Պատմվածք, Վանուհի Գևորգյան

Կապույտ մոլորակ

Երկինքը հրդեհվել էր, իսկ սեփական արևները վաղուց տրվել էին խավարման մոլուցքին և չէին փայլատակում իր մոլորակում։ Շուրջը տարօրինակ լռություն ու հանգստություն էր։ Տարօրինակ, որովհետև վաղուց հաշտվել էր սեփական քաոսի, կյանքի տարբեր իրավիճակների ժամանակ մարմնի ու հոգու արտագաղթի, ստվերների անարդար ու խաբուսիկ խաղի հետ։

Մի պահ նայեց ժամացույցին ու հանգստացավ։ Երկու ժամ ուներ մինչև ամուսնու տուն գալը, կհասցներ գոնե հանգստանալ, կարգի բերել իր մոլորակը, կատարել իր էգոյի վերջին շտկումներն ու իրեն թույլ տալ լսել սիրելի երաժշտությունը։

Երեք տարի էր, ինչ ամուսնացած էր: Հերթական երեկոն ավարտվեց թեյի սեղանի շուրջ իր ունեցած անսովոր զգացողություններով։ Նայում էր ամուսնուն անդադար ու անընդհատ, ասես առաջին անգամ էր որսում հայացքը, լսում ձայնը, կիսում նույն տարածքի օդն ու շնչառությունը։ Ինչ-որ բան այնպես չէր, և ինքն այլևս հիացած չէր նայում նրան։ Թվում էր՝ ուր որ է՝ հայացքով կսպաներ, ուզում էր հասնել խեղդել, հարվածել, գոռալ, ճչալ, բայց զսպեց իրեն։ Կտրուկ վեր կացավ տեղից, գնաց սենյակ ՝թեզի վրա աշխատելու պատրվակով։ Ամբողջ գիշեր չքնեց, ժամանակը դար էր թվում։ Երբ ամուսինը մտավ սենյակ, քնած ձևացավ։ Չհասկացավ՝ գիշերը ոնց անցավ, բայց լուսացավ։ Ժամը 11։05․ վաղուց ուշացել էր աշխատանքից, որոշեց մնալ տանը ու կարգի բերել իրեն։ Սենյակի զզվելի հոտը անտանելի էր դառնում, սիրտն էլ խառնում էր ատելության զգացումից։ Եվ այս ամենին գումարվում էր մի զգացողություն, որ ավելի սպանիչ էր դարձնում իրեն, խաթարում երջանկության մեխանիկական աշխատանքը ու տապալում սեփական էգոն։ Սուրճի բաժակները հաջորդում էին մեկը մյուսին, իսկ անտանելի գլխացավը հանգիստ չէր տալիս։ Երկար ու դաժան վերականգնողական աշխատանքներից հետո գլուխը հանեց անկողին-որջից ու վերցրեց գրիչը։ Տասից տասնհինգ օրինակ խոտանելուց հետո գրեց կարևորը․ «Հիասթափություն»։ Մնաց իրերը հավաքի ու վերջ․․․ Ի՞նչ ուներ հավաքելու, երբ ամեն ինչ արդեն հավաքվել էր սրտի խորքում։ Ի՞նչ կարող էր անել տաք բաճկոնը, եթե զգացմունքները գորտի նման սառել էին, ապրումները ջնջվել, ո՞ւմ են պետք կոշիկները, եթե իր քայլած ճանապարհը աղտոտվում էր նետված ցեխագնդերից, հոգնել էր անգամ պայուսակ բռնելուց, կարծես սեփական ճակատագիրն էր քարշ տալիս։ Վաղուց հավաքել էր իրերը՝ ինքն էր, Աստվածաշունչն ու հայելին։

Դուրս եկավ փողոց, նստեց տաքսի և մինչ օդանավակայան հասնելը լուռ բղավում էր, կռվում, սիրում ու ատում։ Հիշում ամեն դետալ՝ մանրուք առ մանրուք։ Երբ երկար ժամանակ պատճառն էր ուզում հասկանալ, չէր գտնում և իր կամքից անկախ արդարացնում էր դիմացինին, մեղադրում իրեն, ապա շարունակում ինքն իրեն համոզել, որ սիրում էր, երջանիկ էր, ամեն ինչ հրաշալի էր։ Երբ մտնում էր սենյակ ուղեղը պայթում էր մտքերից, գլխում կարծես սուսերամարտ էր, և ամեն հարվածից ինքն ավելի էր խոցելի ու թույլ դառնում։

Ինչքան մոտենում էր օդանավակայանի ճանապարհին, այնքան ժապավենն ավելի էր սաստկացնում կադրերի շրջապտույտը։ Դրանցից մեկը միտքը ծակեց, հետո մյուսը, հետո՝ էն մյուսը,  ու այսպես մինչև այն պահը, երբ վերջապես բացահայտվեց և վերծանվեց ողջ գաղտնիքը։ Երեք տարիների ընթացքում նա այդպես էլ ընկեր չդարձավ իրեն։ Նա ամուսին էր, կյանքի տղամարդ, խնդիրներն արագ կարգավորող անձ, բայց ոչ ընկեր՝ հոգու, սրտի ընկեր, կարեկից ու կյանքի լավն ու վատը կիսելու ընկեր, կյանքն ապրելու ու տանուլ տալու ընկեր։ Ի վերջո պարփակվեց իր մեջ ու սերը սկսեց հեռանալ սրտից, դատարկվեց, քամվեց ու լցվեց ատելությամբ։ Շուտով այս շրջանն էլ անցավ։ Որոշ ժամանակ անց հասկացավ, որ ատելության ժամանակ ինքը երջանիկ էր, որովհետև ունեցել էր զգացմունքներ, զգում է՝ իսկ եթե զգացմունքը կա, ուրեմն գոյություն ունես, և ապրում են այդ հարաբերությունները, թեկուզ դրանք տոքսիկ ու սպանիչ են։ Հասկացավ, որ սերն ու ատելությունը հաստատ նույն արյունից են սերում, որի պատասխանատուն կյանքն է, որ դրա համար են մարդիկ վայրկենաբար կատարում իրենց շախմատային քայլը սիրուց ատելություն և հակառակը։ Ախր դրանք գույների մեջ սև ու սպիտակն են, որոնց մեջ խտացված են բոլոր գույները, դրանցից պետք չէր վախենալ։ Մարդը աելությունից ավելի հանգիստ է ուշքի գալիս։ Բայց իր զգացածը չէր տեղավորվում սրա մեջ։ Դա մի ուրիշ՝ անծանոթ, անհոտ, անհամ, անգույն, անկյանք զգացմունք էր։ Դրա ժամանակ մարդն իրեն անգամ չի զգում, արյունը սառած է երակներումդ, ոչինչ չի հետաքրքրում, հուզում, անհանգստացնում, նույնիսկ որկորդ չես ուզում լցնել։ Վերջին երկու տարին այս նախանշաններով էր ապրում, բայց սա մի հիվանդություն էր, որ բուժում չունի, որի ժամանակ անընդհատ պարպվում ես, երբ ժամանակը որևէ դեր չի կարող խաղալ քո կյանքում, ընդհակառակը անընդհատ կռիվ են տալիս ներկայիդ ու անցյալիդ հետ ՝տապալելով եսդ, մեղադրելով, ոչնչացնելով եսդ։ Սա մեծն  ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆՆ էր, իր ողջ «հմայքով»։ Երբ լուծեց գլուխկոտրուկը, ինքնըստինքյան հավաքեց իր բոլոր իրերը, ողջ մնացած զգացմունքները, փազլի նման հավաքեց կյանքը ու գնաց ուրիշ մոլորակ, որտեղ արևները ավելի վառ էին շողում, իսկ երկինքը միայն կապույտ հանդերձանք էր կրում։ Նա թռիչք կատարեց դեպի կապույտ մոլորակ՝ սեփական հոգու աղավնիները որոնելու երազանքով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *