Առավոտ վաղ, այնքան, որ դեռ լույսը նոր-նոր է ծագում, դռան թակոց եմ լսում: Ավելին՝ ոչ թե թակում են, այլ հարվածում բռունցքով կամ ոտքով: Շփոթված վեր եմ թռչում քնից, հասցնում հագնվել ու վախեցած հարցնում եմ.
-Ո՞վ է:
-Վայենկոմատից, – պատասխանում են:
Այո՜… մեր զինկոմիսարիատը չի թողնում, որ մեկ օր անգամ անցնի: Այդպես ուրեմն, ժամանակը եկել էր, իսկ ես սպասում էի մեծ որդուս վերադարձին, փոքրս տատի տանն էր: Չեմ էլ մտածում, որ մեղք եմ գործում` թաքցնում եմ զինակոչիկի: Դե, որովհետև մեծին էլ հպարտությամբ ճանապարհել էի ծառայության: Որդիներիս տարիքային տարբերությունը փոքր է: Դեռ մեծի ժամկետը չլրացած՝ արդեն փոքրի ժամանակն է եկել: Սա, իհարկե, ակնթարթային արագությամբ անցավ մտքովս:
Անմիջապես փակում եմ ննջասենյակի դուռը և բացում դրսինը: Դիմացս հայտնվում են երկու հոգի: Երկու հսկաներ, որոնք առանց հրավերի, միանգամից տուն են խուժում կիսաբաց դռնից ու ընթացքում հասցնում հարցնել, թե ինչո՞ւ դուռը չէի բացում, և թե ո՞ւր է իմ որդին… Ինձ բանի տեղ չդնելով, կամ թե ձևացնելով, թե չի նկատում, նրանցից մեկը նայում էր սենյակները:
Նայելն էլ` նայե՞լ… ոչ թե նայում է, այլ խուզարկում: Խոհանոց, պատշգամբ, սենյակները…
Մյուսն էլ կանգնել է անշարժ իմ կողքին` դռան մոտ: Ահա, փնտրողը, վերջացնելով տան մի մասը նայել, հասավ ննջասենյակի փակ դռանը ու թե`
-Բացե՛ք:
-Բաց է, – ասացի: -Ի՞նչ եք փնտրում:
-Որդուդ ո՞ւր ես թաքցրել:
-Տանը չէ, չե՞ք տեսնում…
Փնտրողը մտավ ննջասենյակ, առանց հարցնելու բարձրացրեց վերմակն ու ներքնակը, ապա ծնկեց` նայեց մահճակալի տակ…
Ես զարմացած հարցրի.
-Ներքնակի տակ ինչո՞ւ նայեցիք:
-Ներքնակի տակ թաքցնում են ու վրան պառկում, իբր հիվանդ են կամ քնած,- պատասխանեց փնտրողը:
-Ի՜նչ հիմարություն… Ես թաքցնողներից չեմ, մեծիս տուն ուղարկեք, փոքրին՝ տարեք:
-Ասում եք, իսկ ձեր նմանները պահում ու չեն թողնում, որ տղերքը ծառայության գնան:
Ես չպատասխանեցի, վիրավորված էի, նաև` բարկացած: Ինձ չէին հավատում ու նաև խուզարկում էին առանց իմ թույլտվության:
Փնտրողը մոտեցավ պահարանին: Նույն արագությամբ, ինչպես սկսել էր, բացեց պահարանի դուռը… և…
Մի փոքր հետ գնալով պատմեմ, որ կար ժամանակ, երբ երազում էի բեմում ելույթ ունենալ տիկնիկի հետ: Մեծամասամբ հանդես էի գալիս երեխաների համար և հասկացել էի, որ կարելի է նրանց ուշադրությունը գրավել նաև տիկնիկային ներկայացումով: Պատկերացնում էի մի խամաճիկ, որն ինձ հետ բեմում կերկխոսի, կերպար կլինի: Մի խոսքով, ելույթս գրավիչ կլինի երեխաների համար: Եվ հենց այդ մտադրությամբ էլ պատրաստել էի տիկնիկ: Տիկնիկը գրեթե իմ հասակին էր: Կարել էի գուլպայից, բամբակով, սպունգով, մի խոսքով՝ լավ էր ստացվել, նման էր գեղեցիկ աղջկա: Եվ, որովհետև շատ էր մեծ, նստեցնում էի աթոռին ու երբեմն էլ, իսկ այդ երբեմնը ավելի շատ հաճախ էր, զրուցում էի նրա հետ, այսինքն` տիկնիկի: Այնքան էի մտերմացել տիկնիկի հետ, որ նույնիսկ բարկանում էի վրան, երբ ինձ չէր պատասխանում, ու այդ պահերին բարկացած նրան գրկում էի և շպրտում պահարանի մեջ, իբրև պատիժ ինձ չպատասխանելու համար: Ահա, և նման օրերից մեկն էր, և տիկնիկը պահարանում էր:
…Եվ… ուրեմն, դեռ չէր հասցրել փնտրողը մտածել, այո` մտածել, թե ինչպե՞ս պետք է նայի պահարանի ներսը, երբ պահարանի բացված դռնից միանգամից, թևերը լայն տարածած, փնտրողի գիրկն ընկավ… տիկնիկս: Փնտրողը, որ գուցե մտածում էր, պահարանում կծկված երիտասարդ տեսնելու մասին, առանց գիտակցելու` գրկեց տիկնիկս և շփոթված գոռաց.
-Էս ի՞նչ էր…
Ես փռթկացրի, ու այլևս ինձ չզսպելով՝ ծիծաղեցի:
Փնտրողն իրենից հետ շպրտեց տիկնիկն ու բարկացած փակելով պահարանի դուռը՝ գնաց տեղավորվեց բազմոցին:
Նոր միայն հանեց թղթերը, որոնց իրավունքով եկել էին, ինձ բացատրեց, ստորագրեցի և պահանջեցին, որ տղայիս փոխարեն գնամ զինկոմի մոտ:
Այսպես, նրանք սպասեցին մինչև փակեցի դուռը, և մեկը` աջ, մյուսը` ձախ թևիցս բռնեցին, հինգերորդ հարկից ցած իջանք: Ինձ նստեցրին մեքենա, ինչպես դատապարտյալ, և հասցնելով զինկոմի սենյակ` բաց թողեցին ու դուռը փակեցին: Մնացի մենակ: Վերջապես հետաքրքրասիրությունից՝ թե այս որտե՞ղ եմ, սկսեցի կարդալ պատերի պաստառներն ու գրառումները, այսինքն այն, ինչ տեսնում էի: Դեմքով դեպի պատն էի, երբ բացվեց սենյակի դուռը, մինչ կշրջվեի, մեկը հարցրեց.
-Ո՞վ եք, ինչո՞ւ եք իմ սենյակում:
-Չգիտեմ, բերել են:
Ես նրան պատմեցի կատարվածը, խելացի մարդ էր, լուռ լսեց և հետո, ինչպես հարկն է բացատրեց՝տիկին, ձեր որդին պետք է ծառայի:
-Այո, գիտեմ, – ասացի, – մեծին ուղարկեք տուն, փոքրին` տարեք: Մենակ եմ: Կամ երկու օր տվեք, ինքս նրան կբերեմ,- և այդ խոսքիս հետ ակամայից խաչակնքեցի:
Զինկոմը նայեց ձեռքիս շարժմանն ու ասաց.
-Հավատում եմ:
Պետք է ասեմ, որ բնավորությամբ շատ անհանգիստ եմ, և, անգամ դու` ընթերցող, կարդալով, չես հավատա, որ հանգիստ կնստեմ ու կսպասեմ, թե ինչ է լինելու: Եվ, ուրեմն, հեռախոսը դրեցի իմ դիմաց և սկսեցի զանգել… Չգիտեմ որտեղից գտա Ղափանի զինվորական հավաքակայանի հեռախոսահամարը և` զանգեցի:
Նրանք անջատում են, ես` զանգում եմ, նրանք անջատում են, ես` զանգում… Մեկ պատասխանում են` սխալ եք զանգել, մեկ բացատրում են, որ Հորադիզը հեռու է, և չեն կարող իմ տղային կանչել հեռախոսի մոտ: Վերջապես, արդեն օրվա վերջում, երբ իրենք էլ էին հոգնել իմ զանգերից, ես էլ, մեկը գլխի ընկավ, որ պետք է տա հերթապահ գլխավորի համարը: Ես զանգեցի: Նա համբերատար մարդ դուրս եկավ, հանգիստ լսեց իմ ամբողջ պատմությունն ու պատասխանեց.
-Տիկին, ճիշտ է, չեմ կարող օգնել, բայց շատ եմ ցանկանում, որ ձեր որդին վաղը տուն գա: Ես ամեն ինչ կանեմ, որ վաղը նա տուն գա: Միայն թե, խնդրում եմ, այլևս այս համարով չզանգեք:
Իհարկե, ես այլևս չզանգեցի, հավատն այնքան ամուր էր նրա խոստումի նկատմամբ, որ համաձայնեցի և սպասեցի: Չէ՞ որ մեկ օր պետք է սպասեի:
Հաջորդ օրը երեկոյան մեծ տղաս տուն եկավ: Չգիտեմ, արդյոք խոստո՞ւմն էր կատարել, թե՞… ժամանակն էր:
Մյուս օրը, խոստումիս համաձայն, փոքր տղայիս ձեռքն ամուր բռնած մտա զինկոմի մոտ:
Թախտը
Դե, թող ինձ որևէ հարս համոզի, որ ինքը սկեսրոջ տուն գնալով չի ցանկացել երբևէ որևէ բան փոխել, ձևափոխել իր ուզածով, ասենք՝ բնակարանի իրերն ու ամեն-ամեն ինչ, ինչ-որ տեսնում է: Դե, ես էլ ինչպես հարս, ինչպես բոլորը, հարսային բնավորությամբ բեռնավորված, գնահատեցի արդեն իմ տուն համարվող սկեսրոջս տան կահ-կարասին ու անցա գործի:
Բնակարանում ժամանակակից կահույք չկար: Մտքումս պտտվում ու հայացքիս առջև տեսիլքի նման երևում էր, թե ինչպես է կահույքը դասավորվում ու լցնում գրեթե դատարկ սենյակները: Մտքով հանել էի հին, խունացած փայտե պահարանը: Նոր աթոռներ էի տեսնում, նոր բազմոց: Կախել էի թափանցիկ վարագույրները, գցել գորգն ու հիացած շրջում էի:
Այդ երանելի պատկերն աչքերիս, որոշեցի ազատվել հնից, մինչև նորի գնելը: Ննջասենյակումս մի թախտ կար դրված: Այ, հենց դրանից էլ կսկսեմ, մտածեցի ու գործի անցա: Ասեմ, որ թախտը, ձեռքի գործ էր՝ խղճով սարքած, ամուր փայտից, և նաև թեթև չէր: Չսպասելով որևէ մեկի օգնությանը, կխանգարեն` մտածեցի. թախտը հրհրեցի այնքան, մինչև դուրս հանեցի տնից և դուռը փակեցի՝ թախտը թողնելով միջանցքում: Անցա մյուս տնային գործերին՝ համարելով որ դա ավարտել եմ: Կարևորը՝ բնակարանից հանեցի, ուրեմն՝ վերջ:
Երեկոյան եկավ սկեսուրս: Առանց բառ ասելու, թախտը հրհրեց այնքան, մինչև մտցրեց բնակարան և տարավ տեղավորեց իր տեղում, որտեղից հանել էի:
Ի՞նչ ասեմ: Լռեցի: Անտարբերությամբ նայեցի թախտին ու ձևացրի, թե ինձ համար միևնույնն է:
Հաջորդ օրը, հենց սկեսուրս տնից գնաց. ես գործի անցա: Հրհրեցի, այդ ամուր, խղճով ու սիրով պատրաստված թախտն այնքան, մինչև կրկին այն հայտնվեց դրսում` միջանցքում, և հաղթանակած փակեցի դուռը:
-Դե, հիմա թող գնա ու իրենն ասի…
Երեկոյան տուն եկավ սկեսուրս, կրկին առանց բառ ասելու հրհրեց այդ խղճով, ամուր փայտից ու շատ սիրով պատրաստված թախտն ու ներս բերեց: Եվ մի բան էլ՝ այնքան ներս, որ հասցրեց հյուրասենյակ և տեղավորեց աչքի առջև:
-Էս իմ ամուսնու պատրաստածն է, – ասաց:
Լավ, ամեն ինչն էլ հասկանալով, միևնույնն է, նախ` չէի օգնում, երբ տուն էր բրդում այն, ինչը ես տանջվելով դուրս էի հրել: Եվ հետո, այս պատմությունը կրկնվեց մի քանի անգամ. ես հանում էի` սկեսուրս ներս էր բերում, այնքան, որ ես դադարեցի նկատել թախտն ու հաշտվեցի նրա գոյության հետ: Միայն թե, երբեմն-երբեմն, այն իր տեղն էր գտնում տարբեր սենյակներում:
Տարիներ անցան: Ինչպես ես էի մի ժամանակ հարս, ես էլ հարս բերեցի: Պաշտոնափոխություն էր եղել, սկեսուր էի դարձել:
Մի անգամ տուն եկա, տեսնեմ թախտը միջանցքում է: Եվ ամենահետաքրքիրն այն էր, որ այդ պահին ես ոչ թե ուրախացա, որ ազատվեցի դրանից, այլ տխրեցի, հինը պահպանելու զգացումն արթնացավ, և ես առանց բառ ասելու «իմ թախտը» հրհրեցի, ներս տարա ու տեղավորեցի պատշգամբում:
Եվ, որովհետև երկրորդ հարսիս էլ իմ ննջասենյակն էի տվել, ինքս տեղավորվեցի «իմ թախտի» վրա, որպեսզի ոչ ոք այլևս այն չփորձի կրկին դուրս հանել:
Ժամանակն ամեն ինչ փոխում է: Տունս վաճառել եմ: Վաճառել եմ այն կահույքն ու իրերը, որ գնել էինք տարիների ընթացքում… Մնացել է… թախտը: Հին է: Բայց ասես նոր լինի, փայտն ամուր, խղճով ու ձեռքով պատրաստված:
