Նկարը կախված էր հին տան ճաշասենյակում՝ մուգ փայտի բուրմունքով ներծծված պատից, որտեղ նույնիսկ լռությունը, կարծես, ծանր էր։ Թվում էր՝ ոսկեզօծ, մանրազարդ շրջանակը պաշտպանում էր ներսի աշխարհն արտաքինից, բայց նաև պահպանում էր ինչ-որ դատավճիռ։ Թե դատաստան․․․
Առաջին հայացքից թվում էր՝ որսի սովորական տեսարան է։ Անշունչ թռչուններ․․․ Մեկը՝ ոտքից կապված, գլխիվայր կախված, երկրորդը՝ սեղանին ընկած, թևերը բացված, արյան բարակ շերտը կրծքին։ Մյուսները՝ երկրորդի կողքին, փոքր, խամրած, կարծես արդեն հաշտվել էին ճակատագրի հետ․․․ Փորձում էր մոտենալ, ականջը մոտեցնել, գուցե ինչ-որ բան պարզեր դատավճռի մասին, նայում էր․․․ Որքան երկար էր նայում, լռությունն այնքան ավելի էր խտանում։
Լույսը թափանցում էր վերևից՝ սահուն, անողոք։ Ընդգծում էր փետուրների փափկությունը, մարմնի ծանրությունը, անկումը։ Լույսն էլ խիղճ չուներ։ Բացահայտում էր ամեն մանրուք, սփռվում էր յուրաքանչյուր դետալի վրա։ Ահա, երևում էին մաշկի տակ մնացած ջերմության վերջին ստվերը, թևերի ծալքի անհանգիստ գեղեցկությունը։
Սկսեց երազներ տեսնել։ Հիմա նա էր ոտքից կախված, վերևում՝ լույսը, ներքևում՝ սեղանը։ Բայց դեռ կենդանի էր։ Տեսնում էր, թե ինչպես էին մարդիկ գալիս ու գնում, նայում, քննարկում գույները, հիանում լույսով։ Ոչ ոք չէր լսում նրա ներսի ձայնը, շրջանակը պահում էր․․․
Մի առավոտ արթնացավ ու հասկացավ՝ նկարն այլևս իրեն չի վախեցնում։ Հասկացավ՝ դա ծառայում էր իրեն որպես հիշեցում։ Որ գեղեցկությունը կարող է նաև ծանր լինել․․․Միշտ չէ, որ լույսը փրկություն է բերում, ազատում ցավից․․․ Որ ստվերը երբեմն մեծանում է, երբ ընկնում ես․․․
Ու հենց այդ առավոտ չէր կտրվում պատից։ Սովորաբար արթնանալուց հետո խուսափում էր նկարի հայացքից, կարծես, այն կարող էր իրեն ներս քաշել։ Բայց հիմա համարձակ կեցվածք էր ընդունել, կանգնած էր՝ առանց պաշտպանական շարժումների։ Սենյակը լուռ էր, ծանր փայտի հոտը դեռ կախված էր օդում, և պատուհանից ներս սահող լույսը գրեթե նույնն էր, ինչ նկարի ներսում՝ խիստ ու հատու։
Աչքը մի մանրուք ընկավ, մի փետուր նկատեց, որը նախկինում չէր տեսել։ Սեղանին ընկած թռչնի թևի տակ մի փոքր, սպիտակ փետուր կար, որը չէր պատկանում ոչ մեկին։ Կարծես մարմնից, օդից, միջավայրից պոկված, մի անջատ հիշողություն լիներ։ Ընդգծված ոչինչ չուներ, աչքի էր ընկնում իր պարզությամբ, աննկատությամբ։ Ինչ-որ բան էր հիշեցնում, մի բան, որը մնում էր, երբ աղմուկն անցնում էր։
Մոտեցավ, ձեռքը տարավ, բայց չհասավ, թե չդիպավ։ Չդիպավ․․․ Շրջանակը սահման էր․․․ Ոսկեզօծ մանրազարդ, ծանր․․․ Սահման ասելիս մեր մտքին առաջինը գալիս է մի երևակայական գիծ, որը երկու աշխարհների միջև ձգվող լուռ շերտ է։ Այն կարող է թվալ պաշտպանող՝ ինչպես պատը, որը պահպանում է ներսում եղածը։ Բայց սահմանը միշտ չէ, որ պահպանում է։ Երբեմն այն դառնում է բաժանող։ Բաժանում է մարդկանց՝ թողնելով հարազատներին տարբեր կողմերում։ Ներսում՝ մի աշխարհ, որտեղ ամեն ինչ արդեն տեղի է ունեցել, ավարտված է։ Դրսում՝ ինքը, դեռ ընթացքի մեջ։
Այդ օրվանից սկսեց մտածել դատավճռի մասին, հիմա արդեն ոչ թե որպես ավարտի, այլ որպես պահի․․․ Որ գուցե դատավճիռը կրակոց չէր․․․ Գուցե այն լռություն էր, որը հաջորդում էր դրան․․․ Այն պահը , երբ ձայնը կտրվում է, բայց լույսը դեռ ընկնում է մարմնի վրա․․․
Երազները փոխվեցին։ Այժմ նա կախված չէր։ Հիմա կանգնած էր նկարի ներսում։ Տեսնում էր իր շուրջը կախված թռչուններին, զգում էր սեղանի սառնությունը։ Բայց ամենազարմանալին այն էր, որ ծանր փայտի հոտը չկար։ Ոչ շարժում կար, ոչ հոսանք․․․ Ամեն ինչ կանգնած էր մի հավերժական վայրկյանի մեջ։ Փորձում էր շնչել, բայց շունչը չէր շարժվում։ Այդ ժամանակ հասկացավ՝ նկարի ներսում ժամանակ չկա։ Միայն կա լույս ու ծանրություն։
Արթնանալուց հետո երկար նստում էր անկողնում ու փորձում հասկանալ՝ ի՞նչն է իրեն հմայում։ Մա՞հը, ո՞րսը, թե այն, որ այդ ամենը ներկայացված է գեղեցիկ։ Անհանգստացնողը գեղեցկությունն էր։ Որ մահը կարող էր այդ աստիճան մտածված, դասավորված լինել, այդքան համաչափ, գրեթե խաղաղ, մի պահ նույնիսկ հիացմունք պատճառող։
Մի օր բարձրաձայն սենյակի դատարկությանը հարցրեց․
-Իսկ եթե սա զոհաբերությո՞ւն է։
Բառը ծանր արտաբերեց։ Ոչ թե պատահական կորուստ, այլ անհրաժեշտ դատավճիռ։ Այդ մտքից սարսռաց։ Ո՞ւմ էր անհրաժեշտ։ Նկարի ներսում որսորդ չկար։ Միայն հետևանքն էր։ Դատավճիռը՝ կատարված, դատավորն՝ անհայտ։ Ահա հենց այդ բացակայությունն էր անհանգստացնում։ Սկսեց նկարն ավելի ուշադիր ուսումնասիրել, կարծես քննիչ լիներ։ Լույսի ուղղությունը, ստվերի անկյունը, մարմնի դիրքը․․․ Կախված թռչնի ստվերը պատին խաչի տե՞սք էր ընդունել, թե՞ պարզապես ինքն էր նմանեցնում։ Մի թևը երկար էր, մյուսը՝ կարճ։ Անհամաչափ․․․ Անհավասակշիռ․․․ Ինչպես որոշումները, որոնք երբեմն լիովին արդար չեն։ Ինչևէ:
Գլխում մի միտք հասունացավ․ գուցե դատավճիռը ներքին է, այսինքն՝ որսորդը պարզապես կատարող է։ Թռչունները գուցե մեղավոր չեն, գուցե դա պարզապես նրանց թռիչքի սահմանն էր։ Այս մտքից տարօրինակ խաղաղություն զգաց, չփորձեց նույնիսկ հակառակվել։ Ոչ արդարացում, ոչ բողոք։ Բայց հենց այդ պահին նկատեց թռչունների աչքերը։ Փոքր, մուգ, կարծես դեռ բաց էին, լի էին․․․ Աչքերում մեղադրանք տեսավ։ Հանկարծ հասկացավ․․․ Ավելի ճիշտ, արդեն վստահ էր, նկարն իրեն չէր մեղադրում։
Յուրաքանչյուր շարժում ժամանակավոր է, թռիչքը գեղեցիկ է հենց այն պատճառով, որ ավարտ ունի․․․
Մի երեկո, երբ արևը մայր էր մտնում, սենյակի լույսն ու նկարի լույսը համընկան։ Մի պահ թվաց, թե սահմանն անհետացել է։ Հասկացավ, որ լույսը չի ընտրում՝ լուսավորել ողջի՞ն, թե՞ մեռածին։ Զգաց՝ վախը վերջնական հեռացել է։ Մոտեցավ այնքան, որքան երբեք չէր համարձակվել։ Տեսավ կտավի մանր ճաքերը, ներկի հաստ շերտ, վրձնի հետքերը։ Այդտեղ էր գաղտնիքը։ Դատավճիռը հանկարծ փոխվեց, այլևս անողոք օրենք չէր, այլ ստեղծագործություն էր։ Ընտրություն․․․ Ինչ-որ մեկը որոշել էր սառեցնել այդ պահը, սակայն ոչ թե փառաբանելու, այլ ցույց տալու համար։ Ցույց տալու ի՞նչը։ Որ գեղեցկությունը կարող է ցավ պատճառել․․ ․Որ նայելն ինքնին պատասխանատվություն է։
Ժամանակի ընթացքում նկարը դարձավ նրա լուռ ուսուցիչը։ Երբ բախվում էր դժվարության, հիշում էր կախված թռչնի ծանրությունը։ Երբ ուրախանում էր, հիշում էր լույսի անտարբերությունը։ Մի օր ևս մի բան հասկացավ։ Նկարի ներսում ոչ մի արյուն չի հոսում։ Այն կանգնած է, սառած։ Մահը չի շարունակվում, ավարտված է։ Իսկ ինքը կենդանի է, շարունակում է շարժվել։ Դատավճիռը, թերևս, միայն նկարի համար է վերջնական։
Մի օր նկարը պատից անսպասելի հանեցին։ Սենյակը դատարկվեց։ Պատին մնաց բաց գույնի մի ուղղանկյուն՝ շրջանակի հետքը։ Կանգնեց մերկ պատի առաջ, զգաց, որ ինչ-որ բան ավարտվել է։ Սակայն հասկացավ, որ նկարը պատին չէ, այլ արդեն իր մեջ է։ Այժմ, երբ նայում էր մերկ պատին, հիշում էր, որ ինքը դեռ շարժման մեջ է։ Եթե մի օր շարժումը դադարի, լույսը կընկնի, բայց ոչ թե դատելու, այլ պարզապես ցույց տալու համար։ Այլևս պատասխան չէր փնտրում։ Հասկացավ, որ փնտրտուքն ու վախը վերածվել են ըմբռնման։ Հիմա ամեն ինչ, կարծես, ավարտվել է․․․
