Շանթ Մկրտչյան, Պատմվածք, ՏՈՆԱՊԵՏ պատմվածքի մրցույթ

Մութ մանուշակագույն ագռավը

Նվիրում եմ եղբորս՝ Նելսոնի հիշատակին

Ամենահամեղ պատառը՝ իր շանը, հետո՝ իրեն և հյուրերին։ Լինում էր, հյուրերը չէին համբերում ու մի փոքր նեղացած վրա էին տալիս՝а нам, а нам после моего Бубуша… Շունը միշտ էլ սպասում էր նրան արցունքն աչքերին։ Եվ պարգևատրվում էր տիրոջ վերադարձին համեղ պատառներով… Ով գիտեր՝ արդեն չէր սրտնեղում․ սպասում էր իր հերթին։ Դա՝ Ուկրաինայում՝ մինչև ԽՍՀՄ փլուզվելը, իսկ Երևանում եղբորս կենդանասիրությունը շարունակվեց  նման տեսակի մի նոր ձագի հետ, որի անունն  էլի Բուբուշ դրեց՝ հիշելով Ուկրաինայի իր բոլոնկա շանը, որի վրայով փողոցում անցել էր մի պատահական մեքենա, և այս ձագին գնեց շուկայից, երբ ինքը շատ ծանր հիվանդ էր, ամիսներ շարունակ վառվում էր ջերմությունից, ու չգիտեինք՝ ո՞րն է պատճառը, և ե՞րբ է իջնելու ջերմությունը։ Ձագին իր ձեռքով էր կերակրում՝ ծծակը հագցնելով կեֆիրի շշին, և նա չփչփոցով ներս էր քաշում խանութում վաճառվող կովի կաթը։ Քնելիս պառկում էր եղբորս ոտքերի տակ, երբեմն էլ՝ մտնում ծոցը։ Մայրս ուրախանում էր իր կրտսեր տղայի և շունիկի ընկերությամբ, թեև այդ կրտսերը վաղուց  ավարտել էր գինեգործական ֆակուլտետը, ուներ աշխատանքային հարուստ փորձ, դեռ ամուրի էր՝ բազում գեղեցկատես կանանց շրջապատում և ետ էր բերում մանկական իր սովորությունները, որքանով կյանքն ավելի էր բարդանում։ Տանը միջատների հավաքածու էր ուներ՝պահում՝ ճանճեր, մեղուներ, թիթեռներ… ինչ պատահեր, քորոցներով մեխում էր կոշիկի ստվարաթղթե արկղերի վրա, երբ ամռան շոգին ներս էին լցվում բաց պատշգամբից ու վխտում սենյակներում։

Իսկ այս անգամ աչքերիս չհավատացի․ դպրոցական տղաներս ինձ ասացին,  որ հոպարն ագռավ է պահում։ Ի՞նչ, հարցնում եմ՝ նրանց ասածը չարաճճիություն ընդունելով, որովհետև ես մի տասը օր առաջ էի նրանց տանը եղել։

-Հա՛,  հայրի՛կ։ Հետը խոսում է։

-Ի՞նչ լեզվով,- ծիծաղում եմ,- հայերե՞ն, ռուսերե՞ն, ուկրաիներե՞ն, թե՞ ֆրանսերեն…

– Ագռավերեն,- սրամտում է փոքր տղաս։

 -Հա, լավ ասացիր, կա՛ թռչունների լեզու, հնում իմաստուններն են հասկացել այն, բայց ես ագռավերենի մասին չեմ լսել իմ ուսման տարիներին։ Գնացինք,- ասում եմ,- և իրար ձեռք բռնած ուղղվում ենք մորս երեքսենյականոց բնակարան, որն իմ շենքի կողքին է, մի քիչ բարձրում, բազմահարկերով շրջապատված։

Դուռը մայրս բացեց, գրկեց իր թոռնիկներին ու ինձ և մատով ցույց տվեց ագռավին։ Նա թառել էր գրքերի պահարանի վրա և հենց ներս մտանք՝ կռկռաց։

-Այսինքն՝ բարև՞,- հարցնում եմ եղբորս։

-Բա ո՜նց,- ասում է ու ծիծաղում։

-Էս ե՞րբվանից ։

-Մի տասն օրվա բան է։ Թրըփալով ընկավ պատշգամբից ներս ու թպրտաց։ Վիրավոր էր։ Թևին նայեցի՝արյուն էր դուրս տալիս, երևի քարով էին խփել, մատս հենց կպցրի՝ ծղրտաց։

-Է ո՞վ է լսել տանը ագռավ պահեն։ Թութակ պահեիր, փայտփորիկ պահեիր, ծիտ պահեիր, էս ի՞նչ է…

-Էս՝ ուրի՜շ բան է։ Վարժեցրել եմ․ իրար հետ հաց ենք ուտում… քեզ էլ կսովորի, թող մի քիչ անցնի, նոր կտեսնես…

Եվ պատմեց, որ հենց ինքը մոտ է գնացել բռնի, սա մի երկու  ձիգուկուչից  հետո խաղաղվել, մտել է իր թևի տակ։ Եվ վերքը մշակելուց  մի երկու օր անց իրեն զգացել է, ինչպես իր բնում… Մայրս ասել է՝սա մի ձախորդություն կբերի մեր գլխին, դուրս թո՛ղ գնա։ Եղբայրս ասել է՝ պահելու եմ, մեր ջան, չեմ թողնի… Ու մնացել է՝ ամեն լուսաբացի արձագանքելով դրսի թռչունների ձայներին, բայց քանի վստահ չի եղել իր թռիչքի ուժի վրա, շարունակել է հպարտ-հպարտ քայլել մորս տան մեջ, հեռու թռել շնիկից, նստել է եղբորս ծնկին, եղբորս փշրած հացը կերել, ապա թռել ուսին, ապա սեղանին ու կեռ կտուցով կտցել փլավը եղբորս ափսեից… Այս ընկերությունից եղբայրս բավականություն  է ստացել, թեև սևխինդ էր ագռավը,- ասենք, ինչո՞ւ փախչեր որ, ինչքան մերժված ու անտեր մարդ կար, ձգտում, մոտ էին գալիս իրեն, դարդերը պատմում, մի քիչ դրամ դնում գրպաններն ու շնորհակալ հեռանում, բայց  լսում էին զարմացած ու խաղաղված հեռանում։ Իր համար նրանք մարդ էին, գուցե գլորված հատակը կյանքի կամ գլորվելու պահին կամ մի արարքի պատրաստ, բայց կասկածների մեջ՝ իրենց արարքի ճշտության հանդեպ։

… Մի անգամ հորս հորաքրոջը մենք հյուրընկալել էինք գյուղում, և նա եղբորս անունը գյուղի գզիր դրեց, որովհետև ամբողջ օրը մանկական ընկերների հետ թափառում էր տնից տուն, բոստանից բոստան ու այգուց այգի, նրանք ընկնում էին մեղուների ետևից, մեղր հանում նրանցից, ու մի օր էլ փեթակը բացվել, ու մեղուները վրա էին տվել երեխեքին։ Եղբորս ձեռքերը, ոտքերը, դեմքը ուռել էին, ու պեպենները խոշորացել, և ինքը խժժում էր ու լացելով վազում մորս մոտ։ Վերջը մածուն քսեցին, փչեցին, հովացրին՝ մինչև ձայնը կտրեց… Սակայն այս փորձանքին հաջորդում էին այլ փորձանքներ և արյունլվա՝ նրան բերում էին տուն… Ասենք, մագլցում էր պատով, ոտքերը հարմարեցնում ու ձեռքը խոթում էր թռչնի բույնը, որ տեսնի՝ ձագեր կա՞ն, թե՞ միայն թռչնի ձվեր են բնում… Ու մի օր էլ, երբ հարևանի գոմի երդիկ էի բարձրացել ու նայում էի շուրջս՝ հեռվում ցորենի կանաչ արտերին, նա մագլցեց  ու ձեռքը գցեց պատի խարխուլ քարին, քաշեց ու քարի հետ ետ գնաց, ես հասցրի քարը օդում հրել մի կողմ՝ գետնին չհասած, բայց նրա գլխից արյունն արդեն ֆշշում էր… Հայրս նրան գրկեց  ու վազելով հասցրեց բուժկետ։ Խոր ու երկար պատռվածքը կարեց բժշկուհին, մի վեց կար տվեց, փաթաթեց վիրակապով, և տարանք տուն։ Հայրս ինձ նախատեց, որ երեխան արել է այն, ինչը որ դու ես արել և ուշադիր չես եղել։ Կոկորդս արցունքից բռնվեց։ Ազդվեցի։ Ինչ իմանայի։ Ինքը միշտ ինձ էր ման գալիս, գալիս էր իմ հետևից, և լինում էր ընկերներով մտնում էին գյուղի ծակուծուկերը, ու բոլորը ճանաչում էին նրան՝ում տղեն է։

Եվ աշխարհը չափչփելու կիրքը դուրս չեկավ նրա միջից․ Ուկրաինայում էր աշխատում, լավ վաստակում ու միշտ աղջիկներով էր շրջապատված և մեկ էլ՝ կորչում էր այնքան, միչև մայրս տագնապած սկսում էր ռմբակոծել իր ձեռքի տակ եղած հեռախոսահամարներով, մինչև գտնում էր նրան, նույնիսկ Արևմտյան Ուկրաինայի ինչ որ մի կոլխոզում, որտեղ նա գինի և հյութեր էր արտադրում՝ ախպեր տղերքով։ Միշտ շարժի մեջ էր, մինչև ծանր հիվանդանալը, թեև այդ օրերին էլ ոտքը դուրս էր գցում, թե ո՞նց կլինի, որ ինքը չիմանա ինչ է խլրտում կյանքում, իր քաղաքում, թաղում ու փողոցում։ Ինքը բաց էր կյանքի հանդեպ ու կյանքն էլ իր լավ ու լավագույնով, վատ ու վատթարով խշշում էր իր մեջ, և ինքը թույլ էր տալիս սևն ու սպիտակը լցվեն իր մեջ, կարծես հյութ կամ գինի էր թորում՝ առաջնայինն ու երկրորդայինը խառնելով մի ավազանում, ուր իր մտքի հոսքի մեջ եղածն այնքան էր խմորվում, թորվում, մինչև տիղմը նստեր հատակին ու մաքուր ցոլցլար գինին, միտքը։ Դա էր պատճառը, որ գինեգործությանը վերաբերող գրքերի հետ նա սկսեց կարդալ փիլիսոփաների գրքեր, որոնց ընկալելը հեշտ չէր նույնիսկ հումանիտար կրթություն ունեցողներիս համար։ Կարդում էր, ընդգծում, նորից վերընթերցում, համեմատում իր կենսափորձի հետ։ Եվ այդ փիլիսոփայական հմայքն էր գումարվում իր արտաքին հմայքին, որ ձգում էր կանաց, անտեր-անտիրական մարդկանց, մերժվածներին ու կարոտյալներին, ծանոթի ու անծանոթի, փոքր ու մեծի, ովքեր խճճվել էին իրենց ճակատագրի թնջուկներում, քայլ անելու մի որևէ արարքով՝ ճշմարտության սահմաններում…

Բայց իր եռքի մեջ ու եռքից դուրս կար իմ տաք անկյունը, այն օրերի, երբ ամեն տեղ ինձ էր փնտրում նա՝ տան ետևի գերեզմանոցում, ֆուտբոլի տափարակում, խանութից  շոկոլադե կոնֆետ գնելիս, դաս սովորելիս, պարելիս, կռիվ անելուց, հայհոյելուց… որտեղ պատահեր… Մի օր էլ հավաբնում հավերի դեմը «կոմբիկորմ» էի շաղ տալիս, մեկ էլ մոտ եկավ ու հարցրեց՝ քանի՞ հավկիթ կա։ Քանի՞ հատ ես ուզում։ Ասաց՝ չէ՛, դու ասա՝ քանի՞ հավկիթ կա։ Ի՞նչ ես անելու, ասում եմ։ Գոգլի եմ ուզում՝շատ լինի, որ գոգլին էլ շատ լինի։ Մորս որ պատմեցի, ուշքը գնաց ծիծաղից, նրան գիրկն առավ ու հարցրեց՝ հիմի ես ուզո՞ւմ, թե՞ առավոտ։ Չէ, ասաց, հիմի՛։ Մենք կերանք գոգլին, ու ես պաչեցի նրա լղոզված մռութը…

-Լսիր, էս ագռավը, որ հանկարծակի մարդու գլխի վրայով անցնի, մարդ վախից չի իմանա, ինչ անի։ Ներս մտնելը տեսե՞լ ես։

-Հա, մի թևը լրիվ բացած, մեկն էլ՝կիսաբաց, թափով մտավ պատշգամբ՝ սև ամպի պես, սև ու մանուշակագույն, ոնց որ սավան  քարշ տալով բերեր… ուր շարժվում, աչքիս էդ սավանն է քարշ տալիս… իր ստվերն է քարշ տալիս…

-Լավ, է՛լ մորս ասածին մի հարմարեցրու տեսածդ, թե սա մի ձախորդություն կբերի իր հետ… Դու գիտե՞ս՝ ինչից է, որ նրանք ծուխ շատ են սիրում․ որտեղ հրդեհ է լինում, հայտնվում են ագռավները, իսկ որ չի լինում, իրենք են կրակ գցում և սպասում  ծուխը մի լավ տարածվի, և իրենք շնչեն այդ ծուխը։ Դա հրշեջ փորձագետներն են պարզել՝ տեղում գտնելով նրանց հավաքած-գցած ծխախոտի քնթուկները, այնպես որ, ագռավն ասաց՝ նևր մոր…

-Է՞դ ինչ էր։

-Մի հայտնի ամերիկացու հռչակավոր բանաստեղծության վերնագիրն է՝… Հայերեն մի չորս թարգմանություն կա։

-Կտա՞ս կարդամ։

-Հա, ինչո՞ւ չէ…

Հաջորդ օրը տղաներիս հետ գնացինք ագռավատես, տարա նաև Էդգար Պոյի բանաստեղծությունը՝  Վիգեն Բաբայանի թարգմանությամբ։ Ասացի՝ այս էջում է, տես, թարգմանությունների մեջ։ Ագռավը նորից կռկռաց-բարևեց ու թռավ մեզ ընդառաջ։ Ուրախացել էր, մեզ թվաց, էլի սկսեց քայլել ու շարունակել համաչափ շարժել վիզը ժամացույցի ճոճանակի նման։ Քայլերը, վիզը, գլուխը, կտուցի վարուվերը մի հրահանգով էր կատարում, ասես ուղեղի նույն կենտրոնից։ Երբ մենք նստեցինք, նա թռավ գրքի պահարանին, ապա, մի երկու րոպե անց՝ իմ ուսին․ ես անշարժացա, որովհետև կտուցի մի հարվածով կմտներ գլխիս մեջ, կխփեր մի կետի ու անհայտ կմնար իմ հեռանկարը։

Եղբայրս ասաց․

-Մի՛ վախեցիր ու մի՛ քշիր։ Հիմա կիջնի ծնկիդ։

Այդպես էլ եղավ։ Իջավ, ու ես շոյեցի նրա սևսաթ-մանուշակագույն փետուրներն ու մի փետուր էլ ուզեցի քաշեմ պոչից՝ ապագա պոեմս գրելու համար,- չէ՞ որ նախկինում գրում էին փետուրով,- իսկ  նա քանի՞ տարեկան էր, ո՞վ գիտեր, գուցեև Էդգար Պոյի տարիքին։

            Մայրս ասաց․

-Եկեք ճաշի նստեք, երեխեք, թո՛ղեք էդ ագռավին։

Մենք մոտ եկանք սեղանին․ ոսպով փլավ էր պատրաստել մայրս, թթու էր դրել, հաց, պանիր, ամառային սալաթ։

-Չխմե՞նք մի-մի թաս,- հարցրեց եղբայրս,- լավ արաղ ունեմ։

-Հա,-ասացի,- մի քիչ կակղենք։

-Ապարանցի ընկերս էր բերել։

-Էն Գարի՞կը։

-Հա։

Գարիկը կամավոր մասնակցել էր պատերազմին, կաթված ստացել, հետո վերականգնվել ու մի օր էլ հանդիպել էր եղբորս վերականգնողական կենտրոնում։ Շուտ-շուտ էր գալիս, ինչպես ասում էր՝ մորս ձեռքի հացն ուտելու։

-Ապարանցիք խնձորի ու սալորի շատ լավ օղի են քաշում։

-Էս՝ սալորի է, երկու տակ քաշած։

-Դե որ դու ես ասում, կասկած չունեմ։

            Ու սկսեցինք քիչ-քիչ առաջ գնալ։ Այդ ընթացքում ագռավը, որի անունը մոռացել եմ, ծնկիցս թռավ սեղանին, կտցեց՝ նայեց դեմքիս, կտցեց ՝ նայեց  դեմքիս, և ես վար դրեցի գդալս։

-Քշի՛ր, էդ անտերին, քա հա՛ցդ կեր։ Ախպորդ խելքին ես՝ էղած-չեղածն ագռավին կտա, սրան-նրան կտա,- նեղացավ մայրս։- Ես դրա բաժինը դրել եմ կերամանում։

-Ոչինչ, ասում եմ,- ընկերանում ենք իրար հետ․ շուտով Նևր Մորը կարտասանի…

-Ինչերե՞ն,- ժպտում է ուսուցչուհի մայրս։

-Ինչ խոսք, բնագրով՝ անգլերեն։

-Չէ,- մեջ է ընկնում փոքր տղաս,- ագռավերեն…

Մանրամաղ անձրևն ինչպե՞ս է խփում թիթեղյա տանիքին. ագռավը կտցահարում էր ոսպով փլավը ու արագ մաքրազարդեց  ափսեն։

Օրը խաղաղվում էր մայրամուտին։ Ավտոաղաղակները նոսրանում, տասնումեջ էին դառնում։ Թռչուններն էլ չէին երգում, ինչպես լուսաբացին։ Մենք գնացինք, և դուռը մեր ետևից ամուր փակեց եղբայրս, առաջին հերթին, որ ագռավը հանկարծ չթռչի թռչունների ձայները լսելով։

-Հայրի՛կ, ագռավին բոլոր հարևանները ճանաչում են։

-Ո՞վ, օրինակ,- ասում եմ։

-Աջ կողմի հարևան Արուսը, վերևինը, մեկ էլ տակի Ռուզանը։

-Կնանի՞ք,- հարցնում եմ։

-Հա, մորքուրները…

-Բա ես գիտեի դուք մի մորքուր ունեք, պարզվեց՝ երեքն էլ ավելացան։

-Իյա՜, դրանք հարևան են, մորքուր չեն, հայրի՛կ ջան։

Իրականում ագռավին խոսեցնելիս ու բառերը սովորեցնելիս բաց պատշգամբներից հարևանուհիները լսում ու քմծիծաղ են տալիս, թե կարելի՞ է ագռավին խոսեցնել, ո՞նց է նա պահում, փոխանակ գույնզգույն երգող ծիտիկներ պահի վանդակում և առիթն օգտագործում են, որ մի քանի խոսք փոխանակեն սիրուն եղբորս հետ։ Մեկը վերևից է ցույց տալիս փարթամ կրծքերը, մյուսը՝ ներքևից, էն մյուսն էլ՝ կողքից՝ ամբողջ իրանով ու գիշերազգեստով, ասում են ՝ տուր մեզ, կպահենք, մեկ-մեկ էլ կգաս տեսության, մինչև մեր մարդիկ խոպանից ու արտասահմանից ետ գան։ Եղբայրս վաղուց է գլխի ընկել, ծիծաղում է, ասում՝ լավ կլինի շանս պահեք, ագռավը երեք հարյուր տարի կապրի դեռ, ինչի՞ս են պետք երեք հարյուր տարեկան պառավները։ Կանայք քրքջում են, բայց գտնում են պատասխանը՝ տո քե՛զ էլ հետներս կտանենք, ա՜յ  ղուշբազ։

…Գարունը ջերմություն է բերել, և ցեխոտ ճամփեքը չորանում են, չորանում են ցեխոտ ու թաց մայթերը և միակ սալահատակ փողոցը, որով բեռնատարները քար են տեղափոխում երկաթուղային կառամատույց։ Դաստիրակչուհին մեզ դուրս է բերել զբոսանքի, ու մենք պիտի երգելով անցնենք այդ հատվածը, որը ճաշարանի դիմացն է, և վարորդներն ընդմիջման են եկել ճաշելու։ Ամեն մեկս զույգ կազմած՝ աղջիկ-տղա, աղջիկները վարդակապ ունեն մազերի վրա, մենք՝ սպիտակ վերնաշապիկով ու կարճ շալվարով ենք։ Եղբայրս նրան է փնտրում, որ բռնի ձեռքը։ Նա ուշանում է, ու եղբայրս շուրջն է նայում, գնում ննջարան, ետ է գալիս, կանգ է առնում… Ահա եկավ նա՝ Օֆելիան, կլորերես, փափլիկ ու սիրունիկ աղջնակը․ եղբայրս արագ մոտենում, բռնում է նրա ձեռքն ու բերում է շարքի մեջ… Ես դա տեսնում եմ, ու սիրտս ժպտում է, իսկ ճաշ ուտելուց առաջ նա թեքվում ու պաչիկ է տալիս իր կողքին նստած Օֆիկին։ Զարմանքից աչքերս չռվում են, ու ժպիտս փափուկ խառնվում է զարմանքիս, Օֆիկն էլ է ժպտում… Երբ տանն այս գաղտնիքն ուզում եմ բացել, որ մայրս ու հայրս էլ իմանան և ուրախանան ինձ նման, նա զգում է, ձգվում, լարվում, լրջանում և լուռ խնդրում է՝չասես։ Ես ինձ չեմ զսպում և այդ է՝ ասում եմ՝ մանկապարտեզում.. .և դեռ խոսքս չսկսած, նա թռչում է բազմոցի վրայից, հարձակվում է ինձ վրա և ապուշ ասելով իր փոքրիկ ափերով ինձ սկսում է ապտակել… Մեզ արագ բաժանում են իրարից։ Այլևս ոչ մի բառ դուրս չի գալիս իմ բերանից. չհասկանալով ես հասկանում եմ՝ ինչ է գաղտնիքը, որ թաքնված է մանկան սրտում։ Սա՝ ամբողջ կյանքի համար։ Ու երբ տարիներ անց՝ վեցերրորդ դասարանում, իմ առաջին սիրո գաղտնիքն ի հայտ եկավ՝ մեր տան փայտե դռանը, ասես գրատախտակի վրա, ու ես կարդացի այն աղջկա անունը, ում սեր էի խոստովանել գիշերով, ամֆիթատրոնի նման հատած տուֆի քարհանքում և նա էլ՝ ինձ, քիչ մնաց մեռնեմ սև արևից, վիրավորանքից, ցավից ու սպանեմ նրան, ով գրել էր դպրոցականի իր ձեռագրով, հայհոյեմ, որքան ինձ հայհոյանք սովորեցրել են գյուղի մեծ տղերքը, ամոթս առնեմ ու փախչեմ մինչև ուշ գիշեր, մինչև տանեցիները քնեն, ու ես տուն գամ ակումբից, սակայն ծնողներս ինձ էին սպասում և ջնջել էին թանաքը սպիտակ դռան վրայից։ Նրանք ոչ մի նշան ցույց չտվեցին, որ կարդացել են Դեզդեմոնա անունը։ Մեր գյուղավանը հայտնի էր իր շեքսպիրյան կերպարների անուններով, նշանակում է՝ ընթերցող գյուղ էր, ավան էր ու այդպես էր անվանակոչել իր ծնած երեխաներին՝ Համլետ, Լաերտ, Օֆելիա, Դեզդեմոնա և այլն։ Ես էլ կարող էի լինել Օթելլո, Ռոմեո կամ  ուրիշ մեկը, և այդուհանդերձ մերոնք սովորականից առավել ջերմ էին և մեղր ու կարագ տվեցին ինձ երեկոյան տաք թեյի հետ…

Մի քանի օր անց տղաներիս հետ նորից գնացինք մերոնց։ Մայրս լավ էր, եղբայրս լավ էր, շնիկը լավ էր ու Գառոն լավ էր։ Ես կատակեցի․

-Քիչ-քիչ Նոյյան տապանը ժողովվում է։ Հանկարծ մեզ չմոռանաս, մերս առանց թոռների տապան չի նստի…

-Վախենամ առանց ինձ տապանը ճամփա ընկնի, հլա ո՜ւր ես, մինչև գել ու աղվես, առյուծ ու կատու, ձի ու ուղտ հավաքեմ, կհասնեմ էն աշխարհ…

-Կլավանաս, դարդ մի արա, մի օր գառնարած Սասունցի Դավթի պես բոլորին կժողովես էս բակում ու կլցնես տապանի մեջ։ Ագռավն էլ ունես, սա ո՛չ մի տեղ այլևս չի փախչի քեզնից, եթե մնացածներն էլ պակասեն…

-Հա՛, լավ էլ գրել էր էդ Ալան Պոն։

-Վիգենը գերազանց է թարգմանել։

-Ճանաչո՞ւմ ես։

-Բա ոնց, մի երկու անգամ հաց ենք կիսել, ինձնից տարիքով էր, քաղաքավարի, գիտուն, այլախոհության համար են բանտարկել։ Սա բարդ ու կոփած գործ է, ամեն մեկին չի հաջողվի լիարժեք թարգմանել․Վիգենն այս միստիկական գործն զգացել և հայերենով գերազանց է կերտել․ դիրիժորի նման է ընթերցել իր պարտիտուրը։

-Լսիր,էս ամեն մեկի բանը չի։ Ինչքան կարդում եմ, էլի եմ ուզում կարդալ, մանավանդ գիշերը, երբ քունս չի տանում․ գաղտնի խորհուրդ բացելու նման տանում է առաջ։ Լավ խմող մարդ է եղել երևի, կամ պլանքաշ, հը, ի՞նչ կասես։ Ո՞ր թիվ է։

– Ծնվել է 1806-ին, մեռել՝ 1849-ին։ Ես կասեմ՝ ագռավամոլ… ագռավի վեցնոցով կամ տուզով կարելի էր ձևավորել այս բանաստեղծությունը։ Մի օր փորձելու եմ՝ բոլոր թարգմանությունները միացյալ, մի գրքում տպագրելու եմ։

-Շատ կա՞ն։

-Մի երեք-չորս հատ, բայց մի հայտնի արգենտինացի խուզարկուի նման բացել է նրա մտքի քայլերը՝ տողից տող, ինչպես մասնավոր դետեկտիվը։

-Հենց սկզբից էլ հետաքրքիր է, ոնց որ շունչդ բռնվում է…- և կարդաց.

Ագռավը

Մթնակալած մի կեսգիշեր սև ձանձրույթն ինձ խորքն էր քաշել,

Մոռացության խորխորատում ինչեր ասես չգտա,

Խորհում էի աչքերս գոց, երբ լսեցի ծանոթ թակոց,

Մի շատ ծանոթ ու հին բախոց, թակում էին դուռն իմ տան,

«Տեսնես ո՞վ է,- քրթմնջացի,- որ թակում է դուռն իմ տան» ,

Նա է եկել՝ հյուրն իմ տան։

Ահ, հիշեցի հանկարծ մի պահ, դեկտեմբերն էր սրսուռ ու պաղ,

Եվ մեռնում են նրանք լքված, ուրվականներն են նորից,

Սպասում եմ լուսայգը գա, ո՜նց եմ սպսում, կյանքս վկա,

Հոգուս երկնում հույս իսկ չկա, կորցրել եմ Լենորին,

Մի աննման կույս էր չքնաղ, հրեշտակ էր Լենորն իմ,

Անհաս երազն էր իմ հին։

-Տեսնու՞մ ես, ի՜նչ չքնաղ է թարգմանել՝ ռիթմը, հանգերը ներսի ու դրսի, կրկնությունները… շունչ ու ոգի է տվել,- ասում եմ, բայց նա շարունակում է ընթերցել.

Վարագույրիս անգույն ու սև խշխշոցը այդ մետաքսե

Սարսուռ բերեց մի անորոշ, սոսկում դարձավ ու պատան,

Թեկուզ սիրտս զարկում է լուռ, ո՞նց մոռանամ թակոց  ու դուռ,

«Ճամփորդ մարդ է, սիրտը մրմուռ, բացեմ դուռը իմ հին տան,

Շեմին կանգնած թախանձում է, բացեմ դուռը իմ հին տան,

Աստծո հյուրը թող ինձ տան» ։

Գնալով լարումն ուժեղանում է, անհանգստությունն է պատում հոգիդ, դիտանցք չի եղել այն ժամանակ, որ տեսնես՝ ով է, ձայնի ես սպասել, որ չի հնչել, և հարցրի հիշելով այն ուշ գիշերը.

-Հիշում ե՞ս, որ մերոնք մեզ թողել էին մենակ, ու գիշերով հենց հարևանի դուռը թակում էին կամ շխկացնում, մենք մտնում էինք վերմակի տակ, չէինք էլ հարցնում, թե ով է…

-Հա, ո՞նց չեմ հիշում։ Պարզվեց մեր քեռին է՝ աղջիկ է փախցրել-բերել մեր տուն՝ իմանալով, որ փեսան ու քույրը էդ գիշեր ետ չեն գալու քաղաքից։

-Պոն, հաստատ աղջիկ փախցրած քեռուն չէր սպասում․ սպասում էր արտասովոր ինչ-որ էակի, համենայն դեպս Աստծո հյուրի տեսքով…

-Միստիկա է, շա՜տ տարօրինակ…

-Հասկանում ե՞ս…

-Պարտադիր չի, որ հասկանամ մինչև վերջ…

-Իսկ Գառոյին հասկանում ե՞ս…

-Տես, ինչ նոտայով խոսքս ուղղում են իրեն, նույն նոտայով էլ ինքն է պատասխանում,- մաքուր կռկռոց չկա, խառն է խոսում՝ մեր ու իր խառնուրդը…

-Լավ ուսուցիչ կլինես․ համբերատար, երևի մատյան էլ ես պահում նշումների համար…

-Էդ թողել եմ մորս, ինքը ճիշտ կնշանակի…

-Իսկ անունը դնելիս ո՞ւմ ես հիշել, որ ագռավը գառ է տանո՞ւմ, թե՞ գառ է բերում, ոնց որ անգղը էն տարի գառանը տարել էր սարերում…

-Չէ, չգիտեմ խի, մանկության ընկերոջս նմանեցրի, երկու կաթիլ ջրի պես… երկուսն էլ շա՜տ սև են…

-Այ քեզ գժություն, էս ի՞նչ ես անում, այ ախպեր,- ու հռհռոցս չեմ կարողանում զսպել… և քրքջում ենք միասին։

Ծիծաղեցինք ու կսմիթներով խոսեցինք։ Գառոն մեկ իմ մոտ էր գալիս, մեկ երեխաների, կտցում էր իրեն տվածը, խնձոր լիներ թե ձավար, պանիր լիներ թե ոսպ… արդեն ծանոթ էր մերոնց ճաշացանկին։ Երբեմն հարևաններն էլ էին ուտելիք բերում, առանց իմանալու՝ ինչ է սիրում ագռավը…

Որպեսզի Գառոն դուրս չթռչի, եղբայրս ոտքը կապում էր լվացքի պարանով, նոր բացում էր դուռ ու լուսամուտները, որ տունն օդափոխվի, հետո նոր արձակում էր վայրի թռչունի ոտքի կապը։ Նա հնազանդվում էր ու շարունակում ապրել մորս, եղբորս և շան հետ։  Ասինք՝ հաջող, Գառո, ու դուրս էինք ուզում ելնել, Գառոն կռռաց՝ Կա–ռո… Կա–ռո…

-Լսեցի՞ք ինչպես պատասխանեց,- հարցնում եմ։

-Հա, հոպարս բառեր է սովորեցնում…

Հաջորդ օրը շաբաթ էր, հանգստի օր, և մենք շուտ գնացինք մորս տուն։ Սենյակներն օդափոխել էին։ Շունը վազեց ընդառաջ, թռչունը թռավ պատուհանին։ Ոտքերի կապերը քանդել էր եղբայրս, ու սա քայլում էր ինքնավստահ՝ շարժելով գլուխը ժամացույցի ճոճանակի պես։ Գարիկն էլ էր եկել։ Մենք սուրճի նստեցինք, մի-մի թաս էլ կոնծեցինք, ու բոլորը ելան պատշգամբ։ Գառոն էլ։ Թռավ բազրիքին ու երեխաների միջով թևաբաց խփվեց մոտակա ծառին։ Եղբայրս գոռաց՝ փախավ, հասե՛ք։ Ու մենք դուրս թափվեցինք, իսկ հարևաններն ու դիմացի շենքերի բնակիչները մեր հարայ-հրոցի վրա ելան կախվեցին լուսամուտներից ու պատշգամբներից։ Գառոն ետ գալու միտք չուներ։ Մեր թախանձանքներն իզուր էին։ Նա ճյուղից ճյուղ էր անցնում ու ծառից ծառ՝ մութ թևերը քսելով կանաչ սաղարթներին, մի պահ սև սայթաքումով, ապա ելնում մի նոր ճյուղի վրա, ապա բացում էր թևերը մինչև մյուս ծառը, և մենք ընտանիքով՝ մայրս, ես, եղբայրս,Գարիկը, տղաներս, տղաներիս ընկերները և շունը վազում էինք  վերևով ընթացող ագռավի ետևից, ընկնում-ելնում…

Եղբորս հորինած ագռավերենը նույնպես ետ չբերեց նրան, միայն մի անգամ Կա-ռո կռկռաց և թևերը բացած սլացավ բարդու կատարը, որտեղ սովորաբար բույն են դնում՝ ագռավների աշտարակում։ Շենքերի բնակիչները քրքջում էին, մենք հուզված վազում էինք աջուձախ, ասես սելավը ոչխար կամ հորթ էր տանում, վազում էինք շնչակտուր՝ աչքներս Գառոյի ազատության, ապաքինման քմահաճույքին։

Մենք տուն դարձանք տրամադրություններս վատ։

Մայրս մտածում էր իր փոքր տղայի մասին, ես՝ իմ տղաների, եղբայրս՝ ագռավի և շունը՝ մեր մասին։

Եղբայրս լռեց,լռեց և ի վերջո ասաց.

-Լավ, Գառո, ես քեզ կբռնե՛մ։