(հատված ՀՐԱՄԱՆԱԳԻՐՔ վեպից)
2024թ․ ՍՏԵՓԱՆ ԱԼԱՋԱՋՅԱՆ ամենամյա մրցույթում ՀՐԱՄԱՆԱԳԻՐՔ վեպն արժանացել է մրցանակի՝ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂ անվանակարգում
# Հրաման թիվ 47
05.09
Շահենի բացակայությանն ընտելացած աշխատակիցները անհոգ թրև էին գալիս, ուշանում, երկար-բարակ պատրաստություններ տեսնում, նախքան կանցնեին աշխատանքի, բակը լիքն էր սպիտակ խալաթներով, այգեպան Պողոսը հեշտ ու հանգիստ կարող էր մոտենալ ուզածդ բժշկին և հարցնել իրեն տանջող ցավերի մասին, ինչ լավ էր, որ այսպես պարզ, մարդկային ձև էր ստացել աշխատանքային առօրյան, անկանոն ձգվում էր օրը և հաղորդակից դառնում ցանկապատերից դուրս տարածվող ազատությանը, Չորեքչյան Պողոսը ցավի դեմ անճարության ողջ բեռը քարշ տալով շրջում էր ծառից ծառ, թփից թուփ, ողնաշարի խնդիրը թեթևությունը խլել էր, կքած, ոտքերով քաշված, ուսերով քաշված, ջանում էր խորասուզվել պարտականությունների մեջ, միակ դեղն ու դարմանը տարիների ընթացքում հանդիսացել է մոռացությունը, հիշողությունները, որոնք օգնում էին կտրվել և մոռանալ, ներկան, որն անհրաժեշտ րոպեին օգնում էր կենտրոնանալ և ծանր հիշողություններից հեռանալ, հինը և նորը լրացնում և բացառում էին միմյանց, նայած թե որ ցավից էր պետք տվյալ վայրկյանին կտրվել, երբ հինը բեռ էր դառնում, Պողոսը կենտրոնանում էր ներկայի ուղղությամբ, երբ ցավը շարժումներին համահունչ մրճահարում էր ողնաշարը, Պողոսը բացում էր հիշողության և անցյալի դեղատուփը, հաճախ էր կարմրահողը տրորելով մոտենում դիահերձարանի երկաթյա դռներին, ճշմարտությունը ինքն իրեն հիշեցնելու համար, չդժգոհելու, չնվվալու, ինչպես այսօր, երկաթյա դուռը բաց էր, Հարութը մեքենան ծիրանենու հովին էր քաշել, Հարութը սարսափելի վախեցրեց Պողոսին՝ դռան արանքից հանկարծ ցցվելով նրա դիմաց.
– Որոշեցի մի ակնթարթ նայել…
– Այ բիձա, եկել ես սատանայի դեմը սատանայություն ես անո՞ւմ…
Չես խաբի Սատանա Հարութին։ Այսքան ջահել և արդեն սատանա, այսքան առույգ, բայց արի ու տես՝ ինքնակործան հարբեցողի համբավ է կպել նրան։
– Եթե կարելի էր, դռան արանքից նայեմ մի պահ…
Ներսում, Հարութի ձեռքին թվացյալ գործիքներ կային, տանում-բերում, շարժում կամ տարուբերում էր դրանք, Պողոսին ընդամենը թվաց, անվրդով, հանգիստ, գրամ իսկ չէր փոշմանել, համեստ էր ու համառ, իր մեծագույն վախը հենց նոր հաղթահարել էր և մշտական համեստությամբ, բայց և վճռական եկել էր, կանգնել, խնդրում էր թույլ տալ դռան ճեղքով ուսումնասիրել մի քիչ, և անշուշտ, Սատանա Հարութը այգեպանի խաղաղ դեմքին հետաքրքրասիրություն էր տեսնում, որովհետև միայն դա էր սովոր տեսնել, ուստի ինքը անհրաժեշտ համարեց բացատրել, որ խնդրում եմ, հանկարծ ուրիշ բան չմտածես, ուղղակի ինքս ինձ խոստացել եմ կյանքում իմ այս վախը անպատճառ հաղթահարել, և այսպես ծալեց Հարութին գրական, գեղեցիկ հայերեն ելևէջներով ներգաղթյալ այգեպանը, ինչից բացարձակապես ապշած, ինքն էլ իր համար անսպասելի, Սատանա Հարութը դուռը հրեց ու ժպտերեսիկ կանգնեց, ձեռքին սպիտակ սրբիչ էր, վրան արյուն չկար, Սատանան շարունակում էր չորացնել թաց ձեռքերը.
– Թալել ես, այ բիձա։ Ո՞ւմ ես ուզում տեսնես…
– Սևակին,- պատասխանեց Չորեքչյան Պողոսը։
– Հա-հա-հա-հա… Սևակին էլ ես ճանաչո՞ւմ, այ բիձա։
Պողոսը լռեց, հետո նորից զրնգաց.
– Հա-հա-հա-հա… դե ասա տեսնեմ. ո՞ր թվականին էր Սևակը մեռել…
– Յոթանասունմեկ,- վստահ պատասխանեց Պողոսը։
– Լաաավ։ Դե ասա տեսնեմ՝ ո՞ր օրը։
– Հունիսի տասնյոթին,- վստահ, արագ պատասխանեց այգեպան Պողոսը։
– Լավ,- ասեց ու սրբիչը ծալելով աջ ուսին գցեց Սատանա Հարութը,- դե ասա տեսնեմ՝ ո՞վ էր հիվանդանոցի հերթապահ բժիշկը։
– Հինգշաբթի օր էր ու հիվանդանոցում հերթապահում էր Գրիգորիչը,- հանգիստ ասեց Չորեքչյան Պողոսը։
– Ո՞նց ես էդքանը հիշում,- զզվանքը զարմանքով կտրեց Հարութը…
Բայց Պողոսը չպատասխանեց, Հարութի մարմինը իրար էր եկել ու դեպի դուռը տանող տարածությունը փռված էր իր առջև, Պողոսը քայլում էր քանի կարող էր, դիմացը բաց էր, ոչ ոք չէր խանգարում, Սատանա Հարութը որպես արգելք ու պատրվակ հավերժ կար ու կար, նահանջելու պատճառներ միշտ կային ու կային, իսկ հիմա՝ ուշադի՛ր, սեղան կա, վերևով, անհասկանալի է թե որտեղից ընկնող լուսավորություն կա, սեղանին գանգրահեր մի մարդ է պառկել, և եթե խիզախություն ունենաս, խորանաս ու զննես, նրա դեմքը ճիշտ և ճիշտ Գրիգորիչի հավատարժան նկարագրությունների պես կլինի, չես հասկանա՝ նրա այտերն այտուցվա՞ծ են, թե՞ միշտ են այդպես եղել, նրա շուրթերն այտուցվա՞ծ են, թե՞ միշտ, մի հիսուն տարի, հարյուր տարի, հազար տարի այդպես էլ եղել են, գանգրահեր մարդը գլխով դեպի դուռն էր պառկած, ուստի անհրաժեշտ էր խիզախել, խորանալ, շրջվել…
– Հը՞, վախեցա՞ր,- հետևից լսվեց Սատանա Հարութի ձայնը։
– Էս անգամվա համար հերիք էր…
– Հա-հա-հա-հա…
Զրնգում էր Հարութի ծիծաղը, Չորեքչյան Պողոսը առանց դադարի քայլում էր ու մտածում, որ այս մարդը հերիք չի սատանա է, հերիք չի հարբեցող է, հետն էլ խելագար է դեռ։ Եվ այդպես քայլում, քայլում էր, հասավ հիվանդանոցային մասնաշենք, Չորեքչյան Պողոսը փորձում էր պատկերացնել այն պահը, երբ մեծ բանաստեղծի հոգին մարմնից դուրս եկավ ու հայտնվեց այս պատերի մեջ, մի մեծ բան կար այս պատերից ներս, չարաբաստիկ օրվանից ի վեր զգում էր, իսկ հենց ընդունվեց աշխատանքի, զգացողությունը կրկնակի թափով բաբախեց նրա սրտում։ Շատ մարդիկ էին լցվել հիվանդանոց, Սևակին իջեցրել էին դիահերձարան, բանաստեղծի գլխավերևում առաջին րոպեներին իջել-կանգնել էին Խանջյանն ու Շահումյանը, քանի որ առաջինը այս քաղաքն էր հիմնադրել, իսկ երկրորդը ճակատագրական դեր էր խաղում այն օրերին, հենց իր կաշվի վրա Պողոսը դա զգացել էր կոմունիստական կուսակցությանն անդամակցելու համար դիմելիս։ Քննական վերջին հարցին էին հասել, ամեն ինչ հարթ էր, սահուն.
– Լավ,-ասաց հանձնաժողովի ղեկավարը, և ենթադրվում էր, թե վերջին հարցն է հնչեցնելու,- ո՞վ է եղել Ստեփան Շահումյանը։
– Ստեփան Շահումյանը հայկական Լենինն է եղել,- ինքնավստահ ասաց Պողոս Չորեքչյանը և ենթադրվում էր, թե հիմա դադար պիտի առնի ու ոչ պակաս ինքնավստահությամբ շարունակի, սակայն գլխի ընկավ, որ մի բան այնպես չէր ասել ու պատրաստվում էր պարզաբանել կամ բացատրվել…
– Դուրս եկեք,- կոպիտ ասացին։
Դրանից հետո միջանցքում մի բարի մարդ լավության կարգով հուշեց.
– Մոռացիր կուսակցության մասին։
Եկվոր Պողոս Չորեքչյանը հույսեր չփայփայեց, հաշտվեց, թեև իննսունականներից սկսած անընդհատ ցանկանում էր երկրորդ անգամ դիմել, որպեսզի ոտները լվալով ներս առնեին, գրքերում գրված էր «Կովկասի Լենինը», իսկ նա ասել էր «հայկական», շփոթվել էր, մինչև իննսունականները հասան՝ Պողոսի խիղճը կամաց-կամաց կրծոտեց, տանջեց իրեն, հետո ցավեց, մարեց, հոգով մտավ, գլխով անցավ, վաղեմի հուշ գոյացավ։ Եվ վստահ կարող էինք պնդել, որ նախապես հապճեպորեն ցած էին իջել Խանջյանն ու Շահումյանը, առաջինը լրիվ մարդկային, ոչ պաշտոնական դիրքով էր կանգնել, հոգնած տեսք ուներ, ձեռքերը հենել էր կոնքերին ու տխուր նայում էր զոհված բանաստեղծի ուղղությամբ ու բառեր չէր գտնում, իսկ երկրորդը ձեռքերը խաչել էր գոտկատեղից ներքև, արձանացել, կարծես հոգեհանգստի էր կանգնել, իրեն նախօրոք թույլատրված էր, չնայած այն հանգամանգին, որ նա՝ այդ Շահումյանը, փոքրիշատե նեղն էր ընկած և ուսերը նվաղել, քաշվել էին սերթուկի տակ, այդքան պարարտ ու խեղճ չէր, որքան Խանջյանը, բայց առանձնահատուկ խրոխտ ու խեղճ էր նաև նա, բոլոր քսան տարիներին Պողոսը երևակայել էր, որ հենց նրանք էին առաջինը շտապել ներկայանալ, նախքան խոր նինջից կարթնանային, կզգային՝ այստեղ անելիք չունեն, վերևում զեկուցելու բան չունեն, ներքևում ոչ մի իշխանություն այլևս չկա իրենց ձեռքին։
Սևակը միակ մարդը դարձավ, որը պառկեց նորակառույց դիահերձարանում, դեպքից անմիջապես հետո երկար տարիներ փականը կախեցին երկաթե դռնից, մինչև անկախություն, անկախության երկրորդ տասնամյակ մարդ չկար, կարելի էր իհարկե կարծել, որ բանաստեղծը բոլորի տեղը պառկեց, Պողոսն ի՞նչ իմանա, տարիներ անց վերանորոգեցին, բերեցին Սատանա Հարութին, նա իր գործը գիտեր, չէր թողնում դիահերձարանի երկաթյա դուռը մի քանի օրից ավել փակ մնա, անընդհատ հանդիպում էր հետաքրքրասերների ու սեփական վախը հաղթահարողների, դիահերձարանի անունը կնքել էր՝ քավարան, ում ուզեր թեթև ձեռքով հրում էր ներս, քավարանը ընդունում էր ողջերի և ճանապարհում մեռյալների, քավարանը անջնջելի հիշողություն էր, անգամ թունդ սպիրտով չէր ջնջվում, և սրա մասին Սատանան քաջատեղյակ էր, մտցնում էր ու հանում, թեթև ձեռքով հրում, քահ-քահ ծիծաղը անկառավարելիորեն տարածվեց լքված մասնաշենքերի մերձակայքով, Սատանա Հարութն է, փորձեք հաղթահարել, այլևս երբեք, երբեք, երբեք չեք հաղթահարի, հիշեք ձեր վերջը, աղոթեք, որ իմ ձեռքը չընկնեք, Պողոսը նստում է պահակակետում և կենտրոնանում շրջապատող առարկաների վրա, հիշողությունը արյունով լվացվում, մաքրվում է և մահճակալին ընկնելիս միանգամից քնով է պարգևատրվում պահակն ու այգեպանը, փողոցներով գնում են, գալիս, ծիծաղում են, լալիս, լսվում է անեծքի ազդանշանը, գյուղերից հասնող հրավառությունը խանգարում է մրցության մտած շչակներին, մանկական վագոնները քարշ տվող ֆուրգոնը կանգնում է, ոտքը գետնին դրած երեխայի ձեռքի մեջ պայթում է փուչիկը և մայրը դիտողություն անելու առիթը բաց չի թողնում, երեխան լալիս է, փուչիկի կտորները չեն հավաքվում իրար գլուխ, իսկ շրջագայող մանչուկներից ոչ մեկ այդպիսի մեծ զոհողության պատրաստ չէ, ֆուրգոնը պոկվում է փուչիկի կտորտանքները տրորելով և ճոճ տալուց հետո նորից կանգնում, երջանիկ մի աղջնակ վագոնի միջից իր փուչիկը մեկնում է լացկան տղային, տղան երկու քայլ է անում ու վերցնում, ասես այդպես էլ պիտի լիներ, մայրը հիշեցնում է «շնորհակալություն» բառը, տղան խելոք կրկնում է «շնորհակալություն»։ Պոկվում են։ Տաղանդավոր հայ մանչուկի երգերը խառնվում են վագոնի երեխաների ճիչերին, մի քանի մեքենա հասցնում են ուշադրություն գրավել, սպասել չի տալիս վերջին էլեկտրաքարշը, ուսանողները ցրվում են Խանջյանով վեր ու վար, երկկողմանիով դեպի Շահումյան, Շահումյանով վար ու վեր, ջահել ուսանողի սիրտը բաբախում է, ջահել ուսանողուհին նայում է ուրիշ ուղղությամբ, նա, ում ուղղությամբ նայում է ջահել ուսանողուհին, գտնվում է այն մեքենայի մեջ, որտեղից նայում են փոքր-ինչ այլ ուղղությամբ և փորձում են կռահել մտքերը, իսկ մտքերը բոլորովին ուրիշ, անծանոթ ուղղություններ են վերցնում յուրաքանչյուրի մոտ և թափառում են ոստանից կիլոմետրերով բաժանվող զանազան քաղաքներում, UTC +4, առայժմ 20:05, ընթացիկ սեպտեմբերյան եղանակ, Կամոն ծաղիկներ է մեկնում, աղջիկները հերթով վերցնում են, Տաթուշը իր օրինակով ապացուցել է, որ Կամոյի պարզած ծաղիկը հարկավոր է վերցնել, սերունդներ եղան, որոնք ամաչեցին, խուսափեցին հանդիպել Կամոյին, ամբողջական սերունդներ հրաժարվեցին, իսկ նրանց հաջորդած սերունդները ինքնակամ մոտեցան ու ընդունեցին Կամոյի միակ նվերը, քթին հպել-պտտելով սահեցին, անցան, գնացին սեփական ծաղիկների հետ, Տաթուշիկի սերունդը լավն էր, հեշտ եղավ նրանց հետ, սկզբում չէին ուզում, ճանապարհը փոխում էին, շնորհիվ Տաթևի սիրալիր վերաբերմունքի՝ ամեն ինչ տեղն ընկավ, Կամոն զորեց հասկանալ և նկատել, Տաթևին միանգամից երկու ծաղիկ բաժին հանել, ընտրել ամենաթարմերն ու ամենից սիրունները, և Տաթուշը որևէ անհարմարություն չապրեց ընկերուհիների կատակների պատճառով, բոլորին մեկն էր հասնում, իրեն՝ երկուսը, նա կոտրեց վատ ավանդույթը, նախորդ սերունդն ընդհանրապես չէր սիրում Կամոյին, վերադարձրեց լավը, ավելի մեծ սերնդի ուսանողուհիներին բնորոշ ժպիտով ու երջանկությամբ պատվեց Կամոյին, նրա օրինակին հետևողներն օրեցօր շատացան, ծաղիկների պակաս զգացվեց, ոստանի ջահելները սկսեցին ժամանումից րոպե առաջ նորանոր ծաղկեփնջեր հասցնել, Կամոն թևի տակ առավ թանկանոց վարդերը, երկարուկ, ծիծաղելի մեխակները, հատիկ-հատիկ բաժանեց աղջիկներին, խառնեց մաղթանքները, այնպես որ երբեմն ուսանողուհիների ակնկալիքները սխալմամբ արդարացան, երբեմն՝ ոչ այնքան, իսկ երբեմն սխալը պատրվակ դարձավ մի նոր, բախտավոր սիրավեպի ու ամուսնության, խառնվեցին բոլոր խաղաքարտերը, հովանավորները զայրացան ու հեռացան, բայց ավանդույթը արմատներ գցեց Տաթուշի սիրելի քաղաքում, հին ջահելներին ոգևորությամբ փոխարինեցին նորանոր ջահել տղաները, նորանոր ծաղկեփնջերով հարստացրեցին Կամոյին, այդպես կյանքը անց էր կենում Արգինեի պատուհանների տակով, բազմատեսակ, բուրումնավետ կյանքը անց էր կենում և արդեն կռվի հոտ էր գալիս, արդեն ով որքան կարող էր հեռու էր կանգնում Կամոյից, որպեսզի իրեն անշզգուշորեն չմատներ, և կամ նախօրոք էր ժամանակ գտնում ու պայմանավորվում Կամոյի հետ, փողով, սրտառուչ խոսքերով, աջակցում էին՝ ով ինչով կարող էր, Վազգեն Սարգսյանի լուսավոր հրապարակից ստիպում էին խորանալ, գեղեցիկ ավանդույթը խախտել և ծաղիկներով հանդերձ կանգնել երկկողմանիի անտեսանելի անկյուններում, անընդհատ խորանալ, հասնել մինչև Խանջյան փողոց, քանի որ ուսանողուհիներից շատերը այնտեղ էին ապրում, նրանց անհրաժեշտ էր արագ բռնացնել, ծաղիկը հանձնել, քանի դեռ չէին շրջվել իրենց տների կողմ, գեղեցիկ ավանդույթը հանգում էր տգեղ վախճանի, ծաղկաբույրերը ավելի էին մոտենում Արգինեին և ավելի հազվադեպ էին հասնում Շահումյանին, Վազգեն Սարգսյանի հրապարակին, թարմությամբ լի շատրվանների շուրջ հավաքվող երիտասարդներին, քաղաքապետարանի այգում հետուառաջ անողներին, բոլոր այն կտորներին, որտեղ վայել էր սպասել քաղրցրաշունչ բուրմունքների, և այլևս հնարավոր չէր ո՛չ գլուխ հանել, ո՛չ հասկանալ, այնքան էին Կամոյի գործողությունները քողարկվել, դարձել էին ծածուկ, վախվորած, դարանակալ։ Սերը բզկտվել, ընկել էր ոստանում։
Իր պահակատանը, յոթերորդ երկնքում քնած էր Չորեքչյան Պողոսը, նպատակ չուներ այսպես հանգչել և եթե կար պարտաճանաչ մեկը ամեն տեսակ հսկողությամբ զբաղվողների շարքերում, առաջին հերթին նա էր, բայց հոգնությունից, կպչուն հիշողություններից հետո նրա վրա խոր քնի տեսքով իջավ կազդուրիչ թուլություն, հիմա անսովոր խռմփոցով, զարմանալիորեն երկար քնից հետո, UTC +4, 05:00-ի հատվածում մեջքի ցավ զգաց, շուռ եկավ, իսկ դա բավական էր, որ անպատասխանատու քունը բացահայտվի և նա շփոթահար արթնանա ու այդ ընթացքում հասցնի վերապրել առաջին ու վերջին երազը, նշմարի երկու հոգու ներկայությունը իր գլխավերևում, կոպերը մի կերպ ճպճպացնի, սիրտը դմփդմփա… այստեղ էին Խանջյանն ու Շահումյանը։
– Սրան չտանե՞նք,- հարցնում էր Շահումյանը։
– Չէէ,- ասում էր Խանջյանը,- խեղճ մարդ է, թող մի փոքր էլ ապրի։ Եվ հետո, հարգելի ընկեր, դու անընդհատ մոռանում ես, որ մենք իշխանություն չունենք։
Եվ հետո Պողոսն արթնացավ։ Չթռավ տեղից։ Չցատկեց։ Տղամարդավարի պահեց իրեն։ Բացեց «Արագած» սառնարանը, ջրամանը դուրս քաշեց, դրեց սեղանին, նստեց սեղանի եզրին, ջուրը կլկլոցով լցրեց ապակե բաժակի մեջ և կուշտ, կուշտ խմեց։

