Տղամարդը
Շինանյութի խանութում խնդրեց ամենաթանկ ու ամենաամուր պարանը։ Հետաքրքիր կանաչ գույն ուներ։ Երկար ստուգեց պարանի ամրությունը։ Մի ծայրը դրեց ոտքի տակ ու ձեռքերով ինչքան ուժ ուներ ձգեց վերեւ։
Իսկապես ամուր էր։
Տանը սկզբում բացեց պատուհանը։ Հետո պարանը հանդարտ, անշտապ ամրացրեց առաստաղից կախված լույսի կեռիկից ու կախվեց։
Կինը
Ամուսինը քառասունչորսօրյայից տուն վերադարձավ լրիվ ուրիշ մարդ դարձած։ Համարյա չէր խոսում, ոչինչ չէր պատմում, օրերով անշարժ նստում ու նայում էր առաջ մեկնած ոտքերի թաթերին։ Կարծես հավատը չէր գալիս, որ առաջվա պես ոտքեր ու ձեռքեր ունի։
Նախկին ուրախ տղամարդուց, որ ամենադժվարին պահերին էլ ինչ-որ հուսադրող բան էր գտնում ասելու, ոչինչ չէր մնացել։ Ինքը, որ նախկինում, ընդհակառակը, շատ խոսել չէր սիրում, ավելի շատ ինքն իր մեջ էր՝ իր գրքերի, իր մտքերի հետ, սկսել էր ճնշվել խտացող լռությունից։ Ուզում էր մի բանով օգնած լինել, բայց բառեր չէր գտնում ու հասկանում էր, որ ամուսինը կարծես այլեւս իր կարիքը չունի։ Ու լռությունը ուշ աշնանային օրերի հետ գորշ ու խիտ կախվում էր սենյակում։
Պահեր էին լինում, որ վախենում էր նրանից։ Երբ գիշերվա կեսին ամուսինը հանկարծ անկողնուց վեր էր կենում, մոտենում էր պատուհանին, բացում էր այն ու երկար նայում էր մթության մեջ, իրեն թվում էր, որ նա ծանրութեթեւ է անում՝ թռչի՞, թե սպասի դեռ։ Հետո հանկարծ հիշում էր ինչ-որ բան, արագ ծխախոտ էր կպցնում ու սկսում էր կատաղի ներս քաշել ծուխը։ Հետո գալիս, պառկում էր ու միանգամից անշարժանում, խորը քուն մտնում, անթափանց ու անշարժ, ասես պահի տակ կորցներ գիտակցությունը։ Իսկ ինքը, որ երբեք քնի խնդիր չէր ունեցել, ամուսնու քնելուց երկար ժամեր անց էլ դեռ աչքերը բաց պառկած նայում էր առաստաղին՝ մտածելով՝ ո՞վ է իր կողքին պառկածը, ճանաչո՞ւմ է այդ մարդուն։ Ու մարդը, որին ինքը ճանաչում էր դեռ մի քանի ամիս առաջ, իր կողքի՞ն է, թե՞ անվերադարձ հեռացել է ինչ-որ մի տեղ՝ հեռու-հեռավոր մի տեղ, որտեղ ինքը ցավոք երբեք չի լինի։
Լսում էր, թե ինչպես են ժամացույցի սլաքները հաշվում հեռացող վայրկյանները ու ամեն հարվածի հետ զգում էր կարծես, թե ոնց է իրենից պոկվում ու հեռանում նա, ում ինքը, չնայած ամեն ինչին, դեռ շարունակում էր սիրել, ոչ շատ հեռու անցյալի կենդանի ու սիրելի մարդը, հեռանում ու սկսում է չերեւալ արդեն։ Մտածում էր՝ գուցե արժե՞ կոտրել ու հեռու շպրտել ժամացույցը ու կտրել սլաքների միալար թիկթակը, բայց հասկանում էր նաեւ, որ ժամացույցի չլինելը չէր նշանակի, որ ինչ-որ բան հնարավոր կլիներ փրկել ու վերադարձնել, ու գիտակցում էր, որ այս տանը ինչ-որ բան անդառնալիորեն քայքայվել ու կորել է, ու դրանից երբեմն արյունը սառում էր երակներում։
Նոր տարուց անմիջապես հետո ամուսինը վերադարձավ աշխատանքի, ու տանը ցերեկային ժամերին մի քիչ հեշտացավ շնչելը։ Բայց ամեն օր երեկոյան աշխատանքից տուն էր գալիս ո՛չ այն մարդը, ում հետ ինքն ամուսնացել էր։ Նա այդպես էլ այլեւս չվերադարձավ։ Իսկ այն մեկին, ով տուն էր գալիս երեկոյան, ով իր կողքին էր հիմա, ինքը գրեթե չէր ճանաչում․ ձախ այտին՝ հոնքից վերեւ ավելացած սպին օտար էր, չխոսկանությունը օտար էր, ժպտալու՝ ավելի ճիշտ գրեթե երբեք չժպտալու սովորությունն օտար էր, անգամ հայացքը, դեմքի արտահայտությունը, որով երբեմն նայում էր իրեն, օտար էր։ Օտար էր սովորությունը՝ խոսելիս աչքերով ինչ-որ աներեւույթ կետեր շոշափելը, իր կողքին կամ հետեւում ինչ-որ տեղ, ինչ-որ՝ իր համար անտեսանելի մի բան ուսումնասիրելը։ Իսկ երբեմն, երբ ինքը պատահաբար բարձրացնում էր աչքերը, հանկարծ նկատում էր դեմքին հառած օտար մարդու օտար աչքեր, որոնք ասես չէին տեսնում իրեն, չէին ճանաչում իրեն, այլ փորձում էին հասկանալ, կռահել, թե ով է ինքը, ինչ գործ ունի այս տանը՝ իր կողքին։
Այդպիսի պահերին զգում էր, որ սկսում է վախենալ ամուսնուց։
Տղամարդը
Գրեթե քառասուն տարեկան էր արդեն, ու այլեւս ոչ ոք, անգամ ամենամտերիմ հարազատներն ու ամենակատակասեր ընկերները հանդիպելիս չէին հարցնում․ «Ե՞րբ ես ամուսնանալու»։ Հատկապես պատերազմից վերադառնալուց հետո չէին հարցնում։ Ինքը շարունակում էր ամեն առավոտ բացել, իսկ երեկոյան փակել հայկական համեմունքների խանութը, որը գրեթե երկու ամիս, մինչ ինքը կռվում էր, փակ էր եղել։ Շարունակում էր ապրել երկրում, որը երբեք իր հայրենիքը չէր համարել, շարունակում էր մտածել երկրի մասին, որը մեկ ամսում դարձել էր հարազատ տուն, բայց ուր գնալն այլեւս անհնար էր, քանի որ ճակատագրի ինչ-որ դաժան խաղով ու անպատեհ ստորագրությամբ դարձել էր անհասանելի։
Պատերազմ գնալն անակնկալ որոշում էր եղել անգամ իր համար։ Երբեք չէր մտածել հայրենասիրության մասին, չէր պատկերացրել, որ կարող է զենք բռնել, որ կուզենա պաշտպանել մի բան, որը նախկինում երբեք տեսած չկար, չէր պատկերացրել, որ այդքան ծանր կտանի հողի, տարածքի կորուստը, որ կկարոտի մարդկանց, որոնց հետ կողք կողքի քնել էր հողե ապաստարաններում, որոնք ընկել էին՝ խոցված թշնամու կրակոցից, կամ որոնք չէին ընկել, բայց, միեւնույն է, մեռել էին, որովհետեւ պատերազմում մեռնում են բոլորը՝ եւ մեռնողները, եւ նրանք, որոնց չէր հաջողվել մեռնել։ Ինչպես՝ ինքը։
Բայց առավոտյան արթնացավ ու ինքնաթիռի տոմս գնեց։ Գնաց պատերազմ ու կարծես նույնիսկ վերադարձավ պատերազմից։ Մեծ մասը չվերադարձան, իսկ ինքը վերադարձավ իր խանութին ու իր մենությանը։
Բայց մենությունը մի օր անակնկալ ավարտվեց, երբ նամակ ստացավ բոլորովին անծանոթ մեկից։
Կինը
Հիմա երեկոները տանը գրեթե միշտ լռություն էր։ Իրար հետ չէին խոսում։ Բառերը վերջացել էին, ու դա էլ հերիք չէր, ամուսինը նեղվում էր ձայներից։ Բոլո՛ր տեսակի ձայներից։ Առաջ օրերով տանը երաժշտություն էր հնչում, եթե տանն էին, հեռուստացույցը գրեթե չէր անջատվում։ Հիմա այդպես չէր։ Տանն այնքան լուռ էր, որ անգամ հարեւանի տանը բացվող ծորակի ձայնն էր խլացուցիչ արձագանքում իրենց պատերի ներսում, իսկ վերեւի հարեւանի՝ երկու օրը մեկ կրկնվող հարբած հայհոյանքների հերթականությունն անգիր սովորել էր։ Հիմա իրենց տանը հատկապես լուրերի թողարկումներն էին «արգելված»։ Եթե ինքը չէր հասցնում անջատել հեռուստացույցը ամուսնու տուն մտնելու պահին, ապա նա, կոշիկները հանելուց անմիջապես հետո եւ ձեռքերը լվանալուց առաջ մոտենում ու «լռեցնում էր» հեռուստացույցը։
Ու լռությունն էլի խտանում էր։
Սկզբում դեռ փորձում էր խոսել ամուսնու հետ, հարցեր տալ։ Բայց այդ հարցերը մնում էին օդում կախված։ Պատասխաններ չկային։ Իրեն համար չէին պատասխանները։ Մտածում էր՝ գուցե ամուսինն աշխատավայրո՞ւմ էր խոսում ու ինչ-որ բաներ պատմում, կամ գուցե հորական տա՞նը՝ եղբոր, եղբոր կնոջ կամ հոր հետ էր խոսում պատերազմական օրերից։ Ամեն դեպքում իր հետ չէր խոսում, իրեն ոչինչ չէր պատմում։ Իր հարցերին պատասխաններ չէին հնչում, անգամ անորոշ պատասխաններ ինքը չէր ստանում, ասես դիմում էր պատին։
Պատին, որին ամենից շատ հետաքրքրում էր սեփական ոտքերի թաթերին նայելը։
Ինքը միայն կռահել կարող էր, թե ինչ էր կատարվել պատերազմի դաշտում։ Թե ինչպես էին երիտասարդ տղամարդիկ ոչ միայն սպանվել թշնամու կրակոցներից, այլեւ դավաճանվել յուրայիններից։ Ու երեւակայել, թե ո՞րն էր այդ երկուսից ավելի ծանր ու ինչքանով ավելի ծանր էր, որ այդպես փոխել էր կռիվ գնացած ու կռվից Չ-վերադարձած իր ամուսնուն։
Տղամարդը
Նամակ գրողը կին էր։ Ասաց, որ 27 տարեկան է։ Պատմեց, որ Ֆեյսբուքն էր առաջարկել ընկերանալ տղամարդուն, ու ինքը հայտ էր ուղարկել։ Նկարի փոխարեն մատիտով արված ինչ-որ պատկեր էր, որը կնոջ էր նման՝ երկար, ալիքաձեւ մազերով ինչ-որ կերպար, աչքերից մեկը՝ կլոր, մյուսը՝ երկարուկ, շրթունքները՝ կիսաբաց։
Էջում համարյա գրառումներ չկային, մի ինչ-որ բանաստեղծության պատառիկ ու մի հիսուն ընկեր ուներ։ Բայց ինքը նայեց, նայեց նկարին ու, չգիտես ինչու, պատասխանեց։ Սկսեցին խոսել։ Սկզբում օրական մեկ կամ երկու նամակ էին ուղարկում իրար։ Երեկոները, երբ ժամանակ էր ունենում, խանութը փակելուց հետո։ Հետո նամակները սկսեցին հաճախակիանալ, ու ինքն արդեն սպասում էր դրանց։ Տխրում էր, երբ կինը նամակը կարդալուց հետո անմիջապես չէր պատասխանում։ Մտածում էր՝ ի՞նչ ավելի կարեւոր գործեր ունի, որ ուշացնում է։ Անընդհատ ստուգում էր՝ չի՞ ստացել արդյոք նոր նամակ։
Այդպես ավարտվեց մենությունը։
Ու սեւ բջջային հեռախոսը դարձավ ամենակարեւոր բանը իր նոր իրականության մեջ։
Կինը
Երբեմն, երբ ինչ-որ բան հիշեցնում էր ամուսնուն պատերազմական օրերը, նա ինչ-որ կցկտուր բաներ, այնուամենայնիվ, պատմում էր։ Օրինակ, պատերազմին մասնակցած սփյուռքահայ մեկի մասին լսելով՝ մի անգամ ասաց, որ իրենց հետ էլ լիբանանահայ մի տղա էր կռվում։ Հետո բացեց հեռախոսն ու գտավ նկարը, որտեղ իրենք՝ հինգ տղամարդ՝ հողաշեն պատերով ինչ-որ մի տեղ ուսերով իրար հենված ծիծաղում են։ Դեմքերից երեւում էր, որ հոգնած են, փոշոտ մազերը կպել են ճակատներին, մեկի մի այտին մրի հետք է, մյուսը գլխարկը քաշել է աչքերից մեկին, ոտքերը երկարած նստել ու ծիծաղում են։ Ցույց տվեց բաց շագանակագույն մազերով, չսափրված, լայնաթիկունք տղամարդուն, որը հատկապես լայն էր ժպտում, ու ասաց անուն-ազգանունը։
Այդքա՛նը։
Ինչո՞ւ որոշեց գրել նրան, չի կարող ասել։ Գաղափարը ծնվեց հենց նույն պահին, անկախ իրենից։ Փնտրեց, գտավ ֆեյսբուքում ու որոշեց գրել։ Նոր էջ բացեց, ինչ-որ տարօրինակ նկարով, որն իրեն բոլորովին նման չէր։ Իր կարճ շիկահեր մազերի փոխարեն ալիքաձեւ շագանակագույն մազեր էին, իսկ կիսաբաց շրթունքները հաստ էին, մինչդեռ իր շրթունքները՝ բարակ ու երկարուկ։
Ծանոթներից ոչ մեկին հայտ չուղարկեց, միայն անծանոթ մարդկանց։
Հետո գրեց․ «Ուզում եմ՝ ծանոթանանք»։
Տղամարդը պատասխանեց ու սկսեցին խոսել։
Սկզբում ինքն իրեն համոզում էր, որ իր նպատակն ընդամենը նրանից պատերազմական օրերի մասին իմանալն է, ճշտելը, թե ինչ է կատարվել այդ քառասուն օրերի ընթացքում, որից իր հարազատ մարդը դարձել է իրեն օտար մեկը։ Որ ուզում է, որ այն, ինչ ամուսինը չի պատմում իրեն, պատմի այս օտար՝ աշխարհի ծայրին ապրող տղամարդը, որն այնքան լայն է ժպտում։ Ինքն իրեն համոզում էր, որ փորձում է հասկանալ, թե ինչպե՞ս պետք է մոտենա ամուսնուն, որ ամեն ինչ ճիշտ լինի, ինչպե՞ս օգնի, ի՞նչ ասի, որ չլարվեն առանց այդ էլ լարված նյարդերը, ինչպե՞ս, ի՞նչ բառերով հարցեր տա, որ պատասխաններ ստանա։
Ամիսներ անց միայն, երբ այլեւս չէր կարողանում ապրել առանց այդ նամակների, առավել եւս՝ խաբել ինքն իրեն, ներքուստ ընդունեց, որ ինքն ուղղակի հոգնել էր մենությունից։ Հոգնել էր օրերով ոչ մեկի հետ չխոսելուց։ Հոգնել էր օդում կախված անպատասխան հարցերից։ Ու որ շեկ մորուքով այդ տղամարդու դեմքը մի տեսակ շատ արագ դաջվեց իր ուղեղի, ավելի ճիշտ՝ իր սրտի մեջ ու դուրս չեկավ։ Ու որ նրա ժպիտը չափից դուրս անկեղծ ու լայն էր պատերազմական այդ օրերի համար։ Ու որ իրար հենված լայնաթիկունք տղամարդկանց լուսանկարից տաքություն էր հոսում իրենց ցուրտ տուն։
Սկզբում մտածում էր՝ մի քիչ հարցեր կտամ ու կկորեմ կգնամ այդ հարթակից։ Ու նա երբեք չի իմանա, թե ես ով եմ, ու ես էլ իրեն չեմ ճանաչի իրականում։ Քանի որ լուսանկարը մարդու մասին գրեթե ոչինչ չի պատմում, ու լուսանկարում մարդիկ կարող են լինել լրիվ ուրիշը, քան իրական կյանքում։ Ու պատերազմի դաշտում էլ մարդիկ ուրիշ են, քան սովորական կյանքում։
Պատերազմի դաշտում ընկերոջ համար կյանքը տվողը առօրյա կյանքում գուցե գծուծ ու ագահ մեկն է ընդամենը։
Ու պատերազմի դաշտում հերոսությունների պատրաստը սովորական կյանքում գուցե փոքրոգի ու հիշաչար մեկն է ընդամենը։
Ու պատերազմի դաշտում այդքան լայն ժպտացողը (քանի որ՝ ի՞նչ է մնում մարդուն անելու պատերազմի դաշտում՝ լայն ժպտալուց ու ի սրտե ողբալուց բացի), առօրյա կյանքում գուցե դաժան ու կոպիտ մեկն է։
Բայց ծանոթանալուց հետո անհետանալ ու ծանոթությունը «չեղարկել» այլեւս չստացվեց։
Տղամարդը
Իր մասին կինը կարծես թե անկեղծ ամեն ինչ պատմում էր, բայց ինչ-որ բան կար, որ չէր ասվում այդ նամակներում։ Պատասխանում էր բոլոր հարցերին՝ տարիք, սովորություններ, սիրած հեղինակներ, սիրած ֆիլմեր ու երաժշտություն, մանկական հիշողություններ։ Բայց մի անգամ խնդրեց կնոջը հասցե տալ, որպեսզի ծաղիկներ ուղարկի նրան, ու կինը մերժեց։ Ասաց, որ վիրտուալ ծանոթությունը պետք է մնա վիրտուալ տարածքում։ Մեկ ուրիշ անգամ հրաժարվեց զանգի կամ տեսազանգի միջոցով շփվել։ Ասաց՝ գուցե իրար դուր չգան, ինչո՞ւ փչացնել այդքան հաճելի ծանոթությունն իրական շփումներով։ Անգամ խնդրում էր ձայնային նամակներ չուղարկել իրեն, այլ գրել, երբ որ ժամանակ կունենա։
Ու իրենք շարունակում էին խոսել կարճ ու երկար նամակներով, բայց այնպես, ինչպես լինում է գրեթե միշտ, այն, ինչ սկսվել էր որպես հետաքրքիր փոքրիկ արկած, հանկարծ դարձավ անհրաժեշտություն, ու ինքն արդեն անհամբեր էր ամեն առավոտ նամակ ստանալ, եւ երեկոյան չէր պառկում քնելու, քանի դեռ բարի գիշեր չէին մաղթել միմյանց։
Երբ կինը տարբեր հարցերի միջոցով պարզեց, որ ամիսներ առաջ ինքը կռվել է Արցախում, սկսեց հարցեր տալ այդ օրերի մասին։ Ինքը փորձում էր կատակներով դրանցից ազատվել։ Իրականում փորձում էր մոռանալ, ինքն իր հետ էլ աշխատում էր չհիշել այդ օրերը, իսկ մեկ ուրիշին պատմել, թե ինչպես էին անօդաչուի հերթական թռիչքից հետո հնձած խոտի պես պառկում տասնյակ ջահելներ, ընդհանրապես չէր կարող։ Դեռ ժամանակը չէր։ Ինչի՞ համար։ Հատկապես, որ այդ ամենն ի վերջո ավարտվեց պարտությամբ։
Ու կինը դադարեց պատերազմից հարցեր տալ։
Ուրիշ բաներից էին խոսում։ Ինքը պատմում էր ծովից, որ օր ու գիշեր ծփում է մի քանի հարյուր մետր այն կողմ։ Պատմում էր խանութից ու իր մշտական հաճախորդներից, տարբեր ազգությունների մարդկանցից, որոնց միավորում էր հայկական համեմունքների նկատմամբ սերը։ Կինը պատմում էր գրքերից, որ կարդում էր ողջ օրը, պատմում էր հարեւաններից, քրոջից, որ շատ է ուզում երեխա ունենալ, բայց չի կարողանում։ Պատմում էր եղբոր փոքրիկ աղջկանից, որ ամենաշատը սիրում էր իր տանը մնալ ու իր կողքին քնելը։ Ու որ քնելուց առաջ միշտ միասին «Սովետական հանրագիտարանում» թիթեռների եւ մեղուների նկարներ են ուսումնասիրում։
Մոտ վեց ամիս անց ինքը որոշեց գնալ Հայաստան ու ծանոթանալ կնոջ հետ, որին այնքան լավ գիտեր արդեն, որ թվում էր՝ տեսնում է իրականում։
Բայց կինն ասաց, որ հանդիպել չեն կարող։ Ու եթե ինքը պնդի, ապա իրենք այլեւս չեն շփվի անգամ նամակներով։
Կինը
Ի՞նչ կանի, եթե տղամարդը պնդի, որ ուզում է հանդիպել։ Սկզբում կարծում էր, որ ուղղակի կջնջի ֆեյսբուքյան կեղծ էջն ու վերջ։
Երեկ, երբ տղամարդն ասաց, որ իրենք պետք է հանդիպեն, ինքն առաջին պահին հենց այդպես էլ մտածեց։ Կջնջվի։ Հետո հասկացավ, որ չի կարող։ Որ ջնջվելը հավասարազոր է սպանել կենդանի մարդուն։ Անգամ՝ երկու մարդու։ Իրեն, ու նրան, որին արդեն ճանաչում է ավելի շատ, քան այն մեկին, որն ամեն գիշեր քնում էր իր կողքին, առավոտյան արթնանում ու գնում էր աշխատանքի եւ երեկոյան գալիս էր տուն, նստում էր բազմոցին ու նայում էր իր ոտնաթաթերին։
Իսկ եթե թողնի՞ այս կյանքը ու գնա այն մեկը, որտեղ ծովն է ծփում մի քանի հարյուր մետր այն կողմ։ Եթե փորձի ամեն ինչ պատմել տղամարդուն, ասել, թե ինչպես է ինչ-որ խելագար պահի ծնված միտքը փոխել իր կյանքը։ Ասի, որ այն, ինչ ծրագրված էր որպես փոքրիկ կատակ, դարձել է հիմա իր կյանքը։ Միակը, որն ինքն ունի։ Միակը, որ ուզում է ունենալ։
Եթե ինքը ճիշտ է ճանաչել տղամարդուն, ապա նա կհասկանա։ Կհասկանա ու կների։
Իսկ եթե չհասկանա՞։
Եթե չների՞։
Ինչպե՞ս կապրեն դրանից հետո ինքն ու նա։ Ինչո՞վ կլցնեն ողջ այն ժամանակը, որ կազատվի այլեւս նամակներ չգրելու ու չկարդալու արդյունքում։
Ինքը հիմա փաստացի երկու կյանք է ապրում․ այն, որն իրականն է, ու այն մեկը, որն ավելի իրական է, քան իրականը, թեպետ սկսվել էր որպես խաղ։ Ո՞նց թողնել այդ խաղը, ո՞նց դուրս գալ այդ խաղից, որն արդեն դարձել է քո կյանքը։ Միակը, որ ունես, եթե չհաշվես արյունը երակներումդ սառեցնող հայացքներն ու ոտնաթաթերին նայող լռությունը։
Ու մի՞թե մարդկանց մեծ մասն այդպիսի երկու կյանք չեն ապրում։ Նրանք, ովքեր նկարներում ժպտում են, իսկ իրական կյանքում՝ Աստված գիտե։ Նրանք, որոնց չենք ճանաչում, քանի որ տեսնում ենք միայն այն, ինչ նրանք ցանկանում են մեզ ցույց տալ։ Մեր «ընկերներն» ու «հետեւորդները»։ Ովքե՞ր են նրանք մեզ համար ու ո՞վ ենք մենք նրանց կյանքում։
Հիմա ինքն ինչո՞ւ է անհանգիստ։ Ինչո՞ւ է վախենում պատմել տղամարդուն, որ ուզում է թողնել այս մի կյանքը, որն իրեն սիրելի ու անգամ արդեն տանելի էլ չէ, ու սկսել ապրել այն մեկում, որն ինքն է հորինել, որն իրենք միասին են հորինել։ Այն աշխարհում, որը գտնվում է փոքրիկ սեւ հեռախոսի հիշողության մեջ, խորխորատներում, որն ինչ ասես թաքցնում է ու ինչ ուզում ես՝ ցույց է տալիս։
Բայց ինչ-որ բան, այնուամենայնիվ, խանգարում է։ Տղամարդը շատ ավելի լավն է, քան ինքը։ Երկու՛ տղամարդիկ ավելի լավն են, քան ինքը։ Ավելի անկեղծ են ու ավելի իսկական։ Անգամ իրենց լռության մեջ, անգամ իրենց տխրության ու ապրումների մեջ, իրենց դաժան հիշողություններում։
Իսկ ինքն ո՞վ է։ Ինքն իրեն ճանաչո՞ւմ է արդյոք։ Ի՞նչ է ուզում կյանքից։ Ի՞նչ էր պատկերացնում, որ պիտի լինի այս ամենի արդյունքում։ Ի՞նչ էր ուզում այդ ծանոթությունից, երբ այն սկսում էր։ Ինչի՞ էր պատրաստ ինքը այս ծանոթությունը պահելու համար։ Պատրա՞ստ էր հրաժարվել իրեն ոչ մի վատ բան չարած ու չասած ամուսնուց, որին, չնայած ամեն ինչը, դեռ սիրում էր։ Պատրա՞ստ էր անկեղծ լինել այս մյուս տղամարդու հետ, որին արդեն սիրում ու ճանաչում էր սեփական անձի պես։
Ի՞նչ դաժան պատժի է արժանի ինքը, ամուսնուն, իրեն ու այս տղամարդուն տանջելու համար։ Ու որտե՞ղ կստանա այդ պատիժը՝ ապագայո՞ւմ ինչ-որ պահի ինչ-որ տեղ, թե՞ արդեն այս կյանքում ու հանկարծակի։
Տղամարդը
Այսօր վերջնականապես պնդեցի, որ պիտի հանդիպենք։ Ասացի, որ գալիս եմ Հայաստան։ Տոմսն արդեն գնել եմ։ Պիտի տեսնեմ ընկերներիս, որոնց հետ կռվել ենք Արցախում եւ մտադիր եմ նաեւ հանդիպել իրեն։ Ասացի, որ ինձ համար նշանակություն չունի, թե ինչ տեսք ունի ինքը։ Որ անգամ եթե երեք աչքանի է կամ մեկ ձեռնանի, ես իրեն սիրում եմ։ Ուզում եմ, որ ինքը հետս գա Լիբանան ու իր երեք աչքերով տեսնի ծովը, որը ծփում է մի քանի հարյուր մետր այն կողմ ու մեկ ձեռքով գրկի այն։ Իսկ եթե ընդհանրապես ձեռքեր չունի, ես կգրկեմ ծովը իր փոխարեն ու իրեն էլ կգրկեմ։
Երկար ժամանակ պատասխան չկար։ Հետո երեկոյան գրեց, որ ինձ պետք է մի բան պատմի, բայց հիմա չի կարող։ Որ մոտ օրերս կզանգի ու կխոսենք ամեն ինչի մասին։ Ինձ թվաց՝ լավ չհասկացա։
«Կզանգե՞ս»,- ճշտեցի։
«Կզանգեմ»,- գրեց նորից ու անջատեց։
Հիմա սպասում եմ, որ խոսենք։ Կարծում եմ, որ դրանից հետո արդեն ամեն ինչ կորոշենք, ու ես կգնամ Հայաստան։
Իր հետեւից։
Այսօր աշխատանքի գնալիս մեքենան կանգնեցրի ոսկերչական զարդերի խանութի մոտ, իջա եւ նայեցի ամուսնական մատանիներին։ Գեղեցիկ ադամանդով մատանի ընտրեցի, նուրբ ու շողշողուն ու որոշեցի, որ կգնեմ այն Հայաստան գնալուց առաջ։ Պատկերացրի, թե մատանին ինչպես կնստի երկար, բարակ, ճերմակ մատներին։
Գուցե իզուր եմ այդքան հեռուն նայում։ Բայց ես հիմա գրեթե երազում եմ, որ ծանոթներիցս մեկը հանդիպի ու հարցնի․ «Ե՞րբ ես ամուսնանալու»։
Ու ես կպատասխանեմ․ «Շուտով»։
Կինը
Այսօր երեկոյան կզանգեմ իրեն։ Ամուսինս գնալու է եղբոր տարեդարձին։ Կհագնվեմ, կպատրաստվեմ, հետո կասեմ, որ լավ չեմ զգում ու կմնամ տանը։
Պետք է խոսել ու հասկանալ իրար։ Դա միակ հնարավոր տարբերակն է։ Արդեն գրել եմ, որ հավանաբար կզանգեմ իննին մոտ։ Պիտի որ սպասի զանգիս։
Անհամբեր եմ, թե երբ եմ լսելու ձայնը։ Ըստ էության ձայնը միակ բանն է, որ ես չգիտեմ իր մասին, իսկ ինքն իմ մասին չգիտի ոչինչ։ Ո՛չ՝ թե ինչպիսին եմ, ո՛չ կյանքիս իրական պատմությունը, ո՛չ մի բան։ Ի՞նչ կմտածի իմ մասին, երբ պատմեմ, թե ում կինն եմ։ Ի՞նչ կմտածի, երբ ասեմ, որ սիրում եմ իրեն։ Ի՞նչ կանի հետո։ Գուցե ինքն իր կամքով հեռանա, այլեւս չուզի խոսել հետս։ Գուցե ասի, որ իր համար կարեւոր չէ ոչ մի բան, եւ շարունակում է պնդել, որ իր հետ պիտի գնամ իր ծովի մոտ։
Այսօր երեկոյան կորոշվի ամեն ինչ։
Արդեն մի քանի ժամից։
Տղամարդը
Տեսնես ինչպիսի՞ն է։ Իրո՞ք այդպիսի երկար ու ալիքաձեւ մազեր ունի։ Իսկ եթե ո՞չ։ Եթե մազերը կարճ են։ Եթե կարճահասակ է ու դեմքի մի կողմին մեծ խալ ունի՞։ Հիշեց, թե ինչպես էր երեխա ժամանակ վախենում ծեր հարեւանուհու մեծ խալից՝ ամբողջ ձախ այտով տարածվող։ Իսկ եթե ճաղատ է, ու շատ մանր աչքեր ունի՞։ Մի՞թե դրանից կդադարի սիրել նրան։ Չէ՞ որ մարդը ո՛չ աչքերն են, ո՛չ մազերը, ո՛չ էլ հասակը։ Այն, ինչ մարդն է, ինքն արդեն սիրում էր։ Հոգին, ինտելեկտը, բարությունը, հումորի զգացումը։ Ուրեմն ի՞նչ տարբերություն, թե ինչ կաղապարի մեջ է այդ էությունը պարփակված։ Ի՞նչ տարբերություն։
Այսօր ամեն ինչ կպարզվի։
Երեկոյան։
Արդեն մի քանի ժամից։
Կինը
Ես պատմում էի, իսկ ինքը լսում էր։
Լուռ ու հանգիստ լսում էր։
Հարցեր չէր տալիս։
Սկսեցի նրանից, թե որտեղից առաջացավ միտքը՝ գրել իրեն։ Ավարտեցի նրանով, որ ինքս էլ երբեք չէի պատկերացնի, որ այս ամենն այսքան կլրջանա։ Որ չէի պատկերացնի, որ կատակի ու խաղի ձեւով սկսված պատմությունը կդառնա իմ կյանքի գլխավոր պատմությունը։ Որ երբեք չէի պատկերացնի, որ մի փոքրիկ հեռախոսի մեջ կտեղավորվեն իմ սպասելիքները, իմ հույսերը, իմ երջանկությունը, իմ ապագան։ Պատմեցի, որ եթե պատկերացնեի այդ ամենը, գուցե չգրեի իրեն։ Հետո կծեցի լեզուս ու ասացի, որ այն ինչ տեղի է ունենում այս վեց-յոթ ամիսներին, երջանկացնում է ինձ։ Որ ես ցանկացած դեպքում պիտի գրեի իրեն, ու մենք պիտի ապրեինք այս պատմությունը, որը երկուսիս էլ պետք էր, անգամ եթե այն հենց հիմա ու հենց այստեղ ավարտվի։
Խնդրեցի հասկանալ ինձ, ներել։
Ոչինչ չէր ասում։ Ուղղակի լուռ լսում էր։ Ժպիտը, որ բացվել էր շուրթերին ինձ տեսնելու պահին, ինչ-որ տարօրինակ կերպով սառել ու մնացել էր դեմքին, բայց արդեն ժպիտ չէր, այլ ավելի շատ կենդանական ինչ-որ ծամածռություն։
Վերջացրի խոսքս՝ մեկ անգամ էլ խնդրելով ներել ինձ։
Վերստին ոչ մի բառ չասաց։
Լուռ նայում ու «ժպտում» էր։
Անջատեցի տեսակապը։
Տղամարդը
Ես մատանի չեմ գնի։
Քանի որ տեղի է ունեցել ավելի վատ բան, քան եթե նա երեք աչք ունենար։
ԷՊԻԼՈԳ
Ամրացեց պարանը։ Հետո գրպանից հանեց Հայաստան գալու տոմսը, շրջեց ու հակառակ երեսին գրեց․
«Փաստորեն խաղ էր։
Հետո, իհարկե, դարձավ կյանք։
Բայց կյանքն ի՞նչ է։
Խա՞ղ է։
Հա՛, խաղ է։
Մահացու ելքով։
Մեր միակ լուսանկարում, որ հոկտեմբերի 16-ին է արված, բոլորս հենվել ենք իրար ու ծիծաղում ենք։ Հի՛նգս։ Կարենը նկարում է մեզ ու ինքն էլ է ծիծաղում։
Կարենը զոհվեց նոյեմբերի 2-ին։
Իմ կողքին Վրույրն է։
Վրույրը զոհվեց հոկտեմբերի 27-ին։
Հետո ես եմ։
Ես զոհվեցի այսօր։
Մյուս կողքիս Արմենն է։
Արմենը զոհվեց նոյեմբերի 6-ին։
Արմենի կողքին Գրիգորն է։
Գրիգորը չգիտենք՝ ինչ եղավ։
Մինչեւ հիմա լուր չկա։
Հետո Տիգրանն է։
Ես այսօր խոսում էի Տիգրանի կնոջ հետ։
Ես սիրում եմ Տիգրանի կնոջը։
Բայց ինքը Տիգրանի կինն է։
Ես նաեւ Տիգրանին եմ սիրում։
Ո՞ւմ եմ ես ավելի շատ սիրում՝ Տիգրանի՞ն, թե՞ Տիգրանի կնոջը։
Իսկ Տիգրանն ի՞նչ կպատասխաներ, եթե իմ տեղում հայտնվեր։
Ես չգիտեմ ու արդեն չեմ իմանա։
Եթե հենց հիմա ինձ հանդիպեր ծանոթներիցս մեկն ու հարցներ՝ «Բա ե՞րբ ես ամուսնանալու», ես կպատասխանեի՝ «Երբեք»։
Ծալեց տոմսը, դրեց գրասեղանին։ Բաց պատուհանից փչող քամին իրեն ծովի բույրը բերեց վերջին անգամ ու թուղթը սեղանից ցած գցեց։
Թուղթը բարձրացրեց, դրեց սեղանին, ու, որպեսզի քամին այլեւս չքշի, հեռախոսը դրեց վրան։
Սեւ բջջային հեռախոսը։
Հետո բարձրացավ աթոռին ու ամենաթանկ ու ամենաամուր կանաչ գույնի պարանն անցկացրեց վզին։
