Նազիկ Հակոբյան, Պատմվածք

Ամպեր ափի մեջ

Ներքևում մաշված անվադող է ընկած։ Վրան քնած մողեսի մաշկը անփայլ կանաչ է։ Արևը դեռ մի քանի օր առաջ էր ուզում գալ ու տեսնել ձորը։ Այսօր եկել է։ Ամենուր դեղին ծաղիկներ են: Հիշի՝ երեկոյան հարցնի հայրիկին` ոնց են կոչվում։ Մի կտոր արևից այնպես են պսպղում, որ աչքերը ցավեցին։ Ու դրանց մեջ՝ անփայլ մողեսը՝ ամենաչսիրած կենդանի արարածը երբևէ տեսած-լսածների մեջ։

Հեռվում ամպերի փունջը դանդաղ լողում է դեպի Փանոսենց ժանգոտ տանիքը։ Երեկ պատմություններ էր լսել նրանց մասին։ Թևերը կծկեց մարմնի շուրջը։ Սարսռում էր ու նաև վախենում։ Մի քար վերցներ ու չարությունը թափեր անվադողին փռված անդուրի վրա։

Փանոսը մագլցեց, տեղավորվեց ժանգոտ տանիքին։ Աղջիկը տեսավ նրա ջինսե կիսամաշ պիջակը։ Երեկ էլ էր իրենց բակում դրանով նստել։ Ծանոթ շարժումով ծոցագրպանից հանեց գլանակների տուփը։ Լուցկին մեջն էր խցկած, լխճելով դուրս բերեց ու երբ վերջապես վառեց գլանակը, ծուխը սկսեց մեծ քթից բարձրանալ դեպի կիսաճերմակ առատ գանգուրները, հետո ավելի բարձրացավ, ու նա նմանվեց ծուռտիկ, հսկա ծխնելույզի։ Ինչո՞ւ էր Փանոսին այդպես նայում։ Երևի մարդը մտածում է` ոնց կազմակերպի օրը։

Մայրիկը ձայն է տալիս: Արևը չի ուզում հասկանալ, որ իրեն կանչում են։ Թող մի փունջ ամպ էլ իր գլխին իջնի, ու ինքը մի քիչ կորչի բոլորի աչքից։ Մնա, մտածի, հասկանա` ինչի պատճառով է այս ամենը, ու ինչ է լինում հետո, երբ այսպես է լինում։ Մի գազանիկ գար մտներ թևի տակ, սիրտը փլվեր ու արտասվեր. երեկվանից քարի կտոր է։ Ծույլ շարժումներով բարձրացավ: Մայրիկը դեռ իր անունն էր տալիս։ Մողեսին տուն չէին կանչում։ Երբ բակ էր հասնում, սիրտը խառնեց այրված ձվածեղի հոտից։

Ձին այնքան անշարժ էր կանգնել, ասես հատուկ վարժեցրել էին, որ իրեն չտեսնելու տա։ Վախեցավ ափն իջեցնել գորշ մեջքին։ Թարթիչները երկար էին, բիբը՝ կլոր, սև։ Հայրիկը նստած էր աթոռին, ինչպես քաղաքից եկածներն են նստում։ Նրա տաբատի փողքին փոշու հետք կար, ու հաստատ՝ նա չգիտեր դրա մասին։ Ուշադիր լսում էր Համոյի բողոքը վատ բերքի ու սառած ծիրանենիների մասին։ Մտածեց` տեսնես ձին չի՞ հոգնում անհասկանալի բառեր լսելիս։ Իսկ նա դեռ անվրդով կանգնած էր ու իրեն «չէր նկատում»։

Հայրիկը ժպտաց աղջկան.

-Արև՛, արի՛, լսի՛ր։ Մարդիկ ամբողջ տարին սպասել են, որ ծիրանը հավաքեն, վաճառեն, այդ գումարով մի տարի ապրեն, մինչև հաջորդ բերքահավաք, իսկ անսպասելի ցուրտը տարել է ծաղկած ծառերը։

-Ծառերը տեղում էին, նոր այգու միջով անցա,- չհասկացավ` ինչու այդքան չարացավ հայրիկի ու Համոյի զրույցից։ Գոնե գնային Փանոսին օգնեին:

-Դա փոխաբերական իմաստով է ասվում։

-Գիտեմ։

Արևը հետ դարձավ, համարյա դուրս վազեց ախոռից, վազելով հասավ ձորափին։ Սիրտը գժված թպրտում էր, ու երբ հայացքով գտավ անվադողն ու մողեսին չտեսավ, փլվեց խոտին: Հասկացավ՝ սա միակ վայրն էր, ուր ուզում էր գտնվել։ Կամ տուն վերադառնային։

Գիշերը ցուրտ էր։ Վախենում էր ու մրսում։ Սենյակը, ուր նրան տեղավորել էին, նամահոտով էր հագեցած, բայց փայլում էր մաքրությունից։ Դրանում էլ էր սարսռեցնող բան տեսնում։ Երևի այս պատմություններից նյարդերը պրկվել էին, ու ամեն բան փշոտ խրվում էր օրվա ապրումների, տպավորությունների կենտրոնում։

Գյուղի շները ոռնում էին, հարբած մեկը տան շեմին հայհոյում էր վայնասուն դրած երեխաներին։ Պարզ պատկերացրեց հայրիկին սենյակում. գիրք է կարդում, որ քնի ու ամեն ձայնի հետ էլ տարուբերում է գլուխը։ Մայրիկը հաստատ հոգնած քնած է։ Փակ աչքերով սկսեց շեղել մտքերը՝ մտաբերելով երևանյան կյանքն ու իր սենյակի պատերի նախշերը։ Բայց աչքերի առաջ ցցվեց Փանոսը։ Տեսավ` ոնց է զույգ տղաներին թևերի տակ առել ու սեղմում նիհար կողերին։ Տղաները կամ քնած էին, կամ էլ դժգոհությունից կոպերը սեղմած՝ ցնցվում էին նրա գրկում։ Հատուկ ցած չէր նայում։ Փանոսը նայեց աղջկա երեսին, աչքերում լճացած արտասուք կար։

Վեր թռավ։ Լույսը առատ լցվել էր կիսաբաց վարագույրի արանքից։ Տգեղ վարագույր էր՝ խաղողի ողկույզների մանուշակագույն նկարներով։ Անցյալ անգամ գյուղում բոլորն արթնանում էին Փանոսի կնոջ ճղճղան ձայնից։ Ծեգին ծղրտում էր հավ ու կովի վրա, ու տղաները սենյակի պատուհանից ճչում էին վրան.

-Մա՛մ, թո՛ղ քնենք։

Կուչ եկավ անկողնում։ Երանի մեկը ասեր` ինչ է լինելու հետո։

Փանոսի մուրճը թակում էր հին աստիճանները։ Մարդը կամ քրտնել էր, կամ քթի ծայրին Արևի՝ երազում տեսած արցունքն էր կախվել։ Կինը թիկունքին կանգնած նայում էր՝ ափի մեջ բերանը թաքցրած։ Աչքերը չոր սառել էին երեսին։

-Ո՜նց էիր էրեխեքի համար օրորոց շինում, Փանո՛ս, մի՞տդ է։

-Գնա Համոյի հետ ոչխար ընտրի, Մարո։ Հեսա կգամ։

Աղջիկն արդեն հասկանում էր` ամուր աստիճաններ են պետք, ամուր նյարդեր, ամուր դիմախաղ, ամուր կեցվածք։ Հայր լինելը ծանր է։ Փանոսի բերանում հայհոյանքն ուռչում էր, խառնվում Աստծուն ուղղված շնորհակալությունների հետ։

Կինն արդեն հեռացել էր: Գիտեր, որ միայն հարևանի՝ քաղաքից եկած հարազատներն են ցանցառ ցանկապատից տեսնում ու լսում իրեն։ Զգույշ խփեց վերջին մեխի գլխին։ Ծուռ գնաց։ Դուրս չքաշեց, ծռեց տախտակին ու մուրճը ձեռքից կախ՝ հեռացավ տան ետնակողմը։ Արևը թեքվել, նայում էր հեռացող մարդու հետևից։ Քայլեց, մինչև հասնի ձորափին։ Երկար կանգնեց։ Հետո անմուրճ ձեռքը տարավ ճակատին, սրբեց, տրորեց, իջեցրեց աչքերին ու հազալու նման փղձկաց։ Արևին թվաց` սիրտը թափելու է դեղին ծաղիկների վրա։

Փանոսը քաղաք չէր գնացել։ Տանն էր սպասելու երեխաներին։ Ինը ամիս սպասել էին նրանց վերադառնալուն։ Քաղաք գնացել էր Մարոն՝ Համոյի, Արևի հոր ու կողքի գյուղից եկած եղբոր հետ: Հայրն Արևին ասել էր.

-Ամոթ է, սպասենք, էրեխեքին դիմավորենք, հաջորդ օրը կգնանք տուն:

Մայրը լաց էր լինում բոլոր այն պահերին, երբ փորձում էր նստել հանգստանալու։

Օդում կախված էր գահավիժելու վախին նմանվող տագնապ։ Արևը կանգնել էր ձորափին, ձեռքերով ձգվել դեպի երկինք ու կամացուկ երգում էր պահի հետ կապ չունեցող ռուսերեն մի երգ, որ վերջին օրերին պտտվում էր համացանցում։ Անլուրջ երգ էր՝ մեկ-երկու տգեղ բառերով, որոնք աղջիկը նույնիսկ մենակ եղած ժամանակ լիաբերան չէր արտասանում։

Քաղաքը ա՜յն կողմում է, լիճը՝ ձախ կողմում՝ ներքևում, արևը՝ բարձր, ու ժանգոտ տանիքը չի փայլում։ Թող ժամանակը կանգ առնի, քաղաքից մոխրագույն «երազը» ուշ գա, Արևը դեռ մի քիչ էլ պատրաստվելու, մտածելու ժամանակ ունենա։

Քաղաքից ամպեր էին սողում դեպի գյուղի գլխավերևը։ Փանոսը նորոգել էր բոլոր աստիճաններն ու շեմերը, հարմարավետ դարձրել հսկա տունը, որպեսզի տղաները հեշտ տեղաշարժվեին, չգայթեին ու չսայթաքեին։

Փանոսը հարբել էր։ Դեռ նոր էին տաք խորովածը շշերից հրել փափուկ լավաշի մեջ, բայց նա արդեն կրակի մոտ կանգնած խմել էր ու մերժել իրեն մեկնած, լավաշի կտորի մեջ փաթաթած մսի կտորը։

Երբ տղաները բակ էին մտնում, գյուղի երիտասարդների նախաձեռնությամբ պատանի դհոլչի Արսենը, գլուխն ու ձեռքերը ցնցել-թափ տալով, սկսել էր զարկել դհոլը։ Նույն պահին մեկը կամաց ցնցել էր ուսը. «Մի՛ նվագի, Լուսիկի տղայից մասունք են գտել, նոր իմացանք»։ Դհոլը լռել էր, խորովածը՝ սառել սեղաններին, ու բոլորի կոկորդում մսի չծամվող կտորի նման կանգնել էր պատերազմը։

Արևը վազեց ցախատան պատի հետևում թաքնվելու, որ շուտ չգտնեն ու չկանչեն։ Այնտեղից լսեց Փանոսի ձայնը.

-Պապս խոտհունձի ժամանակ պառկել քնել է դաշտում։ Տրակտորը ոտքերը հնձել է։ Բա…

Արևի հայրը սեղմեց նրա դողացող ձեռքը.

-Զուգադիպություն է, Փանո՛ս եղբայր։ Պի՛նդ կաց։

-Իմ աչքով տեսա՝ նոր ոտների վրա քայլում են, մի քիչ սրտապնդվեցի։

-Բա, բա…

-Քոռանամ ես, քոռանա՛մ…

Քաղաք էին վերադառնում, շուտով տուն էին հասնելու՝ իրենց հետ տանելով ոչխարի խորոված, մի դույլ չեչոտ ծիրան, չոր լավաշ։ Տանում էին նաև ծանր վիշտը՝ Փանոսի զույգ որդիների կորցրած զույգ սրունքների համար։

Արևը հաստատ որոշեց` հաջորդ տարի դպրոցն ավարտելիս ուրիշ մասնագիտություն կընտրի։ Ինքը բավականաչափ պինդ չէ վիրաբույժ դառնալու համար։

Ամեն երեկո աղոթքը բերանն էր լցվում: Արևն ամուր սեղմում էր կոպերը, փնտրում Աստծո ուշադրությունն ու խնդրում պահել-պահպանել այն հողը, որի վրա կաղին տալով՝ Փանոսի զույգ տղաները գնացին գյուղի գերեզմանատանը հանգչող իրենց ընկեր-ծանոթներին այցելության։ Երկու եղբայր՝ ճեփ-ճերմակ շապիկներով, քայլում էին մայրամուտի ֆոնին ծածանվող դրոշների կողմը։ Արևը հեռվից ձեռքը պարզեց, մութ ամպերը հավաքեց ափի մեջ, շատ դանդաղ տարավ դրեց մատուռի գդակին։

-Հա՛յր մեր…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *