Ռազոն արագ քայլում է կանաչ խոտի վրայով։ Այսօր չի շտապում, այլևս աշխատանքի չէ, գնալու է սրտի ուզած տեղը, նստելու է լճակի ափին, զբոսնելու է, ջրում տեսնելու է իր արտացոլքը, լողալու է․․․ Հիմա Ռազոն ժամացույցին նայելու կարիք չունի, թանկարժեք ժամացույց էլ չունի։ Այսօր սար է գնալու, պղտոր լճի ափին գառան խորոված դմակ է ուտելու։ Չի վախենում, որ սրահում աշխատող ընկերները կնյարդայնանան գառան մսի հոտից ու խեթ կնայեն։ Ռազոն երազում է նախկինի պես նստել լճի ափին, պայուսակից հանել գիրքը, որի մեջ տարբեր երկրների և համայն աշխարհի քարտեզն է պատկերված․․․ Քարտեզին նայելուց հետո կկանգնի որևէ քարի կամ ժայռի վրա, կպատկերացնի, որ աշխարհի քարտեզը մեծացել, փռվել է մյուս սարերի, դաշտերի ու քաղաքների վրա։
Ռազոն կռացել է պայուսակի ծանրությունից, բայց հանգիստ սրտով է քայլում սարն ի վեր։ Կողքից ոչ ոք չի ասում․ «Մեջքդ ուղղի՛ր․․․»։ Վեց տարվա բանտարկությունից հետո Ռազոն սափրվել է․․․ Նախկինում ո՞վ կթողներ, որ սափրվի, հո ինքն իր գլխի տերը չէր։ Հիմա ստիպված չէ նստել ճաղապատ սրահում, ստիպված չէ լսել բաներ, որոնցից գլուխ չի հանում։ Մտածում է․ «Տեսնես մերոնց վրանախումբը դեռ սարո՞ւմ է, թե՞ նրանք էլ սրահի իմ ընկերների պես ցրվել գնացել են»։
Փոքր ժամանակ սար բարձրանալիս մրցում էր ընկեր հովիվների հետ․ ամեն մեկը փորձում էր մյուսներից շուտ սար բարձրանալ կամ իր ոչխարի հոտը հասցնել պղտոր լճակին․․․ Այդ մրցմանը զոռոցի էին ասում։ Ռազոն այնքան էլ չէր սիրում զոռոցիներին մասնակից լինել, բայց հարևան ընկերները, մանկահասակ հովիվները ստիպում էին, և նա չէր կարողանում հրաժարվել։ Զոռոցիներից հետո Ռազոն հանգիստ էր գտնում իրենց մոխրագույն վրանում՝ մոր մոտ։ Մայրը խառնում էր կաթն ու շաքարը, լավաշ էր բրդում և տալիս Ռազոյին։ Հետո Ռազոն գլուխը մոր ծնկներին էր դնում, փակում էր աչքերը, նորից տեսնում էր իր առջև փռված աշխարհի քարտեզը։ Մայրը լվացքից ու կիթից ճաքճքած մատներով շոյում էր Ռազոյի ճակատը․․․
Ռազոն ուզում է նորից նստել լճի ափին, նայել ջրին, հետո սարի վրայից նայել դաշտերին, հեռվից երևացող փոշոտ քաղաքին։ Ուզում է այցելել լճից ոչ հեռու քարայր-սրբավայր, ուզում է համբուրել քարայրի պատերն ու վերադարձնել գողոնը։ Ուզում է նախկինի պես շոյել իր հավատարիմ գելխեղդի գլուխը, պայուսակից հանել քարտեզներով լի գիրքը, գտնել տարբեր երկրների անուններ, հետո կանգնել ժայռի վրա և պատկերացնել, թե ինչպես է նայում ողջ աշխարհին։
Հազիվ է Ռազոն ազատվել սրահից, որտեղ դասարանում բանտարկված աշակերտի պես էր զգում իրեն․ գրատախտակի փոխարեն մեծ էկրան կար, դասատուի փոխարեն՝ ճագարի մռութով մի ծաղրածու։ Մի ժամանակ նույն կերպ քայլելով էր սրահ հասել․ թվում էր՝ գտել էր իր տեղը, բայց․․․ Սրահում երբեմն ձանձրույթից քորում էր այտերն ու վիզը, հետո վեր էր թռչում գործընկերուհու ձայնից․ «Ա՛յ տղա, նորից քորեցի՞ր»․․․ Հենց ընկերները ցրվեցին, և սրահը վերջնականապես դատարկվեց, Ռազոն վերցրեց իր պայուսակն ու փախավ սար։ Չէր հիշում՝ երբ էր վերջին անգամ ոտքով սար բարձրացել․ երևի ամենաքաղցր տարիներին։ Վերջերս երբեմն նա ծլկում էր սրահից և իր սև, մեծ մեքենայով քաղաքից ոչ հեռու մի ուրիշ սար էր բարձրանում։ Ասում էին՝ սև մեքենան իրիցկնոջից էր գնել այն բանից հետո, երբ տեր հորը փիլոնազուրկ էին արել․․․
Ռազոն հասավ սարի լանջին, նստեց թփերից ոչ հեռու, քորեց արևից կարմրած ծոծրակը և սափրած այտերը։ Հանգիստ էր, որ սրահում չէ, և կողքի գործընկերուհին, թեկուզ կատակով, չի ասի․ «Վիզդ մի՛ քորի, ա՛յ տղա»։ Ձախ կողմում անտառն է․ վաղուց, շատ վաղուց անտառից ոչ շատ հեռու հարևանների վրանախումբն էր։ Այդ վրանախումբը Զազեի ցեղակիցներին էր պատկանում։ Սարում Զազեին բոլորը գիտեին։ Մի օր, երբ Ռազոն զոռոցիից հոգնած իրենց մոխրագույն վրանը մտավ, տեսավ, որ Զազեն նստել է իր մոր կողքին ու սուճի մրուր է նայում։ Ռազոյին թվաց, թե իր մայրը գունատ է, իսկ Զազեի մի աչքը պտտվում է ակնակապիճում․․․ Ռազոն վախեցավ ու հայացքը ներքև սահեցրեց․ Զազեն փայլուն կոշիկներ էր հագել։ Զազեն սարի միակ կինն էր, որ մետաքսի պես հարթ մաշկ, նուրբ մատներ և փայլուն, մաքուր կոշիկներ ուներ։ Զազեն կարող էր վախ չափել, սուրճի մրուրին նայելով՝ տեսնել անցյալն ու ապագան, կանաչ ու կարմիր բրդյա թելերով ջահել տղաների և աղջիկների սրտեր ու սեռական օրգաններ կապել․․․ Հարևան վրանախմբերի մարդիկ հաճախ էին օգնություն խնդրում Զազեից, թանկ նվերներ էին բերում նրա համար, որովհետև ակնածանքով էին վերաբերվում նրա շնորհներին և լեղապատառ լինում նրա անեծքներից․ ասում էին՝ անգամ սատանան է ենթարկվում ու ծառայում Զազեին։ Պատանի Ռազոն թաքուն խնդրել էր, որ Զազեն հարևանի աղջկա՝ Լեյլայի սիրտը կապի իր սրտին։ Զազեն խառնել էր սուրճի մրուրը, տրորել էր քիթն ու թերահավատորեն նայելով Ռազոյի աչքերին՝ ասել․ «Ամեն ինչ քո ձեռքում է, տղա՛։ Եթե անես, ապա միայն դու պետք է անես»։ Երկու շաբաթ հետո Լեյլային նշանել էին։ Փեսացուն քաղաքի տղա էր, արևային ակնոցներ և մեծ մեքենա ուներ։ Ռազոն նորից էր գնացել Զազեի մոտ։ «Արդեն ուշ է, չես կարող աղջկա հոր հետ խոսել․ բայց, մի՛ վախեցիր, խոսի՛ր աղջկա հետ․․․ Եթե ինքդ չանես, ոչ մի կանաչ ու կարմիր թել չի օգնի, տղա՛», – ասել էր Զազեն։ Մի օր պղտոր լճակի ափին Ռազոն տեսել էր Լեյլային, բռնել էր նրա ձեռքն ու անմիջապես բաց թողել։ Լսված բան չէր, որ տղան ուրիշի հարսնացուի ձեռքը բռնի։ Ռազոն վախեցել էր Լեյլայի հորից, որն այդ պահին մահակը ճոճելով՝ նրանց կողմ էր եկել։ Երեկոյան այդ մարդու վրանի կողքով անցնելիս Ռազոն լսել էր Լեյլայի հեկեկոցը և մտովի պատկերացրել հոր ապտակն ու մոր նախատինքները։ Վախեցել էր վրան մտնել ու ասել, որ Լեյլային չնեղացնեն, որ ինքն էր բռնել Լեյլայի ձեռքը, որ Լեյլան մեղավոր չի․․․ Հետո Ռազոն գնացել էր քարայր-սրբավայր, խոնարհվել ներսում շարված քարերի առջև, մյուս այցելուների պես գումար ու կոնֆետներ նվիրաբերել, սրբերից խնդրել, որ Լեյլային չխլեն իրենից։ Ոչ մի քար, թել ու մրուր այլևս չէր օգնել Ռազոյին․․․ Բայց երկար ժամանակ վրանախմբերում մարդիկ թաքուն իրար էին պատմել, թե ոնց էր հարսանիքի ժամանակ Ռազոյի գելխեղդը կծել Լեյլայի փեսացուի ոտքը։ Զազեն մի բուռ խմոր էր հունցել, խմորի գնդի մեջ շան մազ ավելացրել և դրել վերքին։ Ասում էին՝ գելխեղդը հնազանդվել էր Զազեի բոլոր հրամաններին, վերջում եկել նստել էր Զազեի ոտքերի մոտ, իսկ Զազեն ասել էր․ «Սևմուրազ տերդ թաղեմ, խալխի տղային խի՞ կծեցիր»։
Լեյլայի ամուսնանալուց հետո Ռազոն երկար ժամանակ մեկուսանում էր իր հովիվ ընկերներից, չէր մասնակցում զոռոցիին, քարտեզների գիրքը չէր հանում պայուսակից, ժամերով նստում էր խոտին ու նայում արածող գառներին․․․
Վերջերս սկսել էր նաև սրահում մեկուսանալ․ չէր մասնակցում քննարկումներին, չէր զրուցում գործընկերների հետ, լսում էր և լռում։ Ռազոն քաղաքում վրան չուներ, հոգին թեթևացնելու ոչ մի տեղ չուներ, յուրայիններն էլ շատ հեռու էին, գարնանն ու ամռանը սարում էին, աշնանն ու ձմռանը՝ գյուղում։ Ընդմիջումների ժամանակ Ռազոն կողպում էր իր աշխատասենյակի դուռը, լավաշի մեջ փաթաթած գառան դմակ ուտում, հետո հոտավետ օճառով լվանում ձեռքերն ու շրթունքները։ Աշխատասենյակի պատերին Ռազոն իր մանկության վրանի գույներով ու երանգներով մոխրագույն պաստառներ էր փակցրել։ Բայց մայրն այդտեղ չէր, որ նստեր ու շոյեր որդու՝ ջրծաղիկից հետո խորդուբորդ դարձած ճակատը։
Լեյլայի ամուսնանալուց հետո Ռազոն այլևս ոչ ոքի հետ չէր մրցում։ Դանդաղում էր և ճեմելով, իր շան հետ խաղալով՝ ամենավերջինն էր հասնում պղտոր լճակին։ Առանց շտապելու ջրում էր իր գառները։ Կանգնում էր լճի ափին, ջրի մեջ տեսնում էր իր արտացոլանքը, հետո փակում էր աչքերը, հիշում էր Լեյլայի երկար մազերը, գրկում և շոյում էր իր ուսերը, հիշում էր Լեյլայի լացը, ինքն էլ հեկեկում ու տնքում․․․ Մի տարօրինակ ջերմություն էր հարվածում Ռազոյի գաղթունին․ միայն հավատարիմ գելխեղդն էր տեսնում, թե Ռազոն ինչ է զգում և ինչ է անում։ Հետո Ռազոն նստում էր լճի խոնավ ափին, իրեն մեղավոր էր զգում իր արած-չարածների համար, մեղավոր էր զգում, որ համարձակություն չունեցավ, մեղավոր էր զգում, որ թողեց մեկ ուրիշը տանի Լեյլային։ Հանում էր հագուստը, լողում էր պղտոր լճում, ապա հագնվում ու ոչխարի հոտն առաջը գցած՝ մոխրագույն վրանի կողմ էր գնում․․․
Հետո Ռազոն մեծացավ, գնաց քաղաք, որպեսզի նոր բաներ սովորի։ Արդեն հազվադեպ էր սար գալիս։ Ամեն անգամ սար գալուց առաջ ուզում էր մոր համար մի զույգ կոշիկ գնել, բայց միշտ փողը չէր բավականացնում։ Մտածում էր․ «Հենց աշխատանքի անցնեմ և գումար վաստակեմ, մորս համար հարմարավետ կոշիկներ կգնեմ, Զազեի կոշիկների պես փայլուն ու թանկարժեք»։ Մի անգամ սար եկավ, զբոսնեց լճի ափին ու գնաց քարայր, որի սրբերը տարիներ առաջ չէին լսել աղոթքը և գեղեցկուհի Լեյլային պաշտպանելու ոգի չէին տվել․ ոտքով հարվածեց շարված քարերին, հավաքեց ուխտավորների թողած դրամները և քաղաք վերադարձավ։ Երբ քաղաքում առաջին անգամ մետրո մտավ, քարայրի հոտն ու խոնավությունը զգաց․․․ Ջղաձգվեց։ Ձմեռային մի երեկո մետրոյի մուտքի մոտ մարմնավաճառներ տեսավ․ աղջիկներից մեկն այնքան նման էր Զազեին․ նուրբ, սպիտակ մատներ ուներ, կարճահասակ էր ու ժպտերես։ Ռազոն էլ հակառակի պես շատ բարձրահասակ էր, բայց փոքր, թերզարգացած անդամ ուներ։ Ռազոն քարայր-սրբավայրից գողացած ողջ գումարն այդ աղջկան տվեց, որպեսզի կարողանա իր ուզածն անել։ Ջերմությունը հարվածեց Ռազոյի գաղթունին, նա հաճույքից տնքաց և մի քանի վայրկան իրեն գելխեղդ զգաց․․․
Ռազոն Զազեին վերջին անգամ պատերազմից հետո էր տեսել։ Գյուղում մարդիկ Ռազոյին ասել էին, որ Զազեի թոռը զոհվել է, և Զազեն այլևս մրուրով ու թելերով ոչինչ չի անում։ Զազեն հեռվից տեսել էր Ռազոյին ու գոռացել․ «Քեզ նման ողորմելի վախկոտներն են փորձում փոխել Աստծո գծած քարտեզը։ Չեք կարողանալու փոխել, ձեր գործը կիսատ է մնալու, սատանան ձեզ մոլորեցնելու է սարերի ու ձորերի մեջ»։ Ռազոյին տանջել էր մեղավոր լինելու զգացումը, բայց նա փորձել էր ինքն իրեն համոզել, որ չի վախենում Զազեի անեծքից․ եթե Զազեն իրեն չի կարողացել օգնել, ապա անեծքն էլ որևէ զորություն չի ունենա․․․ Կարծես Զազեից վրեժխնդիր լինելու համար այդ երեկո Ռազոն ակումբ էր գնացել, մի լավ զվարճացել էր որդեկորույս քաղաքում և հենց ակումբում էլ ընկերուհի գտել․ սիրուն աղջիկ էր, թխամաշկ գեղեցկուհի Լեյլային էր հիշեցնում։ Ռազոն նրան գերել էր սարի ու պղտոր լճակի մասին իր պատմություններով։ Ընկերուհին հոտավետ օճառների հավաքածու և իր նախկին ամուսնուց մնացած թանկարժեք ժամացույցներ էր նվիրել Ռազոյին։ Ռազոն պատմել էր սարի գույնզգույն ծաղիկների մասին, նայել էր ժամացույցին և ասել, որ ուշանում է, պետք է սրահ գնա․․․
Քայլում է Ռազոն սարն ի վեր, ժամանակ առ ժամանակ քորում է վիզը, սովորության համաձայն վախից վեր է թռչում, հետո հիշում է, որ այլևս սրահում չէ, կիսաբաց է անում բերանը, լեզվով շոշափում դեղին մետաղից սարքած ատամը, գոհ ժպտում է․․․ Ոչ մի ժամացույց այլևս չի շղթայում Ռազոյին․․․ Քիչ է մնացել, ուր որ է Ռազոն իր յուրայինների վրանախմբին կհասնի։ Հուզմունքից շնչակտուր է լինում։ Երբեմն հիշում է սիրուն ընկերուհուն և նորից իրեն մեղավոր է զգում, որ այդպես էլ չէր համարձակվել աղջկան իր հետ սար բերել, ցույց տալ պղտոր լճակն ու բուրումնավետ ծաղիկները։ Ընկերուհին ամեն ինչ արել էր, որ Ռազոն իրեն գելխեղդ զգա, բայց շուտով հեռացել էր և հաշտվել իր նախկին ամուսնու հետ․ չէր կարող լոկ սարի ծաղիկների մասին պատմություններով ապրել․․․
Վերջապես Ռազոն հասնում է իր հարազատ վայրերին և զարմանքով տեսնում, որ յուրայինների վրանախումբն այդտեղ չէ։ Դեգերում է դատարկված բացատում․ հարևան վրանախմբերը նույնպես չկան։ Ռազոն փորձում է չմտածել քաղաքի իր ընկերուհու մասին ու լճի կողմ է վազում։ Սարսափով տեսնում է, որ ջուր չկա․․․ Լճից մնացել է կնոջ շրթունք հիշեցնող եզրագիծը։ Ռազոն քայլում է չորացած հողի վրայով, ոտքով հարվածում մամռակալած քարերին, ինչ-որ քարայրի մոտք է տեսնում, ուզում է ներս մտնել, բայց հասկանում է, որ ոչ թե քարայրի, այլ մետրոյի մուտք է։ Ներսից վագոնների ձայներ են լսվում, և խոնավ քամին շոյում է Ռազոյի այտերն ու քիթը։ Մետրոյի մուտքի մոտ կոշիկի խանութ կա, կանգնում է կոշիկի խանութի մոտ, հիշում է, որ պայուսակում կնոջ կոշիկ կա․ գնել էր, որ մորը նվիրի։ Խանութի ապակիների մեջ Ռազոն իր արտացոլանքն է տեսնում։ Ամենևին չի փոխվել, պղտոր լճի ջրի մեջ էլ նույնն էր․ հա, ինքն է՝ իր բարձր հասակով ու փոքր առնանդամով։ Նաև անբաժան պայուսակն է երևում։ Ռազոն սերտաճել է պայուսակին։ Ապակու մեջ Ռազոյի արտացոլանքը բազմապատկվում է, հարյուրավոր Ռազոներ են երևում, բոլորը նույնն էին, և ամեն մի Ռազոն անսահման միայնակ է։ Ամեն մի պայուսակում փիլոնազուրկ հոգևորականի մի սև մեքենա, մի կողոպտված սրբավայր, մի քանի ծեծված կին, մի ցամաքած լճակ և մի զույգ կոշիկ կա։ Հանկարծ Ռազոն մեքենաների շչակների ձայներ է լսում․․․ Տաքսիների վարորդները հայհոյում են, անծանոթ կանայք ամոթանք են տալիս և հեռու փախչում․․․ Զազեից վրեժխնդիր լինելու համար Ռազոն մորեմերկ կանգնել է մետրոյի մուտքի առջև և գիջություն է անում։
