանր վիրավոր էր: Առավոտյան, լսելով այդ մասին, ես դպրոց չգնացի: Չալոն, ինձ տեսնելով, տխուր հայացքը հառել էր աչքերիս, ծանր տնքում էր: Ես չկրողացա զսպել լացս, գրկեցի գլուխն ու սկսեցի հեկեկալ: Ինձ թվում էր, թե Չալոն սատկում է: Անասնաբույժ Արտակն ամեն ինչ անում էր, որ փրկի նրա կյանքը: Ես ամեն օր գալիս էի, նստում կողքին, իսկ Չալոն գլուխը դնում էր գոգիս ու տխուր թարթում աչքերը: Կթվոր կանայք ու հովիվները նույնպես ամեն ինչով օգնում էին՝ մեկը կաթ էր բերում, մեկը՝ չգիտես որտեղից ճարած մսի կտոր: Հիմա որ հիշում եմ, զարմանում եմ՝ էդ համատարած սովի տարիներին, ո՞նց էին իրենց սոված երեխաների բերանից կտրում, բերում Չալոյին:

Եվ Չալոն առողջացավ: Նրա հզոր օրգանիզմը հաղթեց մահվանը: Մի ամիս հետո նորից նախկին առյուծաձև գելխեղդն էր, ֆերմայի տիրակալն ու պահապան շների առաջնորդը:

Մայրս ու տատս ուզում էին, որ դպրոցն ավարտելուց հետո Երևան գնամ, ընդունվեմ համալսարան, որովհետև բանաստեղծություններ էի գրում և Հայոց լեզվի ուսուցչուհի Բաղդասարյանի կարծիքով բանաստեղծ էի դառնալու: Ես արդեն մեծ տղա էի, բայց դժվարանում էի բաժանվել Չալոյից: Հիշում էի այն տարին, երբ պետք է առաջին դասարան ընդունվեի և նրան թողնեի սարում ու գյուղ գնայի: Դժվար էր, բայց միասնական ուժերով համոզեցին:

Վերջապես եկավ այդ օրը: Ծանր զգացմունքներով գնացի կայարան: Մարդիկ չէին կարողանում հասկանալ ինձ, շատերը ծիծաղում էին իմ երեխայական զգացմունքների վրա: Ես, մայրս, տատս ու Չալոն կայարանում սպասում էինք Թբիլիսի-Երևան գնացքի ժամանելուն: Չալոն զգում էր իմ ներքին անհանգստությունը, ինքն էլ էր անհանգիստ, հաճախակի գլուխը հպում էր ծնկներիս, լիզում ձեռքերս: Իսկ հսկայական աչքերում թախիծ կար՝ երևի զգում էր, որ երկար ժամանակով ենք բաժանվելու:

Վերջապես գնացքը եկավ: Ես, հաղթահարելով հոգեկան տառապանքս, ճամպրուկը վերցրի ու բարձրացա վագոն: Չալոն պպզած, խոնավ աչքերով նայում էր իմ հետևից: Մայրս ու տատս ձեռքով էին անում: Ինձ թվում էր, թե հեռանում եմ ընդմիշտ և այլևս երբեք չեմ տեսնելու իմ Չալոյին:

Հետո երկար ժամանակ մարդիկ միմյանց պատմում էին մի շան մասին, որն ամեն օր Երևան-Թբիլիսի գնացքի ժամանելուց առաջ գալիս էր կայարան, նստում ու տխուր հայացքով մեկ-մեկ նայում իջնող ուղևորներին՝ նրանց մեջ իր կորած տիրոջն էր  փնտրում: Եվ չգտնելով՝ դանդաղ հեռանում էր: Իսկ ֆերմայի կթվոր կանայք ու հովիվներն ասում էին, որ բարի Չալոն կատաղել էր, գզում էր ֆերմայի իր ընկեր շներին: Կարոտը նրան շատ էր փոխել, հոգում կատաղություն էր ծնվել: Միայն, երբ ամռան արձակուրդներին գյուղ էի գալիս, Չալոն նորից նախկին հզոր ու բարի գամփռն էր դառնում, ներում ընկերների սխալներն ու կատակները: Դառնում էր հոգատար ու զիջող ընկեր:

                                                                          ***

Ժամանակի մեջ ամեն ինչ փոխվում է: Ես մեծանում էի, իսկ Չալոն ծերանում: Ինստիտուտի վերջին կուրսում անսպասելի հիվանդացա: Բժիշկներն ասում էին, որ դա կապված է անցումային տարիքի հետ: Միանգամից քաշս ու հասակս կրկնապատկվել էին: Պարզապես հարկավոր էր լավ սնվել ու թարմ օդ շնչել: Բայց քանի որ մայրս ու ծերացած տատս ինձ չէին կարողանում այնքան փող ուղարկել, որ չնչին թոշակիս հետ բավարար լիներ ճաշարանի համար, ստիպված դասերից հետո աշխատում էի շինարարության վրա:

Երբ գյուղ եկա, ֆերման արդեն տեղափոխվել էր Լալվար սարի ամառանոց: Տատս գլխի ընկավ, որ առողջությունս լավ չի՝ գլխացավից տառապում էի, ախորժակս փակվել էր, թույլ էի: Ծնկներին խփելով ախուվախ էր անում, անիծում Հիտլերին ու Ստալինին, որ ինձ «անհեր թողին»:

 Պետք է անհապաղ սար գնայի՝ այնտեղ և՛ մաքուր օդ կար, և՛ սնունդ: Իմացանք, որ կոլխոզի բեռնատարը մի քանի օրից գնալու է: Պատրաստվեցի ու առավոտ շուտ ճանապարհ ընկա: Ես, թափքում մի հարմար տեղ նստած, մտքով զրուցում էի Չալոյի հետ: Ինձ թվում էր, թե նրա հետ շփվելուց անմիջապես կառողջանամ:

Սարի ճանապարհ էր՝ քարոտ, դարուփոսերով, դժվար վայրէջքներով ու վերելքներով: Բեռնատարը տնքալով, ճռնչալով մի կերպ առաջ էր գնում: Եղանակն էլ փոխվում էր՝ սև ամպերը պատում էին երկինքը՝ անձրև էր սպասվում: Իսկ խարխուլ բեռնատարի թափքում ոչ ծածկ կար, ոչ պաշտպանվելու միջոց:

Մինչև հասանք Լալվար, մութն ընկավ: Բարակ անձրև էր մաղում:                                                  

Սրոցաքարն անցանք, իջանք ձորը, բարակ գետակից հետո զառիվեր էր սկսվում: Կանաչած ճանապարհը հազիվ էր նշմարվում: Վարորդը շեղվում էր, նորից գտնում ճանապարհը: Թաց կանաչի վրա բեռնատարի անիվներն սկսեցին տեղապտույտ անել, իսկ չորս կողմը խոր ձորեր ու խորխորատներ էին: Երկար տառապանքից հետո վարորդը կանգնացրեց մեքենան, կատաղած դուրս եկավ խցիկից ու ասաց, որ էլ չենք կարող առաջանալ, քանի որ վտանգավոր է: Իսկ անձրևն անընդհատ բարակ շղում էր: Բոլորս իջանք թափքից, մեքանայի տակ ու կողքին մի կերպ պատսպարվելով, կծկվեցինք, մինչև լույսը բացվի և մենք կարողանանք առաջ շարժվել: Հարազատների մոտ ամառանոց գնացող գյուղացիները, ժամանակ սպանելու համար, բարձրաձայն զրուցում էին, սուտ ու ճշմարիտ պատմություններ պատմում, կատակում: Իսկ ես մտքով նորից Չալոյի հետ էի: Պատկերացնում էի մեր հանդիպումը: Համարյա մեկ տարի չէինք հանդիպել: Մտածում էի, թե հարմարված կլինի իր վիճակի հետ ու ինձ մոռացած։

                                                         ․․․

Հանկարծ գյուղացիների զրույցն ընդհատվեց: Բոլորս լարված լսում էինք: Կարծես վերևից դեպի մեզ մի ձիավոր էր իջնում: Բայց այդ անթափանց խավարի ու թաց, լպրծուն գետնի վրայո՞վ, հնարավոր բան չէր:

– Սուրբ Սարգիսն է մեզ օգնության գալիս,- ծիծաղելով կատակեց գյուղացիներից մեկը:

– Կա՝ չկա, սանահնեցոնց շներն են,- լսվեց մեկի անհանգիստ ձայնը:

– Հո մեզ չեն ուտելու,- ասաց վարորդը,- շուն են էլի:

Իսկ ձայնն անընդհատ մոտենում էր: Գիշերվա լռության մեջ կարծես կրակոց լիներ:

Թաց, անձրևային  ամպերն ու գիշերային խավարն այնքան էին խտացել, որ մի քանի մետրից այն կողմ ոչինչ չէր երևում: Անսպասելի շան հաչոց լսվեց: Սիրտս թրթռաց, ջերմությամբ լցվեց՝ ինչքան էլ հեռու լիներ և անտեսանելի, ես կճանաչեի Չալոյի ձայնը:

Մի ակնթարթ հետո նաև երևաց: Մինչ գյուղացի կանայք անհանգստացած կծկվել, հպվել էին միմյանց, շունը, նրանց վրա ուշադրություն չդարձնելով, անսպասելի գրկեց ինձ: Ես արդեն ոտքի էի կանգնել: Չալոն բարձրացավ հետևի ոտքերի վրա, ինձ ճնշեց, տապալեց գետնին:

-Տե՛ր Աստված,- զարմացած ու հիացած ասաց կանանցից մեկը,- էս կենդանին մարդուց խելոք է: Էսքան հեռվից, էս խավարի մեջ, էս ո՞նց է գլխի ընկել… Էս ինչքա՞ն մեծ սեր է…

Չնայած խավարին ու մաղող թաց անձրևին, բոլորը ոտքի էին կանգնել, շրջապատել: Նույնիսկ բեռնատարի տակ պառկածներն էին իրենց ապահով դիրքը թողել, դուրս եկել: Գիտեին իմ ու Չալոյի պատմությունը, չէին անհանգստանում, հիացած նայում էին:

Մինչև լույս դեռ շատ ժամանակ կար: Հանգստանալուց, կարոտն առնելուց հետո Չալոն ինձ հասկացրեց, որ գնամ իր հետ:

-Գնա,- ասաց քիչ առաջվա հիացմունքով խոսացող կինը,- Չալոն քեզ ապահով տեղ կհասցնի: Ինչքան էլ մութ լինի, շները ճանապարհը չեն կորցնի:

Չալոյի հետ ճանապարհ ընկա: Մի քանի հոգի էլ, որ թրջվել ու ցրտից դողում էին, միացան մեզ: Չալոն բոլորիս ապահով տեղ հասցրեց: Սարվորները լսել էին գյուղից եկող բեռնատարի ձայնը, տեսել լույսերն ու չէին հասկանում, թե ինչու ենք կանգ առել նեքևում, անձրևի տակ: Արդեն անհանգստացած, պատրաստվում էին իջնել ներքև,  բայց մեզ տեսնելով, հանգստացան, որոշեցին սպասել միանչև առավոտ:

Մայրս ինձ ու Չալոյին միասին տեսնելով, ինքն էլ էր իրեն երջանիկ զգում. այս աշխարհում՝ նրա երկու հարազատները նորից միասին իր կողքին էին: Չալոն, ինձ տեղ հասցնելով, նստեց վրանի առաջ, թույլ հաչաց ու նայեց մորս աչքերին: Մթության մեջ աչքերը երջանկությունից լույս էին տալիս: Ես թրջված, թաց հագուստից ազատվելով, նստեցի կարմրած վառարանի կողքին, ինձ զգում էի ինչպես դրախտում: Չալոն նստած վրանի դռան առաջ, անթարաթ ինձ էր նայում՝ հայացքով շոյում էր: Նա էլ գոհ ու երջանիկ էր, որ ես տաք վառարանի կողքին եմ, և մայրս, փայտե կոթից սերուցք հանլով,  ինձ համար սեղան է գցում:

        -Մա՜մ…- ասացի:

Մայրս առանց լսելու էլ գիտեր, թե ինչ եմ ասելու:

-Ներս չի գալիս,- ծիծաղեց,- իր տեղը լավ գիտի: Միշտ նստում է այնտեղ ու գոհ է կյանքից, նորից երես չտաս, լկստվացնես…

– Չէ, կգա, մամ:

       – Դու գիտես,- ժպտաց մայրս՝ համոզված էր, որ չի գա:

       – Չալո՛, արի՛,- կանչեցի:

Չալոն շարժվեց, հսկա պոչը թափահարեց, մզզացրեց, բայց մնաց կանգնած դռան մոտ:

    -Արի՛,- նորից կանչեցի:

Դռան մեջ պպզած, նայում էր աչքերիս մեջ: Մոտեցա, վզից բռնեցի, քաշեցի ներս: Չուզենալով, ներս մտավ՝ արգելված բան էր անում:

-Արի, արի՜,- ծիծաղեց մայրս,- էս մի անգամը կարելի է:

Չալոն ներս եկավ: Ես նստեցի վառարանի կողքի փայտաշեն մահճակալին: Չալոն պառկեց, գրկեց ոտքերս ու սկսեց հանգիս մռռացնել: Տե՜ր Աստված, ինչքան սեր կար էդ արարածի մեջ, ինչքան էր կարոտել, ինչքան երջանիկ էր, որ նորից միասին ենք: Երբեմն մտածում եմ, որ կենդանուն ընտելացնելը և հեռանալը պատժելի հանցանք է: Հատկապես շներն ու ձիերը ողջ էությամբ կապվում են իրենց տիրոջ հետ և կորցնելուց դժբախտանում են:

Չալոն ծերացել էր: Իր տարիքի շներից արդեն ոչ մեկը չկար, միայն ինքն էր կենդանի, որովհետև սպասում էր այս աշխարհում իր համար ամենասիրելի էակի վերադարձին: Եվ այդ սպասումը նրան կյանք էր տալիս: Ֆերմայի նոր, երիտասարդ շները մեծացել էին, տեր ու տնօրեն դարձել: Չալոյին պարզապես հարգում էին, ինչպես թոռներն իրենց պապին: Իսկ ես նրանց համար օտար մարդ էի՝ առաջին օրերին, քանի դեռ չէին ընտելացել իմ ներկայությանը, հաճախակի զգուշանում էին, բացում սպիտակ, սուր ատամները: Այդպիսի պահերին Չալոն փորձում էր նախատել նրանց, որ չեն հասկանում, թե ով է եկել: Բայց էլ առաջվանը չէր: Տեսքն էլ էր փոխվել՝ առաջվա սև ու սպիտակ փայլուն մազերը չկային: Գզգզված, ճնշված արտաքինը ինձ մոտ խղճահարություն էր առաջացնում: Չնայած ամեն ինչ անում էր ինձ բավականություն պատճառելու համար, բայց զգացվում էր, որ ուժասպառ է: Նույնիսկ, երբ երիտասարդ ժամանակվա նման, մի կտոր միս վերցրի, վրան բռով աղ ցանեցի, դրի առվակի ափին, ու երկուսով դարան մտանք, տեսքը խեղճ, ծերունական էր: Իսկ երբ վազում էինք ծանրացած ագռավների հետևից, ուրիշ կերպ էր հաչում՝ ինձ անծանոթ ձայնով, կարծես լաց լիներ, ինչից ես շատ էի տխրում: Իսկ Չալոն, որ սովոր էր տիրակալ լինել, իր վիճակից կատաղում էր:  Նույնիսկ մի օր, երբ երիտասադ շներից մեկը հարձակվելու շարժում արեց, չլսեց Չալոյին, վրա պրծավ, փռեց գետնին, բռնեց կոկորդից, և միայն իմ ու հովիների ջանքերով կարողացանք հանգստացնել:

Այնուամենայնիվ, Չալոն արդեն ծեր էր: Զգացվում էր՝ այնքան մեծ էր այդ ճիգը նրա համար, որ ուժասպառված պառկեց գետնին ու ծանր շնչում էր: Սակայն նա այդ վիճակում էլ պատրաստ էր, եթե անհրաժեշտ լինի, կյանքի գնով պաշտպանել տիրոջը, որին իր եղբայրն էր համարում: Իմ եղբար Չալոն…

Մեկ ամիս պետք է մնայի: Մեկ ամիս միասին շրջում էինք Լալվար սարի կանաչների, բազմաբույր ու բազմագույն ծաղիկների մեջ: Առաջվա նման անբաժան ընկերներ էինք: Մեկ ամսվա ընթացքում  կարծես դրախտում լինեի: Առողջական վիճակս լավացավ, գլխացավերս թեթևացան:

Մեկ ամիսը մեկ օրվա նման անցավ: Երբ մարդը երջանիկ է, չի զգում ժամանակի ընթացքը: Այնպիսի տպավորություն է ունենում, կարծես այն արագացել է: Եվ ինչքան հաճելի է կյանքը, ինչքան երջանիկ ես, այնքան ժամանակն արագանում է:

Անսպասելի եկավ բաժանվելու պահը: Ես պետք է նորից լքեի Չալոյին, ու մեկ էլ, ով գիտի, կհանդիպեինք, թե՝ ոչ: Չալոն երևի զգում էր, որ պետք է շուտով բաժանվենք, ավելի էր կապվում հետս: Նույնիսկ գիշերները, երբ բոլոր շները թողնում էին ֆերմայի առջևի նստավայրը, գնում գայլերից պաշտպանելու նախիրը, նա, առաջվա նման, մեր վրանի առաջից չէր հեռանում: Պառկում էր ու սպասում լուսաբացին, որ երկուսով գնայինք շրջելու ծաղկապատ դաշտերն ու բլուրները, գրկեինք միմյանց ու գլորվեինք ծաղիկներով զարդարված գորգերի վրա:

Սակայն ես չէի կարող հավերժորեն մնալ Չալոյի հետ՝ արձակուդները վերջանում էին: ԵՎ եկավ բաժանման տխուր պահը: Գյուղից եկած բեռնատարը՝ ծանրաբեռնված, պատրաստվում էր ճանապարհ ընկնել: Ես գրկեցի Չալոյին, համբուրեցի մռութը: Լացը կոկորդիս դեմ էր առել, խեղդում էր: Մայրս գողտուկ արցունքներն էր սրբում: Հավաքված սարվորները լարված սպասում էին մեր բաժանմանը: Ես մի անգամ էլ գրկեցի, բազուկներիս մեջ սեղմեցի Չալոյին ու արագ թռա բեռնատարի թափքը: Փախչում էի, բայց ումի՞ց, ինքս էլ չգիտեի: Մեքենան շարժվեց: Զառիթափի ոլոր-մոլոր դաշտային ճանապարհով՝ դանդաղ հեռանում էինք: Չալոն նստած մորս կողքին, նույնպես սարվորների նման նայում էր մեր հետևից՝ կարծես մարդու նման հրաժեշտ էր տալիս: Ապա, երբ բավականին իջել էինք, հանկարծ պոկվեց տեղից ու սլացավ դեպի մեզ: Սարվորները ձեռքով էին անում: Թափքին նստած, կանգնած գյուղացիներն սկսեցին ծիծաղել, միմյանց ցույց տալ մեքենայի հետևից վազող Չալոյին ու փիլիսոփայել: Մտածում էի, թե Չալոն մի քիչ կվազի ու կնստի, կնայի բեռնատարի հետևից, տխուր հայացքով ճանապարհ կդնի, բայց կանգ չէր առնում: Ես սկսեցի անհանգստանալ՝ ինչքա՞ն կարող էր վազել ճանապարհի ուղղվելու հետ ընթացքն արագացնող բեռնատարի հետևից:

Մինչև ձորով անցնող գետը ճանապարհն իջնում էր, նորից վերելք էր սկսվում, ապա ուղղվում էր մինչև նոր վայրէջք՝ սարից հարթավայր իջնող ճանապարհ էր: Վերելքից հետո մեքենայի արագությունն ավելացավ: Վազքից հոգնած Չալոն, շնչասպառ լինելով, հազիվ էր հասնում մեր հետևից: Կամաց-կամաց հետ մնաց: Սիրտս ահանգիստ թրթռում էր: Երբ մոտեցանք Սրոցաքարի բլուրներին, որտեղից կտրուկ իջնող ոլորաններ էին սկսվում, մեքենայի արագութունը նորից դանդաղեց: Չալոն մոտեցավ մեզ և հևալով վազում էր: Ես կանչում էի, համոզում, որ այլևս չվազի, ետ դառնա, գնա իր աշխարհին միանա: Թափքում նստած, կանգնածները նույնպես համոզում էին, բայց Չալոն չէր լսում: Վիճակը բարդանում էր: Հնարավոր չէր անտարբեր նստել ու նայել տառապանքով, հազիվ շնչառությունը պահող Չալոյի ինքնասպանությանը: Ծերացած, ուժասպառ կանդանին չէր կարող դիմանալ այդ խելագար վազքին: Ես չգիտեի ինչ անել: Մեքենան ինձ չէր կարող սպասել, իսկ իջնելու դեպքում կմնայի ու, մեկ էլ ե՞րբ մեքանա կլիներ, որ գյուղ գնայի: Կամ էլ ստիպված պիտի լինեի ոտքով անցնել մեկ օրվա տևողությամբ, խիտ անտառներով անցնող վտանգավոր ճանապարհը:

Իսկ Չալոն դեռ վազում էր: Երբ հասնում էինք Սրոցաքարին, դանդաղեցրեց վազքը, նստեց ու սկսեց ոռնոցի նմանվող ձայներ հանել: Դա ոռնոց չէր, այլ հավերժ բաժանման դառը ողբ: Կանայք, որ սկզբում ծիծաղում էին, սկսեցին ախ ու վախ անել: Արևն այրում էր: Ամպերը խտանում էին երկնքում՝ անձրև էր սպասվում: Չալոն հանկարծ կանգ առավ, ձայնը կտվեց, ընկնելու նման նստեց ճանապարհին: Վերջնականորեն սպառվել էր:

-Խե՜ղճ կենդանի,- ասաց կանանցից մեկը: Մյուսները ձայնակցեցին:

-Շամիր, կանգնի՛ր,- չհամբերելով՝ վարորդին կանչեց կինը ու սկսեց բռունքով թմբկահարել խցիկին:

 Բոլորը համաձայն էին նրա հետ: Վարոդը կանգեցրեց մեքենան, գլուխը դուս հանեց.                                  –

-Հը՞, էլի ի՞նչ եղավ…

-Խեղճ շունը սատկում ա,- ասաց կանաՆցից մեկը:

-Ի՞նչ անեմ, ես բժիշկ ե՞մ,- սրտնեղեց վարորդը:

 Ես այլևս չէի կարող դիմանալ, ցած թռա ու վազեցի Չալոյի մոտ:

Չալոն հալից ընկել էր: Մոտցա, ծնկի իջա, գլուխը վերցրի ափերիս մեջ, շոյեցի մռութը: Չալոն տխուր, ուժասպառ նայում էր աչքերիս մեջ՝ կածես ներողություն էր խնդրում և հրաժեշտ էր տալիս: Ես չէի կարող նրան թողնել այդքան անօգնական վիճակում ու հեռանալ: Գյուղացիները նույնպես իջել էին մեքանայից, շրջապատել ինձ ու Չալոյին: Վարորդն էլ էր մոտեցել, կարեկցական հայացքով մեկ ինձ էր նայում, մեկ՝ ուժասպառ ընկած գելխեղդ շանը, որի համբավը տարիներ շարունակ շրջում էր տարբեր գյուղերից եկած Լալվարի սարվորների շրջանում, որի ահից գայլերը չէին մոտենում մեր ֆերմային:

Ես Չալոյի գլուխը գրկած նստել էի ճանապարհի խոնավ ավազներին ու չէի զգում, որ թրջվել եմ: Կարծես երազում լսեցի վարորդի ձայն.

-Հիմա ի՞նչ, մնալու ենք էստեղ կանգնա՞ծ…

 Բոլորն սթափվեցին, հարցական հայացքով ինձ էին նայում։

-Գնացեք,- վճռական ձայնով ասացի,- ես մնում եմ:

-Որ մնացիր, ի՞նչ ես անելու,- տխուր ասաց տղամարդկանցից մեկը:

-Ես մնում եմ,- կրկնեցի:

 Վարորդն շտապեցնում էր, եղանակը խառնվել էր՝ վախենում էր անձրև սկսվի: Շտապում էր, քանի դեռ ճանապարհները չէին թացացել, սղլիկ դարձել, անցնել վտանգավոր վարէջքներն ու վերելքները: Անտառի ցեխոտ ճանապարհներին մեքենան տեղապտուտ կտար, ու կմնային:

 Վերջապես բոլորը բարձրացան բեռնատար, շարժվեցին: Ես նայում էի մեկ անհետացող, մեկ՝ նորից հայտնվող բեռնատարին ու շոյում Չալոյի մռութը: Իսկ նա տխուր հայացքով ինձ էր նայում, կարծես հրաժեշտ էր տալիս:

Արևն այրում էր: Տարբեր թռչուններ միմյանց կաչելով, թփից  թուփ էին թռչում, կերակրում ձագերին: Մի քանի բազե կռնչալով սավառնում էին Լալվարի գագաթներից վեր: Հարևան գյուղերի , ծաղիկների հոտից գայթակղված մեղուները բզզալով հոտոտում էին ծիածանագույն ծաղիկները:

Կյանքը շարունակվում էր, իսկ Չալոն հրաժեշ էր տալիս: Ես չէի կարողանում զսպել արցունքներս: Աչքերիս առջևից կինոնկարի նման անցում էր միասին ապրած կյանքը, մեր երջանիկ ու դժվար պահերը: Այդ ամենը պատմություն էր դառնում: