Հին Նորքի մի քանի ծուռ ու մուռ, իրար քիթ մտած տների ու փողոցների միջով անցնելիս թվում է, թե այստեղ դարը կանգ է առել, ուր որ է, փողոցի ծուռ անկյունից դուրս կգա էշին կողովներով ծիրան բարձած նորքեցին ու՝ չոոշ-չոոշ անելով, ճիպոտով անասունին մեղմ հրելով, կիջնի քաղաք, ծիրանը պլանի գլխի հիվանդանոցի պատի տակ կվաճառի, երեկոյան շաքար, չայ ու բրինձ առած, նորից տուն կգա։ Բարձր դքի վրա նստած, նրա ճանապարհին նայող երեխաները կվազեն ընդառաջ, նորքեցին կհանի գնած կուլյոկով կանֆետը, մի-մի բուռ կտա երեխաներին, մյուսն էլ հետ կդնի ծիրանից դատարկված կողովի մեջ, որ երեկոյան կնոջ ու ադեի հետ չայ խմեն։ Իրիկուննն էլ, քեչի վրա նստած՝ չայ խմելուց, ոտն իբր «միամիտ» կդիպչի կնոջ ոտին, ու կնոջ թշերը կաս-կարմիր կկտրեն, հետո մարդ ու կնիկ թաքուն, աչքի պոչով կնայեն ադեի կողմը՝ հո չտեսա՞վ, ու քթների տակ կխնդմնդան:
Ադեն էլ, իհարկե, էդ ամենը կտեսնի, բայց չտեսնելու կտա, լուռ իր չայը կֆռթացնի ու իր հերթին կընկնի քաղցր հիշողությունների գիրկը․․․ Երբ դեռ ջահել աղջիկ էր ու սիրահարված էր փոստատար Վաղոյի տղա Եղոյին, իր թշերն էլ կաս-կարմիր էին կտրում, երբ հոր փոխարեն Եղոն էր թերթ ու նամակ բերում-տալիս ու տալու ժամանակ, մատներով դիպչում իր ձեռքին, իբր թե՝ միամիտ կպավ:
Բայց, չէ՜, դա միայն առաջին հայացքից, իսկ իրականում Հին Նորքը քայլում է ժամանակին համընթաց՝ իր նոր օրենքներով ու կանոններով, տեղ-տեղ պահպանելով հնուց եկող իր սովորույթներն ու ավանդությունները։
Ահա, իրենց թթի ծառի տակ նստած Սիրանուշ տատը։ Օրվա մեծ մասը նա այստեղ է, բոլոր անցուդարձողներին բարև է տալիս, բարև առնում, հետաքրքրվում նրանց ուրախությունով ու հոգսերով։ Եթե որևէ մեկին պետք էր լինում մի բան իմանալ կամ ճշտել նորքեցի էսինչից կամ էնինչից, գալիս էին Սիրանուշ տատի մոտ։ «Չար լեզուներն» ասում էին, որ Սիրանուշ տատը բամբասկոտի մեկն է, սիրում է երկար քիթը խոթել նորքեցիների ընտանիքի ու կյանքի մեջ: Է՜հ, ասում են, էլի
Այդ օրը մարդ չկար, Սիրանուշ տատը նստած տեղում մի քանի անգամ դանթեց, վեր թռավ, նորից դանթեց՝ եկող-գնացող չկար։ Հանկարծ տեսավ վերևով անցնող իր դասընկերուհուն ու ձայն տվեց․
-Ամա՜լ, ա՛յ Ամալ, հըլը դեսն արի։
Ամալ տատը, որ երևի շտապում էր, մի պահ վարանեց, բայց եկավ։
– Ամա՞լ,- միանգամից սկսեց Սիրանուշ տատը,- էդ ճի՞շտ է, որ Փաշինյան Նիկոլը գնացել, հասել է Գյումրի, էնտեղից նորից ոտով եկել քաղաք:
-Հա, ճիշտ է, դրա համա՞ր կանչեցիր:
– Չէ, ախչի, բա մեր հին Նորք ինչի՞ չի մտել, մենք արժանի՞ չէինք, իրա լայեղի՞ն չէինք:
– Կգա, էլի, մի օր էլ Նորք կգա՝ հատուկ քեզ տեսնելու,- հեգնեց Ամալ տատն ու պատրաստվում էր գնալ, բայց տեսավ խաչմերուկում երևացող Կնյազ Սուրենիչին՝ իրենց դասարանցի Կնոյին, հետ դարձավ:
– Սիրանուշ, ասում են, էն մեր դասարանցի Կնոն ուզում է Արուսից հետո նորից ամուսնանա, կնիկ բերի:
-Վա՛յ, էդ քոփա՞գը:
-Սո՛ւս․․․ գալիս է:
Կնյազ Սուրենիչը, տարեկիցների համար՝ Կնոն, յոթը պորտով հին նորքեցի էր, Սիրանուշի ու Ամալի տարեկիցն ու համադասարանցին, խիստ վիրավորվում էր, երբ ջահելներից մեկը նրան Կնո պապ էր ասում: Մանավանդ այս վերջին քսան տարում, երբ միակ տղան ինչ-որ կասկածելի հարստության տեր դարձավ, Հյուսիսային պողոտայում տուն գնեց, իշխանականների հետ սկսեց նստել-վեր կենալ ու Կնոյի Անդոյից դարձավ Անդրանիկ Կնյազիչ, դե, իսկ Կնոն էլ՝ Կնյազ Սուրենիչ:
-Իյա՜, Կնո՞, էս խե՞ր լինի, ի՞նչ ես կորցրել մեր կողմերում,- հեգնեց Ամալ տատը:
-Աղջկեք, բարի տեսանք, էս ի՞նչ եք էլի իրար ականջ մտած քչփչում, իրարից չկշտացա՞ք:
-Հեչ, Նիկոլից ենք խոսում,- ուսը թոթվեց Սիրանուշ տատը:
– Հա՜,- ծոր տվեց Կնյազ Սուրենիչն ու դասընկերուհուն ձեռքով արեց,- հըլը քիչ դենը գնա, տեղ տուր նստեմ, շունչ քաշեմ։
-Դու էն ասա, ա՞ղդ է պակաս, թե՞ մաղդ, էս ինչու՞ ես մեզ հիշել:
– Հա, աղջկեք, լուրջ հարց կա, քաղաքականության հերն էլ անիծած, բա էլ ո՞վ ունեմ հարազատ, ձեր մոտ պիտի գայի, դարդիս դարման պիտի անեք:
-Է՞, ասա, տենանք, էդ ի՞նչ դարդ ունես,- իրար աչքով արեցին դասընկերուհիները:
-Աստծուց պահեմ՝ ձեզնից ի՞նչ պահեմ,- սկսեց Կնյազ
Սուրենիչը,- Արուսիս մեռնելուց հետո, մնացել եմ մենակ: Էդ Հյուսիսային պողոտայի
տանն էլ հեչ չեմ հարմարվում, իմ Նորքի տանն եմ կարոտում, իմ բաղ-բաղչեն եմ
կարոտում, իմ հարևաններին եմ կարոտում, ձեզ եմ կարոտում:-
Այստեղ ծերունու ձայնը խզվեց, հուզմունքը հազիվ կուլ տվեց, մի րոպե լռեց, հավաքեց
իրեն ու շարունակեց,- Աղջկեք, մտածում եմ, մի կնիկ առնեմ, գամ, հետը իմ Նորքի տանն
ապրեմ, ինձ բենքի ընկեր կլինի, ի՞նչ կասեք:
Վերջացրեց ու հերթով նայեց մեկ Ամալին, մեկ Սիրանուշին:
Կանայք լրջացան, իրար նայեցին: Հա՜, լրջանալու էր՝ իրենց մանկության ընկերը, իրենց
դասարանցին, ում հետ տասը տարի կողք-կողքի նստել էին, ում հետ կռվել ու բարիշել
էին, ում հետ հարևանների ծառերից միրգ ու ցոգոլ էին գողացել, ում իրենց ախպեր էին
համարել, հիմա նստել, հուզմունքից խեղդվում, համարյա լաց է լինում, որ էս կյանքում
մնացել է մեն-մենակ, եկել, իրենցից օգնություն է խնդրում:
– Աղջկեք, սուտ բան են հարստությունն էլ, ունեցվածքն էլ, ուտելն ու հագուկապն էլ,
մենակ մարդն ու՞մ է պետք, մենակ մարդը դժբախտ արարած է, ես ձեզ օրինակ,- խոսքն
ավարտեց Կնյազ Սուրենիչը:
-Վայ, Կնո ջան, ախպեր ջան, քոռանայի, քեզ էս վիճակում չտեսնեի,- չոքերին խփեց Ամալ
տատը:
– Ախչի, քոռանալու, չոքերին խփելու վախտը չի, մի բան մտածի՝ ի՞նչ անենք, ո՞նց անենք, էս տղուն մի կնիկ ճարենք,-
ընկերուհուն բոթեց Սիրանուշ տատը:
Լռություն տիրեց: Համադասարանցի երկու կանանցով մտքով իրենց շրջապատի, ծանոթ ու անծանոթ կանանց հիշեցին, լավ ու վատ արեցին, Կնոն էլ համբերատար, հայացքը մեկից մյուսին էր տանում, սպասում դասընկերուհիների փնտրտուքի արդյունքին:
-Գտա՛,- հանկարծ տեղից վեր թռավ Ամալ տատը,- գտա:
-Ո՞վ է, ում գտար,- անհանգիստ վրա տվեցին Սիրանուշ տատն ու Կնյազ Սուրենիչը:
-Սիրանուշ, գտա,- կրկնեց Ամալ տատը,- հարսիդ մերը՝ Վարդուշը:
Մի պահ նորից լռություն տիրեց: Կնյազ Սուրենիչի աչքի առաջ եկավ Սիրանուշի խնամի Վարդուշը: Ոչինչ, թոթոլ-մոթոլ կնիկ է, էհ, իրեն դուր է գալիս, մտածեց Կնյազն ու քթի տակ գոհունակ խնդմնդաց:
– Վա՜յ, ախչի Ամալ,- ձեռքը ընկերուհու բերանին դրեց Սիրանուշը,- սուս մնա, հարսիս ականջն ընկնի, կնեղանա:
– Էդ ինչի՞ պիտի նեղանա,- տաքացավ Ամալ տատը,- մենակ կնիկ է, ոչ տղա ունի, ոչ էլ ուրիշ հարազատ, էդ մի աղջիկն է, էն էլ քո հարսն է՝ իր տուն ու տեղով, իր ընտանիքով: Ջահել ամուսնուն թաղել ու սաղ կյանքը մեն-մենակ է մնացել էդ խեղճը, գոնե մի անգամ «առու էլ չի թռել», թեև թռցնողները միշտ էլ անպակաս, շարված են եղել: Թող առնի մեր Կնոյին, իրար բենքի ընկեր կլինեն, ջան կասեն՝ ջան կլսեն:
Ապա դարձավ Կնյազ Սուրենիչին.
-Հը, ի՞նչ կասես, Կնո:
– Շաքար խոսքին էլ ի՞նչ ասի Կնոն,- աշխուժացավ Կնյազ Սուրենիչն ու ձեռքերն իրար շփելով, ասաց,- Ամալ, Սիրանուշ, թե էդ գործը գլուխ բերեք, ամենքիդ մի-մի լավ դեյրա իմ կողմից:
-Հետն էլ մի զույգ աշնան կոշիկ,- իրեն չկորցնելով՝ ավելացրեց Ամալ տատը:
-Հետն էլ մի զույգ աշնան կոշիկ,- ոգևորված հաստատեց
Կնյազ Սուրենիչը:
-Սիրանուշ, էլ պոչ չխաղացնես,- ընկերուհուն դարձավ Ամալ տատը,- վե՛ր, գնում ենք
խնամ Վարդուշենց տուն:
Հուզված Կնյազ Սուրենիչը արագ-արագ գրպանից հանեց մի հինգ հազար դրամանոց.
– Աղջկեք, վերցրեք էս փողն էլ, չէ, սպասեք հինգ էլ ավելացնեմ, վերցրեք էս տասը հազար դրամը, Վարդուշենց տուն գնալուց կոֆե, քաղցր առեք:
-Հա, բա ոնց, ամոթ է, դատարկ ձեռով չե՞նք գնա,- ասաց Ամալ տատն ու փողը վերցրեց:
Հենց այդ պահին իրենց այգուց Սիրանուշի թոռը ձայն տվեց.
-Տա՜տ, մաման ասում է՝ սպասը եփել է, արի, հաց ուտենք:
Սիրանուշ տատը մի պահ շփոթվեց, նայեց դասընկերներին ու թոռանը ձայնեց.
-Բալա, մորդ ասա, դուք կերեք, վռազ գործ կա, տեղ եմ գնում:
-Ի՞նչ ասիր, տատ,- նորից ձայնեց թոռը:
-Ասա՝ վռազ գործ կա, տեղ ենք գնում,- նորից ձայնեց տատը:
-Ասա՝ վռազ գործ կա, տեղ ենք գնում,- Սիրանուշին միացավ Ամալը:
-Ասա՝ վռազ գործ կա, վռազ գործ կա,- ընկերուհիների ձայնին միացավ Կնյազ Սուրենիչի ոգևորված ձայնը։
