Վիպակ, Տաթև Մաղաքյան

Փրկության իմ ափը

(հատված վիպակից)

Հեղինակի կողմից

Ժամանակ առ ժամանակ անքնությունն ինձ հյուր էր գալիս, որքան էլ ամուր էի փակում դուռն ու լուսամուտը, միևնույն է, նա կարողանում էր սողոսկել սենյակս, նա իմ անկոչ հյուրն էր։ Գրեթե նույն ժամին էր գալիս։ Ուշանալու սովորություն չուներ, իսկ ես սիրում էի նրան մի գավաթ գինի հյուրասիրել։ Նա, գիշերային լռության մեջ, կում-կում վայելում էր կարմիր գինին, իսկ ես նստում էի գրասեղանիս առջև՝ նրա դիմաց, ու սկսում իմ սովորական ու ոչ սովորական պատմությունները ծովահենների ու շնաձկների մասին, կորած քաղաքների ու խորտակված նավերի մասին, և այն մասին, թե ինչ պատահեց մի օր, երբ մեր նավը, որի խոհարարն էի ես, ալեբախումի զոհ դարձավ, ու ինձ ափ նետեց այն մեծ սնդուկների հետ միասին, որոնց մասին խոսելիս մեր նավապետը միշտ ասում էր, թե դատարկ են, բայց․․․
Անքնությունն ինձնից կամաց-կամաց խլում էր տանտիրոջ պարտականությունները, և դա ինձ դուր չէր գալիս։ Եկավ մի պահ, որ ես խիստ եղա նրա նկատմամբ, բայց՝ ապարդյուն․ էլի ամեն գիշեր գալիս էր, նստում ու աչքերը փայլեցնելով՝ գինի պահանջում, անգամ խմելուց հետո չէր գնում, ամեն անգամ նոր ու գունավոր պատմություն էր ուզում, ու ես ստիպված եղա մի ամբողջ ցերեկ պատմություն գրել, որպեսզի գիշերը կարդամ նրա համար։ Պատմությունը պատրաստ էր, բայց արի ու տես, որ հիմա էլ նա էր համառում ու չէր գալիս, վերջապես շաբաթվա վերջին եկավ, հարկահանի պես բազմեց բազկաթոռիս, գինու շիշը մոտ քաշեց ու գլխի շարժումով հասկացրեց, որ կարդամ, ու ես սկսեցի․․․

Մաս առաջին

Մեր նավը, որի խոհարարն էի ես, մի օր ալեբախումի զոհ դարձավ, ու ջուրը ինձ ափ նետեց այն մեծ-մեծ սնդուկների հետ, որոնց մասին խոսելիս մեր նավապետը միշտ ասում էր, թե դատարկ են, բայց․․․ Նավաբեկության օրը, ես վիճեցի մեր նավապետի հետ ու գնացի իմ սենյակը։ Նա դժգոհում էր, որ ես ճաշերի մեջ միսը մեծ-մեծ կտորներով եմ դնում, իսկ ես նրան համոզում էի, որ խնայելն իմաստ չունի, քանի-որ մենք հաջորդ օրը պիտի հասնեինք այն քաղաքը, ուր գնում էինք, և ուտելիք դեռ շատ կար։ Մենք վիճեցինք, բայց ես չկարողացա նրան համոզել ու իջա իմ սենյակը։ Նա ժլատ մարդ էր, ժլատությանը հավասար նաև՝ համառ, և նրանից դժգոհ էին գրեթե բոլորը։ Իմ սենյակում պառկած՝ ապագայի հազար ու մի ծրագրեր էի կազմում, երբ քունը հաղթեց, ու ես քնեցի։ Աչքերս բացեցի, երբ մի հսկա ալիք ինձ իր գիրրկն առած օրորում էր։ Այդ ամենն ինձ սարսափելի երազ թվաց, ու դարձյալ փակեցի աչքերս, բայց ինքնախաբեությունը լավ բան չէ, երևի ծովն էլ դա գիտեր ու իմ կիսաքնած մարմինը գրկից բաց թողեց։ Ես, փետուրի թեթևությամբ, օդում մի քանի պտույտ անելուց հետո, զարնվեցի հսկա մի ժայռի, բայց հաջողությունն ինձանից վերջնականապես երես չէր թեքել, ուստի դեմ առա ժայռի կողերին աճած ծառերի ճյուղերին ու կամաց սկսեցի մագլցել վեր, ինձ թվում էր՝ իմ փրկությունը վերևում է։ Ես՝ ջրերի անմնացորդ սիրահարս, մի անկնթարթ միայն նայեցի փրփրակալած ծովի աչքերին, ու ավելի մեծ եռանդով սկսեցի մագլցել վեր։ Երբ արդեն ժայռի գագաթին էի, հասկացա, որ ուժասպառ եմ եղել ու միայն բարձրյալի կամքով կփրկվեմ այդտեղից, հակառակ դեպքում կեր կդառնամ ամեն թևն իմ մեծության այն գիշատիչ թռչուններին, որոնք կեռ կտուցները քարերի վրա սրելով թռչում էին իմ գլխավերևում, ու մեկը մյուսին լուր տալիս, թե ժայռի գլխին թարմ մսացու կա․․․

Ես կարդում էի իմ պատմությունն ու հանկարծ նկատեցի, որ անքնությունս՝ գոհ մի ժպիտ դեմքին խաղացնելով, քնել է։ Հոգնած էի նաև ես, ուստի ծածկեցի իմ անկոչ հյուրին, որ չմրսի ու մտա անկողին՝ պատմությունս հաջորդ երեկո շարունակելու մտադրությամբ։ Երազների գիրկն ընկա անմիջապես ու քնեցի, իսկ առավոտյան, երբ արևի առաջին շողերն սկսեցին խաղալ մազերիս ու դեմքիս հետ, բացեցի աչքերս ու անմիջապես նստեցի անկողնուս մեջ։ Աչքերս տրորելով՝ սկսեցի շուրջս նայել, բայց իմ հյուրը խնամքով ծալել էր ծածկոցը, որով ես նրան ծածկել էի գիշերը, դրել բազկաթոռին ու հեռացել։ Ափսոսանքի մի ալիք թեթևակի տխրություն պատճառեց ինձ, բայց երեկոյան կրկին նրա հետ հանդիպելու հույսն ինձ ուժ տվեց բարձրանալ անկողնուց ու վերանայել գրածս՝ մի տեղ ավելացնել, մյուսում՝ կրճատել․․․

Մաս երկրորդ

Չզգացի էլ, թե ինչպես անցավ օրը։ Ամբողջ օրը նստած էի եղել գրասեղանիս առջև՝ թուղթն ու գրիչը ձեռքիս, գրել էի ու գրել։ Մթնել էր, երբ զգացի, թե ինչպես անքնությունս թիկունքից գրկեց ինձ ու երեսը երեսիս հպելով ասաց․
-Երեկոները, երբ ես շտապում եմ քեզ մոտ, մի քիչ ցուրտ է լինում, դու միշտ հիշիր, երբ ես գալիս եմ, անխոս վեր կաց ու ինձ համար գինի բեր, կամ՝ թեյ, հա ու հատկապես ուրցով, ես ուրց եմ սիրում։
-Ես պատմություն եմ խմբագրում,- փորձեցի խույս տալ նրան գինի հյուրասիրելու իմ պարտականությունից։
Նա սկսեց ծիծաղել ու ինքն անձամբ բացեց խմիչքներով լի պահարանս, հանեց առաջին պատահած գինին, լցրեց ու մի մեծ գավաթ գինի կոնծեց։
-Ինձ համար էլ լցրու,- ասացի ես։
Նա տեղավորվեց անկողնուս վրա ու ծիծաղելով ասաց․
-Տանտերը դու ես, այ խելոք։
Ալարելով ոտքի ելա, ամբողջ օրը անգործության մատնված ոտքերս մի կերպ քարշ տալով, հասա պահարանին ու գինի լցրեցի իմ ու անքնությանս համար, հետո նստեցի գրասեղանիս առջև ու սկսեցի կարդալ կյանքիս պատմությունը, որն անցած գիշեր մնացել էր կիսատ։

«․․․Գիշատիչ թռչունները, որոնք կեռ կտուցները քարերի վրա սրելով թռչում էին իմ գլխավերևում ու մեկը մյուսին լուր տալիս, թե ժայռի գլխին թարմ մսացու կա, եկան ու հերթով շարվեցին իմ դիմաց։ Նրանց մտադրությունն ինձ պարզ էր․ ուժերս հավաքեցի, ոտքի ելա ու սկսեցի ուսումնասիրել այն տարածքը, որտեղ հայտնվել էի։ Բախտի բերմամբ ժայռը չորս կողմից շրջապատված չէր ջրով, ավելին՝ ներքևում գյուղ էր կամ քաղաք, որովհետև տներ էին նշմարվում։ Փրկության երկու ելք ունեի․ կամ պիտի նետվեի ժայռի գագաթից և ջախջախվեի նրա ոտքերի մոտ, և գուցե ալեբախման հետևանքով ծովն ինձ իր գիրկն առներ ու ես դառնայի շնաձկներին կեր, կամ էլ ժայռի հակառակ կողմով պիտի սկսեի սահել ցած։ Հակառակ դեպքում, վստահ էի, որ գիշերը, երբ քունն ինձ իր գիրկն առնի, ժայռի հզոր տիրակալներն իրենց կտուցներով ինձ կսարքեն մսով աղցան։ Ես ընտրեցի փրկության երկրորդ ելքն ու ժամանակ չկորցնելով՝ սկսեցի ցած սահել։ Թռչունները հասկացան մտադրությունս ու սկսեցին թևել իմ գլխավերևում։ Նրանցից ամենաերիտասարդն ու, երևի, ամենախևը, ժայռից պոկվեց, ինչպես հսկա մի բեկոր ու վեր սլացավ, ապա մի վայրկյան անց, հասավ ինձ ու դանակի շեղբի պես սուր կտուցը խրեց մազերիս մեջ։ Ձեռքերով գլուխս պաշտպանել չէի կարող, ուստի դեմքս որքան հնարավոր էր մոտեցրի ժայռի քարքարոտ կողերին ու մնացի անշարժացած և հանկարծ նկատեցի, որ հենց իմ կողքով վար է իջնում հսկա մի օձ։ Նա սողում էր՝ մարմնի գունագեղ նախշերը արևի տակ փայլեցնելով։ Ես ավելի լարվեցի ու կարծես լուծվեցի ժայռի մեջ։ Հանկարծ երիտասարդ խևը, որ թռել էր վեր, որպեսզի հերթական անգամ շեշտակի իջնի ու խառնի մազերս, գլխավերևումս մի քանի պտույտ արեց ու սլացավ դեպի ինձ հետ հավասար վար իջնող հարևանս․ պայքարն սկսված էր։ Որքան էլ հետաքրքրությունս մեծ էր, թե ինչով կավարտվի անգղի ու օձի կռիվը, այնուամենայնիվ ապրելու անհագ ծարավն ինձ ստիպեց նրանց թողնել ժայռի քարաբեկորների վրա կյանքի ու մահվան պայքար մղելիս ու զգուշորեն ցած սահել։ Թե ինչպես իջա, թե քանի անգամ ոտքիս տակից փախան քարերն ու դղրդոցով ցած թափվեցին, թե քանի անգամ արմատախիլ եղան թփերն ու ծառերը, որոնցից բռնվում էի, չեմ պատմի, կպատմեմ միայն այն, թե ինչ պատահեց, երբ ես արդեն հաղթահարել էի այդ ահռելի բարձրությունն ու շրջանցել ծովը․․․

Ոտքերիս տակ հող զգացի, բայց դա իմ անհավանական տանջանքներից հետո այնքան անհավատալի էր, որ նույնիսկ մի քանի անգամ ոտքերով գետնին խփեցի՝ համոզվելու, որ իսկապես պինդ հողի վրա եմ կանգնած։ Երբ արդեն վստահ էի, որ ապահով եմ, հոգնած ու տանջված մարմինս մի կերպ նստեցրի կանաչների մեջ ու հենց այդտեղ էր, որ սկսեցի վերհիշել գլխովս անցածն ու անտանելի քաղց զգացի։ Մի քիչ հանգստանալուց հետո, մոտիկ ծառից մի ճյուղ կտրեցի ու վրան հենվելով քայլեցի դեպի այն տները, որոնք նշմարել էի ժայռի գագաթից։ Ես քայլում էի ցորենի արտի միջով ու ինձ երջանիկ էի զգում, երջանիկ, որ փրկվել եմ նավի խորտակումից, որ իջել եմ հսկայական ժայռի գագաթից, երջանիկ, որ կարող եմ ուտել ցորենի հասկերն ու հագեցնել քաղցս։ Երջանկության մասին իմ պատկերացումների հետ էի, երբ ձիու խրխնջոց լսվեց, քայլերս արագացրի ու տեսածս ինձ հաճելիորեն զարմացրեց․ հսկայական կաղնու ծառից թամբած ձի էր կապած: Մի քանի րոպե սպասեցի, որ ձիու տերը հայտնվի, բայց ապարդյուն։ Մոտեցա սկսեցի շոյել ձիու բաշն ու շուրջս նայելով բացեցի ձիու մեջքին ամրացրած պարկի բերանը՝ չամիչի առատությունից գլուխս պտտվեց, դա հենց այն էր ինչ ինձ պետք էր, ու ես երկու մեծ բուռ վերցրի և դարձյալ փակեցի պարկը։ Նստեցի ծառի ստվերում ու սկսեցի վայելել անսպասելի գտածս՝ սպասելով ձիու տիրոջը, բայց հանկարծ ձին ծառս եղավ տեղից, մեջքից գլորեց պարկն ու ես նկատեցի, որ ձիու մեջքին ամրացրած ևս մի պայուսակ կա, որը պարկի տակ խնամքով թաքցրած է եղել, ու ձին կարծես ինձ ցույց է տալիս։ Դարձյալ շուրջս նայելով, վախվխելով բացեցի երկրորդ պայուսակն ու իմ չափերին հարմար հագուստ գտա․

– Ինչ լինում է, թող լինի,- կիսաձայն մտմտացի ու սկսեցի հանել իմ պատառոտված զգեստները։ Կաղնին իր լայն ու գեղեցիկ ճյուղերն ինձ վրա պահեց․ քիչ հետո, թանկարժեք հագուստը հագիս, նստած էի սև ձիու վրա ու գնում էի դեպի հեռվում երևացող լույսերը, որոնք կարծես անընդհատ խույս էին տալիս ինձնից ու ավելի հեռանում։ Իմ նոր ընկերը՝ սև ձին, քայլում էր գլուխը հպարտորեն բարձր պահած և ես վստահ էի, որ նա իշխանական ձի է՝ լավ խնամված ու կուշտ։ Մենք գնում էինք դեպի լույսերը ու այդ վայրի կուսական բնության գրկում գոնե մի մարդ տեսնելու հույսն ինձ ստիպում էր շտապեցնել ձիուն, բայց նա քայլում էր հանգիստ ու դանդաղ՝ կարծես ինչ-որ մեկի սպասելով։ Եվ հանկարծ տեղի ունեցավ անսպասելին․ նա վիզը մի քանի անգամ երկարեց, ռունգերով ներս քաշեց ժայռի հակառակ կողմում գտնվող ծովից եկող աղի ու խոնավ օդն ու սկսեց քայլել դեպի այնտեղ, որտեղ երբեք չէի ցանկանա լինել։ Նա ինձ տարավ դեպի ծովը, շրջանցեց ժայռն ու մոտեցրեց ծովին։ Ծովը հանդարտ էր, ջրերի արքա Պոսեյդոնն իր եռաժանին խնամքով կողքի էր դրել ու խոր քուն մտել։ Ես դեռ չէի հաշտվել կատարվածի հետ ու մի քանի անգամ փորձեցի ձիու գլուխը շրջել, բայց նա սկսեց ավելի արագ վարգել ու կանգնեց ժայռը կիպ գրկած քարակույտերի մոտ։ Մի քանի անգամ դոփեց ավազախառը գետնին ու վրնջաց։ Փոշու ամպերը՝ տարբեր կերպարանքներ առած, սկսեցին օդ բարձրանալ, ես կպա ձիու թամբին, երբ նա խաղաղվեց, փոշին անհետացավ, կանացի մի հաճելի ձայն կամացուկ շշնջաց․
-Բարև, երկար սպասեցի, այդպես չի կարելի։

-Բարև,- ասացի ես՝ չհավատալով աչքերիս,- Դուք որտեղի՞ց հայտնվեցիք։
-Կանայք միշտ հայտնվում են ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում,- սեթևեթեց նա՝ նստած ձյունաճերմակ ձիու վրա։

-Ես այդ կարծիքին չեմ,- պարծեցա,- այ, օրինակ իմ կինը․․․
-Դու կին չունես,- ասաց նա կտրուկ և ձիու գլուխը շրջեց դեպի իմ եկած ճանապարհն ու սլացավ առաջ։ Ձիս, առանց իմ միջամտության, ենթարկվեց անակնկալ հայտնված գեղեցկուհու հմայքին և սկսեց հետևել նրան։ Ծովը թեթև ալիքներով ողջունում էր ինձ, ես՝ հայացքս դեպի ծովը, օրորվում էի իմ հրեղեն ձիու մեջքին նստած, որը կարծես առասպելական պեգասը լիներ: Օրը թեքվում էր դեպի մայրամուտ, ու ծովը կարծես բռնկված լիներ կրակով։ Իմ ձին հետևում էր ճերմակ ձիուն և ինձ հեռացնում ծովից։ Ես զմայլված նայում էի ջրի ու երկնքի համբույրին, երբ հանկարծ ծովի հարթության վրա մի նավ նկատեցի, ուզում էի կանգնեցնել ձին ու սպասել նավին, բայց ափին շատ մոտ մի քանի շնաձկներ երևացին։ Դա ինձ համար այդ օրվա հերթական տարօրինակ ու սարսափելի դեպքն էր։ Փորձեցի ձիուն ափից հեռու քշել, բայց նա հանգիստ էր և անհանգստության ոչ մի նշան ցույց չէր տալիս։ Իմ գեղեցկուհի ուղեկցորդուհին տեսադաշտում չէր երևում, որպեսզի հասկանամ, թե որ կողմը գնամ ու այդ պատճառով ձիու գլուխը շրջեցի դեպի ժայռի ոտքին կպած քարաբեկորները՝ հուսալով, որ այնտեղ ապահովություն կգտնեմ։ Ձին դժկամությամբ շրջվեց ու մի քանի րոպե անց արդեն կանգնած էր քարաբեկորների կույտի մոտ։ Իջա ձիուց, բարձրացա մի քարի, որպեսզի շուրջս նայեմ ու պատսպարվելու համար հարմար տեղ գտնեմ և զարմանքս կրկնապատկվեց, երբ քարակույտերի կենտրոնում՝ համեմատաբար ողորկ ու հարթ մի կանաչ տարածության մեջ, տեսա մեկը մյուսից գեղեցիկ վեց աղջիկների։ Սիրտս սկսեց անհանգիստ բաբախել, որովհետև հասկանում էի, որ նրանք պատահական չէին կարող այդտեղ հայտնված լինել, թե ովքեր էին ու ինչ էին անում այդ քարակույտերի մեջ, ես կարող էի իմանալ միայն նրանց մոտենալով։ Համարձակություն հավաքելով ցած իջա քարից, գնացի դեպի աջ, անցա քարե հսկայական կամարի տակով ու հայտնվեցի աղջիկների կողքին։ Նրանք ինձ տեսան, բայց առաջվա պես սկսեցին շարունակել իրենց զրույցը, իսկ ես կարծում էի, թե ինձ տեսնելով կվախենան, միայն նրանցից ավագը մոտեցավ ինձ և ասաց․
-Քո սնդուկները արդեն այնտեղ են, դու ինչո՞ ւես վերադարձել այստեղ։
-Ի՞նչ սնդուկներ,- զարմացա ես։
-Մի՞թե հսկա նավի նավապետին վայել է միամիտ ձևանալը,- ասաց նա ու թևս բռնեց, երևի ինչ-որ կարևոր լուր էր ուզում հայտնել, երբ դարձյալ փոշու ամպ բարձրացավ ու հայտնվեց սպիտակ ձիով իմ գեղեցիկ ուղեկցորդուհին։
-Դու սկսում ես բարկացնել ինձ,- ասաց նա։
-Ոչ,- կմկմացի,- ես պարզապես․․․
-Արագ նստիր քո ձին, մենք այստեղ մնալ չենք կարող,- ասաց ու սպասեց, որ ես առաջինը նստեմ ու ճանապարհ ընկնենք։

Աղջիկներից ավագը, որ մոտեցել էր ինձ, մեր հետևից բղավեց․

-Ուշացողներին մեզ մոտ չեն սիրում։

Ես ձիու վրայից գլուխս շրջեցի՝ դարձյալ տեսնելու աղջիկներին, բայց նրանք արդեն իրենց երկար զգեստների փեշերը ափերի մեջ հավաքած, մտել էին ջուրն ու ողջագուրվում էին նավից ջուրը ցատկող երիտասարդների հետ։ Իմ ուղեկցորդուհին նկատեց, որ ես անընդհատ նայում եմ հետ և ինձ հավասարվելով ասաց․
-Իզուր ես վախեցել շնաձկներից, այստեղ քեզ ոչ մի կենդանի չի վնասի, քանի դեռ դու չես փորձել նրանց քեզ համար կեր դարձնել։
-Ինձ թվաց․․․
-Քեզ թվաց, թե նրանք քեզ պիտի հոշոտե՞ն, իզուր։
-Աղջիկները խոսում էին սնդուկներից,- դարձյալ կմկմացի ես։
-Բացբերաններ,- ծիծաղեց նա,- մի անհանգստանա, քո գրած երկտողը ճիշտ ժամանակին հասավ հորս, եթե մի օր էլ նամակդ ուշանար, ապա ժայռի գլխից կփրկեինք միայն լեշդ։
Ես մոլորվել էի ու չէի կարողանում խոսել, նա գիտեր ամեն ինչ, միայն ինձ համար անհասկանալի էր, թե ինչ նամակի մասին է խոսքը․․․
Ես դեռ շարունակում էի կարդալ իմ անհավանական կյանքի պատմությունը, երբ նկատեցի, որ անքնությունս գլուխը դրել է գրասեղանիս ու քնել։ Ես էլ էի հոգնած, ուստի նրան ծածկեցի ու պառկեցի քնելու։ Առավոտյան նա արդեն չկար և մի քանի օր շարունակ չեկավ, ու ինձ թվում էր, թե ձանձրացել է իմ պատմությունը լսելուց և այլևս չի գա, բայց մի օր կրկին հայտնվեց, տիրաբար նստեց բազմոցին ու ասաց․
-Զբաղված էի, դրա համար մի քանի օր չերևացի, անհամբեր եմ, թե ինչ կատարվեց հետո, խնդրում եմ, կարդա։
-Ես նեղացել եմ քեզանից, այսպիսի ընկերություն չի լինում,- ասացի ես, թեպետ արդեն նրա սիրալիր վերաբերմունքը մեղմել էր զայրույթս ու սկսեցի կարդալ․․․

Մաս երրորդ

․․․Ես ու իմ գեղեցկուհի ուղեկցորդուհին մեկ սլանում էինք կողք կողքի, մեկ՝ մրցում մեր գեղեցիկ նժույգներով, բայց այլևս ոչինչ չխոսեցինք․ ես գերադասեցի լռել, կրկին անգամ անհամ դրության մեջ չհայտնվելու համար, ինձ թվում էր, որ ամեն ինչ պարզ կդառնա, երբ հասնենք այնտեղ, ուր տանում էր ինձ իմ սպիտակ ձիավորը։ Վերջապես հասանք մի մեծ ապարանքի, որի բակում երկու սիրամարգ զբոսնում էին՝ չնկատելով սևամորթ ծառայողներին, որոնք մեզ տեսնելուն պես մոտ վազեցին ու բռնեցին ձիերի կապերը։ Ես արագ ցատկեցի ձիուց և օգնեցի իջնել իմ գեղեցկուհուն, նա սիրալիր ինձ մեկնեց ձեռքն ու իջավ։ Ծառայողները ձիերը տարան ախոռ։ Մենք սկսեցինք վեր բարձրանալ անվերջանալի երկար թվացող աստիճաններով ու մի քանի դուռ անցնելուց հետո մտանք մի մեծ հյուրասենյակ, որտեղ ճոխ սեղանի շուրջ նստած էր ալեհեր մի ծերունի։ Շուրջս ամեն ինչ այնքան գեղեցիկ էր, որ թվում էր, թե հեքիաթում եմ։ Վարանոտ քայլերով սկսեցի առաջ գնալ, ծերունին թավ հոնքերի տակից նայում էր ինձ, իմ ուղեկցորդուհին ինձնից առաջ անցավ ու փարվեց ծերունուն։
-Ինչու՞ ուշացաք, Էլլա,- հարցրեց ծերը,- դու չգիտե՞ս, որ ես չեմ սիրում ուշացողներին։
-Գիտեմ, հայր, գիտեմ, ներիր։
«Ինչ գեղեցիկ անուն է»,- մտածեցի ես։
-Իսկ նավապետն ո՞ւր է,- տեղից բարձրացավ ծերունին ու ողջույնի պատրաստ ձեռքն ինձ մեկնեց։
-Կատակում ե՞ս, հայրիկ,- ասաց Էլլան,- մենք շտապում էինք ու ես չհասցրեցի շատ բան ասել մեր հյուրին, ավելի ճիշտ դու ինքդ կասես։
-Աղջիկս, ես քեզ չեմ հասկանում,- ասաց հայրն ու դեռ չէր ավարտել խոսքը, երբ ներս մտավ սևամորթ սպասուհին ու սկուտեղի վրա դրած մի նամակ բերեց։
Ծերունին Էլլային գլխի շարժումով հասկացրեց, որ դուրս գնա, նա էլ դարձավ դեպի ինձ ու ասաց․
-Ձեր սենյակը պատրաստ է, խնդրեմ, եկեք իմ հետևից։
Հյուրասենյակից դուրս եկանք ու գնացինք դեպի աջ, լայն ու ընդարձակ միջանցքները զարդարված էին թարմ ծաղիկներով, նրանց բույրը տարածվել էր օդում։ Ծաղկամանների մոտ փոքրիկ աթոռակներ էին դրված, երևի երկար միջանցքներում հանգստանալու համար։ Վերջապես հասանք մի դռան մոտ, որը բանալիով բացեց Էլլան ու ինքն էլ առաջինը ներս մտավ։ Այն ինչ տեսա այդ սենյակում, էլ չտեսա ոչ մի ուրիշ տեղ, ոչ մի ուրիշ երկրում։ Սենյակի մեջտեղում մի հսկա մահճակալ էր, զուտ ոսկուց ու թանկարժեք քարերից պատրաստված, դիմացը՝ բազմոց, հատակին՝ վագրի մորթի։ Ես դարձյալ վարանոտ քայլերով ներս մտա, իսկ էլլան սկսեց ծիծաղել․
-Վախենո՞ւմ ես ոտք դնել վագրի մեջքին։ Մի վախենա, նրան իմ մեծ եղբայրն է սպանել անցած տարի, երբ նա վնասել էր իմ եղնիկի ոտքը։
-Վագրը սնվում է իրենից թույլ կենդանիներով,- կմկմացի ես։
-Բայց նրան մենք լավ էինք կերակրում,- պատասխանեց Էլլան՝ շոյելով անշունչ վագրի գլուխը։
-Դուք վագր եք պահու՞մ,- զարմացած ու արդեն անակնկալներից հոգնած, ասացի ես՝ նստելով բազմոցին։

-Այո, նայիր պատուհանից, քեզ համար ամեն ինչ պարզ կլինի,- ասաց դղյակի արքայադուստրն ու քաշեց թևս։ Ալարելով բարձրացա տեղից ու գնացի դեպի մուգ կանաչ վարագույրներով ծածկված պատուհանը։ Արդեն բավականին մութ էր, ու լուսնի սկավառակը կարծես մնացել էր բակի ջրավազանի մեջ, թեպետ բակը շատ լավ էր լուսավորված, ու ես տեսա, թե ինչպես եղնիկը որոճում էր արջի կողքին նստած, ընձուղտն ու զեբրը քնած էին կողք կողքի, իսկ առյուծի մեջքը քորում էր տանտիրոջը նամակ բերող սևամորթ կինը։
-Էլլա, այս ամենը շատ տարօրինակ է, դուք ո՞վ եք, ես երազ եմ տեսնում, կամ սա հենց դրախտն է,- ասացի ու բռնեցի նրա թևը։
Նա թևը խլեց, ծիծաղեց, հասավ դռների մոտ ու ասաց․
-Քնիր, վաղը նոր օր կբացվի և նման չի լինի սրան․․․
․․․Մինչ ես անքնությանս համար կարդում էի իմ պատմությունը, հանկարծ դռների միջից լսվեց կնոջս ձայնը․
-Հետո, հետո ի՞նչ եղավ, ինձ էլ է շատ հետաքրքիր,- ասաց ու ծիծաղեց։
-Իմ գեղեցկուհի, դու ավելի լավ է մեզ սուրճ հյուրասիրիր, ես դեռ գրելու շատ պատմություններ ունեմ։
-Մեծ սիրով, բայց քո հյուրն արդեն քնած է, դու էլ քնիր, իսկ պատմությունդ վաղը կգրես,- ասաց կինս ու ծալեց տետրս։
-Լավ,- համաձայնեցի ես, լույսն անջատեցի, որ անքնությունս հանկարծ չարթնանա, ու կոպերս դժվարությամբ փակեցի՝ աչքերիս դիմաց իմ գեղեցկուհի Էլլան էր․․․

Առավոտ վաղ արթնացա սուրճի անմահական բույրից՝ կինս մի մեծ բաժակ սուրճ էր դրել գրասեղանիս, առհասարակ, նա ինձ միշտ ազատում էր մանր ու մեծ ընտանեկան հոգսերից և ես հիմնականում զբաղված էի լինում իմ կյանքի պատմությունները գրի առնելով։ Դարձյալ ամբողջ օրը գրեցի ու գրեցի, որպեսզի երեկոյան կողմը, երբ անքնությունս ներս խուժի սենյակս, ես սկսեմ նրա համար կարդալ իմ կյանքի անհավանական թվացող էջերը։ Եվ երեկոյան, ճիշտ նույն ժամին, ինչպես սպասում էի, անքնությունս եկավ՝ ինքնագոհ մի ժպիտ դեմքին խաղացնելով, բացեց պահարանս, հանեց իր սիրելի կիսաքաղցր գինին, լցրեց նաև կնոջս համար ու ձեռքը ուսին դնելով՝ նստեց կողքին։ Ես խանդից մեռնում էի, եթե կնոջս սաստող հայացքը չլիներ՝ արյունլվիկ կանեի այդ աներեսի մռութը, բայց կինս նրան մի բարձ տվեց, որպեսզի գլուխը բարձին դնի, ինքն էլ հարմար տեղավորվեց բազմոցին, ու ես սկսեցի կարդալ։

․․․Էլլան մի փոքր էլ մնաց պատուհանի մոտ կանգնած։ Այգուց եկող լույսն ու սենյակի վառ լուսավորությունը նրան դարձրել էին լուսե։ Նա, իր մտքերով տարված, նայում էր պատուհանից, ես համարձակություն հավաքեցի և թեև կմկմալով, բայց ասացի․

-Ես․․․Էլլա, ես քեզ պիտի կարևոր մի բան ասեմ։
-Դու կին չունես, խնդրում եմ չստես, հետո էլ ես այստեղ երկար մնացի, բարի գիշեր,- ասաց նա և ուզում էր հեռանալ, ես նորից կմկմացի․

-Շուտով ես կմեկնեմ, բայց արդյո՞ք դու կզգաս, թե ինչ եմ թողնում այստեղ։

-Կմեկնե՞ս,- զարմացավ, բայց պատասխանիս չսպասելով՝ դուրս եկավ սենյակից։ Եվ ես լսեցի, թե ինչպես կողպեց դուռը, սիրտս ահ ընկավ, մտածեցի, թե գերի եմ և տանտերերը մարդակերներ են։ Հայացքս հանդիպեց հատակին փռված վագրի աչքերին և սարսռացի։ Թե ինչ տանջանքներով լուսացրի՝ ավելորդ է ասել։ Հագուստով էլ պառկել էի անկողնում, քունն աչքերիս մոտ չէր գալիս, փախուստի հազար ու մի ծրագրեր էի կազմում, բայց ու՞ր կարող էի փախչել, եթե հստակ չգիտեի, թե որտեղ եմ։