
(Հատված գրքից)
ՈՒրեմն մի կերպ խցկվեցի 33 համարի երթուղայինը, որը լեցուն էր երկտակված ու միմյանիցից կառչած ուսանողներով: Ջահելներից մեկը հարգեց կնճիռներս ու դարդերս և տեղը զիջեց: Ավելի մեծ ճիգերով սողոսկեցի նստարանի անկյունը, որովհետև գրեթե երկու նստարանն էլ զբաղեցրել էր աներևակայելի պարարտ ու ահռելի ճաղատ գլխով մեկը: Նրա թևերի հաստության համեմատ վտիտ ուսանողներն առավել դալուկ ու սովալլուկ էին թվում: Պարարտը երկար տնտղեց երթուղայինի տարուբերումներից դողդոջող ուսանողներին ու դարձավ ինձ.
– Հլա սրանց նայի: Քիմիայով ու ամեն տեսակ թույնով մեծացած սերունդ է, սրանց հալն ու հարաքյաթը ինչ պտի ըլնի:
– Մի ասա,- առարկեցի ես,- մոռացա՞ր՝ էս ջահելները փոխեցին երկիրը:
Առարկությունս ակնհայտորեն պարարտի դուրը չեկավ: Մի երկու վայրկյան փնչաց-խլթխլթաց, ապա գյուտ արածի պես վրա տվեց.
– Գիտե՞ս խի փոխեցին երկիրը:
– Խի՞:
– Որովհետև քիմիայով ու ամեն տեսակ թույներով մեծացած սերունդ են:
Երթուղայինում բոլորս կռահեցինք, որ հակահեղափոխությունը պարարտ ու ճաղատ գեղջուկի կերպարանք ունի:
Հոկտեմբերի 1
Ադրբեջանը Արցախ չվող բոլոր թռչուններին հռչակել է անցանկալի անձինք և արգելել նրանց մուտքը Ադրբեջան: Մի քանի տարի անց Ադրբեջան կայցելեն միայն սողունները: Բայց դրանից նրանք ամենևին չեն ընկճվի, քանզի ադրբեջանական իմաստնությունն ասում է. ,,Նաղդ օլսուն, սողուն օլսուն,,*:
*Բառախաղ է՝ սողան–սողուն: Թուրքական ասացվածքն ասում է ,,Նաղդ օլսուն, սողան օլսուն,,՝ ,,Կանխիկ լինի, սոխ /սողան/ լինի,,:
Հոկտեմբերի 5
Սիթի-միթիների կիսատ-պռատությունը մարդկանց համ ներվայնացնում է, համ դարձնում հնարամիտ: Տղայիս 15 ամյակի առթիվ պատրաստված տորթի համար մոմեր էի փնտրում: Տեսականին մեծ էր, բայց միանման 1 և 5 թվերը չկային: Մտքի վայրկենական փայլատակումով վերցրի 1, 7, 2 թվերը և մինուս նշանը հիշեցնող ինչ-որ զպրտիչ: Երեկոյան տորթի վրա 17-2 պատկերն էր, իսկ օդում՝ տնեցիներիս հանդիմանական հայացքները, որ չնկատելու էի տալիս:
Հոկտեմբերի 7
Մենք ապրում ենք ծովից ծով Հայաստանում, որի ծովերում անհամար նավեր կան: Եթե չկան, բա առնետները որտեղի՞ց են փախչում: Հը՞:
Հոկտեմբերի 8
Տատս ասում էր՝ Բախչի սիրուց բախչի պատերն են պաչում: Էսօր վերնիսաժում մի կնիկ էնպես հանկարծակի թռավ Մաքրոնի թիկնապահի վզով ու սկսեց պաչպչել, որ էս խեղճը չհասցրեց գրպանից ջերմամիջուկային զենքը հանի*:
*Ակնարկվում է Վերնիսաժում տեղի ունեցած միջադեպը, երբ հուշանվերներ վաճառող մի կին թիկնապահին շփոթեց Մաքրոնի հետ ու նրան ողողեց գգվանքներով:
Հոկտեմբերի 11
Ձոն առ Ղ
Ղ-ն ուրախություն է: Ղ-ն երջանկություն է ու երջանկության արցունք: Ղ-ն հոգիների տոն է ու լուսահոգիների փառատոն: Ղ-ն հաշիշ է, որը անխնա չարաշահում են ու եռանդով ղատասում: Այս օրերին Ղ-ով են հնչեցվում ոչ միայն ղ, ռ, ր և լ տառերը, այլև ճ-ն, ծ-ն, ձ-ն, չ-ն ու էլի այլ տառեր: Ղ-ն համահարթեցնում է այբուբենը ու մեր գործը հեշտացնում: Լեզվական արատ ունեցող ամեն ղարիբ ինքզինքը մատուցում է որպես ֆրանսիացի ու ֆրանսախոս: Ղ-ի անդիմադրելի հմայքով Երևանում սքանչելագործվում է մի գերժամանակակից ու վերժամանակակից խոսվածք, մի հոգեպարար աղաղակ, մի զգլխիչ ղալմաղալ-ղալաբալաղ, որը ոչ ֆրանսիացին է հասկանում, ոչ քյավառցին: Դա կարևոր չէ: Կարևորը՝ Ղ-ն ջանսաղություն է: Ու մենք փարվում ենք Ղ-ին այնպես, ինչպես հհկ-ականներն ու բհկ-ականներն են ինքնամոռաց նվիրվում հեղափոխությանը*:
*Այդ օրերին ՀՀԿ–ի և ԲՀԿ–ի շարքերը կաշվից դուր էին գալիս հեղափոխությունը ներբողելով:
Հոկտեմբերի 12
Վարչապետը պիտի մի քիչ էլ ժամանակ գտնի ու ֆուտբոլ խաղա: Թե չէ սրանք գոլ խփող չեն*:
*Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կրեց հերթական խայտառակ պարտությունը:
Հոկտեմբերի 14
Պետք չէ խառնվել իրար. ԱՄՆ դեսպանը ,,գրավյալ տարածքներ,, ասելով նկատի ունի օլիգարխների՝ Երևանում գրաված տարածքները*:
*ԱՄՆ դեսպանը առաջին անգամ ազտագրված տարածքները հայտարարեց ,,գրավյալ,, ինչը մեծ իրարանցում առաջացրեց հանրության լայն շրջանակներում:
Հոկտեմբերի 16
Այսօր Գիտությունների Ազգային Ակադեմիան նշում էր իր հիմնադրման 75 ամյակը: Մինչև վերջին ակադեմիկոսն իր ճառը կարդաց-վերջացրեց, Ակադեմիան դարձավ 76 տարեկան:
Հոկտեմբերի 18
Սերունդների միջև պայքարում կհաղթի նա, ով ավելի շուտ կհաջողացնի մյուսի գրպանը պլան գցել: Վայ մեզ, եթե նրանք դա անեն միաժամանակ:
Հոկտեմբերի 27
Լուսադեմին արթնացա չափալախի ձայնից: Պատից այն կողմ հարևանս դաստիարակում էր գյոռնափշտիկի կերպարանքով տուն մտած զավակին.
-Ի՛նչ հելովուն /չափալախ/, ա՛յ կլովուն /քացի/*:
*Պատանիներն ու երիտասարդները տոնում էին օտարամուտ Հելլոուինը:
Նոյեմբերի 1
Հայրենիքը թանկ բան է: Իսկ մեր հայրենիքը օր-օրի ավելի է թանկանում: Ով չի հավատում՝ թող գնա Կոմիտասի շուկա՝ համոզվի: Այնտեղ մտնում են չկողմնորոշված-շվարած դեմքերով, բայց դուրս են գալիս ֆիդայու խոժոռ կերպարանքներով թունդ հայրենասերներ:
Հենց նոր մի կնիկ դուրս եկավ Սոսե մայրիկի կերպարանքով:
Նոյեմբերի 5
Նորից թռչունները չվեցին, ու խոպանչիները վերադարձան: Գարնանը խոպանչիները կչվեն, իսկ թռչունները կվերադառնա՞ն:
Նոյեմբերի 18
Խնջույքների ժամանակ 10 գավաթից 4-ը պարտավոր ես բարձրացնել ՊԵԿ-ի համար՝ որպես կենաց հարկ: Նույնը վերաբերում է նաև օղորմաթասերին*:
*Հարկային ու մաքսային մարմինները հրապարակեցին կեղեքիչ որոշումներ:
Նոյեմբերի 19
Սորոսը մի լրագրում Հայաստանի մասին հոդված էր կարդում: Երբ գլխի ընկավ, որ լրագիրը ֆինանսավորվում է իր ֆոնդերից՝ թքեց, դեն նետեց:
Նոյեմբերի 24
Ապրանք, կնիկ կամ պատգամավոր ընտրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել պապենական խեր-շառ-Աստված սկզբունքով:
Շառը լավ չի: Շառը շատ վատ ա: Մանավանդ՝ իգական սեռի շառը: Նամանավանդ՝ 91 թվից էս կողմ միայն շառն ենք ընտրել ու շառաչել:
Աստված լավ ա: Աստված ցանկալի ա, երանելի ու երկրպագելի, բայց ոչ՝ հուսալի:
Ճիշտը խերն ա: Խերը լավն ա: Խերը ամենալավն ա: Մանավանդ՝ իգական սեռի խերը:
Բայց խերը ճիշտ ու անվրեպ ընտրելու համար ընտրատեղամաս պիտի գնաք թզբեխներով: Ձախ ձեռքով վերցրեք քվեաթերթիկը, մուշտարու աչքով տնտղեք ու աջով գործի դրեք թզբեխը: Չլինի թե՝ սխալվեք: Որի վրա խերը կանգնեց… Չէ, մի քիչ ճիշտ չհնչեց: Որտեղ խերը կանգնեց… Չէ, ոնց որ էս էլ էն չի: Մի խոսքով, որին խերը ընկավ՝ էն էլ ընտրեք:
Աստված ձեզ հետ: Օղորմի ձեր անցած-գնացածներին:
Նոյեմբերի 28
Կարևոր մարդկանց աղ ու հացով դիմավորելու ավանդույթը բարի խորհուրդ ունի, բայց այս օրերին կարող է լուրջ խնդիրներ հարուցել: Թաղից թաղ ու գյուղից գյուղ շրջելով, պատգամավորության թեկնածուներն օրական այնքան աղ են ուտում, որ նրանց միսը դառնում է անասելի աղի, արցունքը՝ դառնաղի, իսկ հեկեկոցը՝ աղիողորմ:
Ազգաբնակչությունը պիտի խիղճ ունենա և այսուհետ մարգարեներին դիմավորի ոչ թե աղ ու հացով, այլ՝ հաց ու կալբասով:
Դեկտեմբերի 1
Մենուա արքան մի ձորի մոտով վարգելիս հեռախոսն ամրացրեց նիզակի ծայրին և ուզեց սելֆի անել ձիու հետ, որպեսզի այդ պատմական նկարով ահաբեկի մրցակից արքաներին: Այդ նեղ մաջալին ձորից թնդաց մի ուժգին գը՛մփ-գը՛մփ-հու՛: Ձին խրտնեց, իսկ արքան քրտնեց: Ձին փորձեց ծառս լինել, բայց քանի որ շատ ծեր էր ու հոգնած, ընդամենը թուփս եղավ. այսինքն՝ նստեց: Նեղսրտած արքան ձեռքը տարավ, որ սրբի ճակատի քրտինքը, բայց սաղավարտը չթողեց, որ այդպիսի բան անի: Այդժամ հերսոտած Մենուան ձորի արքային քաղաքական բանավեճի մի հրովարտակ ուղարկեց, որի մեջ մասնավորապես ասված էր.
Ով ունի այսպես ձի
Թող գա ինձ հետ նա մրցի:
Դեկտեմբերի 2
Էլի մի քանի օր, և բոլոր Մեշոկ պապիներն իրենց մռայլ-անհատակ մեշոկները կներկեն վառ գույներով ու կդառնան Ձմեռ պապիներ: Նրանք շնից շատ կլինեն, և մեր երկիրը կլցվի բարությամբ ու ջերմությամբ:
Դեկտեմբերի 3
Էսօր երեքամյա Արտաշիս ասացի – թուղթ ու մատիտը բեր՝ Ձմեռ պապին նամակ գրենք, ոնց որ թե ժամանակն է:
Հեգնանքով նայեց վրաս ու թե – դու էս որ դարում էս մնացել, չգիտես՝ Ձմեռ պապը նամակդ պիտի մակագրի Ձյունանուշին, Ձյունանուշը՝ 7 թզուկներին, 7 թզուկները՝ 8 զեռուններին, զեռունները՝ տառականներին, ու նամակդ էդպես ֆռֆռալու ա՝ մինչև Նոր տարին անցնի: Ավելի լավ ա՝ վեր կաց գնա մարդավարի մի նվեր առ:
Դեկտեմբերի 4
Էսօր ասի մի
քիչ գաղտնալսեմ ներքին
ձայնս, բայց կեսից
չդիմացա, անջատեցի:
Ոնց որ բայղուշ
լիներ անտերը:
Դեկտեմբերի 7
Հյուսիս-հարավ մայրուղին նախատեսված էր արտագաղթողների համար, որ առանց խոչընդոտի պլստալով թողնեին-գնային: Բարեբախտաբար դրա կնքահայրերը չբաշարեցին ավարտին հասցնել:
Առավել իրատեսական էր երկիր-երկինք մայրուղու կառուցումը՝ լուսահոգիների համար:
Դեկտեմբերի 16
ԱՆԱՍՆԱՁՈՆ*
Կոլխոզի բախտը փակվել,
Կախվել է նրա բեղից,
Բատկան նորից կատաղել,
Զրկել
է
կոլխոզն
ուղեղից:
Կոմբայնը նժույգ է սարքել
Ու
յուղ
է
խմել
տրակտորի,
Թրի տեղ եղան է կապել,
Դրոշին՝ պատկեր խոճկորի:
Ղազախին քավոր է կարգել
Ու
թուրքին դարձել է քիրվա,
Ողջ
տարին թվանք է ծախել,
Վախտ չունի՝ ոտները լվա:
Բեղից դեռ յուղ է կաթկթում,
Խոճկորն է տոտեմը նրա,
Աշխարհին լոլո է կարդում
Ու
թքում
իր
խոսքի վրա:
*Ասուլիսի ընթացքում Լուկաշենկոն ցինիկ ակնարկներով ծաղրեց Փաշինյանին:
Դեկտեմբերի 17
Գրում ենք ճակատագրեր: Էն էլ ո՛նց ենք գրում: Ով ճակատագիր չունի՝ թող անպայման դիմի: Ով ճակատ չունի՝ կգրենք մեջքին: Եթե մեջք չունի՝ թող տանիք գտնի: Տանիք չգտավ՝ ընդմիշտ կմնա անտեր: Տասը պատվեր որ եղավ, տասնմեկերորդի ճակատագիրը կգրենք անվճար: Տասներկուերորդինը չի տարբերվի քառասուներորդի ճակատագրից: Եվ, ընդհանրապես, ոչ մի բան ոչ մի բանից չի տարբերվի:
Եթե պատվիրատուն ժամանակին չվճարի կամ փորձի մեզ գցել, նրա ճակատագիրը կիսատ կգրենք, ու մուրազը փորը կմնա: Ավելին, նրա համար երկնքից կընկնի ոչ թե երեք խնձոր, այլ մի հատ դամբուլ:
Հայտերը ներկայացնել գիշերը ժամը մեկից հետո, քանզի ամենամունդառ ու բառադի մտքերը մեզ այցելում են գիշերները:
Հ.Գ. Կուսակցականները թող չդիմեն: Նրանց ճակատագրերը գրում են իրենց շեֆերը, հետո քոփի փեստ են անում ու ճպցնում ամեն պատահածի ճակտին:
Ալլահ ու Աքբար եղբայրներ
Դեկտեմբերի 19
Որտեղ շատ մարդ է հավաքվում, այնտեղ մարդկությունը իսպառ վերանում է:
Դեկտեմբերի 22
Հասա շուկա, ցուցակը հանեցի, պարզվեց՝ նորից նախընտրական ցուցակն են դրել գրպանս:
Դեկտեմբերի 24
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ճակատին կգրվի. Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է:
Դեկտեմբերի 24
Նախարարույթի մշակարարություն.
Եթե այսպես գաղտնագրված լիներ խնդրո առարկա նախարարության անվանումը, գուցե գլխի չընկնեին էդ ինչ է ու ձեռք չտային:
Դեկտեմբերի 26
Տոնածառատունկ*
Երբ ավագներն ասում էին, որ ամեն տղամարդ պետք է ծառ տնկի, հավանաբար նկատի ունեին տոնածառը: Համենայն դեպս մենք այդպես ընկալեցինք այդ պատգամը ու ամեն երևացող տեղ տոնածառ տնկեցինք: Բայց Հրապարակում համը հանեցինք: Բաբելոնյան տոնածառաշինության արդյունքում Արարիչը խառնեց մեր լեզուն, ու ամեն ոք սկսեց իր ձևով լեզվին տալ: Հիմա ոչ խոսք ենք հասկանում, ոչ էլ կյանքի խոսք:
Էս դեռ քիչ էր, գիշերը մի Տրոյական ձի մտավ հրապարակ ու զարմանքից տոնածառս եղավ: Ու որ տոնածառս եղավ, միջից ամեն տեսակ շպիոն ու առաքյալ թափվեց: Լուսադեմին գնաց նոր խմբաքանակ բերելու:
Թե ասա՝ էդքան ուր ես բերում. չգիտե՞ս, որ էստեղ բոլորս էլ շպիոն ենք ու գործ տվող:
*Երկար ժամանակ քննարկման առարկա էր Հանրապետության հրապարակի տոնածառի աներևակայելի բարձր գինը:
Դեկտեմբերի 28
Ուրեմն, խնամքով սափրած սլացիկ ոտքեր ու մարմարի պես ողորկ, ճերմակաթույր փոր.
Ուրիշ բան չմտածեք: Նկարագրում եմ խաշի բաղադրությունը, որովհետև առավոտը խաշի եմ:
Դեկտեմբերի 29
Իմ թանկ ու չարչարված հայրենակից
Նորից ճամփորդ ես: Կապել ես ճամպրուկներդ ու մտնում ես նոր թվական: Մեկ էլ ե՞րբ էիր այսքան շիվար ու մտամոլոր եղել: Բեռդ շատ է, երազանքդ՝ ավելի շատ: Սովորույթիդ հավատարիմ՝ ամեն անպետք բան վերցրել ես ու ամենաանհրաժեշտը թողել: Մի քիչ խիղճ վերցնեիր: Անցած տարի էլ մոռացել էիր: Անպայման արժանապատվություն էլ վերցրու: Մեկ է՝ էժան բան է ու արհամարհված:
Էսքան սապոն վերցրել ես, որ ի՞նչ անես: Ախր մեջքդ կկոտրես ու ճամփիդ պատահածների հետույքներն էլ տեսքից կգցես: Արի քարը փեշիցդ թափի ու սապոնն էլ փեշիցդ թափի: Փոխարենը Աստծուն վերցրու հետդ: Ոչինչ, որ ճանապարհածախսը դու պիտի հոգաս: Կարևորը՝ մենակ չես լինի:
Հա, մեկ էլ պապերիդ նման ահագին մակարոն ու հատիկեղեն վերցրու. ի՞նչ իմանաս՝ ինչեր են սպասվում երկար ճամփեքին:
Քեզ բարի ու անփորձանք երթ:
Դեկտեմբերի 31
2019 թվական
Մի քիչ անսովոր սկսվեց, բայց դե էդ էլ իր հետաքրքրությունն ուներ:
Ուրեմն, Արտաշս գիշերը թակարդ դրեց տոնածառի տակ, մի տևական ժամանակ մոտը հերթապահեց, վերջը պոստի վրա քնեց: Առավոտը զարթնեցի տնքոց-վռչոցից: Վեր կացա, տեսնեմ՝ Ձմեռ պապն ընկել ա թակարդը ու սրտաճմլիկ վռչում ա: Շատ էր խեղճացել: Իսկը՝ մատաղի ուլ: Ով գիտի, ինչքան էր կուչուձիգ արել, բեղմորուքով խճճվել էր ծառի փշերի մեջ: Կամ մի քիչ հալվել էր, կամ մի քիչ քրտնել, որովհետև տակը թաց էր: Չուզեցի ուրիշ բան մտածեմ:
Ոնց հասկացա՝ մեր մեջի քաշվածը ինքն էր, համ էլ մեր քաշածն էր: Դրա համար էլ քաշած արաղ բերի ու հետը մի էրկու բաժակ խմեցի: Կամաց-կամաց թռփոշացավ:
Էլ չսպասեցի՝ էրեխեքը զարթնեն: Գրավի դիմաց բաց թողեցի: Շատ բան չվերցրեցի: Մի քիչ հաջողություն, առողջություն, հավատարմություն ու էլի նման մանր-մունր բաներ: Էնքան, որ գոնե մի տարի հերիքի:
Դե հիմա էրեխայա, չի հասկացել՝ արելա: Հանկարծ չկրկնեք: Մանավանդ որ էս սեզոնին Ձմեռ պապի որսն արգելված ա:
Առատ ու որսառատ տարի բոլորիդ:
Հունվարի 1
Հայաստանում բնակչության
թիվը երբեք չի
ավելանում, բայց քաշը
ավելանում է: Զգում
ե՞ք՝ ոնց է
ավելանում:
Հենց նոր
էլի ավելացավ:
Հունվարի 2
Հայաստանի Հանրապետության պարա՛րտ* քաղաքացիներ
Պապերով հաստատված ճշմարտություն է, որ չաղ մարդիկ բարի են ու մեծահոգի: Որակներ, որ այնքան անհրաժեշտ են մեզ: Հապա հիշեք մեր պատմության չաղերին: Նրանք քիչ են եղել, բայց չաղ են եղել: Ու որ չաղ են եղել, ղոչաղ են եղել: Այս օրերին բացառիկ հնարավորություն ունենք կուտակած ամեն կիլոգրամը բարության ու բարեհոգության վերածելու ողջ տարվա համար: Ուրեմն, թող կիլոները գան ու չգնան:
Բարի ու բարերար տարի:
*Բառախաղ է: Փաշինյանը հանրությանը դիմում էր ,,Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,, արտահայտությամբ:
Հունվարի 2
Սխալմունք
Սպասը ճիշտ էր, ես սխալվեցի,
Յուղի մեջ նորից հոգիս թաղեցի,
Մածունը քիչ էր, դարձավ մահանա,
Որ թողնեմ խիղճս ճարպից մահանա:
Ամեն հյուրի հետ ես ինձ մոռացա,
Ամեն հյուրի հետ դարձյալ չաղացա,
Սխալն ու ճիշտը իրար խառնեցի,
Ճիշտը սպասն էր, ես՝ սխալվեցի:
Հունվարի 3
Ռուսները որ ասում են спаситель, նկատի ունեն սպաս ստեղծողին: Իսկ սպասը վախտին հասցնողին ասում են спасатель:
Շատ հին ու իմաստուն ժողովուրդ են:
Հունվարի 4
Երազիս մեջ երկիրս լիությունից ճպճպում էր: Լեռնային ակունքներից բխում էր սառնորակ խաշլամի ջուր և իջվարելով՝ դառնում էր տարթ: Տարթի մեջ խլվլացող արարածները չէին թողնում մոռանամ, որ մտել ենք խոզի տարի: Չմոռանալուց զարթնեցի: Լավ էր՝ բխած սառնորակը ոչ թե խաշլամի ջուր էր, այլ սառը քրտինք:
Հունվարի 4
Խումհար-զահրումար
Երազիս մեջ դուռը զարկին,
-Վայ թե հյուր է,- ասի ես,
Դրսից էն ոնց վրա տվին,
Տասից շատ էին, թարսի պես:
-Քեզ մորթելու համար եկանք,
Ասին՝ շատ ես չաղացել,
Գլխիդ ջառմա պիտի դառնանք,
Օրհնյալ է Աստված, հորովել:
Երազիս մեջ զանգը տվին,
-Հաստատ հյուր է,- ասի ես,
Հրմշտելով ներս խուժեցին
Քաջ որսկանի գյուլլի պես:
-Մի՛ հարցրու՝ ինչու եկանք,
Ձեր քուչում ո՞վ ես եղել,
Վաղը էլի պիտի մենք գանք,
Էսօրվանից առավել:
Երազիս մեջ ջուրը քաշին,
-Յարաբ ո՞վ էր,- ասի ես,
Ներսից հպարտ քրքջացին՝
– Մենք էստեղ ենք, դու քեզ տես:
Էս երազից պրծում չկա,
Քնած լինեմ, թե արթուն,
Դուրս գամ, տեսնեմ՝ ինչ կա, չկա,
Մեկ է՝ հյուր եմ էս կյանքում:
Հունվարի 6
Կամասուտրա ըստ Ղուկասու
Լավ է հնդիկ, քան թե թուրք
Երկրում իմ խլվլա,
Լավ է ժանտախտ, քան թե թութք
Մեզ պարգևի անխնա:
Այսքան ցեղեր գունագեղ
Ե՞րբ էր տեսել Նաիրիս,
Ե՞րբ էր լցվել ամեն գեղ
Խլամիդ ու սիֆիլիս:
Կամասուտրան պահեք ձեզ,
Մերը էշն է պապական,
Մի թախանձեք աղեկեզ,
Իշունն է մեր ապագան:
Լավ է սիրես քո կյանքում
Ճերմակաթույր ավանակ,
Քան թե հնդիկի գրկում
Վաստակես դու սուսանակ:
Ջիմին ինչքան էլ հաչա՝
Չի հանձնվի Նաիրին,
Ու չի ծախի իր փաչան
Նաիրական քույրը իմ:
Հունվարի 8
Եթե բենզալցակայանի սպասարկողը հնդիկ է, իսկ 1 լիտր բենզինը՝ 420 դրամ, ապա հնդիկին կարող եք դիմել պարոն 420:
Հունվարի 11
Ծնվելու և հայտնվելու համար հունվարը այնքան էլ հարմար ամիս չէ*: Հունվարին աշխարհը ցուրտ է ու անհյուրընկալ: Հիշում եմ՝ ծնվելիս ոնց էի սրթսրթում, մանավանդ որ հագս կոշիկ չկար: Ատամներ էլ չունեի, որ չխկչխկային, լերկ լնդերս էին կափկափում:
Քառասուն օր սրթսրթում ու կափկափում էի, երբ պապս տարավ եկեղեցի՝ մկրտելու: Անաստված երկիր էր, տերտերն էլ՝ կուսակցական: Ինձնից առաջ մի նորածին մկրտվելիս խաշվեց, որովհետև ջուրը եռման էր: Տերտերը որ դա տեսավ, նեղսրտեց ու բարբառեց.- Էս մեկը չեղավ, մի հատ ուրիշը բերեք:
Էդ մի հատ ուրիշը ես էի, բայց ջուրը ընթացքում լավ սառեց, ու ավելի շատ մրսեցի:
Էդ անհիշելի օրերից միշտ մի տաք անկյուն եմ փնտրել: Միայն վերջերս ինքս ինձ խոստովանեցի, որ աշխարհում տաք անկյուն չկա: Բայց կան բարի ու բարեկամ մարդիկ, որոնք երբեմն իրենց բարեմաղթանքներով ջերմացնում են օրդ:
Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար: Բոլոր գրառումների տակ դնում եմ ողջագուրանքի, գրկախառնության ու պաչպչոցի նշաններ:
*Հունվարի 14-ը հեղինակի ծննդյան օրն է:
Հունվարի 14
Մարդ ավելի լավ է ընտրվի հանձնաժողովի նախագահ, քան սեղանապետ: Վերջինի պարագայում ռիսկը շատ է մեծ:
Երեկ ընտրվեցի անհայտ ծագումով սեղանակիցների սեղանապետ: Որոշեցի արագ-արագ մի քանի անշառ բաժակաճառ ասեմ ու գլուխս պրծացնեմ: Սկզբի համար, մտածեցի, ամենաանշառը ,,Բարով տեսանքն,, է: Բայց էդ անտերը, չգիտես ինչու, էսպես հնչեց. – Բարով տեսանք ճակտից կախ, որ չէինք տեսել պատից կախ:
Փորձանքը էլ ոնց է լինում:
Հունվարի 18
Երեկ դաշնակահարը ողջ ուժով խփում էր սև ստեղներին, իսկ սպիտակ ստեղներին այդպես էլ մատով չդիպավ: Միայն գորովանքով նայում էր դրանց ու աչքով անում:
Արվեստում հեղափոխությունը այդպե՛ս պետք է դրսևորվի:
Հունվարի 21
Աշխատողներին որպես պարգևատրման միջոց կարելի է դիտարկել նրանց մեջքին կամ ուսին խրախուսաբար թփթփացնելը: Եթե աշխատողը շատ թանկ է ձեզ համար, կարելի է կրկնակի թփթփացնել: Եթե խնամի է կամ կուսակից, կարելի է նույնիսկ դխկդխկացնել:
Այս ամենով հանդերձ, ղեկավարներին պետք է արգելել ինքնաթփթփոցն ու ինքնադխկդխկոցը*:
*Ղեկավար պաշտոնյաների տարեվերջյան դրամական պարգևատրումներն ու ինքնապարգևատրումները մեծ հուզումներ առաջացրեցին:
Հունվարի 25
Հին դարերում մանուկները երազում էին ղեկավար դառնալ, հետո կամ դառնում էին, կամ չէին դառնում: Հիմա մանուկները դառնում են ղեկավար, ու չգիտեն՝ երազն ինչ է: Ու քանի որ երազ չունեն, երբեք երազախաբ չեն լինում:
Հունվարի 26
Քանի որ այս հարցը շատ չարչրկվեց ու համը հանեց՝ որոշեցի գաղտնիքը բացել: Հայտնի է, որ բարձրաստիճան պաշտոնյաները իրավունք չունեն պետական գաղտնիքների մասին բացահայտ արտահայտվելու: Ուստի ստիպված են խոսել գաղտնագրերով: Երբ պաշտոնյան ասում է, որ պիտի կոկորդիլոս բուծենք, նշանակում է՝ շուտով մեկնարկելու է մի շատ կարևոր զինատեսակի մասսայական արտադրություն: Եվ երբ պաշտոնյան հիմնավորում է, որ կոկորդիլոսը թռչուն է՝ ուրեմն արտադրվելիք զինատեսակը անօդաչու թռչող սարքն է:
Այնպես որ, եթե լսեք, որ որմզդեղնը երկարատև է կամ բեզուարյան ջայլամը՝ դարակազմիկ, մի շտապեք ղժժալ: Դրանց տակ լուրջ գաղտնիքներ կան*:
*Կոկորդիլոսի մասին Արարատի մարզպետի արտառոց դատողությունները երկար ժամանակ խոսք ու զրույցի առարկա էին:
Հունվարի 30
Հին դարերում հավերի վրա քաշում էին մի ղոչաղ խորոզ, հիմա՝ ծերունի Սորոս:
Հավերը տրվում են ինքնամոռաց, անձնվեր ու վերջում ածում… փուչ-նեխած ձվեր:
Փետրվարի 11
Էս գիշեր երազում քուչեքն ընկած սոցհարցում էի անում: Ուզում էի իմանալ՝ ազգս ինչ գիտի Թումանյանից: Քանի որ հարցումը պատվիրատու չուներ՝ էսպիսի պատկեր ստացվեց.
3 %-ը գիտեր ,,Հայոց վիշտն,, ու ,,Հառաչանքը,, 17 %-ը՝ ,,Քաջ Նազարն,, ու ,,Սուտլիկ որսկանը,, 70 %-ը՝ Թումանյանի շաուրման:
Հա, համաներումով ազատ արձակված ռեցեդեվիստների մի մեծ խումբ հիշեց ,,Կռնատ աղջիկն,, ու ,,Պոչատ աղվեսը,, իսկ Կոմայգում ասացին ,,Կանաչ, վիթխարի,, բայց էդպես էլ չմտաբերեցին՝ որ գործից էր:
Արարատի կողմերում ամենատարածվածը ,,Կոկորդիլոս Գենան,, էր, ու բոլորը պնդում էին, որ այդ գործը Գլազունովը թռցրել է Թումանյանից:
Մի հարբեցող բոմժ էլ երանությամբ մրմնջաց ,,Ախթամար,,:
Փետրվարի 14
Երբ աշխարհում էր՝ ընդամենը տասը զավակի հայր էր: Իսկ երբ թողնում էր աշխարհն ու աշխարհականներին՝ արդեն հայրն էր մի ողջ ժողովրդի՝ նույն այդ ժողովրդի ծով դարդ ու ցավից տառապած, մաշված ու վաղաժամ ծերացած:
… Լուր տվին, որ Լոռու բարձունքներում տեսնող է եղել: Առավոտ ծեգին ափալ-թափալ հասա Դսեղ, ասի՝ որտեղ բռնացնեմ՝ հետը նկարվելու եմ: Հետքերը շատ էին, հետախույզները՝ ավելի շատ, բայց ԻՆՔԸ չկար: Շատ դեսուդեն ընկա, ում ասես՝ տեսա, բայց ԻՆՔԸ չկար ու չկար: Ծուխումուխի մեջ կորած մի վաղնջաբբռեճ բիձա ասաց՝ էստեղ ման մի արի, ֆեյսբուքումը կըլի: Գիշերը հետ հասա քաղաք ու անհամբեր մտա ֆեյսբուք: Հենց շեմից շունչը զգացվեց: Ֆեյսբուքը երբեք այսքան ջերմ ու հյուրընկալ չէր եղել: Ճեպով խորացա, ասի՝ որտեղ բռնացնեմ՝ ընկերության հայտ եմ տալու: Ոչինչ, որ չբռնացրի, կարևորը՝ այստեղ եղել էր ու իրենով լիացրել ամենքին ու ամեն ինչ: Նույնիսկ վերջին բանսարկուների էջերով էր անցել, ու ամեն տեղ թողել մի քառյակ, մի շենացնող խրատ, լույսի մի բարերար շող:
Շատ ուրախացա, որ սկսել էր մեր ամենահայաշատ ու ամենաանհաշտ համայնքից՝ ֆեյսբուքահայ համայնքից: Թողություն էր տվել բոլորին ու բոլորի մեղքերին, թողություն էր տվել և՛ հների թալանին, և՛ հնացողների պրեմյաներին: Էս ինչ էր արել տնաշենը, իսկը սիրո և համերաշխության հեղափոխություն էր արել: Նրա ներկայությունից ոչ ոք ոչ ոքի չէր դավել ու չէր խարդավել: Նույնիսկ թրաշ ծաղրող չէր եղել, որովհետև ԻՆՔԸ թրաշով էր եղել, ու թրաշից լույս էր ճառագել:
Եթե այսպես շարունակենք ԻՐԵՆ փարված մնալ ամեն օր, հաստատ տարեվերջին ա՛յլ ժողովուրդ ենք ունենալու, ա՛յլ երկիր ենք ունենալու:
Ի՛ր երազած հայրենիքն ենք ունենալու:
Փետրվարի 19*
*Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:
Վաղ առավոտից ֆեյսբուքը դարձավ ջերմոց ու ծաղկանոց: Բոլորը երգում են մանուշակներ ու շուշաններ, բայց ուտում են… թարխուն: Ու շատ էլ ճիշտ են անում: Այսօր մարտի 1-ն է, որը ավանդաբար նշանավորվում է խաշած ձվով ու թարխունով բրդուճներով: Սա լավ է, ավանդական է: Վարդմանուշակն էլ իր տեղն ունի: Միայն թե, եթե ձեռքիդ թարխունով բրդուճ է՝ էլ ինչ մանուշակ ու շուշան:
Մարտի 1
– Ռուբոն ո՞ւր ա:
– Գնաց դեպքի վայր:
– Դեպքի վայրը ո՞րն ա:
– Դե, նա ուր գնում ա, էդ տեղը դառնում ա դեպքի վայր*:
*Ռուբեն Հախվերդյանը վերստին հայտնվեց սկանդալային պատմության մեջ:
Մարտի 3
Ապերախտությունը հեղափոխության հետ կապ չունի: Իշխանափոխության հետ էլ կապ չունի: Տո ո՛չ էլ օդափոխության ու նյութափոխանակության հետ կապ ունի:
Դա հին պապենական շանորդություն է:
Մարտի 3
ՏԵՍԱՐԱՆ ՄԱՐՏԻ ՈՒԹԻՑ
Պոետը այնքան ծաղիկ է քաղել,
Էգ մուսաներ է նա որսում կրկին,
Նրանցից մեկը ուսին է թառել,
Իսկ մնացածը բազմել են գրկին:
Պոետը մի շիշ գինի է ճարել,
Կոնծում է՝ աչքը իր շշի բկին,
Գինին մորուքով առվակ է կապել
Ու չռչռում է մուսայի ծնկին:
Մի ձեռքին ծաղիկ, մեկելին՝ գինի,
Ու զույգ ծնկներին տկլոր մուսաներ,
Չգիտի՝ որի կենացը խմի
Ու որի ծնկին շաղ տա ծաղիկներ:
Չորս կողմը ծաղիկ, ծաղկից շատ՝ մուսա,
Բայց չի հերիքում շունչը պոետի,
Լուռ հավաքում է իր փասա-փուսան,
Թևի տակ շիշը ու մի կում գինին:
Ու դեռ կթախծեն ծաղիկ ու մուսա,
Դեռ կթոռոմեն ու կանցնեն անհետք,
Ում տանձին են պետք, երբ պոետ չկա,
Կամ թե պոետը ում տանձին է պետք:
Մարտի 8
Սրճարանների տեղում տնկվելիք թավ անտառները ինքնանպատակ չեն լինի: Դրանց մեջ բաց կթողնվեն մուֆլոններ, ընձառյուծներ և հազարան բլբուլներ:
Մարտի 16
Ճամփին մի ճենճոտի հանդիպեցի՝ ատամները լվացած, քիթը՝ մաքրած:
– Ի՞նչ խաբար ա,- հարցրի:
– Չես տեսնո՞ւմ՝ շաբաթօրյակ ա, բոլորն ինչ-որ բան մաքրում են:
– Լավ, բա խի՞ ես թրաշվել, բա որ ճիշտ չհասկանա՞ն:
– Քեզ չասի՞ շաբաթօրյակ ա:
– Դու վայ թե լողացած էլ կլինես:
– Չհասցրեցի: Էդ մեկը մնաց մյուս շաբաթօրյակին:
– Բայց շաբաթօրյակներին կարծեմ ծառ-մառ էլ են տնկում: Դո՞ւ ինչ ես տնկել:
– Ճիշտ ես ասում, գնամ տրամադրվեմ:
Մարտի 23
Փորձի փոխանակում*
Նորաթուխը հինավուրցին հրավիրում է ձկնորսության՝ որպես բարի կամքի դրսևորում: Նորաթուխը բռնում է չորս ձուկ, հինավուրցը՝ չորս թուղթ:
Քանի որ չորս թուղթ էր բռնել, ձկներն առնում է նորաթուխի ձեռքից:
*Ղեկավարության շարքերում սկսեցին հայտնվել նախկինում ոչ բարի համբավով աչքի ընկած մարդիկ:
Մարտի 25
Ֆուտբոլի դաշտում պետք է ֆուտբոլ խաղալ, ոչ թե ղումար: Այդ դեպքում հաղթելու հավանականություն կա:
Իսկ երբ ղումար ես խաղում, միևնույն է, տանուլ ես տալու: Մեր տղաներին հավանաբար շփոթեցրեց դաշտի կանաչ գույնը, քանի որ ղումարի սեղանները այդ գույնի են լինում:
Մարտի 27
Եղանակի տեսություն
Հանրապետության հյուսիսային շրջաններում խաշի ու պանրխաշի սեզոն է, Արարատյան դաշտում՝ քյաբաբի, տեղ-տեղ՝ ավելուկի: Հարավային և հարավ-արևելյան շրջաններում մեկնարկում է խնջլոզի ու ժինգյալով հացի սեզոնը:
Իրավիճակը ամեն ժամի կարող է փոխվել ու մխտռվել:
Երևանում շաուրման սեզոն-մեզոն չի հարցնում:
Մարտի 30
Ասում են՝ հայերեն չգիտի: Շատ լավ էլ գիտի՛: Եթե չգիտի, բա ո՞նց իմացավ, որ իրեն գործից ազատել են: Հը՞:
Հո ռուսերեն չէի՞ն ազատել*:
*Քննարկման առարկա էր Օպերային թատրոնի տնօրեն ու գեղ. ղեկավար ռուսախոս Կ.Օրբելյանի ազատման հարցը:
Ապրիլի 1
Ապրիլի 1-ը տխուր անցավ ու տխուր է ավարտվում: Ու քանի որ տխրությունը կամաց-կամաց փոխվում է լացի, մի լացակումած ճշմարտություն ասեմ.
Դիրիժորը պիտի փայտիկով չափ տա: Եթե չափ է տալիս ոչ թե փայտիկով, այլ տնօրենի մահակով՝ ի վերջո կթքի փայտիկին:
Թքած ունենալու արվեստը մի բան է, թքելու արվեստը՝ բոլորովին այլ բան: Այսօր թքած ունեցողները վաղը թքելու են. այնպես, ինչպես երեկ թքած ունեցածներն են այսօր թքոտում ու շուրջ բոլորը մխտռում:
Վերջը բոլորս էլ թքելու ենք, արվեստով կամ անարվեստ, օրենքով կամ օրենքը
մահանա
բերելով:
Ամենաարդար
թքողը
լուսահոգի
տատս
էր:
Ասում
էր՝
թքեմ
ձեր
նամուսին:
Ապրիլի 1
Մի խառնվեք իրար, որ ԱԺ ամբիոնից մուտանտը հաթաթա տվեց ու արդարացրեց իր լափած գրանտը: Պիտի խառնվեիք, երբ դրանք Շուռնուխում էին լվանում գրանտները:
Մեր արմատները Շուռնուխում են, ոչ թե Աժ-ում*:
*Տրանսգենդերը ԱԺ ամբիոնից հանդես եկավ սկանդալային ելույթով:
Ապրիլի 6
Զոոֆիլը պիտի նույնքան իրավունքներ ունենա, որքան կենդանիների պաշտպանը: Այնինչ էշ պաշտպանողը իրավունքներ ունի, իսկ էշ… գուրգուրողը՝ չունի: Իսկ իշուն ոչ ոք չի էլ հարցնում՝ ուզում է պաշտպանվե՞լ, թե՞ շրջապատված լինել սիրով ու ջերմությամբ:
Այս անարդարությունը վերացնելու համար հարկավոր է Սորոսի ուշադրությունը հրավիրել հարցի վրա:
Ապրիլի 6
Եթե գտնում ես, որ դասականից արածդ մեջբերումը իսկը մեր ժամանակի համար է և չի հնացել, ուրեմն մեր ժամանակն է հնացել:
Ապրիլի 8
Գործունյաները
–
Գործն է անմահ, լա՛վ իմացեք,- զավակներին ու թոռներին խրատեց Ղամմազ պապը ու հերթական անգամ գործ տվեց հարևանի դեմ:
– Գործն է ցմահ, դե՛ դիմացեք,- գոհունակությամբ մտածեց դատախազ Օյինբազը՝ ուսումնասիրելով Ղամմազ պապի տված գործը:
Ապրիլի 8
Երբ
բարձրաստիճանը Զարթոնքի գյուղապետի հետ մենակ մնաց, ծնկի իջավ և համբուրեց նրա կոշիկի ծայրը*, որպեսզի գյուղապետը դադարեցնի արյունահեղությունը: Համբուրելիս բարձրաստիճանի ջերմաստիճանը կտրուկ բարձրացավ, քանզի գյուղապետի հագին ոչ թե կոշիկ էր, այլ տրեխ, իսկ նասկին ծակ էր: Սակայն գյուղապետը հավաստիացրեց, որ ծակը միշտ չի եղել, այն առաջացել է ընդամենը մեկ տարի առաջ, երբ ինքը սկսեց քայլել գյուղապետարանից դեպի հեռավոր հանդերը:
*Զարթոնք գյուղում տեղի ունեցան բռնություններ՝ բնակիչների և գյուղապետի կողմնակիցների միջև: Որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ փորձեցին հաշտեցնել նրանց: Այդ նույն օրերին աշխարհում քննարկման առարկա էր, թե ինչպես Հռոմի Պապը հանուն խաղաղության ծնկի եկավ և համբուրեց Սուդանի ղեկավարների կոշիկները:
Ֆեյքերի բացահայտման օպերատիվ գործողությունները պարզեցին, որ Հրայր Դժոխքն ու Սիամանթոն ֆեյք են, և այդ կասկածելի անունների տակ հանդես են գալիս Արմենակ Ղազարեանն ու Ատոմ Եարճանեանը:
Ապրիլի 16
Ամեն մարդ ի վերջո դառնում է հուշարձան, քանզի տապանաքարն ու գերեզմանաքարն էլ հուշարձաններ են: Ոմանք նույնիսկ կենդանության օրոք են դառնում հուշարձան: Շատ-շատերն էլ ի սկզբանե հուշարձան են, քանի որ նրանց դեմքը քարացած է, ուղեղը՝ կարծրացած:
Սա կարևոր չէ: Կարևորը՝ բոլորս էլ հուշարձան պահպանող ենք. մեկը պաշտոնի բերումով ու աշխատավարձով է հուշարձան պահպանում, մյուսը պահպանում է իր ծնողի կամ բաջանաղի տապանաքարը:
Այսօր հուշարձանների պահպանության միջազգային օրն է, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս:
Ապրիլի 18
Ինչ արդարության մասին կարող է խոսք լինել, երբ անհայտ զինվորի հուշարձան կա, իսկ անհայտ գրողի հուշարձան չկա: Չէ՞ որ անհայտ գրողներն ավելի շատ են, իսկ անհայտ մատերիալ գրողները՝ շնից շատ:
Ապրիլի 18
Այսօր մի՛
կռվացրեք ձեր հպատակներին, որովհետև ձու
կռվացնելու օր է:
Կամ գոնե
հպատակներին կարմիր ներկեք
նոր կռվացրեք:
Ապրիլի 18
Հեռահար մուրազներ ունեցող մեկին մի քֆուր էի տվել՝ նեղացել էր: Բայց էդ տեսակ քֆուր ախպերն ախպորը չէր տա: Թե խի էր նեղացել՝ էդպես էլ մութ մնաց:
Ապրիլի 20
Դարեր շարունակ մեր ժողովրդին մի կարևոր խնդիր էր հուզում. սկզբում հա՞վն է եղել, թե՞ ձուն: Այսօր վերջապես խնդիրը լուծվեց: Առաջին անգամ ազգովի համաձայնության եկանք: Վաղ առավոտից բոլորը բոլորին անհամար ձվեր ուղարկեցին, և չեղավ մեկը, որ ինչ-որ մեկին հավ ուղարկեր: Ուրեմն, ի սկզբանե էր ձուն:
Վերջակետից առաջ մի պահ էլի կասկածեցի, բայց մի դարդիմանդ ընկեր հերթական ձուն ուղարկեց ու վերջնականապես փարատեց կասկածս: Թող օրհնվի ձուն՝ որպես ազգային համերաշխության ճշմարիտ գրավական:
Ապրիլի 21
Անծանոթ բարեկամիս
Նախքան նամակիս բուն իմաստին անցնելը ուզում էի քեզ մի Ձու ուղարկել՝ ի պատասխան երեկվա քո Ձվի: Բայց դու կանխեցիր ինձ ու հապշտապ երկրորդ Ձուն ուղարկեցիր: Համեմատեցի ու տեսա, որ նույն Ձուն ես ուղարկել:
Եթե այդ Ձվի հետ կապված ես հոգեկան ու հոգևոր նրբանուրբ զգացումներով, կարող ես այն դնել սենյակիդ ամենապատվավոր տեղում ու կոչել հոգաբարՁու:
Շնորհավոր Սուրբ Զատիկ:
Ընդմիշտ Քո… տիրոջ մերը*:
*Զատկի առթիվ սոցցանցերում միմյանց անդադար գույնզգույն ձվերի պատկերներ էին ուղարկում, ինչը հարուցեց շատերի դժգոհությունը:
Ապրիլի 21
Առաջ տոնացույցն ընկնում էր քացու տակ, հիմա՝ քաղաքացու տակ:
Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ*:
*Ակտիվ քարոզ էր տարվում պետական տոնացույցում ,,Քաղաքացու օր,, ամրագրելու համար:
Ապրիլի 22
Ամեն անգամ երբ նորերի մեջ հանդիպում եմ մի լավ մոռացված հնի, սոսկումով մտածում եմ՝ մի՞թե սա էլ հարեավ ի մեռելոց: Եվ արդյոք օրհնեա՞լ է հարութիւնը դրա:
Ապրիլի 23
Էսօր շուկայում մի երգ ընկավ ականջովս ու հիշեցի, թե դրա պատճառով ոնց անցյալ տարի քիչ մնաց էն աշխարհ գնայի: Ֆրանկոֆոնիայի ամենաթեժ օրերն էին: Երևանում բոլորը Ղ էին ասում ու լսում: Սև, սպիտակ, մոխրագույն ու երկնագույն, մենք էլ ազգովի հետները, ֆրանսերեն էինք խոսում ու երգում: Նույնիսկ ֆրանսերեն քֆուրներ էինք տալիս, որ իմանան ինչքան անկեղծ ենք ու նվիրված: Էդ եռուն պահին հանկարծ մի պատի հետևից մի անսլուխ կռավոց եմ լսում. ,,Ինձ համար իմ պառավ յարը թանկ է, թանկ,,: Արյունը խփեց գլխիս: Ասի հաստատ մի տրոցկիստ, նացիոնալիստ, հակահեղափոխական շանորդի ա, որ ուզում ա մեր տոնը հարամի: Թափով վրա հասա, տեսնեմ Մաքրոնն ա երգում իրա պառավի համար:
Ապրիլի 23
Տարին մեկ անգամ թուրքական դրոշ վառելով կարծում ենք, թե անարգում ենք թուրքին: Իսկ որ տարին տասներկու ամիս ռուսական գազ ենք վառում, ոչ ոք չի մտածում, թե դա ինչպիսի անընդհատ անարգանք է եղբայրական ու հորեղբայրական ժողովրդի հանդեպ:
Իսկ գազից ավելի շատ միայն յուղ ենք վառում: Տեղական արդար յուղ:
Ապրիլի 24
– Պապ, հիշո՞ւմ
ես…
– Հիշո՛ւմ
եմ և պահանջում:
– Ինչ ես է
խոսում,
ասում
եմ՝ հիշո՞ւմ
ես…
– Ասացի՝
հիշում
եմ և պահանջում:
– Զզվացրիր
պապ, ասում
եմ՝ հիշո՞ւմ
ես, որ պիտի կանֆետ առնեիր:
Ապրիլի 24
Էսօր մի երկքաղաքացի շվարած պտտվում էր մանղալի կողքերը ու անձնական խորը երկվություն էր ապրում: Չէր իմանում՝ նշի, թե չնշի: Վախենում էր՝ էն մյուս երկրում իմանան ու քթից բերեն: Մոտեցա ու սիրտ տվեցի: Ասացի՝ ռիսկով նշի, ես էստեղ պահակ կկանգնեմ, եթե հարցնող լինի՝ կասեմ, որ ոչ թե երկքաղաքացի ես, այլ երկկենցաղ: Ուրախությունից աշխարհով մեկ եղավ: Չգիտեր՝ լավությանս տակից ոնց դուրս գա:
Պապերի ընդհատակյա զրույց
Դրսում լսվում է կաթսաների ու շերեփների զարհուրելի չխկչխկոց, որը երբեմն–երբեմն ընդհատվում է ուժգին հո՛ւ–հո՛ւ–գը՛մփ–ով:
ԹՈՒՄԱՆՅԱՆ – Քաղաքացու օրեր են, կըմթնեն, անց կկենան:
ՋԻՎԱՆԻ – Քաղաքացու օրերը ձմռան նըման կուգան ու կերթան:
ԹՈՒՄԱՆՅԱՆ (լուռ չարչարանքով երկու կոճղ է դնում կրակին) – Բա վըհատելու չէ՞:
ՋԻՎԱՆԻ – Վըհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան:
Շերտավարագույր
Ապրիլի 27
Պատմելու բան չի, բայց պիտի պատմեմ:
Երեկ Սարդարյան Զեփյուռի հոբելյանն էր: Հրավիրված էի Սիսլյան Վազգենի հետ միասին: Եթե Զեփյուռի ծնունդն է, ուրեմն հանդիսականների ամեն հինգերորդը պիտի աշուղ ու գուսան լինի: Եթե դա այդպես է, ուրեմն չանցած երկու ժամ պիտի ուժասպառ լինես սասունցիական անընդմեջ դղորդ-դմբդմբոցից: Մի խոսքով, երբ վերջնականապես հալից ընկել էինք, Կիկոյան Կարինեն վերցրեց միկրոֆոնն ու մեզ դինջացնելու համար սկսեց երգել Պուգաչովայի Милион, милион алых роз-ը: Վազգենը, որ նոր էր նստել, կրկներգը լսելով ցից ոտքի կանգնեց ու գլուխը խոնարհեց:
– Ինչո՞ւ կանգնեցիր:
– Աս երգը ցեղասպանության մասին չէ՞:
– Ինչո՞ւ որոշեցիր, որ ցեղասպանության մասին է:
– Հապա ինչո՞ւ կըսե միլիոն, միլիոն:
– Վազգեն, հանգիստ նստիր տեղդ:
– Չէ, բայց ինչու…
– Հանգի՛ստ նստիր տեղդ: Тоже мне.
Ապրիլի 28
Մայիսմեկյան շուխուր
Հազար շեփոր հնչեն թող այս առավոտ,
Հազար կաթսա թող չխկչխկա,
Հազար շերեփ ու շերեփուկ
Դուրս գան զարկեն հազար թմբուկ:
Մայիսի 1
Չեմ հիշում՝ որքան էր առաջին աշխատավարձս: Բայց շատ լավ հիշում եմ, որ իրիկունն այն կրվեցի: Հիշում եմ նաև, որ կրողը Ռոմանովների պիղծ ցեղից մի օլիգարխ էր, որը ինձնից լավ էր սկյամբիլ խաղում: Այդ օրվանից երդվեցի բուրժուաների ու օլիգարխների մարը թաղել: Լավ էր՝ հետո ջեբկիր Կամոն կրվածներս հետ բերեց*:
Լենին պապի
ԵԼԺ, հատոր 1917, էջ 7191
*,,Աշխատավորի օրվա,, առթիվ բոլորը վերհիշում էին իրենց առաջին աշխատավարձը ու թե ինչպես են ծախսել այն:
Մայիսի 1
Մինչև տեղ հասա՝ դարձել էր Քացախի փառատոն*:
*Կազմակերպվեց Գինու բազմամարդ փառատոն:
Մայիսի 4
Հըբը կյանքըս ընչի՞ անցավ
Մի զարմանահրաշ գիրք* կա, որը կարդալիս զգում ես, թե ինչպես է աշխարհը փախչում ոտքիդ տակից: Հասկանում ես, որ նախկինում կարդացածդ բոլոր գրքերն անիմաստ ու անհեթեթ բաներ են եղել, ու կյանքդ վատնել ես փուչ բաների վրա: Հասկանում ես, որ սեփական կամ այլոց զավակներին գրկելն ու համբուրելը սեռական բռնություն է, իսկ այդպիսի հոդվածով դատապարտվելիս խցակիցներդ քեզ կշրջապատեն մշտնջենական գգվանքներով: Հասկանում ես ու չարանում զավակներիդ վրա, բայց չես կարող ձայնդ բարձրացնել կամ քաշել նրանց ականջները, որովհետև դա էլ ընտանեկան բռնություն է, որից Սիբիրի հոտ է գալիս:
Մի խոսքով, այսօր էլ հասա տուն ու կարոտով թաքուն նայեցի էրեխեքիս, բայց… միայն նայեցի: Էլ միամիտ չեմ, է: Ես հո գիտեմ, որ ոչ գրկել է կարելի, ոչ էլ չափալախել: Դրանք բռնություն են ու բարբարոսություն: Նայեցի չորսամյա կրտսերիս թաթիկներին, թմբլիկ փոր-փսորին ու գորովանքս գոնե խոսքով արտահայտեցի՝ էն ո՞ւմ սիրուն մարմինն ա: Բայց նա անմիջապես շշպռեց՝ իմ մարմինն անձնակա՛ն ա:
Ընդհանրապես սիրելը բռնություն է: Հայրենիք սիրելը ագրեսիա է ինչ-որ տարածքի կամ հեռուներում մնացած տարածքների նկատմամբ: Գիր սիրել-ղալամ սիրելը մտավոր բռնություն է, որով վտանգավոր ես դառնում շրջապատի համար: Արև սիրելը չարամիտ դիտավորություն է Տիեզերքի հանդեպ: Կնիկ սիրելը… Լավ սա թողնենք, սա նամշած մի բան է, անցյալի մնացուկ, սեռական անախրոնիզմ: Սրա համար քեզ չեն դատի, բայց կծաղրեն:
Այս ամենին թերևս կարելի է աստիճանաբար ընտելանալ, սակայն կա սիրազեղումի մի դրսևորում, որից հրաժարվելը կքանդի մեր ազգային պատկերացումների հիմքերը: Իշխանավոր տեսնելիս ինչպե՞ս կարող ես չգրկել նրան ու հետը սելֆի չանել: Բայց արի ու տես, որ դա կարող է դիտարկվել որպես իշխանությունը զավթելու փորձ կամ առնվազն սեռական ոտնձգություն իշխանավորի նկատմամբ: Իսկ եթե իշխանավորը մանուկ է կամ պատանի, ապա արածդ կորակվի մանկապղծություն, ու կվերադառնաս քեզ սիրատոչոր կարոտով սպասող խցակիցներիդ գիրկը:
Ճիշտ որ, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր: Բայց ամեն տեսակ բռնություններ քարոզող տիեզերք է:
Ստացվում է՝ գրքերի աշխարհը տիեզերք է անոռուգլուխ:
*Հասարակական հուզումների առիթ դարձավ Սոցապ նախարարության կողմից խրախուսված ,,Իմ մարմինը անձնական է,, գրքույկը՝ մանուկների ,,սեռադաստիարակության,, խիստ կասկածելի բովանդակությամբ:
Մայիսի 7
Ծննդատանը մի զեբր ծնվեց: Բժիշկները խառնվեցին իրար ու ինչ շառուշուռ ասես փաթաթեցին մոր վզին: Ի վերջո ամուսինը չդիմացավ ու բացատրեց.
– Ոչ մի դավաճանություն էլ չկա: Ավելի ճիշտ՝ կա, բայց ֆիզիկական չի, քաղաքական ա:
– Էդ ո՞րն ա,- զարմացավ սպիտակ, բայց կեղտից սևացած խալաթով բժիշկը:
– Դե, ես համոզմունքներով սպիտակ եմ, ինքը՝ սև:
– Էդ ո՞նց հասկանանք,- հարցրեց սև, բայց կեղտից պղտորված խալաթով բժիշկը:
– Ինքը ամեն անգամ անկողին մտնելու համար կաշառք ա ուզում, իսկ ես քայլ եմ անում ու մերժում… կաշառքը:
Երկու խալաթավորներն էլ հարգանքով նայեցին ծննդկանին:
– Բա լավ, մինչև էստեղ բերելը չեք ստուգե՞լ, էխո կա, բան կա:
– Ճիշտն ասած, ինքը ուզում էր, ես մերժում էի:
– Ինչո՞ւ էիր մերժում:
– Որովհետև մեր միջի մերժողը ես եմ:
– Ասենք թե հավատացինք, բայց էս զեբրի սև գծերը ոչ թե մեկումեջ են, այլ երեքումեջ: Սրա՞ն ինչ կասես:
– Ինքը մի անգամ ա կաշառք ուզում, ես երեք անգամ եմ մերժում:
– Էս զեբրը մի տեսակ մուննաթով ա նայում:
– Շատ հպարտ ա, սրա մերժածը մերժած ա,- քիթը ցցեց ամուսինը:
– Էլի ունե՞ք սրանից:
– Չէ, սա առաջինն ա:
– Աստված մեկը հազար անի:
Բժիշկները եզրակացրին, որ սպիտակ գենը եռակի զորավոր է, ու փայլուն ապագա գուշակեցին զեբրի համար:
Մայիսի 8
Մեր բոլոր պատերազմները ներմուծված են եղել, և այդ պատճառով էլ կոչվել են հայրենական: Պատերազմը բանան չէ, որ շարունակ ներմուծես: Այն պետք է միմիայն արտահանել:
Այն պիտի լինի ոչ թե հայրենական, այլ հայրենական արտադրության պատերազմ:
