Պատմվածք, Վարդան Սմբատյան

Մուկը դրախտում

Նա արագ-արագ հանեց շորերը, կրքոտ կատաղությամբ նետվեց գիրկս։
Նոր-նոր էի սկսել փաղաքշել փշոտ մաշկը, (մի պահ թվաց,թե կնոջ չեմ փաղաքշում, այլ մի իգացած կակտուսի) մատներս կանգ առան, հեռուստացույցի էկրանը վառվեց. էկրանին հայտնված աֆրոամերիկուհին կանացի թավ ալտով գրոհեց։

Նրա մսեղ ձայնը ինձ կուլ տվեց։
 Ներխուժեցի  ձայնի օբերտոնների մեջ ու շունչս կտրվեց։

-Ուր ես նայում է՜,- նեղացած ասաց կրքից կատաղած աղջիկն ու հեծնեց ինձ ։
Այդ պահին էկրանի կիսախավար լույսի մեջ շարժվող մուլատ երգչուհին աֆրոամերիկյան սոուլի էնպիսի կրքոտ մելիզմներ արձակեց վրաս, որ սենյակում ամեն ինչ պրկվեց… Ողջ Աֆրիկան նրա ձայնով հոսեց սենյակ։ Գունեղ ու միառժամանակ սև Աֆրիկան հանգավ կնոջ ձայնի մեջ։
Մելիզմներն ու  ձայնային վիբրացիաները փոխանցվեցին ինձ, հետո՝ գրկումս թռչկոտող աղջկան, ապա միախառնվեցին  նրա  հևոցներին, ու թավ սաքսոֆոնի հետ մեղմորեն կենակցող կիթառը վերջին, երկա՜ր սոլոն ցողեց առատ հեղուկով։
Հաճույքի գլխապտույտից  դեռ ուշքի չեկած մի ծակող, աղերսալի ճիչ սուրաց ու հարվածեց ականջներիս։ Վեր թռա։ Անկողնուց  քիչ հեռու՝ աթոռին, փոքրիկ ակվարիում էր դրված։

Կարմիր սողունը խեղդում էր պստլիկ, սպիտակ մկանը։

-Օգնիր,- գոռացի։

Չպատասխանեց։

-Քո հետ եմ, լիրբ,- փայտ տուր, արագացրու, օգնեմ. մեղք ա մուկը։
Աղջիկը,  ավելի կոնկրետ՝ պոռնիկը, ծիծաղեց ու մատնացույց արեց պատին ամրացված  ակվարիումը, որի մեջ տասնյակ ճերմակ մկներ էին ճստճստում։

-Պահում եմ, բազմացնում օձիս համար։

-Սադիստ ե՞ս, մի գրա՞մ էլ խիղճ չունես.

-Ունեմ, բայց միայն շաբաթ կիրակի, մնացած օրերին քնած ա, սիրունս:
Վերցրի մկներով լի ակվարիումը ու աննկատ դուրս եկա միջանցք, մինչ նա կլանված հետևում էր իր համար սովորական ու զվարճալի տեսարանին։ Պիթոնի գարշելի երախը, որ նման էր ձգված գիշատիչ ծաղկի հսկա՝ ճեղքված ցողունի, կլանում էր անշունչ մկանը։

Էդ պատկերը աչքերիս առաջ մնաց։

Խեղճ մուկիկի վերջին հայացքը, աչքերը։

Ախ էդ պարտությունը…

Կան իրավիճակներ, երբ մարդը կամ կենդանին ելք չունեն, իսկ մեզ հակառակում են համոզել, թե միշտ ելք կա։

Գիշերը չքնեցի։ Անընդհատ մղձավանջների մեջ էի․․․ անտանելի մղձավանջներ։

Հետաքրքրականը վերջինն էր, որ ստիպեց գրել էս պատմվածքը։

Երկու հսկա մկներ՝ (գուցե ծիծաղեք) փղի չափերի, ինձ  ուղեկցում  էին դեպի դուռը, լսվում էր բազմաձայն երգը ՝ օ՜, Օվսաննա, փառք բարձրյալին, փորձում էի առաջանալ, հսկա սև մկների թիկնազորը չէր թողնում… Նստեցի դռան մոտ, ոչ ոք չէր նկատում ինձ։ Հանկարծ ճստճստոց լսվեց. մուկոն էր, էն սիրունիկ, հոշոտված մուկոն, վազվզում էր, նայում ինձ… Արագ ելա տեղիցս, մոտեցա գրկեցի, շոյեցի երկար, երեսս հպեցի փափուկ մորթին, նա սվսվացրեց երկա՜ր ու տխուր, հիշեցնելով եղածը, ասես չէր ներել ինձ։ Աչքերը վախից չռվել էին։

-Մի վախի, մուկո՜,- ասացի՝ պստլո մարմինը հպելով այտիս։
Պստիկ-պսպղուն աչքերը հանկարծ սկսեցին մեծանալ, կլանել ինձ, պտտվել ու ուռչել, մեծացան՝ ավելի ու ավելի, վախից ուզեցի փսխել,  բայց չէր ստացվում, սկսեցի խեղդվել։ Անտեսանելի մի թաթ բռնել էր կոկորդս։ Մկնային հիպնոսը ինձ գամել էր պատին, փորձում էի շարժել մարմինս։ Ապարդյուն։

Չորս կողմս լաբիրինթոսներ էին, մեկեն բացվեցին ու հազարավոր ճստճստաններ  դուրս հորդեցին: Նրանք իրենց ճարպիկ թաթիկներով սկսեցին գործել հավերժական գորգը։

Տեսիլը կամ մղձավանջը ընդհատվեց  հերթական ժամերգությամբ։ Ա՜յ քեզ բան՝ էս անգամ էլ մկները խնկարկում ու  երգում էին, պատկերացնում ե՞ք, իհարկե ոչ, ով կարող է պատկերացնել, ախր, աներևակայելի բան է, ի՜նչ սիրուն ու կատարյալ մեղեդի էր, ուզում էի մեռնել էդ մեղեդու ավարտի հետ, բայց՝ ավաղ…
Վեր թռա, ընկերս՝ Սաքոն, անկողնուս մոտ կանգնել էր սփրթնած ու վախեցած դեմքով։
-Լսի,- շնչակտուր ասաց նա,- էն քածին հիշու՞մ ես, որ հանդիպում էիր անցած տարի։
-Ի՞նչ քած, այ անխիղճ, քնից հանեցիր հիշողությո՞ւնս ստուգելու համար։
-Չէ, արա,- հոգոց հանելով շարունակեց Սաքոն,- էն օձեր սիրող աղջիկը, հիշեցի՞ր:
-Հա, խի՞։
-Օձը խեղդել ա քնած ժամանակ, ոստիկանները քեզ էին հարցնում, միակ ծանոթն էիր, ում համարը գտել էին հեռախոսում,  զանգել էին անհասանելի էիր, էդ աղջիկը ոչ մի հարազատ չունի, փաստորեն մանկատան երեխա է եղել…

Ես ակամայից բարձր ծիծաղում եմ, հետո ավելի բարձր, շա՜տ բարձր։ Շաաա՜տ, շա՛տ բարձր …

Սենյակում կանգնած ենք ես ու Սաքոն. առջևում հայելի է։ Նայում ենք։ Ես չեմ ծիծաղողը, այլ պստիկ մի մուկ… Սաքոն չի, մի հսկա զարհուրելի մուկ է ՝ բացում է ռեխն ու կուլ տալիս ինձ։
Ճչում եմ ու նետվում լոգարան փսխելու։ Սաքոն վազում էհ ետևիցս, էլ ոչինչ չեմ հիշում։ Արթնանում եմ ջղրային ապտակներից…

-Քո հետ ի՞նչ ա կատարվում, Վարդ,- գունատ դեմքով Սաքոն թափահարում է ինձ։ Ուշքդ երկու անգամ գնաց, հագնվի, բժշկի ենք գնում, արա՛։

Ես շարունակում եմ մկնային ծիծաղով պատասխանել։
Անցել է երեք ամիս, Սաքոն ուշացած մտնում է «Ջազվե» սրճարան, դժկամորեն, մի քիչ վախեցած նայում է ինձ։
– Հը՞, արդեն լավ ե՞ս, խելագար…
– Մկների Աստված,- ծիծաղում է։

Սուրճ ենք խմում, քիչ խոսում ենք՝ շատ նայում իրար, հին ընկերները հայացքներով, ժեստերով ու նաև լռությամբ ավելի լավ են իրար հասկանում։

-Առ, նայի՛,- մեկնում եմ ա 4-ի վրա գրված փոքրածավալ պատմվածքս։

-Լավ է՜, «Մուկը՝ դրախտում», էդ ո՞նց, էս ինչ անհեթեթ վերնագիր ա, արա՛։

-Հըլը սպասի, Վարդ,- լռեցնում է ինձ։- Դու հաստատ գիժ ես, բրո,- հինգ րոպե կարդալուց հետո ասում է Սաքոն:- Էհ, գիժ ջան,- կրկնում է մի քանի անգամ։

Առավոտյան ուշացած մտնում եմ գրասենյակ, քարտուղարուհիս ու բաժնի խմբագիրները տարօրինակ կերպով նայում են դեմքիս։

-Վարդան…- ու լռում են, չեմ հասկանում՝ ինչո՞ւ:

Նորից.

-Վարդան, դու…

-Ես ի՞նչ,- պոռթկում եմ․ կարծում եմ էլի ուզում են շուտ գնալ տուն։

-Շե՜ֆ ջան, դու մկների սիրահար ե՞ս,- անսպասելի ու սիրալիր ձայնով հարցնում է Մարիան՝ հավաքարարը։

-Գժվել ե՞ք, մի հատ անցեք ձեր գործին, ինչի՞ց ենթադրեցիր։

Նայում եմ՝ճեփ-ճերմակ տասը մկներ վազվզում են գրասեղանիս վրա։

Գլխիս մեջ ճայթում է մոռացված մի պատկեր.

Մկներով լի ակվարիումը նվիրում եմ փոքրիկ աղջնակին, մայրը շատ ուրախ է.

 -Շատ շնորհակալ եմ, երեխաս աուտիզմ ունի, դժվար է շփվում իր տարեկիցների հետ, էս հրաշք մկնիկները գուցե օգնեն…

Ճայթյունը լռում է…

Պատկերը արագ մեռնում է։ Մկները վազում են…

Սեղանիս անկյունում նամակ է դրված.

– Հարգելի Վարդան Գևորգյան, աղջիկս մահացել է, մկների այս ակվարիումը դուք էիք նրան նվիրել, ես ալերգիա ունեմ, ուստի մկները ուղարկում եմ ձեզ։

Հարգանքներով … Լ. Իսաջյան։

Դողը բռնում է ինձ, ո՞նց, ախր մկները, փափլիկ, ճստճստան արածներ են, նրանք չեն կարող սպանել…

 Վազում եմ լոգարան փսխելու, ես այլևս հիբրիդ-մարդամուկ եմ, ով ապրում է կյանքի հոշոտող երախում…