Պատմվածք, Սեդա Մինասյան

«Խուճկուկու»

Մեր թաղեցի Լուսիկ տատին շատ էի սիրում։ Ինքն էլ ինձ էր շատ սիրում ու միշտ բաժին էր հանում իր աճեցրած բանջարեղենից։ Ափսոս շուտ մահացավ։ Շատ լավ եմ հիշում օրը, երբ առավոտյան իմացա, որ Լուսիկ տատը մահացել է։ Դպրոցական երեխա էի, դասի ժամանակ չէի կարողանում կենտրոնանալ։ Երբ ուսուցչուհին հարցրեց` ինչ է պատահել, աչքերս լցրի.

-Մեր հարևանն է մահացել։

Սպիտակ, փափլիկ կատու ունեին Լուսիկ տատենք։ Երեք տարեկան կլինեի, սիրեցի՝ մռռաց, ոգևորվեցի։ Հենց ձեռքս հասավ պոչին, իրեն թափ տվեց ու ձեռքս դաստակից վեր կծեց․ ինչ իմանայի, որ չի սիրում, երբ պոչին են ձեռք տալիս։ Դա առաջին (ու ինչքան հիշում եմ վերջին) դեպքն էր, երբ կենդանին ինձ վնասեց։ Լացեցի, ոչ այնքան ցավից, որքան վիրավորանքից․ Կատվից էի նեղացել։

Լուսիկ տատը մոտեցավ, բռնեց ձեռքս ու ասաց.

-Տես հիմա ինչ կանենք,- աջ ձեռքի երկու մատով բռնեց ձեռքիս դարձերեսի մաշկը, հետո ձախ ձեռքի երկու մատով բռնեց իր աջ ձեռքի դարձերեսը ու լսվեց նրա կամացուկ շշունջը: Դա մի վեց-յոթ տողանի ոտանավոր էր, որից հիշում եմ միայն սկզբի մի քանի բառը, ինչ-որ «Ծի՜վ, ծի՜վ խուճկուկու…»։

 Լուսիկ տատը մահացավ։ Այդպես էլ չհասցրի հարցնել` այդ ինչ կախարդական «խուճկուկու» էր, որ կատվի կծածի ցավն անցկացրեց։

Լուսիկ տատը շատ երեխաներ ուներ, կեսին չեմ էլ ճանաչում, որդուն գիտեմ, որ, ասում են, գնաց արտագնա աշխատանքի, մոր մահից հետո որոշեց, որ հետ չի գալու։ Կնոջը թողեց մենակ, կինն էլ երիտասարդ տարիքում (կարծեմ` քառասունութում) մահացավ։ Թաղում ասում էին․ «Խեղճը մարդու դարդից գնաց»։ Մեկ էլ թոռանն ու թոռան ընտանիքին գիտեմ (վերոնշյալ խեղճի որդուն): Սմբոյի կնոջ անունը Գայանե էր, թաղում նրան Գայանիկ էին ասում։ Երեխաներ ունեին`մեկը մեկից լավն էին։ Լավ ընտանիք էին Սմբոն ու Գայանիկը, մինչև էն պահը, որ իմացանք Սմբոյին աշխատանքից հեռացրել են։ Գայանիկը չէր աշխատում (Սմբոն թույլ չէր տալիս)։

– Է՜, Գայան ջան, բա ո՞նց եք ապրելու,- հարցրեց մեր թաղի կանանցից մեկը։Գայանիկը խանութից էր գալիս։

– Չգիտեմ, Արուս տոտա, մի բան կանենք, էլի, Սմբոն նորից աշխատանք է փնտրում, մինչև գտնի՝ մի ձև յոլա կգնանք։

Ասաց ու ներս մտավ իրենց մե՜ծ դարպասներից։ Միայն այդ ժամանակ կիսաբաց դարպասից նայելով տեսա Լուսիկ տատի երբեմնի բերքառատ բանջարանոցը՝ Հողը տնքում էր անգործության ծանր ցավից։ Միայն տեղ-տեղ աներես կանաչ էր աճել։

Արդեն աշուն էր, երբ իմացանք, որ Սմբոն ուզում է գնալ արտագնա աշխատանքի։ Ամենքից շատ հորաքույրն էր ծանր  տանում։ «Ես իմ ախպոր երեսը արդեն տաս տարուց ավելի է չեմ տեսել էդ անտեր «խոպանի» պատճատով, էն խեղճ հարսս՝ ինչ իմացավ մարդը ընտանիք ունի դրսում, սիրտը չդիմացավ։ Իբր գնացել էր տունը պահելու, ինքն իր ձեռով իր տունը քանդեց, հիմա էլ մեզ է իրեն կարոտ պահում, Սմբոյիս չեմ թողնելու,ոչինչ,ես կօգնեմ, Գայանիկի տանեցիք կօգնեն, կապրեն»։ Ասում են բռնկուն բնավորություն ուներ Սմբոն, պատվախնդիր ու մի քիչ «խելառ» ՝մեր թաղի տատիների բնորոշմամբ։ Կարճ ասած այն տեսակից չէր, որ պիտի սպասեր` ով իրեն կօգնի, որ որդուն աշնանային կոշիկ առնի։

Գարնանամուտին իմացա, որ Սմբոն այունաամենայնիվ գնացել է։ Գայանիկը պատմում էր, որ սկզբում ամեն ինչ լավ էր.

-Սկզբից շատով-շատով ուղարկում էր,- ասում էր Գայանիկն ու տրորում ձեռքերը,- ասում էի՝ մի տարի էսպես աշխատի, բոլոր պարտքերից կպրծնենք, կգա։ Հետո ամեն հաջորդ ամիս նախորդից ավելի քիչ էր ուղարկում։ Էդպես՝ էնքան, մինչև հիմա էլ այլևս չի ուղարկում, չի զանգում, զանգերին չի պատասխանում։

Մի քանի ընկերով էին գնացել Սմբոյենք, աշնան սկիզբ բոլորը վերադարձան, բացի Սմբոյից։

Վանիկը գնաց Սմբոյենց տուն՝ Գայանիկին տեսնելու։ Լսվեց դռան այնքա՜ն մեղավոր թակոց, ասես ինքն էր լքել ընտանիքը.

-Բարև Գայան ջան, ինձ Սմբոն է ուղարկել։

– Դե, ինչ ես շեմին կանգնել՝ գլուխդ կախ, դու հո մեղավոր չես, որ Սմբոն չի էկել, արի նստի։

Գայանիկը սեղանին դրեց իր լեզվով ասած «շուշա» կոնֆետները (մի անգամ ասաց ուրիշը չեն կարող իրենց թույլ տալ) ու մի բաժակ սուրճ՝ մենակ Վանիկի համար։

Վանիկը գրպանից մի հինգ-վեց հազար ռուբլի գումար հանեց ու դողացող ձեռքով դրեց սեղանին.

– Էս է ուղարկել, քուր ջան,- հայացքը չէր բարձրացնում,- մեկ էլ էս համարը տվեց, ասաց․ «Գայանիկին կասես զանգի, ես ինչ պետք է՝ իրեն կասեմ», դե, ես գնամ:

Վանիկը վեր կացավ ու արագ քայլերով հեռացավ չդիպչելով ո՛չ սուրճին, ո՛չ կոնֆետներին։

Գայանիկը նստեց Վանիկի նստած տեղում, դիմացը քաշեց սուրճի բաժակը, մի կում արեց (հազիվ կուլ գնաց), վերցրեց հեռախոսն ու հավաքեց համարը։ Անջատվեց։ Անհարմար լռություն։ Վերջապես լսվեց պատասխան զանգը.

-Գայանիկ, բարև, Վանիկը երևի արդեն տվել է գումարը, էրեխեքին դպրոցի մի բան կառնես։ Ես էստեղի քաղաքացիության համար եմ դիմել, զագսվել եմ մի կնոջ հետ, որ շուտ տան քաղաքացիությունը, դե մենք զագսավորված չէինք, ամեն ինչ հեշտ ստացվեց։ Երբ որ ստացվի ամեն բան կգամ էլի, երևի…։ Ձեզ լավ նայեք, ցը։

Սմբոյի ձայնը էլ չկար, փոխարենը կար անջատված հեռախոսի «տու-տու-տու»-ն։ Գայանիկը գլուխն առավ ափերի մեջ՝ մտածելով , ինչպես պետք է կերակրի երեխաներին, դիմացը քաշեց հայտարարություններով լի թերթն ու այդ պահից սովորեց հույսը դնել միայն իր վրա։

Ափսոս Լուսիկ տատը չկար, որ բռներ Գայանիկի ձեռքի դարձերեսն ու մի կախարդական «խուճկուկու» աներ՝ իրենց տան հարսի ցավը անցներ։