Մարտի 1
ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ
Այս վիրուսը մեր երկրում անելիք չունի, որովհետև մենք բոլորս այն գլխից դիմակներով ենք եղել: Եթե նույնիսկ մեկի դիմակը պատռես, չի հասցնի վարակվել, քանզի անմիջապես փոխելու է դիմակը: Եվ, վերջապես, դիմակ պատռողներն էլ են դիմակով:
Մարտի 10
ԿԱՐԵՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ
Առավոտը գործի իջնելուց առաջ ասի մտնեմ բժիշկ հարևանիս մոտ, գուցե մի խելքը գլխին խորհուրդ տա: Մտա ու գլուխս պտտվեց.
– Կորոնաբարլո՛ւս:
– Հազար բարի, բայց էդ կորոնան քեզ պահի:
– Էս ինչքա՞ն սխտոր ես կերել, տնաշեն:
– Բա ի՞նչ անեմ:
– Ի՞նձ ես հարցնում: Հարևաններին ախմախ դեղեր էս գրում, իսկ դու էստեղ փակված սխտոր ես ուտում:
– Մեր առողջապահության թռիչքը սխտորից այն կողմ չի անցել:
– Ապրես, որ անկեղծացար: Հուսով եմ՝ ինձ դեղեր խորհուրդ չես տա:
– Չէ, դու մոտիկ հարևան ես: Քեզ ծախսի տակ չեմ գցի ու մի կարևոր խորհուրդ կտամ:
– Շուտ տուր, ուշանում եմ:
– Հանկարծ չղջիկ չուտես:
– Էդ կփրկի՞:
– Քեզ՝ չգիտեմ, բայց չղջիկին հաստատ կփրկի:
Մարտի 18
ԿԱՐՈՏԱԲԱՂՁ ՎԻՐՈՒՍ՝ ԸՆԴԴԵՄ ԹՇՆԱՄՈՒ
Թունդ հայրենասեր էր ու բոլոր հայրենասերների նման՝ դժբախտ ու ձախողակ: Շարունակ գյուտեր էր անում թշնամի երկրները քայքայելու համար, սակայն ոչ մի գյուտ չէին արտոնագրում, ավելին՝ ծաղրում էին ու ներվայնացնում նրան: Վերջին անգամ երկու օր առաջ տեսա փողոցում: Ջղաձիգ շարժումներով գնում էր ու քիչ էր մնում ընկներ մեքենայի տակ: Մոտեցա ու տարա դեպի մայթ.
– Ի՞նչ է պատահել:
– Սրիկաները վերջին երկու գյուտս էլ չգրանցեցին:
– Ի՞նչ գյուտեր էին:
– Դրանցով կարելի էր ամենակարճ ժամկետներում կործանել Թուրքիան ու Ադրբեջանը, բայց սրանց ուղեղները ոչինչ չի մտնում:
– Հանգստացիր ու պատմիր:
– Ո՞ր մեկը պատմեմ:
– Առաջինը:
– Դրանով ես առաջարկում էի վարակվածներին ու վիրուսակիրներին ոչ թե անիմաստ մեկուսացնել ու պարարտացնել, այլ, քանի աշխարհը խառն է, օգտագործել թշնամիների դեմ:
– Այդ ո՞նց:
– Շատ պարզ: Հիվանդներին շարում ենք մեր սահմանների երկայնքով ու «կրա՛կ» հրամանից հետո նրանք սկսում են կազմակերպված հազալ, փռշտալ ու թքել թշնամիների ուղղությամբ:
– Դա ի՞նչ կտա մեզ:
– Ո՞նց թե՝ ինչ: Հաշված օրերի ընթացքում թշնամիները կվարակվեն ու կսկսեն կործանվել:
– Բա ինչո՞ւ մերժեցին:
– Ասացին, որ սահմաններին մեր հիվանդները կհայտնվեն թշնամու դիպուկահարների տեսադաշտում ու չեն հասցնի փռշտալ: Նաև պատճառաբանեցին, որ քամին կարող է դիմացից փչել, ու վիրուսը հակառակ ուղղությամբ կտարածվի:
– Բայց ոնց որ խելոք բան են ասել:
– Ես էլ դա ընդունեցի ու երկու գիշերում կատարելագործեցի գյուտս: Այդ մեկը իսկական գլուխգործոց է, բայց սրիկաները դա էլ չընդունեցին:
– Հապա դա պատմիր:
– Ես պարզեցի, որ վիրուսը տարածվում է ոչ միայն օդակաթիլային ճանապարհով, այլև կարոտելու միջոցով:
– Ապշելու բան ես ասում: Ո՞նց թե՝ կարոտելու միջոցով:
– Այ հենց այդտեղ է հանճարեղությունը: Դա շատ անվտանգ ու հազարապատիկ արդյունավետ միջոց է: Հիվանդը թաքնվում է մի ապահով տեղում ու սկսում կարոտել թշնամիներին: Եթե ամեն վիրուսակիր օրական հինգ թշնամու կարոտի, ապա մինչև արտակարգ իրավիճակի ավարտը Թուրքիայից ու Ադրբեջանից բան չի մնա: Իսկ մենք հիմարաբար միայն մեր հարազատներին ենք կարոտում ու կարոտի միջոցով նրանց փոխանցում մեր բոլոր ցավերն ու հիվանդությունները:
– Բայց դու վստա՞հ ես, որ կարոտելով կարելի է վարակել:
– Այն էլ ոնց: Չէ՞ որ կարոտն էլ է տարածվում օդի միջոցով ու տարածվում է լույսի արագությունից էլ արագ: Չես նկատե՞լ, երբ մարդ ուժգին կարոտում է՝ հուզմունքից նրա քիթը խոնավանում է ու առատ փսլինք է արտադրվում, այսինքն՝ լիքը վիրուս:
– Ցնդելու բան է: Ասում ես՝ դա էլ մերժեցի՞ն:
– Բա ինչ արեցին: Դեռ ասացին, որ էլ իրենց կողմերը չերևամ:
– Թշվառ սինլքորներ: Բա հիմա ի՞նչ պիտի անես:
– Պիտի տրամադրվեմ ու Գյուտերի գործակալության բոլոր աշխատողներին թունդ կարոտեմ:
Մարտի 19
ԵՐԲ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԵՌԱՎԱՐ Է
Հեռավար զուլումի կանխազգացումը մեր նախնիներին մտահոգել է դեռևս հազարամյակներ առաջ: Հիշո՞ւմ եք, երբ Մհերին լուր բերեցին, որ մի գազան փակել է Սասունի հացի ճամփան և բոլորին կուլ է տալիս, Մհերը հարցրեց.
– Հեռվա՞նց կուտի, թե մոտենաս ու նոր կուտի:
Մարտի 21
ՇՈՒՏԱՍԵԼՈՒԿ
ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հարկադիր պարապուրդից օգտվելով՝ ասի գնամ սահմանամերձ N գյուղ՝ ընկերոջս տեսնելու: Գիտեի, որ գյուղի դպրոցում լեզու ու գրականություն է դասավանդում ու շրջանում հայտնի է իր կիրառած արդիական ու ինքնատիպ մեթոդներով: Երբ վերջապես հասա՝ արդեն իրիկուն էր: Նստած էր նոթբուքի առաջ ու հոգնած աչքերն էր տրորում:
– Բարով տեսանք, էդ ի՞նչ բանի ես:
– Հազար բարի: Հեռավար դաս եմ անցկացնում, նստի հիմա կվերջացնեմ:
– Բա ինչո՞ւ ես էդքան հոգնած ու տանջված:
– Շատ կարևոր առաջադրանք էի տվել, սպասում եմ մի խելքը գլխին պատասխանի, բայց ընդամենը մի քանի ապուշ բան են ուղարկել: Հազար անգամ էլ բացատրեցի, որ էս դասից ա կախված սերունդների բախտը:
– Ինչի՞ մասին է դասըդ:
– Ասացվածքների:
– Լավ թեմա է, բայց ի՞նչ կապ ունեն սերունդները:
– Դե առավոտից բացատրել եմ, որ մեր ժողովուրդը տարբեր կենդանիների ու թռչունների մասին հազար ու մի ասացվածք ա ստեղծել, որ մենք սովորենք ու իմանանք ամեն կենդանու բնույթը: Բայց արի ու տես, որ չղջիկի մասին ոչ մի ասացվածք չունենք: Դա մեր միամիտ պապերի թերացումն ա: Էսօր չղջիկը ամենամեծ զուլումն ա, ու դրա մասին ասացվածք ստեղծելու պատասխանատվությունը ընկել ա մեր ուսերին: Եթե էսօր չստեղծենք՝ վաղը արդեն ուշ կլինի, ու սերունդները մեզ չեն ների:
– Արդեն կա՞ն պատասխաններ:
– Ասացի չէ՞, մի քանի ապուշ բան:
– Օրինակ:
– Խնդրեմ, տես ինչ ա գրել էս ապուշը. «Չղջիկը ծառից հեռու չի ընկնի»:
– Էդ ոնց որ մի տեղ լսել եմ: Հլը մյուսը կարդա:
– «Չղջիկը յոթ երգ գիտի, յոթն էլ՝ մեղրի մասին»:
– Էդ էլ էն չի:
– Բա հլը էս մեկը լսի. «Չղջիկի գլխին ավետարան են կարդում, ասում ա՝ շուտ արեք, ոչխարը սարն անց կացավ»:
– Դա էլ հարմար չի՞:
– Չէ: Էս էրեխու հերը գյուղի չոբանն ա, դրա ուշք ու միտքը ոչխարն ա ու սարերը:
– Էլ տարբերակ չկա՞:
– Մնաց մի հատ:
– Դե կարդա:
– «Խելոք չղջիկը տասնչորս ծիծ ա ուտում»:
– Բայց ինչի՞ տասնչորս:
– Դե չոբանի թվաբանություն ա: Հիշել ա, որ խելոք գառը յոթ մոր ծիծ ա ուտում, բազմապատկել ա երկուսով ու նաղդել վրես:
– Էլ չկա՞:
– Չէ, սպասում եմ, որ մի հատ էլ ասեն:
– Բայց էդ վերջինը ոնց որ հարմար ա, չէ՞:
– Սրա ի՞նչն ա հարմար: Չղջիկը էսօր աշխարհ ա ուտում, ի՞նչ տասնչորս ծիծ: Եթե տասնչորս ըլներ՝ դրանց տերերին կմեկուսացնեին ու կպրծնեին: Սպասի դուռը բացեմ, ոնց որ ծեծում են:
էդ պահին մի կարմրաթուշ տղա ներս ընկավ.
– Ընկեր Գառնիկ, հերս ասեց՝ էլ չղջիկով բան չեմ կարում հնարեմ: Բայց մի հատ լավ շուտասելուկ հնարեց:
– Շուտասելո՞ւկ:
– Հա:
– Դա էլ կարևոր բան ա, բա ինչի՞ պլանշետով չուղարկեցիր:
– Հերս հոգնած էր, պլանշետը ձեռիցս առավ, որ նարդի խաղա:
– Էդ շուտասելուկը հիշո՞ւմ ես:
– Հա:
– Հլը ասա:
– Աղջիկը լղճեց չղջիկ,
Մի խղճուկ չղջիկ լղճեց,
Գեղջուկը լղճեց աղջիկ,
Որ խղճուկ չղջիկ լղճեց:
– Ոնց որ լավն էր, ապրի հորըդ արևը: Հլը մի հատ էլ դանդաղ ասա:
– Դանդաղ չեմ կարում:
– Խի՞ չես կարում:
– Որովհետև շուտասելուկ ա:
– Լավ գնա, բայց հորըդ ասա, որ էս հեռավար դաս ա, թող անպայման պլանշետով ուղարկի:
Երբ էրեխուն ճանապարհեց՝ դարձավ ինձ.
– Լավ շուտասելուկ էր, չէ՞:
– Տպավորիչ էր, բայց սերունդները դրանով կզգա՞ն չղջիկի զուլումը:
– Ինձ թվում ա՝ արդեն զգում են:
– Քանի՞ աշակերտ ունես:
– Գյուղում երկու աշակերտ կա, բայց մեկը հոր հետ գնացել ա շրջկենտրոն, էս մեկի հետ եմ պարապում:
– Հեռո՞ւ ա ապրում:
– Մի տուն էն կողմ:
– Բա էլ ինչի՞ էս չարչարում, կանչի տուն՝ մարդավարի պարապի, էլի:
– Չի կարելի, բա չղջիկի զուլո՞ւմը: Մարզպետարանից հրաման կա՝ մենակ հեռավար ուսուցում:
Մարտի 23
ԿՈՐՈՆԱՊԱՏԳԱՄ
Եթե փողոցում դիմակավորներից մեկը հասարակական կարգ է խախտում ու իրեն պահում սանձարձակ շանորդու նման՝ մի շտապիր կարգի հրավիրել, առավել ևս՝ չափալախել: Հանկարծ կպարզվի, որ դիմակավորը անմիջական շեֆդ է, ու կհայտնվես կրկնակի արտակարգ դրության մեջ:
Մարտի 28
ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱՄԲՈՒՅՐ
Երկար սպասված ինքնաթիռը վերջապես իջավ: Բոլորը կարոտով սպասում էին, իսկ տիեզերագնացների հանդերձանքով ախտահանիչների աչքին ինքնաթիռը մի ահռելի վիրուս էր: Առաջինը աստիճանահարթակ դուրս եկավ մի ծերունի, ափալ-թափալ իջավ ու չոքեց: Ախտահանիչները տագնապով նետվեցին դեպի նա ու չորս կողմից ծուխումուխ փչեցին վրան.
– Ձեզ վա՞տ եք զգում… Տաքությո՞ւն ունեք… Կոկորդում չորությո՞ւն կա…
– Խեղդեցիք, այ մարդ: Հեռու գնացեք, ոչ մի բան էլ չկա:
– Բա ինչո՞ւ չոքեցիք:
– Պիտի համբուրեմ:
– Ի՞նչը համբուրես:
– Հայրենի հողը: Չմեռա, վերջապես հայրենիքը տեսա:
– Ո՛չ մի համբույր: Ձեր համբույրներով աշխարհը թաղեցիք վիրուսի մեջ: Շուտ ոտքի կանգնիր:
– Անկարելի է, մինչև չհամբուրեմ՝ չեմ կանգնի:
– Այ մարդ, դու հո փորձանք չես, համբերի՝ մի երկու ամսից կհամբուրես:
– Երկու ամսից ուշ կլինի:
– Ի՞նչը ուշ կլինի:
– Ինձ ասել են՝ եթե անմիջապես չհամբուրես՝ հաջորդ օրը էլ չես ուզի համբուրես:
– Լավ, սպասի ոտքիդ տակը ախտահանենք, շուտ համբուրի ու շառդ քաշի:
Ապրիլի 1
ԳԻՇԵՐԸ ԿԻՄԱՑՎԻ
– Ալո, Պողո՞ս:
– Հա ջան:
– Անհանգիստ էի, ասի տեսնեմ ոնց ես դիմանում-դիմադրում մեկուսացման պայմաններում:
– Շան կյանք ա. առաջ շաբաթը չորս օր էի խմում, հիմա՝ ամեն օր:
– Բայց դու խմելուց հետո միշտ վազում էիր սիրուհուդ մոտ, չէ՞, բա հիմա ո՞վ կթողնի դուրս գաս:
– Ասում եմ, չէ՞, շան կյանք ա: Կնկաս հետ խելք-խելքի տվեցինք, մի տարբերակ առաջարկեց, բայց հեչ սրտովս չի:
– Ի՞նչ տարբերակ:
– Ասեց, որ ինքը երեք օր կնիկ կլինի, չորս օր՝ սիրուհի:
– Ու ի՞նչ, աշխատող տարբերակ ա՞:
– Դե էս մի ամիս ա հավատացնում եմ, որ երեք օրը դեռ չի անցել, բայց էլ չի հավատում: Էսօր ասեց՝ էլ վերջ, վաղվանից չորս օր սիրուհի եմ:
– Բա ի՞նչ ես անելու:
– Գիշերը պիտի որոշում կայացնեմ:
– Կնիկ, թե սիրուհի՞:
– Չէ, կամ սիրուհուս պիտի թողնեմ, կամ խմելը:
Ապրիլի 3
ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ԲԱԼԱՍԱՆ
Վաղուց չէի խոսել բանաստեղծ ընկերոջս հետ: Գիտեի, որ ամեն ինչ սրտին մոտ է ընդունում ու սրտո՛վ է ընդունում: Մտածեցի՝ հանկարծ մի փորձանք բերած չլինի իր գլխին, ու զանգեցի.
– Ո՞ւր ես կորել, վաղուց ձայնդ չեմ լսել:
– Ճիշտ ժամանակին զանգեցիր: Գրականության և արվեստի դարակազմիկ հեղափոխություն էի անում: Լուսադեմին ավարտեցի, արդեն պատրաստվում էի հրապարակել ու զանգեցիր:
– Եղբայր, վիրուսն աշխարհը կործանում է, ի՞նչ արվեստի ժամանակ է:
– Այդքան է ձեր խելքը: Մինչ մահկանացուներդ ձեզ անիմաստ պատեպատ եք խփում, ես գտա համաճարակի պատճառն էլ, բալասանն էլ:
– Էդ ինչ ֆանտաստիկ բան ես ասում, այ մարդ: Ինձ էլ ասա՝ իմանամ:
– Սկզբում պատճա՞ռն ասեմ, թե՞ բալասանը:
– Հլը պատճառն ասա:
– Մենք դարերով միայն սիրտն ենք երգել: Հապա հիշիր սրտին նվիրված ինչքան գործեր կան արվեստի ու գրականության մեջ: Այնինչ մարդու ամենակարևոր օրգանը թոքն է, իսկ թոքին նվիրված ոչ երգ կա, ոչ քանդակ ու ոչ էլ բանաստեղծություն: Արդեն քանի հազար տարի թոքը անմռունչ տանում է այդ անարդարությունը՝ մտածելով, որ մի օր խելքի կգանք: Երբ տեսավ, որ երբեք էլ խելքի չենք գալու՝ խռովեց մարդկությունից ու խոցելի դարձավ վիրուսների հանդեպ: Այ թե որն է էս զուլումի պատճառը:
– Տես է, ում մտքով կանցներ: Բա ի՞նչ պիտի անենք:
– Ես հենց էդ եմ անում: Նախ մի բանաստեղծություն նվիրեցի այդ դարավոր անարդարությանը:
– Շատ եմ խնդրում, կարդա՝ լսեմ:
– Խնդրելու կարիք չկա, առանց այն էլ պիտի հրապարակեի: Ահա, լսիր.
Սիրտը մի հատ է, թոքը՝ երկու հատ,
Բայց չենք գիտակցել դա խղճի մտոք,
Ու չենք ընծայել քեզ հույս ու հավատ՝
Ո՜վ դու անտեսված, հալածված իմ թոք:
Քիթը մի հատ է, աչքը՝ երկու հատ,
Եվ ո՞վ է տեսել, որ քիթը երգեն,
Այնինչ թոքերը թողած աննկատ,
Մենք թույլ ենք տվել, որ սիրտ ներբողեն:
– Ապշելու բան է: Այս հայտնության համար մարդկությունը քեզ պարտական կմնա: Եթե բալասանն էլ խելքին մոտ բան լինի՝ դու կդառնաս դարի ապավենը: Անհամբեր եմ բալասանի մասին լսելու:
– Բալասանը ձևակերպել եմ որպես դեկլարացիա, նոր արվեստի ու նոր գրականության դեկլարացիա: Դա ոչ թե երեքի տկար դեկլարացիան է, այլ մեկի՛ դեկլարացիան, ի՛մ դեկլարացիան:
– Դե շո՛ւտ ասա:
– Ուշադիր լսիր.
Էլ չեմ լսելու ձայնը իմ սրտի,
Չեմ հավատալու դրա բզզոցին,
Որքան էլ սիրտս անհույս տրոփի՝
Ականջ կդնեմ թոքիս խզզոցին:
Թոքով կընկալեմ աշխարհը համայն,
Կնիկ կսիրեմ թոքերիս հևքով,
Ու տժվժիկը առօրյա իմ տան
Սրտով չի՛ լինի, կլինի թոքով:
– Ահա՛ բալասանը: Մարդկությունը պիտի գիտակցի իր մոլորությունը, և երբ սկսի թոքը դարձնել գրականություն ու արվեստ՝ այնժամ արդարությունը կվերականգնվի ու համաճարակը կվերանա: Դե մի բան ասա: Ինչո՞ւ ես պապանձվել ու ձայն չես հանում:
– Ասածներդ շատ տպավորիչ են, բայց ես ուրիշ բան եմ մտածում:
– Ի՞նչ բան:
– Քո արածը ոչ թե հեղափոխություն է, այլ՝ իշխանափոխություն:
– Էդ ինչի՞ որ:
– Նույն ներշնչանքն է, նույն ավանդական զգացմունքները, միայն թե այսուհետև այդ ամենը պիտի ապրենք ոչ թե սրտով, այլ՝ թոքով:
– Էդ էս էլի: Էշն ինչ գիտի՝ նուշն ինչ ա:
Ապրիլի 7
ԾՈՎԱԾԱՎԱԼ ՀԱՐՑ
Այսօր որոշեցի հետևել կրտսեր որդուս հեռավար դասին: Ըստ երևույթին դասը Հայաստանի ծովերի մասին էր, միայն թե ափսոս, որ ես որդուս սենյակ մտա վերջում՝ ամփոփիչ հարցուպատասխանի ժամանակ.
– Երեխաներ, ի՞նչ հարցեր ունեք Հայաստանի ծովերի, ջրանցքների, նեղուցների ու օվկիանոսների մասին:
– Ընկեր Ծովինար, ուսուցիչների այս տարվա ապրիլի յոթի նվերները չեղարկվե՞լ են, թե՞ հետաձգվել:
– Ի՞նչ հիմար հարց ես տալիս, Արտաշես, չէ՞ որ դասը ծովերի մասին էր:
– Իմ հարցն էլ հենց ծովի մասին է: Ախր մենք չորս երեխա ենք, ու հայրս ամեն մարտի 8-ին ու ապրիլի 7-ին ծովի չափ նվերներ է առնում:
– Քեզ կպատասխանենք անձնական նամակով:
