(հատված վեպից)
Թարգմանությունը վրացերենից՝ Ասյա Դարբինյանի
Հակամարտության գոտի
Չորեքշաբթի
Մաման ասեց՝ կաթս կտրվեց, լացը չի կտրի։
Նինցոյին ասի՝ կաթը կտրվեց, լացը չի կտրի։ Ի՞նչ ես անելու, Գվելեսիանիներից բացի տարբերակ չկա,- Նինցոն ասեց։ Դարպասի բռնակն էր չխկչխկացնում։ Ասի՝ էրեկ դողէրոցքի մեջ էր, հենց լացը կտրում էր, մատներս գինոտում, դնում էի բերանը, մինչև քնեց։ Դե, որ ասում եմ՝ լսի, ելքը Գվելեսիանիների դեղատունն ա, էդ պիտի անենք։ Ասի՝ վերջս կտա։ Սիրտս խառնում էր։ Երեխեն կմեռնի,- Նինցոյի ձայնը փափկեց,- հետո մերդ կասի՝ Աստված հրեշտակներին ա իր մոտ տանում։ Ասի՝ բերանդ խերով բաց։ Ինչի՞ եք մեր ու աղջիկ՝ երկուսով էդքան դեբիլ։ Ձեռքս տարա Նինցոյի բռնակի հետ խաղացող ձեռքին։ Մի՛ արա, վրաս ազդում ա։ Ըհը՛։ Նինցոն ձեռքն իբր քաշեց։ Չգիտե՞ս՝ ոնցն ա, մի ժամ գլխիս անեծք թափեց Մանանայի խանութից թռցրած մակարոնի ու թեյի համար։ Բա ո՞նց ջոկեց, չասի՞ր, որ օգնություն բաժանող կնանիք են տվել։ Հա, ասի, բայց մոռացել էի գները պոկել։ Ինչի՞ ես էդքան դեբիլ, ինչի՞, հը՞ն, ձեռդ քաշի։ Դու էլ։ Չէ՛, սկզբից դու։ Ըհը՛։ Երկար լուռ մնացինք։ Իրար էինք նայում։ Ներս անցի, իրար հետ կհելնենք,- Նինցոն ասեց հայացքը փախցնելով։ Զաուր պապը նստած էր բակում։ Հայացքը՝ անորոշ կետի, հագին՝ հին կոստ, էն զիբիլներն էլ հավաքել, կախել էր դոշերից։ Տես, բա յոբը խբած չի՞, սաղ օրը մեդալների մեջ վեր ընկած ա։ Զաուրն ասեց՝ սրա սֆա՜թը, սրա զվռնե՜լը, չաթլախ ա մեծնում, դու էլ ես չաթլախ մեծնում, տատն էլ տունը շունչը փչում ա։ Պապի, ներս անցի, չես ջոկո՞ւմ՝ գլխիդ վերևը թռնում են, մի բան չլինի,- Նինցոն ասեց։ Զաուրն էհ քաշեց, դեմքը շրջեց։ Նինցոն ծաղկանոցը փորել էր։ Սկսեցի վրան դոփել։ Փոխվեմ գամ,- Նինցոն ասեց։ Զաուրը կրկնեց՝ Լամարան շունչը փչում ա։ Ձայն չհանեցի։ Զաուրն ասեց՝ էս պատերազմ ա՞, էս պատերազմ չի, սրանք՝ էս կողմից, նրանք՝ էն կողմից, մեջտեղը բան չկա։ Ասի՝ միջանցքը կբացեն։ Չէ մի չէ՝ միջա՜նցք, ումի՞ց ես լսել։ Ասի՝ դասարանցուս հորից, էդպես են ասում։ Չէ մի չէ, չեն բացի,- Զաուրն ասեց։ Դե կտեսնես։ Մեր վերջը կտան։ Ասի՝ կբացեն, դասարանցուս հերն ա ասել, էս քանի օրը կբացեն։ Զաուրը դեմքը ծամածռելով ասեց՝ դասարանցուս հե՜րը, դասարանցուս հե՜րը․․․ էդ հողը հանգիստ թող։ Վեր նայելով ասեց՝ սրանք էնպես են թռչում որ։ էնպես ի՞նչպես։ Էնպե՛ս։ Վերջներս կտան։ Ասի՝ եսիմ, վերջներս տվող լինեին, արդեն տված կլինեին։ Աղջի՛, մի ասա տեսնեմ՝ ի՞նձ ես ավելի շատ հավատում, թե՞ դասարանցուդ խելքից թոփալ հորը,- Զաուրն ասեց։ Ասի՝ դասարանցուս հորը։ Զաուրն էհ քաշեց ու սսկվեց։ Քել,- դռնից ելնելով ասեց Նինցոն։ Հագին կապույտ շորիկ էր։ Զաուրը հետևներիցս գոռգռաց՝ թութունս ա գողանում, չաթլախը։ Նինցոն չլսելու տվեց, շորիկով էր տարված։ Փեշից բռնեց, ծածանեց, ասեց՝ լավն ա, չէ՞, Ճստո, մենակ գրպանները քանդեցի։ Էդ պահին գլխի ընկա։ Գող ես,- ասի,- գո՛ղ։ Նինցոն ձեռքը թափ տալով ասեց՝ էլ մի։ Խնդրեցի էլ, որ էլ չթռցնես, գողի մեկը, քանի անգամ եմ ասել, որ չվերցնես։ Նինցոն ասեց՝ էլ մի սկսի, մեռելից տանողը գող չի, երբ էս էդքանը ջոկելու։ Ի՞նչ իմացար, որ մեռել ա, որտեղի՞ց գիտես։ Չգիտեմ,- Նինցոն ասեց,- մենակ դրա անտեր մնացած տունը գիտեմ ու էնքան լավ գիտեմ, որ աչքերս կապած էլ կմտնեմ։ Լավ,- ասի,- քո ասածն ա։ Ըհը, եղավ,- քիչ անց Նինցոն ասեց,- էլ չեմ անի, իրոքից։ Էս շատ հավանեցի, կապույտ ա, մորս հագին եմ հիշում նման շորիկ։ Լավ,- ասի,- քո ասածն ա։ Համ էլ անակնկալ ունեմ։ Դուրս եկանք գլխավոր փողոց՝ դատարկ փողոց։ Անակնկա՞լ,- կրկնեցի անկապ։ Արագացրու,- Նինցոն էլ չէր համբերում,- հա՛մ գործ ունենք, հա՛մ էլ անակնկալը ցույց կտամ։ Լավ,- ասի,- մի պայմանով։ Ըհը, եղավ, հետո պայմանդ կասես։ Ինչի՞ ես էդ կողմ գնում,- հարցրի,- կտեսնեն։ Էնպես հեռու ա։ Ասի՝ Նինցո՛, կտեսնեն։ Ուֆ, էլ մի, ըհը՛, – Նինցոն աչքերը չռեց վրաս,- եղավ։ Մյուս կողմից պտտվենք։ Ասի՝ կողքերդ նայի։ Նինցոն ասեց՝ մարդ չկա։ Նախ ես սողոսկեցի, հետո՝ Նինցոն։ Ես՝ արագ, նա՝ մի քիչ ծանր։ Կոտրած կողպեքը զգույշ հանեցինք ու ներս անցանք։ Մթությանը վարժվելու համար ժամանակ էր պետք։ Մութ տուն էր։ Մտքներովս չանցավ էլ վարագույրները բացել։ Նինցոն ասեց՝ քել, զիլ բան եմ ցույց տալի։ Հարցրի՝ ե՞րբ հասցրիր նորից էստեղ գալ։ Մի երկու օր առաջ,- Նինցոն ասեց,- կողպեքը Կվերնաձեն կոտրեց։ Ասի՝ ղախպի մեկն ա։ Վայ, Ճստո,- Նինցոն խնդաց,- կեղտոտ բառեր մի ասա, Աստված կպատժի։ Ուսով բշտեցի, ասի՝ շաշոլդ քաշի։ Մտանք ննջարան։ Նինցոն բացեց պահարանը։ էս ա, սրա մասին էի ասում։ Անհավես ասի՝ հետո՞։ Ի՞նչ հետո, փլեյե՜ր՝ իրա դիսկերով։ Ջոկո՞ւմ ես, երևում ա՝ աչքներով չի ընկել, չեն տարել։ Նվագում էլ ա, էս ա,- Նինցոն ասեց հիացած։ Ինչ թույն ա, դիսկեր, լիքը դիսկեր։ Ասի՝ մի քիչ ցածրացրու։ Երևի Դաթուլինն էր։ Դաթուլինը կլիներ։ Հիշո՞ւմ ես Դաթուլին,- Նինցոյի աչքերը փայլեցին։ Դաթուլը թույն տիպ էր։ Շատ կարգին, լուրջ դեմք էր։ Նինցոն քմծիծաղ տվեց, ասեց՝ դու չես հիշի, տղերքի կողմ նայած չկաս, երեխա ես։ Էս լուրջ որջ ա, չէ՞։ Ասի՝ հա, մենակ ցածրացրու։ Նինցոն վեր կացավ։ Ճստո, հավեսովս գնա, քել պարենք։ Ասի՝ չեմ ուզում։ Լավ դե, էլ մի,- Նինցոն ինձ չսպասեց, սկսեց պարել։ Թույն ա։ Նինցոն գլուխը հետ էր գցել, ճոճվում էր։ Հարցրի՝ բա անակնկա՞լը։ Անակնկա՞լը, սպասի, ահա՛ անակնկալը։ Ահա՛ հրաշքը։ Նինցոն լիֆից սիգարետի տուփ հանեց։ Հարցրի՝ որտեղի՞ց։ Աղջի, հարցաքննությո՞ւնն ա,- Նինցոն կանգնեց, էլ չէր պարում։ Փլեյերն անջատեց։ Ճստո, քեզ ի՞նչ եղավ, դուրս չես գալիս։ Ինչի՞ ես մի տեսակ, երեխու պահո՞վ։ Ասա՝ որտեղի՞ց ես ձեռ գցել։ Սիրտս խառնում էր։ Նինցոն հայացքը թեքելով ասեց՝ էն չախկալն ա տվել։ Նինցո,- ասի,- Նինցո՛։ Գի՞ժ ես, դրանց մոտ էի՞ր։ Ի՞նչ դրանց մոտ, աղջի, իմ համար գնում էի, Լամարային եզան լեզու էի տանում, ի՞նչ ես իրար խառնվում, պահակակետի մոտ մենակ ինքն էր կանգնած, կանչեց, մոտիկացա։ Ասի՝ Նինցո՛։ Ի՞նչ։ Հարցրի՝ սիգարետ չունե՞ս, մի երկու հատ, մեկ էլ՝ հանեց տուփը տվեց։ Նվիրեց։ Նվիրեց։ Նինցո,- ասի,- գիտես չէ՞, որ վտանգավոր ա, բա որ մերոնցից տեսնող լիներ։ Սիրտս խառնում էր։ Նինցոն ասեց՝ հեչ վեջս չի, թույն տիպ ա։ Կապույտ աչքեր ունի, բա գիտե՞ս՝ ինչ մարմին ունի, մորս արև, մեռնեմ, թե ինձ չի հավանում։ Գիտե՞ս՝ ոնց էր շոռում, բա բոցը չիմացար, ասեց՝ քեզ ու էն փոքր աղջկան շուտ-շուտ եմ տենում, քո մասին ասեց։ Ասի՝ ըհը, քույրիկս ա։ Տուփը բացեց։ Ասի՝ գի՞ժ ես, ինչի՞ ես խաբել, ասա՛։ Իրոքից դեբիլ ես, որ ասեի նույն տարիքի ենք, հավատալո՞ւ էր։ Նինցոն նայեց իր ծիծիկներին։ Ասի՝ զզվելի ես։ Հետո՞։ Ի՞նչ հետո, սիգարետ տվեց, ժպտացի ու եկա։ Նինցոն կպցրեց։ Ինքն էլ ինձ ժպտաց։ Ծուխը փչեց դեմքիս։ Ասի՝ զզվելի ես, սիրտս խառնում ա քեզնից։ Լավ էլ դրանց լեզվով էշը ցեխից հանել ես,- իմ արևին կծեցի։ Նինցոն ասեց՝ էդ ա, որ կա։ Լավ, էս ամեն ինչը վերջանա, Վալենտինային շնորհակալություն ասենք, մեկ էլ տեսար՝ գնահատականդ բարձրացրեց։ Նինցոն վրաս նայեց, էնպես նայեց, որ չշարունակեցի, ձայն չհանեցի։ Ես էլ կպցրի։ Քիչ անց Նինցոն սիգարետը լուցկու տուփի մեջ տրորելով ասեց՝ լսի, Կվերնաձեն հետներս գործ ունի։ Կվերնաձե՞ն,- կրկնեցի անկապ։ Հա ի՞նչ, էնպես ես զարմանում, ոնց որ չես ճանաչում։ Ինչ-որ լուրջ գործ կա։ Նինցոն էլ էր շատ լուրջ։ Ասի՝ դե, եթե Կվերնաձե՜ն։ Նինցոն գլխիս գոմփեց։ Ասեց՝ այ էդպես, թե չէ էս քանի օրը տրամդ էն չի, մորս գերեզման, արդեն իրոքից վախենում էի։ Մի տեսակ փափուկ սիգատրետ ա, չէ՞, մերի նման չի։ Ասի՝ հա, լավն ա, չի խեղդում։ Լավ ա։ Հարց չկա, էլի կուզեմ,- Նինցոն խնդաց։ Ասի՝ Նինցո՛։ էլ մի սկսի, կատակ արի։ Նինցոն սենյակը չափչփելով ասեց՝ ի՞նչ անենք։ Քել, էս պահարանի գլխին կապոցներ կան, օգնի իջացնեմ։ Ասի՝ չէ, պայմանավորվել ենք, մոռացա՞ր։ Նինցոն ասեց՝ ի՞նչ ենք պայմանավորվել, հը՞ն։ Ասի՝ ինչ որ պայմանավորվել ենք, լավ էլ գիտես, ոչ մի բան չես տանելու։ Նինցոն ասեց՝ սպասի, մի հատ ջոկեմ՝ ինչ կա, հետո կորոշեմ։ Ասի՝ Նինցո։ Աթոռը դրեց պահարանի մոտ, սկսեց կապոցները հերթով գցել։ Մի հատ ջոկեմ՝ ինչ կա չկա, չեմ տանում, նայում եմ։ Ասի՝ Նինցո, Նինցո՛, Նինցո՛, Նի՛ն-ցո՛։ Նինցոն գոռաց՝ հոգնեցի՛։ Աթոռից ցատկեց։ Հոգնեցի՛։ Կամ օգնում ես, կամ էլ՝ յան տուր։ Սպանեցիր քո գերազանցիկությամբ: Չես ջոկո՞ւմ, սրանք ընդմիշտ ռադները քաշել են, գիտես՝ ինչի, իմ ու քո պես անտեր չէին, փող ունեին։ Փողը տվին ու դուրս եկան։ Իսկ ես ու դու էստեղ պիտի մեռնենք, որովհետև սրանց պես հաստ ոռ չունենք։ Սրանք պիտի առոք-փառոք ապրեն, ողջ մնան, իսկ ես՝ մեռելս, սրանց քրջերն էլ չվերցնե՞մ, հը՞ն, հը՞ն։ Նինցոյի քունքի երակները երևացին։ Դե, հիմա տե՛ս։ Կվերցնեմ, ամեն ինչ կվերցնեմ, սաղ տունը կդատարկեմ։ Ամեն ինչ կտանեմ։ Նինցոն ոտքով խփեց աթոռին։ Կտանե՛մ։ Ծվաց։ Լավ,- ասի,- կամաց։ Լավ։ Քո ասածն ա, լավ։ Աթոռը վերցրի։ Բարձրացի, տուր ինձ։ Նինցոն վրաս նայեց։ Ասեց՝ եղավ։ Առանց ձենս գլուխս գցելու էլ կարայիր օգնեիր։ Բարձրացավ աթոռին, կապոցը փոխանցեց ինձ։ Ասի՝ հին շոր-շիրթ ա, մեկ էլ՝ վարագույր։ Եղավ,- վերևից ձայն տվեց,- վարագույրը Լամարայի համար կկտրտեմ, շորերն էլ կհագնեմ։ Տղամարդու հին շորեր ա։ Ուրեմն էդ էլ կկտրտեմ Լամարայի համար։ Մի հատ տես էլի,- ձեռքերը ցույց տվեց,- ինչ վիճակում են Լամարայի տակացուները լվանալուց, տե՛ս։ Իսկ սրանք տակը կգցեմ, փոխելուց էլ կշպրտեմ։ Տեսակավորեցինք։ Ստացվեց երկու կապոց, մնացածը թողեցինք գետնին թափված։ Նինցոն ասեց՝ գիշերով կտանեմ, տեսնող չլինի, շառ են։ Քիչ անց ասի՝ Նինցո, ինչի՞ երդվեցիր։ Նինցոն իբր զարմացավ։ Երդվեցիր, որ էստեղից բան չես թռցնի, իմ արևով երդվեցիր։ Նինցոն ասեց՝ ուֆ, էլ մի, Ճստո, լեզուս կծել էի։ Ասի՝ կծել ե՞ս։ Նինցոն ասեց՝ հա բա, քո արևով երդվելուց լեզուս միշտ էլ կծում եմ։ Ասի՝ կնկա շորեր էլ կան, կուզե՞ս։ Նինցոն ասեց՝ ո՞ւր ա։ Լավ, էս ա, տեսա։ Ուզում եմ, բա ոնց։ Հա, հա, հա,- Նինցոն քրքջաց,- էս ինչի՞ նման ա։ Տեսնես՝ ո՞ր դարի ա։ Ասի՝ սրա՞նք էլ ենք ուզում։ Մեկ առ մեկ էի փոխանցում։ Բա ոնց, մոդայի ցուցադրություն եմ կազմակերպելու Լամարայի ու Զաուրի համար, – Նինցոն սկսեց խնդալ,- դուք էլ համեցեք, խնդրեմ։ Ասի՝ ոնց ասես։ Ես էլ խնդացի։ Նինցոն շորերը գցեց, աթոռից իջավ։ Հելանք, սրանք հետո կտանեմ։ Քել հետս եզան լեզվի, պրծել ա։ Ասի՝ լավ, բայց մի հատ տուն մտնեմ նոր։ Եղավ, դու գնա, ես մի քիչ էլ երգ կլսեմ,- Նինցոն փլեյերը վերցրեց,- մի ժամից մոտս եղի։ Ասի՝ ոնց ասես, դուռը հետևիցս փակեցի, շեմից շատ չհեռացած Նինցոյի ձայնը լսեցի։ Երգում էր։
Հինգշաբթի
Աղջի, ի՞նչ եք թրև գալիս, տուն գնացեք։ Չե՞ք վախենում՝ մեկը մի փորձանք բերի գլխներիդ, ձեր վրա խաբար չկա՞, որ Զեինաբի աղջիկներին մինչև հիմա չեն գտնում։ Նինցոն ասեց՝ եզան լեզվի ենք դուրս եկել, Մզիա մորքուր։ Սև եզան լեզու կգա գլխներիդ, մանավանդ՝ քո։ Ատամներիս արանքից ասի՝ եզան լեզուն Լամարա տատի համար ենք տանում, պառկելախոց ունի։ Մզիան ասեց՝ վայ, մեկդ՝ աղվես, մյուսդ՝ պոչ, իրարից պոկ չեք գալիս։ Դոդոն ավելը ձեռքին դուրս եկավ իր դարպասից ու ասեց՝ այ կնիկ, ի՞նչ ես էդ երեխեքին վրա տալիս։ Մզիան ասեց՝ վրա չեմ տալիս, զգուշացնում եմ, պատերազմ ա, իսկ էս բախտավարներն աջ ու ձախ թրև են գալիս։ Նինցոն ասեց՝ եզան լեզվի ենք դուրս եկել։ Ի՜նչ եզան լեզու, աղոթքի՛ եկեք, ես հենց հիմա գնում եմ մաքություն անեմ։ Մզիան թե՝ հիմա գալիս եմ ի՞նչ անեմ, Աստվածամոր տոնին կգամ։ Քեզ չեմ, աղջիկների հետ եմ, դեսուդեն ընկնելու փոխարեն, թող գան օգնեն, մաքրտենք։ Մզիան հարցրեց՝ տեր հայրն էնտեղ կլինի՞։ Դոդոն ասեց՝ Տեր հայրը կլինի, «Հայր մերը» կկարդա, խաղաղության աղոթք կանենք։ Ճստո, բալես,- հանկարծ փափկեց,- երգողների մեջ կկանգնե՞ս, առաջին ձայնի պետք ունենք։ Ասի՝ հա, ոնց ասես, Դոդո քուրիկ, կկանգնեմ։ Ապրես, բալես, բոլորով պիտի ժամում լինենք, աղոթք անենք, որ փրկվենք։ Աստծով կփրկվենք։ Խաղաղության համար պիտի աղոթք ասենք ու կյանքի համար։ Մեռելների համար էլ։ Մզիան ասեց՝ աղջի, բան հասկացա՞ր։ Նինցոն աչքերը ոլորեց։ Հայացքն ինձ ուղղելով Մզիան ասեց՝ սա լավ բալա ա, եկեղեցուն մոտ, մեկումեջ կգա, կերգի, բա դո՞ւ, դո՛ւ ինչ բանի ես։ Տատուս եմ պահում,- Նինցոն ասեց դեմքը խոժոռած։ Դրանից բացի մի բան էլ արա, հետս արի, օգնի, ժամի հայաթը մաքրենք։ Աստված քեզ լավ աչքով կնայի։ Ասի՝ Դոդո քուրիկ, էս տանենք, հետո կգանք։ Ճար չկար, Նինցոն կատաղությունից գույնը գցել էր։ Մի էն ցնորվածին նայեք, պակասավոր չի, բա ի՞նչ ա,- Դոդոն ասեց՝ գլխիս վրայով նայելով,- էն ի՞նչ ա քարշ տալիս։ Էդ ո՞վ ա, աղջի,- Մզիան հարցրեց՝ ձեռքը ճակատին։ Ասի՝ Թեբրոն։ Էդ ի՞նչ ա քարշ տալիս, չգիտե՞ս,- Մզիան էր,- չեմ տեսնում։ Բահ, բահ ա բերում, – ասեց Նինցոն։ Առանց էդ էլ տունը մնալուց խելքը գցել էր,- Դոդոն ասեց,- իսկ հիմա, էլ ասելու չի, պատերազմից լրիվ խելքը կորցրեց։ Բարև, Թեբրո,- Դոդոն ասեց,- որտեղի՞ց ես գալիս, աղջի։ Ձորից,- ասեց Թեբրոն ու կանգ առավ։ Դեմքը կարմրած էր։ Ձորի՞ց,- Նինցոն ասեց ինձ նայելով։ Բա ինչի՞ ես բահով ման գալիս, ա՛յ տնաշեն,- հիմա էլ Մզիան հարցրեց։ Մեռել կա ձորում,- Թեբրոն ասեց։ Էդ գիտենք, մեր մեռելը չի,- Դոդոն ասեց։ Մերը չի,- Թեբրոն ծանր շնչելով ասեց,- նեխել էր։ Ումն էլ լինի, մեռելին հող ա պետք։ Թաղեցի՞ր,- ես ու Նինցոն միասին հարցրինք՝ աչքերներս վրան չռելով։ Թաղեցի՞, ե՞ս, չէ, ես ձեռք տվողը չեմ, մենակ հող լցրի վրան։ Ըհը, էլի բան ա,- Նինցոն ասեց,- մենք էլ չկարողացանք մատով կպնել։ Ինչի՞դ էր պետք, ա՛յ քո տունը շինվի,- Դոդոն ասեց,- դրանց մեռելը հողի արժան չի։ Մեռելը մեռել ա,- Թեբրոն ասեց,- մեռար, էլ մեր ու ձեր չկա։ Բահը վերցրեց, էլ չնայեց ո՛չ մեր, ո՛չ էլ նրանց կողմ, արագ հեռացավ։ Միշտ էսպես խառն ա խոսում,- Դոդոն ասեց,- պիտի էնտեղ ընկած մնար, ով ուզում ա լիներ։ Նեխում էր, այ կնիկ,- Մզիան ասեց,- երեխեք են էդտեղ խաղում։ Մեկը՝ իմ Դիտոյի երեխեն էնտեղից ոտը չի քաշում, դու խաբար չե՞ս, որ էդ մեռելը տեսնելու համար ողջ թաղի երեխեքը օրը հազար անգամ գնում-գալիս են։ Դոդոն ասեց՝ հետո թող թաղեին, չե՞ս տեսնում, գլխներիս ինչ են թափում, թափողն էլ թող թաղեր։ Նինցոն ասեց՝ քել հելնենք, էլ չեմ դիմանում սրանց զրիցներին։ Լավ մնացեք,- թիկունքից ասինք, քայլերս արագացրինք։ Կգաս, աղջի, դո՛ւ, Նինցո։ Ավելդ հետդ կբերես։ Սպասում եմ։ Դոդոն հետևներիցս գոռաց՝ առանց քեզ չեմ սկսելու։ Բաբոյիդ արև թե կգամ,- Նինցոն ասեց ետ չնայելով։ Հարցրեց՝ դու կգնա՞ս օգնելու։ Ասի՝ բաբոյի արև։ Թե ուզում ա, Աստվածամոր տոնին կերգեմ։ Նինցոյի դեմքը բացվեց, ասեց՝ ուխ, Ճստո, էս պահերիդ գժվում եմ քո համար։
Դուլսե Չակոն
