Սրվակը
Մարետը նստած էր արտաքնոցում՝ փայտե չորս պատի մեջ` հենված դրանցից մեկին։ Մի ձեռքում յոդն էր դողում, մյուսում՝ բաժակը։ Սիրան բաբոն ասել էր. «Եթե մեզով բաժակի մեջ յոդ կաթեցնես, ու յոդի կաթիլը ցից մնա, ուրեմն հղի ես, եթե ցրվի ուրեմն` չէ…»։ Այդպես՝ առավոտ շուտ բաժակը ծոցում դրած, մրսելով, արագ-արագ դեպի այգի վազելու Քսանյոթերո՞րդ անգամն էր, թե՞ քսանութ․․. «Անգամ խորոզների` դեռ քնած ժամանակ պիտի անես»,- ասել էր Սիրան բաբոն։ Կաթիլն էլի ցրվել էր։ Հիշում է, երբ առաջին անգամ արեց` սրանից մի վեց տարի առաջ, չհասկացավ՝ ցրվե՞ց կաթիլը, թե՞ չէ, էլի կաթեցրեց ու այդպես այնքան, մինչև տան՝ առանց այն էլ վերջացած յոդի ապակե տարան հևոցով ասաց. «Էլ չկա՜, գնա՛ քնի»: Այս անգամ էլ ցրվեց, ճիշտ այնպես, ինչպես վեց տարի առաջ։ Եթե այն ժամանակ դեռ ոչինչ՝ առաջին անգամն էր, ու կարելի էր գնալ, Արոյին ասել՝ մնաց մյուս անգամ, այս անգամ էլ չէր կարելի այդպես անել։ Չէր ուզում, համ էլ ի՞նչ ասեր. «Ասեմ՝ էլի չէ՞, էլի՞ չենք երեքանալու, նա էլ գնա մորն ասի, մերն էլ գա, ասի՝ չբեր ես»: Ավելի լավ է թաքցնի, ասի յոդ չկար տանը, կամ էլ, կարո՞ղ է գնա ասի՝ երևի՝ հա, բա հետո ո՞նց տակից դուրս գա։ Լավ, կգնա ծածուկ կմտնի վերմակի տակ, չի արթնացնի Արոյին, գուցե ոչ էլ հիշի, որ բան ուներ այսօր կինն անելու։ Այդպես որոշեց։ Հետաքրքիր է, չէ՞, երբ ամենից շատ ես ուզում, որ ծրագրածդ հաջողվի, միշտ կյանքն ուրիշ բան է մտածում` քթի տակ քմծիծաղ տալով։
Մարետը թաթերի վրա սողոսկեց տուն, մութ էր դեռ, նոյեմբերի 05:02-ը 03:20-ի համ էր տալիս։ Ինչքան ուզում էր կամաց քայլել, այնքան Արոյի տան հատակի տեղ-տեղ փտած, տեղ-տեղ մուկը հատակի կրծած փայտերը ավելի ու ավելի էին ճռճռում։ Քառասունյոթ կիլոգրամ կշռող Մարետը հատակի տնքոցների հնչյունների տակ իրեն հարյուր քառասունյոթ կիլոգրամ էր զգում, չէ, հարյուր քառասունութ, բա մտքերը, հաստատ մի կիլոգրամ կկշռեին։ Կամ էլ մտքերը հարյուր քառասունյոթ, ինքը` մի։ Մարետի համար այդպես էր։ Ահա վերջ, հասել է դռանը։ Բարեհաջող։ Սկեսուրն անգամ չէր արթնացել, որ ասեր. «Դե որ էս առավոտ-քշերով հելել ես մարդուդ ծոցից, էլ մի էլ պարկի, պեչքը վառի, մինչև զարթնեն՝ տաք կըլնի տունը»: Անասելի դանդաղ պտտեց դռան բռնակը, շատ կուզեր, որ մանկան քունը չխանգարելու համար լիներ, բայց չէ, չէր ուզում, որ ամուսինն արթնանա ու տա հարցեր, որոնց համար ինքը հարմար պատասխաններ չունի։
Կյանքի, մարդու մտածածից անկախ, ծրագրերի մասին․ Արոն նստած էր թիկնած իրենց հին մահճակալի երկաթյա թիկնակին, որ Մարետը հետը օժիտ էր բերել, տատինն էր եղել, մայրն էլ հանել, տվել էր թե՝ «Տար, հետևիցդ ավել-պակաս չխոսեն»։
– Արի, արի, բաժակն ու յոդի ամանն էլ ծոցիցդ հան։
Մարետը դանդա՜ղ առարկաները մեկը մյուսի հետևից դրեց մահճակալի կողքի աթոռին, որի վրա շորերն էին դարսում։
– Մի բան էղա՞վ։
-Չէ, Արո ջան, երևի չէ,- այնքան վախով տառերը դուրս եկան Մարետի բերանից,- թե պիտի դուրս անես, պետք չէ, ես իմ ոտով կգնամ, քեզ կին կբերես, էրեխեք կունենաք, կաշխատեք, կապրեք։
-Շաշի մեկը,- քթի տակ մրթմրթաց Արոն,- ոչ մի տեղ էլ չես գնում, ոչ ես եմ բախտից բախտ ընկնելու, ոչ էլ քեզ եմ թողնելու։ Հիմա էս է, ունենք էն, ինչ ունենք։
Սիրո՞ւմ էր Մարետին, ոչ ոք չգիտեր։ Ամեն դեպքում՝ չէր մեղադրում, թե համարձակությունը հերիքում էր, մեկ-մեկ պաշտպանում էր։ Արոն էլ երևի սերն այդպես էր պատկերացնում։ Ամսեամիս Արոն տեսնում էր ինչպես է կինը նվաղում: Այտոսկրերը արդեն ցցվել էին երբեմնի կլոր դեմքին։ Շատ չէր խոսում Արոն, թեկուզ և շատ բան էր նկատում, հասկանում, նախընտրում էր իր ներսում ծանրութեթև անել։ Մարետն էլ մտածում էր՝ ամուսինը չի նկատում իր ապրումները։
Գարունը կես էր ընկել արդեն։ Երկաթե մեծ տաշտով Մարետը երկար լարին փռում էր նախապես «եփած» սպիտակեղենը: Հարևանի երեխաները վազվզում էին` ուրախացած առաջին տաք օրերից։ Երեխաներից մեկն արագությամբ անցավ Մարետի կողքից, կիսացատկեց ջրափոսի վրայից, մի ոտքը թողեց ջրափոսի մեջ, ու ցեխը հասավ և՛ Մարետի երկար փեշերին և՛ դեռ չփռած լվացքին։
– Էդ ի՞նչ արիր, ա՛յ լակոտ,- հեռվից տեսավ մայրը։ Արագ-արագ մի քանի ոտք գցեց, հասավ տղային, ու ծանր հարվածը իջավ մեջքին։ Երեխան չլացեց։ Լացեց Մարետը.
-Մի՛ արա, էլի, Նազիկ քուրիկ, երեխա է, բան չկա, ես էլի կլվամ։
-Մարետ ջան, ինչի՞ հուզվեցիր, բա որ չծեծեմ անդաստիարակ կմեծանա։
– Բա դու քեզ չես խղճու՞մ, տանջանքով բերել, պահել ես, որ ձեռքդ վրա գնա՞:
Չհասցրեց ավարտել անգամ նախադասությունն ու տաշտը թողած ցեխաջրի մեջ տուն մտավ։
– Էդպես էլ ուրիշ մերերին նայելով կմնաս։
Սկեսուրն էր տեսել պատուհանից։ Արոն էլ հետը…։
Ամառն արդեն մայրամուտում էր, երբ Մարետենց տան դուռը թակեցին։ Արոյի ընկերն էր, գյուղի մարդիկ սովոր են բոլոր համագյուղացիներին ընկեր անվանել։ Արոն նստած էր հացի սեղանի մոտ.
-Առաջ արի՛, ախպեր ջան, մի բրդուջ բան կուտենք, կգնանք։
-Չէ՜, Արո, կերած եմ, հետո է սպասում են արդեն։
Մարետը աչքերը պտտեցրեց մեկ ամուսնու կողմ, մեկ՝ երկար բեղերով գյուղացի մարդու, որ Արոյից մի տաս-տասնհինգ տարի մեծ կլիներ։
Սովորաբար Մարետը տեղյակ չէր լինում Արոյի օրվա ծրագրերից, բայց միշտ գլխի էր ընկնում՝ ուր գնաց ամուսինը, երբ առանց բառ ասելու Արոն դուրս էր գալիս։ Թե մեկը ասեր․ «Էս ու՞ր գնաց», կասեր․ «Երևի դաշտ», «Երևի գոմ», «Երևի փայտի», «Երևի Զորոենց տուն»…։ Մարետի «Երևի»-ին երբեք սխալ չէր լինում։ Երբ երկար ես ապրում մեկի հետ, քայլերը փոխելու ձևից էլ ես հասկանում` ուր է գնում։ Այս անգամ չէ։ Արոն խմեց վերջին հիսուն գրամը, հի՜ն «խրուստալե» բաժակով, դրեց սեղանին ու լրջախոհ դուրս եկավ։ Մարետի սիրտը անսովոր թռթռում էր։ Միթե չհասկացավ` ուր գնաց ամուսինը։
Մինչ ամուսնու հետ դառնալը գնաց-եկավ, գնաց-եկավ։ Մի տասներկու-տասներեք անգամ դուրս եկավ, կանգնեց շեմին նայեց ճամփին, չէր երևում։
Երեք ժամ, տասնվեց րոպե, երեսունմեկ վայրկյան անց ամուսինը բացեց դուռը։ Ձեռքից գետնին դրեց մի մեծ զամբյուղ, ու երկու լիտր կաթ, որ երևի ճանապարհին գոմից էր հետը վերցրել ու ոտ-ոտ հեռվացավ զամբյուղից, դեպի կինը։ Մարետը անթարթ նայում էր ամուսնուն, որ պիտի մի բացատրություն տար․ անխոս անցավ կողքից։
Երկար նայեց Մարետը Արոյի հետևից։ Հետո, կարծես հիշելով զամբյուղի մասին, հայացք գցեց։ Տոտիկ-տոտիկ մոտեցավ, հեռու տարավ ասեղնագործք սպիտակ կտորն ու տեսավ քնած երեխային։
-Տունս քանդվեց,- հետ-հետ գնալով բազկաթոռին թափով նստեց սկեսուրը,- վա՜յ Արո,- դժվար լսելի դուրս եկավ բերանից,- նոր կնիկ տուն բերելու տեղը էրեխա բերեց, եսիմ ում էրեխուն,- հևոցը ուժեղացավ, ձեռքը դրեց սրտին,- վա՜յ Արո, վա՜յ։
Մարետը զգուշությամբ գրկեց քնած երեխային։ Փոքրիկ մարմինը շուռումուռ եկավ, կծկվեց Մարետի կրծքին, կատվի պես մռռաց, հոգոց հանեց ու նորից քուն մտավ։ Մարետին թվաց, թե գրկել է մի ամբողջական բաբախող սիրտ, ոչ թե մարմին։ Երեխային գրկած գնաց ամուսնու հետևից։
Արոն բացել էր սենյակի պատշգամբ տանող դուռն ու մեկը մյուսի հետևից վառում էր էժանագին ծխախոտը ( դա էր կարողանում իրեն թույլ տալ):
-Արո, ցավդ տանեմ, էս որտեղի՞ց բերիր, էս ու՞մն է:
– Քեզ ինչ, երեխա չէի՞ր ուզում, դե պահի։
-Հա էլի կպահեմ, Արո ջան, բայց չիմանա՞մ որտեղից հայտնվեց։
– Մարետ, առել եմ, հովիվներից, 4 հատ կով եմ տվել տեղը, մի հատն էլ հորթի հետ պահել եմ, որ կարողանանք կերակրենք էս էրեխուն, է՞ս էիր ուզում լսեիր։
Արոն կանգնած էր դասից ուշացած աշակերտի նման, պատրաստ լսելու ցանկացած նախատինք։ Պատրաստ, որ կինն ասելու է․ «Ես ի՞նչ իմանամ` ի՞նչ արուն է, չեմ պահելու», պատրաստ, որ պիտի լսի․ «Բա ձմեռը դեմը մեր չորս կովը, որ տվել ես, ո՞նց ենք ապրելու»։ Երկար էր լռում Մարետը, կամ էլ շա՜տ երկար էր թվում Արոյին: Մարետի շուրթերը կիսաբացվեցին.
-Ինչ էլ սիրուն է, մոր ձեռքը չորանա։
Կես գիշերը շատ անց էր, երբ Մարետը վերջապես քնեցրեց լացող երեխային ու դրեց Արոյի մանկության օրորոցի մեջ, որը Արոն բերել էր կտուրից, Մարետը խնամքով մաքրել էր, մի կերպ սպիտակեղեն էր հարմարեցրել, թե․ «Վաղվանից նորմալ, օրորոցի չափով կկարեմ»։ Ինքն էլ չէր հասկացել ինչպես էր քուն մտել։ Երևի մի երկու ժամ անցած կլիներ, երբ Մարետին թվաց նորից երեխայի ճիչ լսեց։ Հետո արագ լռություն: Լացը կարճ էր, Մարետը չհասցրեց բացել աչքերը, երբ քունը նորից գլուխն անցավ։ Մի կես ժամ անց աչքը կիսաբացեց կամացուկ մեղեդուց.
– Արի՜ իմ սոխակ,- սկեսուրն էր, գրկել էր երեխային լացի ժամանակ, ու Մարետը չէր հասցրել արթնանալ, հիմա ծնկներին դրած օրորում էր,- չի քնում, հել, հել Մարետ ջան, գնա կաթին ջուր խառնի, տաքացրա բեր, սոված է, մեղք է։
Մարետը մի քանի ծուռտիկ քայլ գցեց, թե քունը դեռ գլուխն էր, թե ապշահարված էր տեսածից ու լսածից։ Հետո կաթը տաքացնելու ընթացքում հասցրեց ծանր ու թեթև անել մի քանի րոպե առաջ կատարվածը։ Վերադարձավ գոլ կաթի բաժակը ձեռքին, մոտեցավ աթոռին, որի վրա դեռ ցերեկվա եռուզեռից հանգստանում էին Մարետի շորերը, իսկ կողքին դրված արկղը հարմարեցրել էր, որ գցի կեղտոտ տակաշորերը։ Ձեռքը երկարեցրեց, որ վերցնի կաթի շիշը, աչքը ընկավ կողքին դրած յոդի սրվակին։ Նայե՜ց, նայե՜ց։ Ձեռքի դարձերեսի մի հարված ու յոդի սրվակը հայտնվեց կեղտոտ տակաշորերի արկղիկում։
