Եսթեր Մխիթարյան, Էսսե

Աշնանային էտյուդ

Անցյալի հուշերը թափվում են աշնան տերևների նման, և աչքերից պոկված թախիծը աշնան նման գունեղ է ու անձրևոտ, թափանցիկ ու մռայլ, ինչպես անձրևով լցված ամպը, որը ուր որ է՝ կսևանա ու գորշ երանգ կստանա: Բայց անձրևի կաթիլները անդրադառնում են արևի ճառագայթների տակ ու լուսավորում աշնան մռայլ երանգները։ Աշունը խելագար քամու ներքո մի երգ է նվագում՝ տերևներին պարացնելով իր նվագի տակ ու սուլում մի անծանոթ մեղեդի, որ կարծես նա կարող է միայն հորինել:

Թաց անձրևից պոկված մանրիկ կաթիլները մանր ապակու նման շրխկում են գետնին, իսկ մի փոքրիկ սոված շնիկ անհանգիստ պոչն է շարժում: Մեկը լուցկի է վառում իր ծխախոտի համար, բայց լուցկին թաց է ու ձեռքի մեջ տրորելով լուցկու թաց տուփը, գրպանից կրակայրիչն է հանում: Մի վտիտ տղա իր հագի բաճկոնը գցում է ընկերուհու ուսերին, ու երկուսով փախչում են անձրևից, բայց չգիտես թե ո՞ւր: Մոխրագույն տան սենյակներից մեկում լսվում է դաշնամուրի ձայնը: Մեկը դուռն է փակում՝ ճռռացնելով այն և հողաթափերը քստքստացնելով՝ մոտենում անկողնուն:

Պատուհանից այն կողմ անձրևի կաթիլները թափվում են գետնին: Ամառը այլևս փոխում է իր դերակատարին ու փոխվում են բնության խաղի կանոնները: Իսկ այն մարդը ծխում է կրակայրիչով վառած ծխախոտը ու մտածում, թե ոնց է հգալու ձմռան ծախսերը, որ ծխախոտի համար էլ գումար մնա:

Լռում են բոլոր ձայները: Քաղաքը քնում է ու աշունը ներս է մտնում՝ գունավոր ու թափանցիկ անձրևի նման, և օրը գրկում է աշնան բոլոր գույները ու քմծիծաղ տալիս: Սոված շունիկը ագահաբար կուլ է տալիս իրեն շպրտած երշիկի կտորը ու անձրևից թաքնվելու տեղ փնտրում:

Օրը լուսանում է: Աշունը ժպտում է քթի տակ ու ողջունում բոլորին․ «Ես եմ՝ աշունը, եկել եմ, դիմավորեք ինձ…»։