Լուսինե Աղաջանյան, ՏՈՆԱՊԵՏ պատմվածքի մրցույթ

Որդիներ, շներ…

                         (հոգեբանի օրագրից)

Ղազարը գյուղի միակ որսորդը չէր, բայց միայն իրեն էին ասում՝ որսորդ Ղազար: Նա չխոսկան, արտաշնչելիս մռնչացող, աժդահա մեկն էր, որ իր Չալանգ շան հետ որսից վերադառնալիս կրկնակի հսկայացած էր թվում: Ղազարի ձայնը հազվադեպ էին լսում, ովքեր ապրում էին նույն հարկի տակ արդեն սովոր էին  հայացքում կարդալ նրա պահանջներն ու իրենց անելիքը: Մեծ որսի օրերին կինը չէր մտնում գոմի կողքին առանձնացված տարածքը, ուր առաստաղին կախված կեռիկից կենդանուն Ղազարն անձամբ էր քերթում ու միսը բաժին-բաժին անում: Բայց կինը հետո մտնելով տարբերում էր՝ սա Չալանգի բաժինն է, սա եղբոր ընտանիքինը, սա էլ ղավուրմայի հարմար կտոր է: Միայն կիրակիների համար նախատեսված կտորն էր ամբողջական մնում, որ թոնիր կախեին ու գյուղացիների հետ վայելեին:

-Հետաքրքիր է ինչու՞ որսորդները չեն կարողանում մենակ հաց ուտել, արդյո՞ք դա չի բխում մեղքի զգացումից և ուրիշներին էլ մեղսակից դարձնելու անգիտակցական հակումից,- ասաց հոգեբանը:

-Հնարավոր է, բայց մարդիկ դրան կամեցողություն ու հյուրասիրություն անունն են տվել:

-Լավ, շարունակեք:

-Շաբաթ-կիրակին այն եզակի օրերն են եղել, երբ Ղազարը մի երկու խոսք է ասել, իր մշտական ու միակ բաժակաճառով՝ ,,էն տղամարդը, որ շուն չունի ու որսի չի գնում, նա տղամարդ չէ,,: Հետո համագյուղացիներն ու բարեկամներն օգտվել են վարազի խորովածից ու սնվել իսկական տղամարդու առավելության դիրքից հնչած ճշմարտությամբ:

Չալանգը մի քանի օրեկան լակոտ է եղել, որ Ղազարն իր հետ Ղարսից բերել է ու արդեն 20 տարի միասին էին: Չալանգն էլ էր իր նման այնտեղ թողել մորն ու քրոջը, և ո՞վ է ասում, թե շները չեն խոսում: Ղազարի ու շան ընկերությունը պատմություն ու ճանապարհ ուներ մեջտեղում, որ խոսքերից վեր էր: Հայրս պատմում է, որ Ղազար պապը միշտ ասել է՝ չոր աչքով կուզեմ մեռնել: Ուստի երբ իր օրը եկել է, կանչել է Չալանգին, թե արի աչքերդ պաչեմ, ասել ու էդպես էլ թեք ընկած է մնացել թախտին: Տանը հասկացել են, որ նա իրականում շան աչքերում Ղարսի պատկերն է համբուրել:

-Իսկ չոր աչք ասվածի իմաստն ո՞րն էր,- հարցրեց հոգեբանը:

-Հորս պատմելով, պապը հասկանում էր, որ շունն արդեն ծեր է ու ակնհայտ որոշել է նրանից առաջ հեռանալ: Էդ հզոր ու աժդահա մարդը գիտեր, որ չի դիմանա ընկերոջ կորստին: Չալանգն էլ հետևեց Ղազար պապին ու նրա թաղումից հետո էլ տուն չեկավ: Ընտանիքին թվում էր, թե հիմա նրանք հավերժ որսորդության մեջ են: Մի լուռ ու անտառահոտ լռություն իջավ տանը: Ժամը վեցից հետո, պապի որսորդությունից վերադառնալու ժամին, բոլորի ռունգերում ինչ-որ ծանոթ ու խղճի խայթ արթնացնող բույր էր խլրտում, որը տանը և՛ հասկանում՝ և՛ չէին հասկանում, բայց միևնույն է դրանք  բաժին-բաժին անել ու կիսել ուրիշների հետ այլևս անհնար էր: Ղազար պապը հեռացավ իր Վարազ տղային թողած մի կարևոր նշանաբան՝ էն տղամարդը, որ շուն չպահեց ու որսի չելավ, նա տղամարդ չէ:

-Վարա՞զ,- զարմացած հարցրեց հոգեբանը:

-Այո, ի տարբերություն Ղազարի, որի կերպարը հորս պատկերացումներում միֆական էր, կարծես մոնումենտալ ու ժայռեղեն, առասպելական հերոսի նկարագրությամբ,  նրա տղան հոր ճիշտ  հակապատկերն է եղել: Նա հաճախ է հոր հետ եղել անտառում, իսկական տղամարդ դառնալու համար, ուստի Չալանգից հետո  կրկին հովվաշուն է բերել, մեծացրել, դարձրել իրեն որսընկեր: Նա դեմքով մռայլ չէր, բայց նյարդային էր, անհավասարակշիռ, խոսքը կարծես հրացանի կրակոց լիներ: Կինն ու երեխաները մշտական սարսափի մեջ են եղել իր ներկայությունից:

-Որսորդ է,- ասում էր կինը վախեցած ու խղճուկ,- հանգիստ խոսել չգիտե, բանը բացատրել չգիտե, կզարկե, կխփե, կկրակե…Էս է իրա լեզուն:

Վարազը Ղազար պապի՝ կյանքի ու աշխարհի մասին պատկերացումներն ընդունեց որպես ժառանգություն ու ավանդ, իսկ գերդասատանն անվերապահորեն ընդունեց հորից որդուն անցած դերաբաշխումը: Նա ակնհայտորեն նեղվում էր իր անունից, թեև գյուղում քչերը գիտեին իր անձնագրային անունն ու ինքը հայտնի էր Վարո անունով: Ղազարը մի օր որսի ժամանակ վարազ էր խփել, որն իր հետ մինչև արնաքամ լինելը արժանապատիվ կռիվ էր տվել ու հասցրել նաև վիրավորել: Ղազարի մարմնին մինչև վերջ մնացին նրա թողած սպիները, որոնք նա պատվով էր կրում: Նա այդ կենդանուն նույնիսկ տուն չի բերել, մի տեղ փորել ու հուղարկավորել է, որպես  արժանի ախոյանի: Նույն գիշերը ծնվել է տղան, ում, որպես հզորության խորհրդանիշ, Վարազ է կոչել:

Վարոն հոր նման քչախոս էր, երևի սա հատուկ է որսորդներին ու ձկնորսներին, բայց ի տարբերություն հոր, նրա լռությունը պայթունավտանգ էր. Նրա հայցքը ոչ թե խիստ էր, այլ կատաղի ու ագրեսիվ: Ղազարը ծանրակշիռ էր ու հարգված, Վարոն բռնկուն ու վախենալու: Իր շունը միակն էր, որ նրանից լավ խոսք էր լսել՝ ապրի՛ս… Չանգան միակ շունչն էր էս երկրի վրա, որի դնչի տակ քորել էր ու մեջքին բարեկամաբար թփթփացրել, հաջող որսից վերադառնալիս: Ղազարը նրան անվախ լինել էր սովորեցրել՝ կրակել, կտրել որսի գլուխը, հասկանալ բնության լեզուն: Մայրը սակայն, մի օր որդու աչքերի մեջ սարսափ էր տեսել, երբ հերթական անգամ անտառից վերադարձել էին հայր ու որդի:

-Հայրիկը վարազ է որսացել,- ասաց մորը:

Մայրը 14-ամյա սրթսրթացող տղային պառկեցրել ու մարմնին քացախ է քսել, որ տաքությունն իջնի: Դրանից հետո գյուղում սկսել են  խոսել, որ Ղազարի տղան ուժեղ վախեցել է ու խախտվել: Ղազարի մահից հետո Վարոն հաճախ էր որսի գնում, ամեն անգամ մորից լսելով՝ դու գործ չունե՛ս, դու մի՛ գնա, արտահայտությունները:

Գյուղի որսորդներից յուրաքանչյուրն իր ֆանտաստիկ պատմությունն ուներ սեփական որսի չափերի ու վտանգավորության մասին, իսկ Վարոն միայն հոր որսորդության մասին էր պատմում, քանի որ իր որսը նապաստակի ու թռչունների չափն այդպես էլ չգերազանցեց: Մի օր ընկերներն ստիպում են, որ Վարոն էլ հոր նման լինի ու վարազի որս անի, որ շահի գրազը: Հետո իր ձեռքով խորոված սարքի, ինչպես հայրն էր անում ու բոլորին հյուրասիրի, ապացուցելով, որ նա էդ հզոր հոր տղան է: Վարոն խուսափելով ասում է, թե խոզի միս չի ուտում, ինչին ի պատասխան ընկերներից մեկը ծաղրում է, թե վարտիքդ իջեցրու, տեսնենք հո մուսուլման չե՞ս: Վարոյի համար դա ամենածանր վիրավորանքն էր, քանի որ մանկության տարիներին հայրն իր վարտիքն իջեցնելով ու մտրակի մի քանի հարվածով էր իրեն պատժում: Ու հիմա ընկերոջ խոսքերը սրտին դիպչեցին, նա կարծես բաց հետույքին մտրակի հարված ստանար: Ոչինչ չասաց, նայեց շանն ու վճռական քայլեց դեպի անտառի խորքը:

Երեկոյան Վարոյի մարմինը ընկերները տուն բերեցին: Մարմնի որոշ հատվածներ վարազներն հասցրել էին հոշոտել, բայց մահը վրա էր հասել սրտին ուղղված սեփական կրակոցից: Ընկերները կարծում էին, որ Վարոյի պատիվը թույլ չի տվել ձեռնունայն վերդառնալ որսից ու նա վերջ է տվել կյանքին: Միայն չէին հասկանում, թե ինչու է մայրը լալիս ու ասում.

-Իմ վարազ բալա, էսօրվա որսը դու եղար…

Վարոյի կինն հետո հասկացավ ամուսնու աչքերի՝ ցասկոտությամբ սքողված վախի պատմությունը: Նա իր երկու որդիներին խնդրում էր երբեք չզբաղվել որսորդությամբ, բայց Ղազար պապի պատգամը կարծես արյամբ էր փոխանցվել՝ նա ով շուն չունի՝ տղամարդ չէ…Վարոյի տղաները թեև շարունակեցին որսի դուրս գալ, բայց դա նրանց համար շուտ ժամանց էր, միայն կիրակի օրերին, կամ իբրև գինովության շարունակություն, հատուկ սեփական նշանառությունը ստուգելու համար: Մեծ տղան՝ Հովհաննեսն իր շունն ուներ՝ Զանգին, իսկ փոքրը՝ Մկրտիչը, Զրանգիին էր պահում: Կողք-կողքի ապրող եղբայրների վրա կարծես ,,թըլըսում,, կար, մոգությանն այսպես էր անվանում գյուղի պայծառատես նանը: Ես փոքր էի ու չէի հասկանում, թե ինչու է հայրս առանձնակի հոգատարությամբ խնամում իրենից 2 տարի մեծ եղբորը՝ Հովհաննեսին: Միշտ լսում էի.

-Խնդրում եմ քեզ լավ նայիր, դու գործ չունես, ես կանեմ, մինչև հետդ չլինեմ որսի չգնաս, տաք հագնվի և հոգատարության այլ դրսևորումներ: Նույնքան զարմանալի էր նրանց հարաբերությունը, երբ եղբոր հետ մի բան էր պատահում.

-Լավ էլի, ձեռքդ վնասեցի՞ր, բա աչքդ ինչո՞ւ է արյուն լցվել, էս ինչո՞ւ է չանգռոծ  ոտքդ, ճիշտն ասա՝ սա գազանի թողած սպի՞ է, և այլն:

-Կարծես քո երեխան լինի,- մի օր ծիծաղեցի ես:

-Ո՞վ, տղա՛…

-Հովհաննես հոպարը…

-Չիմացած բանը մի խոսի, -սաստեց հայրս,- մենք էդպես ենք ծնվել՝ ինչ վատ բան կամ փորձանք պատահեց նրան, նույնը ինձ հետ է կրկնվում: Նայի՛ր նրա ուսի կոտրվածքը, հիմա իմը՝ նույն տեղում մի քանի օր անց եղավ: Փայտ կոտրելիս մի մատը թռցրեց, նույն մատս ես կորցրեցի, էս էլ ոտքիս սպին, գնա ու ստուգիր հորեղբորդ մոտ նույն տեղում… Մենք կարծես մի մարդու պես ենք, տղա ջան, Հովհաննես Մկրտիչն ենք, էհ տղա ջան, դու մեր կապից ի՛նչ ես հասկանում…

Արցախյան առաջին պատերազմին Հովհաննեսը կամավոր գրվեց ու գնաց, Մկրտիչը հետևեց նրան: Շները մնացին մեզ հետ: Եղբայրները նրանց իրար կողքի կապեցին ու հանձնարարեցին լավ նայել: Ես կարծես մեծացած-փոքրացած լինեի, հորս հրաժեշտ տալիս փաթաթվեցի ու ականջին շշնջացի՝ հոպարին լա՛վ կնայես…

-Դրա համար հետն եմ,- ժպտաց ու գնաց հայրս: Ամիսներ լուր չունեինք նրանցից, կապ չկար, ինչ-որ մեկը պետք է գար, որ մի լուր առնեինք: Մեկ շաբաթը բավական էր, որ շների վարքը տեսնելով  հասկանայի, թե մերոնք ինչ վիճակում են: Նույնիսկ ինձ մոտ նշաններ էի անում, որ հետո հարցնեմ՝ այսինչ օրը ի՞նչ էր պատահել ձեզ: Ես մորս ու հորեղբորս կնոջն հանգստացնում էի՝ նրանք լավ են, ողջ-առողջ են: Կարճ ժամանակ անց, մերոնք բոլորը շունչները պահած հետևում էին շների վարքին, բոլորի աչքերում աղերս կար, կենդանիների նկատմամբ հոգատարությունն ու խնամքը ավելացել էր, շների փոքրիկ անհանգստությունը, հատկապես մորս, վախեցնում էր, նա մոտենում էր, շոյում շան գլուխն ու հարցնում.

-Ի՞նչ է Զրանգի ջան, բան չկա, չէ՞…լավ ես, չէ՞…

Ու մի չարաբաստիկ գիշեր, հորեղբորս կինը լացակումաց մեր տուն ընկավ.

-Զանգին երկար ոռնաց, հետո պոկեց կապն ու փախավ… Ախ Աստված ջան, տեսնես ի՞նչ սև է եկել մեր գլխին…

-Դուրս վազեցինք, Զանգին չկար, Զրանգին էլ ոռնում էր ու անխնա քաշքշում երկաթե շղթան: Բոլորս հասկացանք, որ մերոնց հետ մի դժբախտություն է պատահել, բայց ես նաև հասկանում էի, որ դա  հորեղբայրս է…

Օրեր անց հայրս գյուղ եկավ՝ նա մազ-մորուքի մեջ կորած ու կարծես ցնցոտիավոր լիներ, գլխիկոր քայլում էր բեռնատարի առաջից, որը եղբոր դագաղն էր բերում:

Հովհաննեսի ոտքերը ականապատ դաշտում օդն էին ելել: Նրան կիսամեռ տեղափոխել էին հիվանդանոց, ուր ուշքի գալով բժիշկներից իր ոտքերն էր պահանջել: Հետո մի հարմար պահ որսալով, 2 տող գրություն թողել , անջատել բժշկական սարքավորումներն ու հանգչել…

-Ի՞նչ էր գրած եղել,- հարցրեց հոգեբանը:

-<<Ես կուզեմ իմ հողը ոտքերովս զգամ>>,- գրել էր:

Սարսափելին մեր հոգեվիճակն էր. բոլորս հասկանում էինք, որ  հաջորդը հայրս  է: Նա կարծես վշտի մեջ չլիներ, այլ վիրավորված լիներ  եղբորից: Գլուխը ձեռքերի մեջ առած անդադար կրկնում էր՝ նա իրավունք չունե՛ր, նա իրավունք չունե՛ր…

Մի քանի օր շարունակ կարծես պատրաստության մեջ լիներ, անընդհատ ինձ էր գրկում, մորս ինչ-որ հրահանգներ տալիս, ասում Ղազար պապին չմոռանաս, մեզ չմոռանաս ու հեկեկում էր… Հովհաննեսի թաղմանը ողջ գյուղը մասնակցեց ու այդ գիշեր եղավ այն, ինչը ցնցեց բոլորին: Գիշերը Զրանգին կապը պոկել ու փախել էր դեպի սահմանը, ուր ականի վրա կանգնել էր ու հազար կտոր եղել… Գյուղի ծեր նանն ասաց, որ Մկրտիչին պատահելիքը շունն իր վրա առավ… Հայրս ցնցված էր… Ես առաջին անգամ էի տեսնում, վշտի մեջ գտնվող մարդու պար: Նա ոտքերն ամուր զարկում էր հողին ու անկանոն շարժումներ անում: Հետո նանը մի աղոթած շալ է տվել, որը կապել են հորս մեջքին. Հիշում եմ՝ նա 3 օր քնեց, հետո արթնացավ ու ասաց.

-Նորից ծնվեցի…

Բոլորս գիտակցեցինք, որ շունն այդ կախարդանքը սրբեց իրենով, և հորս այլևս վտանգ չի սպառնում: Հայրս եղբոր շիրմի կողքին մի փոքրիկ քար էլ դրեց Զանգիի ու Զրանգիի հիշատակի համար:

-Չափազանց հուզիչ են ձեր պատմությունները,- ասաց հոգեբանը,-բացի այդ պոետիկ խոսք ունեք, կարծում եմ լավ գրող կդառնաք, եթե փորձեք գրել. եզակի դեպքերից է, երբ ինքներդ պատմում եք, ինքներդ այնքան գրագետ  վերլուծում, որ գրեթե առարկություն չունեմ: Իհարկե հոգեմարմնական խնդիրն իր մեջ երբեմն խորքային շերտեր է կրում, ներառելով մեր ցեղի պատմությունը: Իսկ Ձեր անունն ինչ-որ նախապատմություն ունի՞…

-Հայրս է ինձ Արա կոչել. նա հավատում էր, որ իրականում արալեզ շներ կան, որոնք մի օր վերքերը լիզելով կենդանություն են պարգևելու վիրավոր տղամարդկանց: Դե գիտեք արդեն, որ վերքերն ու սպիները եղբայրների մոտ միֆական պատմություն ունեին, բացի այդ պապը պատգամել էր միշտ շուն պահել ու մնալ տղամարդկային բարձունքին:

          – Իսկ ի՞նչ ախտորոշում է Ձեզ տվել բժիշկը:

-Ինձ մոտ վերարտադրողական համակարգում ուռուցք կա…

-Խնդրում եմ մի քանի հարցի պատասխանեք՝ Դուք շուն ունե՞ք:

-Ունեի… էլի հովվաշուն էր, Ասքյար էր անունը, որովհետև թուրքի կողմից էր եկել: Ծառայությանս տարիներին գիտե՞ք քանի կյանք է փրկել ու ինչերի՜ց է մեզ ազատել՝ զգուշացրել, որ դիվերսանտներ կան, որ դաշտն ականապատված է: Իսկ ամեն զորացրվող զինվորի մասին տեղյակ էր՝ մոտենում էր, բոյով մեկ կանգնում, փաթաթվում ու հրաժեշտ տալիս: Ասքյարին ես էի փրկել, վերքերը կապել, բուժել. զորացրվելիս խնդրեցի, որ թույլ տան հետս տուն տանեմ: Իմ հավատարիմը… իմ խելացին… Չեմ մոռանում, թե ինչպես մի անգամ հարևանս շանս աչքի առաջ վիճեց ինձ հետ: Մեր թաղում, բոլորն օգտվում էին մեր ջրից, որը ռետինե խողովակով թողնում էի դարպասից դուրս, գալիս էին մարդիկ, դույլերը լցնում ու հեռանում: Իսկ երբ մոտենում էր էս հարևանը, Ասքյարը ջրի խողովակը ներս էր քաշում ու դարպասը փակում երեսին:

-Ինչու՞ եք անցյալով խոսում նրա մասին:

-Վեց ամիս առաջ հրաժեշտ տվեցինք շանս…

-Ե՞վ…

-Եվ ոչինչ,- հոգոց հանեց Արան,- որոշեցի էլ երբեք շուն չպահել, բաժանումը ծանր նստեց վրաս: Էս հիվանդությունն էլ վրադիր: Դուք ինչ-որ հոգեբանական պատճա՞ռ եք տեսնում:

Արան հոգեբանի հայացքում կարծես անհամբերություն նկատեր.

-Գուցե Ձեզ տարօրինակ թվա, բայց ես հասկացա, Ձեր խնդրի արմատը որտեղ է թաքնված:

-Հետաքրքիր է,- լարվեց Արան:

-Դուք սերնդե-սերունդ փայփայել եք պապի թողած համոզմունքը՝ տղամարդ չես, եթե շուն չունես: Ու երբ ինքներդ Ձեր մեջ որոշել եք այլևս երբեք շուն չպահել, մեխանիկորեն Ձեր գենոմի վրա ակտիվացել  է մի էպիգենետիկ պատմություն՝ ըստ որի, Ձեր որոշումն հանգեցրել է նրան, որ Դուք դադարում եք տղամարդ լինել: Նման համոզմունքները մուտացնում են գենոմը: Տեսեք, բնականաբար ուռուցքն առաջացել է հենց այն օրգանի վրա, որը պատասխանատու է նաև  տղամարդկության, առնականության համար: Ահա և մարդկային կենսաբանության ողջ տրամաբանությունը: Եկեք չմոռանանք, որ հիվանդության սկիզբը մարմնում չէ,- ճակատին տկտկացրեց հոգեբանը:

-Ուրե՞մն,- կարծես սառած հարցրեց Արան,- ի՞նչ է պետք անել…

-Շո՛ւն պահեք… անպայմա՛ն պահեք…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *