(հատված ԶԱՔԱՐԵ վեպից)
2024թ․ ՍՏԵՓԱՆ ԱԼԱՋԱՋՅԱՆ ամենամյա մրցույթում ԶԱՔԱՐԵ վեպն արժանացել է մրցանակի՝ ՊԱՏՄԱՎԵՊ անվանակարգում
1208 թվականի գարնանը Զաքարե շահնշահը պատմական որոշում կայացրեց՝ զորքով շարժվել կենտրոնական Հայաստանի՝ Վասպուրականի ուղղությամբ:
Նրա քայլը բնավ կապված չէր Կիլիկիայի Լևոն թագավորի՝ Ամենայն Հայոց թագավոր կոչվելու ցանկության հետ: Նա բացարձակ ցանկություն չուներ մրցել Լևոն Երկրորդի հետ, լինել Ամենայն Հայոց թագավոր: Քանի որ նման մի կոչում էլ՝ տիեզերակալ թագավոր, ինքն ուներ: Խնդիրը Հայոց պատմական տարածքները օտար լծից ազատագրելու մասին էր, ինչն էլ փորձում էր իրականացնել Զաքարե շահնշահը:
Սպարապետ Վասակ Խաղբակյանը, ստացած հրամանի համաձայն, տասնհինգ գնդով շարժվեց Այրարատի փոխարքայության տարածքով, անցավ Քասաղ գետը և բանակեց հին կամրջի դիմացի սարահարթում: Այդտեղ երեք գնդով բանակին միացավ Այրարատի կողմնակալ-փոխարքա, իշխանաց իշխան Վաչե Վաչուտյանը: Օշական եկան նաև Վասակ Խաղբակյանի փոխարքայության երեք գնդերն իր եղբայրների ղեկավարությամբ: Կողմնակալ-փոխարքա, իշխանաց իշխան Լիպարիտ Օրբելյանը, իր երեք գնդով, Վայոց ձորի վրայով միանգամից գալու էր հաջորդ զորակայանը՝ Սուրբ Մարի: Զորակայանում արդեն կար քսանչորս գունդ: Հայոց սպարապետը համարեց, որ այդքան ուժը լրիվ բավարար է դեպի Վանա լիճ արշավելու համար: Նա սուրհանդակներ ուղարկեց մյուս իշխանությունների կառավարիչներին, որ ներկա պահին զորքեր չուղարկեն, այլ սպասեն իր սուրհանդակին, եթե օգնական զորքի պահանջ առաջանա:
Չորրորդ օրը իր շքախմբով Օշական եկավ Զաքարե շահնշահը: Նրա հետ էին Իվանե զորավարը, հորեղբորորդի, իշխանաց իշխան Սարգիս Փոքրը, հորեղբոր թոռնորդի, իշխանաց իշխան Զաքարե Փոքրի որդի Վահրամը, Մածնաբերդի Գուրգեն թագավորը, Հաթերքի ու Ներքին Խաչենի թագավորները, Վերին Խաչենի կամ Ծարի գահակալը: Իշխանավորները եկել էին թիկնապահ գնդերով: Փաստորեն, զորակայանում շուրջ երեսուն հազար զինվոր կար:
Հրամանատարական վրանում քննարկումը շատ կարճ տևեց: Խոսեց միայն սպարապետ Վասակ Խաղբակյանը և առաջարկեց դեպի Վանա լիճ շարժվել Ծաղկանց լեռնազանգվածի երկու եզրով: Ասաց՝ այդպես ավելի արդյունավետ կլինի, քանի որ ճիշտ կլինի, որ Արճեշի վրա հարձակումը իրականացվի ոչ թե մեկ, այլ երկու կողմից միաժամանակ: Դրա արդյունքում Արճեշից ոչ հեռու գտնվող Մանազկերտը, տեսնելով իր կողմից արշավող հայկական բանակը, չի հանդգնի թիկունքից օգնության գալ Արճեշին:
-Լա՛վ,- ասաց Զաքարե շահնշահը՝ համաձայնություն տալով սպարապետի առաջարկած հարձակման ծրագրին:
***
1208 թվականի հուլիսի 16-ի առավոտյան Հայոց երեսուն հազարանոց բանակն Օշականից ուղղություն վերցրեց դեպի Արաքսի կամուրջը: Երեք օրից զորագնդերը հասան Սուրբ Մարի և բանակեցին գյուղաքաղաքի արևմտյան կողմի հարթավայրում: Տասնօրյա հանգստից ու տարածքի հետախուզումից հետո բանակը դանդաղ շարժվեց դեպի հարավ, Արարատի արևմտյան կողմով հասավ Դարոյնք, շրջվեց արևմուտք՝ կանգնելով Դիադինի մոտ: Այստեղ բանակը բաժանվեց երեք հավասար շարասյուների: Բանակի երկու շարասյունը, իրարից որոշակի հեռավորությամբ, Վասակ Խաղբակյանի, իշխանաց իշխան Լիպարիտ Օրբելյանի գլխավորությամբ, շարժվեց դեպի հարավ՝ Ծաղկանց լեռնավահանի պոչամասում առաջացած ձորի մեջ եղած ճանապարհով: Բանակի մյուս մասը, Այրարատի փոխարքա Վաչե իշխանաց իշխանի գլխավորությամբ, շարժվեց դեպի արևմուտք և հասավ Վաղարշակերտ քաղաք: Երկու ուղղությամբ շարժումը դանդաղ էր իրականացվում: Տարածքը մանրակրկիտ ուսումնասիրվում էր: Վաչե իշխանաց իշխանը Վաղարշակերտում զորքին հանգիստ տվեց: Սա վերջին մեծ հանգիստն էր հարձակումից առաջ: Վաղարշակերտի զորակայանում թողնելով մեկ գունդ՝ ինը գնդով նա շարժվեց հարավ-արևելք ուղղությամբ և մտավ Մանազկերտ տանող կիրճը: Նախապես պլանավորված չէր հարձակում Մանազկերտի վրա: Պարզապես հայ-կական բանակը պիտի անցներ Մանազկերտի կողքով՝ քաղաքի կայազորի մոտ վախի զգացողություն առաջացնելու համար: Սակայն, երբ անցնում էին կողքով, քաղաքից դուրս եկած հայերի մի խումբ մոտեցավ հայկական բանակի շարասյանը, զորքը կանգնեց: Հայերին շտապ տարան Վաչե իշխանաց իշխանի մոտ:
-Տե՛ր զորավար, քաղաքում երկու անգամ ավելի հայեր կան, քան մուսուլմաններ: Բացի այդ, որևէ մեկը չէր մտածում, որ հայերը կարող են այս ուղղությամբ հարձակվել, կայազորի գնդերի մի մասը ուղարկվել են Խլաթ: Քաղաքը գրեթե անպաշտպան է: Անգամ փոքր ու-ժերով կարելի է մտնել,- ասաց մանազկերտցի հայերի խմբի ավագը:
-Լա՛վ: Եկե՛ք, այսպես անենք: Դուք հիմա կվերադառնաք քաղաք: Իսկ մենք ցուցադրաբար «կշարունակենք» շարժվել Արճեշի ուղղությամբ: Երբ մութն ընկնի, կեսգիշերից առաջ երկու գունդ արագ կվերադառնա և Դվինի դարպասի կողմից կմոտենա պարսպին: Այդ ընթացքում երկու գունդ էլ կմոտենա Խլաթի դարպասին, ևս երկու գունդ՝ Արճեշի դարպասին: Մոտավորապես չորս ժամից գնդերը կշարժվեն բերդի ուղղությամբ և կհասնեն դարպասների մոտ: Ազդանշանը կլինի ագռավի կռինչը: Հենց լսեք կռինչը, աշխատեք ներսից բացել դարպասները: Հաջողության դեպքում հայկական զինվորները կմտնեն քաղաք:
***
-Դուք ձեր քաղաքի բոլոր առևտրականներին ճանաչո՞ւմ եք,- մանազկերտցիներին կանգնեցրեց ու հարցրեց հազարապետ Սարգիս Լոռեցին:
-Այո՛,- պատասխանեցին գրեթե բոլոր մանազկերտցիները միասին:
Վաչե իշխանաց իշխանը զարմացած նայեց Սարգիս հազարապետի կողմը: Շուրջ քսան տարի գիտեր Սարգսին, բայց երբեք չէր լսել, որ նա մանազկերտցի ծանոթ ունենա կամ խոսի այդ թեմայով:
-Ճանաչում ե՞ք Դավթի որդի Վարդանին,- հարցրեց Սարգիս հազարապետը:
-Մեր քաղաքի ամենաարժանավոր քաղաքացիներից մեկն է պարոն Վարդանը, մեծահարուստ է, ձեռք մեկնող ու բոլոր հայերի պաշտպանը: Նրան հավասարապես ընդունում են նաև Մանազկերտի և Խլաթի արաբ, քուրդ տիրակալները: Հայրը, ով նույնպես նվիրյալ հայ էր, յոթ տարի առաջ է մահացել: Առևտրական տան տերը հիմա Վարդան Մանազկերտցին է որդու հետ, ով նույնպես Դավիթ անուն ունի:
Սարգիս հազարապետը բազմանշանակ նայեց Վաչե իշխանաց իշխանի կողմը, որը նշանակում էր՝ մի քանի րոպեից կպատմեմ:
-Հիմա հենց վերադառնաք, կգնա՛ս պարոն Վարդանի մոտ, կասե՛ս նրան՝ Լոռե Բերդի շուկայի կառավարիչ Սարգիսը, ով հիմա Հայոց բանակի հազարապետն է, եկել է իր մի ոսկու հետևից: Կհիշե՞ս:
-Իհարկե՛,- պատասխանեց Մանազկերտցին:
-Քանի որ նա մոտիկ է քաղաքի իշխողների հետ, թող ի նշան այն բանի, որ Հայոց բանակը չգրոհեց քաղաքը և շարժվեց դեպի Արճեշ, հյուրասիրություն կազմակերպի, մեռնելու չափ հարբեցնի զորականներին, դրա արդյուքում մեր հարձակման ժամանակ անղեկ մնացած զինվորները չեն կարողանա կենտրոնանալ ու կռվել։ Մենք գուցեև անկորուստ կամ քիչ զոհերի գնով ազատագրենք քաղաքը: Ձեզ բարի՛ ճանապարհ: Կհանդիպենք կեսգիշերին:
Մանազկերտցիները գնացին:
Վաչե զորավարը սպասում էր Սարգիս հազարապետի բացատրությանը:
-Տե՛ր փոխարքա, հիշո՞ւմ ես Լոռե Բերդի շուկան, որտեղ առաջին անգամ հանդիպեցինք,- հարցրեց Սարգիս հազարապետը:
Վաչե զորավարը մտքով ավելի քան քսան տարի հետ գնաց:
-Այո՛, հիշեցի՛: Եվ հենց այդտեղ էլ տեսնելով քո կառավարման հմտությունները, աշխատանքային նվիրումը՝ առաջարկեցի մտնել բանակ: Իսկ դու արդեն զինվոր եղել էիր, ծառայել Սարգիս Մեծ թագավորի բանակում, կռիվներով անցել և վաստակել էիր հարյուրապետի աստիճան: Քեզ վերցրեցի որպես թիկնազոր, դու արագ բարձրացար զինվորական աստիճանակարգով ու դարձար իմ օգնականը: Երկու տարի անց ես քեզ կարգեցի գնդի հրամանատար-հազարապետ, իսկ Անբերդի փոխարքա նշանակվելուց հետո՝ իմ բանակի հրամանատար, իսկ Զաքարե շահնշահը քեզ իշխանի կոչում շնորհեց,- ասաց Վաչե զորավարը:
-Այո՛, այդպես էլ եղել է: Բայց այն, ինչի մասին պիտի պատմեմ, եղել է մեր հանդիպումից երկու տարի առաջ: Սարգիս Մեծ թագավորը Թամար թագուհու կողմից Լոռին իրեն հանձնելուց հետո եկավ Լոռե Բերդ: Հենց այդ ժամանակ էլ նշանակումներ արեց, քաղաքի կառավարիչ նշանակեց և ինձ էլ կանչեց՝ ասելով, որ այս րոպեից կլինես քաղաքի շուկաների կառավարիչ: Ինքը վերադարձավ Տփղիս, իսկ ես մնացի Լոռե Բերդում: Օրերից մի օր ինձ մոտեցավ բարձրահասակ, մոտ երեսուն տարեկան, սևամազ ու պինդ երիտասարդ: Նա ասաց, որ Մանազկերտ քաղաքից է, վաճառական Դավթի որդին: Հնդկաստանից քարավան է բերել Լոռե Բերդ: Նյութեր են, որոնք պիտի Անիի վրայով տանի Տրապիզոն, այնտեղից՝ Հռոմ, ապա՝ իսպանական Կադիս: Բայց ասաց՝ արդեն երկու օր հետևում է մի քուրդ քարավանապետի, որի քարավանում մի մարդու նմանեցնում է տասնհինգ տարի առաջ քրդերի կողմից առևանգված իր կրտսեր եղբոր հետ: Քանի որ ինքը որևէ կերպ չի կարողացել մոտենալ ստրուկ բեռնակրին, դիմում է՝ օգնեմ՝ կասկածը ճշտելու խնդրանքով: Ես ևս անակնկալի եկա: Ինչպե՞ս օգնեմ: Ի վերջո որոշեցի կանչել քուրդ քարավանատիրոջը և հարցում անեմ: Քուրդը եկավ ստրուկի հետ: Վերջինիս անունը հարցրեցի, ասաց՝ Ասիլ: Ասացի՝ տեսքով քուրդ չես, ի՞նչ ազգից ես, ուրիշ անուն ունե՞ս: Երիտասարդը նայեց քուրդ տիրոջը, լռեց, նայում էր գետնին: Հուսադրեցի, որ ինչ էլ ասի, իր հետ ոչինչ չի պատահի: Միայն դրանից հետո ասաց. «Հայ եմ, մանազկերտից, անունս Արշակ է եղել, հորս անունը Դավիթ էր»: Փաստորեն, մանազկերտցի Վարդանը, ճիշտ էր, ստրուկն իր եղբայրն էր: Քուրդը ինչ-որ բան նկատել էր, իսկ հարցաքննությունից եզրակացրեց՝ երիտասարդին ճանաչող է եղել և կարող է իրեն մեղադրանք ներկայացվի: Նա ասաց, որ ստրուկին երկու տարի առաջ չորս ոսկով գնել է Հալեպի ստրուկների շուկայից ու երկու տարի կերակրել է: Այս ասելով՝ քուրդը, փաստորեն, գին դրեց: Ես քրդին ասացի, որ մեկ ժամից իրեն կկանչեմ, իսկ ստրուկն այդ ժամանակ կմնա իմ բանտում: Այդ արեցի, որ քուրդը ստրուկին չվնասի: Կանչեցի մանազկերտցի Վարդանին, ասացի՝ ինքը ճիշտ է, ստրուկն իր եղբայրն է: Արցունքները վազեցին երիտասարդի աչքերից: Բացեցի բանտի դուռը, Վարդանը ներս մտավ, և տասնհինգ տարվա բաժանումից հետո եղբայրները գտան իրար: Վարդանին տեղեկացրի, որ քուրդը փող է ուզում: Նա հանեց քսակը, ափիս մեջ լցրեց վեց ոսկե դրախմա: Ասաց, որ երկար ճանապարհից հետո, այդ է մնացել: Նշեցի՝ քիչ է: Կանչեցի իջևանատանը գտնվող հայ քարավանատերերին և բացատրեցի տեղի ունեցածը, ասացի, որ մանազկերտցի Վարդանին հարկավոր է օգնել, ու առաջինն ես սեղանին դրեցի մեկ ոսկի: Քարավանատեր հայերից շատերը ճանաչեցին Վարդանի հորը, ասացին, որ արժանապատիվ մարդ է, որդուն առևանգելուց հետո ծանր հիվանդացել ու անկողին է ընկել, գործերը թողել է որդուն: Աշխարհի բոլոր անկյուններում փնտրել է նրան: Ու հիմա որդին գտնվել է Լոռե Բերդում: Բոլորը մեկական ոսկի դրեցին սեղանին: Հաշվեցի երեսուներկու ոսկի, գումարեցի նաև Վարդանի վեց ոսկին: Եղավ երեսունութ ոսկի: Այդ պահին տրապիզոնցի Հակոբն ասաց՝ մի ծանր օր Դավիթ Մանազկերտցին բռնել է իր ձեռքը, հինգ ոսկի տվել, որ մինչև հիմա չի կարողացել վերադարձնել: Եվ հինգ ոսկին գումարեց եղածին, մեկական ոսկի էլ գումարեցին ուրիշ երկու քարավանատեր: Կանչեցի քուրդ քարավանատիրոջը: Ասացի, որ ստրուկը Մանազկերտ քաղաքից է և իր քուրդ հայրենակիցներն են երեխա ժամանակ նրան գողացել: Եղբայրը ճանաչել է նրան, իսկ իմ հարցաքննությունը հաստատել է փաստը: Եղբայրը քեզ տալիս է քառասունհինգ ոսկի փրկագին: Ստացի՛ր ու գնա՛, թեև մենք մեր մանազկերտցուն կարող էինք օրենքի ուժով էլ ստանալ, բայց քեզ վճարում ենք, որ վերցնես, սուս ու փուս հեռանաս: Վարդանը քառասունհինգ ոսկին քսակից դատարկեց սեղանին: Քրդի աչքերը ոսկու փայլից մթնեցին: Ընչաքաղց քուրդն ափի մեջ մի քանի ոսկի վերցրեց, ատամի տակ ստուգեց՝ համոզվելով, որ ոսկի է: Իր ձեռքով լցրեց քսակը և անխոս հեռացավ: Մի քանի ժամից նրա քարավանը հեռացավ Լոռե Բերդից: Ես թույլ չտվեցի, որ Վարդանը եղբոր հետ նույն օրը գնա Անիի ուղղությամբ՝ մտածելով եղբայրների անվտանգության մասին: Երկու օրից Վարդանի քարավանը Դվինի վրայով գնաց Մանազկերտ: Այս էր, զորավա՛ր, մի ոսկու պատմությունը:
-Զարմանալի՜ մարդ ես, Սարգի՛ս հազարապետ, զարմանալի՜ բան պատմեցիր,- արձագանքեց Վաչե իշխանաց իշխանը,- սպասենք ու տեսնենք՝ ինչպես կլինի:
***
Մանազկերտցի հայերի վերադարձից հետո Հայոց բանակը դանդաղ շարժվում էր դեպի Արճեշ: Այդ ամենը տեսնում էին պարիսպների վրայից նայող մուսուլման զինվորները: Նրանք հանգիստ շունչ քաշեցին՝ տեսնելով հայկական բանակի առաջ գնալը:
Ինչպես պլանավորել էր Վաչե իշխանաց իշխանը, այդպես էլ վարվեց: Մութն ընկնելուց հետո՝ կեսգիշերից առաջ, բանակի վեց գունդ դարձավ Մանազկերտի կողմը: Հայ զինվորները բացարձակ անձայն մոտեցան քաղաքի տարբեր դարպասներին: Աշնանային տապը, քամու բացակայությունը և դրանից առաջացած կիսանինջ վիճակը լրիվ բթացրել էին դարպասների պահապան մուսուլման զինվորներին:
Ուշ կեսգիշերին լսվեց ագռավի կռինչ: Խլրտոց սկսվեց Դվինի դարպասի ներսատարածքում: Կարճ իրարանցումից հետո՝ դարպասը ճռնչալով բացվեց: Ներս հորդաց հայկական հետիոտն բանակը: Ընդամենը րոպեների ընթացքում դարպասների մոտ գտնվող պահակազորային զինվորները ոչնչացվեցին: Թշնամու զինվորներն այնպիսի անակնկալի եկան, որ չհասցրեցին օգնություն կանչել: Հայ զինվորները քաղաք էին մտել նաև Արճեշի դարպասից: Խլաթի դարպասի պահապան մուսուլման զինվորները ժամանակավորապես ընդդիմացել էին: Բայց կարճ ժամանակ անց այս դարպասն էլ էր բացվել: Քաղաքի հասարակ մուսուլման բնակիչները թաքնվել էին տներում: Զորանոց ծառայող շինությունները շրջապատվեցին, և ներսում գտնվող զինվորներին Հայոց բանակի հազարապետն առաջարկեց հանձնվել՝ զգուշացնելով, որ չհանձնվելու դեպքում զորանոցները զինվորների հետ կայրվեն: Երկու զորանոցում գտնվող զինվորները կարճ երկըտրանքից հետո հանձնվեցին ու զինաթափվեցին: Դրան հակառակ, երրորդ զորանոցի զինվորները փորձեցին ճեղքել հայերի շղթան և դուրս գալ քաղաքից: Բախումն արյունալի էր: Թշնամու բոլոր զինվորները կոտորվեցին: Զոհվեցին նաև երկու հարյուրից քիչ ավելի հայ զինվորներ:
Առավոտյան Մանազկերտի վրա բացված լուսաբացն իր շողերով ողջունեց քաղաքի Միջնաբերդի պալատի վրա բարձրացած Հայոց շահնշահի դրոշը:
Քաղաքի ազատագրումն ապահովել էր Մանազկերտի առևտրական տան տեր պարոն Վարդանը: Նա այնպիսի «պատիվ» էր տվել քուրդ ու արաբ զորականներին, որ միայն հաջորդ օրը՝ կեսօրից հետո, նրանք արթնացան հայկական դրոշների տակ: Թե՛ նրանք, թե՛ հասարակ զինվորները կալանավորվեցին զորանոցներում:
-Պարոն Վարդանը լավագույնս վերադարձրեց Սարգիս հազարապետի մեկ ոսկին,- ասաց ժպտադեմ Վաչե իշխանաց իշխանը:
***
Պարոն Վարդանը, ստանալով Սարգիս հազարապետի բանավոր հանձնարարականը քեֆ կազմակերպել քաղաքը պաշտպանող մուսուլման հրամանատարների համար, հրավիրեց հիսունից ավելի հազարապետների, հարյուրապետների՝ նշելու հայերի հեռանալն Արճեշ: Իր հյուրերին լիուլի խմեցրել էր, բայց որպեսզի թշնամու զորահրամանատարները որևէ խարդավանք չկասկածեն, ինքն էլ էր գավերով խմել: Հաջորդ օրվա կեսօրին աչքերը դժվարությամբ բացեց և փորձեց վեր կենալ, սակայն գլուխը պտտվեց, քիչ էր մնում վայր ընկներ: Բայց, երբ նրան ասացին, որ պալատի բակում նրան են սպասում Վաչե իշխանաց իշխանը, Սարգիս հազարապետը, նաև ուրիշ հազարապետներ, պարոն Վարդանի հարբածությունից ստվեր անգամ չմնաց: Արագ-արագ իջավ երկրորդ հարկից, բակում կանգնածներից գտավ եղբոր փրկչին և փաթաթվեց, իսկ աչքերից արցունքներ էին գլորվում:
-Պարո՛ն Վարդան, շնորհակա՛լ եմ, որ ամեն ինչ արեցիր՝ մեր հարազատ քաղաքն ազատենք մեկ գիշերում,- ասաց Վաչե իշխանաց իշխանը:
-Ես երջանիկ եմ, Վաչե՛ իշխանաց իշխան, որ պապիս ու հորս երազանքն իրականություն դարձրեցիք: Ես հիմա կհանձնարարեմ, որ հացի սեղան դնեն,- ասաց պարոն Վարդանը:
-Պարո՛ն Վարդան, մենք դեռ այդ հնարավորությունը կունենանք: Հիմա սառը ջուր խմենք, ապա գնանք քաղաքի վիճակը ստուգենք: Ամեն ինչ պիտի հաշվի առնենք, որ Խլաթի էմիրը մեր հեռանալուց հետո չփորձի հարձակվել Մանազկերտի վրա: Մեր վրա դեռ «կզայրանան», որ առանց թույլտվության քաղաք ենք գրավել,- ասաց Վաչե իշխանաց իշխանը:
Այդ պահին նախշուն շորով մի աղջնակ դուրս եկավ դռնից, ով, հյուրերին տեսնելով, եղնիկի նման խրտնեց և հետ փախավ տուն:
-Դուստրս էր,- ասաց պարոն Վարդանը:
Սարգիս հազարապետը, ով վիթի նման փախած աղջկա տպավորության տակ էր, հարցրեց.
-Ամուսնացա՞ծ է աղջիկդ, պարո՛ն Վարդան:
-Ո՛չ, Սարգի՛ս հազարապետ, մեկ ամիս առաջ է տասնվեց տարին լրացել: Իմ կյանքն է, ութը որդիներից հետո է ծնվել: Մեր տան սերն է:
***
Մանազկերտն ազատագրելուց մեկ շաբաթ անց արևելքից Արճեշին մոտեցող բանակի դրոշներն Արճեշի պարիսպները պահպանող մուսուլման հրամանատարներին հուշեցին, որ գալիս է Հայոց բանակը:
Մեկ շաբաթ առաջ Մանազկերտից ճողոպրած մի քանի զինվոր բերել էին Հայոց բանակի կողմից Մանազկերտը գրավելու լուրը: Ու հիմա քաղաքին զորք էր մոտենում ոչ միայն արևելքից, այլ՝ նաև հյուսիսից՝ Մանազկերտից:
Վաչե իշխանաց իշխանը Մանազկերտում թողել էր երեք գունդ, իսկ մյուս գնդերի հետ մեծ արագությամբ գալիս էր Արճեշ: Սեպտեմբերի 2-ի երեկոյան Արճեշի մոտ հայկական բանակները միացան: Արճեշը պաշարվեց:
Քաղաքը պաշտպանող ուժերը երեք կամ չորս անգամ զիջում էին բերդը պաշարած հայկական բանակին:
Արճեշ քաղաքը Վանա ծովի հյուսիսային ծովախորշի մոտ, Արճեշ գետի ափին գտնվող հնագույն բնակավայր էր, որը հազարավոր տարիներ տարբեր թշնամիներ էր տեսել: Բերդի պարիսպները բարձր չէին, բայց ամուր էին և ձգվում մի քանի հազար չափ երկարությամբ: Քաղաքը գտվում է մոտ տասներկու հազար չափ երկարության ու տաս հազար չափ լայնության դաշտավայրի արևելյան եզրին: Դաշտավայրը երեք կողմից շրջապատված է բլուրներով, հարավային կողմից սահմանակից էր Վանա ծովի ջրերին: Բարեբեր եղանակի արդյունքում դաշտավայրն ամբողջովին ծածկված էր պտղատու ծառերով: Լեռնագոգերին ցանված հացահատիկը բավարարում էր ոչ միայն Արճեշի բնակչության պահանջները, այլ վաճառքի էր հանվում ամբողջ Վան նահանգի բնակավայրերում: Ջրովի դաշտերում խաղողի և պտղատու ծառերի այգիներ էին: Բնակիչների երեք մասը հայեր էին, մեկ մասը՝ քրդեր: Հայերը նստակյաց էին, զբաղվում էին հողագործությամբ, տառեխի որսով, առևտրով, իսկ քրդերը՝ միայն անասնապահությամբ: Քաղաքում հազարամյակներ առաջ արհեստական լճակ էր փորվել, որը ջրով լցվում էր նույն ժամանակներում փորված ջրանցքով: Շատ գեղեցիկ էր այդտեղի մոտակա Զիլանաձորը՝ իր ծծմբային ջերմուկ ջրով: Գավառը հարուստ էր պղնձի, երկաթի, քարածխի ու կապարի հանքերով:
Իր տնտեսական տեսանելի արդյունքներով Արճեշ քաղաքի ուղղությամբ արշավանքը, դրա ազատագրումը նաև տնտեսական շոշափելի հետաքրքրության խնդիր էր: Շիրակի և Հայաստանի մյուս շրջաններում արտադրված հացը լիուլի բավարարում էր երկրի պահանջները, բայց շտեմարաններում քիչ հացահատիկ էր ավելանում, մինչդեռ ավելին էր պետք: Արճեշը հացի շտեմարան էր: Եվ Զաքարե շահնշահի կազմակերպած ազատագրական ցանկացած արշավանք առաջին հերթին տնտեսական խնդիրներ էր նաև լուծում: Ազատագրելու դեպքում Արճեշից հնարավոր կլիներ ներմուծել հացահատիկ, բազմապիսի թարմ ու չոր մրգեր, տարբեր մրգային գինիներ, բամբակ, չորացրած տառեխ:
Զաքարե շահնշահի հրամանով Արճեշ գետից սկսվող ջրանցքի հունը փակվեց: Քաղաքը ծովի ափից որոշ հեռավորություն ուներ, այդ կողմից ևս շրջապատվեց: Պաշարումը դարձավ ամբողջական: Մեկ ամիս շարունակվող պաշարման ընթացքում քաղաքի կենտրոնում եղած լճակի ջուրը սպառվեց: Խլաթի էմիրը զինական օգնություն փորձեց կազմակերպել ծովով: Բայց ափին մոտեցող նավակները ձիթապատ ու կրակված նետերի ռմբահարումով հրդեհվեցին: Այլևս որևէ օգնություն Արճեշը չստացավ:
Հայկական զորքերի մի մասը ծովափով շարժվեց դեպի հարավ և ընթացքից ազատագրեց Բերկրիի ծովափնյա ամրոցը:
Փաստորեն, Արճեշն օգնության որևէ հնարավորություն այլևս չուներ: Թշնամին որոշեց խորամանկել: Նոյեմբերի կեսին բերդի հյուսիսային կողմի երկու դարպասը միաժամանակ բացվեցին և հայ կանանց ու երեխաների թիկունքում պատսպարված թշնամին փորձեց գրոհել, ճեղքել շրջապատումը և հեռանալ: Հայոց բանակի սպարապետը կանխատեսել էր թշնամու՝ նման նենգ հարձակումը, պատրաստվել էր նաև դրան: Հեռահար նետաձիգների գնդերը գտնվում էին դիրքերում: Բարձրաձայնեղ զինվորները դեպի իրենց եկող հայերին գոռացին՝ պառկե՛լ: Վերջիններս ճիշտ ընկալեցին պահանջը և պառկեցին գետնին: Թշնամին կորցրեց կենդանի վահանը, իսկ հազարավոր հայ նետաձիգներ միանգամից արձակեցին նետերը: Թշնամու առաջին շարքերը հնձվեցին, փակեցին առաջ շարժվող թշնամու զինվորների ճանապարհը: Հինգ, թե վեց նետարձակումից հետո թշնամու հնձված զորամասերի մնացորդները ձեռքերը բարձրացրեցին՝ ծնկի գալով դարպասների դիմաց:
Ամեն ինչ ավարտվեց: Արճեշն ազատագրվեց:
Բերկրիում և Արճեշում Մանազկերտի օրինակով կայազորներ տեղակայվեցին:
***
Օրեր առաջ Սարգիս հազարապետն արագավազ ձիերով սուրհանդակ էր ուղարկել Անբերդ, որտեղ ապրում էր իր ընտանիքը՝ պահանջելով՝ կինն ու որդին նշանադրության մատանիով շտապ հասնեն Մանազկերտ:
***
Զաքարե շահնշահը հանգիստ տվեց Հայոց բանակին:
Նա հրամայեց՝ որոշեն, թե ի՞նչ սկզբունքով բաց թողնեն գերի արաբ, քուրդ և սելջուկ զորականներին, զինվորներին, որոնց կալանել էին Մանազկերտի զորանոցներում:
-Ես չեմ պատրաստվում կերակրել հինգ հազար գերու, լուծե՛ք խնդիրը,- ասաց շահնշահը:
Պարոն Վարդանի գլխավորությամբ բանագնացների դեսպանախումբ ուղարկվեց Խլաթ: Խնդիրը քննեցին Խլաթի էմիրի հետ, ով համաձայնեց յուրաքանչյուր քառասուն զինվորի դիմաց մի տակառ աղը դրած տառեխ, յուրաքանչյուր հազարապետի համար՝ մեկ, իսկ վեց հարյուրապետի համար՝ երկու տակառ աղը դրած ձուկ վճարել:
Աղը դրված ձկան՝ շուրջ երկու հարյուր տակառներն ուղարկվեցին Անի մայրաքաղաք:
***
Անբերդից եկան Սարգիս հազարապետի կինն ու որդին: Բերել էին նշանադրության ոսկեղեն, արդուզարդ, գոտի, հարսի կարմիր շոր ու կոշիկներ: Սարգիս հազարապետը սիրով ընդունեց հարազատներին՝ ասելով, որ մեծ գործ ունեն անելու: Նա գնաց իր տիրոջ՝ փոխարքա Վաչե իշխանաց իշխանի մոտ:
-Տե՛ր իմ, անձնական մեծ խնդիր ունեմ: Հիշո՞ւմ եք Մանազկերտի ազատագրման օրը պարոն Վարդանի տան բակում մի աղջիկ դուրս եկավ բակ: Պարոն Վարդանն ասաց, որ իր դուստրն է: Հենց այդ պահին էլ միանգամից որոշեցի խնդրել նրա ձեռքը որդուս համար: Սուրհանդակ էի ուղարկել Անբերդ, կինս ու որդիս արդեն եկել են Արճեշ: Խնդրում եմ օգնե՛ք նշանադրություն կատարել, դարձե՛ք խաչքավոր:
-Իսկ ե՞րբ ես ուզում պարոն Վարդանի տուն գնալ:
-Երբ որոշե՛ք, տե՛ր փոխարքա, բայց որքան հնարավոր է՝ շուտ:
-Լա՛վ, ես թույլտվություն կհայցեմ Զաքարե շահնշահից ու վաղը կամ մյուս օրը կգնանք:
***
Պարոն Վարդանին սուրհանդակը հայտնել էր փոխարքա Վաչե իշխանաց իշխանի գլխավորությամբ հարսնախոսության գալու մասին: Նա պատրաստություն էր տեսել և պատշաճ ընդունեց հյուրերին: Վաչե իշխանաց իշխանի հետ էին նրա բանակի հրամանատար, իշխան Սարգիս հազարապետը կնոջ ու որդու, իր բանակի գնդերի հրամանատարներ-հազարապետներ Գուրգենը, Վահանը և Պետրոսը: Այսպիսի բարձրաստիճան պատվիրակություն իր տանը երբևէ չէր ընդունել պարոն Վարդանը:
Հարսնախոսության առիթով պարոն Վարդանն ամբողջ բարեկամությանը իր տուն էր հրավիրել:
Ձևականություններ չեղան: Վաչե իշխանաց իշխանն ասաց, որ Սարգիս հազարապետն ու պարոն Վարդանը շուրջ քսան տարի առաջ առնչվել են, գիտեն իրար և երկուսն էլ հասարակական դիրք ունեն, երկրում կարևոր մարդիկ են, ծառայում են Հայոց պետությանը, ու այս բարեկամությունը նշանակալի ավանդ կլինի լոռեցի և մանազկերտցի ընտանիքների համար:
Հյուրասրահ եկած հարսնացուն իսկական գեղեցկուհի էր իր ամբողջ բնականությամբ: Ծնողների, բարեկամների և հյուրերի ներկայությամբ Սարգիս հազարապետի որդի Վաչեն նշանի մատանին դրեց պարոն Վարդանի դուստր Անուշի մատը: Երջանկության արցունքներ էին հորդում երկու մոր աչքերից: Երիտասարդներին մոտեցավ փոխարքա Վաչե իշխանաց իշխանը, համբուրեց նախ Անուշի և ապա իր պատվին Վաչե անունով կնքված Վաչեի ճակատները՝ երջանկություն մաղթելով նրանց:
***
Վաչե իշխանաց իշխանը Զաքարե շահնշահին զեկուցեց նշանադրության մասին: Վերջինս որոշ ժամանակ մտորեց և հետո դարձավ իշխանաց իշխանին.
-Դարերով մեր այսկողմյան հայերը ուրախություն չեն ունեցել, ի՞նչ կարծիքի ես, Վաչե՛ իշխանաց իշխան, որ մարդկանց մի մեծ տոնախմբություն պարգևենք՝ հարսանիք կազմակերպենք Արճեշի և Մանազկերտի միջև մի լայնարձակ դաշտում՝ բանակի զինվորների, երկու քաղաքի, շրջակա գյուղերի հայ ու այլազգի բնակիչների մասնակցությամբ, ինչպես բազմաթիվ զույգերի մասնակցությամբ հարսանիք արեցինք Նորատուսում: Այստեղ մեկ զույգով, բայց նույնպիսի մեծ հարսանիք կազմակերպի՛ր: Սա նաև մեծ ցուցադրական դաս կլինի շրջակա էմիրների, անգամ՝ Բաղդադի խալիֆի համար, որ այս հողերը հայերի պատմական հողերն են և այստեղից աչքներն առհավետ կտրեն:
Վաչե իշխանաց իշխանը մի անգամ ևս համոզվեց, որ Զաքարե շահնշահը հեռատես ու խորաթափանց տիրակալ է: Նա այս առաջարկով փորձում է մերել առաջին հերթին հայ, ապա նաև տեղացի այլազգի բնակիչներին Հայոց պետության հետ:
-Դրսից հյուրեր ունենալո՞ւ ենք,- հարցրեց շահնշահը,- եթե այդպիսիք լինեն անգամ, տասնհինգ օրը բավական է, որպեսզի գան-հասնեն Արճեշ, հրավերնե՛ր ուղարկեք Հայաստանի բոլոր կողմերի իշխանավորներին: Արճեշն ու Մանազկերտը, շրջակա գյուղերով, մոտ տասնհինգ հազար բնակիչ ունեն, մեր բանակը մոտ քսանհինգ հազար զինվոր ունի, որից հինգ հազարն այդ օրերին ծառայություն կիրականացնի: Երեսունհինգ հազար մարդու համար հյուրասիրության մթերք, խմիչք է անհրաժեշտ պատրաստել: Հիշո՞ւմ ես Անիիում մենք երկու հարյուր հիսուն հազար մարդու համար հյուրասիրություն կազմակերպեցինք: Նույնը կանենք այստեղ: Պետության հազարապետին իմ անունից ասա՛՝ երկու հարյուր կով, նույնքան եզ, չորս հարյուր ոչխար և նույնքան խոզ, ինչպես նաև անհրաժեշտ խմիչք հանձնի՛ Սարգիս հազարապետին: Մնացյալ խնդիրները թող մանազկերտցի պարոն Վարդանը հոգա:
***
Հայաստանի բոլոր կողմերից եկան երկու հազարից ավելի իշխանավորներ: Ճիշտ ժամանակին մեծ պատվիրակությամբ եկավ մեծահարուստ Տիգրան Հոնենց իշխանաց իշխանը՝ Անի քաղաքի ամբողջ ավագանիով: Նրա հետ ընկերակցել էին նաև Աղվանքի Հայոց կաթողիկոս Հովհաննեսն ու Անիի երիցանու առաջնորդ Սարգիս արքեպիսկոպոսը: Եկավ, հասավ պարոն Վարդանի եղբայր Արշակը, ով Հալեպ քաղաքում առևտրական տան ղեկավար էր: Նա եղբայրաբար փաթաթվեց իր փրկիչ և արդեն բարեկամ Սարգիս հազարապետին:
Տարածաշրջանից, Հայաստանի այլ մասերից երկու հարյուրից ավելի նվագախումբ, հազարից ավելի ժողովրդական երգիչ և աշուղ էր հրավիրվել հարսանիքին, որի համար ընտրվել էր Արճեշի ու Մանազկերտի միջև գտնվող գեղեցկագույն Զիլանաձորը: Տարածքը բաժանվել էր հարյուրավոր հատվածների, յուրաքանչյուրում՝ նվագողների ու երգիչների խմբերով: Ամբողջ տարածքով հազարավոր չափերով սեղաններ էին տեղադրված: Եվ այս ամենը մինչև հարսանիքը: Վերջին երկու օրը հազարավոր խոհարարներ հարսանեկան սեղանների խորովածի միսն էին կտրտում ու շարում, եփելու միսն էին տեսակավորում, ձկնորսների բռնած թարմ ձուկն էին պատրաստում, եփելունն՝ առանձին, խորովելունն՝ առանձին: Խորովածի կրակի փայտ էր տեսակավորվում: Ամբողջ տարածաշրջանը հարսանիքի պատրաստությամբ էր զբաղված, որի նախորդ օրվա երեկոյան արդեն ամեն ինչ արված-ավարտված էր:
Երեսուն հազար մարդու մասնակցությամբ հարսանիք անելը չլսված էր:
-Լսվա՛ծ չէ, կլսվի՛,- ասաց Զաքարե շահնշահը,- և հետո սա ոչ թե սովորական, այլ հայկական մեծ հարսանիք է:
***
Հայկական մեծ հարսանիքը սկսվեց 1209 թվականի ապրիլի 20-ի գիշերակեսից: Քաղաքներից ու գյուղերից մարդիկ ընտանիքներով, մեծով-փոքրով գալիս, տեղավորվում էին իրենց համար նախատեսված ծանրաբեռ սեղանների մոտ: Հայերի հետ գալիս էին նաև քաղաքներում, գյուղերում ապրող այլազգիները՝ քուրդ, արաբ և հրեա:
Արևի դուրս գալու հետ զնգաց զուռնայի ձայնը, խփեցին հարյուրավոր մեծ ու փոքր դհոլները: Հարսանիքը սկսվեց:
Երգ էր, պար, կենաց խոսք: Հարսանքատեղի միջնամասում հարսանիքատիրոջ ու երկրի ղեկավարների սեղանն էր: Եթե սեղաններից հեռու գտնվող մասերում սովորական մարդկային ուրախություն էր, ապա այստեղ հարսանեկան ծես էր:
Անիի երիցանու առաջնորդ Սարգիս արքեպիսկոպոսն իր օգնական վարդապետների ու քահանաների հետ հարսանեկան ծեսի արարողություն էր կատարում, իսկ սարկավագները բուրվառներով խնկահոտ էին տարածում շրջակայքում:
-Տե՞ր ես,- արքեպիսկոպոսը հարցրեց փեսա Վաչեին:
-Տե՛ր եմ,- պատասխանեց փեսան:
-Հնազա՛նդ ես,- արքեպիսկոպոսը հարցրեց հարսին:
– Հնազա՛նդ եմ,- պատասխանեց հարսը:
-Զավակնե՛րս, օրհնո՛ւմ եմ ձեր միությունը, մաղթո՛ւմ եմ, որ մինչև կյանքի վերջը սիրո՛վ ապրեք, զավակնե՛ր ծնեք,- ծերունական կերկերուն, երգեցիկ ձայնով արտասանեց Սարգիս արքեպիսկոպոսը՝ խաչը դնելով նորապսակների գլխին:
Շնորհավորանքի խոսք ասաց Զաքարե շահնշահը: Նա հարսին նվիրեց ոսկե վզնոց, կրծքազարդ, oձագլուխ թևնոց, կարմիր քարով մատանի ու ականջողեր:
Մեծ էր Վաչե իշխանաց իշխանի՝ քավորհոր նվերը:
Հայոց ավագանու անդամները ևս մեծարժեք նվերներ տվեցին նորապսակներին:
Անմոռանալի էր Տիգրան Հոնենցի նվերը: Նա զույգին տուն նվիրեց Անի մայրաքաղաքում, իսկ Սարգիս հազարապետի որդի Վաչեին առաջարկեց իր վաճառատներից մեկի ղեկավարի պաշտոնը:
Մինչև կեսգիշեր հնչում էր երգն ու պարը: Հարյուրից ավել շուրջպար էր պտտվում տարածքում: Սեղանները դատարկվում ու արագ բեռնավորվում էին: Հարսանիքն ուրախություն, տոնախմբություն էր հազարավոր երեխաների ու երիտասարդների համար:
***
Հարսանիքն ավարտվեց միայն հաջորդ օրվա կեսօրին:
Հարսն ու փեսան մի պարկ ոսկի նվեր ստացան:
Երկու կողմի ծնողներն էլ ապահովված մարդիկ էին և համաձայնվեցին զավակների որոշման հետ. նվեր ստացած ոսկին հատկացնել Արճեշի և Մանազկերտի բերդերի վերականգնման-ամրացման աշխատանքներին:
***
Հայկական մեծ հարսանիքից հետո՝ մայիս ամսի կեսերին, Հայոց բանակը տասնութ գնդով շարժվեց դեպի Խլաթի կողմը: Հասավ, անգամ Խլաթից էլ անցավ, բայց անբարենպաստ եղանակի, սկսված անձրևների պատճառով, մի քանի օր կանգնեց Խլաթի հզոր պարիսպների դիմաց, ապա հետ քաշվեց Մանազկերտ:
Զաքարե շահնշահն Արճեշի ու Մանազկերտի շրջակա ազատագրված տարածքները ժամանակավորապես դրեց Կոգովիտի Արծրունիների իշխանության տակ, իսկ Արարատ սարի շրջակա հողերը հանձնեց Այրարատի փոխարքայությանը:
Մանազկերտում մի շաբաթ հանգստանալուց հետո զորքը Ծաղկանց լեռնավահանի ստորոտով, Թոնդրակ սարի աջակողմով, անցավ Գառնիձորի լեռնանցքը և Դարոյնք-Սուրբ Մարի ճանապարհով մտավ Այրարատի փոխարքայության տարածք՝ ապա Նիգ գավառի տարածքով ուղղվելով դեպի Լոռե Բերդի կողմը:
ՄԵԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԵՐԱԶԻ ՎԵՐՋԸ
Արճեշի ազատագրումից, Խլաթի անհաջող արշավանքից վերադարձից հետո՝ 1208 թվականի հոկտեմբերի վերջին, Զաքարե շահնշահը մինչև նոր տարվա սկիզբը որոշեց շրջել Հայաստանով: Նա Իվանե զորավարին թողեց կառավար և որդու՝ Սարգիս-Շահնշահի հետ Դվինից գնաց հարավ:
Մեկ շաբաթ մնաց Լիպարիտ Օրբելյանի Հրաշկաբերդ, նույնքան էլ՝ Վասակ Խաղբակյանի Եղեգիս մայրաքաղաքներում:
Հաջորդ կանգառի համար Եղեգիսից Վարդենյաց լեռնանցքով Զաքարե շահնշահն անցավ Գեղարքունյաց նահանգ և հասավ Սոթք: Սոթքի լեռնանցքով անցավ Արցախ, որտեղ վերջին անգամ եղել էր տասնհինգ տարի առաջ: Նախ գնաց Ծարի իշխանանիստ Ծար քաղաքը: Քույրը՝ Դոփը, աշխարհով մեկ եղավ ու բացարձակ անակնկալի եկավ՝ իր պալատի բակում տեսնելով եղբորը: Թեև Զաքարե շահնշահը նախապես որոշել էր Արցախի երեք իշխանության յուրաքանչյուրում մնալ երեք-չորս օր, բայց չստացվեց: Դոփը նրան գրեթե կալանավորեց ու պահեց կես ամիս: Զաքարե շահնշահին միայն Հաթերքում հաջողվեց պլանավորած չորս օր մնալը: Խոխանաբերդի իշխանուհի Խորիշահը Դոփից պինդ դուրս եկավ, եղբորը հյուրնկալեց քսան օր: Այս այցելությանը Զաքարեն միայնակ էր՝ առանց ընտանիքի անդամների, առանց Իվանե զորավարի: Հենց այդ ազատությունն էլ թույլ տվեց, որ նա հասցնի Արցախը լայնքով ու երկայնքով շրջել: Նախ, ինչպես ամենուր, ուսումնասիրում էր պաշտպանական կառույցները: Ուրախանում էր, որ նախորդ այցից հետո մի քանի տասնյակ նոր ու հզոր ամրոցներ էին կառուցվել հզոր բերդերի շուրջը՝ դրանք առավել ամրապինդ դարձնելով: Նա հետաքրքրվեց Արցախ բերած ալանական ձիերով: Ասացին, որ դրանք արդեն վեց սերունդ խաչասերվել են տեղական ամրապինդ ձիերի հետ և տվել զարմանահրաշ ուժեղ սերունդ: Այդ սերունդներից ավելի քան տաս հազար հեծելաձի ուղարկվել է Լոռե Բերդի զորակայան, երկու հազար ձի՝ Գագի Վահրամ իշխանաց իշխանին, ավելի քան տասներկու հազարը համալրել են Արցախի երեք իշխանության բանակները: Զաքարե շահնշահը Խոխանաբերդում էլ տարին ավարտեց ու դիմավորեց 1209 թվականը: Նոր տարվա տոնակատարության առիթով Խոխանաբերդ եկավ նաև Դոփ քույրը: Այստեղ էր նաև Հաթերքի թագավոր Վախթանգ Սակռը: Նա և Խոխանաբերդի թագավոր Վախթանգ-Տանգիկն արցախյան՝ գրեթե երկամսյա այցի ընթացքում բացառիկ ջերմությամբ էին շրջապատել Հայոց շահնշահին:
Զաքարե շահնշահը, հենց Խոխանաբերդից իր թիկնապահ գնդին ավելացնելով Վախթանգ-Տանգիկի երկու հեծելագունդ, շարժվեց դեպի արևելք, ապա Կուր գետի ձախափնյակով շրջանցելով Գանձակ քաղաքը՝ գնաց Գագի կողմնակալություն: Հասնելով հորեղբորորդու իշխանության սահմաններին՝ Ներքին Խաչենի գնդերին, հրամայեց վերադառնալ Խոխանաբերդ, իսկ ինքը գնաց Գագի ամրոց: Հինգ օր մնաց այս գեղատեսիլ երկրամասում: Այստեղ ևս եղավ բազմաթիվ բերդերում և ստրատեգի պահանջկոտությամբ ուսումնասիրեց դրանց հնարավորությունները:
Հնգօրյա այցից հետո շահնշահի շքախումբը, ինչպես մեկուկես տասնամյակ առաջ, Արծրունի և Կյուրիկյան իշխանների սահմաններով շարժվեց դեպի Լոռե Բերդ: Մի քանի օր մնաց իր առաջին մայրաքաղաք Լոռե Բերդում, ապա վերադարձավ Անի մայրաքաղաք:
***
Անիում նրան սպասում էր պետության հազարապետ Դավիթ իշխանաց իշխանն իր զեկույցով:
-Տե՛ր թագավոր, իմ առաջին զեկույցը լսել եք 1191 թվականին, երբ մեր երկիրը մի գավառի՝ Լոռու տարածքն էր ընդգրկում: Այսօր զեկուցում եմ, որ Հայաստան-Մեծ Հայք պետությունը Ձեր նախնի Բագրատունի թագավորների Հայաստանից երկու անգամ մեծ տարածք է ընդգրկում իր մեջ՝ ներառելով Կասպական ծովից մինչև Բասենի արևմտյան սահմանը, Լոռուց դեպի հարավ, մինչև Արաքս գետ, արևելք՝ Արցախական աշխարհի դաշտավայրային սահմանը: Մեկ տարի առաջ ազատագրելով Արճեշն ու Մանազկերտը՝ հասանք Վանա ծովի սահմանին: 1206 թվականի վարչական բարենորոգման արդյունքով Հայաստանի ահռելի տարածքի վրա ձևավորվել է տասնմեկ կողմնակալություն, կան հնից եկած, ինչպես նաև բազմաթիվ փոքր իշխանություններ: Եթե տարիներ առաջ Լոռու և հարակից շրջաններում հաշվել էինք շուրջ տաս հազար ընտանիք՝ ավելի քան հարյուր հազար բնակչով, այժմ Հայաստանն ունի շուրջ երկու միլիոն բնակիչ, ովքեր հիմնականում հայեր են: Ամենավատ հաշվարկներով ունենք շուրջ հարյուր հազարանոց բանակ: Երկիրը ճանաչել ու դիվանագիտական կապեր են հաստատել Վիրքը և Ալանիան, իսկ հարկատու դարձել Բայլագանի, Գանձակի, Կարինի նախկին էմիրությունները: Մեր տարածաշրջանի ամենակայուն գանձարանը մեր թագավորությանն է: Լոռե Բերդից բացի, երկու այլ գանձատներ ենք հաստատել: Սպերում, Սոթքում, Ծարում և Թեղուտում արտադրվող ոսկին պետական հարստություն է և միայն ու միայն գանձարան է մտնում: Շիրակում, Լոռու լեռնային գյուղերում, Մահկանաբերդի գյուղերում, Արցախի՝ գրեթե բոլոր լեռնային գյուղերում, նաև Հայաստանի մյուս լեռնային շրջաններում արտադրվող հացը բավարարում է երկրի ամբողջ բնակչությանը։ Արճեշի հացառատ տարածքի ազատագրումը թույլ տվեց, որպեսզի այս աշնան՝ հնձից հետո, մեր երկրի տասից ավելի շտեմարաններն ամբողջովին լցվեն Արճեշի հացով: Մերն են Երևանի և Կողբի աղահանքերը: Մեր շրջակա երկրներին՝ Վիրքին, Իկոնիային, անգամ Պարսկաստանին, աղ ենք վաճառում: Խաչենի ու Բայլագանի շերամապահական տնտեսությունները թույլ են տվել երկրի պահանջները հոգալ տեղական արտադրանքով: Մեր բնակչությունից ստացած բրդից արտադրված թելերից գործված կտորներից պատրաստված հագուստով և սեփական կաշվեհումքից պատրաստված ոտնամաններով են ապահովված բանակի զինվորները: Բանակի՝ ավելի քան հարյուր հազար զինվորներ նաև ապահովված են հեծելաձիերով: Ունենք նույնքան հեծելաձի, որը թույլ կտա անակնկալ հարձակումների ժամանակ աշխարհազորի հաշվին ունենալ ավելի քան երկու հարյուր հազարանոց հեծյալ բանակ և նույնքան աշխարհազորային: Երկրի բնակիչներին վերջին տասնհինգ տարում գրեթե ամբողջովին ապահովել ենք լծկան եզներով ու գութաններով: Մեր պետությունն իր վրա է վերցրել երկիր մտնող քարավանների ապահովության խնդիրը, որի բոլոր դռներով ամեն օր մտնում և այլ երկրներ են անցնում հարյուրավոր քարավաններ՝ գանձարանը հարստացնելով ոսկով: Մեր երկիրն ունի բարեկարգ ճանապարհներ, որոնք հյուսիսն ու հարավը, արևելքն ու արևմուտքը կապում են իրար: Մենք հզոր ու ուժեղ երկիր ենք:
-Լա՛վ է,- արձագանքեց Զաքարե շահնշահը:
***
1210 թվականի գարունը դանդաղ, բայց հիմնավորապես եկավ-անցավ: Ամռան առաջին տասնօրյակում Զաքարե շահնշահը կրկին անդրադարձավ Խլաթի ազատագրման խնդրին:
Սպարապետ Վասակ Խաղբակյանը հրաման ստացավ բանակը նախապատրաստել Խլաթի ազատագրման պատերազմին: Հայոց բանակի զորամասերը մի քանի ուղղությամբ շարժվեցին արևմուտք՝ դեպի Խլաթ: Ամբողջ բանակը կենտրոնացավ Մանազկերտ քաղաքի մոտ ձևավորված զորակայանում:
Վասակ սպարապետի հրամանով առաջապահ երկու զորամաս Մանազկերտի զորակայանից ուղղություն վերցրեցին դեպի Խլաթ:
Ճանապարհն անցնում էր ձորերի ստորոտներով ձգվող գետաբերաններով, կիրճերով, որոշ տեղերում դրանք այնքան էին նեղանում, որ կողք կողքի չորս-հինգ ձիավոր չէին կարող անցնել:
Առաջապահ զորամասերը հրաման ունեին դանդաղ առաջանալ, ճշտել թշնամու հնարավոր դարան-թակարդների գոյությունը և վերացնել դրանք, որպեսզի ապահովվի հիմնական զորքի անվտանգ ընթացքը դեպի Խլաթ: Այս զորամասը Հայոց բանակի թեթևազեն նետաձիգ գնդերից էր բաղկացած: Յուրաքանչյուր զինվոր մեջքի կապարճում հիսունից ավելի նետ կար: Այդքան կամ մի քիչ ավել նետ կար ձիու մեջքին ամրացված պարկ-կապարճի մեջ:
Առաջապահ զորքը Խլաթ էր առաջնորդում Խաղբակյան կողմնակալության փոխարքա, Հայոց բանակի սպարապետ Վասակ Խաղբակյան իշխանաց իշխանը: Նրա կողքին էին եղբայրները: Զորամասի առջևից գնում էին մանազկերտցի երկու հարյուրից ավել հայեր, ովքեր անգիր գիտեին Խլաթի ճանապարհի բոլոր անցումները: Նրանց մի մասը նեղ կամ շատ նեղ կիրճի հասնելիս, իջնում էր ձիերից, ապա մագլցելով ձորաբերանի երկու կողմով ի վեր՝ գնում էր ժայռաբերաններով, որպեսզի դարան լինելու դեպքում տեղեկացնեին ձորի խորքով շարժվող զորքերին, կանգնելու կամ հարկ եղած դեպքում՝ հետ նահանջելու համար:
Այս զգուշավորությունը պատճառ ուներ: Հինգ տարի առաջ Հայոց բանակը Բասենում հաղթեց Խլաթի էմիրի հետախուզող բանակին: Պարտված թշնամին հապշտապ նահանջեց Մանազկերտից Խլաթ տանող ճանապարհով: Հայոց առաջապահ հեծելազորը, անգետ ճանապարհի բարդություններին, թշնամու հնարավոր դարաններին, սրընթաց գնաց թշնամու հետքով: Բայց երկրորդ կիրճից անցնելուց հետո հայտնվեց թշնամու պարկ-դարանում: Թշնամին առջևից և հետևից փակեց կիրճի մուտքերը, ձորերի պռունկներից սկսեց նետահարել հեծյալներին: Պարկի մեջ հայտնվածների վրա քարեր ու խոտի վառվող գնդեր էին գլորում: Պաշարվածները թեև ներքևից նետեր էին արձակում, բայց դրանք տեղ չէին հասնում: Թշնամու արձակած նետերից մեկն էլ գտավ առաջապահ զորամասի հրամանատար, Գագի կողմնակալության փոխարքա Զաքարե Փոքրին: Նետը մեջքի կողմից ճեղքել էր կաշվե վահանը, անցնելով սրտի միջով՝ կրծքի կողմից դուրս եկել: Զորահրամանատարն անգամ բառ չէր հասցրել արտաբերել, վայրկենապես ավանդել էր հոգին: Հիմնական զորքերը բավական ուշ էին հասել կիրճ-դարանի շրջանը, երբ պարկի մեջ հայտնված երեք հարյուրից ավելի հայ զինվորներն արդեն սպանվել էին:
Մեկ տարի առաջ այդ նույն կիրճով նույն զգուշավորությամբ անցել էր Մանազկերտի ուղղությամբ արշավող Վաչե իշխանաց իշխանի բանակը: Մեկ տարի անց դարձյալ նույն զգուշավորությամբ Հայոց բանակը շարժվում էր Մանազկերտի կիրճով: Եթե այն ժամանակ առաջին ուղղությունը դեպի Արճեշ էր, ապա այս անգամ Հայոց բանակի հարձակման թիրախը Խլաթն էր: Նախորդ տարի զորքը Խլաթին մոտեցավ Արճեշի կողմից՝ Վանա ծովի ափամերձ հարթ ճանապարհով: Այդ կողմում դարանակալելու հնարավոր դիրք չկար, զորքն անարգել դուրս եկավ Խլաթ քաղաքի մատույցները: Սակայն Հայոց բանակի այդ արշավանքը հետախուզական նպատակ էր հետապնդում, և եղանակային բարդությունների պատճառով Խլաթի բերդը գրոհել կամ պաշարել չհաջողվեց: Զորքը վերադարձավ:
Իսկ հիմա Հայոց բանակը կրկին գնում էր Խլաթն ազատագրելու, գնում Մանազկերտի ձորով և ստիպված էր զգուշավոր շարժվել: Զաքարե շահնշահը հրամայել էր կրակի հետ չխաղալ: Դարան հայտնաբերելու դեպքում՝ կանգնել, հնարավոր ուղիներով բարձրանալ ձորաբերան և հենց այդտեղ ոչնչացնել թշնամուն կամ սպասել հիմնական զորքերին՝ ավելի մեծ ուժերով նույն գործողությունը կատարելու համար:
Առաջապահ երկու գունդը ճանապարհն անվտանգ անցան: Կիրճից հարթավայր դուրս գալուց հետո առաջապահ երկու գունդը կիրճի ամբողջ երկարությամբ՝ ձորի երկու կողմում, ապահովության նպատակով պահակներ կարգեց:
Հիմնական բանակը տեղ հասավ մեկ օր անց: Ապահովման զորամասը բազմաթիվ քարշակների վրա բերել էր պարսպակործան մեքենաներ ու վահանապատ ծածկ-տախտակամածեր, որով ծածկվելով վերևից արձակվող նետերից, ներքև թափվող այրվող նյութերից՝ պարսպաքանդ զինվորները թունելներ պիտի փորեին Խլաթի պարիսպների տակ:
Քսան հազարանոց Հայոց բանակը ծավալվեց Խլաթի ցամաքային ամբողջ սահմանագծով՝ պարիսպներից մոտ երեք հազար չափ հեռավորությամբ դիրքեր գրավելով: Ցամաքային օղակն ամբողջովին փակվեց: Բաց էր մնացել միայն քաղաքի հարավային սահմանագիծը: Այդ կողմով բերդաքաղաքը կապվում էր Վանա լճի հետ: Եթե բերդի ցամաքային պարիսպները քսան չափ բարձրության էին, ապա ծովափի կողմից դրանք ավելի ցածր էին՝ կառուցված բացառապես հասանելի հատվածներում՝ ուղղակի ջրի մեջ:
Անցավ երկու օր: Հայոց բանակը, որը բացարձակապես շրջափակել էր բերդաքաղաքը ցամաքից, որևէ քայլ դեռևս չէր ձեռնարկում: Միայն ապահովման զորամասի զինվորներն էին այդ երկու օրերին՝ վաղ առավոտից մինչև կեսգիշեր, աշխատում: Նրանք մոտիկ քարհանքից քարերի մեծ և ուղղանկյուն կտորներ էին տեղափոխում բերդի միջով հոսող Խլաթաջուր գետակի ափը, տեղադրելով դրանք ձորի ամենանեղ ու խոր հատվածում՝ կամաց-կամաց փակում ջրի հունը: Շուտով մոտ չորս չափ բարձրությամբ պատնեշ կառուցվեց: Քարերի բացվածքներում սեղմվում էին հողով լցված պարկեր: Երկրորդ օրվա վերջին ջրի ընթացքն ամբողջովին փակվեց: Իհարկե, այդ գետակը քաղաք մտնող միակ գետակը չէր, որը խմելու ջուր էր հասցնում թշնամական քաղաքում գտնվող, իրենց «շահարմեն» կոչող քրդական ցեղերի զինվորներին:
Թշնամու զորականները պարիսպների վրայից նայում էին հայ զինվորների աշխատանքներին: Միայն ավելի ուշ հասկացան, որ կառուցելով այդ լայնակի պատնեշը՝ Հայոց բանակի հրամանատարությունը ռազմավարական երկու խնդիր էր փորձում լուծել: Առաջին՝ բերդաքաղաքի տաս հազարից ավելի բնակիչներին և նույնքան զինվորներին զրկել ջրի հիմնական պաշարից, երկրորդ՝ երեք-չորս օրում ձորակում, դրա հարթավայրային ավելի ցածր մասում լցված ջուրը բաց թողնել պարսպի ուղղությամբ ու հեղեղել բերդի տարածքը:
***
Հայոց բանակի հրամանատարական մեծ վրան էին հրավիրվել բոլոր հրամանատարները:
-Իշխանա՛ց իշխան Վասակ, ի՞նչ մարտավարական առաջարկ ունեք Խլաթի բերդի ազատագրման գործողության համար,- սպարապետ Վասակ Խաղբակյանին հարցրեց Զաքարե շահնշահը:
-Տե՛ր շահնշահ, Խլաթը բարձր պարիսպներ ունեցող բերդ է, ցամաքից դժվարամատչելի: Պաշտպանական ամրություն-պարիսպներ ունի նաև Վանա ծովի կողմից: Խլաթը նաև Վանա ծովի ամենամեծ նավահանգիստն է և ամենամեծ նավատորմն ունի մեծ ու փոքր նավերով: Այս պահին, երբ մեր զորքերը ցամաքից պաշարել են բերդի երեք մաս կազմող ցամաքային տարածքը, նավահանգստում եղած նավերը հեռացել են կառամատույցից և կանգնած են ծովափից մոտ հազար չափ հեռու: Եթե շարունակենք ցամաքային պաշարումը, բերդում եղած սննդի պաշարը օգտագործվի, էմիր Մալեկ էլ Նեմջեդդինը սննդի հարցը կարող է լուծել ծովի կողմից՝ նավերով սնունդ կրելով: Ցամաքից որևէ շարժ, արդեն երրորդ օրն է, չի նկատվում: Ծովից օգնության հնարավորությունը բացառելու, ինչպես նաև այդ ճանապարհից թշնամուն զրկելու համար առաջարկում եմ այրել թշնամու նավերը,- ասաց Վասակ Խաղբակյանը:
-Իսկ ի՞նչպես կարող ենք այդ անել,- հարցրեց Զաքարե շահնշահը:
-Տե՛ր իմ, առաջարկում եմ գիշերով լողորդներ ուղարկել ծովում կանգնած նավերի կողմը, խիտ կանգնած եզրային երկու նավի տախտակամածերին ձեթ լցնել ու այրել,- առաջարկը երկրորդեց Դսեղի տեր, իշխան Մարզպան Մամիկոնյանը:
-Ես ևս կողմ եմ առաջարկին, բայց կարծում եմ, որ անհրաժեշտ է ձեթ լցնել հնարավորինս շատ նավերի վրա և միաժամանակ տարբեր կողմերից դրանք կրակի տալ: Եթե անգամ մերոնք չկարողանան այրել բոլոր նավերը, այդ կանի համընթաց քամին՝ կրակը մի կողմից տանելով մյուս կողմը,- խոսակցությանը միացավ Իվանե զորավարը:
Զաքարե շահնշահը մտքում ծանր-թեթև արեց հնչած առաջարկը: Իրոք, խիստ կարևոր է Խլաթի էմիրին զրկել որևէ հնարավորությունից, կտրել նաև ծովից ու ծովային ուժերից, սովի մատնելու վտանգով՝ ստիպել արագ հանձնվել:
-Հազարապե՛տ, հրամայո՛ւմ եմ ձեթով լցված հարյուր տիկ պատրաստել և հանձնել զորավար Վասակ Խաղբակյանի թիկնազորի հրամանատարին: Վաչե՛ իշխանաց իշխան, հրամայո՛ւմ եմ երկու, ավելի լավ է, երեք հարյուր լողորդ ընտրել, դնել Վասակ Խաղբակյանի հրամանի տակ: Վասա՛կ իշխանաց իշխան, հարձակումն իրականացնում եք հենց այս գիշեր՝ կեսգիշերին, պարիսպների երկու կողմից լո-ղորդները ձեթով լիքը տիկերով թող լողան դեպի թշնամու նավերը, մեկական տիկ ձեթ լցնեն յուրաքանչյուր նավի վրա, իսկ նրանց հետքով գնացած լողորդները թող կրակի տան դրանք: Հաջողությո՛ւն եմ մաղթում,- խոսքն ավարտեց Զաքարե շահնշահը:
Երեկոյանում էր: Արևը կեսով իջել էր Սիփան սարի թիկունքը: Սարը կարծես ոսկե թագով էր օծվել: Արևի թեք ճառագայթները ծովի ալիքների ճողփյունի հետ փայլփլում էին, բայց որևէ մեկը չէր տեսնում այդ գեղեցկությունը: Զինվորների ու հրամանատարների առջև այլ խնդիրներ էին ծառացել: Ձեթով լցված հիսունական տիկ բացարձակ գաղտնի հասցվեցին ծովափի բերդահայաց երկու կողմը և տեղավորվեցին այդտեղի ծանծաղուտների մեջ աճած եղեգների տակ:
Մութը կամաց-կամաց նստեց շրջակա տարածքի վրա: Որոշ ժամանակ անց մութն առավել թանձրացավ: Հենց այդ ժամանակ էլ ջրին մոտեցան բազմաթիվ լողորդներ, որոնց մի մասը բանակի զինվորներ էին, մյուս մասը հավաքագրվել էր ծովափի հայկական գյուղերից:
Արճեշից երեկոյան դուրս եկած հայ նավավարները հրաման էին ստացել մթան քողի տակ մոտենալ թշնամական նավատորմի թիկունքին:
-Հաջողությո՛ւն ձեզ,- ասաց գործողության պատասխանատու զորամիավորման հրամանատարը ջուրը մտած լողորդներին:
Լողորդներն իրենցից առաջ տանում էին ջրի մեջ չսուզվող ձեթի տիկերը, ինչպես նաև ունեին մոտ մեկ մետր երկարության սնամեջ եղեգնաձող, որը նախատեսված էր նավերին մոտենալիս սուզվելու և այդ ձողի օգնությամբ շնչելու համար: Նրանք առանց աղմուկի սկսեցին լողալ ափից մոտ հազար չափ հեռու գտնվող նավերի կողմը: Ծովի ափին գտնվողները, ովքեր ճանապարհեցին լողորդներին, անձայն հետ քաշվեցին: Նրանք որոշ հեռավորությամբ դիրքավորվեցին:
Անցնող ժամանակը կարծես վերջ չուներ: Հեռվում՝ անորոշ մթի մեջ, որևէ շարժ չկար: Թվում էր, թե մի ամբողջ հավերժություն էր անցել: Նույնիսկ կասկածի որդ հայտնվեց սպասողների մտքում: Սպասողներից մեկին թվաց, թե ինչ-որ կայծ շողաց ծովի հեռավոր մթության մեջ: Նա անմիջապես զգուշացրեց, որպեսզի նայեն իր մատնանշած ուղղությամբ: Վայրկյաններ հետո ծովը կրակի ամենակուլ բոցերի մեջ լուսավորվեց: Կրակը մի գծով վազում էր, գրեթե միաժամանակ բռնկվեց ամենուր: Նավերի՝ ձեթով ներծծված չոր փայտամածերի այրվելու ճրթճրթոցը, նավերի վրա գտնվող ու կրակով բռնված նավաստիների ոռնոցը լսելի էր նաև ափին գտնվող հայ զինվորներին: Այրվում էին ծովի վրա գտնվող գրեթե բոլոր մեծ և փոքր նավերը: Երկնակամարը կրակով էր բռնվել: Լույսի տակ երևում էր՝ ինչպես էին այրված նավերը նախ ընկնում կողքի, ապա բաժան-բաժան լիներով՝ տարածվում Վանի հայելու վրա:
Մինչև լուսաբաց կրակը լափեց թշնամու ամբողջ նավատորմը:
***
-Հրամանը կատարվա՛ծ է,- Զաքարե շահնշահին զեկուցեց Իվանե զորավարը:
-Լա՛վ,- ասաց շահնշահը և հարցրեց,- մենք կորուստներ ունե՞նք:
-Այո՛, տե՛ր շահնշահ: Մոտ երեք հարյուր լողորդից քսանն ափ չեն հասել, իսկ մի քանիսի մարմինը ջուրն ափ է նետել: Մյուսների ճակատագիրն անհայտ է,- ասաց Վասակ իշխանաց իշխանի թիկնապահ գնդի հազարապետը, ով ղեկավարել էր թշնամու նավատորմն այրելու գործողությունը:
-Հազարապե՛տ, գյուղացիներից ու լողորդներից ճշտե՛ք բոլոր զոհվածների անունները, յուրաքանչյուրի ընտանիքին երկու լծկան եզ, մեկ կով ու տասնհինգական արծաթ տվեք, իսկ նավերի ոչնչացման գործողության մասնակից բոլոր լողորդներին՝ տասական արծաթ:
-Լսո՛ւմ եմ, տե՛ր շահնշահ,- ասաց հազարապետը՝ գլուխ տալով Զաքարե շահնշահին:
***
Գիշերային հաջող գործողությունն իրականացնելու հաջորդ օրը հրամանատարական վրանում քննարկում էին Խլաթ բերդաքաղաքի վերջնական ճակատագրի հարցը:
Զաքարե շահնշահը, նստած գահավորակին, լսում էր հրամանատարներին:
-Տե՛ր շահնշահ, արդեն հինգերորդ օրն է՝ Խլաթը պաշարել ենք, երկրորդ օրն է՝ նաև էմիրության նավատորմն ենք ոչնչացրել, գետի ջուրը կտրել, այլ հունով է քաղաքի կողքով հոսում Վանա ծով: Այս ամենը թշնամին տեսնում է: Համոզված եմ՝ եթե էլի մի քանի օր շարունակենք պաշարումը, թշնամին կսպառի պաշարները և կհանձնվի,- ասաց Դսեղի տեր Մարզպան Մամիկոնյանը:
-Լա՛վ: Սպասե՛նք,- ամփոփեց Զաքարե շահնշահը:
Հրամանատարները գնացին: Վրանում մնացին միայն Զաքարե շահնշահը, Իվանե զորավարը, Վաչե, Վասակ, Լիպարիտ ու Խավռաս իշխանաց իշխանները:
-Պատմությունը մեզ է ընտրել,- լռությունը խախտեց Զաքարե շահնշահը,- մենք հիմա մի բռունցք ենք, միասնական: Եկել-հասել ենք այստեղ՝ Խլաթ, մեր պապերի ծովին: Վաղը, մյուս օրն Աստծո զորությամբ կազատագրենք Խլաթը, որը Վանի ծովափի ամենամեծ նավահանգիստն է, առևտրական ճանապարհների խաչմերուկ, առևտրի ու արհեստների կենտրոն: Խլաթի ազատագրումը ինքնանպատակ չէ, հաճույքի համար չէ: Խլաթով է բացվելու ճանապարհը դեպի մեր պատմական հայենիքի խորքերը: Մենք՝ հայերս, մեր պատմական հողերը կորցրել ենք երկու պատճառով: Առաջինը, որ միասնական չենք եղել, և երկրորդը՝ մեզ հայտարարել ենք խաղաղասեր, սպասել, որ թշնամին գա ու մտնի մեր երկիրը, անցնի մի ծայրից մյուս ծայրը: Եվ կամաց-կամաց զիջելով մեր հողերը՝ սեղմվել ենք սահմանային մի բուռ տարածքի մեջ: Մինչդեռ պատմությունն ապացուցել է, որ ինքն ուժեղ ու ռազմատենչ ազգերի ուղեկիցն է: Ապրում, շահում են այն ազգերը, որոնք հարձակվում են, կռվում, գրավում են ուրիշի տարածքները, նվաճում, դրա վրա պետություն հիմնում՝ հայտարարելով իրենց այդ տարածքների բնիկ տերն ու տիրակալ: Արդեն քսան տարի մենք պատերազմում ենք: Մեկ խաղաղ տարի չենք ունեցել, բայց տեսեք՝ հիմա ինչպիսի սահմաններում է մեր հայրենիքը: Մենք տիրում ենք Վիրքից երկու անգամ ավելի տարածքի, որի վրա, հակառակ Վիրքի, ապրում է միատար հայ ազգ, որը մեր բանակի մեջ է տեսնում իր ապրելու գրավականը, իսկ մեր բանակը՝ նրա մեջ՝ իր հենարանն ու պատվարը: Մենք վերացրել ենք Դվինի, Կարսի, Տրապիզոնի, Գանձակի և Բայլականի էմիրությունները, նվաճել ու վերացրել ենք Արդաբիլի սուլթանությունը: Որևէ մեկի հարկատու չենք, իսկ մեզ հարկ են տալիս տարածքով ավելի մեծ էմիրություններ: Հայրենիքը հավերժում է, երբ իրեն անսահմանորեն սիրում են իր մեծը և փոքրը, իսկ՝ կործանվում, երբ պակասում է իր՝ մեծ ու փոքրի սերը: Մեր հողի վրա մենք պիտի ծնվենք հայերեն, ապրենք հայերեն, ամուսնանանք ու երեխաներ ունենանք հայերեն, նրանց դաստիարակենք և մեռնենք հայերեն, վերջապես՝ թաղվենք հայերեն: Սա պիտի լինի մեր գոյատևման կողպեքը, դրան հասնելու բանալին: Հուսով եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն ապրելու է այս զգացողությամբ: Եվ մենք մեր երազանքը՝ շատ մեծ Հայաստան ստեղծելու երազանքը, միայն այդ կողպեքով և բանալիով կդարձնենք պատմական իրողություն: Խլաթի ազատագրման համար պատերազմների պատմությունը երկու տարբերակ է մշակել: Կամ հախուռն մեկ գրոհ ենք իրականացնում ու զոհերի գնով վերցնում ենք բերդը, կամ հյուծում ենք թշնամուն՝ պարտադրելով հանձնվել: Երկրորդ տարբերակը հյուծիչ է նաև մեզ համար, քանի որ այստեղ՝ արևի տակ, քսան հազարանոց բանակ պահելը վտանգավոր է տարաշխարհիկ հիվանդությունների առումով: Նշանակում է՝ մենք ունենք միայն առաջին տարբերակը: Դրա մասին եկեք խոսենք երեկոյան:
Շահնշահին ու զորավարներին խորոված խոճկոր, գառան խաշլամա, գինի մատուցեցին: Եղբայրները և հրամանատարները մի քանի անգամ բաժակ բարձրացրեցին նախորդ գիշերվա հաղթանակը կերտողների պատվին:
Հրամանատարական վրանից դուրս գալուց հետո Զաքարե շահնշահը գնաց ոչ հեռու գտնվող իր վրանը: Նրան ուղեկցեց Իվանե զորավարը:
-Իվանե՛, եղբա՛յր, դո՛ւ էլ գնա, հանգստացի՛ր, երեկոյան հետախույզները տեղեկություններ կբերեն հարևան էմիրությունների զորքերի տեղաշարժի վերաբերյալ: Ըստ դրա, կորոշենք հարձակման մարտավարությունը: Ես և դու մի մարդ ենք, դու իմ եղբայրը, հենարանն ու պատիվն ես: Հանգստացի՛ր, երեկոյան դժվարին որոշում ենք ընդունելու,- ասաց Զաքարե շահնշահը:
-Այո՛, եղբա՛յր, դու մեր ազգի արևն ես,- պատասխանեց Իվանե զորավարը:
Եղբայրները բաժանվեցին շահնշահի վրանի մոտ: Զաքարե շահնշահը վրան մտավ:
***
Իվանե զորավարը մնաց իր վրանը տանող ճանապարհի կեսին: Ոչ առաջ գնաց, ոչ՝ հետ: Ապա շրջվեց թիկնապահ ջոկատի հրամանատարի կողմը, հրամայեց ձին բերել և քսան թիկնապահով հետևել իրեն:
Զորավարի թիկնապահներից մեկը, սև ու հզոր մեջքով, ճակատին սպիտակ խալ կրող, բաշի մազերը հավասարապես վզի երկու կողմից մինչև ազդրերը իջնող ձիու սանձը բռնած, թեթև վարգով բերեց զորավարի մոտ: Կենդանին, տեսնելով տիրոջը, սկսեց պարել՝ հակադիր ոտքերի վրա տրտինգ տալով: Իվանե զորավարը շոյեց ձիու բաշը, թփթփացրեց ազդրին, ապա թիկնապահի ափից մի շաքարի կտոր վերցնելով՝ բաց ափով պարզեց ձիուն: Դրանից ձին երբևէ չէր հրաժարվում, խփշտեց տիրոջ ափի մեջ երևացող շաքարի կտորը: Միայն դրանից հետո թիկնապահը սանձը դրեց ձիու բերանը: Թիկնապահներից մեկն էլ բերեց բարձր աթոռակ, որի վրա ձախ ոտքը դրեց և ձիու բարձր գավակին թռավ Իվանե զորավարը: Թամբի վրա հարմար նստելուց հետո զորավարը խթանեց սև ձիուն։ Վերջինս նախ կանգնեց հետևի ոտքերի վրա, ապա՝ չորս ոտքերի վրա և սահուն պոկվեց տեղից: Զորավարի հետևից՝ մոտ տաս քայլ հեռավորությամբ, շարժվեցին հեծյալ թիկնապահները՝ գլխավերևում պարզած Հայոց զինված ուժերի նախարարի դրոշը:
Իվանե զորավարը ձին քշեց դեպի հյուսիս՝ հայկական դիրքերին զուգահեռ, և դուրս եկավ ձորալանջին կառուցված բերդի ամենահյուսիսային եզրին գտնվող Իկոնիայի դարպասի դիմաց: Ավելին տեսնելու համար զորավարը շրջեց ձիու գլուխը դեպի դարպասը և խթանեց։ Վերջինս սլացավ թշնամական բերդի դարպասի կողմը: Թիկնապահները հետևեցին զորավարին:
Իվանե զորավարը, մոռացած անհրաժեշտ զգուշավորությունը, սրընթաց մոտեցավ թշնամու բերդի դարպասին և մեկ նետաչափ հեռավորությամբ կանգնեց: Թշնամու պարսպի վրա շարժ սկսվեց, նետաձիգները վազում էին, բայց Հայոց բանակի սպարապետի ուղղությամբ ոչ մի նետ չարձակեցին, անգամ բացականչություններ չհնչեցին, ինչը սովորաբար անում են սելջուկ ու քուրդ զինվորները: Սա ավելի խոցելի դարձրեց Իվանե զորավարի զգոնությունը: Նա շրջեց ձիու գլուխը դեպի հարավ և պարսպից գրեթե նախկին հեռավորությամբ շարժվեց հարավում գտնվող Մանազկերտի դարպասի ուղղությամբ: Թշնամու զինվորները, աղեղները լարած, հայացքով ուղեկցում էին զորավարին: Թշնամու բարձր կոչումով հրամանատարները, պարսպի ատամնաշարի հետևում թաքնվելով, նույնպես քայլում էին Մանազկերտի դարպասի ուղղությամբ: Բոլորը լուռ էին, ինչ-որ անակնկալ բանի էին սպասում: Մոտ չորս հարյուր չափ ձգվեց նյարդերի պատերազմը: Իվանե զորավարը հայտնվեց Մանազկերտի դարպասի դիմաց և դանդաղ անցավ: Զորավարը, ձիու սանձը ինքնահոսի թողած, նայում էր դարպասագլխին կանգնած հրամանատարներին: Նրանց մեջ տեսավ Խլաթի տիրակալ Էյուբյան Մալեկ էլ Նեմջեդդին էմիրին: Բայց այդ վերջին բանն էր, որ նա տեսավ: Թվաց, թե ձին գայթեց, դրանից անասունի ոտքը ծալվեց ու ինքը սկսեց սահել ներքև: Իրականում ձին նախ առջևի երկու ոտքով ու ամբողջ ծանրությամբ սահեց բարակ փայտերով և խոտի շերտով քողարկված դարան-փոսի մեջ՝ իր տակ թողնելով զորավարին, ով անասելի ցավից ուշագնաց եղավ: Կարծես՝ հենց սրան էին սպասում թշնամու հրամանատարները, որ նետաձիգներին կրակելու հրաման չէին տալիս: Եվ Իվանե զորավարը նրանց պարգևեց իրեն գերելու սպասումը:
Լսվեց բացվող դարպասների ճռինչը, և դուրս հորդացող սևազգեստ ու կեռ թրերով զինված զինվորների զարհուրելի կռինչը: Հայոց բանակի դիրքերը մոտ երկու հազար չափ հեռու էին, այնտեղից օգնության ակնկալիքը հեքիաթի նման կլիներ, իսկ թշնամին վայրկյանների ընթացքում անցավ մինչև դարանը եղած հարյուր հիսուն չափ ճանապարհը:
Իվանե զորավարի թիկնապահ ջոկատի հրամանատարը, մտքում հաշվարկելով հնարավորությունները, շրջվեց դրոշակակրի կողմը.
-Թռի՛ր մեր դիրքերի կողմը, փրկի՛ր դրոշը, մենք կռիվն ընդունո՛ւմ ենք:
Դրոշակակիրը շրջեց ձիու գլուխը և սլացավ հայկական դիրքերի կողմը: Նրա հետևից արձակված նետերը տեղ չհասան:
Քսան թիկնապահ հրամանատարի գլխավորությամբ շրջան կազմեցին դարան-փոսի շուրջը:
-Սա մեր վերջին կռիվն է, ի՛մ զինվորներ, հանուն մեր զորավարի պատվի կռվե՛նք մինչև վերջին շունչը: Չնահանջե՛ք: Այս փոսն է լինելու մեր գերեզմանը:
Անհավասար մարտ սկսվեց: Որևէ մեկը չնահանջեց ու չհեռացավ զորավարին կուլ տված փոսից: Օրհասական կռիվը կարճ տևեց: Թիկնապահ ջոկատը մինչև վերջին զինվորը ընկավ՝ կատարելով հրամանատարին պաշտպանելու զինվորի պարտքը:
Միայն դրանից հետո փոսը լցվեցին թշնամու զինվորները, ձիուն կողաշրջեցին և հանեցին Իվանե զորավարի աջ ոտքն ասպանդակից, ապա բարձրացրեցին ձեռքերի վրա ու հանձնեցին փոսի եզրին կանգնած զինվորներին, ովքեր, Իվանե զորավարին շալակած, վազեցին բերդի դարպասի կողմը:
Հայկական դիրքերից սրարշավ եկող զինվորները ուշացան: Թշնամու զինվորները զորավարին անցկացրեցին դարպասից ներս՝ այն փակելով: Դարպասից դուրս մնացած թշնամու զինվորներն անգամ չհասցրեցին «ալահ» արտասանել, սրի քաշվեցին:
***
Վաչե իշխանաց իշխանը, ով ձայներից անհանգստացած դուրս էր վազել վրանից և աչքով տեսել բերդի դարպասի մոտ կատարվածը, անգամ չհասկացավ՝ ինչպես իրեն գցեց Զաքարե շահնշահի վրանը: Շահնշահը աղմուկից արթնացել ու նստել էր թախտին:
-Տե՛ր իմ, դժբախտությո՜ւն,- ասաց Վաչե իշխանաց իշխանը:
Նա մի քանի բառով պատմեց կատարվածը:
-Վաչե՛ զորավար, հրամայի՛ր՝ ամբողջ բանակը մոտենա բերդին մի նետաչափ հեռավորությամբ: Հայկական գյուղերից բերված նավերով բերդը պաշարեք նաև ծովի կողմից: Հսկե՛ք ամբողջ տարածքը, որպեսզի թշնամին չկարողանա Իվանե զորավարին բերդից դուրս հանել:
Վաչե զորավարը դուրս եկավ՝ իրեն սպասող հրամանատարներին հրամայելով շարժվել դեպի բերդապարիսպները: Թմբուկները գրոհի հրաման խփեցին: Բանակը թողեց նախկին դիրքերը և ամբողջ ճակատով սեղմեց պաշարման օղակը, կանգնեց մոտ երկու հարյուր չափ պարսպից հեռու: Բերդը շրջափակվեց նաև ծովի կողմից:
Խլաթը հայտնվեց խուլ օղակի մեջ:
***
-Վաչե՛ իշխանաց իշխան, Վասակ ու Խավռաս իշխանաց իշխանների հետ անմիջապես գնա՛ բերդ: Էմիրին ասա՛, որ եթե եղբորս գլխից մի մազ պակասի, այս բերդից քար չի մնա քարի վրա, իսկ էմիրին, ընտանիքի անդամներին և հարազատներին կենդանի-կենդանի քերթել կտամ,- ասաց Զաքարե շահնշահը, ապա մի փոքր ավելի հանգիստ տոնով հրամայեց,- Բանակցի՛ր: Թող այդ էմիր կոչվածն ասի՝ ի՞նչ է ուզում եղբորս ազատելու դիմաց:
Խլաթի բերդի Մանազկերտի դարպասի մոտ հասած բանագնացների առջև այն արագ բացվեց: Թիկնապահների հարյուրյակը մնաց դարպասի դրսի կողմում: Բարձրաստիճան բանակցողներն ու իրենց վեց թիկնապահը ներս մտան: Նրանց ուղեկցեցին ձորամիջի բարձր ժայռի կողմը, որի գլխամասում՝ շրջապատից վաթսուն-վաթսունհինգ չափ բարձրության վրա, գտնվում էր Միջնաբերդը: Անցան Միջնաբերդի հրապարակը և մտան էմիրի պալատ:
Էմիր Մալեկ էլ Նեմջեդդինը նստած ընդունեց բանագնացներին: Նրա ծակող հայացքն ուղղվեց Վաչե զորավարի ձեռքի թագավորական կարճակոթ գավազան-մականին: Այդ նշանակում էր, որ գլխավոր բանակցողը նա է:
-Վաչե՛ իշխանաց իշխան, Հայոց պետական խորհրդի անդամ, Այրարատի կողմնակալության փոխարքա,- կարճակոթ գավազան-մականը բարձրացնելով գլխից վեր՝ ասաց Վաչե զորավարը,- ինձնից աջ՝ Վասակ իշխանաց իշխանն է՝ Հայոց պետական խորհրդի անդամ, Խաղբակյան կողմնակալության փոխարքա, ինձնից ձախ՝ Խավռաս իշխանաց իշխանն է՝ Հայոց պետական խորհրդի անդամ, Զաքարե շահնշահի ու Ձեր կողմից առևանգված Իվանե զորավարի քեռորդին: Մենք եկել ենք Զաքարե շահնշահի հրամանով: Ես փոխանցում եմ մեր շահնշահի խոսքը՝ եթե Իվանե զորավարի գլխից մի մազ պակասի, ապա այս բերդից ու ձեզնից ոչ մի հիշատակ հողի վրա չի մնա: Սա կարևորը: Հիմա գլխավորը: Մենք ուզում ենք տեսնել Իվանե զորավարին, ինչպես նաև՝ լսել Ձեր ակնկալիքը՝ Իվանե զորավարին ազատ արձակելու համար:
Վաչե զորավարի խոսքի ամբողջ ընթացքում էմիրի դեմքը մի քանի գույն ստացավ, վայրկենական զայրույթ հայտնվեց անգամ, բայց էմիրը կարողացավ իրեն տիրապետել: Նա գերազանց գիտեր՝ Զաքարե շահնշահը հենց այնպես որևէ խոսք չի ասում, որ այդ նա է վերացրել Գանձակի, Բայլագանի, Դվինի, Անիի, Տրապիզոնի ու Կարսի՝ շատ ավելի հզոր էմիրությունները, ջարդել է Իկոնիայի սուլթանի բանակը և ոչնչացրել Արդաբիլի սուլթանությունը: Եվ այն, ինչ հիմա ասում է այս Վաչե զորավարը, կարող է շատ արագ իրականություն դառնալ: Առավել ևս, որ բերդը ծովից ու ցամաքից պաշարման օղակի մեջ է, իր ծովային նավատորմը վերացվել է, այդ կողմից ևս պաշարում է իրականացվել, ինքն ուղղակի անգամ փախչելու-փրկվելու հույս չունի: Ավելի խելամիտ կլինի բանակցել պայմանների շուրջ և ուզել առավելագույնը, եթե անգամ նվազագույնն էլ տրվի, միևնույնն է՝ հնարավոր կլինի ունենալ գահը պահելու աննշան հնարավորություն: Նա տարիների փորձից գիտեր, որ հայերը խոսքի տեր մարդիկ են, մուսուլմանների նման բազմադեմ, ուխտադրուժ-երդմնազանց չեն, եթե իրեն խոստանան կյանք, հենց իրենք կպաշտպանեն իր կյանքը:
-Մենք ամենայն հարգանք ունենք Զաքարե շահնշահի, նրա սիրելի եղբայր, մեր թանկագին հյուր Իվանե զորավարի հանդեպ: Մեր պալատում ամենայն պատվով ենք ընդունել Իվանե զորավարին: Ինքն էլ կփաստի մեր հյուրընկալության մասին:
Վաչե զորավարն արգահատանքով լսում էր խորամանկ քրդին: Հասկանում էր՝ սա դիվանագիտական քայլ է, և գիտեր, որ իր բերդը կանգնած է ջրահեղձ արվելու, հիմնահատակ կործանվելու եզրին, բայց մուսուլմանական երեսպաշտություն է ցուցադրում:
-Մենք խաղաղություն ենք ուզում, պատերազմելու ցանկություն իսպառ չունենք,- կարծես ինքն իրեն էր համոզում էմիրը,- հետո, այդպիսի մի ուժի հետ, որը պաշարել է մեր փոքրիկ բերդը, մենք պայքարելու միջոցներ էլ չունենք, առավել ևս՝ հիմա մնացել ենք մենակ, առանց դաշնակիցների: Եվ Զաքարե շահնշահի նման դաշնակից կերազեինք ունենալ: Առաջարկո՛ւմ եմ,- էմիրի դեմքը լարվեց ու շողոքորթ ժպիտը դեմքից չքացավ, դաժանության կայծեր լցվեցին աչքերի մեջ,- առաջարկո՛ւմ եմ…,- դարձյալ լռեց,- առաջարկո՛ւմ եմ մեզ վերադարձնել Մանազկերտը, դրանից հարավ եղած բերդերը, գյուղերը, ազատ արձակել հինգ հազար մուսուլման գերիների և Իվանեի նման թագավորի համար վճարել տաս հազար ոսկի, կնքել երեսուն տարվա խաղաղության պայմանագիր, ինչպես նաև մեր պայմանավորվածությունները վավերացնել Իվանե զորավարի դստեր և իմ որդու ամուսնությամբ:
Այդ ամենն ասվեց սառը, չոր:
Սա, իրոք, առավելագույնն էր: Մի ամբողջ պատերազմ էր մղվել այդ բերդերն ու տարածքներն ազատագրելու համար: Իսկ հիմա՝ առանց մի կաթիլ արյուն թափելու, դրանք հետ էին պահանջվում:
«Ա՜յ, հիմա դու դու ես, էմի՛ր»,- մտքում ասաց Վաչե զորավարն ու ահավոր արգահատանքով նայեց էմիրի կողմը։ Վերջինս անմիջապես փախցրեց հայացքը:
-Մենք հիմա կարո՞ղ ենք տեսնել մեր տեր զորավարին,- չոր ու սառը տոնով հարցրեց Վաչե զորավարը:
-Այո՜, այո՜, այո՜,- ծորացրեց էմիրը:
Նա ծափ զարկեց, ապա ներս մտած սպասավորին ասաց.
-Գլխավոր հրամանատարին ասե՛ք, որ գահասրահ ուղեկցի մեր թանկագին հյուր Իվանե զորավարին:
Վարկյաններ անց գահադահլիճի դռների մեջ երևաց Իվանե զորավարը: Արտաքին նշաններից միայն մի բան էր զգացվում, որ չի հանգստացել ու ահավոր ինքնախարազանում-ցավից աչքերն ուռած էին, ճնշված էր և իրեն աններելիորեն մեղավոր զգում կատարվածի համար:
-Տե՛ր իմ, ինչպե՞ս եք Ձեզ զգում,- ընդառաջ գնալով ու գրկախառնվելով Իվանե զորավարի հետ՝ հարցրեց Վաչե զորավարը:
-Ինչպե՞ս զգամ, Վաչե՛ զորավար:- Լռեց, ապա շարունակեց,- Մեղավո՜ր, մեղավո՛ր եմ, այդպես կասես եղբորս,- կրկին լռեց, շարունակեց,- ես քար գցեցի եղբորս՝ մեծ Հայաստան կերտելու ճանապարհին: Մեղավո՛ր եմ: Ես գիտեմ, որ նա հանուն ինձ, կկատարի ցանկացած պահանջ: Ավելի լավ էր՝ ես մի մեծ պատերազմ պարտվեի, քան այսպես անիմաստ ամեն ինչ կորցնեի: Եղբայրս ցանկացած պահանջ կկատարի: Իսկ դա նշանակում է, որ նա առհավետ կթաղի Հայաստանն ազատագրելու երազանքը:
-Այո՛, թերևս այդպես էլ լինելու է, դուք ճի՛շտ եք, տե՛ր իմ: Մյուս խնդիրները մեր տեր շահնշահն է տնօրինելու, բայց կա մի հարց, որ դուք հիմա պիտի որոշեք: Ազատության դիմաց արված պահանջներից մեկով Ձեր դստերը պիտի կնության տաք էմիրի որդուն: Այդ հարցի որոշողը միմիայն դուք եք: Որոշե՛ք, որ մնացյալ հարցերը ներկայացնեմ շահնշահին:
Իվանե զորավարը լուռ էր: Նա շատ ծանր տարավ այդօրինակ առաջարկը, բայց պայմանը պայման է, դառը թույն կուլ տալու նման, ամբողջ մարմնով զգաց թույնի մահաբեր համն ու դողաց, բայց հավաքեց իրեն, ասաց.
-Լա՛վ: Թող եղբա՛յրս որոշի:
Խավռաս ու Վասակ իշխանաց իշխանները գլուխ տվեցին Իվանե զորավարին, գրկախառնվեցին:
-Էմի՛ր Մալեկ էլ Նեմջեդդին, ես գնում եմ իմ տիրոջը փոխանցելու Ձեր առաջարկները, մինչև իմ վերադարձը Խավռաս և Վասակ իշխանաց իշխանները կմնան մեր տեր Իվանե զորավարի կողքին:
Էմիրը դժկամությամբ գլխի շարժումով հավանություն տվեց Վաչե զորավարի առաջարկին:
Վաչե զորավարը դուրս եկավ գահադահլիճից:
***
-Էմիրն առաջարկեց վերադարձնել Մանազկերտը, դրանից հարավ եղած բերդերն ու գյուղերը, ազատ արձակել հինգ հազար մուսուլման գերիներին, վճարել տաս հազար ոսկե դինար, կնքել երեսուն տարվա խաղաղության պայմանագիր, նաև՝ Իվանե զորավարի դստերն ամուսնացնել իր որդու հետ,- Զաքարե շահնշահին զեկուցեց Վաչե զորավարը:
-Եղբայրս ինչպե՞ս էր,- հարցրեց Զաքարե շահնշահը:
Վաչե զորավարին թվաց, թե շահնշահը չի լսել իր զեկույցը էմիրի պահանջների մասին:
-Տե՛ր իմ, ընկճված, մեղավոր էր զգում կատարվածի համար, անգամ ասաց, որ … չդադարեցնեք պատերազմը, գրավեք այս բերդը, իրականություն դարձնեք մեծ Հայաստան ստեղծելու ձեր երազանքը, եթե կարողանաք, ներե՛ք իր … անմիտ քայլը,- Վաչե զորավարը հատ-հատ բառերն իրար շաղկապեց:
Զաքարե շահնշահը նստել և գլուխն առել էր ափերի մեջ: Վաչե զորավարը քարացել էր:
Շահնշահը կանգնեց:
-Սակարկե՞նք,- հարցրեց Վաչե զորավարը:
-Սա-կար-կենք,- վանկ առ վանկ արտասանեց շահնշահը:- Ի՞նչ ես ասում, Վաչե՛ զորավար, ի՞նչ սակարկել: Իվանեն իմ եղբայրն է: Ոչ մի սակարկում: Գնա եղբորս հետևից: Ցանկացած երազանք ավելին չէ, քան եղբոր արյունը: Սպասի՛ր:
Նայելով վճիռ ընդունած շահնշահին՝ «Ինչ կամք ունի շահնշահը»,- մտածեց Վաչե զորավարը:
Զաքարե շահնշահը թիկնապահ զորամասի հրամանատարին հրամայեց կանչել հազարապետին: Երբ վերջինս եկավ, հարցրեց՝ շարժական գանձարանում որքան ոսկի կա: Հազարապետը զեկուցեց:
-Լա՛վ,- ասաց շահնշահը:- Եղածից տաս հազար դինար հաշվե՛ք, հանձնե՛ք Վաչե զորավարին:
-Լսո՛ւմ եմ, տե՛ր իմ,- պատասխանեց հազարապետը և Վաչե զորավարի հետ դուրս եկավ:
***
Օրն ավարտվում էր:
Վաչե զորավարն ուղեկիցներով հասավ Խլաթի բերդի Մանազկերտի դարպասին: Այն արագ բացվեց: Ներս մտան Վաչե զորավարն ու թիկնապահները, նաև՝ թեթև ձիասայլը՝ վրան սնդուկ: Վաչե զորավարը մտավ պալատի գահասրահ, իսկ երկու թիկնապահ բռնած ներս բերեցին ծանր սնդուկը:
-Էմի՛ր,- խոսքին արհամարանք խառնելով՝ ասաց Վաչե զորավարը,- մեր տեր Զաքարե շահնշահը, հանուն իր սիրելի եղբոր ազատության, ընդունեց Ձեր առաջարկները: Այս սնդուկում տաս հազար ոսկի է: Մանազկերտը, դրանցից հյուսիս գտնվող հինգ բերդը և բնակավայրերը վերադարձվում են: Արճեշի մասին խոսք չի կարող լինել: Արճեշից հյուսիս գտնվող տարածքները միացվել են մեր պետությանը, այդ գիծը կլինի Հայաստանի հետ Ձեր սահմանը: Մանազկերտում կալանված գերիներից հինգ հազար մուսուլման այսօր ազատ կարձակվեն ու կսպասեն Ձեր որոշմանը Մանազկերտում: Ընդունելի է նաև երեսուն տարով խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկը: Մեր տերն ինձ է հանձնել իր մատանին, ես այն կդնեմ պայմանագրի տակ: Վերջին առաջարկը՝ Իվանե զորավարի աղջկա և Ձեր որդու ամուսնության վերաբերյալ, արդեն քննարկել ենք Իվանե զորավարի հետ, նույնպես ընդունելի է: Ես երդումով հաստատում եմ, որ առաջիկա երկու ամսում Իվանե զորավարի դուստր Թամթան իր ուղեկիցներով կգա Խլաթ:
Էմիրը զարմացած էր: Զարմացած էլ լսեց Վաչե զորավարին: Իվանե զորավարի գերվելու պահից տաս ժամ չէր անցել: Իր դրած պայմանները թվում էին անլուծելի՝ անգամ թագավորի համար, բայց լուծվեցին առանց սակարկության: «Զարմանալի մարդ են այս հայերը, համաձայնեցին այսպիսի ծանր պայմանների, չսակարկեցին: Ափսո՜ս, որ ավելին չպահանջեցի»,- մտքում ծանր ու թեթև արեց էմիրը, բայց բարձրաձայն ասաց.
-Ես երջանիկ եմ, որ մենք ամեն ինչ այսպես ավարտեցինք: Ես ևս երդվո՛ւմ եմ, որ հավատարմորեն կկատարեմ մեր պարտավորությունները Հայաստանի հանդեպ:
***
Զաքարե շահնշահի վրանի մոտ երկու եղբայր գրկախառնվեցին:
-Եղբա՜յր,- ասաց Իվանե զորավարը:
-Եղբա՜յր,- կրկնեց Զաքարե շահնշահը:
***
Երկու շաբաթից Հայոց բանակը, որն արդեն հանել էր Խլաթի օղակումը, Մանազկերտ տանող ճանապարհով շարժվեց Այրարատի կողմը:
Զաքարե շահնշահը, հօգուտ Խլաթի էմիրի, հանուն եղբոր ազատության, էմիրին վերադարձրեց Մանազկերտ քաղաքը շրջակայքով:
Զաքարե շահնշահին ճանապարհողների թվում էին նաև Խլաթի էմիր Մալեկ էլ Նեմջեդդինն իր պալատականներով: Հետայսու նա Զաքարյանների տան խնամին ու Հայաստանի դաշնակիցն էր:

