(հատված վեպից)
Թարգմանույթունը Իսպաներենից՝ Ալիս Տեր-Ղևոնդյանի
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
Զուր ես սրտեր նկարում պատուհանին.
վարը՝ ամրոցի բակում,
լռություն պարտադրող պարագլուխը
զինվորներ է հավաքագրում։
Պաուլ Ցելան
Օրտենսիա էր այն կնոջ անունը, որը պիտի մեռներ։ Մուգ աչքեր ուներ ու երբեք բարձր ձայնով չէր խոսում։ Միայն այն դեպքերում, երբ բերանը ծիծաղով էր լցվում, մի «վա՜յ, մամա ջան» էր պոռթկում, որը դեռ չէր սովորել զսպել, ու որը անդադար կրկնում էր՝ փորը բռնելով։ Օրվա մեծ մասը անց էր կացնում կապույտ կազմով մի տետրի մեջ գրելով։ Երկար հյուսը հասնում էր մինչև գոտկատեղը, և ութ ամսվա հղի էր։
Արդեն ընտելացել էր ցածրաձայն խոսելուն՝ դժվարությամբ, բայց ընտելացել էր։ Ու սովորել էր ինքն իրեն հարցեր չտալ, ընդունել, որ պարտությունը իր խորքն է սողոսկում, ամենախորքը՝ ո՛չ թույլտվություն հարցնելով, ո՛չ էլ բացատրություն տալով։ Սոված էր, մրսում էր, ծնկները ցավում էին, բայց չէր կարողանում ծիծաղը զսպել։
Ծիծաղում էր։
Ծիծաղում էր, որովհետև Էլվիրան՝ բանտի իր ընկերուհիներից ամենափոքրը, պուպրիկի գլուխ սարքելու համար իր ձեռնոցի մեջ սիսեռի հատիկներ էր լցրել, ու դրա ծանրության տակ չէր կարողանում ձեռքը շարժել։ Բայց չէր հանձնվում։ Նրա պստլիկ մատները պայքարում էին բրդյա ձեռնոցի դեմ, իսկ բռնազբոս սուր ձայնն ուղեկցում էր այդ մնջախաղին, որի նպատակը վախը փախցնելն էր։
Էլվիրայի վախը։ Օրտենսիայի վախը։ Այն կանանց վախը, որոնք ևս ցածրաձայն խոսելու սովորություն էին ձեռք բերել։ Նրանց ձայների միջի վախը։ Ու արյունը չտեսնելու համար հայացքը փախցնողների նրանց վախը։ Իրենց ընտանիքի անդամների վախը, որոնք չտեսնելու համար նույնպես հայացք էին փախցնում։
Տեսակցության օրն էր։
Կինը, որ պիտի մեռներ, չգիտեր, որ պիտի մեռներ։
2
Էլվիրայի պուպրիկը կրկին վերածվում է իր աջ ձեռնոցի։ Օրտենսիան նայում է նրա ձեռքին, փորն անընդմեջ շոյելով ու աշխատելով, որ Էլվիրան չնկատի իր հայացքը։ Մի ձեռնոց։ Ընդամենը փոքրիկ մի ձեռնոց, որ գործել են մոր սիրառատ ձեռքերը, կարող է հուսահատության առարկա դառնալ, եթե զգուշությունը, եթե զգոնությունը չլինեն այդ կանանց մշտական ուղեկիցը՝ անուշադրության մեկ պահն էլ բավական է, որ մեկը շրջվի, ու աչքերը տեսնեն այն, ինչը լավ կլիներ, որ չտեսնեին։
Օրտենսիան Էլվիրայի հետ գտնվում էր զրուցասենյակում՝ մի սրահում, որի կենտրոնում միջանցք կար՝ երկու կողմից խիտ մետաղական ցանցով պատված։ Անցուղու միջով մի ծառայող կին էր քայլում՝ հսկելով բանտարկված կանանց ու նրանց ազգականներին։ Էլվիրայի մոտ իր պապն էր եկել, իսկ Օրտենսիայի մոտ՝ քույրը՝ Պեպան։ Չորսից ոչ մեկը չէր կարողանում որևէ բան լսել։ Օրտենսիան ձեռքի շարժումներով հասկացնում էր քրոջը, որ հղիությունն առանց բարդությունների է անցնում։ Բառերը մեկ առ մեկ էր արտաբերում՝ հստակ ու դանդաղ, ասելով, որ Պեպան ամուսնուն լիքը համբույրներ փոխանցի։ Հետո՝ ամուսնուն գրկախառնություն փոխանցելու համար, ինքն իրեն գրկելու շարժում էր անում։
Տեսակցողների ժխորը հնարավորություն չէր տալիս Օրտենսիային լսել, թե քույրն ինչ է փորձում ասել։ Բղավելով՝ Պեպան փորձում էր տեղեկացնել, որ քրոջ դատավարության օրը դեռ չեն նշանակել։
-Դեռ հայտնի չի, երբ է լինելու քո դատը։
-Ի՞նչ։
-Դա՜տը, դեռ լուր չկա։
Օրտենսիան բռնեց ցանցից, որով պատված էր Պեպայից նրան բաժանող միջանցքը։ Պեպան նույն բանն արեց մյուս կողմից՝ քրոջն ավելի մոտ լինելու համար։ Այդ պահին էր, որ երկուսն էլ տեսան, թե ինչպես է հսկիչ կինը շրջում գլուխն ու հայացքը հառում Էլվիրայի ձեռնոցին։
3
Պուպրիկի «գլխի» սիսեռի հատիկների վրա դեռ արյան հետքեր կային։ Էլվիրան՝ միջանցքի մյուս կողմից նայող պապի զարմացած հայացքի ներքո, քանդեց պուպրիկը։ Վեր հանեց ձեռնոցը։ Հսկիչն ուշադրություն չդարձրեց, մտածելով, որ աղջիկը պապին ինչ-որ խաղով է զվարճացնում, ու շարունակեց իր ճանապարհը վճռական քայլերով, մեջքի հետևում ձեռքերը միահյուսած։ Երբ հսկիչը բավականաչափ հեռացավ, Էլվիրան հանեց արյան հետքերով սիսեռի հատիկներն ու մատնացույց արեց իր ծնկները։
Հեռավորությունն ու խավարը հնարավորություն չտվեցին ծերունուն տեսնել
թոռնուհու դեռ չլավացած վերքերը։
Հսկիչը կտրուկ կանգ է առնում։ Շրջում է գլուխը։ Դեմքը խոժոռում է։ Գոռում է.
«Էլվի՜-րա, հե՛տ գնա»։ Նորից սկսում է դանդաղ քայլել, ուղղվելով դեպի Էլվիրան, ծամածռելով լարված բերանն այնպես, ասես ժպտում է։ Մատները՝ դեռ մեջքի հետևում, ծալծլում է ու նորից գոռում.
-Էլվի՜-րա, հե՛տ գնա։
Էլվիրան մի քայլ հետ է անում, հենց այն պահին, երբ հսկիչը ձախ ափով հարվածում է ցանցին՝ Էլվիրայի դեմքի բարձրության վրա։
-Ձեր տեսակցությունն ավարտվեց։ Վերադարձեք ձեր թևն ու ինձ այնտեղ սպասեք։
Ու, ավելի հանգիստ տոնով դիմելով Էլվիրայի պապին, ավելացնում է.
-Հեռացե՛ք։
Ծերունին նայում է իր կողքին կանգնած կնոջը՝ Պեպային։
Նայում է նրան տարակուսած, բայց չի հարցնում, թե ինչ է պատահել, որովհետև ավելի լավ է հարցեր չտալ։
-Գնացե՛ք, պապիկ, ձեր թոռան հետ տեսակցությունն ավարտված է։
Էլվիրան սիսեռի հատիկները դնում է գրպանը, ձեռնոցը քաշում իր պստլիկ ձեռքին ու ևս մտցնում գրպանը՝ զսպելով պապին ձեռքով հրաժեշտ տալու իր ցանկությունը։ Ծերունին նույնպես չի համարձակվում հրաժեշտ տալ նրան։ Նայում է թոռնուհուն։ Ու շրջվում գնում է։ Ճանապարհ է բացում շարունակ բղավող մարդկանց արանքով, որոնք իրար հրմշտելով զբաղեցնում են ցանցին մոտ ազատված տեղը։ Ու հեռանում է՝ այդպես էլ բան չհասկացած։
Ոչ մի բան։
Բնավ։
4
Ձյուն չէր եկել։ Բակում կանայք խմբվում, իրար կիպ-կիպ կանգնում էին՝ մարմինների ջերմությունը գոնե մի քիչ պահպանելու համար։ Գոնե մի քիչ։ Նայում էին երկնքին, ցանկանալով, որ ձյուն գա։ Եթե գա՝ կտաքանա, պնդում էր Ռեմեն՝ կանանց խմբի մեջ ամենատարեցը, Տոմասայի՝ ձիթագույն մաշկով ու նշաձև աչքերով մի էկստրեմադուրցու[1] թերահավատ հայացքի ներքո։
-Տաքանալու է, քեզ բան եմ ասում։
-Որտեղի՞ց գիտես։
-Գիտեմ, որովհետև տղաս Լեոնում է ապրում ու պատմել է։ Համ էլ, անցյալ տարի երբ ձյուն եկավ՝ տաքացավ։
-Կտեսնենք։
Երեք օր է՝ ինչ երկնքին էին նայում։
-Իսկ տղադ Լեոնում ի՞նչ է անում։
-Հանքում է աշխատում։
-Իսկ ծով տեսե՞լ է։
-Բայց Լեոնում ծով չկա։
-Հա՜։
-Բայց մի օր Պասիոնարիային[2] է տեսել։
-Չէ հա։
Ռեմեի մատները զբաղված են Օրտենսիայի մազերը սանրելով, մեկ հյուսելով, մեկ քանդելով նրա հյուսը։
-Ես այ էսքան երկար մազեր ունեի։ Ու սեփ-սև։
-Իսկ ճի՞շտ է, որ տղադ տեսել է Պասիոնարիային։
-Հեռվից, բայց տեսել է։
Երեք օր երկնքին էին նայում։ Ու երեք օր Էլվիրան զրկված էր երկնքին նայելուց։ Հենց այն երեք օրը, որ փակված էր պատժախցում՝ փորձելով բացատրել պապին, որ հարցաքննությունների ժամանակ, ծնկաչոք սիսեռի հատիկների վրա, դիմացել է ցավին՝ շրթունքները սեղմած, չպատասխանելով և ոչ մի հարցի, չբացահայտելով իր եղբոր՝ Պաուլինոյի ինքնությունը։
Ու հիմա, բակի մի անկյունում տեղավորված, հրաժարվելով միանալ այն խմբին, որտեղ Տոմասան, Ռեմեն և Օրտենսիան փորձում են մեղմել ցուրտը, Էլվիրան մոր գործած ձեռնոցներով շոյում է այտերը։
Սկսեց հազալ։
– Էլվիրան վատ է զգում։
-«Վանդակից» դուրս գալուց հետո տաքություն ունի։
-Պետք է գվարդիականներին ասել։
-Իբր իրենց շատ պետքն է։
Ռեմեն դադարեց Օրտենսիայի մազերը հյուսել։
-Ես կգնամ։
-Ոնց գնաս՝ այդպես էլ հետ ես գալու։
-Համա փնթփնթանն ես, Տոմասա։ Մենակ փնթփնթալ գիտես, հա՜։ Մենակ փնթփնթալ, գրո՛ղը տանի։
Տոմասան իր բրդյա շալի տակ ձեռքերը կոնքերին դրեց ու հակադարձեց.
– Բա էստեղ էլ ի՞նչ չոռով կարելի է զբաղվել։
Տոմասայի ու Ռեմեի կռիվները երբեք երկար չէին տևում։ Նախքան արյունը գլուխներին տալը, Օրտենսիան միջամտում էր ու առանց դժվարության երկուսին էլ հանգստացնում։ Բայց այս անգամ Օրտենսիան նրանց նույնիսկ չի էլ լսում։ Որովհետև ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է Էլվիրայի վրա։ Նայում է նրան, ջանալով, որ աղջիկը չնկատի իր հայացքը։
Օրտենսիան այլևս փորը չի շոյում։ Ձեռքերով երիկամները պահելով՝ քայլում է դեպի այն անկյունը, որտեղ Էլվիրան այտերն է շոյում ձեռնոցներով, որոնք մահանալուց քիչ առաջ գործել է նրա մայրը։
Էլվիրան դողացնում է։
5
Ջերմությունն ընդամենը զառանցանքի ուրիշ տեսակն է։ Զառանցել նշանակում է երազ տեսնել։ Իսկ երազ տեսնելը նշանակում է հեռու լինել։ Երազելը նշանակում է նորից տանը լինել։ Հեռու։ Մանդարինների բույրն է զգում։ Էլվիրան տանն է։ Ու նա հմայվում է ռադիոյից հնչող երգով։
Կանաչ աչեր՝ կանաչ զմրուխտ…
Էլվիրան տարված է Միգել դե Մոլինայով[3] և Սելիա Գամեսով[4], մեկ էլ՝ սարսուելայով[5], նրան շատ են դուր գալիս նաև սարսուելան ու Անտոնյիտա Կոլոմեն[6] ու դոնյա Կոնչա Պիկերը[7]։ Նա ուզում էր երգչուհի դառնալ, ու որ մաեստրո Վալվերդեն[8], Լեոնն ու Կիրոգան[9] միայն իր համար դաշույնի փայլի պես կտրուկ Կանաչ աչերինման երգեր ստեղծեին։
…ու կանաչը՝ կանաչ կիտրոն։
Բայց հայրը կտրականապես արգելել էր կնոջը դստեր երազները սնուցել։ Ու իր մայրը՝ դոնյա Մարտինան, լսելով ամուսնու քայլերը, անջատում է ռադիոն։ Նրա կարծիքով՝ երգերը գռեհիկ չեն, այդուհանդերձ ռադիոն անջատում է, որ ամուսինը չբարկանա։
– Մա՜-մա։
Դոնյա Մարտինան անջատել է ռադիոն։ Իսկ Ռեմեն վերադառնում է ու ասում, որ բուժարանում տեղ չկա, որ հսկիչ կինը նրան ասել է, թե բուժարանը լեփ-լեցուն է։ Ու հավելում է.
– Այդ կնոջ ներսը փուչ է, ո՛չ սիրտ ունի, ո՛չ հոգի։
Ձիթագույն մաշկով էկստրեմադուրցին առանց բառ ասելու՝ սեղմված շրթունքները ծռելով ու միաժամանակ իջեցնելով կզակն ու թարթիչները, կարծես ասում է՝ բա որ ասում էի։ Թույլ չէր տվել Օրտենսիային Էլվիրայի խսիրին մոտենալ, որ հանկարծ չվարակվեր, ու ծննդաբերությունը վատ չավարտվեր։
– Չմոտենաս, հանկարծ մի բան չլինի, եղածն արդեն մեզ բոլ-բոլ է։
Ու շարունակում է սառը ջրով թրջոցներ դնել աղջկա այրվող ճակատին, թևերին, պարանոցին ու ծոծրակին։
– Մա՜-մա։
Բայց ջերմությունը չի իջնում։ Զառանցանքի պատճառով Էլվիրան բաց աչքերով երազ է տեսնում ու, հորից թաքուն, մոր ու Պաուլինո եղբոր համար մի քառյակ է երգում։ Նրանք ծափահարում են։ Աղջնակն իրեն երգչուհի է զգում։ «Այդպես էլ չհասկացա, որտեղից քեզ այդ տաղանդը»,- ասում է մայրը՝ մանդարիններով ափսեն դնելով սեղանի կենտրոնում։ Ու կրկնում է.
-Ու չեմ էլ հասկանա:
Դոնյա Մարտինան չի հասկանում, որովհետև նա Պամպլոնայում է ծնվել, զինվորականի հասարակ մի ընտանիքում ու Բուրգոսում ամուսնացել է մեկ ուրիշ զինվորականի հետ, որ, եթե կուզեք՝ էլ ավելի դժգույն է, ու երբևէ որևէ շնորհք կամ ձիրք չի ունեցել՝ ո՛չ ինքը, ո՛չ իր, ո՛չ էլ ամուսնու ընտանիքը:
-Վալենսիան է պատճառը, մամա։ Արևը։ Ծաղիկները։ Կլիման։ Վալենսիայի մեղքն է։ Ու քո, որ ինձ՝ նարնջի նման, այստեղ ես ունեցել։
Պաուլինոն ժպտում է։ Պաուլինոն։ Իր ավագ եղբայրը։ Իր հերոսը, թեև դեռ չի գնացել պատերազմ։ Էլվիրան պաշտում է Պաուլինոյին, որը ծիծաղում է երկուսի վրա՝ թե՛ իր, թե՛ մոր, ու Էլվիրան տնքում է.
-Մա՜-մա։
Իսկ Օրտենսիան գրում է իր կապույտ տետրի մեջ։ Գրում է Ֆելիպեին։ Գրում է նրան, որ փորի մեջ զգում է երեխայի խաղը, ու որ երեխային նրա՝ հոր անունն է դնելու։ Գրում է, որ կարծում է, թե Էլվիրիտան մահանում է, ինչպես մահացան Ամպարոն ու Սելիտան, որոնց հազը չէր դադարում, ինչպես մահացան Խոսեֆայի ու Ամալյայի երեխաները՝ մայրերի համար նախատեսված բաժանմունքում։ Գրում է, որ շիկակարմիր վարսերով աղջիկը շատ բարձր ջերմություն ունի։ Ու որ միակ բանը, որ կարող են նրա համար անել՝ նարնջի հյութ տալն է, այն կես նարինջներից, որոնք ստանում են ճաշից հետո։ Գրում է, որ շատ հյութ չի քամվում, քանի որ շատ չեն։
-Մա՜-մա։
Ռեմեն ու Տոմասան իրար են նայում ու հետո՝ Օրտենսիային։ Ռեմեն իր մորն է հիշում։ Ինչքան է ուզեցել նրան կանչել այնպես, ինչպես Էլվիրիտան իր մորը, թեև Ռեմեի մայրը քսան տարուց ավելի է, ինչ մահացել է։ Շատ անգամ է ցանկացել, բայց երբեք չի համարձակվել։ Տոմասան նստեցնում է աղջնակին ու նրան գդալ-գդալ տալիս կես նարինջների (որ նրանց բոլորի աղանդերն էր) հյութը։ Էլվիրան կուլ է տալիս։ Ու ամեն գդալի արանքում տնքում է.
-Մա՜-մա։
Տոմասան նույնպես կարոտում է իր մորը, ճիշտ ինչպես Օրտենսիան, որը հայացքը բարձրացնում է իր կապույտ տետրից։
-Մա՜-մա։
Ու Էլվիրայի տնքոցը նրանց բոլորի տնքոցն է։
Թարգմանույթունը Իսպաներենից՝ Ալիս Տեր-Ղևոնդյանի
[1] Էկստրեմադուրցի – Իսպանիայի արևմուտքում գտնվող Էկստրեմադուրա նահանգի բնակիչ։
[2] Պասիոնարիա – Իսպանիայի 1936-1939 թթ. քաղաքացիական պատերազմի ժամանակ Հանրապետական կուսակցության հայտնի գործիչ, կոմունիստ, հանրահայտ No pasaran! կոչի հեղինակ Դոլորես Իբառուրիի (1895 – 1989) մականունն է։ 1942-1960 թթ. եղել է Իսպանիայի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարը։
[3] Միգել Ֆրիաս դե Մոլինա (1908 – 1993) – իսպանացի երգիչ, ազգային անդալուսյան երգերի կատարող։ Խոշտանգվել ու վտարվել է Իսպանիայից, հետապնդվելով ֆրանկոյական բռնապետության կողմից որպես «միասեռական ու կարմիր», 1946 թ.-ից Էվա Պերոնի հրավերով հաստատվել է Արգենտինայում։
[4] Սելիա Գամես Կառասկո (1905 – 1992) – արգենտինացի-իսպանացի դերասանուհի, պարուհի և երգչուհի։ XX դարի առաջին կեսի Իսպանիայի ամենահայտնի աստղերից մեկը։
[5] Zarzuela (իսպ.) – սարսուելա, երաժշտական բեմադրություն, որը նաև «իսպանական օպերետ» էին անվանում։ Անվանումը սերում է Մադրիդի թագավորական պալատից՝ Պալասիո դե Սարսուելայից, որտեղ գտնվող թատրոնում (Սարսուելա թատրոն) XVII դ. տեղի են ունեցել սարսուելայի առաջին ներկայացումները։ Ծագելով Իսպանիայում՝ արագորեն տարածվել է ամբողջ իսպանախոս աշխարհում։
[6] Անտոնյիտա Կոլոմե (1912 – 2005) – իսպանացի հայտնի դերասանուհի, երգչուհի և պարուհի։
[7] Կոնչա Պիկեր (1906 – 1990) – իսպանացի դերասանուհի և երգչուհի, իսպանական ազգային երգի նշանավոր կատարողներից մեկը։ «Կանաչ աչերը» նրա ամենահայտնի երգերից է։
[8] Սալվադոր Ֆեդերիկո Վալվերդե (1895 – 1975) – արգենտինացի պոետ, արձակագիր, լրագրող, սցենարիստ, կոմեդիաների ու երգերի, այդ թվում՝ սարսուելաների, օպերետների հեղինակ։ Մեծ համբավի է հասել իր անդալուսյան երգերի շարքով, որոնց թվում էր նաև «Կանաչ աչերը»։
[9] Լեոն ուԿիրոգա – տրիո կազմող իսպանացի կոմպոզիտորներ, պոետներ ու երաժիշտներ՝ Անտոնիո Կինտերոն, Ռաֆայել դե Լեոնը և Մանուել Կիրոգան անդալուսյան ազգային երգի հեղինակներ էին, որոնց ստեղծագործությունները մեծ ժողովրդականություն էին վայելում։
