Պատմվածք

Ուրիշի վերարկուն

Քաղաքի կողքով անցնում է հրաժեշտի տխրությունը: Բազում հերթեր տեսած քաղաքում  բարի մեկը անվճար հաց է բաժանում: 
Քաղաքը փորձում է հավաքել հավերժություն բառը: Թափորն անցնում է քաղաքի սրտի միջով:

Հիմա կնստենք իրար դիմաց ու կնայենք միմյանց հակառակ ուղղությամբ: Եթե խորտկարանում մեզնից բացի ոչ ոք չլինի, կնայենք պատուհանից դուրս: Կարող ենք նայել մեր պատվիրած խորտիկներին, խորտիկները համտեսելուց հետո` դատարկ ափսեին, աթոռին փռված ինչ-որ մեկի վերարկուին: Երբ չլինես, կնայեմ դիմացիս  դատարակ աթոռին: Ես կարող եմ թեկուզ քո միջով նայել:
Հիմա խորտկարանում ինձնից բացի ոչ ոք չկա: Մեկ էլ ուրիշի թողած վերարկուն է: Կարող եմ սրտիս ուզածի չափ նայել ուր ասես:
Ֆրանսիական սենդվիչ, հայկական աղցան, համեղ խորոված, շնորհակալություն:  Երբ քաղցած ես, դիետան միշտ էլ թողնում ես հաջորդ օրվան:
Սեղանին հաց չկա։
Ուրիշի վերարկուն շեղում է ուշադրությունս ափսեում շարված խորտիկներից:
Ես կարող եմ վերցնել վերարկուն ու հեռանալ: Բայց ինչի՞ս է պետք ուրիշի վերարկուն: Եթե թողել-գնացել է, ուրեմն գրպանում ոչ փող կա, ոչ հիշողություն:
Կարող է  վերարկուի տիրոջը սպանել են զուգարանում, կարող է դռան փականը փչանալ:
Նախ պետք է պարզել` վերարկուն կանացի է, թե տղամարդու: Տղամարդկանց զուգարանի փականը ստուգելու միտքն այնքան էլ չի գրավում: Գուցե  վերարկուն դիտմամբ է թողել, ինչ-որ մեկին ասել է «հիմա կգամ» ու ընդմիշտ հեռացել: Բայց ուր է այդ ինչ-որ մեկը: Եթե ինչ-որ մեկը նրան սպասեր, վերարկուն այսպես չէր գցի ու գնա:
Սեղանին ոչ հաց կա, ոչ աղ:
 Եթե դու այստեղ լինեիր, կարող էի խնդրել, որ փոխանցես աղամանը դիմացի սեղանից:  Կամ կհարցնեի անտեր մնացած վերարկուի տիրոջ մասին:
Վաղուց է ինչ չենք խոսում, քայլում ենք իրար հակառակ ուղղությամբ, ապրում` հակառակ, նայում`հակառակ:
Հիշո՞ւմ ես, երբ փոքր էի, ավազ էի ցանում գետնին` տունդարձի ճանապարհը չկորցնելու համար: Մինչ օրս ոչ ավազն եմ գտնում, ոչ` ճանապարհս:Երբ մութն ընկնում է, շրջում եմ փողոցներումդ: Ոչ մի տեղ չեմ գնում ու ոչ մի տեղից չեմ գալիս:
Եթե հազարավոր պատուհաններիցդ գոնե մեկում լույս չվառվի, ես ու դու մենակ կմնանք:
Եթե փողոցներիցդ մեկը փակվում է մարդկանց մարմիններով, աղբամաններով, կարգախոսներով, մյուսները դատարկ են թվում: Փողոցներից ոչ մեկում քաղաքը չեմ գտնում:
Քեզ մեկ քանդում են, մեկ բարեկարգում, կամ էլ փակում են փողոցներդ:
Չէի զարմանա, եթե փակեին խորտկարանը հաճախորդ չլինելու պատճառով: Ինձ դեռ կարող էին հաշվի առնել, իսկ այ քեզ… Գոնե օրագիրդ թողնեիր` վերջին էջում նշելով հեռախոսահամարդ: Այդպես և քեզ կգտնեին, և օրագիրդ:
«Հիմա կգամ». ասում եմ ուրիշի վերարկուին ու հեռանում` սեղանին թողնելով խորտիկները և շագանակագույն ձեռնոցներս:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *