Ղարիբը վերադարձավ: Ամառվա կեսին: Թե ասես գործ չկար, չէ՛: Գործ կար: Գործ շատ կար: Ղարիբը միշտ էլ գործ ուներ: Արդեն երեսուն տարի, ինչ Ռուսաստանի ճամփեն Ղարիբի համար ջրի ճամփա դարձավ, իսկ ավելի ճիշտ` Ռուսաստանը նրա հիմնական աշխատավայրը: Ասենք` էն ոչուփուչ Սովետի ժամանակներում էլ Ղարիբը միշտ գնում էր Ռուսաստան: Բայց էն ժամանակ ուրիշ էր, էն ժամանակ գնում էր հանգստանալու, անապաներում ու սոչիներում, պյատիգորսկներում ու կիսլովոդսկներում քեֆ քաշելու: Իսկ հիմա` երեսուն տարի շարունակ, Ղարիբը գնում էր Ռուսաստան` աշխատելու: Էն օրերից, ինչ աղետալի երկրաշարժը պատուհասվեց, Գյումրին ավերվեց, ամեն կարգուբարք խախտվեց ու խարխլվեց, ըստ այդմ` Սովետ կոչված արհեստական թյուրիմացությունը բուռն հոգեվարք ապրեց, որ ավարտվեց էդ կարգերի փլուզմամբ` դրանց բռնապետական ամենաթողությամբ հանդերձ: Էդ ամենի հետ մեկտեղ, դեռևս Սովետից սկսած, անկախացած հետխորհրդային Հայաստանում ինչքան գործարան ու ֆաբրիկա կար, ինչքան կայք ու կարողություն` նոր իշխանավորներն ու նրանց մերձավորները, ինչպես էն ժամանակ ու դրանից հետո խոսվում էր դրա մասին, մեջ-մեջ արեցին. փակեցին, թալանեցին, լափեցին, հաստոցները տարան` մետաղի ջարդոնի տեղ վաճառեցին պարսկաստաններում ու թուրքիաներում: Բայց էդ ամենից Ղարիբենց ընտանիքին բան չհասավ, թեպետև հենց էդ տարիներին Գյումրու «Վտոռչեռմետի» բազմամյա տնօրենը նրանց Վահրամ հայրն էր` ազնիվ-անկաշառ մի մարդ, էն ժամանակների, ներկայիս համար ևս` որպես բացառություն, ով երկար տարիներ լինելով էդ պաշտոնում` կաշառք-մաշառքի հետ գործ չունեցավ, բացի որոշ մանրմունր գործերից հետո, թերևս, ուտել-խմելու հրավերներից, ի հետևանս ինչի էլ հաստոցային մետաղաջարդոնի խոշոր ու թալանչիական արտահանումները շրջանցում էին նրա` իբրև մասնագիտացված հիմնարկի տնօրենի «դաբռոն»: Ողջ կյանքում սոսկ մեկ անգամ պաշտոնի բարեպատեհության ընձեռնած հնարավորությունը չշրջանցեց հորը, երբ հաշվի առնելով նաև Մեծ Հայրենականի մասնակից լինելու հանգամանքը, երկրաշարժից հետո նրա ընտանիքին բնակարան հատկացվեց արտահերթ կարգով: Բայց կյանքում` ընդհանրապես, վաղնջական ժամանակներից ի վեր, իսկ Ղարիբի պարագայում` հատկապես, ծննդյան օրից` մինչ ի մահ, շատ բաներ շրջանցեցին նրան: Նույնկերպ էլ մինչ օրս համայն աշխարհում դեռ շրջանցվում են ամեն կարգուբարք: Ու դրա հետ անուղղակիորեն կապված, կամ` ինչպես մայրն էր պարբերաբար չարախնդում` հոր անբաշարությամբ պայմանավորված, անցած բոլոր ժամանակներում Ղարիբի գործը ռուսաստաններում էր, ինչի շնորհիվ էլ ընտանիք պահելու էդ ժամանակներում հեռվից հեռու էր շահում-պահում իր ընտանիքը: Եվ այժմ անկողնում պառկած` ուշքն ու միտքն էլի՛ Ռուսաստանում էր: Մի փեշ փող ծախսեց` կացության իրավունքի էն անտեր թուղթը ձեռք բերելու համար: Որ այդուհետ ավելի հանգիստ ու ապահով գնա-գա: Թե չէ` ինչի՞ նման է. հունվարի վերջերին գնում է, դեկտեմբերի սկզբներին` գալիս, դա էլ հերիք չէ, դեռ երեք ամիսը մեկ` մի օրով Ուկրաինա է գնում-գալիս, որ սահմանն անցնի և անձնագրի մեջ մի կնիք էլ ավելանա, որ կվկայի, թե ինքը չի խախտել Ռուսաստանում միանվագ կեցության իննսունօրյա ժամկետը: Երբեմն միայն, որոշ հանգամանքների բերումով, անվախտ-բեվախտ Հայաստան էր վերադառնում ու սահմանն անցնելու կնիքի հարցն այդպես լուծում: Էն մի տարին հոր հուղարկավորությանը եկավ: Հայրը տարիքն առել էր, հիվանդ էր, զուր տեղը տանջվում էր, մեռավ` մեռոնվավ: Հաջորդ տարի եկավ դստերը նշանեց-պսակեց, էլի գնաց, մի տարի անց անվախտ-բեվախտ եկավ միջնեկ քրոջ կրտսեր որդու` սիրելի զարմիկի ամուսնության առիթով:
Երբեմն-երբեմն այդպես անվախտ-բեվախտ Հայաստան գալով` տարվա մեջ գոնե մեկ անգամ ձերբազատվում էր անիմաստ Ուկրաինա գնալ-գալուց: Ա՛խր, Ուկրաինայում ի՞նչ շունն էր սատկել, որ ստիպված էր գնալ-գալ: Էնքան որ, ճանապարածախսով պայմանավորված, էժան էր նստում: Իսկ էս տարվա գալու հարցն ըսենց անվախտ-բեվախտ` ուրիշ էր: Թյո՛ւ, ոտուգլուխ երկու ամիս տանը լինելով` եղած-չեղած` Նոր տարին է սոսկ դիմավորում-ճանապարհում ընտանիքի հետ, մեկ էլ էդ կիսատ-պռատ երկու ամսվա ընթացքում տան պակաս-պռատ գործերն առաջ տալիս. մի տարի էս մի սենյակի նորոգում-կահավորումը, մյուս տարի` էն մեկինը, մեկել տարի` մյուսինը, ապա` չորսսենյականոց բնակարանի դռների ու լուսամուտների եվրոյացումը, իսկ ամենադժվարն անցյալ տարվա գործն էր: Քարուքանդ բաղնիք-մաղնիքը սարքուկարգի բերելը զոռ եղավ. սալիկապատումն ու մյուս բաները թանկ նստեցին: Ռուսաստաններից գրեթե ամեն ամիս դրամական կանոնավոր փոխանցումներից զատ` դրսում հավելյալ ինչ աշխատում էր` ամեն տարի բերում ու տան մեջ մի գործի վրա էր ծախսում: Դե ինքն էլ գործի մարդ էր, ձեռքի հետ էլ` ամեն արհեստի տիրապետում էր, ձեռքերից ոսկի էր կաթում. ամեն գործ էլ ձեռքից գալիս էր` դրսում թե՞ ներսում, հատակից մինչև առաստաղ, պատից` պատ: Դա էր, ու որոշել էր էս տարի լրջորեն զբաղվել որդուն պսակելու գործով: Էն էլ` ըսենց. անտանելի ցավն ընկավ ջանը, նեղում է, շատ է նեղում, շունչը կտրվում է: Ու բժիշկներն ասել են, որ է՛լ ճարուհնար չկա, թերևս` վիրահատեն…
Է~հ, սրանից հինգ-վեց տարի առաջ ևս մի վիրահատություն արեցին, որովհետև կոկորդն անասելի ուռել էր. արդեն քանի~ տարի կզակի տակից վզնոցի նման կրծքի վրա կախ ընկած խպիպը ներսից դուրս էր պրծել, թեպետև բացի արտաքին անդուր տեսքից` իրեն ուրիշ նեղություն չէր պատճառում, անհարմարություններ չէր հարուցում, շնչարգելություն էլ չուներ, ոնց որ` հիմա: Մինչդեռ, երբ էն ժամանակ` վիրահատությունից հետո բժիշկներն ասացին, որ այդուհետ պիտի տարին երկու անգամ կանխարգելիչ բուժզննում անցնի, Ղարիբն առարկեց, թե երկու անգամ չի կարող. հունվար-դեկտեմբերի ժամանակացույցից դուրս տարվա կեսին երթուգալը վրան թանկ կնստեր: Գործերի գլխին կանգնել էր պետք, օտարության մեջ շինարարական բիզնես դնելն ու կառավարելը հեշտ չէր: Իհարկե, Ուկրաինա գնալ-գալու փոխարեն` մեծ հաճույքով Հայաստան կգար, տնեցիներից կարոտը կառներ, բայց այդպես թանկ կնստեր: Էդ ժամանակ բժիշկներն առաջարկեցին գոնե տարին մեկ, երբ դեկտեմբերին վերադառնում է, մի քանի օր տրամադրել բուժզննմանը: Չգնաց, ոչ մի անգամ չգնաց: Այդպես էլ անցած բոլոր տարիներին դեկտեմբեր-հունվարի միջակայքում ժամանակ չհատկացրեց բուժզննումների համար: Իսկ տնեցիների հորդորներին թերահավատորեն պատասխանում էր. «Տո՛ լավ, է˜, հո՞ իմ առողջության դարդը չեն, իրենց փողի դարդն են»: Դե՛, հիմա էլ` այսպես, ընկավ ու ընկավ, ու Աստված գիտի` է՛լ ոտքի կկանգնի՞, թե` չէ՛: Յուղաբեր մամը կասեր. «Վօվ ի՞նչ էնե, իրան կէնե»…
Շոգ ամառ: Գործերը թողած` եկել էր, ու չհասցնելով տնեցիներից կարոտն առնել` ընկել հիվանդանոցները: Ոչ մի տեղ հանձն չէին առնում որևէ միջամտություն կատարել` ասելով, որ ուշ է արդեն, շատ ուշ: Իհարկե, իրեն ոչինչ չէին ասում, անխոնջ փեսային ու «կայֆարիկ» եղբորն էին ասում: Նրանք էլ իրենց հերթին ոչ ոքի ոչինչ չէին ասում, բայց ինքը` Ղարիբը, հո՞ գլխի էր ընկնում, թե ինչն ինչոց է: Ա~խր, խեղդվում էր, օդը կոկորդից ներս չէր թափանցում, որովհետև շնչափողն ասես շուրջանակի սեղմված լիներ կոշտուկոպիտ աքցանի մեջ: Շնչահեղձ էր լինում շարունակ: Հենց էդ ժամանակ մի նշանավոր բժիշկ հանձն առավ մի միջոց ձեռնարկել` առանց որևէ նշանակալի հույս ներշնչելու` ավելորդ համարելով դա: Ինչ կլինի` թող լինի. միևնույն է` էս մարդը չի կարողանում շնչել: Ու օրհասական վիրահատությունն էլ, որ նախապես ասաց, թե մի քանի ժամ կտևի, երևի՞, եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, ընդամենը ժամուկես տևեց, որ հնարավորություն տվեց սոսկ ապահովել շնչառությունը` շնչափողից ախտահարված հատվածը կտրելով ու դրսից կոկորդի վրա մի անցք բացելով, որտեղ էլ մի խողովակ դրվեց, ու` վե՛րջ… Մարդը «նագլիություն» չարեց. բարդ վիրահատության դիմաց նախապես վճարված գումարի զգալի մասը վերադարձրեց: Եվ այդուհետ հույսերը մնացին սրսկումները, քիմիաթերապիան ու ճառագայթահարումը` նայած թե օրգանիզմը ո՞նց կարձագանքի նշանակումներին, որ արդեն պիտի Գյումրիում կատարվեին: Ավելի լավ, տանը կլինի` մերձավորներով շրջապատված: Թեպետև էդ վիրահատության արդյունքում Ղարիբը զրկվեց նաև խոսելու հնարավորությունից, ու մարդկանց հետ հաղորդակցվելու միակ ձևը դարձավ գրագրությունը: Դեռ լավ է, որ եղբայրը` Երջանիկը գրքեր, թերթեր բերեց, թե կարդա, ցրվի, որպեսզի զուր տեղը չնեղվի:
Եղբայրները ծնողների բնավորության հիմնական գծերի ժառանգությունը բնության թելադրանքով հիմնականում հավասարապես էին բաժանել. մինչ Ղարիբի ստացվածքը ներառում էր հորնումոր բնատուր աշխատասիրությունն ու կենցաղային հարմարությունների մասին հոգ տանելու մոր` ինչ-որ տեղ չափազանցված, մոլության աստիճանի հասնող «ձիրքը»` ամենից երկու բաժին, Երջանիկի ստացվածքն այլ նրբերանգներ ուներ, որ նույնկերպ կրկնակի բաժին էր կազմում` հորնումոր անսպառ ժրաջանությունից, միաժամանակ` հայրական ուտել-խմելու, քեֆ անելու գրեթե մշտագո անհոգությունը, վրադիր` մայրական` որոշ առումներով անջիգյար սառնությունից զերծ բնավորությունը, հետն էլ` որոշ հարցերում անտարբերության ինչ-որ գծեր: Ու զարմանալի չէր, որ հայրն ավելի շատ Երջանիկին էր սիրում, իսկ մայրը` Ղարիբին: Ու ծնողների ծնողական սիրո տարաբնույթ արտահայտման հարցում նվազ դեր չէին խաղացել եղբայրների ծննդյան և անվանակոչման հանգամանքները: Երբ երեք աղջիկ լույս աշխարհ բերելուց հետո` ծնվել էր Պահլավունյաց տոհմի հեռավոր ժառանգ Վահրամ Պահլավունու և նրա կողակից Լուսաբերի առաջին որդին, խորհրդապաշտ սկեսուրը դեռ ողջ էր, ու նրա կամային որոշմամբ է՛լ պարտադրվել էր նորածին տղային անվանակոչել Ղարիբ, իբր թե` նա է՛լ ամենքի նման մի ղարիբ էր էս ոչուփուչ աշխարհում: Նորածնի հայրն ու մայրը հիմնականում լուռ են մնացել. Յուղաբեր մամին հակադրվելու, հակաճառելու իրավունք նրանց վերապահված չէր բնավ: Թերևս, մի պահ միայն, Վահրամ հայրը մեղմորեն փորձել էր մորը տարհամոզել, որ որդուն գոնե Պանդուխտ անվանակոչեն, բայց` ապարդյուն:
Տարազան խորհրդանշանների պաշտամունք ուներ Յուղաբեր մամը, որ Լուսաբեր հարսին այդկերպ` անունով էր ընտրել, ով սկեսրոջ մահվանից շատ չանցած` իրեն այլևս Լուսիկ անունով ճանաչել տվեց: Իսկ երբ երկրորդ որդին լույս աշխարհ եկավ, ամուսնուն արդեն իր կամքը պարտադրեց Լուսիկը` տղային անվանակոչելու Երջանիկ, իբրև կյանքում երջանիկ լինելու առհավատչյա: Ինքզինքը Լուսիկ վերանվանած Լուսաբերը նույնիսկ մազաչափ կասկած չուներ, որ ցանկացած մարդ-արարածի կյանքում ամենակարևորը սեփական երջանկությունն է, իսկ այն ցանկացած գնով ձեռք բերելու իրավունքը` անսակարկելի, դա համարելով բախտավոր ապրելու միակ ճշմարիտ բանաձև, որը հետագայում արմատապես մերժելով` Երջանիկը սրբագրեց, ավելի բարձր և անգնահատելի համարելով այլոց համար ապրելու վճռականությունն ու կարողությունը, ուստի անձնազոհությունը հայտարարեց որպես ամենաբարձր առաքինություն: Մասամբ` պայմանավորված էդ սրբագրմամբ, երևի՞, Երջանիկը երջանիկ չեղավ, իսկ անունը կրճատվեց:
Ըստ Յունգի` հակադրությունները փոխկապակցված են, հաճախ` որպես մեկ էություն: Ըստ այդմ, չնայած եղբայրների բնավորության որոշակի գծերի` տրամագծորեն հակադրության պարագային, այլև` տարիքային որոշ տարբերությամբ հանդերձ, վաղ մանկուց սկսած` մինչ երկրաշարժը նրանք մեծամասամբ անբաժան եղան. տանը, բակում, մանկապարտեզից` մինչև դպրոց, մինչև ինստիտուտ, ծովափներում, այլուր` նրանց կյանքը շատ հարցերում սերտորեն միահյուսված էր: Այնինչ երկրաշարժը «ճշգրտումներ» մտցրեց, ու ո՛չ միայն եղբայրների կյանքում. շեն Գյումրին ավերվեց, հանրային կացութաձևը խարխլվեց, հետն էլ` գյումրեցու ներաշխարհն ավերվեց ու կեցությունը ձևախեղվեց:
Ու եղբայրների մոտ նույնպես շատ բաներ աղճատվեցին, թեպետև նրանց պարագայում երկրաշարժն անձնական անդառնալի կորուստներ չպատճառեց. իրենց ընտանիքներում զոհ չեղավ, նույնիսկ նրանց բնակարանները չփլուզվեցին, այլ` ընդամենը բնակվելու համար դարձան անպիտան: Ավելին` անգամ կահույքն ու կարասիները չվնասվեցին, ինչի կապակցությամբ Երջոն հաճախ էր հակադարձում երկրաշարժի հետևանքներից պարբերաբար դժգոհող մոր նաֆսոտ լացուկոծին` շեշտելով դրա հետևանքով իրենց ընտանիքներում ո՛չ միայն մարդկային, մինչև իսկ` նյութական մի ծեղ կորուստ չունենալու, նմանապես ամբողջ ունեցվածքի` անկորուստ պահպանվելու հանգամանքը: Իսկ երբեմն, երբ մայրը սովորականից ավելի անողոք էր արձագանքում որդու այսկամայն դրսևորման, հատկապես` մշտական կերուխումների, ավարա կյանք վարելու առնչությամբ, Երջոն ո՛չ որդիաբար հակադարձում էր` առանձնահատուկ ծաղրելով մոր «խռուստալապաշտությունը»` սովետական ժամանակներից եղած-մնացած…
Եղբայրների համար առանձնապես ցնցումնային էին երկրաշարժի հետցնցումնային առաջին օրերին «երևակված» տհաճ դեպքերը, ասենք` փլուզված «Գալակտիկա» խանութի «դիակապտության» հանգույն, երբ մոտերքով անցուդարձող պատվախնդիր գյումրեցին, որ անգամ մերձավորի կորուստ ուներ, տարբեր իրեր` հեռուստացույցներ, ռադիոընդունիչներ, նվագարկիչներ և նման զիզի-բիզի բաներ էր անմոռաց քարշ տալիս: Իսկ ամենաարգահատելին նրանց թվաց սմբուկի խավիարի դեպքը, երբ ականատես եղան, թե ի՞նչ հերթ էր գոյացել` իբրև օգնություն` սմբուկի խավիարով բարձած բեռնատարի մոտ: Իրենց մանկության տարիներին մանկապարտեզում միշտ հրաժարվում էին էդ խավիարը, Յուղաբեր մամի ասած` «դավի ցեռն» ուտելուց: Մինչդեռ գյումրեցիք էս ո՞ւր էին հասել, որ դրա համար հերթում միմյանց գլուխ էին ջարդում: Ի հավելումն դրա` մի միջոցի հերթին մոտեցավ մեկը, որ շեղվելով իր ճամփից` կիսախելագարի դրսևորումներով խցկվեց հերթի մեջ ու զիլ աղաղակեց, թե ինքը «ժաժքեն» զոհ ունի (իսկ ո՞վ զոհ չուներ, թերևս` քչերը)` անառարկելի երևույթով պահանջելով անհերթ «մե յաշիկըմ իդորից» տալ իրեն, երևի չիմանալով էլ, թե` ի՞նչ, ապա ուսելով ստացած արկղը` շարժվեց իր եկածին հակառակ ուղղությամբ, բայց մոտ տասը մետր գնալուց հետո` արկղը նետեց մայթին, հերսոտ հայհոյեց անհասցե ու թափ-թափ հեռացավ: Ա~խր, էդ արկղն իրեն հե՛չ պետք չէր…
Երկրաշարժից երկու տարի անց եղբայրները բաժանվեցին: Հարմար աշխատանք չգտնելով` Ղարիբը մեկնեց Ռուսաստան: Սկզբնական շրջանում արտագնա աշխատանքն ինչ-որ չէր ստացվում: Մեկ-երկու տարվա համառ մաքառումներից հետո, երբ հաջողվեց շինարարական բիզնեսում սեփական թեթև գործը ձեռնարկել, որոշակիորեն հունի մեջ գցել, ընթացքը կարգավորել, սկսվեց ու տասնամյակներ շարունակվեց նրա տարեկան երթուղին` տարեսկզբին Հայաստանից Ռուսաստան, տարեվերջին` հակառակ ուղղությամբ: Անշուշտ, ավելի շահեկան կլիներ ընտանիքը ևս տանել` այդուհետ զերծ մնալով ամենամյա երթուգալից, բայց ո՛չ ծնողները, ո՛չ էլ կինը` ո՛չ մի կերպ չհամաձայնվեցին տեղափոխվել, և հետագա ողջ ժամանակաընթացքում հենց կեցության էդ ձևը եղավ իրենց ընտանիքի մշտական ուղեկիցը: Միառժամանակ մերձավորների կարոտն անտանելի խեղդում էր. կապը` անհուսալի, հաղորդակցությունը` առավելաբար ուշացած նամակագրություններով, մինչ կապի ժամանակակից` հուսալի միջոցների հայտնվելու շնորհիվ հաղորդակցությունը հեշտացավ, դարձավ անմիջական, գրեթե ամենօրյա` դույզն-ինչ մեղմելով կարոտի զգացումը:
Իսկ Երջոն էդ նույն ժամանակ անվարան կամավորագրվեց Արցախյան ազատամարտին ու մեկնեց առաջնագիծ: Հայոց նորօրյա ազատագրական շարժման ակտիվ մասնակիցներից էր նա հենց առաջին իսկ օրերից, բայց երբ նրա համար նույնպես պարզ դարձավ այլևս, որ պայքարն ամենևին էլ խաղաղ ցույցերով ու հանրահավաքներով, այլևայլ խնդրագրերով ու հանրագրերով չի հանգուցալուծվելու, ինքը ևս առաջիններից մեկը եղավ, որ Ազատամարտին զինվորագրվեց:
Երջոյի համար նմանապես, ինչպես շատ ազատամարտիկների պարագայում, ամեն ինչ սկսվեց Երասխավանից ու շատերի նման նրա մարտական ուղու սկիզբը ևս Երասխավանը եղավ, առաջին մարտը Երասխավանում տեղի ունեցավ, և ինչպես ընդունված էր ասել` նա էլ մարտական մկրտությունն այնտեղ ստացավ: Ոմանց համար դա եղավ առաջին ու վերջին մարտը, իսկ մյուս ողջ մնացածների նման` նրա ՙբախտը բերեց՚, ու` ո՛չ միայն այնտեղ. նա ողջ պատերազմն անցավ տարբեր ճակատներում, նախ Այգեպար ու Ոսկեպար տեսավ, ապա Կոռնիձորով ու Շվանիձորով անցավ: Արդեն բավականին փորձառու` այդուհետ Շիրակ աշխարհի ջոկատներից մեկի քաջազուն բազեներին առաջնորդող Բասմաչ Միշայի հրամանատարությամբ, ում հետ մարտական եղբայրությունը հենց Երասխավանից էր սկսվել, նրա հետ էլ երկար ու տպավորիչ մարտական ուղի անցավ, որ հաղթականորեն ձգվեց Բերձոր-Լաչինից մինչև Հադրութ ու Հորադիզ, մինչ այդ պսակվելով նաև Շուշիի ազատագրմանը մասնակցությամբ, որտեղ ամենաթեժը Շուշիի մատույցներում էր` Ջանհասան-Քյոսալար բնագծում:
Հայրենիքը Երջոյի համար, զինակիցների նման, ամեն ինչ էր: Ոչինչ նրան հետ չէր պահում Արցախ մեկնելուց` ո՛չ կնոջ արցունքները, ո՛չ մանկահասակ զավակաց թախանձանքները, ո՛չ էլ անգամ բազմաթիվ վիրավորումները: Դե, իսկ ծնողներն ու մյուս մերձավորները վաղուց նրա վրա որևէ ազդեցություն չունեին: Որովհետև Երջոն ավելի քան համոզված էր. ՙԵթե ո՛չ մենք, հըբը` վօ՞վ՚: Դրանով հանդերձ հետագայում չէր սիրում խոսել պատերազմի, ճակատամարտերի մասին: Բայց անհերքելի էր, որ հայրենի հողն ու ջուրը նրա համար ամենակարևորն էին` կարոտ պաշտպանության, բնավ աններելի` անպաշտպան թողնելու: Որովհետև չէր ընդունում էն սին մտայնությունը, թե Հայրենյաց պաշտպանությունը նրա անպաշտպանվածության մեջ է:
Երջոյի վերջին ու հաղթական մարտը եղավ Հորադիզում` 1994-ի զինադադարից առաջ։ Հորադիզի մարտը շա~տ երկարեց: Ոսոխը, որ ամեն անգամվա պես, ինչպես հայոց բոլոր ուժերի պարագայում, իրենց ջոկատին նույնպես գերազանցում էր քանակով ու ռազմական տեխնիկայով, խիստ համառեց: Ու հրամանատար Բասմաչ Միշան, մի պահ շուրջը նայելով ու տեսնելով, որ ջոկատի մարտիկներից արդեն զոհեր կան, է՛լ չերկմտեց, թե որքան պիտի ձգվի գետնամած էդ անդուր վիճակն ու հաջորդ ակնթարթին, ոտքի կանգնելով, ջոկատին հրահանգեց. «Առա՛ջ, իմ հետևի~ց», ու նետվեց գրոհի: Ջոկատի բոլոր մարտիկները մի մարդու պես հետևեցին իրենց խիզախ հրամանատարին: Ու էդ անսպասելի գրոհը հանկարծակիի բերեց ոսոխին: Բայց շատ չանցած, երբ Բասմաչ Միշան փորձում էր հընթացս փոխել դատարկված պահունակը, խոցվում է: «Մարտը շարունակե՛լ»,- հնչում է վերջին հրամանը:
Երջոն 2016-ին չհասցրեց մարտադաշտ մտնել. կռիվը շուտ պրծավ: Աղետաբեր 2020-ին էլ ո՛չ մի կերպ չկարողացավ մարտադաշտ հասնել. ինչ-որ բան շարունակ արգելափակեց նրա ճանապարհը, մինչ անօգտակարության տանջող զգացումով ցնցվեց անփառունակ «պարտության» գիշերային բոթից, ինչը վերջնականապես ավերեց Երջոյի` առանց այդ էլ խարխուլ ներաշխարհն ու վայրիվերումներով լեփ-լեցուն կեցությունը: Իսկ անօգտակարության զգացումը, մի տեղ կարդացել էր, դիպուկահարից դիպուկ է զարկում, ալկոհոլից զիլ` սպանում: Հիրավի՛…
Թեպետ Ղարիբի հիվանդությամբ պայմանավորված` առօրյա ռեժիմում Երջոն մտցրեց որոշ ճշգրտումներ, բայց սկզբում հիմնական ընթացքը չփոխեց. առավոտյան գործի` պատերազմից իրեն «բաժին» հասած «օբեկտը» բացելու, ապա` ուտել-խմելու, հետո` տուն, իհարկե` բացառությամբ եղբորը բժշկի տանել-բերելու, հիվանդանոցում կամ տանը նրան այցելելու դեպքերի, որ բացառապես ամենօրյա բնույթ էին կրում, ինչի կապակցությամբ ուտել-խմելու հաճախականությունն աստիճանաբար կրճատվեց: Էդ բոլոր օրերին` շուրջ երկու ամիս, ինչքա՞ն ուշ լիներ, ինքն ի՞նչ հալի լիներ, հիմնականում քեֆը տեղը` թույլից` չափավոր, անպայման պիտի հանդիպեր Ղարիբին, գրքերից բացի` միշտ ինչ-որ բաներ հետը բերեր: Ամենօրյա ռեժիմով էդ այցելություններն առանձնապես շարժում էին Լուսիկ մոր զայրույթը, հիմնականում` «Ախպերդ` էս հալի՞ն, մենք` մեր դարդի~ն, դու` քեֆիդ-հավեսիդ, հա՞» արտանետ պարպմամբ, ինչին Երջոն հիմնականում արձագանքում էր… լռությամբ:
Ընդհանրապես էդ օրերին բոլոր մերձավորներն էին այցելում, ու բավականին հաճախակի` նույնպես գրեթե ամենօրյա ռեժիմով, որ իր վերադարձի առաջին օրերին Ղարիբը վերագրում էր իրենց կարոտն իրենից առնելու ցանկությանը, դե` ինքն էլ նրանց կարոտն էր առնում: Սակայն հետո, հարդյունս էդ ամենօրյա պարտադիր այցերի ու դրանց զուգընթաց` իր ցավերի սաստկացմամբ պայմանավորված, դեռևս երևանյան հիվանդանոցում վիրահատության պատրաստվելիս` իրական վիճակի մասին արդեն իսկ Ղարիբի մոտ հարուցված որոշ կասկածները, իրենց հերթին, է՛լ ավելի էին խորանում: Բայց դե` ինքը ևս լռում էր, ինչպես անխոնջ փեսան ու «կայֆարիկ» եղբայրը, որ շատ հաճախ էին առանձնանում խոհանոցում ու փսփսում: Մինչդեռ խոհանոցում նրանք, նաև` հավելած դինջ փեսան, ավելի շատ բաժակի հետ էին փսփսում, մինչ Ղարիբի «հավատացյալ» քույրերը նրա ննջարանում սփոփիչ ելույթներ էին ունենում` իբր նպատակ ունենալով ցրել նրա ընկճված վիճակը: Սակայն թարսի պես հակառակն էր ստացվում. «Ուզում էին լավ լինի, այնինչ լինում էր` ինչպես միշտ» բանաձևումին հույժ համահունչ: Եհովական ավագ քույրն անհոգնում աշխարհի մոտալուտ վախճանի անխուսափելիությունն էր գուժում` փրկության ելք առաջարկելով ապաշխարությունը: Իբրև սփոփանք` ավետարանչականների մի աղանդի հետևորդ միջնեկ քույրը կյանքի խոսքն էր քարոզում, որին Երջոն ծաղրանքով «կենաց» խոսք էր բնորոշում` «Էս կենաց խոսքն ես բերե՞լ մեր ախպորը», ինչին քույրն արձագանքում էր` «Կենաց չի, այլ` կյանքի», իսկ Երջոն, թե` «Բայց` ի՞նչ տարբերություն, կենացը հենց կյանքն է` հոգնակի թվով», ինչին Լուսիկ մայրը թունոտ արձագանքում էր, թե իբր էդ «կայֆարիկի» ուշքն ու միտքը կենացն է, ուրեմն, ինքն էլ փեսաների հետ էդ հոգնակին է կազմում: Էդ ամենի թագնուպսակը, սակայն, նիհիլիզմի հետևորդ չամուսնացած կրտսեր քրոջ` ամեն ինչ ժխտող, հետևաբար ամեն ինչ անիմաստ համարող «սփոփիչ» թեզն էր, որ շատ չէր տարբերվում եհովական քրոջ քարոզած` աշխարհի մոտալուտ վախճանի անխուսափելիության համոզվածությունից:
Ասես` մի սառնաշունչ ուրվական էր ծածուկ ներխուժել տուն. մահվան ուրվականը` կնգուղաձև սև գլխանոցով, գերանդին ձեռքին, մոտալուտ հունձքի ակնկալիքով: Ու թեպետև ոչ ոք էդ ուրվականին չէր տեսնում, բայց ինչ-որ առումով բոլորն էլ սպասում էին Ղարիբի ողբերգական վախճանին…
Ղարիբի օրվա ռեժիմը նույնպես կանխորոշվածության աստիճանի հստակ էր գծված. առավոտյան հիվանդանոց` բուժնշանակումներ ստանալու, ցերեկը` եղբոր բերած գրքերիթերթերի ընթերցում, երեկոներին` հեռուստադիտում: Սակայն էս «զբաղմունքը» շատ շուտ հոգնեցրեց. անհամ հաղորդումները և դատարկ սերիալները շատ արագ ձանձրացրին ու հոգնեցրին: Կադրից դուրս ծիծաղից բան չէր հասկանում: Մինչդեռ հին ժամանակներում կադրից դուրս ծիծաղն ինքնաբուխ հնչում էր կինոդահլիճներում` հանդիսատեսների անմիջական մասնակցությամբ, տանը` հեռուստացույցի առջև, բայց ոչ երբեք` ինչ-որ անհայտ տեղից: Չարլի Չապլինի, Լուի դե Ֆյունեսի, Ադրիանո Չելենտանոյի, Չաղ-Ցանցառ-Նիկուլին եռյակի, Շուրիկի, Ֆրունզի, Թաթիկ Սարյանի, Կարպ Խաչվանքյանի կերպարները, ո՞ր մեկը հիշես, իրենք էին ստիպում ծիծաղից թուլանալ, ոչ թե` ոնց որ հիմա, երբ նայում էր կադրին, բայց այդպես էլ ոչինչ ծիծաղելի չէր գտնում: Բնավ չէր գտնում, իսկ կադրից դուրս քրքիջն էր տարածվում. ովքե՞ր էին քրքջում, ինչո՞ւ, ինչի՞ վրա, ինքը բան չէր հասկանում: Մի տեսակ վատ էր զգում: Ի հավելումն մարմնական ցավի տագնապին` այլ մտահոգություն էր տանջում նաև. արդյոք հումորի նրբին զգացումը ևս կորցրե՞լ է, թե՞ նորելուկ բեմադրիչների հումորի զգացումն էնքա~ն խորն է, իսկ ինքն` էնքա~ն հնաոճ, մակերեսային, որ ոչ մի բան չի ըմբռնում: Զորօրինակ` «Հումորի ուրախ երեկո», որ անչափ տխուր էր, կամ թե` «Խոպանի տեսություն», թե՞ ցտեսություն, իսկ ավելի ճիշտ` չտեսություն, իսկ ինքն էդ խոպան կոչվածն արդեն երեսուն տարուց ավելի ներսից էր տեսել, ներսում տառապել, ու ոչինչ ուրախալի չէր գտել…
Այնպես որ, առավոտյան հիվանդանոցային այցերից ու նշանակումներ ստանալուց հետո, երբ իրեն ուժասպառ տուն էին բերում, ճաշելուց ու ցերեկային սուրճից հետո մի քիչ քնում էր, իսկ արթնանալուց հետո ամբողջությամբ տրվում ընթերցանությանը: Աստիճանաբար դադարեց նաև մարդկանց հետ շփվելուց, որովհետև հոգնում էր մտքինը երկար-բարակ գրելուց, իսկ դրա տևողությամբ պայմանավորված` հաճախ մոռանում էր մտքինը, իսկ շատ հաճախ համբերությունն էր հատնում` ռնգային անհոդաբաշխ ձայներ արձակելուց, որոնք դույզն-ինչ միայն որդին էր ընկալում ու արձագանքում:
Հիրավի՛, միայն ընթերցանություն էր փոքր-ինչ ցրում ձանձրույթը և տագնապը: Ամեն նյութի ընթերցումից հետո ասես մի գյուտ էր անում, նոր մի հայտնագործություն. շատ բաներ նրա համար իրոք նորություն էին, որոնք իրեն հասու չէին եղել` անցած տարիներին Հայրենիքից բացակայելու պատճառով, չհաշված` դեկտեմբեր-հունվարը, երբ, միևնույն է, ընթերցանությամբ կամ համանման այլ` հոգու և մտքի համար օգտակար բաներով չէր զբաղվում, բացի տան բանուգործից: Իսկ հիմա, իրական բանուգործից պարապ մնալով ու «ոչնչացումից» ինքզինքը փրկել փորձելով, Արիստոտելի` «Ոչինչ մարդուն այնպես չի ոչնչացնում, որչափ տևական անգործությունը» դիպուկ բանաձևումով ներշնչված` անհագորեն տրվեց ընթերցանությանը…
Ղարիբին առավել հոգեհարազատ էին մարդկային դեգերումներին առնչվող նյութերը` հանց իր կյանքի արտացոլանք, ասես` մտորումները որոշակի հուն ուղղորդող: Նրան հատկապես էդ ընթացքում նորեն զբաղեցրեց մոռացված մի միտք, որ դրանից առաջ ևս երկար տարիներ հանգիստ չէր տվել, ու վերաբերում էր մի թերմաշ ասացվածքի, որ հանիրավի վերագրվում է հայերին. «Որտեղ հաց` այնտեղ կաց», ինչը տեղով մեկ հորինվածք էր, որպեսզի էդ արգահատելի դրսևորումն իբրև հայի բնույթ ներկայացվեր։ Ավելին` մեզ ներշնչում են, հիմա` առանձնապես, թե հայն էդ բնույթն ունեցել է ի սկզբանե, ինչն իրերի ճշմարիտ վիճակը նենգաբար քողարկող` գետնաքարշ փիլիսոփայությամբ համեմված քարոզչական եղծուպիղծ մի կեղծիք էր։ Իրականում դա հին հունական ասացվածք է, երբ անտիկ դարերում գաղութացվում էր սևծովյա ափամերձը, որն ավելի ուշ փոխառնվեց հրեաների կողմից` Քանանը զավթելիս:
Ու որովհետև վերջին հարյուրամյակում` խորհրդային յոթանասուն և անկախության երեսուն տարիների ընթացքում, մեր մարդկանց ուղեղները լվանալու գործն իր կատարելությանն էր հասել, հիմա էլ հային փորձում են զրկել իր արմատներից ու հիշողությունից, ինչին մեծ հաջողությամբ օժանդակում են հայի ազգանուն կրող գոյանքները: Ու մինչ օրս` հարյուրամյակներ շարունակ, ոչ ոքի մտքով իսկ չէր անցել` Հայաստանից հեռացողներին անվանարկել` իբր «հայրենիքը լքողներ»: Նրանց կոչել են ղարիբներ, ղարիբության գնացողներ, ճիշտ` իր նման։ Իսկ թե ինչո՞ւ էին տունուտեղը թողած, իրենց օջախների ծուխը մարելով` հայերը գնում ղարիբության, պանդխտության, ոչ մի սպառիչ պատասխան չի տրվել, ի բացառյալ պանդխտության երգերի, որ տխուր խոհեր են։ Դե՛, նրա` Ղարիբի համար էլ ղարիբի, օտարականի երգերը տխուր են, զի պանդխտությունն ինքը տխուր բան է…
Ու է՛դ մտորումների հետ մտովի մե՛րթ «Կռունկն» էր դնդնում. «Թողել եմ և եկել մըլքերս ու այգիս… Աղուհացակեր մարդկանց կարոտ մնացինք», մե՛րթ «Ծիծեռնակը» մղկտում. «Անդ հեռու ալևոր հայր ունիմ սգավոր, որ միակ յուր որդուն կսպասե օրեցօր»: Գնալով` է՛դ մտորումների շնորհիվ Ղարիբը համոզվում էր, որ հենց է՛դ երգերն են հերքում հային վերագրված բամբասանքն ու զրպարտությունը` իբր հայի համար միևնույն է, թե որտեղ կբնակվի։ Ու որպես ապացույց` երգերի մեջ Ղարիբը համապատասխան տողեր էր փնտրում. «Ես ղարիբ եմ, հեր չունեմ… Արի դարդս իմացի…», «Ձմեռն անցավ, եկավ գարուն, հալավ բարձրիկ սարերու ձյուն, ճամբա բացավ ղարիբներուն…», «Իմ ղարիբեն խաբար չի գա. աչքս ճամբին` դադար չկա…», «Ղարիբ երկիր ամպ ու մշուշ, իմ ղարիբի սրիտն է քնքուշ, ոտ կը փոխե` քըռա ու փուշ…»: Իսկ ավելի վաղնջական ժամանակներում ղարիբների ու ղարիբության մասին հորինվել են անտունիները:
Մեր նախնիները պանդխտության են գնացել էն ժամանակահատվածներում, ինչպես մեր օրերի «հայերնասերները» կասեն` «հայրենիքը լքել են», երբ երկրում համատարած նեղություն է եղել, երբ երկիրը եղել է գերության մեջ, հատկապես` մեր իսկ վայ-իշխանավորաց «շնորհիվ», ու ժողովուրդն էդ հուսահատ քայլին է դիմել: Ահավասի՛կ։ Նեղությո՛ւն: Գերությո՛ւն: Պանդխտությո՛ւն: Սակայն Ղարիբն այլ կերպ էր գնահատում, քանզի դա իր համար ո՛չ թե հուսահատ քայլ էր, այլ քայլ` ընդդեմ հուսահատության:
Որոշ ժամանակ անց Ղարիբը հոգնեց ծանր թեմաներից, անվերջ կրկնվող նույնանման` նույնաձև ու նույնաբովանդակ պատմություններից, որ է՛լ ավելի էին ընդգծում ժամանակի ու տարածության մեջ եղած անփոփոխությունը: Եվ առանձնապես քաղաքական թեմաներն էին նրա համար ամենահյուծիչն ու հուսահատեցնողը, որոնք գուժում էին Հայաստանի հոգեվարքը, որից միակ փրկությունը փնտրվում էր քաղաքական դաշտի համալիր վիրահատության մեջ: Է~հ, իրեն էլ տարան վիրահատության: Ա՛յ` ըտենց մի վիրահատության, և` ի՞նչ, ո՞ւմ էր պետք…
Օրեր անց, սակայն, երբ նորեն ձանձրույթը գրոհեց ու պատեց Ղարիբի` առանց այդ էլ անշուք առօրյան, նորեն տրվեց ընթերցանությանը: Հիմա է՛լ առանձնակի հետաքրքրվեց հոգևոր գրականությամբ, հատկապես` պարականոններով, որ Երջոյի բերած գրքերից էր: Դե, ինքը մի խորունկ հավատացյալ չէր: Հա՛, երբեմն եկեղեցի էր գնում, մոմ վառում, եկեղեցում երեխեքին էր կնքել, հետո` դստերը պսակել, և համանման բաներ, բայց Սովետի անհավատության ժամանակների կոմսոմոլյան սերունդ լինելով` հավատքից շատ բան չէր հասկանում: Իսկ ընթերցումների ժամանակ առաջին բանը, որ գրավեց ուշադրությունը` «Պարականոն Ավետարան ըստ Թովմասի» վերնագրի տակի ենթավերնագիրն էր. «Սրանք գաղտնի խոսքեր են, որ ասաց կենդանի Հիսուս ու որոնք գրի առավ Դիդիմոս (Երկվորյակ) Հուդա Թովմասը: Եվ նա ասաց. Նա, ով տիրապետի այս խոսքերի մեկնությանը, մահ չի ճաշակի»: Ու դրանից հետո միառժամանակ փորձում էր գտնել հիշատակված գաղտնի խոսքերն ու դրա հետ մեկտեղ խորամուխ լինել դրանց մեկնության մեջ` իբր մահից փրկություն:
Մի օր էլ, երբ քույրերը դեռ չէին այցելել, իսկ Երջոն սովորականից շուտ եկավ, մի հոգևոր «բանավեճ» ունեցան եղբայրերն էդ նյութի շուրջ:
– Հը~, հետաքրքիր բան գտա՞ր էդ գրքում,- տխրությունը թաքցնելու փորձերի հետ մեկտեղ` ժպտադեմ հարցրեց Երջոն, ապա շարունակեց:- Ընդհանուր առմամբ ես ոչ մի նոր բան չտեսա: Սկզբում, երբ գնեցի պարականոն ավետարանները ներառող` առաջին հայացքից «կասկածելի» թվացող գիրքը, ակնկալում էի անսպասելի ու սարսափելի բացահայտումներ:
Ղարիբը յուրովսանն ժպտադեմ արձագանքեց` ձեռքը վերցնելով թուղթուգրիչը:
«Հավանաբար Discovery ու History channel հեռուստաալիքներից ազդված էիր: Պարզ գրագողեր են էդ ալիքների հեղինակները: Մյուս ավետարաններից գողանում են առանձին նախադասություններ ու սեփական սին և անհիմն ենթադրությունների հիման վրա իրենց թյուր, անհեթեթ մեկնաբանություններն իբրև անքննարկելի ճշմարտություն հրամցնում բանից անտեղյակ ու անուշադիր մարդկանց` իբր «փաստ», որը հանգեցնում է «այսպիսով պարզ դարձավ…» եզրակացությանը»,- կարդաց Երջոն եղբոր երկտողում:
– Ես վաղուց հեռուստացույց չեմ դիտում,- ասես իմիջիայլոց տեղեկացրեց Երջոն,- իսկ էդ գրքերն ընթերցելուց հետո ինձ համար, իհարկե, պարզ դարձավ, որ իմաստային ու բովանդակային առումով պարականոն ավետարանները հիմնականում չեն տարբերվում Նոր Կտակարանում տեղ գտած ու կանոնական համարվող չորս ավետարաններից, այլ կրկնում են լոկ ծանոթ մտքերն ու ճշմարտությունները: Իմ կարծիքով Հիսուսի մասին ընդամենն ավելին իմանալու ցանկությունը բավարարելն է մարդկանց մեծ մասին մղում պարականոն ավետարանների ընթերցանությանը:
«Անձամբ դու ի՞նչ առանձնահատուկ ակնկալիքներ ունեիր պարականոն ավետարանների ընթերցումից: Մի՞թե դրանք պիտի բացահայտեին, թե Հիսուսն այլմոլորակայի՞ն է: Ասենք` ավետարանները հազարը լինեին, միևնույն է, պատմելու էին ընդամենը մեկ հոգու` Հիսուսի մասին: Հանց բոլորին քաջ հայտնի աստվածաշնչյան կանոնական չորս ավետարանները»,- Ղարիբի` նույն յուրովսանն ժպիտով գրած մյուս երկտողում կարդաց Երջոն:
– Իմիջիայլոց, քո տեսակետից մոտենալով հարցին, կարելի է կարդալ էդ չորսից մեկն ընդամենն ու հարցը փակված համարել` ինքզինքդ համոզելով, թե Հիսուսի մասին արդեն ամեն ինչ գիտես: Ու գիտե՞ս, կարծում եմ, որ էս միտքս հեռու չէ ճշմարտությունից, իսկ նրանք, ովքեր իրենց խոնարհ քրիստոնյա են համարում, խոսքս հոգևորականների մասին չէ, անշուշտ, մոտավորապես հենց այդպես են ծանոթ Աստվածաշնչին… Ըստ իս` պարականոն ավետարանների հիմնական ու մեծագույն նշանակությունն էն է, որ մինչև մեր օրերը նրանց ոչ ոք ձեռք չի տվել, ինչի շնորհիվ ոչ ոք չի հասցրել աղավաղել դրանք, ու մեզ են հասել իրենց անաղարտ վիճակում: Իսկ քո միտքը, թե ազդված եմ ինչ-որ հեռուստաալիքներից, որոնց անբարեխիղճ հեղինակները` իբրև պարզ գրագողեր, տարբեր ավետարաններից առանձին նախադասություններ գողանալով` սեփական անորակ դատողություններն են հրամցնում բանից անտեղյակ ու անուշադիր մարդկանց` իբր «փաստ», ու հանգում «այսպիսով պարզ դարձավ» եզրակացությանը, իմ կարծիքով դա նույնպես շատ հարցականներ է պարունակում: Ճիշտն ասած` առանձնապես էս պահին ծավալվելու ո՛չ ժամանակ ունեմ, ո՛չ էլ` ցանկություն, բայց մի բան, այնուամենայնիվ, կուզեի ասել: Չէ՛, ավելի ճիշտ, կուզեի հարցնել. Ղարիբ ախպերս, դու ո՞ւմ նկատի ունես, երբ ասում ես` «բանից անտեղյակ ու անուշադիր մարդկանց»:
«Նրանց, որ սերիալից սերիալ գովազդային ընդմիջման միջակայքում պատահաբար միացնում են ասածս ալիքները և, անուշադիր լսելով գեշ մարդկանց կողմից գողացված ու աղավաղված մտքերը, հետո տարբեր տեղերում իրենք են փիլիսոփայում` գիտակի հանգույն»,- գրված էր հաջորդ երկտողում:
– Ի՞նչ ես կարծում, էդ «գլխացավանքն» էդ անտեղյակների ինչի՞ն է պետք: Առավել ևս, որ նրանք Աստվածաշնչին անգամ ծանոթ չեն, ինչպես ինքդ ասացիր, նաև` անուշադիր են…
«Անբան «ազատագետի» սննամեջ փառատենչությամբ` ենթադրյալ ազատության ձգտում, այլոց մտքերն իրենցով անելու դրսևորում, թեկուզև դրանցից իրենք ամենևին բան չեն հասկանում: Այնինչ միտք ու հոգի ունեցողն ուզած-չուզած կհասկանա-կընդունի, վերջիվերջո, որ մարմինը, որի մեջ պարփակված է մարդկային հոգին, իրենը չէ, ու մտքերն էլ իրենը չեն, այլ` միայն հոգին: Հոգին է իրենը, որ իր հետ աշխարհ գալով` իրեն ուղեկցում է ողջ կյանքում, հետո էլ` էն աշխարհ գնում, իսկ ավելի ստույգ` վերջում էն աշխարհ տանում` որպես ուղեկից: Մինչդեռ` «Հիսուս ասաց. Վա՛յ այն մարմնին, որը կախված է հոգուց, վա՛յ այն հոգուն, որը կախված է մարմնից»: Մի՛շտ հիշիր,- ասես երկտողն աղաղակեց:
– Վա՛յ, Ղարի~բ ջան, ի՞նչ թեմա բացեցիր, մի ամբողջ կյանքի խոսակցության նյութ,- անկեղծ զարմացավ Երջոն` հավարտ հույս հայտնելով. «Զրույցը դեռ կշարունակենք», բայց դրան չհավատալով: Ապա ոտքի ելնելով` ասաց,- հիմա կներես, ախպերս, շտապում եմ, գնամ` խանութը փակեմ: Իսկ դու, խնդրեմ, ուշադրություն դարձրու հատկապես պարբերություններից մեկին, դրա մասին լո՛ւրջ մտածիր: Երբ հանդարտվես, նայիր Թովմասի Ավետարանի 81-րդ համարը. «Հիսուս ասաց. Ես` լույս եմ, որ ամենի վրա է: Ես` ամեն ինչ եմ. Ամեն ինչ դուրս է եկել Ինձանից և Ինձ է վերադառնում: Կտրիր ծառը` Ես այնտեղ եմ, բարձրացրու քարը, և կգտնես Ինձ այնտեղ»:
«Ծանոթ եմ էդ մտքին, դրան համարժեք եզրահանգման` «Մի փնտրեք Ինձ քարե և փայտե կառույցներում, ձեր մեջ եմ Ես» տերունական պատգամի դեմ Վատիկանը մարտնչում է դարեր շարունակ»,- հակիրճ բարբառեց երկտողը…
– Սոդոմ-Գոմորն` ընդեմ Արարչության,- խուլ արձագանքեց Երջոն…
«Երբ մարդ լենուբոլ կապրի, Աստծուն մտահան կէնե, հը՛մը նեղն ընկնելեն` կհիշե: Ապ, մե բանըմ ըսե՞ս ընձի, անբուժելի հիվանդին բուժում կէղնի՞: Մեկ էլ` մե բանըմ է՛լ ըսա. անուղղելի լավատեսն ըդիկ լավ տեսնո՞ղն է, թե` լավը տեսնո՞ղը»,- հնչեց Գյումրվա բարբառով գրված վերջին երկտողում:
Մինչ Երջոն դուրս կելներ սենյակից, երկա~ր, տխրամա~ծ նայեց եղբորն ու բան չասած: Ու այդպես լուռ հեռացավ…
Եղբոր հեռանալուց հետո Ղարիբն ինքն իր մտքում ևս մի բան հիշեց. «Հիսուս ասաց. Կար մի հարուստ մարդ, ով շատ բարիք ուներ: Նա ասաց. Ես օգտագործում եմ իմ բարիքը, որպեսզի ցանեմ, տնկեմ, հավաքեմ, լցնեմ ամբարներս պտուղներով, որպեսզի ոչ մի բանի կարիք չունենամ: Ահա թե ինչի մասին էր մտածում նա իր սրտում: Եվ նույն գիշեր նա մեռավ: Նա, ով ականջ ունի, թող լսի»…
Այդուհանդերձ, ընթերցանությունը որոշակի պահից հետո Ղարիբին դարձյալ ձանձրացնում էր` անհույս նետելով ընկճվածության ու հուսահատության գիրկը: Էդ պահերին էլ տրվում էր հիշողություններին, ինչը հաճախանում ու խորանում էր մոտալուտ վախճանին զուգընթաց, որի շունչն անհավատալիորեն զգում էր…
Երբեմն, որոշ միջակայքերում, երբ միայնակ մնալով` շատ էր տխրում, հաճախ միացնում էր հանգստացնող, հոգեպարար երաժշտություն` կարեվեր հոգին բուժելու համար: Երաժշտության մեղմ ու նրբին հնչյունները նման էին ջերմագին գրկախառնության, որ նրան խաղաղության ու երանավետության ինչ-որ անըմբռնելի զգացումներով էին պարուրում` հաստատուն համոզմունք ներշնչելով, թե դժվար պահերին երաժշտությունը լավ ընկեր է, ամոքիչ սպեղանի:
Մոտալուտ վախճանի շունչը հատկապես զգում էր միայնության պահերին: Այդժամ տեսնում էր էն սառնաշունչ ուրվականին, որ ներխուժել էր տուն: Մահվա՛ն ուրվականին` կնգուղաձև սև գլխանոցով, ձեռքին` գերանդին, մոտալուտ հունձքի ակնկալիքով, որին ոչ ոք չէր տեսնում, իսկ ինքը տեսնում էր: Արդեն տեսնում էր էդ ուրվականին: Ու միայն ինքն էր տեսնում: Քանզի միևնույն է` որտեղ կյանքը կա, այնտեղ միշտ է՛լ ներկա` նրան ուղեկցում է մահը, որ արագ է վարգում հոգեվարքում: Ու մարդը միշտ էլ երկյուղում է մահից: Որքան էլ որ կյանքը ծանր անցնի…
Ղարիբի հոգեվարքը մերձավորներից ոչ ոք չտեսավ` Երջոյից բացի: Մի որոշ պահի որդու միջոցով Ղարիբը հասկացրեց, որ իրեն եղբոր հետ միայնակ թողնեն: Նույնիսկ որդուն, ով էդ ամիսներին գրեթե միշտ մոտն էր լինում, խնդրեց` դուրս ելնել: Թե ինչ հաղորդեց եղբորը, ոչ ոք այդպես էլ չիմացավ…
Դեռ վաթսունը չբոլորած Ղարիբի հոգեհացի սեղանին Երջոն բերանը փակ նստեց. չկերավ, չխմեց, չխոսեց։ Հյուրերի ցրվելուց հետո հանկարծ ինքն էլ անհետացավ։ Տնեցիք, ամենքն իր մտքում` իրարից անկախ կարծեցին, թե Երջոն գնաց իրենց տուն կամ ուրիշ տեղ` մենակ խմելու, մտածելով, թե դա հոգեհացի սեղանին սթափ մնալու գինն էր։ Ու երբ ուշ գիշերին վերադարձավ, բոլորին զարմացրեց նրա անսովոր սթափ վիճակը։ Դե՛, գոհացան, որ սթափ է, որպիսին վաղուց նրան չէին տեսել, ու մտածեցին, որ հիմա իրեն սպասող կնոջ հետ կգնան իրենց տուն: Բայց Երջոն անխոս առաջացավ, գնաց փակվեց Ղարիբի սենյակում, ու մինչև լուսաբաց ո՛չ սենյակից դուրս ելավ, ու ո՛չ էլ ձայնը դուրս ելավ։ Մութուլուսին, երբ փորձում էր աննկատ տնից դուրս ելնել, տեսավ խոհանոցում կուչուրած սրտաբեկ մորը։ Մայրը բան չհարցրեց, բայց ինքն ասաց, թե գնում է ծխելու։ Դա նույնպես նորություն էր. նախկինում Երջոն ծխելու, ինչպես խմելու համար` երբևէ թույլտվություն չէր հայցել, այլև` երբեք դուրս չէր ելել։ Բայց մայրն էլի լուռ մնաց։ Ու Երջոն այդուհետ այլևս չերևաց: Մինչ մարդիկ հավաքվում էին` Ղարիբի էգնահողեքի արարողությանը մասնակցելու, ոչ ոք Երջոյի մասին չէր մտածում, իսկ երբ բոլորը հավաքվել ու պատրաստվում էին մեկնել գերեզմանատուն, էդ միջոցին Երջոյի բացակայությունն աչքի զարնեց։ Բայց արդեն ժամանակ չկար նրան փնտրելու, և սգակիր բարեկամները գերեզմանատուն մեկնեցին առանց Երջոյի…
Երջոյին գտան գերեզմանատանը` Ղարիբի գերեզմանաթմբին գետնամած։ Ամենքին թվաց, թե Երջոն երջանիկ փարվել է էդ հողաթմբին։ Աչքերը բաց էին ու ժպտուն։ Ու ամենքն էլ կարծեցին, թե Երջոն խմած է, Երջոյի քեֆը լավ է։ Ձայն տվեցին, պատասխան չստացան։ Մինչ մայրը բերանը բացեց, որ անիծի, նիհիլիստ քույրը մոտեցավ, ձեռքից քաշեց, թե վեր հանի, Երջոն անձայն գլորվեց թմբից վար ու դիպավ հոր տապանաքարին։ Երջոն մեռած էր։ Սկզբում կարծեցին, թե խմել ու եկել է այստեղ, իսկ նրա մեռնելու պատճառը շատ խմելն է եղել։ Բայց հետագայում հերձումը ցույց տվեց, որ Երջոյի արյան մեջ իսկի մի կաթիլ ալկոհոլ էլ չկար:
Այդպես էլ պարզ չեղավ, թե Երջոն ինչի՞ց մահացավ։ Բժիշկներն ասացին` սրտի կանգ…
Օրեր անց միայն մայրը պիտի հիշեր տարիներ առաջվա իրենց մի հակիրճ երկխոսությունը, երբ Երջոն մորը դիմեց խիստ յուրահատուկ ոճով` իր բազմաստիճան ընդհատ-ընդհատ հարցադրումը հավելյալ հեգելով. «Կո՞ւ-զե՞ս մե՞ռ-նե՞մ: Հը՞, մե՞ռ-նե՞մ», մայրն անվարան ասաց. «Հա՛», Երջոն կարճ կապեց. «Եթե չխմեմ` կմեռնեմ», մայրը` կտրական. «Մեռի՛, բայց մի՛ խմի», Երջոն խոստացավ. «Հե՛նց մեռնելս գա` չեմ խմի»…
Էդ էր ու էդ, ուրեմն Երջոյի մեռնելը եկել էր։ Խոստումնապահ Երջոն չուզեց ապրել առանց Ղարիբ ախպոր։ Երջոն Ղարիբի հետևից մեռավ։ Գնաց` կիսատ մնացած իրենց հոգևոր «բանավեճն» անդենական կյանքում երևի շարունակելու:
Հետո էլ կասեն, թե մեռնողի հետևից մեռնող չի լինում…
