Թարգմանություն, Ռադկա Դենեմարկովա, Վեպ

Փողեր Հիտլերից

 

(հատված վեպից)

( թարգմ․՝ Մարիամ Մանսուրյանի)

Նախաբան

Դենիսը ձեռքով ամուր սեղմել էր կանաչ բահը և խրում էր նախորդ օրվա անձրևից փխրուն ու ջրով հագեցած հողի մեջ։ Լեզուն դուրս հանած, ժամանակ առ ժամանակ սպիտակ ատամնաշար հիշեցնող, երկու բացակայող ճաղերով ցանկապատին հենված, նա բահով համառորեն փորում էր հողը՝ ավելի խորացնելով փոսը։ Աջ ծնկի ուղղությամբ համապատասխանորեն մեծանում էր թարմ հողաթումբը։ Հողաթմբի մեծացմանը զուգընթաց ավելանում էին Դենիսի ձեռքերի ցեխոտ վերքերը, սակայն նրան դուր էր գալիս այդ մի տեսակ լպրծուն զանգվածին մերձենալու զգացողությունը։

Նա պարզում է ցուցամատը ու մինչև երկրորդ հոդը խրում հողաթմբի մեջ։ Հողը հաճելի սառնությամբ է պատում մատը, սակայն սողոսկում է նաև եղունգի տակ ու մի տեսակ ճնշում, վերացնում է մսի ու եղունգի սահմանագիծը։ Շարունակելու դեպքում հաճույքը տանջանքի կվերածվեր։

Դենիսը մատն արագ դուրս է քաշում։ Հետաքրքրությամբ ուսումնասիրում է վրայի ցեխը, զննում բոլոր կողմերից ու հետո մոտեցնում է դեմքին։ Ցեխագիծ է քաշում ձախ, ապա՝ աջ այտի վրայով, այնուհետև՝ ճակատի երկայնքով։ Մի ընդհատվող գիծ էլ պարանոցով է անցկացնում՝ ադամախնձորի վրայով։

Մարտի արահետում դարանակալած հնդկացի։ 

Կրկին ձեռքն է առնում տեղ-տեղ խամրած կանաչով ներկված բահի կոթն ու շարունակում է փորել՝ միաժամանակ մաքրելով ու հեռացնելով մոլախոտերն ու արմատների մնացորդները։ Այսպես աշխատում է մի քանի րոպե, բայց հանկարծ բահը դեմ է առնում ինչ-որ խոչընդոտի՝ մի կարծր առարկայի։ Դենիսը մի պահ ընկրկում է, հետո փոսը խորացնելու փոխարեն՝ տենդագին շարժումներով հեռացնում է առարկան շրջապատող հատվածները։ Երբ շնչակտուր մաքրում է առարկայի շուրջբոլորը, ուրվագծվում է օվալաձև, երկարավուն ու նեղ, տարօրինակ խորդուբորդերով, ճաքերով ու անցքերով մի իր։ Ասես սպիտակ խոր ափսե։ Հանում է փոսից, հեռացնում վրայի ցեխաշերտը ու լվանում է կարմիր կտուցանման բռնակով իր մանկական ցնցուղով։ Հին կոտրված լոգարանից, որ տարիներ առաջ ելակի դաշտի մոտ էին դրել, որպեսզի Դենիսը ամառները լողանար, երկու անգամ էլ անձրևաջուր է լցնում ցնցուղի մեջ։ Պտտեցնում է արդեն մաքուր ու դատարկ գունդը։ Ոտքի է ելնում ու զարմացած նայում երկու անցքի միջով։ Ակնախոռոչներ են։

Գանգ է։

Մարդու գանգ։

Հնգամյա Դենիսը խնձորի այգուց այն զգուշորեն տեղափոխում է ավազի խաղահրապարակ։

Երկարոտն Կինը մեքենայաբար սրբում է ձեռքերը սպիտակ-կարմիր վանդակավոր սրբիչով։ Ձեռքերը վաղուց չոր են, սակայն շարունակում է դրանք շփել․ անսովոր երկար՝ տարված իր հատվածական  հիշողություններով, որոնք փորձում է ի մի բերել, միավորել ու դասակարգել։ Նետում է սրբիչը վառարանի մոտ դրված մի քանի անգամ ներկված խոհանոցի աթոռին։ Վերցնում է կապույտ նախշերով ճերմակ ճենապակյա ափսեն, որն այնքան էլ չի համապատասխանում գյուղական կենցաղի կնիքը կրող կնոջ դեմքին, և ափսեի մեջ համաչափ խմորագնդեր շարում։ Հետո մետաղյա շերեփով մսի լողացող կտորներով մուգ շագանակագույն թանձրուկ է լցնում խմորագնդերի արանքներում այնպես, որ չփչացնի գնդերի սպիտակությունը։ Տաք ափսեն տանում է ճաշասենյակ ու դնում տղամարդու առջև, որն արդեն լվացել էր իր հոգնած դեմքն ու քշտել սպիտակ-կապույտ վանդակավոր շապիկի թևքերը։ Տղամարդը, առանց ձայն հանելու, սկսում է կուլ տալ ճաշը։ Կինը տեղավորվում է նրա կողքին ու նայում տղամարդու՝ կոտրտված եղունգներով հսկա ձեռքի մազախրձին։ Իր սիրելի ձեռքի, որն անփութորեն սեղմելով արծաթե գդալը ժողովում է ափսեի միջի մնացորդները։

Միայն մի անգամ է կինը տեղից ելնում՝ խոհանոցից անձեռոցիկ բերելու համար։ Այն պինդ սեղմած պահելով՝ կինն ակամա ճմռթում է անձեռոցիկն իր չոր, ճաքճքած ու կարմրած ձեռքերում։ Ամուսինն անձեռոցիկի «փրկված» մասով կենտրոնացած ու բծախնդրորեն մաքրում է ափսեի շուրջ թափված թանձրուկի մնացորդները։ Միայն երբ ամուսինը կուլ է տալիս հացի վերջին պատառը, կինը համարձակվում է խախտել լռությունը։ Նա ասում է իր կշտացած ամուսնուն, որ Դենիսին գտել է խաղահրապարակում, որտեղ տղան հողաբլիթներ էր պատրաստում ու արտասանում՝ Փոքրիկ բլիթ, լավ կստացվես, թե չէ կմաղեմ քեզ գարու պես։

Ամուսինն աղմուկով գխտում է ու սառնությունից քրտնած շշից գարեջուր խմում՝ անտեսելով իր դիմաց դրված հատուկ՝ դրվագազարդ գարեջրի բաժակը։

– Հետո՞։

Դենիսը հողաբլիթներ էր պատրաստում։ Նստել էր ավազաթմբի վրա, շուրջն էլ տարօրինակ ձևերի ավազակույտեր՝ մուգ դեղնավուն բլրակներով, անցքերով ու ներփորված խոռոչներով։ Հողաբլիթները նման էին մինչև փուռը դնելը լպրծուն խմորի։ Դենիսը, տարված, խոնավ հողով լցնում էր մի տարօրինակ, ծակծկված աման։

-Եթե խոհանոցիցդ բան-ման ա թռցրել, մի հատ սիլլա տուր, մյուս անգամ ավելի երկար կմտածի։

Կինը խոր շունչ է քաշում և առանց արձագանքելու շարունակում է իր խոսքը, ասելով, թե ավելի է մոտեցել ավազի խաղահրապարակին։ Դենիսը լռում էր, բայց մայրն զգում էր, որ տղան ինչ-որ կարևոր բան էր գտել։ Գանձ, մասունք։ Դեռ չգիտեր ինչ։ Կինն այդ տարօրինակ իրը խլում է տղայի ցեխոտ ձեռքերից ու տանում ամբար։ Դենիսը լուռ վազում է մոր հետևից՝ դիմադրելով, քաշելով շրջազգեստից, կռիվ տալով։ Ստիպված՝ ապտակում է տղային։

-Է՞։ Ասածդ ի՞նչ ա։

-Հասարակ բան չէր էդ… Էդ…

Կինն վախից չէր կարողանում ձայն հանել, ասես ափսեից անհետացած խմորագնդերը շարվել էին կոկորդում։ Նրա ձայնը դողում էր։

-Ուզում եմ ինքդ տեսնես։

-Դե բեր տեսնեմ։

-Էդպես չի լինի։ Պիտի հետս գաս։ Վե՛ր կաց, գնացինք։

– Ո՞ւր։

-Մարագ։

Ամուսինը դժկամությամբ վեր է կենում։ Ձգում է թուլացրած գոտին, ծալքերը հավաքելով փորի շուրջ։

-Հիմար խաղալիքի համար տեղիցս հանում ես։

Գիշեր է։

Լուսնի աղոտ լույսի ներքո ուրվագծվում է երկու կերպարանք։ Մարագի մուտքի մոտ են կանգնում։ Հանկարծ հարևանի շունը սկսում է հաչել։ Այդ հաչոցին ձայնակցում է գյուղի շների ոհմակը։ Գյուղով մեկ տարածվում է հաչող պահապան շների տագնապալի ստակատտոն։

Մարագում լույս չկա, և ամուսինը վառում է ձեռքի լապտերը։ Մարագը լի է հնամաշ իրերի կույտերով, որոնք ժամանակին գուցե պիտանի են եղել, սակայն դրանց գոյության մասին այլևս ոչ ոք չի էլ հիշում։ Կոտրված փոցխ՝ ժանգոտ ատամներով, հացահատիկի կալսիչ, կոտրված բահեր, խոտհնձի մեքենա և գերանդի, դարակաշար՝ ջարդված դարակներով, մանկական բարձր աթոռ՝ խզբզոցներով պատված։ Իր դարն ապրած համր ռադիոընդունիչ, այգու հեղուկացիր, հացահատիկի կոտրված աղաց։ Մի քանի անգամ ներկված, խարխուլ պահարան, որի փեղկերը չեն փակվում, իսկ աջ կողմը թուլացել ու հանգրվանել է հատակին։ Սահող ապակյա դռներով բաց կանաչ պահարան՝ առանց բռնակների ու ջարդված գզրոցներով։ Պահարանի վրա էլ մուգ շագանակագույն ստվարաթղթե տուփ՝ «Էլեկտրալյուքս» գրությամբ։ Վրան հին, կաշեկազմ գիրք։ Կինն ամուսնու ձեռքից խլում է լապտերը։ Շվարած հայացքը հառում է շագանակագույն տուփին, այնքան աշխարհից վերացած է դրան նայում, որ ամուսինը հազիվ է զսպում զայրույթը։ Մոտենում է տուփին, ոտքը դիպչում է պատռված նստատեղով աթոռին։

-Եթե պարզվի, որ ինչ-որ հիմարության պատճառով եմ էսքան գլուխ ցավացնում․․․

Կինն անձայն կանգ է առնում տուփի առաջ։ Լռելյայն ամուսնուն է փոխանցում լապտերը, լուռ վերցնում է կաշեկազմ գիրքն ու գետնին գցում։ Ամուսինը գրքի կաշվե կազմի գոթերեն անհասկանալի փորագրությանն է նայում, իսկ Կինը խորհրդավոր կերպով բացում է տուփի երկու թևիկներն ու մի կողմ քաշվում։ Լուռ հասկացնում է, որ ամուսինը նայի տուփի մեջ։ Սպասում է։

-Դե՜։ Մենակ տես։

Ամուսինը թքում է գետնին։

-Ինձ գժի տեղ ես դրել։

Ձեռքը տուփի մեջ է մտցնում ու հանում է պինդ, սպիտակ մի իր։ Լուսավորում է այդ մաշված, անհավասար գունդը։ Պտտում է այս ու այն կողմ ու տեղում սառչում։ Լապտերի լույսն ընկնում է կարծր ծայրերին՝ ընդգծելով կարերի հետքերն ու խորացնելով դատարկ հատվածների սևությունը։ Ակնախոռոչներ։ Գանգ։ Ամուսինը միանգամից հետ է նետում գանգը։

-Գրողը տանի։ Գրո՜ղը տանի, գրո՜ղը տանի։ Որտեղի՞ց։

-Ասում ա, թե այգում ա փորել հանել։

-Ո՞ր այգում։

-Մեր, բնականաբար։ Էնտեղ, որտեղ խնձորենիներն են։ Լիբերտիների ու Ֆուջիների մոտ։

Ամուսինը չոր հազում է ու թքում։

-Ու էդ գտել ա․․․ ի՞նչ ա․․․ խաղում էր, ու․․․ մենակ է՞ս ա ձեռն ընկել։

-Մենակ էս։

-Լավ։ Հետո՞։ Ի՞նչ ես վրա տվել, ինչի՞ ես ինձ էդպես նայում։ Կարող ա․․․ Կարող ա էս ուղղակի էն նախամարդկանցից ա։ Դրանց հիմա ամեն տեղից փորում գտնում են ու ամեն տեղ էլ գրում են էդ մասին։ Իսկի պարտադիր չի, որ էդ լինի․․․

-Ի՞նչ ենք անելու։

Ամուսինը հասկանում է։ Ճիշտ պահը չէ երևակայությանը զոռ տալու։ Իրար խաբելու կարիք չկա։ Դա են վկայում կնոջ սթափ կեցվածքը և միևնույն ժամանակ դողացող ձայնն ու խոնավ աչքերը։ Ամուսինը փորձում է գործնական երևալ։

-Մնացածը կգտնենք։ Պիտի մեզ ասի, թե որտեղից ա էս գտել։ Իսկ դու նրա համար մի հեքիաթ կհորինես։

-Արդեն քնած ա։

-Ուրեմն արթնացրու։

Կես ժամ անց Դենիսը կանգնել էր առաջին հարկի իր հսկա սենյակի պատուհանի առջև՝ շղարշե վարագույրի հետևում։ Թաքնվելու կարիք չկար․ ներքևում, գիշերային մթությամբ քողարկված, ամուսինները լիովին տարված էին աշխատանքով։ Բայց Դենիսը նրանց տեսնում էր։ Տեսնում էր Տղամարդուն ու Կնոջը, թե ինչպես են տենդագին փորում հողը իր գանձի շուրջը, փխրեցնում հողն իր գանգի շուրջբոլորը, խանգարում անհայտ էակի անդորրը։ Իսկ նրանց գլխավերևում խշշում են խնձորենիների տերևները, որոնք մեկ ամսից թափվելու էին, որոնք ամեն տարի խշշում են ու թափվում՝ ծածկում ու թեթևացնում ՆՐԱ վրայի հողը, իջևանում ՆՐԱ մահիճում, մինչև Դենիսը գտավ ՆՐԱՆ։ Նա Դենիսին էր սպասում։ Տղան պետք է ՆՐԱՆ գտներ։

Տղամարդն ու Կինը ճյուղեր ու սպիտակ ձողեր են հանում, տարօրինակ մի զամբյուղ։ Հանկարծ Կինը ցնցվում է, հենվում խնձորենու թմբին ու փսխում։

Դենիսն աճող ըմբոստությամբ էր ներքև նայում։ Դրանք իր խաղալիքներն էին, Նա պետք է դրանք բացահայտեր։ Մեկառմեկ։ Գողացան։ Այդ խաղալիքներն ախր իրենն էին։ Վաղնևեթ հետ կվերցնի։ Դենիսը հոգնած էր, աչքերը փակվում էին, չի կարողանում այլևս ոտքի վրա մնալ։ Նետվում է անկողնու մեջ, կողքը պառկեցնում իր փափուկ արջուկին ու ծածկվում է։ Մինչև վերջնական քնելը, ոգևորությամբ պատկերացնում է, թե ինչպես է կողքին պառկել իր գտած սպիտակ խաղալիքը, որի ակնախոռոչներից լուսարձակում է հեքիաթային աշխարհների գունավոր կրակը։

Այս պատկերը երկար ժամանակ չի անհետանում Դենիսի մտքից։ Միայն երկու տարի անց քրոջ՝ Նատաշայի ծնունդն է մոռացության մատնում այն։ Երբ տղային սկսում են ապշեցնել կենդանի մարդու մարմնի փխրունությունն ու գեղեցկությունը։

  Առաջին վերադարձ (ամառ 1945)

ՍԱՌՑԵ ԿԱՂԱՊԱՐԸ

Այնտեղից վերադառնալուց հետո ես կարծես ապրում եմ սառույցի հաստ շերտի տակ, որի վրայով բոլորը եռանդով սահում են ուրախ, շիկացած դեմքերով։

Խոր սառույցի տակ։ Անտեսանելի։ Միայնակ։ Անորոշ։ Ուժասպառ։ Դատապարտված սպասելու, տեսնելու, թե ով կհասցնի վերջին հարվածը, ով կդնի վերջակետը՝ սխալ բառի համար։ Պարփակված եմ սառցե պատյանի մեջ։

Վերադառնում եմ տուն այն թյուր համոզմունքով, թե սա դեռ իմ տունն է։ Խայտառակ շոգ է։ Անհասկանալի ինքնապաշտպանական բնազդով՝ խուսափում եմ վատ ճանապարհներից։ Այնինչ կարող եմ առանց թաքնվելու քայլել։ Ամենքի պես թափառել ջերմությունից խանձված փողոցի երկայնքով։ Այլևս վախենալու կարիք չկա։ Պատերազմն ավարտվել է։

Այսպես թե այնպես՝ դեռ շարունակում եմ վախենալ։

Հեռվում նշմարվում են եկեղեցու ցցված գմբեթը, իրար գլխի կիտված տների կարմիր տանիքները, գյուղի երկայնքով ձգվող ամրոցն ու մեր կալվածքի շինությունները։ Բարձրանում եմ դեպի վեր ձգվող արահետներով, թույլ եմ տալիս, որ եղինջները՝ այդ կանաչ սղոցները, կծեն ոտքերս։ «Փայտ եմ հատում անտառում, որ մայրս տանը կրակ անի»՝ երգում էինք, երբ մեր մանկական ձեռքերը փաթաթված էին մայրիկի բարակ թևերին։ Այդ թևերից դուրս ցցված կապույտ երակները անհնար էր քողարկել, գիտությունը մինչև օրս չի հայտնաբերել այնպիսի կոսմետիկ միջոց, որ վարագուրի մարմնի ներսում բաբախող ճանապարհները։ Երեկոյան նրա ձեռքերը բուրավետ յուղերից փայլում էին։ Հատուկ քսուքով մերսելուց հետո գիշերը հանգստանում էին։

Իրականում օրվա ընթացքում էլ էին հանգստանում։

Ծնկներս դողում են։

Հոգնած փռվում եմ չոր խոտերի մեջ։ Խայթող արևի տակ։ Այն գգվում է ինձ։ Անկասկած։ Եվ ասեղի նման սուր ծակոցների հոսքը պատում է ձեռքերիս ու ոտքերիս մերկ սպիտակությունը։ Ես հեշտ թիրախ եմ։ Ամեն ոք իր թիրախն է փնտրում։ Ու գտնում է։ Միշտ ինչ-որ մեկը մի աստիճան ցածր է՝ մի քիչ ավելի անպաշտպան։

Առավել խոցելի։

Մանրամասն ուսումնասիրում եմ շարժվող հողը։ Արտաքուստ հանգիստ է թվում ու անշարժ։ Խոշորացույցով դիտելիս՝ խուճապային ու քաոսային։ Միջատներ։ Մրջյուններ։ Գնայուկ բզեզներ։ Երկարաբեղիկներ։ Ծղրիդներ։ Նեպուկներ։ Զատիկ։ Կանաչ մորեխ։ Եվ սարդերի բազմություն։ Մինչ ես վերևում հալչում եմ ջերմությունից, նրանք շարժվում են սառը, աղի արցունքի ցողի մեջ, որի դեմն առնել չեմ կարողանում։ Արցունքի կաթիլներով սատկացնում եմ մի վնասատու միջատի, բայց դրանից տխրությունս ավելի է խորանում։ Այրող, անհաղթահարելի տխրություն։ Էլ ոչինչ չի լինի նախկինի պես։ Երբեք չեմ դիպչի նրանց մաշկին․ կենդանի մարմինը պաշտպանող մաշկին։ Էլ երբեք միասին չենք լինի։ Ու եթե անգամ լինեինք․․․ ո՞ւր պետք է թողնեինք մեր այս անցյալը, ինչպե՞ս պետք է դուրս սողանք ու խուսափենք անդունդից։ Որի մեջ ընտանիքը խրվել է։ Դե լավ, հերիք է, այդ ամենն անցել է․ անցյալում է։

Մնացել է մեր կալվածքը։ Պատերը, որոնց հետևում կթաքնվեմ ու կպաշտպանվեմ, որոնց հետևում կսողամ գետնին, որ հետո նորից ոտքի ելնեմ, պատերը, որոնց հետևում կապաքինվեմ երջանիկ հիշողություններով։ Պատերը, որոնց հետևում կթաքնվեմ ու կպաշտպանվեմ, որոնց հետևում․․․

Հողը ճեղքվում է։ Գլուխս այս ու այն կողմ է ճոճվում։ Ճզմում ու ջախջախում եմ մի փախչող մրջյուն։ Մրջյունի մարմնի մնացորդները քսում եմ ճակատիս խորշոմին։ Դա իմ մահվան նշանն է։ Մատներով բռնում եմ խոտը, խրձերով պոկում։ Մինչև անցնի ոռնալու ու հեծկլտալու, եղունգներով նախաբազուկս ճանկռելու, եղունգները մարմնիս մեջ խոր մխրճելու, ձեռքերս պոկելու ու ամբողջ ուժով մեխի ծայրին հարվածելու, ապակու կտորտանքն ափով սեղմելու՝ այն աննկատ մասնիկների վերածելու անհաղթահարելի մղումը․․․ անմեղ խոտ եմ պոկում։ Ու մոլախոտը։ Սպիտակ երիցուկը։ Խնկածաղիկը։ Մինչև հոգնեմ։ Մինչև վայր ընկնեմ։

Արևի հուրը կուրացնում է ինձ։ Պառկում եմ ձախ կողքիս։ Կծկված։ Ծնկներս՝ կզակիս տակ։ Ինչպես պտուղը մոր որովայնում։ Գուցե մի քանի րոպե քնել եմ։ Գուցե պարզապես ուշքս է գնացել։ Արևը չորացնում ու եփում է դեմքիս աջ կողմը։ Ձախը սառեցրել է արցունքներով ողողված հողը։ Վեր եմ կենում։ Ինչպես հարվածից տապալվելուց հետո։ Ուղղում եմ շապիկս ու կիսաշրջազգեստս։ Տենդորեն վրայիցս թափ եմ տալիս ինձ կպած խոտի շյուղերը։ Շոշափում եմ կիսաշրջազգեստիս եզրերն ու մատս մտցնում փեշիս կարը քանդված մասում: Ասես՝ մատնոցի մեջ լինի։ Ու թքում եմ։ Կոկորդս չորացել է։ Խոնավ կտորի մեջ փաթաթված եղունգով ճակատիցս քերում ու մաքրում եմ ճզմված մրջյունի մարմնի մնացորդները։ Շրջազգեստս պտտվում է, շուրջս կոն կազմում։ Թեքվում եմ, որ ճարմանդով սրբեմ կոշիկներիս վրայի ցեխը։ Դրանք Պրահայում ինձ Օտլա մորաքույրը հագցրեց։ Վախեցած էր։ Ուզում էր ինձ հետ գալ։ Ընդդիմացա ու փախա։ Ես ինքնուրույն եմ տուն վերադառնալու։ Ի վերջո՝ մեծ մարդ եմ արդեն։

Նայելով ակոսի սրածայր կանաչ խոտին ընկած բալի փտած հատիկներին, որոնք ծակծկում է մեղուների պարսը, մի կերպ զսպում եմ փսխելու ցանկությունս։

Գյուղն ասես անմարդաբնակ լինի։ Ոչ ոք, հակառակ իմ պատկերացրածի, ինձ ընդառաջ  չի գալիս սպիտակ տներից։ Ոչ ոք ինձ չի դիմավորում, չի գրկում, չի խղճում։ Չի ստիպում ինձ լիքը ափսե ճաշ ուտել։ Շփոթվում եմ վախից՝ գուցե ոչ ոք ողջ չի մնացել։

Գուցե այդ խուզած գլխով արարածը ոչ մեկին չի հետաքրքրում, որովհետև ժամանակին չի բռնել հոր ձեռքը, որովհետև Աղջկա կողքով, անբաժան գլխարկը գլխին, չի քայլում այն հարգված մարդը։ Մարդ, որ իսկական իրարանցում էր առաջացնում, երբ հռնդացող շարժիչով իր մոտոցիկլետով անցնում էր գյուղով:

«Չեխական Բոհմերլանդ» է, իսկականը՝ի պատասխան տղամարդկանց հայացքների բացատրում էր ոգևորված ու հպարտ։ Թույլ էր տալիս նրանց ձեռք տալ իր «հսկային», նստեցնում պտտեցնում էր ամրոցի շուրջը։ Մեկ առ մեկ։ Անգամ անակնկալի եկած սափրիչ Կլայնին էր պտտեցրել, ածելին ձեռքին՝ խոնարհ ծառայի սառած ու համակերպված դեմքով։ Այդ մռնչացող հրեշն ինձ ժամանակին վախեցնում էր, ճամփորդական այս մոդելը, բացի վարորդից, երկու մարդ էլ էր տեղավորում։ Երբ մայրիկն առաջին զբոսանքից հետո իջավ մոտոցիկլետից, բռնել էր հայրիկի ձեռքը՝ հավասարակշռությունը պահպանելու համար։ Գլուխը պտտվում էր։ Վախեցավ նոր, ճերմակ զգեստի վրա հայտնված յուղի բծերից, հայրիկի ականջին զայրացած ասաց՝ չեմ ուզում Դունկանի կնոջ օրն ընկնել։ Դրանից հետո, հորս կամքին հակառակ, մայրս այլևս չնստեց այդ հիասքանչ մոտոցիկլետը։ Այն օրերին մարդիկ դուրս էին վազում, այն ժամանակ խոնարհվում էին, ողջունում։ Ժպտում էին ու ձեռքով անում։ Միգուցե հենց այնպես էին ժպտում։ Հրեշն այդ օրերին ինձ ահաբեկում էր, իսկ հիմա կերազեի, որ հետևիցս լսեի ամպրոպաշունչ թնդյունն ու վեր թռչեի։ Ու յուղի բիծ տեսնեի ճերմակ զգեստին։

Գլխումս ինչ-որ մեկն ասես լուսանկար է պրոյեկտում։ Երկու մեծահասակ կողքերից շրջափակում են երկար մոտոցիկլետը։ Մայրս՝ ժանյակավոր ճերմակ զգեստով ու գլխարկով, որն աջ ձեռքով պահում էր գլխին։ Հայրս՝ սև կոստյումով, մի ոտքը առաջ, մի ձեռքով հենված մոտոցիկլետին, իսկ մյուսը հպարտորեն գոտկատեղին սեղմած։ Իսկ երկար նստարանին, կարծես բեմի վրա, խաչված ոտքերով ու երկար, սպիտակ գուլպաներով շարված ենք մենք։ Ռոզալիան։ Ադոլֆը։ Նրանց միջև՝ ես, կապույտ, չկոճկված թավշյա զգեստով, որը հենց լուսանկարվելուց առաջ արագ վրաս գցեցի։ Նույնիսկ Ադինը զարմացել էր[1].

-Wie hatte sich die Schwester denn so schnell angezogen?[2]

․․․ Ու մազերի մեջ մեծ վարդակապով։

-Թիթեռ է նստել մազերիդ,- ասում էր մայրիկս՝ մազերս սանրելով,- հիմա նրա թևերը կփարթամացնենք։

Կանգ եմ առնում խնձորի այգում։ Մեր խնձորի այգում։

Տանն եմ։

Սիրտս արագ բաբախում է, անտանելի տոթ է, չեմ կարողանում կառավարել մարմնիս սարսուռը։ Ամեն քառակուսի սանտիմետրին զգում եմ հարազատներիս շունչը։ Կյանքի շունչը, որն ապրել եմ։ Հիմա կյանքը հետևում է ինձ։ Ես կգտնեմ իմ ուղին՝ ինչպես գոյատևել։

Պետք է ինձ հավաքեմ, կառավարեմ լցվող աչքերս։ Պետք չէ առաջվա պես նպատակակետի առաջ ծնկի գալ։ Այնտեղ։ Լուսավոր դաշտում, բարձունքի մոտ, ճզմված բալերի շուրջ։ Ամեն ինչ լավ կլինի, ես ապահով տեղում եմ, մտել եմ իմ բույնը։ Նրբորեն դիպչում եմ խնձորենու տերևներին, ճյուղերին, այգու ճաղավոր ցանկապատին, անցնում եմ գլաքարերով պատված հսկա բակով։ Հասնում եմ մետաղյա դռներին, օձերի՝ փաթաթված մարմինների զարդանախշերով, որը մայրս էր նախագծել։ Եվ որը նրա համար հմտորեն պատրաստել էր դարբնի օգնական Լադինեկ Ստոլարը։

Ձգված մատներով գրկում եմ մետաղյա սև բռնակը՝ փակելով օձապատկերը։ Հրում եմ մարմնիս ողջ ուժով։ Դուռը բաց է։

Ներս եմ մտնում։

Անգութ բախտի հարվածն ուղիղ աչքիս առաջ։ Միջանցքի բարձր կախիչին հորս գլխարկն է։ Կախված է հորս գլխարկը, որը միշտ դնում էր․ առանց գլուխը ծածկելու երբեք տնից դուրս չէր գալիս։ Այդ անգամ չհասցրեց գլխարկը դնել, գեստապոն տարավ նրան։ Մենք ապշած նայում էինք, թե ինչպես է խեղճացած բարձրանում փոքր բեռնատարը, որտեղ արդեն ինչ-որ մարդիկ էին նստած։ Նրանք մի կողմ քաշվեցին, որ հայրիկի համար տեղ բացեն։ Մեր ամոթխած ու ապշահար հայացքները նաև մայրիկին էինք հառել, նա չէր լալիս, չէր զայրանում, խուճապի չէր մատնվում։ Ասում էի նրան՝ հաստակողին ինչոր ժամանակ մերոնց մոտ կմնայինք Պրահայում։ Հետո կերևար։

Հավատում էր, որ հայրս կվերադառնա։ Որ սա ընդամենը թյուրիմացություն է։ Ամենաշատը մորս հուզում էր այն փաստը, որ հորս չնստեցրին սովորական մեքենա, և որ ստիպված էր ուրիշ մարդկանց հետ խցկվել բեռնատարի թափքի մեջ։ Ու որ անհոգ պոկեցին նրա գոտին, որն արագորեն կապել էր դուրս գալուց առաջ։

Այլևս երբեք նրան չեմ տեսել։

Հիմա կարող եմ ձեռքս առնել նրա գլխարկը։

ՏԱՔ ՈՍՊԱՊՈՒՐ

Աջ կողմի դռները տանում են դեպի ճաշասենյակ ու խոհանոց։ Մարմնովս դող է անցնում, ինչպես այն պահերին, երբ մայրս իր նուրբ մատների թեթև հարվածներով անցնում էր մեջքիս վրայով՝ ողնաշարիս ողջ երկայնքով։ Վերևից սահեցնելով իջնում ներքև։ Վերից վար։

-Մեջքդ մի ծռիր, ուղիղ նստիր։ Շախմատի ձի ես դարձել։

Ավագ քույրս դրությանս մեջ մտնելով՝ գլխով էր անում, թե՝ դիմացիր, ես էլ եմ դրա միջով անցել։ Եղբայրս քմծիծաղ էր տալիս՝ էդ երեսառածին միայն մեջքին կարգին բամփելով բան կհասկացնես։

Սեղմում եմ բռնակը։

Որոշում եմ բացել։

Վերջին անիրական հույսով, որ բոլորը նստած կլինեն սեղանի շուրջը։ Նստած՝ սպասելիս ինձ՝ ուշացածիս։ Նրան, ով անհետացել էր, գահավիժել սև անդունդը, բայց քերծվածքներով դուրս պրծել անդունդից։ Բզկտված ձեռքերով վերադառնում է այն աշխարհը, որն առժամանակ պատել էր մի նողկալի մղձավանջ։ Կիսաբաց եմ անում դուռը, խոստանում եմ՝ ուղիղ կնստեմ, սրանից հետո սեղանի շուրջը միշտ միայն ուղիղ կնստեմ, քանոնի պես ուղիղ կնստեմ, մայրի՛կ, խոստանում եմ, խոստանում եմ, միայն թե այստեղ լինեք։ Լրիվ ուրիշ մարդ եմ վերադառնում, համարյա չափահաս․ չէ՛, արդեն իսկ չափահաս, մանկական բառերը մոլորվել ու կորել են, մաշկս կնճռոտել է, խնդրում եմ, խնդրում եմ, Աստված իմ, խնդրում եմ, թող այստեղ լինեք, թող այստեղ նստած ժպտալիս լինեք, ծիծաղեք ու երջանիկ լինեք, խենթերի պես հրճվանքից ընկնեք գետնին ու ծիծաղից փորներդ գրկեք։ Որ այդ դաժան խաղում ողջ ենք մնացել։ Որ ապրում ենք։ Ապրում ենք։

Նախքան միջանցքի դուռը բացելը հաշվում եմ մինչև յոթը։ Երջանիկ թիվ է։

Ճաշասենյակում իսկապես ինչ-որ մեկը նստած է։

Թեթևացած շունչ եմ քաշում, ուզում եմ վազել ու սեղմվել կնոջ կրծքին։ Բայց ինչ-որ բան պահում է ոտքերս։ Զգուշությունս։ Զարգացրած բնազդս։ Չեմ զգում ինձ ծանոթ բույրերը։ Ինչ-որ մեկն այնտեղ կանգնած է։ Բայց դա մայրս չէ։ Ոչ էլ մեր խոհարարը։ Ոչ էլ անգամ քույրս։

Դա անծանոթ Կին է։

Երիտասարդ, հանկարծակիի եկած Կին՝ դուրս պրծած փորով։ Գոգնոցով։ Նստած տղամարդու ափսեի մեջ մեր շերեփով ոսպապուր է լցնում, համեմված լոբով ու ձավարով։ Լցնում է ափսեի հատակի ծաղկի վրա։ Մեր կապույտ նախշերով ճերմակ սպասքի մեջ։ Այն նախշերով, որոնք ավստրիական ճենապակու գործարանի համար մշակել էր մայրս։

Երեքս էլ քարանում ենք։

Հետո Տղամարդն անհանգիստ սրբում է բերանը։ Ափի հակառակ կողմով։

-Ի՞նչ ես ուզում։ Դուռը չե՞ս կարող թակել։

-Թակե՞լ։ Իսկ ինչի՞ համար։

Ու աչքերս նորից լցվում են, զսպում եմ հուզմունքս, կուլ եմ տալիս արցունքներս, որոնք իջնում են մինչև կոկորդ ու հոսում ձայնալարերիս զուգահեռ։

-Ես Գիտան եմ։ Գիտա Լաուշմանովան։ Հայրս տարածաշրջանում առաջին մոտոցիկլետն էր գնել ու նստում էր ձեր հետևի այն կաշվե բազկաթոռին, ա՛յ այն անկյունում։

Ի՞նչ հիմարություններ եմ ասում, բայց, այսպես թե այնպես, ավելի լավ է հիմարություններ ասել, քան լաց լինել։

Ինձ հավաքում եմ։ Ոչ մի ուրախություն, ոչ մի ժպիտ ու հրճվանք։ Ոչինչ։ Ոչ մի հրավեր սեղանի շուրջը նստելու, ոչ մի ապուրով երկրորդ ափսե՝ իմ հյուծված ստամոքսի համար։ Ոչինչ։

Հոգնած եմ, տանջված, ուժասպառ։ Ուզում եմ, որ ամեն ինչ վերջանա։ Պառկել մահճակալիս վրա ու թաղվել անկողնուս մեջ։ Ուզում եմ ոռնալ, ուզում եմ հեծկլտալ՝ մատներս կոտրտելով։ Ախր ես Գիտա Լաուշմանովան եմ։ Այն մարդու աղջիկը, որին քշեց տարավ քամին։ Տարավ գազախցիկ, որտեղ երևակայական գլխարկը հանելով՝ իր հերթը զիջելու էր ավելի տարիքով մարդուն․ թող իրենից առաջ գնա, ձեզանից հետո, հարգարժան պարոն։ Ես Գիտա Լաուշմանովան եմ։ Կրթված ու քաղաքում մեծացած իմ մայրիկի դուստրը, որ բուրում էր եվրոպական սրճարանների բույրով, որ այնքա՜ն դժվարությամբ հարմարվեց այստեղին։ Հենց այդ պատճառով էլ հայրս մայրիկիս համար կառուցեց այս երկար ձգվող ամառանոցը։ Շքեղ շինությունը գյուղում նախանձով սկսեցին փոքրիկ ամրոց կոչել։ Ես Գիտա Լաուշմանովան եմ։ Աշխատավոր մարդու դուստրը, որ նաև աշխատանք տալով կերակրում էր համայնքի գործազուրկների մեծ մասին։ Հետևաբար ի՞նչ եք այստեղ դուք՝ ծառաներդ, ընդհանրապես նստել ձեր քրտնած հետույքներով մեր աթոռներին։ Ինչեր եք ձեզ թույլ տալիս։ Ես Գիտա Լաուշմանովան եմ, ձեր ունեցած-չունեցածը հավաքեք ու դո՛ւրս կորեք։

Ոչինչ չեմ ասում։ Ներքուստ ողբում եմ։ Այնտեղից վերադարձել եմ  ամոթահար, որը կասկածի տակ է դնում իմ ցանկացած իրավունք։ Իրավունք ցանկացած բանի։

Անգամ օդի, որը շնչում եմ։

-Ու էս ի՞նչ է նշանակում։

Տղամարդն առաջինը խոսեց։

-Ես․․․ Ես Գիտա Լաուշմանովան եմ։ Սա մեր տունն է։ Ես վերադարձել եմ։

Պետք է այստեղից դուրս պրծնեմ։ Դա արդեն պարզ է։ Ներսս անհանգիստ է։ Զգում եմ սողացող վտանգը։ Զգում եմ դա այն պահին, երբ տղամարդը հանկարծ ոտքի է կանգնում։ Այնքան անսպասելի, որ շագանակագույն թանձր ապուրի մակերևույթը տարուբերվում է։ Այն թափվում է մեր ձեռագործ ճերմակ սփռոցին։ Գիտեմ դա այն պահին, երբ Կինը գունատվում է, շվարած հետ է դնում շերեփը սեցեսիոն ռելիեֆներով պատված խոր ափսեի մեջ ու վեր  թռչում։

-Ո՛չ։ Այլևս՝ ո՛չ։

Տղամարդը վերից վար չափում է ինձ հայացքով՝ խոսելով կնոջ հետ։

-Անհավատալի ա։ Էս լակոտները չե՞ն ուզում մեզ արդեն հանգիստ թողնել։

Ինձ ինչ-որ մեկի հետ է շփոթել։ Միսը շարժվում է, իջնում ափսեի հատակը ու նորից բարձրանում, ապա նորից լողում ապուրի մեջ, կլորիկ ափսեից գոլորշի է բարձրանում։ Տղամարդու ձեռքն ուժեղ է, առատ սև մազերով, կարող էր այդ փայլող գդալով ամբողջ ուժով զարկել ճակատիս, կարող էր քաշել դեպի վեր աճող մազերիցս, փետրահան անել ինձ, ընկղմել գլուխս տաք ցեխաջրի մեջ։ Օրինակ՝ զուգարանում։ Դուրս եմ գալիս, անցնում եմ հայրիկի գլխարկի կողքով, վազում եմ փայտե դռնով դեպի հողամասի շինությունները, բնազդաբար փնտրում եմ ամենաապահով թաքստոցը, գնահատում եմ ռիսկերը։ Ինքնապաշտպանական բնազդներ։ Այնտեղից հետս բերած։

Մտնում եմ գոմ, բարձրանում եմ հին տախտակներով, քայլում շագանակագույն լպրծուն հատակի վրայով։ Ներս եմ ընկնում տանջված անասնագոմը, որտեղ խաղում էինք երեխա ժամանակ։ Մտնում եմ այդ խոնավ վայրը, որը հայրս ուզում էր քանդել։ Մտածել էր դրա փոխարեն մի փառահեղ թանգարան կառուցել։ Նստում եմ ինչ-որ կույտի վրա։ Այս զզվելի դողը։ Գլուխս պտտվում է։ Հենվում եմ ծնկներիս։ Հողե հատակին շարժվում է մազմզոտ թրթուրը։ Փոքրիկ տարածություն հաղթահարելով առաջ է ձգվում։ Ու նորից կորացնում է մեջքը։ Չի դադարում։

Սա ի՞նչ հիմարություն է։ Ինչո՞ւ և ումի՞ց եմ այստեղ թաքնվել։ Հողի մի կտորի համա՞ր, որ սխալ մարդու ձեռքն է ընկել։ Գուցե գյո՞ւղն եմ շփոթել։ Կմնամ այստեղ մինչև մի բան կմտածեմ։ Մինչև այս աղմուկը գլխումս կհանդարտվի։ Միայն սիրտս է տխուր հարմարվում իր հին ռիթմին։ Կնախընտրեր պայքարել, տրոփել ու դուրս պրծնել կրծքիցս։


[1] Ադինը Գիտայի եղբոր՝ Ադոլֆի անվան փաղաքշական տարբերակն է։

[2] Ինչպե՞ս քույրը կարող էր այդքան արագ հագնվել: