Հովհաննես Սարդարյան, Պատմվածք, ՏՈՆԱՊԵՏ պատմվածքի մրցույթ

Խոշոր սևագիր

«Так держать» մաղթանքով ինձ միշտ խրախուսող «Արձակ գրի ասպետ»-ի Անմոռաց Անուն Վալտեր Թորոսյանի հիշատակին 

Նա չէ՛ քերթող, ով պատահմամբ մի երկու տաղ բանաստեղծի,
Ոչ, ամեն ոք իրեն վսեմ մի բանաստեղծ թող չկարծի,
Հեռու-մոտիկ բառերն իրար մի կերպ կցի ու կցմցի,
Եվ ջորու պես համառ ասի. «Իմն է լավը» ու չամաչի։

Շոթա Ռուսթավելի

 Քաղաքամերձ բնության գրկում մի գողտրիկ տաղավար կա։ Հայտնի քեֆի հաջորդ օրն այստեղ Նելսոնի պոեզիային նվիրված երեկոն էր։ Մեծարում են, հո մի չե՛ն մեծարում Նելսոնին։ Էնքան փքեցին (տողատակերում` երեսին թքելով), մի պահ կարծեց, թե ուրիշներն էլ են մտածում, որ ինքը Շեքսպիրից մեծ է, «աստղերից սիգարետ վառել կարող է, ամպերի փնջերով լվացվել», ինչպես աստվածապարգև մուսայի ծառաները։ Այնինչ ինքն ընդամենը մի Նելսոն է, և մաքսիմում ներոնություն անել կարող է։ Գրչընկերների նկատմամբ։ Եթե իրեն անպատիժ գործելու հնարավորություն տրվեր։ Գեթ մի սև գիշեր։ Կաշվերես սև բլոկնոտում բոլորի հասցեներն ունի։ Ամենատաղանդավորներինը երբեք չլուսավորված մտքի մութ անկյուններում է պահ տվել` յոթ փակի տակ։ Մեկ էլ ու` տուն գնալու ժամանակ չունենա։ 

Իմաստունը նախընտրեց չխոսել։ Կես կատակ-կես լուրջ մի անգամ մտածածը երեսին ասել էր։ Այս անգամ լռեց։ 

Շատ ընկերուհիներ էր ունեցել։ Ամենքի մեջ մի բան ուներ թողած։ Սիրո հուշափուշը բազմաթիվ մանկանց ձեռքեր էր պարզել նրան։ Նախկին ընկերուհիներին ամուսնացրել էր։ Իրեն առավել սիրողները, մարդաթող լինելով, վերադարձել էին։ Եվ հսկա Նելսոնը դարձյալ հսկայական կանանոցի տեր էր։ Լավ հայր է բազմազավակ Նելսոնը։ Ժխտող չկա։ Գրում է։ Բանաստեղծություններ (արձակ գործերն արևերես չի հանում)։ Ստացվում է, ինչպես շատերի շատ փորձերը. մեկը` լավ, երկուսը` բաբաթ,  երրորդը` ավելի լավ է՝ չգրեր։ Մի խոսքով` ավելի հաճախ չի ստացվում։ «Թույլից չափավոր, հյուսիս-արևելյան»` ասում են ընթերցող գործընկերները։ Բայց՝ իրար մեջ։ Երեսին ասել չեն համարձակվում։ Կնշանակի՝ վերջ հացի ընկերությանը։ Իսկ Նելսոնը լավ հացընկեր է, բաժակի նկատմամբ չափավոր անտարբերությունը տարիքի հետ է առաջացել։ Ուտող-խմող է Նելսոնը, այն խմողներից, որ ավելի շատ ուտում են. դրա համար սեղանի շուրջ չեն հարբում, ավել-պակաս չեն խոսում, սեղանակիցներին չեն վիրավորում, ու դրանով էլ նրա ներկայությունը հաճելի է, հացընկերությունը`  մշտական։ 

-Էսօր մեր ստեղծագործություններից չենք խոսում։ Էսօրվա լավագույն ստեղծագործությունը մեր էս հանդիպումն է,- ասաց Իմաստունը, երբ արդեն մոտեցնում էին խորովածը։ Պիտի կենաց ասեր, և նախօրոք իրեն ապահովագրեց

Նելսոնի հանգախախտ գործերը պարտադրված գովելուց։ Մարդկային հատկանիշների վրա կենտրոնացավ։ Դրանց պակասը Նելսոնը չէր զգում,  ի տարբերություն բանաստեղծելու շնորհի։ 

Հորձանք տվեց դիֆերամբոտ պատումը։ Ընկերները, մեկը մյուսին հերթ չտալով,  ծաղկեցրին, ապա մինչև վերջ պարպեցին Նելսոն Մարդու, Ընկերոջ, Զավակի, Հոր,  նույնիսկ Ամուսնու հատկանիշները գովերգող թասերը։ Պոեզիա անող Նելսոնի մասին՝ ոչ մի խոսք։ Դա մտքում ասվեց ու մնաց գավաթների զնգոցի արանքում։ 

-Հա։ Բայց ո՞վ ասեց, թե հարեհաս չի, ընկերասեր չի, սեղան նստել, կենաց ասել չգիտի… 

-Տո՛ երգել, պարել, նվագել էլ գիտի։ Էլ ի՞նչ եք ուզում… 

-Գիտի, գիտի, գիտի… Էդ ինչ ասեցիր, հավատում եմ, որ գիտի։ Ստեղծել էլ գիտի։ «Համա ստեղծածը մի բան չի»,- էս արդեն մտքում ասվեց։ 

Չասվեց, ավելի ճիշտ` ասվեց, բայց լեզուն սեղմած ատամների արանքից դուրս չեկավ, որ, ա՜խր, աստվածային բառուբանի հետ այդքան անաստված, այդպես Նելսոնավարի չեն վարվի (Ներոնի կայսերական ականջը խուլ)։ Ասվեց ու նույն եղանակով դարձյալ չասված մնաց, որ Նելսոնն այնքան է մեծացրել իր առօրեական կամ ամենօրյա ֆեյսբուքագրության ծավալը, որ մեծ բանաստեղծ է թվում… ինքն իրեն։ 

Նախ իր, ապա բոլոր դարերից իրեն հասած պոետները, հավերժական Շեքսպիրն էլ նրանց հետ, Նելսոնին մանր բաներ են թվում։ Պոետի գործը նախրչու հոգեբանությամբ վարող Նելսոնի չափանիշն ու չափորոշիչը անսահմանափակ,  աբստրակտ ազատությունն է։ Բոլոր, հատկապես տրամաբանության կուռ շղթայի պարտադրանքից զերծ սանձակոտորությունը։ Ու իր տեսած ու չտեսած բոլոր էգերի տված ու չտված բոլոր հաճույքներից առավել մի յուրօրինակ կայֆի ճաշակում է ունենում, երբ բառուբանի հարգն իմացողների որևէ խոսքաշեն միջավայրում տալիս են իր անունը… նաղլագիրներից գոնե մի կես պլանկա վերև։ 

Ասվեց ու չասված մնաց, որ Մհեր Մկրտչյանին (Շեքսպիրի մեծ արժեքը իրապես իմացող) Նելսոնն ընդամենը «հին օրերի երգիչ» է համարում։ Իսկ ինքը նոր է, ու «նոր կյանքի հետ նորանալով» ամեն օր մի նոր երգ է երգում։ Նորերի նոր երգը։ Նորերի նորոգած հին երգը, որ «հին օրերին» երգում էր Մհեր Մկրտչյան-Նիկոլը։ 

Ասվեց ու չասված մնաց, որ Նելսոնի հագին «Աստծո քարտուղարի»  պատմուճանը ծակ է։ Ու չի նկատում, որ ամեն նոր օր, «հին օրերի երգը» առ Աստված մրմնջում են 10- յակ, 100-ավոր, 1000-ավոր նորատի կանայք ու մայրեր։ Ու հայոց երկինքը լցվում է հայոց հին օրերի երգի բազմաձայն երգահառաչով։ 

Ու սա բնավ էլ առաջ տանող երգ չէ։ Բնավեր անող, հառաչի ու նահանջի երգ է սա։ Նելսոնը սա չի նկատում։ Լուռ որոճում է իր առաջ գցած ճանը։ Ու նշանառուի իր սուր աչքով չի տեսնում «Աստծո քարտուղարի»`իր հագին ծակված պատմուճանը։ Չի լսում ոչ մի որոտ ու թնդյուն, քանի նռնակը չի պայթել հենց իր խրամատում։ Ու նշանառուն դեռ չի թիրախավորել իր հենակետը։ 

Ասվեց ու չասված մնաց, որ… որ… որ… 

Շատ բան ատամների արանքում պինդ սեղմած լեզվի տակ մնաց։ Շատ բան չասվեց։ 

-Թե հարցը երգել, պարել, արտասանելն է, ես դա բոլորիցդ լավ եմ անում,- խոսեց իր հիմնական բանուգործը թողած Իմաստունը։- Հատկապես քեզանից, հաստատ լավ եմ ստեղծում, այ Բազմափեշակ (Նելսոնի բազմաթիվ մականուններից էր)։ Մտքում պտտվում էր «կորածի մինը» արտահայտությունը։ Մեկ ուզեց բարձրաձայնել, բայց խնայեց։ «Տուֆտությունններ»,- Նելսոնի գրածը մի բառով էր քարագրել դեռ 5-6-րդ դասարանում Հոմերոս ու Դոստոևսկի ծայրեծայր կարդացած տաղանդավոր մաթեմատիկոսը։ 

«Տուֆտագրի տուֆտություններ».- Նելսոնի դաջվածքներին հավելեց Իմաստունը։ Սա էլ մտքում պահեց։ Էլի խնայեց դյուրաբորբոք Բազմափեշակին։ Տարիների փորձով գիտեր՝ Բազմափեշակի ստեղծագործությունները ճիշտ բնորոշողները երկու բանի հաստատ պիտի պատրաստ լինեն՝ քարփիչով կռիվ ու անկանոն թունարձակումներ կամ «փաստերի սովից» սնվող, ատամների արանքից ֆսսոցով դուրս պրծնող հայհոյանք։ Կռիվ չէր ուզում, ոչ էլ պատատակերին տրվող հայհոյանքը կհանդուրժեր։ Չբարձրաձայնեց։ Խնայեց տուֆտություններ դուրս տվող Տուֆտագրի ռիթմից ընկած սիրտը։ 

Բայց թե քաշի ու կշռի նշանակությունը չզանազանող Նելսոնը դադար մնացողներից չի։ Խոսակիցների հետ Իմաստունի` Կանտ-Կերկեգորյան հզոր ռեզոնանսով շրջագծված զրույցը իրեն չփոխանցվեց։ Իր խոսքն ու զրույցը իր մասին էր,  չհասկացված ու չըմբռնված յուր հզոր տաղանդի մասին։ «Ես վատ բանաստեղծ չեմ, մի բան էլ՝ լավն եմ»,-համենայն դեպս մտածում է Նելսոնը, մխիթարում ինքն իրեն։ Էլ կիսատ-պռատ Սիրահարական անգըրնի, էլ՝ «ամեն դեպքում մի բան էն չի»։ Սրանք են Նելսոնի ստեղծագործությունների մասին իրապես խոշոր մտածողների կարծիքները։  Որ թիկունքում պտտվում, պտտվում ու երբեմն էլ հասնում են ականջին։ Դրանից ինքնամեծար, ինքնահռչակ խոշորը, իրոք խոժոռվում է։ Պարզապես՝ սևամռայլվում։ Բայց Նելսոնը հանձնվողներից չէ։ 

Տհաճ ինքնագովքի թափանիվը կասեցնելու համար մեկն ասաց. 

-Գրածիդ մեջ մի երկու տող ստացված բան կար, գոնե տենց գրի՝ աֆորիստիկ։ Երբեմն ստացվում է։ 

Հավանաբար ստացված էդ մեկ-երկու տողով էր ոգևորվել ու թե՝ «Նելսոն մեծ պոետ, դեռ դուք կտեսնեք…»։ Ե՞րբ՝ հայտնի չէ։ Սիրահարական անգիրը ձեռին հասել էր պապի սահմանապահ գյուղը՝ Ռուզաննա Ռոբերտովնայի դուռը, թե էս ես, էս էլ իմ բանաստեղծությունը՝ «գուցե հենց քո մասին…»,- Ռուզաննա Ռոբերտովնային տեսնելով՝ անցավ մտքով։ 

Ռուզաննա Ռոբերտովնան Նելսոնի պապական` հանրապետության սահմանապահ գյուղում բոլորին հայտնի ռուսերենի ուսուցչուհին է։ Պուշկին ու Եսենին շատ է կարդում։ «Եվգենի Օնեգինն» ու «Шагане, ты моя Шагане»-ն նրա ամենասիրած գործերն էին։ Համաշխարհային գրականության բարձրանմուշներին քաջածանոթ, բանաստեղծության առինքնող տպավորությունն իր վրա տարածած սիրատենչ ուսուցչուհուն Նելսոնի սիրահարական անգըրներից ոչ մեկը այդպես էլ Եսենինի Շահանեի տպավորության նշույլն իսկ չփոխանցեց։ Նրա համար Եսենին էր կարդացել իր Ասպետը։ Անձնվեր տղա էր Ասպետը, իսկական մարտիկ։ Եվ կյանքը նվիրեց հանուն հայրենիքի։ Նելսոնի գրածը սիրահարվածի պոռթկումից ավելին չէր։ Բայց սիրատենչ թարգմանչուհին չէր կարող Սերն անտեսել։ Ու թարգմանեց հանուն սիրո։ Բայց նախընտրեց ոչ թե այս՝ «կաղ հանգերով գովված սերը», այլ «Մարտիկը»  գործը։ Թարգմանեց ստեղծագործաբար` դարձնելով իսկական «Ասպետական»։ 

-Տղերք,- ձայնեց Նելսոնը քեֆի ավարտին,- գործերս ուղարկել եմ Մոսկվա,  «Международные поэты» գրական մրցույթին։ 

Մի քանիսի բերանում վերջին պատառը կուլ չգնաց։ Մեկի կատիկը թռավ ձկան փուշը, մյուսը սեղանով մեկ պզզըցրեց դեռ կատիկը չհասած լիմոնաթի շիթը։ Նելսոնը տեսավ ու չտեսնելու տվեց ընկերախմբի անհանգիստ շարժումները։ «Նախանձում են»,- ասաց մտքում։

-Ռուզաննա Ռոբերտովնան է թարգմանել,- հպարտացավ Նելսոնը։ Ու մինչ ինքնքսիրահարված Նելսոնը Ռուզաննա Ռոբերտոնայի թարգմանությունից յուր ապագա հաջողությամբ ներկայում արդեն անսահման ոգևորվել է, հավաքին ներկաներից հատկապես Պարոդիստը տեղում անհանգիստ շարժումներ է անում ու ֆռռիկներով հարուստ իր առերեվույթ գովեստի տողատակում մտմտում. «Չբռնեմ մի պարոդյա էլ Նելսոնի ստեղծած տողակույտի վրա գրեմ…»։ Ասենք պարոդիան բանաստեղծության վրա են գրում, սրա պարոդիայի վրա էլ ի՞նչ պարոդիա գրեմ։ 

-Գործ չունես, Պարոդիստ ախպեր,- մտորմունքը գուշակում է Հեռուն գնացող դատողությունների մասնագետը,- Նելսոնի հետ գործ չունես։ Ուրիշների դեպքում քո պարոդյան նրանց բանաստեղծությանը վնաս չի, Նելսոնի պարագայում` սուս։ Ընթերցողը նրա չստացվածք-տողակույտը կթողնի ու Նելսոն Կարապետյանին քո պարոդյայով կհիշի։ 

-Հա՞ որ,- մանիպուլյատիվ հարցադրում է անում Մանիպուլյատորը` չիմանալով սույն երկուսին տանջող ցավը։ 

Ու Պառոդիստը քթի տակ մրթմրթում է մեղեդանման մի բան. 

Իմ սուրացող խոսքի նետը  

Կտապալի քեզ` Նելսոնիդ,  

Հանց Նահապետ Հայկի նետը։  

Խառնած իրար да-ն ու нет-ը`  

Դու կորցրել ես խոսքիդ նետը,  

Հետդ վերցրու քո սոնետը,  

Որ չարձակեմ խոսքիս նետը…  

Գնա խաղաղ դու քնի,  

Գրոտելդ էլ թարգի։  

Ախ, էդ ինչ է քո հալը,  

Հավելել ես մսիդ սալը…  

Քեզ պոետ ես հորջորջում,  

Արջամկան քո որջում։  

«Բառն ու բանն աստվածային են, և ոչ` ամեն բերանի համար։ Ամեն բերան իրեն է հարմարեցնում Աստծու Բառը․ դրա համար ծուռ ու թոթովախոս բերաններում ծամվում- ծալծլվում է ամենայն աստվածայինը»,-մտածեց Իմաստունը։ Ով ինչքան կարող էր կռահեց նրա միտքը։ Ու վեր կացան։ 

-Տղերք, էսօր լավ էր, քան թե էգուց,- կերկերաց մի Նեոնելսոն, երբ քեֆն ավարտվել էր, ու դրսում բարձրացած քամին լրջացնում էր գինովացած գլուխները։- Ի՞նչ եղավ քեզ,- զարմացան։ 

-Վաղը Նելսոնի մեծարման երեկոն է,- կռահեց բազմափորձ Իմաստունը։- Էսօրվա քեֆի սեղանի շուրջ ցրված ու մոռացված մտքերը բեմից ցրել չի կարելի,- հրահանգեց։ 

-Մեր գործը բարդ է, տղե՛րք,- մտահոգվեց մի Դեղնակտուց։ 

-Ի՞նչն է բարդ,- հետաքրքրվեց մի ուրիշը։ 

-Մտածում եմ՝ տեսնես ո՞վ է լինելու էն համարձակը, որ ասի. «Ո՛վ բանաստեղծ Նելսոն, դու մեր համքարությունում ամենամեծն ես, քո դարի երևելին»,- կրակին յուղ լցրեց Դեղնակտուցը։ 

-Նելսոնն իրոք մեծ է, ո՞վ բան ասեց։ Վիթխարահասակ է ու գլուխն ամեն անկյունից երևում է,-հեգնեց Մանիպուլյատորը։- Թեև իրականում… ո՜ւֆ արա, է… 

«Ու՞ր ա Նելսոնին տող, որ մի հատ էլ տողատակ լինի։ Նա որ բառի արժեքն իմանա,  կգրի՞…»,- մտածեց։- «Բառեր, բառեր, բառեր… Մնացյալը՝ լռություն»,- շեքսպիրյան հանգով արդեն բարձրաձայն շարունակեց Մանիպուլյատորը։ 

-Հույս չունեմ, թե Նելսոնին երբևէ հասու կդառնա կերկեգորյան լռությունը,- միջամտեց Դեղնակտուցը: 

-Ըհը, հենց դու էլ էգուց էդ մասին կասես,- տեսնելով, որ հարբած ընկերախմբի խելքը գլուխը չի գալիս, վճռեց Իմաստունը։ 

-Ե՞ս,- կմկմաց Դեղնակտուցը։ 

-Չէ, չէ։ Մեկը լինի քո մասին ասի՝ բանաստե՞ղծ ես, թե՞ չէ։ Իմաստունի հայացքը սևեռվեց Մանիպուլյատորին։ 

-Ե՞ս,- կերկերաց Մանիպուլյատորը։ 

-Հա՛, հա՛, հենց դու,- ձայնի վճռական երանգն ընդգծեց Իմաստունը։- Կասես ու Նելսոնի մեծ գլուխը կհամեմատես մեծն Տոլստոյի` ամեն անկյունից երևացող հանճարեղ գլխի հետ։ Ու Թումանյանին աչքալույս կտաս, որ ահա տե՛ս, Հայոց պոետ (դուք էլ տեսեք, ներկա պարոններ ու տիկնայք), հանձին Նելսոնի՝ մենք էլ մի վիթխարահասակ բարձրագլուխ ունենք։ Ամեն անկյունից երևում է։ Հենց դու էլ կասես։ Էլ մի կմկմա։ Դե մեր մեջ մենակ դու ես կարողանում չբանաստեղծին բանաստեղծ դարձնել։ Նելսոնն ու գյորա միայն դու կարող ես խոսել։ Մենք էլ ծափ կտանք։ Կասենք ապրես,- կատակախառն՝ իր ոճի մեջ, խրախուսեց Իմաստունը։ 

-Լավ, լավ, մի բանավիճեք։ Ամենքիդ մեջ էլ մի քիչ Նելսոն կա։ Մի քիչ Ստեփանյան, մի քիչ` Ադմիրալ։ Նեոնելսոնները ավելի շատ են,- երկար լռությունից հետո խոսեց Հեռուն գնացող դատողությունների մասնագետը՝ զսպելով ծայր առնող բանավեճը։ 

Աշխարհին Աստծո պատուհանից նայելով` նա ձգտում է Աստծո Աջում գտնվող իր Ձախով երկրից մասնակցել տիեզերքի պտույտը կառավարելու Աստվածային գործին։ Ու երբ Երկնավորի կամոք Երկրավորն էլ տիեզերք կառավարի, տիեզերական Ամենատեսի հայելում ամենքս կտեսնենք ոչ մի քողարկիչով չքողարկվող մեր բոլոր թերություններն ու առավելությունները։ 

Աստվածապարգև իր Բախտամուսային հավատալով` մի սիրային բանաստեղծություն ձեռքին, Հեռուն գնացող դատողությունների մասնագետն էլ էր գնացել իր սրտի թարգման Թարգմանչուհուն հյուր։ 

ՏՈՂԵՐ՝ ՀԱՅՏՆԻ ՀԱՍՑԵՈՎ  

Մանուշակագույն շապիկդ մանուշակաբույր գարնան խորհուրդն ունի:  Ժպտում ես՜ հանուն ինձ, իմ ժպիտով փոխադարձվելու համար:  

Just for me ժպտացող գեղեցկուհի ամեն քայլափոխի չի պատահում:  «Փոխադարձելն այլընտրանք չունի», – հուշում է ներսս։  

Ժպիտդ թաքցնել դու չես կարող,  

Ինչպես վարագույրն անզոր է արգելել արեգակի ճառագայթների մուտքը սենյակ:  Նրբորեն թերթում ես «Այնքան սպիտակ սիրտը»:  

Թերթերի հիշողությանը պահ տված  

Հրավիրատոմսը հանկարծ հիշեցնում է  

Անավարտ մի գործ ու մի չավարտվող ժամադրություն…  

Երջանկության փողոցում հերթական գարունն է,  

Մանուշակաբույր,մանուշակագույն Գարուն 2022-ը: 

Թարգմանչուհին բանաստեղծության տողատակերում իսկույն որսաց իր ու Հեռուն գնացող դատողությունների մասնագետի հավերժական սիրո լուսավոր դրվագները, իրենց «չավարտվող ժամադրությունը…»։ 

Երկուսն էլ գիտեին, որ տողերի հասցեն միայն իրենց է հայտնի ու Աստծուն։ Հասցեն Աստվածընտրյալ Թարգմանչուհու սիրտն էր` Հեռուն գնացող դատողությունների մասնագետի երկրային դրախտը: Հայտնի Ասուպին Աստված երկնքից աստղի թևին իջեցրեց, որ հավերժաբոց ջահ ու կերոն դառնա ճանապարհին։ 

Այդ գիշեր Տերը երազ եկավ Ասուպ-Կերոնին։ «Ես քեզ մտքի այնպիսի մի պայծառություն կտամ, որ Հեռուն գնացող դատողությունների մասնագետի` Ձեր սիրով ողողված «Տողեր հայտնի հասցեով»-ը թարգմանելիս Պուշկինի ու Եսենինի հոժարությամբ Աջդ շարժեն Ախմատովային ու Ցվետաևային հովանավորող մուսաները։ 

Ասուպ-Կերոնը գիտեր, որ «Տողեր հայտնի հասցեով»-ը իր սրտից բացի Աստծու սրտին է ուղղված։ Գիտեր իր սիրեցյալի թաքուն երազանքների մասին։ Ծանոթ էր նրա վստահեցումներին, թե տիեզերական երջանկությունն ու փառքն իրեն անձամբ տիեզերքի Տիրակալն է նվիրելու։ Երազում աստվածհայտնությունից հետո Ասուպ Կերոնին էլ փոխանցվեց Հեռուն գնացող դատողությունների մասնագետի տիեզերածավալ վստահությունը։ Որոշեց Աստծո առաքիչը դառնալ։ Սիրեցյալի հայաշունչ փառքը միջազգային լեզուներով աշխարհով մեկ անել։ Դա արդեն երկուսի փառքն էր լինելու։ 

Առավոտ կանուխ Թարգմանչուհին քաղաքամայր Երևանի (որտեղ գարնան առաջին ամսի 7-րդ սուրբ օրվա պայծառ առավոտյան լուսաշխարհ էր եկել Հեռուն գնացող դատողությունների մասնագետը) գլխավոր փոստատնից համատեղ ստեղծագործությունը ուղարկեց մոսկովյան գրական մրցույթի հասցեով։ 

Դպրոցական տարիներից ստեղծագործող Նելսոնն առաջին ժողովածուն անցյալ դարում է տպել։ Դրանից առաջ ամսագրային հեղինակ էր։ Միլիոնատպաքանակ ամսագիրը գրականություն մուտքի երաշխավորված այցետոմս էր։ Ու ինքն այդ տոմսը ստացել էր։ Բայց… Գրականությունը հո ֆուտբոլի դաշտ չի՞, որ մարզչի որոշումով ու մրցավարի սուլիչից հետո քեզ վերցնեն պահեստայինների նստարանից ու դաշտ  մտցնեն կամ՝ չմտցնեն։ Թեև իրապես դժվար է ասել, մարդը կարո՞ղ է գրականություն մտնել, թե ՞ գրականությունը իր հետ մարդն աշխարհ է բերում (կամ` չի բերում)։ Գրականության դաշտ մտնելու համար հազար ինստանցիա պիտի անցնես, մարզչի որոշումից ու մրցավարի սուլիչին սպասելուց առավել ընթերցողի համակրանքը պիտի շահես, գոլերդ նրանց սիրտը մխրճես։ 

Գրականության ասպարեզը ֆուտբոլի մարզադաշտ չէ, որ այցետոմսով կամ հրավիրատոմսով մտնես։ Եթե սուտ է, ապա կանչեք Ամենայն հայոց բանաստեղծին,  թող գա ու բացատրի իր տողը. «Ու կնքողս նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ…»։ Թումանյանը ճիշտ է։ Բայց թե էդքան էլ ճիշտ չէ մեր Նելսոնի` ամեն անկյունից երևացող (թող որ հաճախ` անտեղի) բարձրագլուխը կոր թողնելը։ 

«Հա՜յ, հա՜յ», Նելսոն ջան…,- կասեր հայտնի ֆիլմից հայտնի Մուրադը ու հյուսիսում գտած հարսնացուի հետ ցուրտ հյուսիսներից օգնության կկանչեր ռուսիո մեծ բանաստեղծին էլ, որ գար ու ասեր. «Ով էլ հարյուր բանաստեղծություն գրի, գոնե մեկը լավը կլինի։ «Յոթ երգից գոնե մինը»՝ կօգներ Ամենայն հայոցը։ Հենց էդ մի լավը գտնելու հույսով բանախոս գրչընկերները Նելսոնին նվիրված միջոցառումից առաջ սրա մի քանի տասնյակ գրքերը ամիսներով պեղում են, որ գոնե մի բան գտնեն, որ Նելսոնից էլ բանաստեղծանման մեկը դուրս գա։ Զուր։ Սրա մտքի 1239 թռիչքները

միասին Նելսոն Ստեփանյանի 1239 թռիչքից գոնե մեկի բարձրությանը չեն հասնում:  Սրա մակուլատուրայում բանաստեղծություններից հատուկենտ պիտանիները (ո՞ւր է թե ընտիրներն էլ ունենար) ջոկելը տիտանական ջանք է պահանջում։ Գրական արժեք փնտրելը ստույգ սիզիփոսյան աշխատանք է։ 

Գրականության համար Նելսոնի գրածն ավելի քիչ արժեք ունի, քան այն թղթի գինը, որի վրա գրվել է։ Խոժոռադեմ Նելսոնը պարզապես մի խոշոր սևագիր է արտադրում և անզոր է իր երազած կրակի բոցերում Ֆարենհայտի 451 աստիճանում այրել տաղանդավոր մաթեմատիկոսի և Իմաստունի` իրեն ու իր գրին դաջած բնորոշումը` «Տուֆտագրի տուֆտությունններ»։ 

Գործընկերները մտահոգվում են՝ ո՞ր մի գրածը վերլուծեն, ինչպե՞ս վերլուծեն, որ մի քիչ բանաստեղծությունանման լինի, ու Նելսոնն էլ բանաստեղծանման թվա գոնե։ Անլուծելի հարց է։ 

Գրականության ասպարեզը ֆուտբոլի դաշտ չէ։ Թեև ֆուտբոլի դաշտից գրական ասպարեզ եկածներ կան, կինոյում ու թատրոնում խաղալու գնացածներ՝ ևս։ Երևի համարում են, որ խաղը խաղ է, ու դե որ այդպես է` գրականության խաղն էլ իր հմայնքներն ունի։ Ինչու ոչ` կարելի է և խաղալ։ Բայց գրչի, առավել ևս` գրականության հետ խաղալ չի կարելի։ Կուլ գնացող դառնահաբերից չէ ձախող գրչախաղը։ «Բախտի վրա խնդալով» չես մարսի։ Թե՞ կմարսես։ Նելսոնը կիմանա։ Գրչախաղը ձախողածին փրկություն չկա, թե՞ կա։ Էդ էլ Նելսոնին հարցրեք։ Կարա՞՝ թող միտք անի՝ ո՞ր աշխարհում է լողում իր երազը՝ էս թե էն։ 

-Խոր ափսոսում եմ,- խիստ մտահոգ ձայնով կերկերաց մի գրչակից,- որ ԽՍՀՄ կրկնակի հերոսից միայն անունն է բաժին հասել Նելսոնին։ Իսկ հերոսական անունը հերոս բանաստեղծ կերտել չի կարող։ Եվ ճիշտ էր գրչակիցը։ Թումանյանն ու Պուշկինը եթե Շեքսպիրի ու Սերվանտեսի ձեռքն էլ բռնած գան, բանակում ու դրանից հետո չգիտեմ ինչի համար մեդալներ ստացած նելսոնին դժվար թե համոզեն, որ գոնե Չարենցը գրական անառարկելի հեղինակություն է, անգերազանցելի մեծություն, իր համար անբարձրանալի, անհաս գագաթ։ 

-Տեսնես մի գազել կարո՞ղ է գրել, որ Չարենցի գազելի պես դարը ճեղքի ու բոլոր լսողներին իրենց մայրերի համար էդ խոսքերն ասել ուզեն,- ընկերախմբին դարձյալ սադրեց Դեղնակտուցը։ 

-Կարա՛, բա չի կարա Նելսոնը։ Դրա գրած (թե քշած) գազելը հայկական մոռացված «Երազ»-ից գոնե մի մակարդակ բարձր պիտի որ լինի։ Ասենք` գծի տակ քշվելուն գոնե մի 10 տարի (հիմա օրենքն էդքան է չէ պահանջում) դիմադրունակ «Ռաֆ»։ Լավ, էս նորերից` «Ռաֆ 4»։ Իմպրնտի։ 

-Կամ էլ հայկական «Երազ», որ «մահվան» անունն ստացած «Գազելներից» առաջ էր մահվան պիտակվել ու Երևան-Սևան ճանապարհին, մաքսիմում` Կազբեկի ոլորաններում ոլորել ու մոլորել կամ ուղիղ տրանսին թաղել հայկական Երազ ու երազանք։ Էս արդեն Չարենցի անմահ գազելի հետ կապ չունի, էն հրի տվածների հետ էլ, որովհետև Չարենցը անմար հուր է, ու նրա “սրտի հուրը” ամեն ոք յուրովի է բաշխում իր սիրածին։ 

 …Քաղաքամերձ տաղավարում բոլորն արդեն խոսել էին, հնչել էին բոլոր դիֆերամբներն ու դարձյալ մտքում թողնվել Նելսոնի պոեզիայի իրական արժեքի մասին բոլորին հայտնի և միայն իր թիկունքում հնչող ձևակերպումները: Բոլորի համար անսպասելի հնչեց հաղորդավարի բամբ ձայնը. 

-Ուշադրությո՛ւն։ Ուշադրությո՛ւն։ Վրա հասավ ամենասպասված պահը։

-էս ի՞նչ նոր բան ա,- անցավ շատերի մտքով, որ մտովի արդեն նստած էին Նելսոնի գցած ճոխ սեղանի շուրջը։ 

-Բեմ եմ հրավիրում Մոսկվայում անցկացվող «Международные поэты» գրական մրցույթի ժյուրիի նախագահ, մեծապատիվ տիկին Եկատերինա Դուսևային։ Բոլորը քարացան։ 

Տիկինը հանդարտ քայլերով, այնպես, որ բոլորը նկատեն իր բոլոր կանացի անթաքույց արժանիքները, մոտեցավ ամբիոնին։ 

-Հարգելինե՛ր, ես այստեղ եմ, ամփոփելու «Международные поэты» գրական մրցույթի արդյունքները։ 

-Լավ ու վատ լուրերով եմ եկել,- ասաց Դուսևան։ Չսպասելով արձագանքի՝ շարունակեց: -Մրցույթին Հայաստանից մասնակցել են երկու հոգի` պարոն Նելսոն Կարապետյանը` «Մարտիկը» գործով (թարգմանչուհի` Ռուզաննա Ռոբերտովնա) և Հեռուն գնացող դատողությունների մասնագետ հավակնոտ անվամբ մի պարոն (թարգմանչուհի Ասուպ-Կերոն)։ Ռուզաննա Ռոբերտովնան շնորհալի թարգմանիչ է,- վստահեցրեց Դուսևան։ Բայց ի՞նչ կարող էր անել նա, երբ պարոն Նելսոն Կարապետյանի գործը ընդամենը հայտնի «Ասպետական»-ի անհաճո կապկումն է։ Անհաջող կապկումը։ Մրցույթի Ժյուրին չէր կարող թուլ տալ, որ բազմադարյան հայ պոեզիան աշխարհին ներկայանա Նելսոն Կարապետյանով ու աշխարհի բոլոր գրադարաններում լինի նրա բազմալեզու մակուլատուրան` խոշոր սևագիրը։ 

Նելսոնը սփրթնեց, Ռուզաննա Ռոբերտովնան հեկեկաց։ 

Խառնաշփոթ առաջացավ։ Երբ մի կերպ հանդարտվեցին, Դուսևան շարունակեց. – Հարգելի ու սիրելի բարեկամներ, անհոգ եղեք։ Գիր ու գրականության արժեքը պահպանելում նախանձախնդիր միջազգային ժյուրիի ամենատես աչքից ոչ մի պարագայում չէր վրիպի գրական ձեռագրի բացակայությունը։ Ամենատես Ժյուրինթույլ չի տա, որ Նելսոն Կարապետյանի խոշոր սևագիրը Քաջ Նազարի դրոշակ դառնա աշխարհում` հաջող թարգմանության ներքո լուսաշխարհ բերելով մի նոր`  գրական քաջնազար։ 

Իսկ այսօր հայ պոեզիայի համար մեծ տոն է։ Ժյուրիի միաձայն որոշմամբ Գրան Պրի մրցանակը շնորհվել է պարոն Հեռուն գնացող (կարող էր և` հեռվից եկող)  դատողությունների մասնագետին։ 

Մրցույթի կանոնների համաձայն հաղթող մասնակցի պոեզիայի ժողովածուն պիտի տպագրվի։ Իսկ Հեռուն գնացող դատողությունների մասնագետը պոեզիայի ասպարեզում նորելուկ է։ Պարզապես` հաջողակ նորելուկ։ Նա հաջողված արձակագիր է։ Իր համար Վիլյամ Սարոյանի ստեղծագործական բախտը երազող, համամարդկային արժեքներ շոշափող իր «Քերծված սիրտը» Վիլյամ Սարոյանի պես լեռներում թողած արձակագիր։ «Արձակ գրի ասպետ» որսորդ Վալեր Թորոսյանի երբեմնի ուսանողը։ Եվ նա արդար վճռեց` հեռուն գնացող հերթական դատողությունն անելով: Այս դեպքում հօգուտ հայ պոեզիայի պայծառ ապագայի։ Մրցույթի ժյուրիի միաձայն համաձայնությամբ կյանքի կկոչվի Հեռուն գնացող դատողությունների մասնագետի հեռատես դատողության հերթական առհավատչյան։ 10-յակ լեզուներով կթարգմանվի, կտպագրվի և աշխարհի հազարավոր գրադարաններում հայ գրի լույսը կտարածի Անի Ղազարյանի «Ճաքը նռան շուրթին»  բանաստեղծական անդրանիկ մրցանակակիր առաջնեկ ժողովածուն։ Անի Ղազարյանը խոշոր սևագրի հեղինակ Նելսոն Կարապետյանը չէ, ոչ էլ Հեռուն գնացող դատողությունների մասնագետն է` պոետական տաղանդի իր եզակի առկայծումներով։ Անին իսկապես իր դարի պոետն է ինչպես նկատեց Հեռուն գնացող դատողությունների մասնագետը։ Եվ չառարկեց Ժյուրին,- եզրափակեց Եկատերինա Դուսևան։ Եվ բոլորը դո՞ւրս ելան։ Ոչ։ Ոտքի ելան ու ծափահարեցին… 45 րոպե։ Չէր մասնակցում միայն Նելսոնը։ Իսկ Դուսևան ու Անի Ղազարյանը կողք կողքի գոհունակ ժպտում էին։ 

Դուսևայի թարգմանչուհին մոտեցավ Նելսոնին ու ականջին շշնջաց.  «Երախտապարտ եղեք Ռուզաննա Ռոբերտովնային։ Նա Ձեզ համար անհնարինն էր անում «Ասպետական» կերտելով։ Դուք կարող եք դառնալ նրա Ասպետը»։ Ռուզաննա Ռոբերտովնայի Ասպետի հավանական դերը պատմություն կերտելու միակ հնարավորությունն է Ձեզ համար։ 

Նելսոնը վազեց, երկու ձեռքով ամուր փաթաթվեց, ապա գիրկն առավ Ռուզաննա Ռոբերտովնային ու մի քանի անգամ օդում պտտեցրեց։ 

Նելսոնը գտավ իր Վերջին սերը` միակ ճշմարիտը։ 

Երկնքից իր համար ընկած երեք խնձորներից երազակատար Առաջինը, Գրան Պրիի գումարի 1/3-ի հետ Հեռուն գնացող դատողությունների մասնագետը նվիրեց Դարի պոետ Անի Ղազարյանին: Երկրորդ երազակատարը, դարձյալ գումարի 1/3  չափով՝ Ռուզաննա Ռոբերտովնային, որ կարողանա Նելսոնին զերծ պահել խոշոր սևագիր արտադրելու մահացու վտանգից։ Ու «երազը մնա անեղծ»՝ լինի մահից առաջ թե՝ հետո:  

Գրան Պրիի գումարից մնացածը գրպանում, իր Ասուպ-Կերոնին թևանցուկ,  Հեռուն գնացող դատողությունների մասնագետը հեռացավ՝ Սիրո դղյակում Սելինջեր լինելու… Երբեմն։ Սիրո ընդմիջումներին։ Պարապը լցնելու համար։